Տարբեր գնահատականներով` աշխարհում գյուղատնտեսական նշանակության հողերի 53-75%-ը և գյուղատնտեսության մեջ ներգրավված տնտեսությունների 90-98%-ը կառավարվում են ընտանեկան ֆերմերային տնտեսությունների կողմից (Graeub et.al, 2016, Lowder et.al, 2016)։ Հայաստանում ևս ընտանեկան տնտեսությունները զգալի դեր ու նշանակություն ունեն երկրի գյուղատնտեսության մեջ, և այս հոդվածում կփորձենք ուսումնասիրել դրանց կարգավիճակն ու խնդիրները։

Որո՞նք են ընտանեկան ֆերմերային տնտեսությունները
Խոսելով ընտանեկան ֆերմերային տնտեսությունների մասին՝ անշուշտ կարևոր է հասկանալ, թե ում նկատի ունենք, որոնք են դրանք։ Տարբեր երկրների առանձնահատկություններից ելնելով՝ գոյություն չունի ընտանեկան ֆերմերային տնտեսությունների միասնական դասակարգում, սակայն որպես հիմնական չափանիշ` դիտարկվում է դրանց կառավարումը ընտանիքի կողմից և, մեծ մասամբ, ընտանեկան աշխատուժի օգտագործումը։ Ընտանեկան ֆերմերային տնտեսությունների մեջ առանձնացվում են նաև փոքր ֆերմերային տնտեսությունները, որոնք, լինելով համեմատական հասկացություն, ըստ ՄԱԿ-ի Պարենային անվտանգության և սնուցման փորձագիտական խմբի` ճիշտ մշակված պետական քաղաքականության պարագայում դրական ազդեցություն ունեն պարենային անվտանգության բարձրացման, տնտեսական աճի, աղքատության և սոցիալ-տնտեսական անհավասարության կրճատման վրա (HLPE, 2013)։

Ներկայում Հայաստանում սահմանված չեն գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավված տնտեսությունները, եթե դրանք գրանցված չեն որպես իրավաբանական անձ։ Մինչդեռ Հայաստանում 1991-2007թթ ընթացքում գործում էր Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին օրենքը , որտեղ սահմանվում էր գյուղացիական տնտեսություն հասկացությունը և դրա կազմավորման կարգը։ Այս օրենքն իր ուժը կորցրեց 2007 թվականին, սակայն դրա հետ մեկտեղ չվերացան գյուղատնտեսության մեջ ներգրավված, իրավաբանական գրանցում չունեցող տնտեսությունները և, ավելին, դրանք շարունակում են զգալի կշիռ զբաղեցնել երկրի գյուղատնտեսության մեջ։ Ներկայում Ազգային վիճակագրական ծառայությունն առանձնացնում է գյուղատնտեսության մեջ ներգրավված արտադրողների երկու տիպ՝ առևտրային կազմակերպություններ, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, և բնակչության տնտեսություններ, որոնք չունեն իրավաբանական անձի կարգավիճակ, և որոնց փաստացի կարող ենք համարել ընտանեկան ֆերմերային տնտեսություններ։ Համաձայն վերջին տվյալների՝ Հայաստանում կան 345,875 ընտանեկան ֆերմերային տնտեսություններ, որոնք կազմում են գյուղա¬տնտեսության մեջ ներգրավված բոլոր տնտեսությունների 99,9%-ը (ԱՎԾ, 2014)։
Ընտանեկան ֆերմերային տնտեսությունների կողմից է ստեղծվում գյուղատնտեսական համախառն արտադրանքի գրեթե 97%-ը, նրանց են պատկանում Գյուղատնտեսության համատարած հաշվառման (ԳՀՀ) ընթացքում արձանագրված գյուղատնտեսական նշանակության հողերի 96%-ը, հանրապետության հատապտղանոցների 98%-ը, պտղատու այգիների 96%-ը և խաղողի այգիների 93%-ը։

Բացի տնտեսական նշանակությունից` ընտանեկան ֆերմերային տնտեսությունները նաև կարևոր սոցիալական նշանակություն ունեն.
 Աշխատատեղ են ապահովում ոչ արհեստավարժ աշխատուժի համար,
 Պահանջարկ են ապահովում համայնքներում գործող փոքր բիզնեսների համար, ինչպիսին են, օրինակ, ներդրանքների վաճառակետերը, գյուղատնտեսական տեխնիկայի կամ բեռնափոխադրման ծառայություն մատուցողները և այլն,
 Հումք են արտադրում արտահանման ուղղվածություն ունեցող վերամշակող ընկերությունների համար՝ նպաստելով արտարժույթ վաստակելուն,
 Նվազեցնում են ազգային պարենային անվտանգության ռիսկերը՝ ապահովելով սննդի տեղական առկայությունը և այլն։
Սրա հետ մեկտեղ, այս տնտեսությունների գերակշիռ մասը բավական փոքր է։ Համաձայն ԳՀՀ-ի՝ հողագործությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների միայն 4,7%-ն է, որ ունի 5 և ավել հեկտար հողատարածք, իսկ 59,6%-ը ունի 1 հեկտարից պակաս հողատարածք, որոնցից 70%-ը՝ մինչև 0,5 հեկտար։ Ընտանեկան ֆերմերային տնտեսությունների կողմից կառավարվող հողատարածքների չափերի համեմատական դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին 10-20 տարիների ընթացքում այս տնտեսությունների շրջանում ընդլայնման միտում չի արձանագրվել։ 1991թ․-ի հողի սեփականաշնորհումից հետո 1995 թվականի տվյալներով մեկ բնակչության տնտեսության միջին հողատարածքը 1,43 հեկտար էր, իսկ հանրապետությունում կար 1 391,4 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, իսկ 2014թ․-ի հաշվառումը ցույց տվեց, որ միջինում մեկ տնտեսությունն ունի և/կամ մշակում է 1,48 հեկտար հողատարածք, մինչդեռ գյուղատնտեսական նշանակության հողերը ավելացել են գրեթե 47%-ով՝ կազմելով 2 049,4 հազար հեկտար։

Ավելին, համաձայն Լեռմանի (2004)` 2000-ականների սկզբին Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի մինչև 10%-ը պատկանել է բոլոր տնտեսությունների 10%-ը կազմող մեծ տնտեսություններին, այնինչ ԳՀՀ-ն ցույց տվեց, որ 2014 թվականի տվյալներով` գյուղատնտեսական հողերի 34%-ն է պատկանում տնտեսությունների 5%-ը կազմող, 5 և ավելի հեկտար հողատարածք ունեցող մեծ տնտեսություններին։ Սրա հետ մեկտեղ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ մեկ տնտեսությանը պատկանող միջին հողակտորը 1995-2015թթ․ ընթացքում այնքան էլ չի փոխվել՝ տատանվելով 1,4 հեկտարի շրջակայքում, ապա կարող ենք ասել, որ 2000-ականների սկզբներից ի վեր որոշ տնտեսություններ ընդլայնվել են, բայց և չափերով փոքր տնտեսությունները ավելի շատացել են։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ընտանեկան ֆերմերային տնտեսությունների փոքր չափերը առայժմ պայմանավորված չեն հանրապետությունում առկա հողային ռեսուրսների սակավությամբ։ Համաձայն պետական կադաստրի տվյալների` 2016թ․-ի հուլիսի դրությամբ պետությանը և համայնքին պատկանող վարելահողերի ու բազմամյա տնկարկների տակ գտնվող հողերի 55,6%-ը չեն մշակվում, իսկ ըստ մեր դիտարկումների՝ չի մշակվում բնակչությանը և առևտրային կազմա¬կեր¬պություններին պատկանող վարելահողերի գրեթե 21%-ը։
Սրա հետ մեկտեղ ընտանեկան ֆերմերային տնտեսությունները բավական մասնատված են․ դրանց պատկանող բոլոր հողերի 33%-ը 6 և ավելի հողակտորով է։ Ընդ որում, համաձայն որոշ դիտարկումների՝ հողակտորները կարող են գտնվել իրարից մինչև10-15 կիլոմետր հեռավորության վրա (Վարդանյան և Գրիգորյան, 2006)։
Չնայած առկա տվյալները թույլ չեն տալիս ճշգրիտ գնահատել անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների ծավալները, այնուամենայնիվ, օրինակ, կով ունեցող տնտեսությունների 61%-ն ունի 1-2 կենդանի, խոզ ունեցող տնտեսությունների 79%-ը՝ 1-4 խոզ, այծ ունեցող տնտեսությունների 59%-ը՝ 1-4 այծ, միևնույն ժամանակ 20 և ավելի կենդանի ունեն կով ունեցող ընտանեկան տնտեսությունների 1,2%-ը, այծ ունեցող տնտեսությունների 4,2%-ը և խոզ ունեցող տնտեսությունների 2,3%-ը։
