Բանալի բառեր՝ կենդանիների համարակալում և հաշվառում, նախնական/ելակետային ուսումնասիրություն, սննդամթերքի անվտանգություն, հետագծելիություն

Արդիականություն

Կենդանիների նույնականացումը գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ համակարգ է, որը նախագծված է կենդանիների առողջության ու սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրների աղբյուրների հայտնաբերման և հետագծման համար [1]:

Կենդանիների նույնականացմանն ուղղված աշխատանքների շարժիչ ուժը սննդամթերքի նոր, ավելի բարձրարժեք շուկաներ մուտք գործելու ձգտումն է: Սննդամթերքի շղթայի աշխատողները շուկայի պահանջներին համապատասխանելու նպատակով նախատեսում են անհրաժեշտ փոփոխություններ կատարել իրենց գործողություններում: Դա մսամթերքի արտադրության ոլորտում ներգրավված անձանց հնարավորություն կտա պատրաստ լինել պաշտպանելու և պահպանելու իրենց դիրքը ներքին և միջազգային շուկաներում [2]: Հայաստանը պետք է ունենա այնպիսի համակարգ, որի շնորհիվ անասնաբույծներն ու ֆերմերները պաշտպանված կլինեն և կկարողանան ազատորեն արտադրանքներ ու կենդանիներ արտահանել ու ներմուծել ամբողջ աշխարհում:

Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Ավստրիայի զարգացման գործակալությունը (ADA) համաձայնեց ֆինանսավորել ծրագրի պիլոտային իրականացումը [3]։

Սույն թվականի հունվարին CARD հիմնադրամը ՀՀ կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակներում նախաձեռնեց նախնական/ելակետային ուսումնասիրություն (baseline study)։ Համայնքների ընտրությունը կապված էր նախկինում այդ համայնքներում տարբեր ծրագրերի իրականացման, ինչպես նաև անասնապահության ավելի բարձր մակարդակի հետ։

Իրականացվել է լայնակի վերլուծական հետազոտություն։ Հետազոտության համար մշակվել է հարցաթերթիկ։ Հետազոտությունն իրականացվել է ՀՀ Կոտայքի և Շիրակի մարզերի Գեղաշեն և Ազատան համայնքներում։ Հարցումը կատարվել է յուրաքանչյուր նշված համայնքներից 20-ական ֆերմերների շրջանում, որոնք զբաղվում են անասնապահությամբ։ Ստացված տվյալները մշակվել են Microsoft Excel համակարգչային ծրագրով: Արդյունքների ներկայացման համար օգտագործվել են նկարագրական չափանիշներ, ինչպիսին են հաճախականությունը, համամասնությունը, միջնաթիվը և կորելիացիայի ցուցանիշը (ԿՑ)։

Արդյունքները

Հարցմանը մասնակցել է 36 տղամարդ և 4 կին, որոնք զբաղվում են անասնապահությամբ։ Կենդանիների ընդհանուր գլխաքանակը, որ պահվում էր 40 ֆերմերների կողմից, կազմում էր 2662, որից միայն կովերի քանակը կազմում էր 1100 գլուխ, ինչը ցույց է տալիս տնտեսությունների ապրանքային, այսինքն՝ վաճառքի համար կաթի արտադրության մակարդակը։ Բոլոր կենդանիների պահվածքի ձևը միայն կապովի էր, ինչը բնորոշում է առավել անարդյունավետ, խորհրդային տարիների տեխնոլոգիայի ու ոչ բարեկեցիկ անասնապահության մակարդակը համայնքներում։ Մեկ կովի արտադրած կաթի քանակը կազմել է միջինում 7.7 լիտր օրական՝ տատանվելով 4.5-ից 10.7 լիտր։

 

 

 

 

Ստացված կաթը 2018թ.-ին ֆերմերների կողմից վաճառվել է միջինում 151 դրամով 1 լիտրի դիմաց։ Այս ցուցանիշը տարբեր ամիսներին փոփոխվել է 146-ից 162։ Կաթի վաճառքից ստացված եկամուտները բաշխվել են ըստ ամիսների հետևյալ կերպ՝ առավել եկամուտ գրանցվել է ապրիլից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում՝ կազմելով առավելագույնը 1 276 230 դրամ (գծապատկեր 1.)։

 

Գծապատկեր 1. Եկամտի բաշխվածությունն` ըստ ամիսների. 2018թ.

