Ջոզեֆ Վաթզլը խաղողագործության և գինեգործության ոլորտի մաս նագետ է՝ 32 տարվա աշխատանքային փորձով։ Աշխատել է  տարբեր երկրներում որպես գինեգործ, գլխավոր խորհրդատու, կազմակերպել է մի շարք դասընթացներ գինեգործների և լաբորատոր անձնակազմի համար։

Ղեկավարում է փորձագետներից կազմված թիմը, որը խորհրդատվություն է տրամադրում խաղողագործության, գինեգործության, արտադրանքի խթանման, գինու վաճառքների և շուկայահանման ոլորտում։ Ներկայում հանդիսանում է Մակեդոնիայի և Հունգարիայի մի շարք խոշոր ընկերությունների  գլխավոր գինեգործը։ Որպես երկարաժամկետ խորհրդատու համագործակցում է Գերմանիայի և Իտալիայի գինեգործների և գինու մատակարարների հետ։ 

Ջոզեֆ Վաթզլը զգալի փորձ ունի նոր գինիները եվրոպական շուկա ներմուծելու, ինչպես նաև գինեգործարաններում որակի կառավարման համակարգերի ներդրման բնագավառում։ Մոտ 14 տարի դասավանդում է գինեգործություն, խաղողագործություն, վերլուծական քիմիա, տնտեսագիտություն։

Դասավանդել է նաև Հայաստանի Գինու ակադեմիայում։ Սերտորեն համագործակցում է կրթական տարբեր հաստատությունների հետ, կազմա կերպում է սեմինարներ և միջազգային համաժողովներ։  Ղեկավարել է բազում կարճաժամկետ ծրագրեր տեխնիկ ական, գյուղատնտեսական և կրթական ոլորտներում։

Ջոզեֆը՝ գինեգործ

-Ի սկզբանե հետաքրքրված էի գյուղատնտեսությամբ, սակայն հիմնական կրթությունս  ստանալով խաղողագործության բնագավառում` հասկացա, որ վերջինս իրոք  հիանալի ոլորտ է: Գյուղատնտեսներն աճեցնում են իրենց սեփական խաղողը, դրանից գինի են պատրաստում, վաճառում են այն՝ ապահովելով գինու արտադրության ամբողջական շղթան:

Ներկա պահին զբաղվում եմ խորհրդատվությամբ, երկարաժամկետ պայմանագրերով աշխատում եմ աշխարհի տարբեր երկրներում։ Ես ունեմ աշխատողներ, ովքեր իմ նախկին ուսանողներն են: 40 տարի շարունակ դասավանդել եմ խաղողագործություն և գինու տեխնոլոգիաներ: Ուսանողներիցս ոմանց օգնել եմ կրթությունը շարունակելու հարցում, և նրանք սկսել են աշխատել ինձ հետ:

Բոլոր երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ գինի են արտադրում, մարդիկ երջանիկ են, սնունդը՝ հոյակապ, խնջույքները հաճախակի բնույթ են կրում. մի խոսքով, կյանքը հիասքանչ է: Այս ամենը կա նաև Հայաստանում:

Գինեգործության միջազգային փորձի մասին

-Ես իմ հմտություններն առաջին հերթին զարգացրել եմ կոոպերատիվ գինեգործարանում: Այնտեղ պատասխանատու էի  բերքահավաքի 6 սեզոնի համար (մեզ մոտ հաշվում են ոչ թե տարով, այլ բերքահավաքով): Հետո սկսեցի աշխատել իտալական մի ընկերությունում, որը զբաղվում էր գինու տեխնոլոգիաների և սարքավորումների արտադրությամբ և գործունեություն ծավալում տարբեր երկրներում` Հարավային Աֆրիկայում, Չիլիում, Գերմանիայում:

Եթե գերմանական գինեգործարանները ցանկանում էին իտալական տեխնոլոգիա ձեռք բերել, ապա վերջինս պետք է հարմարեցվեր նրանց կարիքներին և գինու հատուկ տեսակներին: Ես՝ որպես պատասխանատու անձ, ուղևորվում էի Չիլի, Ավստրիա, Հարավային Աֆրիկա, Ֆրանսիա, Իսպանիա և այլ երկրներ՝ պարզելու համար, թե նրանք գինու ինչ տեսակ էին ցանկանում պատրաստել: Հետո վերադառնում էի և այս ամենը փոխանցում սարքավորումներ նախագծողներին  ու պատրաստողներին: Ինձ համար շատ հետաքրքիր էր այցելել տարբեր երկրների գինեգործարաններ և համագործակցել գինեգործների հետ :

Ջոզեֆ, ո՞րն էր Հայաստան գալու պատճառը, և  ինչո՞վ եք այստեղ զբաղվում

-Իմ՝ Հայաստան կատարած այցելության հիմքում շատ կարճ պատմություն է ընկած: Փետրվարին գերմանացի մի պրոֆեսոր զանգահարեց ինձ և ասաց, որ Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում խաղողագործության ներածական դասընթացի դասավանդման համար մասնագետ էին փնտրում: Ինձ դիմեցին՝ հաշվի առնելով իմ գործունեությունը և մասնագիտությունը: Հայաստան գալու միտքն ինձ շատ հետաքրքրեց, և ես սկսեցի քարտեզի վրա փնտրել այդ երկիրը, քանի որ շատ քիչ տեղեկություն ունեի Հայաստանի մասին:

Ծրագիրն ընդլայնվեց, և այժմ այստեղ ես ոչ միայն դասավանդում եմ, այլև համագործակցում եմ գինեգործարանների հետ: Դրանք այն գործարաններն են, որոնք այս պահին շուկայում են և արտահանում են իրենց արտադրանքը՝ փորձելով համապատասխանեցնել այն միջազգային ստանդարտներին: Այս 2 ամիսների ընթացքում  հնարավորություն ունեցա շրջելու Հայաստանով մեկ, ծանոթանալու գինեգործարաններին, գինեգործության խնդիրներին և հնարավորություններին: Իմ հաշվետվության մեջ  ես Հայաստանի գինեգործներին խորհուրդ եմ տալիս ընդունել  այն համակարգը, որը 20-25 տարի շարունակ հաջողությամբ կիրառվում է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Ավստրիայում:  Իմ մոտեցումներին ծանոթանալով՝ այնուհետև CARD-ը կապ հաստատեց ինձ հետ, ներկայացրեց իր ծառայությունները, և մենք հանդիպեցինք։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին և ի հայտ եկան այն հնարավորություններն ու մեթոդները, որոնք կնպաստեն Հայաստանում գինու արտադրության ոլորտի զարգացմանը:

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք տեղական խաղողի տեսակները բարձրորակ գինի պատրաստելու առումով մրցունակ են միջազգային շուկայում:

-Հայաստանում գրեթե ամենուրեք, երբեմն նույնիկ միևնույն այգու տարածքում հանդիպում են խաղողի բազմաթիվ խաչասերումներ ու հիբրիդներ: Ես այստեղ մեծ ներուժ եմ տեսնում, հատկապես՝ Արենի տեսակի համար: Որոշ զուգահեռներ կարելի է անցկացնել բարձրորակ խաղողի տեսակների հետ, ինչպիսին է Պինո Նուաը: Ներկայիս շուկան բացառապես կենտրոնացած է այս տեսակի վրա: Այն աճում է սառը, միջանկյալ կլիմայի պայմաններում: Պինո Նուա աճեցնելու համար նպաստավոր տարածքները բավականին  սահմանափակ են: Այս տեսակը հնարավոր չէ աճեցնել, օրինակ, Սիցիլիայում, Կալիֆորնիայում, Հյուսիսային Աֆրիկայում: Այն շատ լավ է աճում Հյուսիսային Ամերիկայում, նույնիսկ առավել զով տարածքներում: Այս առումով Հայաստանում մեծ ներուժ կա: Դուք ունեք հիանալի պայմաններ գինու արտադրության համար՝ գտնվելով ծովի մակարդակից 800-ից մինչև 1400 մ բարձրության վրա: Հայաստանի համար մեծ առավելություն է այն, որ այստեղ կարելի է ստանալ ձեր ցանկացած գինու տեսակը, այդ թվում, հագեցած գինիներ.  իրականում ամեն ինչ հնարավոր է:

Ի՞նչ սահմանափակումներ  եք նկատել գինու պատրաստման ամբողջ շղթայում՝ սկսած խաղող աճեցնելուց  մինչև շշալցում, որոնք պետք է գտնվեն կառավարության, մասնավոր սեկտորի և ֆերմերների ուշադրության կենտրոնում:

-Նախքան շուկայահանումը գինու արտադրությունն իրենից ամբողջական շղթա է ներկայացնում: Հայաստանում այդ շղթան որոշ հատվածներում մասնատված է: Այստեղ խաղողագործությունը մշտապես միտված է եղել դեպի կոնյակի արտադրությունը: Խաղողի ընտրությունը նույնպես պայմանավորված է կոնյակի արտադրությամբ, այսինքն՝ շաքարի բարձր քանակություն, հնարավորինս բարձր բերքատվություն, ինչպես նաև մշակման հատուկ մեթոդներ, որոնք չեն համապատասխանում բարձրորակ գինու արտադրությանը: Խոստումնալից գինի ստանալու համար անհրաժեշտ է, որ մշակվող խաղողը լինի ցածր դիմակայունությամբ և բարձր որակի: Խաղողի ընտրությունը շատ կարևոր է: Մի քանի տոննա խաղողի մեջ կարելի է գտնել և՛ թերհաս, և՛ չափից շատ հասած խաղող, որից անհրաժեշտ է ընտրել միջին հասունության պտուղները: Մենք պետք է փոփոխենք նաև բերքահավաքի որոշ մեթոդներ՝ կիրառելով ընտրովի բերքահավաքի տարբերակը: Մինչև այժմ գինու գործարաններից միայն մեկում եմ տեսել նմամ մոտեցում: Շատ կարևոր է մտածել այս հարցերի շուրջ:

Ի՞նչ կասեք մեկ հեկտարի կտրվածքով բերքատվության մասին, ինչպե՟ս կարելի է կարգավորել այն

-Հայաստանում մեկ հեկտար հողատարածքում  աճեցվում է 2-2.5 հազար տնկի, մինչդեռ Գերմանիայում մեկ հեկտարի հաշվով  այդ թիվը հասնում է 5 հազարի։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր հողատարածքից ստացվում է ավելի քիչ քանակությամբ բերք, սակայն բնականաբար խաղողի որակն ու խտությունն անհամեմատ ավելի բարձր են։ Մրցակցությունը ստիպում է ֆերմերներին կրճատել բերքատվությունը։ Իսկ Բորդոյում կամ Շամպանում կարող եք հանդիպել հողատարածքների, որտեղ յուրաքանչյուր հեկտարի վրա աճեցվում է 8, 9 և նույնիսկ 10 հազար բույս։ Դա կարող է միայն ձեռքով մշակվել։ Սա զգալի ջանքեր պահանջող գործընթաց է, սակայն` նաև արդարացված, քանզի այդ հատուկ բարձր որակի դիմաց ֆերմերները ստանում են 10 եվրո յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց: Այդ դեպքում իրոք արժե կիրառել նման մոտեցում։ 10000 բույսն ապահովում է բարձր բերքատվություն, և նույնիսկ մեկ կգ խաղողի ստացումը մեկ վազից բավարար է համարվում։

Ի՞նչ կասեք Ձեր այցելած գինու գործարանների մասին: Կա՞ն, արդյոք, որոշակի խնդիրներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

-Կրթությունս ստանալուց ի վեր գործարաններում շրջելը և խնդիրների ի հայտ բերումն  իմ աշխատանքն է եղել: Ես աշխատել եմ որպես գինեգործության պատասխանատու  աշխարհի տարբեր երկրներում` տարբեր մեծության գործարաններում: Իմ կարծիքով, այստեղ խնդիրը ղեկավարության և աշխատակիցների միջև հաղորդակցման մեջ է: Գինեգործները համապատասխան կրթություն չունեն, ուստի նրանց համար բավականին դժվար է աշխատակիցներին բացատրել, թե ինչ պետք է արվի, իսկ աշխատակիցներին ճիշտ ցուցումներ են անհրաժեշտ: Կան մի շարք գործընթացներ, որոնք պետք է պատշաճ կերպով իրականացվեն: Օրինակ, բերքահավաքից հետո խաղողը մի տարայից մյուսն է լցվում, սակայն ինչպե՞ս է դա արվում: Շատերը խաղողը տարայի  վերևի հատվածից են ներս մղում, ինչը մեծացնում է օքսիդացման հավանականությունը: Սա, իհարկե, ճիշտ է կարմիր գինու համար, սակայն նրանք դա անում են նաև սպիտակ գինի ստանալու դեպքում: Շատ գործընթացներ կան, որոնք ճիշտ կերպով չեն ընթանում: Հայաստանում կան դեռևս Խորհրդային Միությունից մնացած արտադրամասեր, որտեղ տեխնոլոգիայի մի մասը փոխվել է, սակայն մտածելակերպը մնացել է նույնը: Իմ կարծիքով, սա մեծ խնդիր է: Գինու պատրաստման գործընթացը պետք է արագ ընթանա: Տարաները  պետք է մշտապես ամբողջությամբ  լցված լինեն, որպեսզի օքսիդացում տեղի չունենա: Մեծ տարաներով աշխատելիս խորհուրդ չի տրվում ընդհատել աշխատանքները՝ հաջորդ օրը շարունակելու նպատակով: Հարկավոր է հնարավորինս արագ իրականացնել բոլոր գործողությունները։ Նմանատիպ աննշան խնդիրները կուտակվում են, և արդյունքում Հայաստանում արտադրված գինիների 80%-ի որակը չի համապատասխանում միջազգային շուկայի ստանդարտներին: Եվրոպական շուկայում անհնար է նման գինիներից մեծ շահույթ ակնկալել: Զգալի  ջանքեր պետք է ներդրվեն որակի բարելավման ուղղությամբ:

Մենք համտեսել ենք տարբեր ծրագրերի շրջանակներում Ձեր կողմից ներկայացված  գինիները: Դուք հանդես եք գալիս նոր տեխնիկայով, սարքավորումներով և մեթոդներով: Ի՞նչ մեթոդներ եք ներկայացրել, որոնք կարճ ժամանակում հասցրել են նկատելիորեն բարելավել  գինու որակը:

-Ինչպես արդեն նշեցի, իմ կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այստեղ խաղողի բազմազանությունը մեծ է: Կա ինչպես թերհաս, այնպես էլ չափից շատ հասած  և արևից այրված  խաղող: Խաղողի այս բոլոր տեսակները, կախված մշակման եղանակից, որոշ նստվածք են թողնում, իսկ թերհաս խաղողի նստվածքը շատ ավելի թանձր է  լինում: Այս ամենին գումարվում են նաև մշակման ոչ կատարյալ պայմանները: Հայաստանում բերքահավաքը սկսվում է առավոտյան ժամը 9-ին, իսկ դա օրվա ամենաանբարենպաստ ժամանակահատվածն է: Այնուհետև խաղողը տեղափոխվում է և նախքան մշակման ենթարկվելը` մինչև երեկո մնում արևի տակ: Խաղողը 28-30 աստիճանի տակ մշակելու դեպքում համն ու հոտը հաճախ ցնդում են։  Որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան գործընթացն ավելի արագ է ընթանում, ուստի անհրաժեշտ է խուսափել դրանից: Բերքահավաքը պետք է կազմակերպել ավելի վաղ՝ առավոտյան ժամը 5-ին կամ 6-ին, երբ խաղողի ջերմաստիճանը ցածր է: Շատ կարևոր է կրճատել խաղողը գործարան հասցնելու ժամանակահատվածը: Երբեմն գործարանները խաղողը ստանում են երեկոյան, երբ աշխատակիցները հոգնած են լինում, և խաղողն անուշադրության է մատնվում: Եթե խաղողի մշակումը սկսվի առավոտյան ժամը 10-ին, բոլորն առույգ կլինեն, և աշխատանքի արդյունքը դրական կլինի: Նմանատիպ շատ փոքր հարցեր փոփոխման կարիք ունեն: Նաև անհրաժեշտ է, որ մենք պարզենք Հայաստանի գինու գործարանների ներուժը: Մենք աշխատել ենք տարբեր գործարաններում՝ դրանց հնարավորությունները պարզելու նպատակով` ինչ կարելի է ստանալ, որ ուղղությամբ պետք է շարժվել՝ լավագույն արդյունքն ապահովելու համար:

 Ինչպիսի՞ գործունեություն եք նախատեսում 2016 թվականի ընթացքում

-Մենք համաձայնության եկանք բոլոր գործընկերների հետ, որ ճիշտ կլինի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնել խաղողի այգիներում տիրող իրավիճակի վրա։ Կարելի է աստիճանաբար փոխել էտի եղանակը՝ սկզբում ընդգրկելով փոքր մակերեսներ, օրինակ՝ հողատարածքների ընդամենը 30%-ը, այնուհետև քայլ առ քայլ ընդլայնել  տարածքները` զերծ մնալով բերքատվության նվազման հետ կապված խնդրից։ Անհրաժեշտ է ուսուցանել դաշտային աշխատանքների համար պատասխանատու անձանց  և զարգացնել  վերջիններիս հմտությունները՝ ընտրովի բերքահավաք կատարելու նպատակով։ Սկզբնական շրջանում կարող եք խաղողի 30-40%-ից  արտադրել վարդագույն գինի, այնուհետև թողնել, որ մնացած 60%-ը լավ հասունանա կարմիր գինու համար։ Այս համակարգը հնուց ի վեր կիրառվել է Գերմանիայում․ ունենալով խաղողի ընդամենը մեկ՝ Ռիզլինգ տեսակը, մենք  արտադրել ենք 4-5 տեսակ գինիներ։ Վաղ բերքահավաքի ընթացքում առաջին քանակությունն ուղղվում է խաղողի հյութի արտադրությանը, երկրորդ բերքահավաքը կարող է կիրառվել Շամպան գինու տեսակի համար, որում  ալկոհոլի պարունակությունը համեմատաբար ցածր է, իսկ թթվայնությունը՝ բարձր։ Այնուհետև կիրառվում են միջին հասունությամբ պտուղները, իսկ վերջին 20%-ն օգտագործվում է սառցե գինիների արտադրության համար, այսինքն` միևնույն այգուց կամ միևնույն բույսից ստացված պտուղները դրսևորում են որակական տարբեր հատկանիշներ։
Առկա են մի շարք կառուցվածքային տարբերություններ Հայաստանի և Գերմանիայի ոլորտների միջև, որոնցից մեկը կոոպերատիվների և գինեգործարանների քանակությունն է, ինչն, ըստ իս, զսպող սահմանափակում է հանդիսանում։ Ինչպե՞ս է համակարգը զարգացել Գերմանիայում, ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել խաղողի և գինու որակի, շուկայահանման վրա, և որո՞նք են  այն ընթացակարգերն ու գործընթացները, որոնք կարող են կիրառվել նաև Հայաստանում

-Նախ և առաջ հարկավոր է գիտակցել, որ Գերմանիայում գործ ունենք լիովին տարբեր կառուցվածքների հետ․ մեզ մոտ շատ են փոքր ընտանեկան խաղողագործական ընկերությունները՝ միջինը 0.5 – 1 հեկտար հողատարածքով, և նույնիսկ ավելի փոքր, իսկ դա նշանակում է, որ մեծ թվով մարդիկ ընդգրկված են խաղողի աճեցման, իսկ հետագայում նաև` գինու արտադրության ոլորտում։

Դեռևս 1900-ական թվականներին պատահաբար ծագեց համատեղ՝ կոոպերատիվ աշխատանքի գաղափարը, որը շատ արագ զարգացավ գյուղատնտեսական այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գինու արտադրությունը և այգեգործությունը։ Գնալով աճում էր պահանջարկը, բարելավվում էին գինիների փոխադրման պայմանները․ այլևս խնդրահարույց չէր գինիների տեղափոխումը կայուն պայմաններում երկար հեռավորությունների վրա, և այս ամենն իր հերթին խթանեց գինու բիզնեսի զարգացումը, պահանջարկի ավելացումն ու առավել խոշոր կառուցվածքների հիմնադրման անհրաժեշտությունը։ Այսպիսով, փոքր կազմակերպությունները ժամանակի ընթացքում զգալիորեն ընդարձակվեցին։ Խորհրդային Միությունից դուք ժառանգեցիք խոշոր ֆերմաներ, որոնք այնուհետև մասնատվեցին։ Հողատարածքները վերադարձվեցին առանձին ֆերմերների, որոնց մի մասը ցանկանում էր զբաղվել խաղողագործությամբ, մյուսները ձգտում էին աճեցնել այլ մթերքներ և այդ նպատակով բաժանում էին տարածքը մի քանի հատվածների։ Այս պահին կրկին միավորվելու միտում կա, և փոքր հողատարածքները վերածվում են 3,4,5 հեկտար տարածքով հատվածների։ Այսինքն` դուք ևս սկսել եք շարժվել այդ նույն ուղղությամբ։

Մեր դեպքում, քանի որ գործ ունեինք կոոպերատիվ գաղափարի հետ, գործընթացը պատշաճ կերպով ուղղորդվում էր, և սա նաև լավ հնարավորություն էր հմտությունների և նոր մեթոդների փոխանցման համար, քանզի ֆերմերները համախմբվել էին մեկ սենյակում՝ մեկ տանիքի տակ, և վերապատրաստման հնարավորություն էին ստացել։ Այսպիսով, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մենք տարբեր դասընթացների միջոցով կարողացանք բարձրացնել ֆերմերների կրթական մակարդակը։

Այսօր ցանկացած, նույնիսկ ամենափոքր գինեգործարանում, սեփականատիրոջ զավակներից որևէ մեկը տիրապետում է գինուն առնչվող գոնե տարրական գիտելիքների, իսկ շատերը պատշաճ կրթություն են ստանում և վերապատրաստվում են այդ ոլորտում։ Գիտելիքի և կրթության մակարդակի բարելավումը լայն հնարավորություններ է ընձեռում բարձրորակ գինիների արտադրության համար։ Սակայն այս պահին ևս փոփոխությունների խիստ կարիք կա. նույնիսկ  կոոպերատիվների համակարգը բարելավման, արդիականացման կարիք ունի, քանզի հարյուրավոր տարիներ առաջ կիրառվող գաղափարներն այլևս արդիական չեն ներկայիս բոլոր  կարիքները հոգալու  համար։ Ցանկացած կազմակերպություն, որպես այդպիսին, ժողովրդագրական բնույթ է կրում, և ցանկացած որոշում կայացնելու համար տարիներ են պահանջվում։ Գինեգործը կարող է երկու տարի շարունակ կրկնել, որ շշալցման հոսքագիծը շուտով շահագործման ենթակա չի լինի, սակայն ղեկավարությունը թերահավատորեն է մոտենում դրան, քանի որ ցանկանում է ներդրումներն ուղղել դեպի այլ ոլորտներ։ Նրանք գտնում են, որ շատ ավելի հրատապ է նոր տրակտորի կամ նոր փոխադրամիջոցի ձեռքբերումը, իսկ հոսքագիծը դեռևս կարող է որոշ ժամանակ ծառայել։ Նմանատիպ իրավիճակ չի կարող գրանցվել պարզ կառուցվածքով ընտանեկան գինեգործարանում, որտեղ գումարները տնօրինվում են հենց այն անձնավորության կողմից, ով պատասխանատու է` որոշումներ կայացնելու  և իրավասու`  ներդրումներ կատարելու համար առավել հրատապ լուծումներ պահանջող ոլորտներում։ Սա կոոպերատիվ կառուցվածքների դեպքում հանդիպող արդիական խնդիրներից մեկն է. ցանկացած գործողություն չափից ավելի դանդաղ է իրականացվում։ Իսկ եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ ղեկավարությունը հիմնականում կազմված է ֆերմերներից։ Դիտարկենք 500 հեկտար hողատարածքով գինեգործարանի օրինակը, որի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 50 000 000 եվրո։ Ընկերությունը տնօրինվում է ֆերմերների կողմից, որոնք պատասխանատու են որոշումների կայացման, ֆինանսական հարցերի կարգավորման, հաշվապահական հաշվառման, ռազմավարության, որակի, խթանման, շուկայավարման, վաճառքների, առաքման ցանցերի հայտնաբերման և մի շարք այլ հարցերի համար, իսկ նշված բոլոր հարցերը պահանջում են հատուկ մասնագետների ներգրավում։

Հայաստանում բազում հակասությունների կարելի է հանդիպել։ Ի՞նչ եք կարծում, արդոք  հնարավոր կլինի Հայաստանում կիրառել Գերմանիայում ներդրված մոդելը, թե՞ հարկ  կլինի որդեգրել նոր գաղափարներ:
-Կարծում եմ, այդ մոդելը չի աշխատի, քանի որ նույնիսկ Գերմանիայում այն տակավին արդիականացման և ձևափոխման կարիք ունի։ Կոոպերատիվները, բանկերը, ապահովագրությունները, շաքարի արտադրությունն ու գինու արտադրությունը միասին արդյունաբերական համալիր են կազմում։ Մենք գաղափար չունենք, թե քանի կոոպերատիվներ են միավորված այդ մեծ հովանու ներքո։ Վերջիններս արագ փոփոխման ենթակա չեն և հետաքրքրված չեն նոր նախաձեռնություններով։ Մարդկանց, մասնավորապես գիտնականների և ոլորտի փորձագետների շրջանում այնպիսի կարծիք է ձևավորվել, որ արդյունավետությունը կախված է մարդկանց քանակից. որքան շատ, այնքան լավ։ Սակայն ինչու՞չդիտարկել համատեղ ձեռնարկությունների հիմնադրման գաղափարը։ Երկու ընկերություններ գործում են որպես կոոպերատիվներ, տնօրինում են բաժնետոմսերը, երկուսն էլ ունեն քվեարկելու իրավունք, և առնվազն մեկ կողմի առկայության դեպքում՝ լինի դա կառավարությունը, թե մասնավոր ընկերությունները, հնարավոր է որևէ նոր գործ ձեռնարկել։ 25% սեփականության իրավունքի դեպքում նրանք պետք է մշտական հսկողություն սահմանեն։ 25% -ը թույլ է տալիս որոշել, թե ով պետք է հանդես գա որպես նախագահ, արտահանման գծով պատասխանատու, տեխնոլոգ և այլն։ Կոոպերատիվների դեպքում բոլոր ֆերմերները համատեղ են նման որոշումներ կայացնում, իսկ դա երբեմն այդքան էլ նպատակահարմար չէ։

Արդյո՞ք կա որևէ տարածաշրջան, որտեղ կցանկանայիք խորհրդատվություն տրամադրել գալիք տարվա ընթացքում։ Միգուցե հենց Հայաստանո՞ւմ:

-Տպավորված եմ Հայաստանով։ Այստեղ այնքան անելիք կա։ Տվյալ պահին դեռ որևէ մեկից հրավեր չեմ ստացել, սակայն ես հետաքրքրված եմ, ունեմ փորձ և ցանկանում եմ պիտանի լինել։ Զբաղվել եմ խաղողագործությամբ նաև արևադարձային երկրներում։ Այնտեղ այդ ոլորտի նկատմամբ  մեծ հետաքրքրություն կա, քանի որ տարվա ընթացքում հնարավոր է երկու բերքահավաք ապահովել։ Հենց այս պահին Եթովպիայում մի ծրագիր է իրականացվում, և ես հաճույքով կրկին կվերադառնայի այդ երկիր։ Նախորդ տարի Քենիայում ես խաղող եմ տնկել Վիկտորիա լճի շրջակայքում՝ տարածք, որը բավականին նպատակահարմար է սեղանի խաղողի արտադրության համար։ Հիմնվելով էտի մեթոդների վրա՝ կարող եք նախապես որոշել, թե խաղողը երբ պատրաստ կլինի։ Կարելի է ընտրել ցանկացած ժամանակահատված հունվարից դեկտեմբեր ընկած հատվածում` նույնիսկ համապատասխանեցնելով բերքահավաքը ամենաբարձր գնի սեզոնին։ Օրինակ, Իտալիայից բերված խաղողն արդեն  սպառվել է, իսկ Չիլիի բերքը դեռևս չի հասունացել. սա հենց այն հարմար պահն է, երբ դուք կարող եք մուտք գործել շուկա նախքան Սուրբ ծննդյան տոները  և արտադրանքի 1 կգ-ի դիմաց պահանջել 8 եվրո։ Այս պահին նմանատիպ մի շարք գաղափարներ եմ փորձում առաջադրել։

Ինչպիսի՞ կանխատեսումներ կարող եք անել:

Ինչպե՞ս  եք պատկերացնում հայկական գինեգործության ապագան:

-Ես այստեղ շատ հնարավորություններ եմ տեսնում։ Տվյալ պահին աշխատում եմ Մակեդոնիայի հետ, որը 50 տարի շարունակ շուկայում ներկայանում է  գինիների փոքր խմբաքանակով։ Խաղողի բերքատվությունը երկրում բարձր է, որակը տատանվում է ցածրից միջին մակարդակի սահմաններում, սակայն գերմանական շուկայում իրենք ներկայանում են շշալցված գինու միայն մեկ տեսակով, որի մեկ լիտրը վաճառվում է 149 եվրոյով: Սա գերմանական շուկայի ամենացածր արժեք ունեցող հատվածն է, և շուկայում արդեն համապատասխան համբավ է ձևավորվել մակեդոնական գինիների նկատմամբ։ Երկրում առկա են աճեցման համար նպաստավոր բոլոր պայմանները՝ առատ ջուր, արև, որակյալ հող։ Այսինքն` իրականում հնարավոր է արտադրել բարձրորակ գինիներ, սակայն վերջիններս չեն վաճառվի պատշաճ գնով` ձեռք բերված բացասական համբավի պատճառով։ Եվ ես գտա այդ խնդրի լուծումը։ Արդեն 6-7 տարի է` մակեդոնական գինիները վաճառվում են իմ անվան տակ։ Առաջարկվում են գինիներ 4.99, նույնիսկ 9.99 եվրո արժողությամբ, և մարդիկ պատրաստ են վճարել, քանի որ որակը գերազանց է, գինը՝ հարմար, և արդեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ վերջիններս արտադրված են Մակեդոնիայում։ Այդ առումով Հայաստանը զգալի առավելություն ունի, չէ՟ որ դուք խնդիր չունեք` բացասական իմիջի հետ կապված։ Ամբողջ աշխարհով մեկ գինու ոլորտը նորարարությունների կարիք ունի։ Դուք կարող եք օգտվել այդ հնարավորությունից և ներթափանցել շուկայի լավագույն հատվածները, սակայն նախ և առաջ պետք է երաշխավորեք գնի և որակի պատշաճ հարաբերակցություն։ Ձեզ մոտ նկատել եմ նաև խնդիրներ` կապված տարբեր նյութերի՝ շշերի և այլ պարագաների  ներմուծման հետ: Դրանց գինը բավականին բարձր է։ Այսինքն, շշերը ներկրվում են արտերկրից, շշալցումը կատարվում է Հայաստանում, իսկ արդեն պատրաստի արտադրանքը կրկին արտահանվում է դեպի նույն երկրներ։ Սա ծախսատար է, և Հայաստանի նման երկիրը չի կարող իրեն թույլ տալ կրկնակի գին վճարել փոխադրման համար։ Նախընտրելի կլիներ  բարելավել Հայաստանում ապակե տարաների արտադրության գործընթացը։ Առկա է ներուժ, սակայն պայմանները նպաստավոր չեն։ Եվրոպայում մենք նույնպես արտադրում ենք գինիներ, սակայն մեր նշանակալի առավելությունը տեղում բոլոր անհրաժեշտ միջոցների՝ գինու տեխնոլոգիայի, սարքավորումների, շշերի հասանելիությունն է. որևէ նյութ ներկրելու կարիք չկա, ինչի արդյունքում մենք առաջարկում ենք որակյալ գինիներ ընդամենը 50 ցենտ արժողությամբ։ Ձեզ մոտ գները, իհարկե, անհամեմատ բարձր են։

 

Ինչպիսի՞ արձագանքներ եք ակնկալում Հայաստանում Ձեր կողմից արտադրվող գինիների վերաբերյալ:

-Ես կցանկանայի, որ մարդիկ ըմպեն գինին և պատվիրեն հաջորդ գավաթը։ Իհարկե, նախնական արձագանքները լուրջ փոփոխություններ չեն կարող ներմուծել գինու ոճերում և տեսակներում։ Նախընտրելի կլինի գինիներ ներկայացնել երկու հատվածների համար՝ 2000-3000 դրամ արժողությամբ առօրյա օգտագործման գինիներ, որոնք այդքան էլ ծախսատար չեն, և մոտ 7-9000 դրամ արժողությամբ, սահմանափակ արտադրությամբ  բարձրորակ գինիներ։ Մեծ հավանականություն կա այդ գինիներով Եվրոպական շուկայում ներկայանալու։ Օրինակ՝ լավ «Արենին» մեծ պահանջարկ կգտնի Շվեյցարիայում։ Այս պահին ես համագործակցում եմ  6 նորաստեղծ  ընկերությունների հետ՝ փոքրածավալ արտադրությունից մինչև խոշոր գործարաններ:

Որո՞նք են հայկական գինիների հիմնական առանձնահատկությունները, որ կօգնեն կայուն դիրք զբաղեցնել միջազգային շուկայում:

-Ըստ իս, հիմնական առանձնահատկությունները պայմանավորված են տարածաշրջանով։ Արմավիրի մարզում զգալի է հրաբխային հողերի ազդեցությունը, ինչի շնորհիվ ստացվում են հագեցած, աղի և հանքային գինիներ։ Սա որակական հատկանիշ է։ Բոլորը ձգտում են զգալ հողի հետքը գինու մեջ։ Մյուս կողմից, այս պահին օրհասական է  կլիմայի փոփոխության խնդիրը։ Գինեգործությամբ հայտնի հիմնական երկրները /Իտալիան, օրինակ/, նախորդ տասը տարիների ընթացքում արձանագրել են բերքատվության անկում միջինը 30-40%-ով,  քանի որ գերակշռում են չոր և շոգ պայմանները, որոնք նպաստավոր չեն խաղողի աճեցման համար։ Դա է պատճառը, որ այսօր իտալացիները փորձում են գործընկերներ գտնել Ռումինիայում, Մոլդավիայում, որտեղ հիմնադրում են համատեղ ձեռնարկություններ։ Իտալիայում արտադրվում են միայն բարձրարժեք և բարձրորակ գինիներ, իսկ առավել հասարակ տեսակները կարող են արտադրվել արտերկրի գործընկերների հետ համատեղ։ Գերմանիան, որը հայտնի է իր Պինո Նուա և Ռիզլինգ տեսակներով, որոնց համար առավել նպաստավոր են զով կլիմայական պայմանները, վերջերս նույն խնդրի առջև կանգնեց։ Հուլիսի  ընթացքում մոտ 3 – 4 օր շարունակ գրանցվել էր  43 աստիճան ջերմություն։ Դա անհավանական է։ Պատկերացնում եք, 3 ամիս շարունակ անձրև չենք տեսել։ Եղանակը մեզ շատ լուրջ խնդրի առջև կանգնեցրեց, քանի որ բոլորը պահանջում էին Ռիզլինգ տեսակը, տարեցտարի ավելանում էր Ռիզլինգ աճեցնող ցանքատարածքների թիվը, և ինչ, անկանխատեսելի եղանակը ստիպեց մեզ անցում կատարել դեպի այլ տեսակներ։ Դուք էլ կարող եք լուծումներ գտնել  ձեր խնդիրներին։ Որքան ընդարձակվեն ձեր արտադրական տարածքները, այնքան ավելի քիչ կլինի կախվածությունը կլիմայական պայմաններից։ Հայաստանում գրանցվում են զով գիշերներ, ջերմաստիճանը շատ չի բարձրանում, արևը բավականին ուժեղ է։ Ջրի հետ կապված խնդիր չունեք, կարող եք հեշտությամբ ոռոգել։ Այսպիսով, դուք կարող եք դառնալ զով կլիմայական պայմաններ պահանջող գինու տեսակների հաջորդ արտադրողը։

Ականատես եմ եղել մի հետաքրքիր փաստի Արենի գյուղի ճանապարհը բարձրանում է և տանում դեպի մեկ այլ գյուղ, որն Արենիից  մոտ 1000 մետր ավելի բարձր է՝ այսինքն` գտնվում է գրեթե 2000 մետր բարձրության վրա։ Այդ բարձրադիր գյուղի խաղողից ստացված գինին շատ ավելի նրբագեղ է Արենիի  գինու համեմատությամբ։ Ահա այսպիսի յուրահատուկ առանձնահատկություն։ 

Սա շատ հետաքրքիր պատմություն է, որը լավ օրինակ է մարքեթինգի նպատակով բարձրաձայնելու համար։ Հարկավոր է հավաքագրել և լուսաբանել նմանատիպ պատմություններ։

Այո, իրավացի եք, երևի հենց այսպիսի պատմությունների շնորհիվ են նաև հայկական գինիները տարբերակվում այլ գինիներից։

Հարցազրույցը վարեց՝ Գագիկ Սարդարյանը