Գյուղատնտեսության նշանակությունը և ընտանեկան ֆերմերային տնտեսությունների կարևորությունը Հայաստանի տնտեսության մեջ
Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է։ Վերջին 10 տարիների ընթացքում այն կազմել է ՀՆԱ-ի մոտ 1/5-ը, իսկ 2010թ․-ից հետո յուրաքանչյուր տարի նշանակալից ներդրում է ունեցել ՀՆԱ-ի աճի մեջ։ Օրինակ, 2015թ․-ին գյուղատնտեսությունը կազմել է ՀՆԱ-ի 17,2% և 2,3 տոկոսային կետով ազդել է ՀՆԱ-ի 3,2% աճի վրա։
Գյուղատնտեսությունը նաև կարևոր եկամտի աղբյուր է։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ աշխատանքային ռեսուրսների և զբաղված բնակչության համապատասխանաբար 18 և 35,3 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ, իսկ գյուղատնտեսական զբաղվածությունը գյուղական համայնքներում կազմում է ավելի քան 65% (2015)։ Սակայնմիևնույն ժամանակ հարկ է նշել, որ զբաղվածության մասին տվյալները թույլ չեն տալիս պատկերացում կազմել լրիվ դրույքով զբաղվածության մասին, և ոլորտում նկատվում է զգալի թերզբաղվածություն։ Օրինակ, համաձայն ԳՀՀ տվյալների` ընտանեկան տնտեսությունների գլխավորների և անդամների համապատասխանաբար միայն 42 և 35 տոկոսն է հաշվետու տարում ներգրավված եղել գյուղատնտեսության մեջ 7-ից 12 ամիս տևողությամբ։
Գյուղատնտեսության ոլորտում և գյուղական համայնքներում խիստ տարածված է ոչ ֆորմալ զբաղվածությունը, օրինակ, 2015 թվականին գյուղատնտեսության մեջ առկա աշխատատեղերի 99%-ը և գյուղական համայնքներում զբաղվածության 74%-ը եղել է ոչ ֆորմալ։ Հարկ է նաև նշել, որ աշխատանքի դիմաց վարձատրությունը գյուղատնտեսության մեջ միշտ ավելի ցածր է եղել հանրապետական միջինից. 2005-2015թթ․ ընթացքում միջինում գյուղատնտեսության մեջ միջին ամսական աշխատավարձը կազմել է հանրապետական միջինի 70%-ը։ Միևնույն ժամանակ, համաձայն 2015 թվականի տվյալների` գյուղատնտեսությունը Հայաստանում միակ ճյուղն է, ուր կանայք վարձատրվում են գրեթե նույն չափով, ինչ տղամարդիկ։
Բացի վերոնշյալից` գյուղատնտեսությունը արտահանումների կարևոր աղբյուր է՝ վերջին տարիներին ունենալով ողջ ՀՀ արտահանումների ավելի քան 20%-ը։ 2005-2015թթ ընթացքում գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի արտահանման մեջ հիմնականը եղել են ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, որոնց համար Հայաստանը զուտ արտահանող երկիր է, ապա հետևում են ծխախոտը, պահածոյացված և թարմ միրգ-բանջարեղենը և ձկնամթերքը։ Ինչպես արդեն նշվել էր, այս արտահանումների ապահովման համար հիմնական մատակարար են հանդիսանում ընտանեկան ֆերմերային տնտեսությունները։

Այս ենթատեքստում կարևոր է նշել, որ ընտանեկան ֆերմերային տնտեսությունները բավական ազատ են իրենց գործունեության և արտադրության կազմակերպման հարցում։ Հանրապետությունում բացակայում են գյուղատնտեսական գործունեությունը կարգավորող իրավական նորմերը, և յուրաքանչյուր ֆերմեր ազատ է իր արտադրությունը կամ ասենք աղբահանությունը կազմակերպելու այնպես, ինչպես ինքն է ուզում, ինչն, անշուշտ, լրացուցիչ առողջապահական, բնապահպանական և սոցիալական ազդեցություն է ունենում երկրի ողջ բնակչության վրա։
Ընտանեկան ֆերմերային տնտեսությունների հիմնական խնդիրները
Ընտանեկան ֆերմերային տնտեսությունները, կարևոր դեր խաղալով երկրի տնտեսական և սոցիալական կյանքում, այնուամենայնիվ, մնում են փոքր, քիչ զարգացած և զարգացման մշուշոտ հեռանկարներով։ Նրանց առջև ծառացած խնդիրները բազմազան են և կարող են տարանջատվել որպես ընտանեկան ֆերմերային տնտեսությունների չբավարարված կարիքներ, դրանց զարգացումը սահմանափակող խոչընդոտներ և գլոբալ մարտահրավերներ։
Խնդիրների այս խմբերը մեծ մասամբ փոխկապակցված են միմյանց և շատ դեպքերում դրանց միջև առկա է շղթայական պատճառահետևանքային կապ, որտեղ, մեր կարծիքով, առանցքային են ընտանեկան տնտեսությունների կարիքները, որոնք ոլորտում հանդիպող խոչընդոտների հետևանք են և մարտահրավերների պատճառ։ Միևնույն ժամանակ կարիքների, մարտահրավերների և խոչընդոտների միջև բաժանումը պայմանական է, և կախված քննարկման համատեքստից` միևնույն երևույթը կարող է հանդես գալ և որպես կարիք, և որպես խոչընդոտ, և որպես մարտահրավեր։ Այս պարագայում հատկապես դժվար է գնահատել, թե դրանցից որն է մյուսների առաջնային պատճառը, և որի լուծումն է առաջնահերթ։
Ընդ որում, որոշ դեպքերում, պատճառ հանդիսացող խոչընդոտը կարող է նույնը լինել, ինչ չբավարարված կարիքից որպես հետևանք առաջացած մարտահրավերը։ Օրինակ՝ որոշ վայրերում առկա հողային ռեսուրսների վատ որակը խոչընդոտում է գյուղատնտեսության բարձր եկամտաբերությունը, իսկ գյուղատնտեսությունից ստացված ցածր եկամուտը տանում է նրան, որ քչանում են գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը, և կրճատվում են մշակվող հողատարածքները, ինչը և իր հերթին բերում է հողային ռեսուրսների որակի վատթարացմանը։
Որպես ֆերմերային տնտեսությունների հիմնական կարիք՝ առանձնացնենք երկուսը՝
1. գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ցածր մակարդակը, ինչը ներկայում կազմում է ավելի քան 32% և մեծացնում է ոլորտում ներգրավված տնտեսությունների տնտեսական կախումը գյուղատնտեսությունից,
2. գյուղատնտեսության ցածր եկամտաբերությունը, ինչն ընտանեկան ֆերմերային տնտեսությունների կողմից ֆինանսական հաշվետվողականության բացակայության պարագայում ավելի շատ որակական դիտարկում է, և որպես օբյեկտիվ հիմք կարող են ընդունել գյուղատնտեսության ոլորտում աշխատավարձերը, որոնք միջինում 2015 թվականին 65,9%-ով ցածր են եղել հանրապետության միջինից։
Այսինքն, մի կողմից` գյուղական համայնքներում քիչ են գյուղատնտեսական աշխատանքի այլընտրանքները, իսկ մյուս կողմից՝ գյուղական վայրերում ապրուստի միակ հավանական միջոց հանդիսացող գյուղատնտեսության ոլորտը եկամտաբեր չէ։
Ոլորտի ցածր եկամտաբերությունը ոչ միայն սահմանափակում է ֆերմերային տնտեսությունների սոցիալ-տնտեսական զարգացումը, այլ նաև ընդհանրապես գյուղական համայնքների զարգացումը և ծնում է բազմազան հետևանքներ՝ գյուղատնտեսության մեջ մարդկանց ներգրավվածության և համախառն արտադրանքի կրճատում, գյուղատնտեսական անմշակ հողերի ծավալի աճ, աղքատություն, աճող միգրացիա, գյուղատնտեսության և համայնքային զարգացման մեջ ներդրումների սահմանափակում, գյուղական համայնքներում կյանքի որակի նվազում, գյուղի երիտասարդների կողմից գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկության նվազում և գյուղից նրանց արտահոսք, գյուղական համայնքներում ծնելիության նվազում, գյուղատնտես¬ությամբ զբաղվող մարդկային ռեսուրսների ծերացում, ինչպես նաև գյուղական և քաղաքային վայրերում կենսամակարդակների միջև տարբերության ավելացում։ Նշված հետևանքները արդեն վեր են լինում առանձին ֆերմերի խնդիր հանդիսանալու մակարդակից և դառնում են գյուղի և գյուղատնտեսության հետագա զարգացումը վտանգող մարտահրավերներ։
Գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի սակավությունը երկրի արդյունաբերության ցածր զարգացվածության ու ցածր ներդրումային գրավչության արդյունք են, ինչի հետևանքով գյուղական համայնքներն ընդհանուր առմամբ մնում են քիչ զարգացած, ցածր կենսամակարդակով, իսկ սպասարկման ոլորտում աշխատատեղեր ապահովող ընկերությունները ցածր կենսամակարդակ ունեցող համայնքներում եկամտաբեր չեն, ուստի և չեն զարգանում։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի ցածր եկամտաբերության պատճառներին, որոնցից մի քանիսը միևնույն ժամանակ նաև հետևանք են, ապա սրանք պայմանականորեն կարող ենք դասակարգել որպես
– բնության կողմից առաջարկվող մարտահրավերներ, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը, բնական աղետները և հողի որակը,
– սոցիալական բնույթի մարտահրավերներ, ինչպիսին են շատ ֆերմերների թերահավատ կամ անհատապաշտական բնույթը, ֆերմերների կազմակերպման և համագործակցության ցածր մակարդակը,
– տեխնիկական գործոններով պայմանավորված խոչընդոտներ՝ ցածր արտադրողականությունը կամ ոռոգման համակարգի անհուսալիությունը,
– տնտեսական դժվարություններ՝ կապիտալի բարձր արժեքը, գյուղատնտեսական ապահովագրության բացակայությունը, շուկայի անկայունության մարտահրավերը` կապված գների անկայունության հետ։
Չնայած որ առկա տվյալները թույլ չեն տալիս հստակ գնահատել ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը, այնուամենայնիվ, ըստ պաշտոնական տվյալների՝ 2005-2015թթ․ ընթացքում միջինում ակտիվ բնակչության 41%-ը ներգրավված է եղել ՀՆԱ-ի միայն 18%-ը ապահովող ճյուղում, ուստի ցածր արտադրողականությունը կարևոր խնդիր է գյուղատնտեսության մեջ։ Ցածր արտադրողականության պատճառներն են նախ և առաջ` ցածր մասնագիտացում ունեցող, չափերով փոքր և կտրտված ֆերմերային տնտեսությունների գերակայությունը. ինչպես արդեն նշվեց, հանրապետությունում ընտանեկան տնտեսություններին պատկանող հողերի 1/3-ը ավելի քան 6 հողակտորով են, իսկ մեկ հողակտորի միջին մեծությունը 0,41 հեկտար է։ Այս հանգամանքը խիստ դժվարացնում է արտադրության արդյունավետությանը նպաստող տեխնոլոգիաների ներդնումը, ինչպիսին են կաթիլային ոռոգումը, մեխանիզացիան, ցանքաշրջանառությունը և այլն։ Բացի այդ` փոքր չափերով պայմանավորված արտադրության ցածր ծավալները և համատեղ գործունեության կազմակերպման առայժմ հանդիպող դժվարությունները թույլ չեն տալիս ընտանեկան տնտեսություններին կայուն կապեր ստեղծել և ուժեղ դերակատարում ունենալ իրենց արժեշղթաներում, և տնտեսությունները հիմնականում գին ընդունող և ենթարկվող օղակ են մնում։
Ցածր արտադրողականության պատճառ է նաև ընտանեկան տնտեսությունների շրջանում գյուղատնտեսական գիտելիքների, տեխնոլոգիաների և որակյալ ու պրակտիկ խորհրդատվության հասանելիության ցածր մակարդակը։ Համայնքներում բացակայում են գրագետ գյուղատնտեսության վարման համար անհրաժեշտ մասնագետները, և գյուղատնտեսությամբ զբաղվողների շրջանում մշակման և ոռոգման տեխնոլոգիաների, կենդանիների պահվածքի, գյուղատնտեսական արտադրանքի շուկայահանման կամ նոր սորտերի վերաբերյալ տեղեկատվության միակ աղբյուրը դոնորների կողմից իրականացվող զարգացման ծրագրերն են, որոնք սահմանափակ են թե իրենց աշխարհագրությամբ, թե գործունեության շրջանակով, և նախկին Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների խորհրդատուները, ովքեր ևս սահմանափակված են տեխնիկական և ֆինանսական հնարավորություններով՝ ըստ պահանջի հասանելի լինելու հանրապետության ողջ տարածքում առկա ընտանեկան տնտեսություններին։
Միևնույն ժամանակ ոլորտում գիտելիքի փոխանցման գործընթացը ավելի է դժվարանում, քանի որ ոլորտում առկա որակյալ մասնագետների թիվը խիստ սահմանափակ է, իսկ երիտասարդ սերունդը հետաքրքրված չէ ոլորտով։ Գյուղատնտեսությունը գրավիչ չէ երիտասարդների համար, որը մի կողմից` ոլորտի ցածր եկամտաբերության, իսկ մյուս կողմից՝ այս ոլորտի կրթական ծրագրերի ցածր կիրառելիության հետևանք է։
