Անցնելով  լաբիրինթոսի նման ոլորապտույտ ճանապարհով`մոտենում էի հայրական Խաչիկ գյուղիս։ Մանկությանս առաջին հինգ տարիներն անցկացնելով այդ գյուղում`ստեղծվել էր հուզական կապ իմ և  գյուղի միջև։ Մշտադալար Արենի գյուղը հետևում թողնելով՝ առաջին իսկ սառը քամու խշշոցից զգացի Խաչիկի շունչը և ուրախությունից ուշադրությունս կենտրոնացրի գյխապտույտ ճանապարհների վրա։

Հասա գյուղ, որտեղ չէի եղել արդեն երկար ժամանակ։ Գյուղացիների ուշադիր հայացքը միանգամից սևեռվեց մեր մեքենայի վրա. կարծես  ցանկանում էին ստուգել, թե ով է համեցել իրենց գյուղ։ Խաչիկում են ապրում պապս և տատս , իրենց ձեռքերով կառուցած  տանը։ Նրանք իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են այդ գյուղում՝ ստեղծելով և արարելով այնտեղ, դարձնելով այն իրենց անբաժան մասնիկը։

Խաչիկը սահմանամերձ գյուղ է Վայոց ձորի մարզում՝ երեք կողմից շրջապատված Նախիջևանով։ Այն ծովի մակարդակից բարձր է 1800 մետրով, ինչն էլ խթանում է գյուղում ընկույզի, խաղողի, խնձորի, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի բարենպաստ և յուրովի առատությունը, համն ու հոտը։ Գյուղը`որպես համայնք,  հիմնադրվել է 1800 թվականներին, երբ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի մի մասն էր կազմում։ Տարիներ շարունակ երկու երկրամասեր՝ Նախիջևանը և Վայոց ձորն իրար կապող գյուղ հանդիսանալով՝ այն զարգացում է ապրել։ Մասնավորապես Խորհրդային Միության ժամանակ գյուղն առևտրի հսկա օղակ է եղել։

Պապս՝ Սերյոժա Սարգսյանը, գյուղի հայտնի մարդկանցից է։ Լինելով հյուսն, այսինքն` տիրապետելով Խորհրդային ժամանակներից պատվաբեր համարվող այդ արհեստին` պապս է կառուցել գյուղի պատուհաններն ու դռները։ Սերյոժա պապս արդեն ծեր է, սպիտակ մազերով և մի քիչ նիհարած արտաքինով, սակայն նրա ժրաջանությունը և աշխատանքի նկատմամբ մոլուցքը չի մարել։ Դեռևս մանուկ հասակից նա ինձ դաստիարակել է իր ասացվածքով. «Ուտելն ու աշխատելը ընկեր են»։ Սա է իմ, նրա և յուրաքանչյուր խաչիկցու աշխատանքի աղբյուրը, որին և նրանք հետևում են` դեռ լույսը չբացված։ Պետք է աշխատել և վայելել աշխատանքի պտուղները` այդ երկուսը դարձնելով գաղափարական զուգահեռ ընկերներ։ Պապս տնային կենդանիներ՝ կով, հավ, ճագար պահելուց զատ,  ունի բազմաթիվ այգիներ և դաշտեր, որտեղ խնամում է իր ձեռքով ստեղծած ծառերն ու ցորենի և գարու դաշտերը։

Գյուղն ունի մի շարք յուրահատկություններ, որոնք  և նպաստում են նրա զարգացմանը, նաև ամուր պատնեշ հանդիսանում երկրի ապահովության գործում։ Բլուրների գլխին ծվարած գյուղից ոչ այնքան հեռու է գտնվում «Դույզ» կոչվող հարթավայրային տարածքը։ Այն մեծ նշանակություն ունի գյուղացիների համար, քանի որ Խաչիկի պտուղ-բանջարեղենի, խաղողի և հացահատիկային մշակաբույսերի մեծ մասը գտնվում է այնտեղ։ «Դույզ» անունը երևի առաջացել է իր հարթ հողային մակերեսից: Խաչիկի աշխարհագրական դիրքը բարձրժայռային է, ինչը չես կարող ասել «Դույզ»-ի մասին։ Ինչևէ, ձմեռվա ավարտից հետո գյուղում աշխատելու ընդունակ ողջ հատվածն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է այդ տարածքում՝ խնամելով այգիները։ Մինչդեռ, այն ծայրը ծայրին սահմանի բերանին է գտնվում։ Նույնիսկ ես եմ ականատես եղել ադրբեջանցի զինվորականին` զենքը ձեռքին, երբ պապիս հետ գնացել էի մեր բաժին խոտը բերելու։ Այսպես են արարում Խաչիկում՝ անվախ կանգնելով թշնամու դիմաց և վերցնելով իրենց բաժին հասած բնության բարիքները։

