Երևանից ոչ այնքան հեռու` Բարձրաշեն համայնքի բարձունքին, իր ձեռքերով ստեղծած ու շենացրած ֆերմայի հոգսերով ու կյանքով է ապրում Նորայր Ղազարյանը։ Տեսնելով ֆերմայի բարեկարգ վիճակը, պտղատու ծառերը, որոնց Հայաստանի քաղցրահամ արևը իր կենարար ուժն ու էներգիան է ներարկել, ու վերջիններս անուշահամ մրգերի ծանրության տակ խոնարհվել են, պատկերացնելն անգամ չափազանց դժվար է, որ ոչ վաղ անցյալում՝ 23 տարի առաջ, այստեղով անցել է խորհրդային համակարգի անկման ավերող ու անապատացնող փոթորիկը։

Արմեն Ղազարյանը հենց այդ տարիներից է սկսել զբաղվել ֆերմերությամբ։ Լինելով Երեանի Ճարտարագիտական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի 1977 թվականի շրջանավարտ, այնուհետ աշխատելով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչությունում որպես վարչության պետի տեղակալ, ի վերջո, հանգամանքների բերումով, սեփական սկզբունքներին անդավաճան մնալու մղումով, սեփական դիմումի համաձայն` ազատվում է աշխատանքից։ Բայց Արմեն Ղազարյանը, ունենալով աշխատանքային անսպառ եռանդ և նոր նպատակներ, չէր կարող անգործ լինել։ 1990-ականներին, երբ երկիրը գտնվում էր անկայուն վիճակում, ու շատերն արտագաղթում էին, Արմենը աճուրդով ձեռք բերեց Բարձրաշենում գտնվող Ձվի փոշիացման ձեռնարկությունից մնացած ավերակները։ Այսօր, երբ Արմեն Ղազարյանը հիշում է, թե ինչ վիճակում էր ներկայիս ծաղկող ֆերմայի տարածքը, ու ինչ ջանքեր է թափել, որ հասնի նրան, ինչ ունի այժմ, հպարտությամբ է լցվում. «Ոչ լույս կար, ոչ ջուր։ Ամեն ինչ թալանված էր ու ավիրված։ Տանիքը թալանել էին, անձրևաջրերը լցվում էին շենքի մեջ։ Տնօրենի սենյակում գորտերը պար էին գալիս, օձ ու կարիճից բացի` ուրիշ բան չկար»,- հիշում է պարոն Ղազարյանը ու մի դիպված պատմում այդ օրերի տխուր հուշերից։ ,Երբ նոր էի եկել, ու ամեն ինչ դեռ քայքայված ու ավիրված էր, հոլանդացիների մի խումբ բերեցի. ուզում էի համատեղ սեփականություն հիմնել։ Նրանք, քթները բռնած, քայլում էին միջանցքում։ Անձրև էր եկել, ամենուր անձրևաջուր էր կաթում։ Չգիտեին, որ անգլերեն հասկանում եմ։ Նրանք նայեցին իրար, ու մեկը մյուսին ասաց.«որ ասում էին` հայերը բարբարոս են, չէի հավատում»։ Գիտեք`ինչքան վիրավորական էր. վիկինգները մեզ բարբարոս էին ասում, բայց չէ՞ որ տեսնում էին` ինչ են արել, ինչպես են թալանել։ Դա միայն բարբարոսը կարող էր անել։

1996 թվականից՝ կարգի բերելով կոմունիկացիաները, Արմեն Ղազարյանը կնոջ՝ տիկին Զարիկի հետ սկսում է զբաղվել կաթի արտադրությամբ ու վերամշակմամբ՝ սկզբի համար ունենալով մեկ կով և մեկ երինջ։ Աշխատասեր ու եռանդով լի ամուսինները ընտրեցին կաթի վերամշակման ոլորտը, քանի որ այն սարքավորումները, որոնք մնացել էին ձվի վերամշակման ձեռնարկությունից, սննդի արտադրության համար էին։ Բացի այդ` ծնունդով էջմիածնեցի Արմեն Ղազարյանի գերդաստանում միշտ էլ հարգի է եղել անասնաբույծի, գյուղատնտեսի մասնագիտությունը, ուստի գործունեության ոլորտի ընտրությունը բնավ պատահական չէր։ «Կնոջս հետ միասին մեջք մեջքի տված` քարը քարին դրեցինք։ Եթե մարդը ձգտում ունի աշխատելու, ուզում է ստեղծարար գործով զբաղվել, նա երբեք սկսած գործի հանդեպ վախ չի ունենա։ Ինձ համար կարևոր չէ` ինչ եմ անում, կարևորը գործը մաքուր, խնամքով անելն է»,- ասում է պարոն Ղազարյանը։
Սկզբում կաթի պակասը համալրում էին հարևան գյուղացիներից, սակայն կաթի որակի հետ կապված խնդիրները պատճառ դարձան, որ Արմեն Ղազարյանը սկսի մտածել սեփական անասնագլխաքանակ ունենալու մասին։ Նպատակ էր դրվել բարձրարժեք տոհմանյութի կիրառմամբ կաթնատու նախիր ստեղծելու միջոցով հասնել առավել արդյունավետ արտադրության։ Այդ ժամանակ Հայաստանում առաջին անգամ կառուցվեց ,բացօթյա»՝ եռապատ անասնաշենք։ Ղազարյանների ընտանեկան գործը մեծ ներդրում ունի Երևանում քամած մածունի տարածման գործում։ Կար ժամանակ, որ նրանք քամած մածունի ու մի շարք այլ մթերքների միակ մատակարարն էին որոշ խանութների ու ռեստորանների համար։ Բացի քամած մածունից` սկսեցին արտադրել նաև բարձրորակ թթվասեր ու մատակարարել մայրաքաղաքի հասարակական սննդի օբյեկտներին։

Այսօր Արմեն Ղազարյանը համարվում է հաջողակ և օրինակելի ֆերմեր, ու նրա ստեղծած տնտեսությունը զարգանալու և ընդարձակվելու մեծ հնարավորություն ունի։ Ցավոք, 2012 թվականին, անբուժելի հիվանդության պատճառով, կյանքից անժամանակ հեռացավ Արմեն Ղազարյանի հույսն ու ապավենը` կյանքի ընկերն ու ընտանիքի ոգին՝ տիկին Զարիկը։ Այսօր էլ` շուրջ վեց տարի անց, նրա մասին խոսելիս Արմեն Ղազարյանի ձայնի ելևէջները այլ երանգավորում են ստանում. հուզմունքն ու կարոտը սեղմում են կոկորդը։ Նա հուզմունքով, քնքշությամբ ու անթաքույց նվիրումով է հիշում կնոջը, պատմում նրա անուրանալի ավանդի մասին իրենց ընտանեկան գործի կայացման մեջ։ Կնոջ մահից հետո Արմեն Ղազարյանի` թվում է թե հավերժ կոտրված մեջքը կրկին ուղղեց ու ամրացրեց որդին՝ իր նվիրված աշխատանքով աջակցելով հորը։ Այսօր որդին՝ Նորայրը, ավարտելով Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, կանգնել է հոր թիկունքին և իր ձեռքը վերցրել ընտանեկան ֆերմայի ու արտադրության ամբողջ պատասխանատու բեռը։ Նախկին «Black Ox» ՍՊԸ-ն այժմ վերագրանցվել է Նորայրի անունով որպես անհատ ձեռնարկատիրական գործունեություն։

Այս ամենը, իհարկե, հեշտությամբ չի տրվել Արմեն Ղազարյանին։ Լինելով տոկուն ու դժվարություններից չվախեցող մարդ, այնուամենայնիվ, նա խոչընդոտներով լի ուղի է անցել։ Այս տարիներին շինարարական հսկայական աշխատանքներ է իրականացրել ֆերմայի տարածքում։ Ամենամեծ խոչընդոտը եղել է ֆինանսավորման, պետական աջակցության բացակայությունը, տրամադրվող վարկերի անմարդկային բարձր տոկոսները։ Լինելով գործունյա ու ջանասեր մարդ` Արմեն Ղազարյանը նույնպես, շատերի նման, կարող էր հեռանալ երկրից և օտար հողի վրա զբաղվել իր գործով։ Ու իր արտասահմանցի շատ հյուրերի պնդմամբ, նա շատ արագ կհասներ բազում հաջողությունների։ Բայց այդ ուղին նրա համար չէ։ «Ես սիրում եմ իմ հայրենիքը, ուզում եմ, որ թոռներս էստեղ մեծանան, դաստիարակվեն։ Ինչո՞ւ պետք է օտարի համար աշխատեմ։ Չեմ կարծում, թե ուրիշները մեզանից լավ ազգ են. շփվել եմ, գիտեմ»,- ահա և նրա պատասխանը նման առաջարկներին։

Որդին՝ Նորայրը, լինելով մասնագիտությամբ ֆիզիկոս, նույնպես ապրում է ֆերմայի կյանքով ու հոգսերով, քնում ու արթնանում է՝ իր սերն ու հոգատարությունը կենդանիներին նվիրելով։ Նրա խոսքով «ֆերմերությունը բիզնես չէ, այն կեցության ձև էե։ Եվ հետո պետք է ընտրել այն ոլորտը, որը քո բնավորությանը, խառնվածքին համապատասխան է։ Նորայրը կարևորում է Հայաստանում ֆերմերային տնտեսությունների զարգացումը. ,ընտանեկան ֆերմերային գործը գյուղացուն գործով է ապահովում, ամուր հիմքերով կապում իր հայրենի հողինե։ Նա ցավով է շեշտում, որ այժմ երիտասարդները չեն ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ, կարծես թե նսեմացվել է ֆերմերի կերպարը։ Գյուղատնտեսությամբ զբաղվողի կերպարը կարծես թե վերածվել է անվերջ չարչարվող, բայց արդյունքում իր քրտնաջան աշխատանքի քաղցր պտուղները չվայելող մարդու կերպարի։ Ըստ Նորայրի` «Գյուղացին շատ պահպանողական է, մեծ դժվարությամբ է ընդունում նորարարությունները, այդ պատճառով էլ արդյունքի չի հասնում, գյուղացու համար էժան լինի կովը, կգնի, չհասկանալով, որ կովը գնելով չէ, որ արդյունքի կհասնեն։ Հարկավոր է կովի գենոֆոնդը լավացնել։ Եթե յուրաքանչյուր գյուղացի, ֆերմեր գործին վերաբերվի պատասխանատվությամբ, աշխատասիրությամբ, ապա արդյունքները իրենց սպասեցնել չեն տա, և գյուղատնտեսության ոլորտն էլ իր հերթին գրավիչ կդառնա. կձևավորվեն ֆերմերային ընտանիքներ, որոնք սերնդեսերունդ կփոխանցեն ընտանեկան գործը»: Ըստ Ղազարյանների, որպեսզի գյուղատնտեսությունը Հայաստանում զարգանա և աճի, լուրջ ցուցանիշներ արձանագրի, գյուղատնտեսության նախարարությունը պետք է ունենա գյուղատնտեսության զարգացման տեսլական ու ռազմավարություն, և դա նախարարից կախված չպետք է լինի։ ,Ռազմավարությունը պետք է լինի գոնե 20 տարվա կտրվածքով, որ հասկանանք` Հայաստանն այսօր ինչ ունի ու 20 տարի հետո ինչի պետք է հասած լինի։ Հայաստանում գյուղատնտեսները պետք է ակտիվ աջակցություն ստանան պետությունից, որովհետև առողջ սնունդով սերնդին ապահովողը նրանք են. ոչ մեկը դրսից մեզ լավ սննդով չի ապահովելուե: ,Սնունդ ներկրող երկրից պետք է դառնանք սնունդ արտադրող ու արտահանող երկիր», – ասում է Արմեն Ղազարյանը։

