Գյուղատնտեսությունը հանդիսանում է ՀՀ տնտեսության ռազմավարական և գերակա ոլորտներից մեկը, այդ իսկ պատճառով պետական աջակցության ծրագրերը ոլորտի զարգացման հա­մար ունեն կենսական նշանակություն։ Կախված գյուղատնտեսության զարգացման գերնպատակներից` պետական աջակցության ծրագրերն իրականացվում են տարբեր մեխանիզմներով, հետևաբար սուբսիդավորման ընկալումը և կիրառումն ընդունված է և՛ զարգացած, և՛ աղքատ երկրներում: Զարգացող երկրներում պետական աջակցության ծրագրերը հիմնականում ուղղված են ոլորտի զարգացմանն ու ենթակառուցվածքների ապահովմանը, մինչդեռ զարգացած երկրներում լայնորեն կիրառվում են բնապահպանությանն ու էկոլոգիայի պահպանմանն ուղղված աջակցության ծրագրերը։

Ապահովելով ՀՀ ՀՆԱի 20%-ը և զբաղվածության 40%-ը` ՀՀ գյուղատնտեսությանը հատկացված աջակցության ծրագրերը կազմում են գյուղատնտեսության կողմից ստեղծված արժեքի ընդամենը 1%-ը, իսկ ՀՆԱի 0.3%-ը։

ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագիրը սահմանափակվում է գյուղատնտեսական վարկերի, ինչպես նաև ներդրանքների (սերմերի, պարարտանյութերի և դիզելային վառելիքի) սուբսիդավորմամբ: Պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2014-2015թթ. ընթացքում հատկացվել է 658 305 400 ՀՀ դրամ (2014թ.` 357 317 000 դրամ, 2015թ.` 300 988 400 դրամ) սուբսիդիա, սակայն աջակցության նման մեխանիզմը լուծում է ընթացիկ գործառնական խնդիրներ և չի ստեղծում հարակայուն զարգացման հիմք: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը, ապա այս տեսանկյունից ևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք հանգեցնում են այն եզրակացության, որ համակարգը արդյունավետ չի գործում։ Մասնավորապես, բանկերը կիրառում են սպասարկման բարձր սակագներ, ինչի հետևանքով վարկի տոկոսադրույքը կրկին բարձրանում է՝ ագարակատերերի համար ստեղծելով հավելյալ ծախսեր։ Գյուղական համայնքներում ցածր է ֆինանսական գրագիտության մակարդակը, ինչի հետևանքով ագարակատերերը դասակարգվում են՝ զրկվելով հետագա վարկավորման հնարավորություններից։ Հարկ է նշել նաև, որ տրամադրված վարկերը հաճախ ունենում են ոչ նպատակային օգտագործում, ինչը հիմնովին իմաստազրկում է աջակցության ծրագիրը։ Ուսումնասիրելով միջազգային փորձը և հաշվի առնելով ՀՀ գյուղատնտեսության զարգացման գերնպատակները, որոնք են պարենային ապահովությունն ու արտահանման ծավալների ավելացումը, գալիս ենք այն եզրակացության, որ գյուղատնտեսական սուբսիդավորումը պետք է նպատակաուղղվի․

  • նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը և կիրառմանը,
  • գյուղատնտեսական արտադրության ընդլայնմանը և արդյունավետության բարձրացմանը,
  • սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսության զարգացմանը,
  • արտահանման ծավալների ավելացմանը,
  • էկոլոգիայի պահպանմանը։

Համեմատելով Հայաստանի և Իսրայելի գյուղատնտեսության ոլորտները` կարելի է նկատել ոչ միայն այն հանգամանքը, որ երկու երկրները գտնվում են զարգացման տարբեր բևեռներում, այլ նաև այն, որ առկա են որոշակի նմանություններ, ինչպիսին են, օրինակ՝ բնակլիմայական պայմանները, ռեսուրսների սակավությունը, աշխարհագրական դիրքի նմանությունը և քաղաքական իրադրությունը։ Սակայն այս երկրներն էապես տարբերվում են գյուղատնտեսության ռազմավարության ընտրությամբ և այդ ռազմավարությունը կյանքի կոչելու ունակությամբ: Իսրայելի գյուղատնտեսությունը բնութագրվում է բարձր տեխնոլոգիական մակարդակով, ավտոմատացմամբ և բարձրորակ սերմերի ու բույսերի կիրառմամբ: Իսրայելի գյուղատնտեսության զարգացման հիմքում ընկած է ֆինանսական խթանների խելամիտ և նպատակաուղղված օգտագործումը: Բացի այդ, Իսրայելի յուրահատուկ կլիման անհրաժեշտություն է առաջացրել ամրապնդելու սերտ համագործակցությունը կառավարական հաստատությունների, գիտնականների և ֆերմերների միջև՝ գյուղատնտեսական խնդիրներին լավագույն լուծումը տալու և սահմանափակ բնական ռեսուրների պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի աճը և կայունությունը առավելագույնի հասցնելու համար: Իսրայելի կառավարության սուբսիդավորման քաղաքականությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

  • ենթակառուցվածք և տեխնոլոգիա (ոռոգման համակարգեր, ռազմավարական լանդշաֆտային ծառատունկեր, մակերեսային ջրահեռացման պլանավորում և այլն.)՝ ֆինանսավորման 80%,
  • հողի խնայողության ռազմավարություններ, ինչպիսին է լեռնային գոտիներում պտղատու այգիների հիմնումը,
  • հողի հարստացում՝ օգտագործելով պարարտանյութեր և այլ օրգանական նյութեր,
  • հատկացումներ մասնագիտական ագրոնոմիական աջակցություն ստանալու համար,
  • գյուղտեխնիկայի և նոր տեխնոլոգիաների սուբսիդավորված գնում:

Հիմք ընդունելով Իսրայելի գյուղատնտեսության զարգացվածության մակարդակը՝ կարելի է ենթադրել, որ այն առաջին հերթին պայմանավորված է հստակ և հիմնավոր ռազմավարության ընտրությամբ, որի մշակման համար կատարվում են հսկայական ներդրումներ, կազմակերպվում են հետազոտություններ, և այս ամենում ընդգրկված է մասնագիտացված թիմ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Իսրայելը և զարգացած գյուղատնտեսություն ունեցող այլ երկրները, որտեղ գյուղատնտեսական արտադրանքի արժեքը ՀՆԱ-ի միջինում կազմում է 1-3%, էական ֆոնդեր են ուղղում գյուղատնտեսական զարգացման ծրագրերին (միջինում` գյուղատնտե­սական արտադրանքի 30-50%-ի չափով), մինչդեռ Հայաստանում, որտեղ գյուղատնտեսական արտադրանքի ծավալն ապահովում է ՀՆԱ-ի 20%-ը, աջակցման ծրագրերին ուղղվում է ոլորտի ստեղծած արժեքի ընդամենը 1%-ը։ Պատկերն է՛լ ավելի անհանգստացնող է դառնում, երբ տեսնում ենք, որ այդ 1% աջակցությունն էլ ունի սոցիալական նշանակություն և չի ստեղծում հարակայուն արժեք ՀՀ գյուղատնտեսության համար։ Եթե դիտարկելու լինենք Հայաստանում և Վրաստանում գյուղատնտեսության աջակցությանն ուղղված բյուջետային փոխանցումները, ապա ըստ հրապարակված տվյալների` Վրաստանում 2013թ. տվյալներով տարբեր տեսակի հատկացումները կազմել են մոտ 132.4 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում ընդամենը 32.5 միլիոն դոլար։ Վրաստանում սուբսիդիաների զգալի մասը հատկացվել  է մեքենաներ ու սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև ենթակառուցվացքների ու վերահսկման համակարգերի զարգացման համար։

ՀՆԱ -ի, գյուղատնտեսական արտադրանքի և գյուղատնտեսության աջակցության ծավալների համեմատական

ՀՆԱ  (մլն դոլար) Գյուղատնտեսական համախառն արտադրանք (մլն դոլար) Գյուղատնտեսական աջակցություն (մլն դոլար)[1] Գյուղատնտեսական համախառն արտադրանք արժեք (% ՀՆԱ) Գյուղատնտեսական աջակցություն (% Գյուղատնտեսական համախառն արժեքի)
Հայաստան 10,561 2,197 32 20.8 1
Վրաստան 13,965 1,299 132 9.3 10
Թուրքիա 718,221 57,458 14,364 8.0 25
Ռուսաստան 1,326,015 55,693 17,288 4.2 31
Իսրայել 296,075 3,446 1,184 1.2 34
Ճապոնիա 4,123,258 49,479 41,233 1.2 83
ԱՄՆ 17,946,996 233,311 71,788 1.3 31
Մեծ Բրիտանիա 2,848,755 19,941 10,825 0.7 54
Ավստրալիա 1,339,539 31,941 1,340 2.4 4
Նորվեգիա 388,315 6,213 3,495 1.6 56

Հեղինակներ՝ Մարիամ Սուքիասյան,

                        Սոնա Թելունց

[1] OECD data, https://data.oecd.org/agrpolicy/agricultural-support.htm, տվյալները հավաքագրվել են 29.11.2016թ