«ԱՄՆի Ֆերմերները գտնում են, որ ցանքերի բազմազանությունը բարելավում է հողը եւ ավելացնում շահույթը»

Լարի Ռեյչենբերգեր

Ծածկութային մշակաբույսերի առկայությունը առողջ վարելահողի լավագույն երաշխիքն է: Ներդրանքների ցածր ընդհանուր ծախսերը, բարձր բերքատվությունը, մոլախոտերի ցածր մակարդակը, ջրի ներծծման ավելի բարձր աստիճանը և խցանման աստիճանի կրճատումն այն բազմաթիվ առավելությունների մի մասի թվարկումն է, որը վերագրվում է այս մեթոդին: Մինչ հետազոտողները նոր միայն ուսումնասիրում են ծածկութային մշակաբույսերի ազդեցությունը հողի և բերքի վրա,  մեթոդը կիրառող ֆերմերները արդեն պնդում են, որ այն հրաշագործ ազդեցություն ունի:

Առողջ հող

Ռոբին Գրիֆեթ, Կանզասի նահանգ,

 Ջուելի շրջան

Ես սկսել եմ կիրառել հողի անվար մշակման մեթոդը 17 տարի առաջ: Նպատակն էր պաշտպանել հողը և կանխել էրոզիան: Այն տվեց իր արդյունքը, սակայն մենք հասկացանք, որ հողն իրեն արդեն սպառել է: Հենց այդ պահից էր, որ սկսեցինք կիրառել ծածկութային մշակաբույսերի և նույն դաշտում մեկից ավելի մշակաբույսերի համատեղ մշակման տեխնոլոգիան: Նպատակն էր մեծացնել բույսերի բազմազանությունը՝ դրանով իսկ հողը սնուցելով կենսաբանորեն անհրաժեշտ մնացորդային նյութերով ու արմատներով, ինչը պետք է վերականգներ հողի առողջությունը:

Հողի որակը որոշվում է նրանում առկա օրգանական նյութերի մակարդակով: Այն ածխածնի աղբյուր է հանդիսանում, որից սնուցվում է միկրոօրգանիզմների հարուստ ցանցը, և ինչի արդյունքում էլ ձևավորվում է առողջ հող: Շատ ագարակներում օրգանական նյութերի մակարդակը նվազել է դրանց սկզբնական քանակի կեսի չափով: Մեր նպատակն է կիրառել անվար հողի մշակումը և բազմազան ցանքերը` հողի որակը վերականգնելու համար:

Սկսեցինք ցորենի դաշտում զուգահեռաբար արևածաղիկ աճեցնել, որպեսզի լրացնենք հողի երկարատև «հանգստի» շրջանը, երբ դաշտի մակերևույթի վրա չի աճում որևէ մշակաբույս, իսկ դրա տակ՝ որևէ կենդանի արմատ: Ավելին, այժմ մենք միևնույն դաշտում միաժամանակ մշակում ենք արևածաղիկ` որպես  ծածկութային մշակաբույսերի ցանքաշրջանառության մաս։Վերջինը ներառում է կորեկը, բողկը, պորտիկը (կովաոլոռ), երեքնուկը, գարնանացան ոլոռը և այլն: Մենք հավաքում ենք ծաղիկները, կտրում ենք նաև բարձրահասակ կորեկը, սակայն մնացածը թողնում ենք, որ աճի արտադրելով ազոտ, և սնուցելով հողի մանրէները մինչև վեգետացիայի ավարտը:

Հողը՝ կենդանի օրգանիզմ

Ջիլ Քլապերտոն, «Ռիզոտերա» միավորման սեփականատեր,

Մոնտանա նահանգ, Ֆլորենսի շրջան

Առողջ հողը կենդանի, շնչող միկրոօրգանիզմների ամբողջություն է, որը որպես սննդի աղբյուր օգտագործում է հողի օրգանական նյութերում առկա ածխածինը: Հենց այդ օրգանական նյութերի որակը և քանակն են այն գործոնները, որոնցով պայմանավորված է հողի առողջ լինելը: Մշակելով տարբեր տեսակներից բաղկացած ծածկութային մշակաբույսեր` մենք ոչ միայն պաշտպանում ենք հողի մակերևույթը, այլև հարստացնում ենք այն արմատներով, ինչը ապահովում է սննդարար նյութերի շրջապտույտը: Ի տարբերություն՝ հողը չհերկվելով չի հանգստանում, ինչպես կարծում են շատ ֆերմերներ, այլ սովամահ է լինում:

Ռոդ Պետերս, Կանզասի նահանգ, Հիլսբորո

Եթե բարձրացնեք օրգանական նյութերի մակարդակը, ապա ավելի շատ բերք կստանաք: Հողի անվար մշակման, տարբեր մշակաբույսերի ցանքաշրջանառության և ծածկութային մշակաբույսերի տեխնոլոգիաների կիրառման 16 տարիների ընթացքում արձանագրել ենք օրգանական նյութերի մակարդակի աճ սկզբնական 1.9%-ից մինչեւ 3.8%, ընդ որում, դա տեղի է ունենում ավելի արագ, քան ակնկալում էինք:

Ինտենսիվ արածեցում

Գեյբ Բրաուն, Հյուսիսային Դակոտա   

Մենք հասկացել ենք, որ առաջացող խնդիրների մեծ մասը՝ սակավաջրությունից մինչև հողի ցածր բերրիություն և հիվանդությունների ձեռքբերում, հիվանդ հողի ախտանիշներ են: Այդ խնդիրների լուծման լավագույն ուղին ոչ թե թանկ պարարտանյութերի օգտագործումն է, այլ հողի առողջության բարելավումը:

Մենք սկսեցինք ծածկութային մշակաբույսերի մեկ տեսակից, այնուհետև փորձեցինք երկուսից երեք տեսակների խառնուրդը և այժմ մշակում ենք 15-ից 25 տեսակի խառնուրդ: Կիրառում ենք դաշտում հոտի ինտենսիվ արածեցում, որի շնորհիվ հեռացվում է բույսերի վերին հատվածների մեկ երրորդը, իսկ մնացած մասը կճղակներով տրորվում է հողի մեջ: Այս մեթոդի կիրառման արդյունքում դաշտում է մնում նաև գոմաղբը՝ հարստացնելով հողի կենսաբանական աշխարհը:

Ամենացածր ինքնարժեքը

Բրաուն Բիսմարկ, Հյուսիսային Դակոտա.

Մեր տնտեսությունում 1991 թվականին 1.7%-2% օրգանական նյութերի մակարդակ է արձանագրվել: Իսկ այսօր այն հասնում է մինչև 4.3%-5.3%: Մենք արտադրում ենք 30 բուշելով (760 կգ) ավել եգիպտացորեն, քան միջինը երկրում, այն է՝ 159 բուշել ակրից  (10 տոննա հեկտարից)՝  չօգտագործելով որևէ վաճառվող պարարտանյութ  եւ ծախսելով 1,32 դոլար յուրաքանչյուր ակրի ($ 3.27 հեկտարի) համար` ներառյալ հողի հարկը: Ճիշտ է, սա ամենաբարձր բերքատվությունը չէ, սակայն այն, կարծում եմ, ունի ամենացածր ինքնարժեքը:

Ավելի լավ կառուցվածք

1991 թվականին՝ նախքան անվար ցանքի և ծածկութային մշակաբույսերի տեխնոլոգիաներին անցնելը, հողի խոնավության ներծծման ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մեր հողերը կարող են մեկ ժամում կլանել կես դյույմ (1.3 սմ) ջուր: Այժմ դրանք կլանում են 8 դյույմ (20.3 սմ):

Բազմազան ծածկույթ

Ջոնաթան Քոբ, Տեխասի նահանգ, Ռոջերս

Աշխատում եմ հորս հետ` մշակելով 2,500 ակր (1010 հեկտար) ցորեն, սորգո, եգիպտացորեն և բամբակ: Քիչ էր մնում, որ անբարենպաստ եղանակների պատճառով թողնեի հողագործությունը: Սակայն մի օր հանդիպեցի «Բնական ռեսուրսների կոնսերվացման ծառայության» աշխատակից, հողի որակի մասնագետ Ռեյ Արչուլետային, մասնակցեցի հողի որակի վերաբերյալ սեմինարներից մեկին և հասկացա, որ դեռ հույս կա: Եթե կարողանամ առանց վարի (անվար) մեթոդով և ծածկութային մշակաբույսերի միջոցով վերականգնել իմ հողը, ապա կկարողանամ նաև կրճատել ներդրվող ծախսերը և, հուսով եմ, կշարունակեմ հողագործությունը: Անցած ամռանը` ցորենի բերքահավաքից հետո, 450 ակր (182 հեկտար) դաշտում միաժամանակ սկսեցի մշակել տարբեր տեսակի ծածկութային մշակաբույսեր` պորտիկ (կովաոլոռ), սորգո-սուդանյան և մարգարտակորեկ: Այս աշնանը այդ ծածկույթի խառունրդին ավելացրի նաև աշնանացան ոլոռ, երեքնուկ վառ կարմիր, տրիտիկալ և բողկ:

Հողի ջերմաստիճանի նվազեցում

Իմ կողմից արձանագրված ամենամեծ ազդեցությունը բերքի վրա հողի ջերմաստիճանի նվազեցումն է: Ֆարենհայտի սանդղակով 70˚-ից (21˚C) բարձր ջերմաստիճանում հողի խոնավությունը դառնում է ոչ արդյունավետ, իսկ 113˚F-ից (45˚C) բարձր ջերմաստիճանում միկրոօրգանիզմների ակտիվությունը նվազում է: Անցած ամառ, երբ ջերմաստիճանը 103˚F (39˚C) էր, վարի մեթոդը կիրառող հարևան ֆերմերի դաշտում հողի մակերևույթի ջերմաստիճանը 113˚F (45˚C) էր, իսկ 5 մատնաչափ (13 սմ) խորությամբ հողի շերտի ջերմաստիճանը դեռ 93˚F (33˚C) էր: Մինչդեռ, մեր՝ անվար ցանքի մեթոդով մշակվող ցորենի մնացորդների տակ հողի ջերմաստիճանը կազմում էր 88˚F (31˚C), իսկ այնտեղ, որտեղ աճում էին ծածկութային մշակաբույսեր, ջերմաստիճանը 77˚F (25˚C) էր:

Հեղինակ՝ Լարրի Ռեյչենբերգեր Ջոն Դիր ընկերության The Furrow ամսագրի խմբագիր, զբաղվում է ցորենի արտադրությամբ Կանզասում

¡ 2014, Deere & Company΄s THE FURROW ամսագիր, թարգմանված է թույլտվությամբ, բոլոր իրավունքները պաշտպանված են։