Թափոնների մասին ՀՀ օրենքը, որն իր մեջ ներառում է 30 ենթաօրենսդրական ակտ, կատարողական տեսանկյունից իրեն չի արդարացնում

Յուրաքանչյուր ոլորտի օրենսդրական կարգավորումը և անհրաժեշտ օրենսդրական դաշտի առկայությունը դեռ չի նշանակում, որ այդ ոլորտի խնդիրներն ամբողջովին լուծված են: Բնապահպանական խնդիրների մեջ դա ավելի զգալի և շոշափելի է:

2004 թվականից ի վեր Հայաստանում գործում է §Թափոնների մասին¦ ՀՀ օրենքը, որի կիրառման համար ընդունվել է մոտ 30 ենթաօրենսդրական ակտ: Առաջին հայացքից կարելի է հետևություն անել, որ բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ ստացել են օրենսդրական կարգավորում, սակայն իրական պատկերն այլ է: Իհարկե, ելնելով միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջներից՝ Հայաստանը պարզապես պարտավոր է կարգավորել վտանգավոր և արդյունաբերական թափոնների հետ կապված հարցերը, սակայն այս ոլորտն ունի բազմաթիվ խնդիրներ՝ կապված գործող հանքավայրերի տարածքներում հին պոչամբարների պահպանման, դրանց ընթացիկ շահագործման, վերջիններիս ազդեցության՝ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Ի դեպ, հարկ է նշել, որ հենց §Թափոնների մասին¦ ՀՀ օրենքով են նախատեսվում արտոնություններ թափոնների գործածության օբյեկտներ ստեղծելիս: Սակայն մինչև օրս որևէ կազմակերպության կողմից արտոնությունների ստացման վերաբերյալ հայտ չի ներկայացվել:

Կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդիրը Հայաստանի գյուղական համայնքների համար մնում է արդիական և չլուծված: Կենցաղային աղբի զանգվածային կուտակումները գործող աղբավայրերի տարածքից դուրս, քամիների պատճառով դրանց ցրված լինելը ճանապարհների երկայնքով և համայնքների ծայրամասերում, խոշոր եղջերավոր կենդանիների ազատ մուտքը աղբավայրերի տարածք՝ սրանք այն բազմաթիվ խնդիրներն են, որոնք առկա են բոլոր գյուղական համայնքներում: Դրան գումարվում է նաև այն խդիրը, որ կենցաղային աղբավայրերը բոլոր համայնքներում գերլցված են և տարիներ շարունակ չեն շահագործվում պատշաճ կերպով: Այս խնդիրների շուրջ Հայաստանում վերջին տարիներին կատարվել են բազմաթիվ վերլուծութուններ և հետազոտություններ, սակայն խնդիրները շարունակ մնում են չլուծված: Կենցաղային աղբն ավելանում է օրեցօր, իսկ դրա հավաքման, տեսակավորման և տեղակայման խնդիրները մնում են թղթի վրա:

100 000 բնակչություն ունեցող քաղաքներում մեկ օրում առաջանում է մոտ 0.75կգ աղբ. դա նշանակում է, որ, օրինակ, 4 հոգուց բաղկացած ընտանիքում օրական առաջանում է գրեթե 3 կգ կենցաղային աղբ: Երևանում 1,1 մլն բնակչության հաշվարկով կուտակվում է օրական 825, իսկ տարեկան 310 000 տոննա աղբ: Ո՞ւր է տարվում մեր կենցաղային աղբը, ինչպե՞ս է այն տեսակավորվում, վերամշակվո՞ւմ է արդյոք այն. այս հարցերը սովորաբար չեն հետաքրքրում բնակիչներին, առավել ևս թափոն գոյացնող հիմնարկներին:

Խանութների և սուպերմարկետների կողմից տրամադրվող պլաստիկ տոպրակների և փաթեթավորման պարագաների շնորհիվ կտրուկ աճում է նաև կենցաղային աղբը: Անկանոն տրամադրվող պլաստիկ տոպրակները մեծ քանակով կուտակվում են նաև մեր տներում, իսկ մենք նույնիսկ չենք էլ ենթադրում, որ կարող ենք մեր համեստ ներդրումն ունենալ աղբի նվազեցման հարցում: Եվ ամենևին կարիք չկա օրենսդրական լուծումներ տալ այս խնդրին. պարզապես յուրաքանչյուր սուպերմարկետ կարող է նախաձեռնել թափոնների առաջացման նվազեցմանն ուղղված միջոցառումներ՝

  • բազմաթիվ փաթեթների փոխարեն սննդամթերքը տեղավորել մեկ փաթեթում, որպեսզի կրճատվի հաճախորդներին տրամադրվող պլաստիկ փաթեթների քանակը,
  • ինչպես ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում, անհրաժեշտ է գին սահմանել տրամադրվող պլաստիկ տոպրակների համար: Սա կարող է ներազդել սպառողին, որի արդյունքում կտրուկ կնվազի խանութից դուրս բերվող պլաստիկ աղբի քանակը,
  • փոխարինել պլաստիկ տոպրակները թղթե փաթեթներով, իհարկե, սա համեմատաբար ծախսատար միջոցառում է:

Թափոնների կառավարմանն առնչվող հիմնահարցերը Հայաստանի և հատկապես գյուղական համայնքների համար մնում են առաջնային և արդիական: Լուծված չեն թափոնների առավելագույնս գործածման և դրանց գոյացման նվազեցման համար տնտեսական, սոցիալական և իրավական պայմանների ապահովման, թափոնների երկրորդային լիրառումն ընդլայնելու և դրանց էկոլոգիապես անվտանգ ոչնչացման հարցերը:

Այս հարցերը առավել սրվում են, քանի որ հանրապետությունում բացակայում են արդյունաբերական թափոնների վնասազերծման և դրանց թաղման համար նախատեսված մասնագիտացված տարածքներ: Բացակայում են սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող աղբավայրերը, որոնք նախատեսված են կենցաղային թափոնների հեռացման համար: Չի իրականացվում արդյունաբերական և կենցաղային թափոնների տարանջատված հավաքում: Գործնականում բոլոր տեսակի թափոններն առանց տեսակավորման կուտակվում են քաղաքային և գյուղական միևնույն աղբավայրերում:

Ժամանակակից աշխարհի ամենախնդրահարույց հարցը՝ խոշոր քաղաքների աքիլլեսյան գարշապարը՝ Հայաստանի համար հետզհետե ահագնացող վտանգը՝ պոլիէթիլենային տարաների շահագործումը, եվրոպական երկրներում ստանում է լուծում նորովի, առավել կայուն և անվտանգ միջոցներով:

Ալիսա Սավադյան՝

ԱՄՆՄԶԳ բնապահպանական ծրագրերի հակարգող