Գործնականում ոլորտում ներգրավված մասնագետների, ինչպես նաև հենց ֆերմերների պնդմամբ՝ գյուղատնտեսական կրթություն տրամադրող կրթական հաստատությունների շրջանավարտների որակը չի համապատասխանում առկա պահանջարկին։ Կրթական ծրագրերը պրակտիկ չեն, բացակայում են կրթական գործընթացը որակյալ կազմակերպելու համար անհրաժեշտ գույքնը սարքավորումներն ու նյութերը, օգտագործվող գրականության ստվար զանգվածը խորհրդային ժամանակներից է։

Գիտելիքի բացը լրացնելու համար որպես տեղեկատվության աղբյուր ֆերմերներն հնարավորության դեպքում օգտվում են համացանցից կամ արտասահմանյան գրականությունից, ինչը, սակայն, թաքնված ծախսեր ունի․ մեծ է հավանականությունը, որ համացանցում առկա նյութերը չեն համապատասխանի Հայաստանյան բնակլիմայական պայմաններին, և դրանք կիրառելիս ֆերմերները չեն ստանա ցանկալի արդյունք կամ կվնասեն իրենց արտադրությանը։

Շատ թույլ է ֆերմերների մարտահրավերների և գիտական, ակադեմիական հետազոտությունների միջև կապը։ Հետազոտությունները կիրառելի չեն և մեծ մասամբ լրացուցիչ եկամուտ չեն ստեղծում արտադրողների համար, բացի այդ՝ լավ զարգացած չեն արժեքավոր գիտական նորարարությունների տարածման ուղիները։ Հարկ է նաև նշել, որ ՀՀ-ում գիտահետազոտական ոլորտին և հատկապես գյուղատնտեսական հետազոտություններին ուղղված գումարները շատ ցածր են։ 2005-2015 թվականների ընթացքում միջինում գյուղատնտեսական հետազոտությունների վրա կատարված ծախսերը ընդհանուր գիտությանն ուղղված ծախսերի 4%-ից ավելի չեն եղել։ 2015 թվականին դրանք կազմել են ընդամենը 310 000 ԱՄՆ դոլար (149,6 մլն․ դրամ)։
Արտադրողականության վրա ազդող մեկ այլ գործոն է ոլորտում մեխանիզացիայի ցածր մակարդակը։ Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի 93%-ը բարոյապես և ֆիզիկապես մաշված է (ՀՀԿ, 2017ա)։ Մինչդեռ յուրաքանչյուր ընտանեկան ֆերմերային տնտեսություն տարեկան միջինում վարձակալում է 2,9 միավոր գյուղատնտեսական տեխնիկա (ԱՎԾ, 2016)։ Կարևոր խնդիր է նաև տեխնիկայի ժամանակին առկայությունը, ինչը խոչընդոտում է արտադրության օպտիմալ կազմակերպումը և նվազեցնում է բերքատվությունը։ Սրա արդյունքում, գյուղատնտեսական տեխնիկա շահագործողները զգալի իշխանություն ունեն ֆերմերների հանդեպ, իսկ ֆերմերները ստիպված են լինում ընդունելու և վճարելու ցածր որակի աշխատանքի դիմաց։
Ընդ որում, մի կողմից` մեկ ընտանեկան տնտեսության համար սեփական գյուղատնտեսական տեխնիկա ունենալը թանկ է և նպատակահարմար չէ մեխանիզացիայի կիրառումը միայն սեփական փոքր հողակտորը մշակելու համար, մյուս կողմից էլ, ինչպես արդեն նշվեց, վատ են զարգացած կոոպերատիվ կառույցները, և թույլ են ֆերմերների շրջանում մեկ տնտեսական գաղափարի շուրջ միավորվելու կարողությունները։
Արտադրողականության տեսանկյունից կարևոր խնդիր է նաև ոռոգման ջրի առկայությունը և հասանելիությունը։ Չնայած ոռոգման ջրի համակարգում 1990-ականների սկզբից կատարվող նշանակալից բարելավումներին՝ ոռոգման ջրի մատակարարումը դեռևս հուսալի չէ, և երաշտ տարիներին որոշ տնտեսություններ շաբաթներով ոռոգման ջուր չեն ստանում։ Բացի սրանից` համակարգում հանդիպող խնդիրներից են ջրի բաշխման և օգտագործված ջրի հաշվարկման գործընթացներում հանդիպող անճշտություններն ու անհավասար մոտեցումները, և համակարգից օգտվող բոլոր ջրօգտագործողները, լինելով տարածքային ՋՕԸ-երի անդամներ, իրականում սահմանափակ մասնակցություն ունեն այդ ընկերությունների կառավարմանը և շատ հաճախ ի վիճակի չեն լինում պաշտպանելու իրենց շահերը։ Խաբված լինելու և դիմադրելու ի վիճակի չլինելու զգացումը սովորական երևույթ է ջրօգտագործողների շրջանում: Սրա հետ մեկտեղ, լինելով ծախսատար գործընթաց, հանրապետությունում լիովին չեն կիրառվում ջրային ռեսուրսների կուտակման բոլոր հնարավորությունները, և առկա ջրային հոսքը լիարժեք չի օգտագործվում։
Մտահոգիչ է նաև գյուղատնտեսական ներդրանքների որակը, քանի որ ֆերմերները հաճախ վարկով կամ պարտքով գումար են վերցնում ներդրանքներ գնելու համար, բայց ցանկալի արդյունք չեն ստանում։ Ներկրված և վաճառվող սերմերի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների որակի ապահովման մեխանիզմները ցանկալի մակարդակի վրա չեն գործում։ Նույնիսկ պետական ծրագրի շրջանակում ֆերմերներին բաշխված ներդրանքների որակն էր ժամանակին հարցականի տակ դրվել ֆերմերների կողմից։ Համաձայն 2012 թվականին Այ Փի Էս Սի Ինստիտուտի կողմից իրականացված Կյանքի որակի հետազոտության՝ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների համապատասխանաբար 56,1 և 64 տոկոսը վատ է գնահատել իրենց տնտեսությունների վիճակը թունաքիմիկատների և պարարտանյութերի հետ կապված հարցերի տեսանկյունից։ Ցավոք հետազոտության հետագա տարիների արդյունքները տեղեկատվություն չեն պարունակում նույն ցուցանիշների վերաբերյալ։ Ընդ որում, վատ գնահատածների 84,2%-ը նշել է, որ խնդիրը հիմնականում թունաքիմիկատների գների և 52,6%-ի դեպքում՝ որակի մեջ է, իսկ պարարտանյութերի դեպքում գինը խնդիր է հանդիսացել 93,4%-ի, իսկ որակը՝ 45,5%-ի դեպքում։
Գյուղատնտեսության եկամտաբերության համար մարտահրավեր է կլիմայի փոփոխության ազդեցությունը, որն ավելի արդիական կդառնա մոտակա տարիների ընթացքում։ Արդեն հիմա ֆերմերները զգում են որոշ փոփոխություններ, ինչպիսին են ավելի ցուրտ ձմեռները և տաք ամառները, ինչը փոխում է սահմանված գյուղատնտեսական պրակտիկան և որոշ համայնքներում լրացուցիչ արտադրական ծախսերի կարիք է առաջացնում։ Աճում են վտանգավոր հիդրոօդերևութա¬բանական երևույթների հաճախականությունն ու ինտենսիվությունը։ Ընդ որում, համաձայն Բնապահպանության նախարարության՝ գալիք տարիներին կլիմայի փոփոխությունը տարբեր մարզերում տարբեր ազդեցություն է ունենալու։ Հիդրոօդերևութաբանական երևույթների ռիսկայնությունը, ինչպիսին են երաշտը, ցրտահարությունը, կարկուտը, առավել մեծանալու է Արարատի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում։ Համաձայն ՀՀ կառավարության՝ վերջին տարիներին բնական աղետներից գյուղատնտեսությանը հասցված վնասներն արդեն իսկ զգալի են եղել՝ տարեկան շուրջ 15-30 միլիարդ դրամ (ՀՀԿ, 2017բ)։
Ընտանեկան ֆերմերային տնտեսությունները, ունենալով սակավ ֆինանսական միջոցներ, ավելի քիչ հնարավորություն ունեն ներդրումներ կատարելու գյուղատնտեսական արտադրության կազմակերպման դիմացկուն/կայուն եղանակներում։ Արդյունքում, կլիմայի փոփոխության ազդեցության աճը ժամանակի ընթացքում իրենց տնտեսությունների վրա ավելի շատ կզգան հենց քիչ ռեսուրսներ ունեցող ընտանեկան ֆերմերային տնտեսությունները և, հատկապես, փոքրերը։

Միևնույն ժամանակ բացակայում է գյուղատնտեսական ապահովագրությունը, և տնտեսություններն իրենք են կրում բնական աղետների հետ կապված բոլոր ռիսկերը։ Գյուղատնտեսական ապահովագրության բացակայությունն առաջ է բերում շատ երկրորդային հետևանքներ, ինչպիսին են գյուղատնտեսական վարկերի բարձր տոկոսադրույքը և գրավի խիստ պահանջները, եկամտի տարբերակված աղբյուր չունեցող և միայն գյուղատնտեսության միջոցով ապրուստ վաստակող ընտանեկան տնտեսությունների բարձր խոցելիությունը, ինչպես նաև ներդրողների համար ոլորտի ցածր գրավչությունը։
Իր հերթին, գյուղատնտեսական ապահովագրության բացակայության հիմնական պատճառներից են մի կողմից` ապահովագրական պատահարների վերաբերյալ վստահելի տվյալների բազայի բացակայությունը և թերի զարգացած կանխարգելիչ ենթակառուցվածքները, իսկ մյուս կողմից՝ ֆերմերային տնտեսությունների, հատկապես փոքրերի, պատրաստակամությունը` ընդունելու այս արտադրանքը և վճարելու դրա դիմաց:
Ընտանեկան ֆերմերային տնտեսությունների համար հիշատակման արժանի մեկ այլ կարևոր խոչընդոտ է գյուղատնտեսական արտադրանքի գների անկայունությունը։ Բացի բնակլիմայական պայմաններով թելադրված դեպքերից` գների անկայունության պատճառ են նաև հիմնականում ընտանեկան տնտեսությունների անկարողությունը` ճիշտ գնահատելու շուկայի միտումները և համապատասխան կերպով կազմակերպելու իրենց արտադրությունն ու շուկայահանման գործընթացը, իսկ ճիշտ կողմնորոշվելու դեպքում՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղությունը։
Ընտանեկան ֆերմերային տնտեսությունների խնդիրների լուծումն անշուշտ ընկած է այդ խնդիրների առաջացման պատճառների աստիճանական վերացման կամ մեղմելու մեջ, և, չնայած որ Կառավարության կողմից իրականացված և ներկայում իրականացվող միջոցառումները անդրադարձել են նշված խնդիրներին և որոշ դրական փոփոխություններ են բերել ոլորտ, այնուամենայնիվ որակական դիտարկումները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ ֆերմերային տնտեսությունների կողմից վարվող գյուղատնտեսությունը, որպես այդպիսին, առաջընթաց չի արձանագրել։ Ինչպես ցույց է տալիս հայաստանյան գյուղատնտեսության փորձը, կետային միջամտությունները և անջատ լուծումները չեն աշխատում. դրանք ժամանակավոր են և խորքային բարեփոխումների չեն տանում։
Որակական փոփոխությունների համար անհրաժեշտ է բազմակողմանի և ամբողջական մոտեցում ցուցաբերել՝ քաղաքականության մեջ ընդգրկելով գյուղատնտեսության ոլորտին առնչվող բոլոր գործոնները և ապահովելով դրանց համաչափ զարգացումը։ Հետևողական և շարունակական քաղաքականությունը, որը կանդրադառնա արդեն կառուցվածքային դարձած խնդիրներին և այդ խնդիրների ծնած մարտահրավերներին, կարող է դրական ազդակ հանդիսանալ ոլորտում մասնագիտացման, ներգրավվածության բարձրացման և հենց ընտանեկան տնտեսությունների կողմից ներդրումների խրախուսման համար։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր է գյուղատնտեսական կրթության և գիտության զարգացումը և, հատկապես, դրանց նվաճումների տարածումը ֆերմերային տնտեսությունների շրջանում։ Փաստ է, որ անհատ ֆերմերների կրթվածության և զարգացվածության աստիճանը հանդիսանում է ոլորտի առաջընթացի, զարգացման և եկամտաբերության գրավականը։
Անշուշտ, երկրի տնտեսության մեջ գյուղատնտեսության գերակայությունը չի խոսում տնտեսական զարգացվածության մասին, սակայն քանի դեռ գյուղատնտեսությունը շարունակում է ապրուստի միջոց ստեղծել երկրի բնակչության մի ստվար զանգվածի համար, ոլորտին ուղղված միջոցները պետք է ուղղվեն այնպիսի միջոցառումներին, որոնք կբարելավեն ոլորտը դրանում ներգրավված բոլոր տնտեսությունների համար` անկախ դրանց մեծությունից կամ զարգացվածության աստիճանից։ Քանզի չունենալով գյուղատնտեսությունից դուրս մնացած տնտեսությունների համար այլընտրանքային եկամուտի աղբյուր` մենք նրանց փաստացի դրդում ենք արտագաղթի։
Սույն հոդվածը մշակվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Աջակցություն տարածաշրջանային նախաձեռնության իրականացմանը՝ ուղղված փոքր ֆերմերային և ընտանեկան գյուղացիական տնտեսությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության և հավաքված նյութերի հիման վրա։ Ներկայացված մտքերը հանդիսանում են միայն հեղինակի կարծիքը և չեն կարող ոչ մի կերպ վերագրվել այլ կազմակերպություններին։