Հայր և որդի Ղազարյանները «Green Land» գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիրն ու ղեկավարն են։ Այն պետք է հիդրոպոնիկ համակարգի ներդրմամբ գարու կանաչ անասնակեր արտադրի։ Քանի որ ձմռան ամիսներին հատկապես կովերի կաթնատվությունը էականորեն նվազում է, այս մեթոդով աճեցված անասնակերը կարող է կենդանու համար լիարժեք ու սննդարար կեր լինել չոր խոտի փոխարեն։ Կանաչ անասնակերով կերակրման շնորհիվ կովերի կաթնատվությունը կարող է հասնել առավելագույնի, ինչքան որ թույլ կտա գենոֆոնդը։ Չոր խոտի նկատմամբ կանաչ անասնակերի առավելություններն անհամեմատելի են՝ սկսած ռեսուրսների խնայողությունից, վերջացրած կենդանու համար լիարժեք ու սննդարար կեր լինելով։ Սարքավորումներն արդեն տեղադրված են, արտադրամասը պատրաստ է գործարկման։ Պարոն Ղազարյանի խոսքով, արդեն աշնանը ամեն ինչ պատրաստ կլինի։ ,Հենց այս ծրագրի իրականացման դրամաշնորհի հայտն էլ մերժեց գյուղնախարարությունը։ ,Պետության աջակցության կարիքն ունեինք, որ այս նորարարությունը ցուցադրեինք ու սարքավորումների մի մասի պարտքը վերադարձնեինքե,- ասում է պարոն Ղազարյանը։ Իհարկե, այս ամենը շատ է հիասթափեցնում հայր ու որդի Ղազարյաններին, բայց նրանք չեն նահանջում ու շարունակում են ներդնել մի շարք նորարարություններ, որոնք փոխում են անասնաբուծության մշակույթը Հայաստանում։ Դրանցից են կենդանիների բաց պահվածքը, հորթերի ծնվելուց անմիջապես հետո դրսում՝ մաքուր օդում, ,քոթեջայինե պահելը ձմռան ամիսներին, արհեստական սերմնավորումը ժամանակակից տեխնոլոգիաներով և մի շարք այլ նորարարություններ։ «Մենք սոսկ ֆերմերներ չենք, մենք ,մտածողե և ստեղծագործող ֆերմերներ ենք»,- շեշտում է Նորայր Ղազարյանը։ Այսօր արդեն ֆերմայի արտադրողականությունը անցել է օրական կես տոննան՝ 45 հոլշտեյն տեսակի կթու կովի պարագայում։ Իրավամբ, պետք է սիրել գործը ու նվիրված լինել։ Տեսնելով, թե ինչպես է Արմեն Ղազարյանը սիրում կենդանիներին, ինչպես է զրուցում նոր ծնված հորթուկների հետ, փաղաքշում նրանց, հասկանում ես, որ նա դեռ շատ առաջ կգնա ու բազում հաջողությունների կհասնի, որովհետև այս ամենին նա հասել է սեփական ձեռքերով, քարը քարին դնելով, ամեն մի փոքրիկ հաջողության համար ցնծալով։ Ֆերման նրա աշխարհն է, իսկ ինքը այդ աշխարհի թագավորը, ով սիրով հոգ է տանում իր աշխարհի ամեն մի բնակչի մասին։ Երևի թե ֆերմայից բացի` իր համար կյանքի ամենակարևոր օղակը ընտանիքն է՝ զավակներն ու թոռները։ Իսկ թոռներին ուղղված սերը պարզապես պաշտամունքի է հասնում։ Հույսով լցված սպասում է, որ թոռը նույնպես կկանգնի պապի ու հոր կողքին ու կլծվի Ղազարյանների ընտանեկան ֆերման շենացնելու գործին։