Խաչիկի  մեկ այլ  առանձնահատկություն  է տարածքային մեծությունը։ Մասնավորապես, գյուղում թե՛ արոտի,  թե՛ յուրաքանչյուր մշակաբույսի աճեցման համար նախատեսված տարածքներն ահռելի են։ Դա նպաստում է կենդանիների դյուրին բազմացմանը՝ գյուղում հաստատվելու և զարգանալու նախադրյալներ ստեղծելով։ Բացի այդ, գյուղացին կարող է նաև խնամել իրեն բաժին հասած խաղողի այգիները և ապահովել իր ապրուստը։ Օրինակ՝ Սերյոժա պապս ունի մի շարք այգիներ, հացահատիկային մշակաբույսերի համար նպաստավոր տարածքներ։ Մինչև գյուղ մտնելը՝ «Առնետ» կոչվող սարի լանջին, պապս տնկել է ավելի քան 450 ընկույզի ծառ։ Հիմա պապս այն չի խնամում այնպես, ինչպես դա կաներ «Սովետի օրոք», սակայն տարին մի քանի անգամ խնամելով այն՝ լցնում է մեր՝ ընկույզի համար նախատեսված պահեստները։

Հարկ եմ համարում նշել նաև, որ Խաչիկը գյուղատնտեսության զարգացման մեծ շերտ ունենալուց զատ, ունի նաև աննկարագրելի մշակութային պատմություն։ Գյուղում է գտնվում «Քարկոփ» նշանավոր վանքը։ Հստակ ժամանակագրություն չկա վանքի ստեղծման մասին. միայն գյուղացիների խոսքով` այն մի քանի անգամ ավերվել է և վերաշինվել։ Վերջին անգամ վերաշինվել է 900-ական թվականներին՝ Սյունյաց Շուշանիկ թագուհու կողմից։ Այն հազվագյուտ կառույց է` իր հնությամբ և մշակութային ժառանգությամբ։ Վանքում կան հատուկ կառուցված թունելներ, որոնք  պատերազմի ժամանակ ծառայել են որպես փախուստի միջոց։ Ներկայում «Քարկոփը» դարձել է գյուղի սրբավայրերից մեկը։ Յուրաքանչյուր խաչիկցի ժամանակ առ ժամանակ այցելում և իր հավատքի ներդրումն է անում այնտեղ։

Խաչիկն ունի  էկոլոգիապես մաքուր, օրգանական սննդամթերք արտադրող համայնք դառնալու և ագրոտուրիզմի սիրահարներին ներգրավելու բոլոր նախադրյալները։ Իսկ դրա համար անհրաժեշտ են համապատասխան ուսուցողական ու զարգացման ծրագրեր։ Սակայն դրանց փոխարեն գյուղացիներին առաջարկվում են շատ բարձր տոկոսադրույքերով վարկեր, որոնք հարստացնում են վարկատուներին ու սնանկացնում գյուղացիներին։ Ըստ գյուղապետ Վարդան Ներսիսյանի` Խաչիկում առկա են լուծում պահանջող մի շարք հիմնախնդիրներ: Պարոն Ներսիսյանը նշում է, որ գյուղում ջրամբարի կառուցումը կնպաստի ավելի քան 100 հա նոր տնկարկների ստեղծմանը՝ ապահովելով 60ց/հա բերքատվություն: Ըստ գյուղապետի` ավելի քան 800 000 խմ ջրի կորուստ է լինում գարնան ձնհալի ժամանակ: Ավելին, գյուղապետն ավելացնում է, որ Խաչիկում ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները Շամպայնի գործարան հիմնադրելու համար: Միայն «Դույզ» հարթավայրից հնարավոր է 200 տոննա խաղող արտադրել: Ներսիսյանի խոսքերով, գյուղում լաբորատոր զննություն է կատարվել, և եկել են այն հանգուցալուծման, որ Խաչիկի պայմանները նպատակահարմար են գործարանը կառուցելու համար՝ դրանով իսկ նպաստելով  աշխատատեղերի ստեղծմանը և նոր թափ հաղորդելով խաղողագործության զարգացմանը:

Ավարտվեց իմ հերթական ճանապարհորդությունը Խաչիկում, սակայն  նույն ճանապարհով հետ դառնալով` ես վերհիշում էի, որ խաչիկցու` սահմանին հիմնած պատնեշ-գյուղը մեր երկրի հիմնասյուներից մեկն է կազմում։ Մխրճված լինելով Նախիջևանի մեջ`գյուղը շարունակում է համառորեն կանգուն մնալ՝ արհամարհելով թշնամու վտանգը և մշակելով բնության բարիքները ադրբեջանցի զինվորականի աչքի առաջ։ Պապս հաճախ էր շեշտում, որ իրենք մինչև սահմանի բերան հող են մշակում, իսկ թշնամին դրան զուգահեռ իր պաշտպանությունն է ուժեղացնում՝ վախը սրտում։