խնդիրների մեծ մասը պահանջում է լուծման համար ժամանակ, ներդրումներ և համապատասխան ենթակառուցվածքներ

Հարցազրույց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ

Գյուղատնտեսության ոլորտում ի՞նչ հիմնախնդիրներ կան, որո՞նք եք այսօր առաջնահերթ համարում:

Հայաստանի գյուղատնտեսությունը հանդիսանում է առաջնահերթ ոլորտներից մեկը, դրա հետ մեկտեղ ոլորտի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք գոյություն են ունեցել տարիներ շարունակ:

Այդ խնդիրների մեջ առաջնահերթ եմ համարում.

– գյուղատնտեսական հիմնական ռեսուրսների, մասնավորապես հողային ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործման մակարդակի բարձրացումը;

– գյուղացիական տնտեսու­թյունների փոքր չափերը, տնտեսա­վարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես, կոոպերացիայի խթանման գործուն մեխանիզմների կիրառումը:

– բուսաբուծության և անասնապահության ճյուղերի արդյունավետ գործունեության համար կարևոր նախապայման հանդիսացող գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության և տոհմային անասնաբուծության, անասնաբուժական համակարգի բարելավումը:

– բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերում, ագրովերամշակող արդյունաբերության մեջ արդիական տեխնոլոգիաների ներդրումը:

– գյուղատնտեսական մթերքների իրացման համա­կարգի բարելավումն ու կատարելագործումը, գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի համալրումը, գյուղատնտեսական վարկերի մատչելիության մակար­դակի բարձրացումը, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման գործուն մեխանիզմների մշակումը և կիրառումը, բնական անցանկալի երևույթների դեմ պայքարի արդիական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության հաշվառման համա­կարգի կատարելագործումը, երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը ….

Նշված հիմնախնդիրների շարքը կարելի է շարու­նակել:

Կա՞ն այսօր անլուծելի խնդիրներ, որոնք պայմանավորված են պետ.աջակցության, ֆինանսական ներդրումների բացակայության հետ:

Ըստ էության, այսօր անլուծելի խնդիրներ չկան, խնդիրների մեծ մասը պահանջում է լուծման համեմատաբար տևական ժամանակ, իհարկե, զգալի ներդրումներ և ոլորտի զարգացման համար համապատասխան միջավայր, ենթակառուցվածքներ, որոնք անշուշտ կարևոր դեր ունեն շուկայի՝ գյուղատնտեսական մթերք արտադրողից դեպի սպառողը ձգվող օղակներում ավելացված արժեքի ստեղծման գործում:

Խնդիրների լուծումն ենթադրում է որոշակի ներդրումներ: Ներկայումս իրականցվում են մի շարք առաջնահերթ ծրագրեր ՀՀ պետա­կան բյուջի եւ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Վերջիններս հիմնականում ուղղվում են գյուղա­տնտեսությունում օգտագործվող առաջնահերթ ռեսուրսների` բարձր վերարտա­դրության սերմերի, հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի մատ­չելիության բարձրացմանը: ՀՀ կառա­վարության նոր ծրագրում նախատեսված են դրույթներ գյուղա­տնտե­սությունում սուբսիդիաների ծավալների ընդլայնման եւ դրանց տրամադրման մեխա­նիզմների կատարելագործման ուղղությամբ:

Գյուղացուն աջակցելու, նրա կրած վնասները ` օրինակ տարերքների պատճառով, փոխհատուցելու, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում կամ նախատեսվում: Կա՞ն արդյոք այդ ուղղությամբ տարվող ծրագրեր:

Վերջին երկու տարիներին հանրապետության գյուղատնտեսությունն էական կորուստ կրեց բնության տարերքներից: Նախորդ տարի մեծ էր վնասներն աննախադեպ ուժգին կարկտահարությունից, իսկ այս տարի վաղ գարնանային ցրտահարություններից: Իհարկե, պետությունը բնական աղետների հետևանքների մեղմացման ուղղությամբ իրականացնում է անհետաձգելի միջոցառումներ, մասնա­վորապես, կրկնացանքի համար անհատույց տրամադրում է գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր,  մատչելի պայմաններով դիզելային վառելանյութ և հանքային պարարտանյութեր, զեղջում է ոռոգման ջրի և հողի հարկը: Իրակա­նացվում են նաև սոցիալական աջակցության բնույթի մի շարք ծրագրեր:

Նշվածի հետ մեկտեղ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առավել կարևորում է անցանկալի բնական երևույթների դեմ պայքարի արդիական տեխ­նոլոգիաների ներդրումը, մասնավորապես հակակարկտային տեղակայանքների ցանցի ընդլայնումը, ինչպես նաև կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիայի կիրառումը: Այստեղ կարևորում ենք դրանց արտադրությունը հանրա­պետությունում կազմակերպելու հնարավորությունը:

Կարևոր է համարվում նաև ռիսկերի մեղմացման այլ ծրագրերի իրականցումը, մասնավորապես ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն սորտերի ներդրումը, վնասատուների և հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումը:

Այս համատեքստում կարևոր է համարվում գյուղատնտեսությունում ապահո­վագրական համակարգի աստիճանական ներդրումը, որի ուղղությամբ ձեռնարկվում են քայլեր առկա միջազգային փորձի տեղայնացման և համակարգի փուլային ներդրման համար:

Ինչ քայլե՞ր են արվում աշխարհին սեփական գյուղմթերքով ներկայանալու, կամ փորձի փոխանակման ուղղությամբ:

Վերջին  տարիներին էականորեն բարելավվել է գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների  արտաքին ապրանքաշրջանառության վիճակը: Այսպես, եթե 2010 թվականին երկրի արտաքին ապրանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմել է 17.6 %, ապա 2013 թվականին այն հասել է 21.2 %: Ընդհանուր արտահանման մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը 2010 թվականի 16.4 %-ից 2013 թվականին դարձել է 28.1 %: Էականորեն բարելավվել է գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների ներմուծման և արտահանման հարաբերակցությունը՝ եթե 2010 թվականին այն կազմում էր 4:1, ապա 2013 թվականի տվյալներով` 2:1 է, որը էական դրական տեղաշարժ է: 2013 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելի քան 2 անգամ ավելացել է թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալները:

Աշխարհին սեփա­կան գյուղատնտեսական մթերքներով ներկայանալու համար սա բավարար չէ, ձեռնարկվում են մի շարք քայլեր՝ ներդրվում են սննդամթերքի անվտանգության միջազ­գայնորեն ընդունված չափանիշներ, ակտիվացել է մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին, միջազգային հարաբերություները կանոնակարգող փաստա­թղթերում առաջնահերթ տեղ է հատկացվում գյուղատնտեսական ծագման արտա­դրատեսակների արտահանմանը, պարզեցվել են գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ընթացակարգերը, հրապարակվում են տեղեկատվական թերթիկներ տեղական արտադրանքը արտաքին շուկայում ներկայացնելու, օգտագործվում են համացանցային կայքերի հնարավորությունները:

Նախարարությունը առանձնակի կարևորում է փորձի փոխանակմանը, հատկապես արտադրության ոլորտում արդիական տեխնոլոգիաների ներդրման, անցանկալի բնական երևույթների դեմ պայքարի նորագույն փորձի, գյուղատնտեսությունում կոոպերացիայի ներ­դրման, այս բնագավառում օրենսդրության բարելավման, ապահովագրական համա­կարգի փորձի կիրառման ոլորտներում:

Եզրափակելով՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել ագրարային բարդ ոլորտին նվիրված նոր ամսագրի մեկնարկը և հույս հայտնել, որ այն չափազանց կարևոր դեր կունենա գյուղատնտեսությունում արդիական փորձի ներդրաման, ոլորտի հիմնա­խնդիրների պարզաբանման և դրանց լուծման գործում: