Կրպակատերը պարտքով ապրանք տալը անում է դա ոչ թե բարեհոգությունից ելնելով, այլ՝ հանուն իր շահերի: Ո՞րն է դրա շահը: Ժողովրդական խոսք կա՝ նվերի որակին չեն նայում. նույն կերպ մարդիկ չեն կարող բծախնդիր լինել պարտքով ձեռքբերված ապրանքի նկատմամբ: Այսպիսով, առանց փողի ապրանք տալով՝ կրպակատերը հնարավորություն է ստանում իրացնել վատ որակի ապրանքները, ինչպես նաև՝ մի փոքր ավելի բարձր գնով վաճառել դրանք: Ուստի, այն կորուստները, որ կրպակատերը կրում է փողի և պարտքերի ոչ ամբողջական վերադարձի դեպքում, փոխհատուցվում են անորակ ապրանքի վաճառքով անհամեմատ բարձր գներով: 

Հանրային առևտրի դեպքում նման մոտեցումն անհնարին է, այստեղ հնարավոր չէ լավ ապրանքը փոխարինել վատով, հնարավոր չէ խաբել կշռի հարցում և բարձարցնել գները ապրանքը գնորդին պարտքով վաճառելու դեպքում:  Ուստի, հանրային առևտրի դեպքում չկան պարտքերի չվճարումից գոյացած ֆինանասական բացերը փակելու միջոցներ, իսկ այս բացերը կարող են հանգեցնել ֆինանսական կորուստների և գործի ձախողմանը: Այս պատճառով է, որ, ինչքան էլ դժվար լինի, աշխատավոր կոոպերատորը պետք է հրաժարվի ապրանքը պարտքով վաճառելու գաղափարից, եթե, իհարկե, նա գնահատում է իր սպառողական միությունը և չի ցանկանում սնանկացնել այն: Եթե կարիքը շատ նեղի, կարելի է շահույթի մի մասի կուտակմամբ հատուկ հիմնադրամ ձևավորել և այդ հիմնադրամից վարկեր տրամադրել կարիքավորներին, սակայն միության հիմնական առևտրային կապիտալները պետք է շրջանառվեն կանխիկ փողով:

Այսպիսով՝ սպառողական կոոպերացիայի հիմքում ընկած է երեք հիմնական դրույթ:

1) Սպառողական միության ապրանքների գները պետք է համապատասխանեն մանրածախ, այլ ոչ թե մեծածախ ծավալի գներին, քանի որ միայն այս դեպքում հնարավոր կլինի զգալի շահույթ ստանալ, որը թույլ կտա ոչ շատ մեծ պահումների միջոցով ավելացնել կոոպերատիվի՝ շրջանառության համար նախատեսված միջոցները և թույլ կտա կոոպերատիվին ազատ կանխիկ ունենալ, որն էլ իր հերթին զգալիորեն ամրացնում է կոոպերատիվի տնտեսական ուժը

2) Սպառողական կրպակի ողջ շահույթը պետք է բաշխվի տարբեր գնորդների միջև ոչ թե կրպակի բացման ժամանակ նրանց փողային ներդրումների չափով, այլ տարվա ընթացքում նրանց կատարած գնումների գումարների չափով

3) Հանուն հանրային գործի ամբողջականության պահպանման և ճիշտ կազմակերպման՝ հարկավոր է հրաժարվել պարտքով վաճառք իրականացնելուց, քանի որ առանց բարձր տոկոսադրույքների պարտքով վաճառքը չափազանց ոչ շահավետ է:

Պահանջվում է նաև, որ յուրաքանչյուր սպառողը մասնակցի կրպակի ստեղծման գործընթացում, որպեսզի նրանցից բաղկացած լինեն կրպակի վաճառողները, հաշվապահը, անգամ՝ կառավարիչը: Յուրաքանչյուրը պետք է ներդնի իր աշխատանքը:

1844 թվականին հենց այս դրույթները հայտնվեցին սպառողական կոոպերացիայի մեծագույն գործի հիմքում:

Գլուխ III. Գյուղական սպառողական միություն

Նախորդ գլուխներում մենք արդեն նշեցինք սպառողական կրպակի և կոմերցիոն կազմակերպության հիմնական տարբերությունները: Տեսնենք, թե ինչպես են արտահայտվում այդ տարբերությունները կանոնադրության մեջ:

Պատկերավորության համար համեմատենք նույն ապրանքի վաճառքով զբաղվող սպառողների կոոպերատիվ միությունը և մասնավոր ընկերությունը ներդրված գումարի բաժնեմասերի բնագավառով: Ենթադրենք շահ հետապնդող մի շարք մարդիկ միանում են, ներդրումներ անում, ձևավորում կապիտալ ու սկսում զբաղվել առևտրով:

Բաժնեմասերի քանակը հաստատվում է և սահմանափակվում, և գործընկերները առևտուր անելիս ու շահույթ ստանալիս այլևս ոչ ոքի բաժնետեր չեն դարձնում իրենց ընկերությունում, քանի որ բաժնետերերի քանակի ավելացումը հանգեցնում է նրանցից յուրաքանչյուրի շահույթի կրճատմանը:

Սպառողական կրպակում անդամների և բաժնետերերի քանակն անսահմանափակ է. յուրաքանչյուր աշխատավոր իրավունք ունի պահանջել, որպեսզի իրեն ներգրավեն սպառողական միության մեջ, և որքան ավելի շատ են սպառողական միության անդամները, այնքան ավելի ուժեղ է այն: Այսպիսին է առաջին տարբերությունը:

Մասնավոր ընկերություններում ձայնի իրավունքի և գործընթացի վրա ազդելու հնարավորության չափը միշտ ուղիղ համեմատական է գումարային ներդրման չափին. եթե մեկն ավելի շատ ներդրում է արել, իսկ մյուս ավելի քիչ, ուրեմն գործերի ընթացքի վրա ազդելու առաջինի հնարավորությունները համապատասխանաբար ավելի շատ են: Այլ բան է կոոպերատիվը, որտեղ անկախ ներդրման չափից՝ 10 դրամ ես ներդրել, թե 100, յուրաքանչյուր անդամն ունի ձայնի հավասար իրավունք:

Սպառողական միություններում ներդրումների յուրաքանչյուր չափաբաժինն ինքնին մեծ չէ՝ 10 դրամից ոչ ավել, այսպիսով՝ յուրաքանչյուրը կարող է դառնալ միության անդամ՝ հատկապես, որ ներդրումը կարող է արվել ոչ միանվագ մուծմամբ: Սակայն ցանկալի է, որպեսզի նա, ով կարող է ավելի շատ ներդրում անել, անի դա՝ նպաստելով միության ամրապնդմանը: Շահույթը, ինչպես արդեն գիտենք, բաշխվում է ոչ թե ներդրումների, այլ կատարած գնումների չափով:

Ամփոփելով, առևտրային կազմակերպությունում տերը սպառողներից ստացված կապիտալն է, իսկ կոոպերատիվում տերը հենց սպառողն է, որը միության միջոցով ծառայեցնում է կապիտալը սպառողների կարիքներին:

Ասում են, որ Մոսկվան այրվել է կոպեկի արժեք ունեցող մոմից: Նույն կերպ Ժաբյե նրբանցքի համեստ տնակի նկուղում սկիզբ առավ և արագորեն զարգացավ ահռելի հասարակական շարժում, որը մի քանի տասնյակ տարի անց գրավեց քաղաքակիրթ հասարակության բոլոր երկրները:

Այս շարժման զարգացումը միշտ չէ, որ հարթ էր ընթանում:

Շատ կոոպերատիվներ ձախողվում էին, սակայն ձախողվում էին նրանք ոչ թե նրանից, որ ռոչդելի կանոնները վատն էին, այլ որովհետև իրենք ամբողջությամբ չէին հետևում այդ կանոններին:

Հիմա՝ մի քանի տասնյակ տարիներ անց, ջուլհակների համեստ փորձից հետո, սպառողական կոոպերացիան, իր ճանապարհից չեզոքացնելով կրպակատիրոջը, առևտրականին և այլ միջնորդների, իր շարքերն է համալրել տասնյակ միլիոնավոր մարդկանցով, ստեղծել է ապրանքների ահռելի պահեստներ, կառուցել է իր սեփական ֆաբրիկաներն ու գործարանները, ձեռք է բերել օվկիանոսով երթևեկող շոգեքարշներ, կառուցել երկաթգծեր ու հյուրանոցներ, ինչպես նաև՝ հիվանդանոցներ, գրադարաններ, դպրոցներ և այլն… Հզոր սերմերը սկսեցին պտուղներ տալ:

Չայանով Ալեքսանդր Վասիլիի: Կոոպերացիայի կրճատ կուրս: Կենտրոնական Ընկերության հրատարակում «Կոոպերատիվ հրատարակում», Մոսկվա, 1925:

 

Հոդվածի մշակումը՝ Լևոն Գուլխասյան,

Թարգմանիչ՝ Նանա Գնդոյան