Դր. Բիլ Միլերը գյուղատնտեսության և կիրառական տնտեսագիտության պատվավոր պրոֆեսոր է։ Նա թոշակի է անցել երեսունհինգ տարի դասավանդելուց և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելուց հետո, որից հինգ տարին` Օբուրնի և երեսունը Ջորջիայի համալսարաններում։ Հեղինակ է 100-ից ավելի գիտական հրապարակումների, պարգևատրվել է դասավանդման ոլորտի մի շարք մրցանակներով։ Համալսարանում աշխատելուն զուգընթաց հրավիրվել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտ որպես «Գյուղատնտեսության քաղաքականություն¦ թեմայով դասախոս: 1995 թվականին եղել է լեհամերիկյան խորհրդատվական ծրագրի տնօրենը, իսկ 1998-2000 թվականների ընթացքում՝ ԱՄՆ  Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրի տնօրենը (MAP)։ 2002 թվականին դր. Միլերը և նրա MAP-ի գործընկերներն արժանացել են ԱՄՆ Գյուղդեպարտամենտի քարտուղարի թիմային մրցանակին.նրանց աշխատանքն ընտրվել է որպես ԱՄՆ Գյուղդեպարտամենտի լավագույն միջազգային ծրագիր։ Դր. Միլերը համարվում է Հայաստանում §Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն¦ հիմնադրամի (CARD) հիմնադիրը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր պարոն Արշալույս Թարվերդյանի հետ համատեղ աշխատել է բարձրագույն կրթության ոլորտում հայեցակարգի մշակման ուղղությամբ՝ հայթայթելով ֆոնդեր, ներգրավելով Տեխասի A&M համալսարանը և 2000 թվականին հիմնադրելով Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ATC)։ 2006 թվականին պարգևատրվել է Ազգային ագրարային համալսարանի ոսկե մեդալով։

Այսօր ԱՄՆ-ում և Եվրոպական Միությունում քաղաքականության տեսանկյունից միանշանակ դրական պատասխան է տրվում այն հարցին, թե արդյոք տնտեսությունը կարիք ունի գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման։ Սակայն դրական քաղաքական պատասխանը չի կարող հիմնավորել սուբսիդիաների հետ կապված տնտեսական ծախսերը։ Տնտեսության պատասխանը պետք է հիմնավորվի սուբսիդիաներին առնչվող տվյալների վերանայման և սուբսիդիաների հետ կապված ծախսերի և վերջիններիս առավելությունների վերաբերյալ մի շարք հարցերի պարզաբանման արդյունքում։

Սույն հոդվածը ներկայացնում է ԱՄՆ կարևոր տվյալների համառոտ նկարագիրը՝ արծարծելով գյուղատնտեսական սուբսիդիաների տնտեսագիտության, վերջիններիս պատմության և հավանական ապագայի վերաբերյալ հարցեր։ Ներկայացնում ենք մի շարք նկատառումներ գյուղատնտեսական սուբսիդիաների արդյունավետության և դրանց հետ կապված տնտեսական հետևանքների մասին, քանզի դրանք կարող են նաև Հայաստանում կիրառելի լինել, սակայն վերջնական դատողությունները թողնում ենք ընթերցողների հայեցողությանը։ Հուսով ենք` Հայաստանի համար պիտանի կլինի ծանոթացումը տվյալ ոլորտի նախկինում ունեցած հաջողություններին և ձախողումներին:

ԱՄՆ ֆերմաների երկու երրորդից ավելին զբաղեցնում է 180 ակրից (մոտ 72 հեկտար) պակաս հողատարածք, սակայն 2000 ակր (մոտ 810 հեկտար) կամ ավելի հողատարածքներով ԱՄՆ ֆերմաների 4 տոկոսին է պատկանում ընդհանուր գյուղատնտեսական վարելահողերի 55 տոկոսը։ Եվրոպական միությունում ֆերմաների 67 տոկոսը գրավում է 124 ակրից (մոտ 50 հեկտար) պակաս տարածք։ Այսպիսով ակնհայտ է, որ ԱՄՆ-ի և ԵՄ ֆերմաների գրեթե երկու երրորդը համեմատաբար փոքր հողատարածք է զբաղեցնում, սակայն ԵՄ հողատարածքների կենտրոնացումը համեմատելի չէ ԱՄՆ-ի 4 տոկոս ֆերմաների հետ, որոնք օգտագործում են գյուղատնտեսական հողատարածքների մեծ մասը։

Աշխարհի երկու հատվածներում էլ հարկատուներն ու ֆերմերներն ընդունել են սուբսիդիաների վերաբերյալ քաղաքական դատողությունն ու հարկային բեռը։ Ինչո՞վ է դա պայմանավորված: Սուբսիդիաների վերաբերյալ գրականությունը կարող է հիմնավորել յուրաքանչյուր սուբսիդիայի արժևորումը, սակայն քաղաքական տեսակետները հետևյալն են՝

  1. շուկայահանման գործընթացի  ձախողման մտայնությունը,

2.գյուղատնտեսությանն առնչվող ռիսկեր՝ եղանակային պայմաններ, հիվանդություն և համաճարակներ,

  1. գյուղատնտեսությունը որպես սոցիալական պաշտպանվածության գործիք կիրառելու անհրաժեշտություն,
  2. ազգային անվտանգություն։

ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ծախսերի համար հատկացված 150 միլիարդ դոլար արժողությամբ ընդհանուր բյուջեն ներառում է սուբսիդիաները, որոնք կարող են դասակարգվել որպես ուղղակի և անուղղակի։ Օրինակ, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ծախսերի առնվազն կեսը սննդամթերքի տեսքով օգնություն է, ինչը նաև ներառում է աղքատության պայմաններում բնակվող քաղաքացիների համար սննդի ապահովումը: Անուղղակիորեն դրանք համարվում են ֆերմերներին տրամադրվող սուբսիդիաներ։ Տվյալ հոդվածն, այնուամենայնիվ, անդրադառնում է միայն այն սուբսիդիաներին, որոնք ուղղակիորեն նախատեսված են ֆերմերների համար։ Սույն քննարկման շրջանակներում չենք անդրադառնա նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի այն կարևոր ծառայություններին, որոնք կապված են կանոնակարգման, ստուգումների, հետազոտությունների և կրթության հետ։

ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կողմից ֆերմերներին հատկացվող սուբսիդիաների հիմնական կատեգորիաները

Ֆերմերների համար նախատեսված ամենամյա ազգային հարկային բյուջեների վերջին օրինակը.

Մշակաբույսերի ապահովագրություն՝     9 միլիարդ դոլար

Պահպանություն (Կոնսերվացում)՝          5.6 միլիարդ դոլար

Ապրանքային ծրագրեր՝                            4.4 միլիարդ դոլար

Այլ՝                                                              0.8 միլիարդ դոլար

Գյուղատնտեսության կարևորության տեսանկյունից առավել հայտնի են ԱՄՆը և Եվրոպական միությունը (ԵՄ)։ Վերջիններիս քաղաքական գործիչները դրական են արձագանքել սուբսիդիաների գաղափարին, ինչի մասին վկայում են ԵՄ բյուջեից տարեկան 55 միլիարդ դոլար գումարի հատկացումը 12.2 միլիոն գյուղացիական տնտեսությունների, ինչպես նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի բյուջեից տարեկան մոտ 150 միլիարդ դոլարի հատկացումը 2.1 միլիոն գյուղացիական տնտեսությունների համար։

Ապրանքային ծրագրեր

Ապրանքային ծրագրերի հիմքում ընկած էր հավասար գնի հասկացությունը։ Գյուղատնտեսական սուբսիդիաների համատեքստում հավասարությունը համազոր էր արդարության։ Գյուղատնտեսության ոլորտում արդարության գաղափարը վեճերի առարկա էր դարձել ԱՄՆ-ում դեռևս 1880-ական թվակա-ներին, սակայն գյուղատնտեսական ապրանքների համար հավասար գնի գաղափարը փաստացիորեն հաստատվեց 1933 թվականին Գյուղատնտեսական կարգավորման ակտով։ Հավասար գնի քաղաքական աղբյուրն, անկասկած, շուկայի ձախողման վախն էր։ Տնտեսական հիմնավորումը գնի՝ արտադրության ծախսերի վրա հիմնված տեսությունն էր։

1930-ական թվականների սկզբին ԱՄՆ շուկաները լուրջ խնդիրների էին բախվել։ 1933թ. ԱՄՆ-ում տիրում էր, այսպես կոչված, Մեծ դեպրեսիան։ Արժեթղթերի շուկան ճգնաժամ էր ապրում, հազարավոր բանկեր սնանկացան, բիզնեսներ տապալվեցին, գործազրկությունը բարձր մակարդակի էր հասել, և բացակայում էր արդյունավետ պահանջարկը գյուղատնտեսական արտադրության ավելցուկի նկատմամբ։  Գյուղատնտեսական մթերքի գներն այնքան ցածր էին, որ որոշ դեպքերում վերջիններս չէին արդարացնում բերքահավաքի ծախսերը։ Ֆերմերները դեն էին նե-տում չվաճառված կաթը, սպանդի էին ենթարկում խոզի գոճիներին, քանզի վերջիններիս բուծման ծախսերն արդարացված չէին։

Կառավարության` պահանջարկի և զբաղվածության սուբսիդավորմանն ուղղված միջամտությունը Ռուզվելտի վարչակազմի կողմից ընդունվել էր որպես ազգային քաղաքականություն։ Կառավարությունը կանխիկ գումարներ էր ներդնում բանկերում, կիրառում էր սուբսիդավորված վարկեր, իրականացնում էր ենթակառուցվածքների՝ ճանապարհների և կամուրջների զարգացմանն ուղղված հանրային ծրագրեր՝ զգալիորեն շեշտ դնելով կոնսերվացման վրա։ Գյուղատնտեսության ոլորտում արտադրական քվոտաները դիտարկվում էին որպես արտադրական ավելցուկների կրճատման նախապայման, իսկ հավասար գինը դիտարկվում էր որպես գյուղատնտեսության ոլորտում արդար գների սահմանման հիմք։

Հավասար գնի եզրույթը վերաբերում էր արտադրական գնին, որը կարող էր բարձրանալ ագարակի արտադրական ծախսերի ավելացմանը զուգընթաց։ Օրինակ, 50 տոկոսով ագարակի արտադրական ծախսերի ավելացման դեպքում արտադրանքի գները պետք է ավելանային 50 տոկոսով։ Հավասար գինը հաշվարկելու նպատակով մշակվել էր բանաձև։ Ցանկացած ընթացիկ ժամանակահատվածի համար անցած որևէ շրջանի կտրվածքով արտադրական միավորի արժեքը, արդար գների պայմաններում, պետք է բազմապատկվեր այն գործոնով, որով պայմանավորված էր արտադրության արժեքի բարձրացումը։ Այդ բազմապատկվող գոր­ծոնը Վճարված գների ինդեքսն էր։ Ավելի պարզ ասված` բանաձևը հետևյալն էր՝ Ընթացիկ ժամանակահատվածի արտադրանքի գինը հավասար էր Բազային ժամանակահատվածի արտադրանքի գինը բազմապատկած Վճարված գների ինդեքսով/100։

Եթե շուկան ընթացիկ ժամանակահատվածում չվճարեր 4.50 դոլար/1 բուշելի (36.37 լ՝ Անգլիայում և 35.24 լ՝ ԱՄՆ-ում) դիմաց արժողությամբ հավասար գինը, ապա կառավարությունը կարող էր գնել ապրանքը և պահեստավորել այն որպես ավելցուկ՝ հետագայում վաճառելու նպատակով։ Եթե շուկայական գինը կազմեր 4.25/բուշելի համար, ապա ֆերմերը սուբսիդիա կստանար շուկայական գնի և հավասար գնի միջև տարբերության դիմաց, կամ 0.25 դոլար` յուրաքանչյուր վաճառված բուշելի դիմաց։

Հավասար գնի եզրույթը գերակայում էր ԱՄՆ-ում 70 և ավելի տարիներ, սակայն մոռացության մատնվեց 1990-ականներին: 70 տարիների ընթացքում քննարկումներն ու վեճերն ընթանում էին բազային ժամանակաշրջանի սահմանման հետ կապված դժվարությունների, վճարված գների ինդեքսի հաշվարկման, ինդեքսի մեջ ներառվող ծախսերի սահմանման, բազային ժամանակաշրջանի և վերջինիս գնի §արդիականացման¦, արտադրական քվոտաների սահմանման և կառավարության միջամտության արդյունքում ստացված ավելցուկների տնօրինման շուրջ։ Տնտեսական մակարդակով Հավասար գնի եզրույթը ձախողվեց, քանզի այն հանդես էր գալիս որպես արժեքի՝ արտադրության ծախսի վրա հիմնված տեսություն։

Այն ձևակերպումը, որ գինն արտադրության արժեքով պայմանավորված չէ, այդքան էլ հեշտությամբ չի ընդունվում, քանզի յուրաքանչյուր հայ գործարար վաճառքի գինը որոշելիս նախ և առաջ հաշվարկում է արտադրության ծախսերը, ավելացնում է շահույթի մարժան և դրանով որոշում շուկայական գինը։ Սակայն շուկայական տնտեսության պայմաններում սպառողները ստիպված չեն վճարել §արտադրողի¦ գինը։ Շուկայական տնտեսության դեպքում սպառողներն ինքնիշխան են, իսկ կառավարությունն ու արտադրողները՝ ոչ։ Եթե սպառողները չեն ցանկանում կամ չեն կարողանում վճարել, ապա կուտակվում են պաշարներ, իսկ չվաճառված պաշարների արժեքը դառնում է ընկերությունների սնանկացման հիմնական պատճառը։ ԱՄՆ-ում հավասար գնի քաղաքականությունը բերել էր պաշարների ավելցուկի։

Ազգային քաղաքականությունը սնանկության կմատնվի, եթե գյուղատնտեսական սուբսիդիաները հաշվի առնեն զուտ արտադրության ծախսերը։ Հարկավոր է գիտակցել, որ շուկայական տնտեսության պայմաններում հարկավոր է սահմանել գները։ Շուկաների վերաբերյալ տնտեսական տեսության համաձայն` գինը պայմանավորված է առաջարկով և պահանջարկով, սակայն, ցավոք, քաղաքականություն մշակողները երբեք չեն կարող վստահաբար նշել առաջարկի և պահանջարկի որոշիչները։ Մշտապես գերակշռելու են ռիսկն ու անորոշությունը, գների տարբերակման փոփոխական բնույթը, ու որոշ ընկերություններ, անկախ իրենց ծավալներից, հնարավոր է` սնանկության մատնվեն։

Ապրանքային ծրագրերի շարունակությունը

Չնայած հավասար գնի հասկացությունը կորցրել է իր նշանակությունը, ԱՄՆ-ում ապրանքային ծրագրերը շարունակում են պահպանել գյուղատնտեսական արտադրանքի գների հետ կապված սուբսիդիաները։ Մշակվել է մի նոր հասկացություն, որը փորձում է սուբսիդավորել գինը §գնային զոնայում¦« որը կարող է շուկայական գնից ցածր լինել։ Զոնայի վերին սահմանը թիրախային գինն է, իսկ ստորին սահմանը կոչվում է վարկի գին։ Եթե շուկայական գինը թիրախային գնից ցածր լինի, սակայն գերազանցի վարկի գինը, ֆերմերը կարող է պակասուրդի դիմաց վճար ստանալ, որը կհիմնվի շուկայական և թիրախային գների միջև նվազագույն տարբերության վրա։ Արդյո՞ք այստեղ տվյալների պակաս կա։ Այո՛։

Եթե ապրանքի շուկայական գինը հայտնվի զոնայի ամենացածր սահմանից՝ վարկի գնից էլ ներքև գտնվող հատվածում, այդ դեպքում ֆերմերը կստանա §չվերադարձվող¦ վարկ։  Նա պարտավորված չէ հետ վճարել վարկի գումարը, սակայն կարող է §վաճառել¦ ապրանքը և ստանալ կանխիկ վճարում, որը հավասար լինի վարկի գումարի և ապրանքի շուկայական գնի միջև տարբերությանը, եթե շուկայական գինը գերազանցի վարկի գումարը։ Արդյո՞ք տվյալների պակաս կա։ Այո՛։  Շուկայահանման վարկային ծրագիրը, այսպիսով, վերածվում է ուղիղ վճարային սուբսիդիայի, երբ ապագայի շուկայի գինը բարձրանում է §վարկային գնից¦ (նվազագույն գին), որը գտնվում է ծրագրի կողմից սահմանված §գոտում¦):

Թիրախային գները հիմք են հանդիսանում նաև աղետներից կրած վնասների փոխհատուցման հաշվարկի, որոնք իրականացվում են մշակաբույսերի տնկումից հետո այն դեպքում, երբ աղետը հանգեցնում է §նորմալ¦ բերքատվության երկու երրորդից ավելիի նվազեցմանը: Այդ դեպքում փոխհատուցման չափը սահմանվում է թիրախային գնի երկու երրորդի կամ դեֆիցիտի վճարի արժեքի չափով՝ վերցնելով նշված ցուցանիշներից առավելագույնը (խոսքն այն մասին է, թե ինչ տեղ է գրավում շուկայական գինը §զոնայում¦: Արդյո՞ք տվյալների պակաս կա։ Այո՛։

Հավասար գների վրա հիմնված գնային վերահսկողությունից հետո հաջորդ մեծ քայլը շուկայի կողմից գների բացահայտումն էր: Շուկայի ձախողումն այլևս գյուղատնտեսական սուբսիդիաների տրամադրման քաղաքական կամ տնտեսական հիմք չէր կարող ծառայել: Շուկայական գների ներքին տատանումները գնահատվեցին, և հավասար գներն իրենց տեղը զիջեցին թիրախային գներին: Գաղափարն այն էր, որ շուկան ինքնուրույն սահմաներ գները, սակայն եթե շուկայական գներն ընկնեին սուբսիդավորման տարածք, ապա պիտի ենթակա լինեին սուբսիդավորման: Այսպիսով, սուբսիդավորված ապրանքների համար ֆերմերները, որոշակի պայմաններից ելնելով, կարող էին ստանալ ուղիղ վճարումներ (դեֆիցիտի վճարներ, վարկեր կամ աղետներից կրած վնասների փոխհատուցում)՝ հիմնվելով իրենց արտադրության պատմության վրա (պատմականորեն որքան տարածք է հատկացվել, և որքան է եղել միջինում ստացված բերքը): Արտադրողականությունը և բերքատվությունը նույնպես տվյալների հարստացման կարիք ունեն:

Բերքի ապահովագրություն

Ապրանքային ծրագրերում ուղիղ վճարումները լուրջ խնդիր են՝ կապված հարուստներին տրվող դրամական վճարների հետ, և հավանաբար սա էր պատճառը, որ ճանապարհ հարթվեց ներկայիս քաղաքականությունների մշակման համար, որոնք սուբսիդիա են տրամադրում ռիսկերի ապահովագրման նպատակով: Այսպիսով, գյուղատնտեսության մեջ ռիսկը գնահատվեց որպես սուբսիդիայի տրամադրման առավել լուրջ քաղաքական և տնտեսական պատճառ, քան նախկինում ընդունված շուկայի ձախողումը: Ներկայում սուբսիդավորված ապահովագրության կարևորությունն ապացուցվում է սուբսիդավորման համար տրամադրվող բյուջետավորված ֆոնդերի մակարդակով: ԱՄՆ-ի  տարեկան 9 մլրդ դոլար կազմող ապահովագրական ֆոնդերի գրեթե կեսը տրամադրվում է բերքի ապահովագրման սուբսիդավորման համար:

ԱՄՆ-ում արդեն հնարավոր է ապահովագրել ցածր բերքատվությունն ու գնային անկումը, ինչպես նաև` ակնկալվող եկամուտը: Բերքի ապահովագրության դաշնային ծրագիրը ներկայում սուբսիդավորում է ֆերմերների կողմից ծրագրում ներառված մոտ 98 միլիոն հա-ի ապահովագրավճարների 60 տոկոսը: Այս հողերը մշակվում են 16 մասնավոր ընկերությունների կողմից, որոնք ընդունեցին դաշնային սուբսիդիաներ, սակայն այս ընկերությունները պարտավորվեցին վճարել Վաշինգտոնից սահմանած ապահովագրության վճարները: Ընդհանուր առմամբ, ներգրավված ընկերությունները կարծում են, որ ծրագիրը շահութաբեր է: Ծրագրի մեկնարկից ի վեր ապահովագրական ընկերությունների ստացած շահույթը հաշվարկվում է առնվազն 3 մլրդ դոլար: Որքան էլ տարօրինակ լինի, շուկայական տնտեսության պարագայում գյուղատնտեսական ապահովագրական ընկերությունների միջև մրցակցություն չկա, և ապահովագրական քաղաքականությունը սահմանվում է կառավարության կողմից:

Հողերի կոնսերվացիա

ԱՄՆ-ում, ըստ բյուջեի կարևորության, հաջորդ ամենաբարձրը  հողերի կոնսերվացիան ապահովող սուբսիդիան է, որը սկիզբ է առել 1930-ականներին՝ հողի պահպանության հետ մեկտեղ, ինչը, անկասկած, փրկեց Ամերիկայի` միլիոնավոր ակրերի հասնող արոտավայրեր: Այն պահից սկսած, երբ ֆերմերները սկսեցին մշակել մարգագետինները ցորեն աճեցնելու նպատակով, հողմային քայքայումն, ըստ էության, սկսեց ոչնչացնել այդ հողերը, որոնք ժամանակին Ամերիկայի միլիոնավոր գոմեշների համար արոտավայր էին ծառայում: Պահպանմանն ուղղված ներկայիս սուբսիդիաները տրամադրվում են ֆերմերներին՝ եզրային վարելահողերից հեռանալու նպատակով, և դրանց շնորհիվ ավելի քան 40 միլիոն ակր հողատարածք ծառայում է որպես արոտավայր: Վարելահողերի զանազանության համար տրամադրվող վճարները և պահպանմանն ուղղված այլ ջանքերը, որոնք կապված են ջրի հետ, ամե­նայն հավանականությամբ գերիշխում են որպես սոցիալական ապահովության ցանցի մաս:

Թերևս ԱՄՆում սուբսիդավորման ծրագրերի հետ կապված հիմնական քննադատությունն այն է, որ դրանցից մարդիկ հավասարապես չեն շահում:

Կարծիք կա, որ ցորեն, եգիպտացորեն, սոյայի հատիկներ, բրինձ և բամբակ մշակող ֆերմերները ստանում են մինչև 90 տոկոս ուղղակի սուբսիդիա: Տավար, խոզ, հավ պահող, ինչպես նաև միրգ և բանջարեղեն մշակող ֆերմերները շատ քիչ են շահում, թեպետ ապահովում են գյուղատնտեսական արտադրանքի գրեթե երկու երրորդը:

Ի՞նչ դասեր ենք քաղելԱրդյո՞ք ԱՄՆի փորձը կիրառելի է Հայաստանում

Անկասկած դեռ փորձեր կարվեն ԱՄՆ-ում գյուղատնտեսական սուբսիդիաները փոփոխության ենթարկելու՝ դրանց անհամաչափ բաշխվածության պատճառով։ Սակայն նման փորձերից շատերը կձախողվեն, քանի որ խրթին կանոնակարգերը գյուղատնտեսության և տնտեսագիտական ոլորտի միայն մի քանի մասնագետների են ամբողջովին հասկանալի: Նման կարճ հոդվածի շրջանակներում անհնար է ներկայացնել կանոնակարգերի ամբողջական պատկերը, ուստի անդրադառնում ենք  դրանցից միայն մեկին: Ինչպես ցույց են տվել ֆերմերային նոր օրենսդրություն ստեղծելու նախկին փորձերը, սուբսիդավորման ծրագրերի փոփոխությունը քաղաքական շահերից չի բխում: Փորձը ցույց է տվել, որ ընդունվելուց հետո շատ դժվար է փոփոխության ենթարկել ֆերմերային սուբսիդիաների մասին օրենքները: Հայաստանում դրանք նմանատիպ արդյունք կունենան: Խորհուրդ է տրվում օրենք ընդունելուց առաջ իրականացնել զգուշավոր և մանրակրկիտ ուսումնասիրություն:

Ֆերմերային սուբսիդավորման առանցքային շահերի հիմքում այն ընկերություններն են, որոնք ներգրավված են գյուղատնտեսական արտադրանքի հավաքման, պահեստավորման, մշակման և բաշխման գործում: Հասկանալի է, որ այս ընկերությունները գյուղատնտեսական հումքի վստահելի աղբյուրի կարիք ունեն, ինչի շնորհիվ կկարողանան պահպանել իրենց շահութաբերությունը և շուկայում ունեցած մասնաբաժինը, ինչպես նաև խուսափել ընդհատումներով մատակարարումներից՝ հաճախորդների պահանջմունքները բավարարելու համար։ Բազմամիլիարդանոց դոլարի վաճառքներ ունեցող շուկայավարական ընկերությունները մշտապես քաղաքական մեծ աջակցություն են տրամադրել ֆերմերային սուբսիդիաների համար, որոնք ապահովում են գյուղատնտեսական հումքի կայուն մատակարարումներ:

Քանի որ Հայաստանում ջրային և հողային ռեսուրսները սահմանափակ են, այստեղ հողի և շուկայավարական ընկերությունների սեփականատիրացումը պետք է ուշադիր վերահսկել՝ խուսափելու համար հնարավոր շահագործումից այնպիսի ընկերությունների կողմից, որոնք չեն կարգավորվում տեղական համապատասխան օրենքներով:

Գյուղատնտեսական շահույթների ռիսկերի կայունացումը կշարժի նաև քաղաքական գործիչների հետաքրքրությունը։ Կառավարությունը` որպես տնտեսական դերակատար, մեծ հետաքրքրություն կունենա գյուղատնտեսական սուբսիդիաների նկատմամբ: §Ես կառավարությունից եմ և այստեղ եմ ձեզ օգնելու համար¦, – սա փորձված ուղերձ է, որը քաղաքական կուսակցության համար ձայներ և աջակցություն է ապահովում: Կառավարությունից եկող գյուղատնտեսական սուբսիդիաների առաջարկներն անհրաժեշտ է լավ ուսումնասիրել: Հայաստանը պետք է հարցնի. §Ի՞նչ են ցանկանում ֆերմերները¦:

ԱՄՆ-ում ապրանքների և գների աջակցությանն ուղղված ծրագրերի ապագան մշտապես գտնվում է փոփոխման ճնշման ներքո: ԱՄՆ-ի սուբսիդավորման ծրագրի մեծ մասը՝ ապրանքների համար տրամադրվող տարեկան առնվազն չորս միլիարդ դոլարը, 1933 թվականին ընդունումից ի վեր ենթարկվել է շարունակական փոփոխությունների: Կարևոր փոփոխությունները նշված են այս հոդվածում: Քաղաքական առումով հավանության արժանացած սուբսիդիաները պայմանավորված են եղել տնտեսական պայմաններով: Հավասար գնի քաղաքականությունը ձախողվել է, իսկ ուղղակի վճարումները գտնվում են ձախողման փուլում: Շուկայական վարկերը և թիրախային գները թանկ են և շահեկան են միայն բերք աճեցնող ֆերմերների համար, ովքեր, եթե հաշվի առնենք իրենց եկամուտը և ունեցվածքը, տնտեսապես չեն կարող արդարացնել իրենց գոյությունը: Հայաստանի նման փոքր շուկայում այսպիսի ծրագրերը կավարտվեն նրանով, որ կառավարությունը կորոշի գները, իսկ գների հայտնաբերման կարևոր գործընթացը կձախողվի:

ԱՄՆ-ում ապրանքների համար սահմանված գնային սուբսիդիաները ենթարկվում են շուկայական ուժերի բացասական ազդեցությանը: Համարվում է, որ բույսերի արտադրության առնվազն 25 տոկոսը (այս թիվը գնալով աճում է)  վաճառվում է ֆորվարդային (ապագա գնի ֆիքսմամբ) պայմանագրերի միջոցով, որոնք միտված են գնային ռիսկերի նվազեցմանը: Ավելին, ֆերմերների մի ստվար քանակ, որը նույնպես գնալով աճում է, կիրառում է ֆյուչերզային շուկայի մոդելը՝ բերքի վաճառքի գների, հեջավորման նպատակով: Անշուշտ, տավարի, խոզի, հավի մսի, ինչպես նաև բանջարեղենի և մրգի շուկաները սովորաբար կիրառում են ֆորվարդային պայմանագրերը,  որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հաջողության հասնել շուկայում՝ առանց կառավարության կողմից աջակցություն ստանալու: Ֆորվարդային պայմանագրերը օգտակար և մրցակցային մեխանիզմ են գների բացահայտման համար: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել ֆերմերների և շուկայավարական ընկերությունների շրջանում այս մեխանիզմը տարածելու ուղղությամբ:

ԱՄՆ-ում սկսնակ ֆերմերներին աղետներից հետո մարդասիրական օգնությունների և ռեսուրսների համար տրամադրվող սուբսիդավորված վարկերը արժանացել են  հանրության հավանությանը,  և հավանաբար այդպես էլ կշարունակվի: Այնուամենայնիվ, սուբսիդավորված վարկերը, որոնք միտված են զարգացնելու երիտասարդ ֆերմերների շուկայական ենթակառուցվածքը, աննշան դեր են խաղացել սուբսիդիաների հարցում: Ֆերմերային շուկաների համար կառուցվել են հատուկ նախատեսված վայրեր և շինություններ, սակայն դրանք գրավիչ կամ հեշտ հասանելի չեն եղել ֆերմերների համար: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում գյուղատնտեսական շուկայավարությունը սուբսիդավորման ծրագրերի ուշադրության կենտրոնում չի հայտնվել: Այնուհանդերձ,  տեղական թարմ սննդի պահանջարկը ԱՄՆ-ում գնալով աճում է, և առավել հավանական է, որ այն բավարարելու նպատակով շուկայի ենթակառուցվածքների համար տրամադրվող սուբսիդավորված վարկերը կարժանանան հարկատուների հավանությանը: Նմանատիպ հաստատություններն ու շուկայավարական ընկերությունները կարող են օգտակար լինել Հայաստանում: ԱՄՆ-ում և Հայաստանում փոքր հողակտորներ ունեցող ֆերմերները կարող են շահույթ ստանալ և դառնալ սոցիալական ապահովության ցանցի մի մաս, եթե շուկայավարական գործառույթները հասանելի դառնան նրանց:

Հեղինակ՝ Բիլ Միլեր