Սննդամթերքի անվտանգության հարցը մշտապես մտահոգել է մարդկությանը, երբ որոշ սննդամթերք ընդունելիս մարդիկ հիվանդացել են: Սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով մարդիկ տարբեր մեթոդներ են մշակել և ձեռնարկել միջոցներ՝ կանխարգելելու սննդային ծագման հիվանդությունները: Այժմ արդեն աշխարհի զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում որպես սննդամթերքի անվտանգության կառավարման մեթոդ կիրառվում է Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգը, որը ճանաչված է որպես սննդամթերքի անվտանգության հուսալի, օգտակար և արդյունավետ միջոց` երաշխավորված Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Կոդեքս ալիմենտարիուս հանձնաժողովի (Codex Alimentarius Commission) կողմից:

ՎՎՀԿԿ համակարգը գործիք է, որը հնարավորություն է տալիս գնահատելու վտանգները և ստեղծելու սննդի անվտանգության վերահսկման մեխանիզմներ: Համակարգի ներդրումը պարտադիր է Եվրամիության երկրներում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, իսկ ՎՎՀԿԿ հավաստագիրը ներկայում եվրոպական և ամերիկյան շուկաներ դուրս գալու կարևոր նախապայմանն է:

ՎՎՀԿԿ համակարգի ներդրումը աշխատատար և լուրջ գործընթաց է, որը պահանջում է բյուջեից լրացուցիչ ֆինանսական, աշխատանքային, գիտահետազոտական և կրթական ռեսուրսներ։ Սնունդ արտադրող և վերամշակող կազմակերպությունների կողմից ՎՎՀԿԿ համակարգի ներդրման գործընթացը, բացի թվարկված ռեսուրսներից,  պահանջում է նաև ղեկավարության և աշխատակիցների շարունակական ուսուցում։

Գիտակցելով ներքին սպառման շուկայում սննդի անվտանգության կարևորությունը, ինչպես նաև նոր շուկաների ներգրավմամբ պայմանավորված` Հայաստանում ՀՀ Կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 531-Ն որոշմամբ ՎՎՀԿԿ համակարգի ներդրումը դարձավ պարտադիր պայման բոլոր սնունդ արտադրող և վերամշակող կազմակերպությունների համար:

Վերջին տարիների ծանր ֆինանսատնտեսական իրավիճակը և ՀՀ Կառավարության որոշումով սահմանված ՎՎՀԿԿ համակարգի ներդրման սեղմ ժամկետները ստեղծեցին անելանելի իրավիճակ սնունդ արտադրող և վերամշակող կազմակերպությունների համար։ Չունենալով համապատասխան ֆինանսական, աշխատանքային, գիտահետազոտական և կրթական կարողություններ՝ սնունդ արտադրող և վերամշակող կազմակերպությունների մեծ մասը (մոտավորապես 98%), սահմանված ժամկետներում չկարողացավ համապատասխան փոփոխություններ իրականացնել սննդի անվտանգության մակարդակի բարձրացման համար։ Սնունդ արտադրող և վերամշակող կազմակերպությունների մեջ եղան այնպիսիք, որոնք որդեգրեցին կեղծարարության և օրինախախտության քաղաքականությունը։

Որոշակի դերակատարություն ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության ինտեգրումը Մաքսային միությանը։ Մինչ բոլորն անհամբեր սպասում էին Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության ասոցացման համաձայնագրի կնքմանը, 2013 սեպտեմբերի 3-ին հայտարարվեց, որ Հայաստանը ցանկություն ունի ինտեգրվել Մաքսային միությանը։

Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու մասին պայմանագրի` ուժի մեջ մտնելու ամսաթվից Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)) որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները դարձան կիրառման  ենթակա Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀՀ Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշմամբ 2007 թվականի մայիսի 3-ի N 531-Ն որոշումը ճանաչվեց ուժը կորցրած, իսկ փոխարենը սահմանվեց ՎՎՀԿԿ համակարգի ներդրման նոր ժամանակացույց: ՀՀ իրավաբանական դաշտի` ԵԱՏՄ օրենսդրությունը համաձայնեցնելու գործընթացի շրջանակներում ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 827-Ն որոշմամբ 2017 թվականի հունվարի 1-ից սննդի շղթայի օպերատորներն իրենց արտադրություններում պետք է ներդնեն §Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ¦ (HACCP): Ներդրման նոր ժամկետի ավարտը սահմանված է 2020 թվականի հունվարի 1-ը:

Այս համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի մշակման, իրականացման և պահպանման պահանջը բխում է նաև §Սննդամթերքի անվտանգության մասին¦ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթներից (ТР ТС 021/2011):

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին ՀՀ միանալու պայմանագրի համաձայն` 2015թ. հունվարի 2-ից Հայաստանում զուգահեռ սկսեցին գործել նաև ՀՀ ու ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը:

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը գործնականում սահմանում են դեռ ԽՍՀՄ-ից մնացած որակի հսկողության մեխանիզմ վերջնական արտադրանքի համար՝ սահմանելով բազում  փորձաքննության ցուցանիշներ։ Սննդամթերքների ստուգման գործընթացը, ըստ տեխնիկական կանոնակարգերի, բավականին ծախսատար է դառնում սնունդ արտադրող և վերամշակող կազմակերպությունների համար։ Եվրամիության պետությունները հրաժարվել են տեխնիկական կանոնակարգերի առաջնությունից՝ հիմնական շեշտադրումը դնելով հնարավոր ռիսկերի հայտնաբերման և կանխարգելման, արտադրական գործընթացների ճիշտ կատարման և հետագծելիության ապահովման վրա։

Չնայած ՀՀ Կառավարության որոշումով ամրագրված է նաև տնտեսվարողներին տարբեր ձևաչափերով պետական խորհրդատվության և աջակցության տրամադրում, այնուամենայնիվ, գործնականում տնտեսվարող սուբյեկտներին վերաբերող աջակցման մեխանիզմներն անարդյունավետ են և անբավարար։

ԵԱՏՄ սննդի անվտանգության նոր չափորոշիչների կիրառումը խստացնում է սննդի անվտանգությանը ներկայացվող պահանջները, երբեմն ավելի քան Եվրամիության տարածքում գործողները, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների ուսերին կրկին մեծ ֆինանսական բեռի բաժին է ընկնում նոր օրենսդրական դաշտում գործելու համար։

Աշխատանքային փորձը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  2015 թվականից մինչ այսօր ՎՎՀԿԿ համակարգի ներդրման ոլորտում էական առաջընթաց չի արձանագրվել։ Ավելին, սննդի անվտանգության ոլորտում ոչ նպատակային քաղաքականությունը, անընդմեջ կրկնվող կադրային, կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները, շարունակական կախվածությունը պատժամիջոցներով պարփակված ռուսական շուկայից և §Россельхознадзор¦-ից ռեսուրսների բացակայության ֆոնի վրա կործանարար ազդեզություն են թողնում սննդի անվտանգության ոլորտում։

Հուսանք, որ բացի օրենսդրական դաշտի խստացումներից և պատժամիջոցներից, ՀՀ Կառավարությունը կկարողանա գտնել մեխանիզմներ և միջոցներ սննդի անվտանգության ոլորտում Եվրամիության ստանդարտներին համապատասխան իրական բարեփոխումներ իրականացնելու համար։

Ամփոփելով այս ամենը` կարող ենք վստահ ասել, որ թեև Հայաստանի Հանրապետության անդամակցության արդյունքում ԵԱՏՄ-ն խոստանում է հեռանկարում §մեծ դրական ազդեցություն¦, այնուամենայնիվ, այդ անդամակցության հետևանքները սննդի անվտանգության ոլորտում դեռևս պատված են անթափանց մշուշով։ Իսկ ինչքանով են արդարացված Հայաստանի տնտեսվարողների մտահոգությունները նոր սահմանափակումների, անընդհատ զգուշացվող իրավական հետևանքների ու արտահանման համար ավելացված ծախսերի վերաբերյալ՝ ցույց կտա ժամանակը․․․

 

Հեղինակ՝ Սերգեյ Չախմախչյան