Ուշագրավ է այն փաստը, որ հարցված անասնապահների եկամտի գոյացման վրա չի ազդել ստացված 1 լիտր կաթի միավոր գինը (ԿՑ. 0,1), սակայն բարձր դրական կապ է արձանագրվում ստացված կաթի քանակի և եկամտի միջև (ԿՑ. 0,9), ինչը խոսում է այն մասին, որ եկամտի գոյացման մեջ մեծ դերակատարություն ունի ոչ թե կաթի միավորի գինը կամ որակը, այլ ստացված կաթի քանակը։

Տնտեսվարողների արտադրողականության, մեկ կովի կաթնատվության ցածր մակարդակը և կաթի գնագոյացման մեջ հիմնական որակական ցուցանիշի, այն է` սոմատիկ բջիջների հաշվարկի բացակայությունը, հանդիսանում են անասնապահությամբ զբաղվող ընտանիքների եկամուտների աճի հիմնական խոչընդոտները։

Հատկանշական էր ռեսպոնդենտների իրազեկվածության մակարդակը կենդանիների համարակալման գործընթացի վերաբերյալ։

Պատասխանողներից ոչ մեկը տեղեկացված չէր և երբեք չէր կիրառել համակարգ, որը հնարավորություն է տալիս մուտքագրել, վերլուծել և պահպանել կենդանու, նրա առողջության մասին տեղեկությունները։

Ուշագրավ է այն փաստը, որ 40 պատասխանողների շրջանում կենդանիների հիվանդությունների մասին գրառումներ կատարում են միայն 18-ը, որոնցից 10-ի դեպքում գրառումը կատարել են դրանց սպասարկող անասնաբույժները:

Պատասխանողներից 38-ը նշել են, որ իրականացնում են պլանային սանիտարա-մաքրման աշխատանքներ, սակայն գրառումներ իրականացնում են միայն 4-ը (10%)։

Տրված հարցին՝ ազդու՞մ են արդյոք արտադրված ապրանքի (կաթ/կաթնամթերք, միս/մսամթերք) սանիտարա-հիգիենիկ պարամետրերը (մաքրության աստիճանը) վաճառվող ապրանքի գնի վրա, հարցման ենթարկվածներից 39-ը տվել են բացասական պատասխան։ Նշված գործողությունների կիրառումը` ըստ հաճախականության, ունի հետևյալ տեսքը. (աղյուսակ 2.)

Աղյուսակ 2. Կենդանիների նույնականացման և գրանցման համակարգի տերմինների կիրառման հաճախականությունը

Գործողություն Կիրառություն
Հաճախ Երբեմն Երբեք
Ականջապիտակավորում 10 9 20
Անձնագիր/ Անձնագրավորում 2 4 23
Կենդանիների մասին գրանցում 19 14 7
Համարակալում 10 9 20
Կենդանիների հաշվառում (գլխա-քանակի առկայության ճշտման համար) 11 5 23
Հետագծելիություն 0 2 3
Նույնականացում 2 2 7

 

Այն հարցին, թե ինչպես են վերաբերվում անասնաբուժական վճարովի ծառայություններին և ինչ հաճախությամբ են դրանցից օգտվում, ռեսպոնդենտները դրական պատասխան են տվել հետևյալ գործառույթներին՝ կենդանիների համարակալում – 52%, ծննդօգնություն – 75%, բուժկանխարգելիչ միջամտություններ և դեղորայքային բուժում – 72%։ Բացասական պատասխանների մեջ գերակշռում էին՝ բուժ.կանխարգելիչ միջամտություններ – 17,5%, կճղակների մշակում – 15% և կենդանիների համարակալում – 15%:

Հարցվածների մեծամասնությունը /50-77%/ դրական էր վերաբերվում տոհմային գործին, ներառելով՝ արտակազմվածքի և մթերատվության գնահատումը, սելեկցիան, արհեստական սերմնավորումը և ազատ զուգավորումը, սակայն նշվածներից ամենահաճախ կիրառվողը արհեստական սերմնավորումն էր և կազմում էր ընդամենը 42 տոկոս, մինչդեռ նույն տոկոսը կազմում էին նաև ազատ զուգավորում կիրառողները։ Հարցվածների 32 տոկոսը ընդհանրապես չէր կիրառում արհեստական սերմնավորումը, իսկ 52 տոկոսը ընդհանրապես չէր կիրառել սելեկցիան։

Կենդանիների կերակրման բարելավման հարցին ռեսպոնդենտների մեծամասնությունը ուներ դրական վերաբերմունք և դա հաճախակի էր կիրառում (գծապատկեր 3.), բացառությամբ կերային հավելանյութերի և պահածոյացված կերերի, որոնց կիրառությունը համապատասխանաբար կազմել էր 8% և 0% ։

Գծապատկեր 3.։ Կենդանիների կերակրման և պահպանման պայմաններ

Պատասխանողները բավականին դրական վերաբերմունք ունեին կենդանիների խնամքի հարցերին, սակայն կիրառության տեսակետից ոչ բոլոր խնամքի տեսակներն էին տարածված (աղյուսակ 3.):

Աղյուսակ 3. Ֆերմերների վերաբերմունքը կենդանիների խնամքի (պահման) պայմանների բարելավմանը

Կենդանիների խնամքի պայմաններ Վերաբերմունք Կիրառությունը
Դրական Չեզոք Բացասական Շատ ինտենսիվ Երբեմն Երբեք
Ֆերմայի կառուցում 38 2 0 5 9 26
Ֆերմային վերակառուցում 35 4 1 4 17 19
Օդափոխություն 37 3 0 28 11 1
Լուսավորություն 40 0 0 34 6 0
Հանգստի տարածք 35 5 0 11 6 23
Ջրախմոցներ 36 3 1 13 4 23

 

Սննդամթերքի անվտանգության տեսանկյունից հատկանշական էր, որ հարցված անասնապահների 45 տոկոսը կաթի մթերման ժամանակ երբեք չէր կիրառում այնպիսի ցուցանիշ, ինչպիսին միկրոբային ախտոտվածությունն է, սոմատիկ բջիջների քանակը երբևէ չէր հետաքրքրել հարցվածների 65 տոկոսին, իսկ 32 տոկոսը ընդհանրապես չէր կիրառում նման ցուցանիշ, ինչպիսին կաթի սպիտակուցի պարունակությունն է։ Ինչը վկայում է այն մասին, որ անասնապահները իրազեկված չեն, որ կաթի միավոր արժեքը կախված է կաթի որակը բնութագրող չափանիշներից:

Այն հարցին, թե «Ինչ տեղեկատվություն կամ գիտելիքի կարիք ունեն անասնապահությունից ավելի մեծ եկամուտ ստանալու համար», ռեսպոնդենտների պատասխաններից հստակ երևում է, որ մեծ եկամուտ ստանալու համար անհրաժեշտ գիտելիքի կարիք ունեն հարցվածների միայն 10-ից 32 տոկոսը, հարցվածներից 5-ից 57 տոկոսը կարծում է, որ կարող է գիտելիքը կամ տեղեկատվությունը նպաստի մեծ եկամտի ձևավորմանը, իսկ հարցվածների 15-ից 32 տոկոսը ընդհանրապես որևէ տեղեկատվության կամ գիտելիքի կարիք չունի։

Եզրակացություններ և առաջարկություններ

Սակայն կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ հարցմանը ենթարկված ֆերմերների շրջանում ցածր մակարդակի է ոչ միայն կենդանիների համարակալման և նույնականացման համակարգի մասին ընդհանուր տեղեկացվածությունը, այլ նաև թերի ընկալումը գոյություն ունեցող այն կապի մասին, որը առկա է ներդրված համակարգի և կենդանիների մթերատվության բարձրացման և գոյացող եկամտի միջև։ Հարկ է նշել, որ հարցումը անց է կացվել այն համայնքներից երկուսում, որտեղ վերջին տարիներին իրականցվել են տարբեր առաջադեմ ծրագրեր գյուղատնտեսության ոլորտներում։ Հավելենք, որ նման հետազոտության իրականացումը երկու համայնքներում չի կարող համարվել ներկայացուցչական ամբողջ հանրապետության համար, սակայն կարելի է այն որակավորել որպես ահազանգող:

 

 

Ելնելով վերոհիշյալից` խիստ անհրաժեշտություն է առաջանում իրականացնելու հետևյալ աշխատանքներ.

  • բարձրացնել իրազեկվածությունը անասնապահների շրջանում՝ կենդանիների համարակալման և նույնականացման համակարգի վերաբերյալ՝ ապահովելու համար դրա հետագա անխափան ներդրումը ու շեշտը դնելով ՝
  • սուր վարակիչ հիվանդությունների տարածման վտանգի վրա, ինչի հետևանքով տեղի կունենա կենդանիների մթերատվության անկում ու գլխաքանակի կորուստ,
  • անասնապահների ընտանիքների եկամուտների նվազման, փոխանցվող հիվանդություններով վարակվելու վտանգի վրա,
  • իրականացնել իրազեկման ծրագրեր` կարևորելով նշված համակարգի դերակատարությունը սպառողների շրջանում սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման համատեքստում,
  • իրականացնել փորձացուցադրական ծրագրեր` կարևորելով նշված համակարգի դերակատարությունը կենդանիների բարեկեցության և հիվանդությունների կանխարգելման համատեքստում,
  • կազմակերպել դասընթացներ կենդանիների համարակալման և նույնականացման համակարգի վերաբերյալ՝ շեշտադրելով մթերատվության բարձրացման և առաջացող եկամուտների առկա կապի, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կառավարման և սննդամթերքի հետագծելիության վրա ծրագրի ազդեցությունը,
  • իրականացնել ավելի լայնածավալ հետազոտություններ՝ նշված հարցերի վերաբերյալ ներկայացուցչական տվյալներ ստանալու համար:

 

Գրականություն

  1. «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագիրն ու ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2014թ. մարտի 13-ի նիստի N 10 արձանագրային որոշում
  2. «Անասնաբուժության մասին» 2014թ. հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենք
  3. «Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և դրանց պահման տարածքների նույնականացում և հաշվառում (ԿՏՆՀ)` նախապատրաստում. կենդանիների առողջության, բուծման և վարչարարության ոլորտներում կարողությունների ուժեղացում» – ծրագրային փաստաթուղթ: