Պանիրը մարդկությանը հայտնի է դարձել հազարամյակներ առաջ: Կաթնատու կենդանիների ընտելացմամբ հնարավոր դարձավ պանիր պատրաստել անկախ մարդու բնակության վայրից: Ենթադրությունները, թե որ երկիրն է պանրի նախահայրենիքը, մեծ հաշվով անհիմն են: Պարզապես, ինչ-որ տեղ հորինվել է գեղեցիկ առասպել, իսկ այլ դեպքերում դա չի արվել, կամ էլ չեն պահպանվել հին աղբյուրները, որոնք կարող էին լույս սփռել այս հարցի վրա: Որոշ գիտնականների կարծիքով` մարդիկ սկսել են պանիր արտադրել Ք.ա. 7-6-րդ հազարամյակում Տիգրիսի և Եփրատի միջագետքում` Բարեբեր մահիկ կոչվող տարածքում (ժամանակակից Իրաք): Էլ-ՈՒբեյդ վաղ շումերական հնագիտական հուշարձաններից մեկի վրա պատկերված է կաթի մակարդման պրոցեսը, իսկ Խորիես-Ախա դամբարանում (Ք.ա. 3-րդ հազարամյակ) գտնված նյութերի մնացորդները վկայում են, որ շումերները կարողանում էին պատրաստել պանիր: Եվրոպայում և Ասիայում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են հատակին բացված անցքերով կավե անոթներ, որոնք նախատեսված էին պանրի մակարդվածքը քամելու համար, ինչպես նաև պարանից և բույսերի ցողուններից հյուսված ցանցեր:

Պանիր պատրաստելու, ինչպես և հաց թխելու եղանակների տարածումը Բարեբեր մահիկից դեպի այլ երկրներ տեղի էր ունենում միևնույն ճանապարհով: Այն անցնում էր Շումերական հարթավայրից դեպի արևելք` Հնդկաստան և Տիբեթ, արևմուտք`Միջերկրական, Էգեյան և Ադրիատիկ ծովերով դեպի Կենտրոնական և Հարավային Եվրոպա, հյուսիս` ռուսական տափաստաններ, հյուսիս-արևելք` Կասպից և Սև ծովերով մինչև Դնեպր, Դնեստր և Դանուբ, իսկ այնտեղից` դեպի Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպա: Հարավային ուղղությամբ դեպի Աֆրիկա պանրի տարածմանը խոչընդոտում էր անչափ շոգ կլիման:

Աստվածաշնչում պանիրը հիշատակվում է մի քանի անգամ, մինչդեռ գրավոր հուշարձաններում բերված տեղեկությունները շատ սուղ են` ընդհուպ մինչև հունահռոմեական մշակույթի ծաղկման դարաշրջանը, որը մեզ է հասցրել փաստագրական շատ վկայություններ: Օրինակ` Հոմերոսը գրում է, որ Պոլիֆեմ կիկլոպը քարանձավում պանիր էր պատրաստում ոչխարի և այծի կաթից (դեպքերը տեղի էին ունենում Ք.ա. 1184 թ.): Ամենայն հավանականությամբ, դա ֆետա պանրի նախորդն էր, որը շատ տարածված է ժամանակակից Հունաստանում:

Պանրի միջազգային, հատկապես ծովային առևտուրը հասնում էր այնպիսի ծավալների, որ հունական Դիոկլետիանոս կայսրը (284-305 թթ.) ստիպված է լինում սառեցնել պանրի գները: Այդ ժամանակ արտադրվող պանիրների բազմազանության մեջ հարկ է նշել լունարը (պանրի հատուկ տեսակ, որը հետագայում ավելի հայտնի դարձավ պարմեզան անվամբ):

Ավանդաբար պանրագործությունը լայն տարածում է ստանում բնակչության տեղաշարժման շնորհիվ: Որպես օրինակ կարող է ծառայել Ալպերում բնակվող գելվետների ցեղը: Նրանք պատրաստում էին մի քանի տեսակի պանիրներ, որոնցից առավել հայտնի դարձավ էմենտալը: Պանրագործության աշխարհագրական տարածման արդյունքում ստեղծվեցին պանրի նոր տեսակներ, որոնք, ըստ տեղանքի կլիմայական պայմանների և ռելիեֆի, պատրաստվում էին տարբեր կենդանիների կաթից: Մինչև 18-րդ դարի վերջը եվրոպական խոշոր հողատերերը և հատկապես վանական միաբանությունները ջանադրաբար պահպանում էին պանրագործության արվեստի գաղտնիքները, իսկ կուտակած գիտելիքները սովորաբար փոխանցվում էին սերնդեսերունդ: Պանրի պատրաստման տեխնոլոգիաների տարածմանը նպաստում էին վանականների տեղափոխություններն այլ վայրեր: Հայտնի է, որ մյունստերյան պանրի բաղադրատոմսն իրենց հետ Նիդեռլանդներ են բերել Իռլանդիայի վանականները, որտեղ էլ այն ստացել է լայն տարածում: Եվրոպական շատ երկրներում նույնպես արտադրվում և սպառվում էին պանրի տեղական տեսակներ, սակայն որոշ պանիրներ ձեռք են  բերել նաև համաշխարհային համբավ, օրինակ` չեդարը, էմենտալը, գաուդան, ռոկֆորը և գորգոնձոլան:

1851 թվից սկսած` Ամերիկայում, այնուհետև Եվրոպայում ստեղծվում են պանիր արտադրող ձեռնարկություններ: Սկզբնական շրջանում դրանց շինարարությամբ զբաղվում էին ֆերմերային միավորումները:

Պանրի ստեղծման մասին կարելի է խոսել անվերջ, սակայն դառնանք հայկական պանրագործության  ակունքներին:

Հին Հունաստանի պատմիչ Քսենոֆոնն իր «Անաբասիս» գրքում հաստատում է, որ Հայաստանում պանիրը հայտնի է եղել անհիշելի ժամանակներից: Անասնապահությանը և կաթնային տնտեսության զարգացմանը մեծապես նպաստել է երկրի աշխարհագրական դիրքը, որը գտնվում էր Արևմուտք-Արևելք գլխավոր տնտեսական ճանապարհների խաչմերուկում, ինչպես նաև ամբողջ Հայկական բարձրավանդակով մեկ սփռված ալպյան և ենթալպյան արոտավայրերը և մարգագետինները: Կաթի վերամշակմամբ հայերը զբաղվել են հազարամյակներ առաջ: Կարմիր բլուրում, Լճաշենում, Գոլովինոյում և այլ վայրերում հնագիտական պեղումների արդյունքում գտնված պանիր պատրաստելու համար նախատեսված կավե հարմարանքները և գործիքները պատկանում են մեր հեռավոր նախնիներին` ուրարտացիներին: Արժեքավոր գտածոները հավաստիորեն վկայում են, որ այդ ժամանակներից ի վեր պանիրը եղել և մնում է հայ ժողովրդի հիմնական սննդատեսակը: Պատմական վկայություններ կան այն մասին, որ շատ  դարեր առաջ  հայերն առևտուր էին անում իրենց հարևանների հետ, որ հայ վաճառականները Բարեբեր մահիկի պետություններ էին տանում պանիրներ, սերուցքային կարագ, հալած յուղ, չորաթան: Անկախ վաղեմությունից` թե′ տեխնոլոգիաները, թե′ բուն արտադրությունը հազարամյակների ընթացքում այդպես էլ մնացին տնայնագործական մակարդակի վրա: Հայկական ավանդական պանիրներն են ժամանակակից չանախ հիշեցնող կտորը կամ չոբանի պանիրը, չեչիլը, դրա տարատեսակը` թել կամ հյուսած պանիրը, հորածը (հայտնի է նաև դարալագյազի կամ վայոցձորի անվան տակ), մքլածը և տիկի մեջ հասունացած մոթալը:

Հայաստանում արդյունաբերական պանրագործության սկիզբը դրվեց 1889 թվին Վորոնցովկա (հետագայում` Կալինինո, այժմ` Տաշիր) գյուղում, երբ շվեյցարացի և գերմանացի մասնագետների ղեկավարությամբ հայ վարպետները յուրացրին էմենտալ պանրի տեխնոլոգիան:

1913 թ. Հայաստանում կար 23 ոչ մեծ ձեռնարկություն, որտեղ վերամշակվում էր ընդամենը 4600 տ կաթ և արտադրվում էր 349 տ էմենտալ պանիր, 27 տ չանախ և 29 տ սերուցքային կարագ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արդյունաբերական պանրագործությունը գրեթե ամբողջությամբ կասեցվեց: Խորհրդային իշխանության հաստատումից հետո սկսեցին կազմակերպվել և զարգանալ կաթի վերամշակման արտելներ: 1928 թ. 76 ոչ մեծ արտելային ձեռնարկություններում արտադրվել էր 1045 տ պանիր և 126 տ կարագ: 1929 թ. շահագործման հանձնվեց Կալինինոյի պանրի գործարանը` այն ժամանակվա համար Եվրոպայում ամենախոշոր և տեխնիկապես հագեցած ձեռնարկությունը, որն արտադրում էր բացառապես էմենտալ պանիր: 1930 թ. սկսած` համեմատաբար կարճ ժամանակահատվածում խոշոր անասնապահական շրջաններում կառուցվեցին  Ստեփանավանի, Թայչարուխի, Սեմյոնովկայի, Յանիխի, Գորիսի, Կրասնոսելսկի, Համզաչիմանի, Լոռու, Ղուկասյանի և Ապարանի գործարանները: Մասնագետները կվկայեն, որ այդ գործարանների կամարակապ նկուղներում հասունացող պանիրներն առանձնանում էին իրենց համային բարձր հատկանիշներով:

1940 թ. սկսած` կազմակերպվում է ռոկֆոր պանրի արտադրությունը. սկզբնական շրջանում այն պատրաստվում էր ոչխարի, հետագայում` կովի կաթից: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաջորդաբար շահագործման հանձնվեցին 40 մեքենայացված արտադրություններ, որոնցից առավել խոշորներն էին Թալինի, Մաստարայի և Լիճքի պանրի գործարանները: 1960 թ. Հայաստանում արդեն գործում էր պանրի և կաթի 72 գործարան, որտեղ տարեկան վերամշակվում էր ավելի քան 85 հազար տոննա կաթ: Պահպանելով տեղական պանրի յուրահատկությունը` կաթնարդյունաբերության մասնագետները մշակեցին և արտադրությունում ներդրեցին  «Լոռի», «Հայկական», «Եղեգնաձորի», «Արագածի» նոր պանիրների տեխնոլոգիաները:

1980 թ. պանրի գործարանների արտադրողականությունը մեկ հերթափոխի ընթացքում կազմում էր 46 տ: Հայաստանում մթերվող կաթի երկու երրորդից պատրաստվում էր պանիր: Էմենտալ, ռոկֆոր և աղաջրային պանիրների արտադրությամբ Հայաստանն առաջինն էր նախկին Խորհրդային Միությունում:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի արդյունաբերական պանրագործությունն անկում ապրեց: Այն սկսեց վերականգնվել 1997 թվից, երբ վերագործարկվեցին պանրի որոշ գործարաններ, կամ մասնավոր անձանց նախաձեռնությամբ բացվեցին փոքր ձեռնարկություններ: Այդ շրջանում և հետագայում նույնպես անգնահատելի օգնություն ցուցաբերեց ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցման ծրագիրը: 2005 թվից այդ ծրագրի իրավահաջորդը դարձավ «Ագրոբիզնեսի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը», որը շարունակեց ակտիվորեն զարգացնել պանրի արտադրությունը Հայաստանում: Հայաստանի պանրագործության ոլորտում ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ-ի և ՔԱՐԴ-ի ներգրավվածության արդյունքում ստեղծվեց և արտադրությունում ներդրվեց 26 տեսակի պանիր, որից 14-ը` կովի կաթից (Մաասդամեր, Մաստարաբլյու, Էդամ Արեգունի, ապխտած սուլուգունի, Կամամբեր, Խավարտի, Կոլբի, մոցարելա,  մասկարպոնե,  Տաշիր, Գաուդա, Վարդենիս Տոմ, Արմտերմանի, Չեդար, Ռիկոտա),   9-ը` այծի կաթից (Եղեգնաձոր հորած, Ձոր, Ալպիական, Շևրե Լակտիկ, Տոմմի, Գլաձոր, Սարի ֆետա, Սարի հորած, Գաուդա) և 3-ը` ոչխարի կաթից (Պեմաջիո, Կատեխ, Ազատ Բլյու):

Հպանցիկ անդրադարձը պանրագործության պատմությանը վկայում է, որ այդ արվեստն այնքան հին է, որքան բուն քաղաքակրթությունը, ընդ որում, պանիրների տեսականին մշտապես ընդլայնվում է: Պանրագործները պետք է ոչ միայն պահպանեն ու բարձրացնեն արդեն գոյություն ունեցող պանիրների որակը և ներդնեն արտադրության նոր մեթոդներ, այլև ձեռք բերեն հմտություններ, ինչը թույլ կտա ստեղծել պանրի նոր տեսակներ, որոնք կբավարարեն քմահաճ սպառողների մշտապես փոխվող ճաշակը:

 

Հեղինակ՝ Անդրեյ Արաքսանց

-Պարո՛ն Թովմասյան, ներկայում որքանո՞վ է արդիական արոտների պահպանության հիմնահարցը։

Արոտների պահպանությունն իսկապես մերօրյա կարևորագույն խնդիրներից է թե՛ գյուղատնտեսական, թե՛բնապահպանական տեսանկյունից: Որպես բնական ռեսուրս` արոտները տնտեսական առանձնահատուկ նշանակություն և կարևորություն ունեն անասնապահության ոլորտի համար արոտային ժամանակահատվածում կերապահովման խնդրի լուծման առումով։ Էկոլոգիական համակարգերի տեսանկյունից արոտներն առավել կարևորվում են որպես բնական միջավայր, որտեղ օրինաչափ զարգացում է ապրում ընդհանուր կենսաբազմազանությունը, այդ թվում նաև մշակաբույսերի վայրի ցեղակիցները՝ հանդիսանալով հարուստ գենետիկ ռեսուրս: Որպես ասիմիլացնող տարածքներ` արոտային համակեցություններն էկոլոգիական չափազանց մեծ դերակատարում ունեն նաև ածխածնային կլանումների ապահովման առումով, ինչը համերկրային խնդիր է դարձել` կլիմայի փոփոխության ներկա զարգացումներով պայմանավորված: Արոտների պահպանության խնդիրը բոլոր ժամանակներում էլ արդիական է եղել, և առավելապես պայմանավորված է ճիշտ և արդյունավետ կառավարումով: Անխնա և ոչ ճիշտ օգտագործումը, ինչը, որպես կանոն, արտահայտվում է անկանոն և անժամկետ գերարածեցումների տեսքով, կազմալուծում և դեգրադացնում է արոտային տարածքները՝ վտանգելով կենսաբազմազանության օրինաչափ զարգացումը, առաջ բերելով լանդշաֆտային հողերի էռոզացման գործընթացներ, նպաստելով անապատացման երևույթների զարգացմանը: Թերի օգտագործումը կամ ընդհանրապես չօգտագործումը տնտեսական առումով ժամանակի ընթացքում նույնպես բացասաբար են անդրադառնում արոտային համակեցությունների որակական կազմի և արտադրողականության վրա: Բացի այն, որ չօգտագործվող տարածքներում  ամեն տարի հարյուրավոր տոննա բուսական սպիտակուց մնում է ձյան տակ և մսի, կաթի չի վերածվում, միևնույն ժամանակ բնապահպանական տեսակետից սա ևս լուրջ խնդիր է: Այս գործընթացն առաջ է բերում արոտային տարածքների բնական ընթացքով դեգրադացիայի, ինչն առավելապես պայմանավորված է հողի մակերեսին մնացորդային` չօգտագործված բուսազանգվածի գերկուտակումներով։ Ներկայում ՀՀ-ի բարձրադիր լանդշաֆտային գոտիներում բավականին շատ են չօգտագործվող արոտային տարածքները, որտեղ զգալի քանակությամբ արոտակեր ամեն տարի պարզապես մնում է ձյան տակ: Տարիների ընթացքում հողի մակերեսին կուտակվող այդ կիսաքայքայված օրգանական զանգվածի շերտը կրճատում է հողի մեջ օդաթափանցելիությունը, խախտում է աերացիան՝ նպաստելով կերային հանդակների ծերացման և այլասերման։ Բնության մեջ դա անխուսափելի երևույթ է։ Այս երևույթով պայմանավորված` բնական կերային հանդակները էվոլյուցիոն գործընթացում զարգացման պարտադիր երեք շրջան են անցնում՝ երիտասարդական, հասունացման և ծերացման։ Զարգացման այս շրջանների բնականոն ընթացքի դեպքում արդեն  ժամանակն է ցույց տալիս, թե էվոլյուցիայի ընթացքում որքան տեսակներ կվերանան կամ տեսակներից ինչ ենթատեսակներ կձևավորեն։ Բնականաբար, այս երևույթը մեզանում՝ կոնկրետ ՀՀ-ում, այժմ լուրջ խնդիր է դարձել։ Ինչու՞, քանի որ Հայաստանի արոտների զգալի հատվածները հեռագնա են, և այսօր շատ դեպքերում շարքային ֆերմերը որքան էլ ցանկանա օգտագործել այդ տարածքները, տեխնիկատնտեսական տեսակետից դա ոչ նպատակարմար է և քիչ հասանելի՝ պայմանավորված նաև հեռագնա արոտօգտագործում կազմակերպելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների քայքայված վիճակով կամ բացակայությամբ։ Նախկինում՝ Խորհրդային միության ժամանակահատվածում, այդ խնդիրը հիմնականում լուծված էր, որովհետև Հայաստանում և ընդհանրապես Կովկասի տարածաշրջանում գործում էր արոտների կառավարման երկզոնային համակարգ, որի դեպքում ամառային ժամանակահատվածում հեռագնա արոտները, որ յայլա տեղեր կամ սարատեղեր էին կոչվում, ուր ձևավորված էին նաև հեռագնա արոտօգտագործում իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, պարտադիր օգտագործվում էին հիմնականում պետական տնտեսությունների անասնագլխի սեզոնային կերապահովումը կազմակերպելու համար: Իսկ համայնքամերձ հատվածի արոտները թողնում էին համայնքի, այսինքն՝մասնավոր հատվածի անասունների արոտային կերապահովումը կազմակերպելու համար:Արոտային շրջանն ու արոտների  բեռնավորման նորմը կարգավորում էին այս ձևով։  Իր թերություններով հանդերձ այն կայացած մոդել էր։ Մեզանում հիմա երկուսն էլ կիրառելի են, սակայն երկուսի դեպքում էլ կան բազմաթիվ թերություններ։ Համայնքամերձ հատվածի արոտները հիմնականում անասնագլխով գերբեռնված են, այսինքն` գերօգտագործվում են, իսկ հեռագնա արոտները թերի են օգտագործվում կամ ընդհանրապես չեն օգտագործվում։ Այսինքն` առաջանում է երկու խնդիր: Մի դեպքում ցանկացած բնական գոտու գյուղամերձ հատվածների մոտակա արոտներում իրականացվող գերարածեցման հետևանքով բուսածածկի կրճատման արդյունքում ամառվա երկրորդ կեսից ակնհայտ է կենդանիների թերսնումը, ինչի հետևանքով նկատվում է մթերատվության կտրուկ անկում, մասնավորապես՝ կաթնատվության հետ կապված խնդիրներ։ Մյուս դեպքում զգալի քանակությամբ կերային պաշարներ հեռագնա արոտներում չեն օգտագործվում՝ հասանելիության խնդիրներով պայմանավորված։ Երկու դեպքում էլ արոտներում դեգրադացման գործընթացներն անխուսափելի են: Ներկայում հեռագնա արոտները օգտագործվում են լավագույն դեպքում 25-35%-ով, հիմնականում միջին և խոշոր ֆերմերային տնտեսությունների կողմից: Եթե համայնքում բտման կենդանիներ կան, տնային տնտեսությունները նախիրներ են կազմում, հիմնականում ցլիկներից և երինջներից, և ամառային ժամանակահատվածում ուղարկում են նաև հեռագնա արոտներ, սակայն շատ սահմանափակ քանակով։ Վերջին տարիներին իմ ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ կան հեռագնա արոտներ, որտեղ շուրջ 20-25 տարի ընտանի կենդանիների մուտք ընդհանրապես չի եղել։ Երբ քայլում ես այդ տարածքներում, թվում է, թե սպունգի վրա ես։ Այսինքն` հողի մակերեսին զգալի է կիսաքայքայված օրգանական զանգվածի գերկուտակումը: Ամեն տարի այս տարածքներում ձևավորվում է բավականին փարթամ բուսածածկ, աշնանը՝չօգտագործված այս վերգետնյա վեգետատիվ զանգվածը մահանում և մնում է հողի վրա, և մինչև գարուն`հաջորդ վեգետացիայի սկիզբը, չի կարող քայքայվել (մենք`մասնագետներս, մնացորդային այդ զանգվածը հնուկ ենք անվանում)։ Բնականաբար, այդ կիսաքայքայված օրգանական զանգվածը, տարիներ շարունակ կուտակվելով հողի մակերեսին, առաջացնում է մի շերտ, որը խոնավություն է կուտակում իր մեջ և դառնում է հողի մեջ օդաթափանցելիության նվազման պատճառ։ Իսկ նվազ օդաթափանցելիության պայմաններում հիմնականում վտանգվում են լավորակ կերաբույսերի տեսակները՝  կոճղարմատավոր կամ ցանցառաթփային բույսերը։ Այս երևույթի տևականությունը ժամանակի ընթացքում նպաստում է լավորակ այդ տեսակների՝բուսածածկից դուրս մղվելուն, դրանց փոխարինում են այդ պայմաններին հարմարվող ուրիշ տեսակներ՝ խտաթփայիններ, որոնք կերային առումով համարվում են վատորակ և քիչ ուտելի բույսեր: Նման բույսերի ի հայտ գալով արոտային համակեցությունն անցնում է զարգացման խտաթփային` ծերացման շրջան և դեգրադացվում է։  Բացասական այս երևույթը բնական եղանակով ինքնակարգավորվում է նվազագույնը 50 տարում, երբ նոսրացող բուսածածկով լանդշաֆտում ակտիվանում են հետադարձ միկրոկենսաբանական, անաերոբ և աերոբ քայքայման գործընթացները։ Կիսաքայքայված կուտակված օրգանական զանգվածն աստիճանաբար քայքայվում և ներծծվում է հողի մեջ՝ հարստացնելով հումուսային շերտը: Երբ աերացիան սկսում է բարելավվել, այս վատորակ խտաթփային տեսակները, հետզարգացում ապրելով, դուրս են մղվում՝աստիճանաբար փոխարինվելով լավորակ տեսակներով։ Բնական այս գործընթացն ապահովում է էվոլյուցիոն-կենսաբանական մեկ ցիկլ, որը տևում է 50-100 տարի։ Այդ ժամանակահատվածում, էվոլյուցիոն գործնթացներով պայմանավորված,հնարավոր է, որ շատ տեսակներ վերանան և որպես գենետիկ ռեսուրս` այլևս գոյություն չունենան։ Սա բնական ընթացքով բավականին բացասական գործընթաց է, քանի որ հատկապես մեր ժամանակներում, կապված կլիմայի փոփոխության և համերկրային գերտաքացումների հետ, մարդածին և բնական այս երևույթները շրջակա միջավայրում ձևավորում են խիստ բացասական հետևանքներ, որոնք հանգեցնում են էկոլոգիական խնդիրների, մասնավորապես կենսաբազմազանության վտանգման, կրճատման, աստիճանական բուսազրկումով տարածքների լերկացման՝ձևավորելով նախադրյալներ անապատացման երևույթների զարգացման համար։

Խորհրդային միության ժամանակաշրջանում, մնացորդային հնուկի կուտակումով դեգրադացված կերային հանդակներում աերացիան կարգավորելու համար կատարում էին տարածքի փոցխումներ, իսկ առավել ռելիեֆային և քարքարոտ արոտները հրդեհում էին: Որպես տեխնոլոգիա` հրդեհումն ընդունված էր աշխարհի շատ երկրներում: Ներկայում, կենսաբազմազանության պահպանմամբ պայմանավորված, բնական կերային հանդակների հրդեհումն օրենքով սահմանված կարգով արգելված է նաև ՀՀ-ում: Մեր  իրականության մեջ այդ սովորույթը որոշ տարածաշրջաններում դեռևս պահպանվում է, հատկապես հյուսիս-արևելյան գոտում և Սյունիքի մարզի տարածաշրջաններում: Պետք է իմանալ, որ բնական կերային հանդակի աշնանային հրդեհումն իր հետ մեծ ռիսկեր է բերում. նախևառաջ վտանգվում է ընդհանուր կենսաբազմազանությունը, որովհետև վեգետացիայի ավարտին սերմերով բազմացող յուրաքանչյուր տեսակ գոյության շարունակականությունն ապահովելու համար միջավայրում թողնում է սերմ, իսկ հրդեհումով այն վերացվում է։ Սրան գումարվում է նաև կենդանական աշխարհը՝ սկսած միկրոօրգանիզմներից, միջատներից մինչև մկնանման կրծողները, որոնք թեպետ շատ դեպքերում իրենց բացասական գործունեությանը, այնուամենայնիվ շղթայի բաղկացուցիչ մաս են կազմում։ Աշնանը հրդեհված թեք լանջերում մնացորդային խոզանի և հնուկի բացակայությունն ազդում է ձմեռային ժամանակահատվածում կայուն ձնաշերտի ձևավորման վրա, քանի որ քամին քշում-տանում է ձյան շերտը։ Դրան գումարած` վաղ գարնանը, երբ ձնհալը սկսվում է, խոզանի և հնուկի բացակայությունը ռելիեֆային լանդշաֆտներում նպաստում է մակերևութային հոսքերի արագընթաց դառնալուն և սելավների ձևավորմանը, ինչի արդյունքում զարգանում է հողատարումը` ջրային էրոզիան։ Բնական ընթացքով մեկ սանտիմետր հողաշերտ առաջանում է 100 տարվա ընթացքում, ինչը ոչ ճիշտ կառավարման արդյունքում կարելի է մեկ վեգետացիայի ընթացքում կամ մեկ սեզոնում ուղղակի վերացնել։ Բնականաբար, նկատի ունենալով առկա և հնարավոր բնապահպանական խնդիրներն ու մարտահրավերները, որ ձևավորվում են արոտների տարերային, անկանոն և ոչ ճիշտ կառավարման արդյունքում՝ գտնում եմ, որ արոտների պահպանության հիմնահարցը ներկայում առավել արդիական է դարձել, ուստի արոտների կառավարման և պահպանության քաղաքականությանը վերաբերող հարցերում մեր երկրում նույնպես պետք է կշռադատված և հեռանկարային որոշումներ կայացվեն:

 – Արդյո՞ք արոտների օգտագործման օպտիմալ կառավարման մեխանիզմներն օրենքով են սահմանվում Հայաստանում:Ի՞նչ հիմունքներով է դա կատարվում։

-2010 և 2011 թթ.-ին ՀՀ կառավարության կողմից որոշումներ ընդունվեցին ՀՀ-ում արոտների և խոտհարքերի օգտագործման կարգ սահմանելու վերաբերյալ։ Մշակվեցին չափորոշիչներ, ըստ որոնց սահմանվեցին արոտներում անասնագլխի թույլատրելի բեռնավորման նորմերն ըստ լանդշաֆտային գոտիների՝ սկսած կիսաանապատայինից մինչև բարձր լեռնային գոտիները, ինչպես նաև բուսածածկի բարձրության թույլատրելի օգտագործման շեմերը, օգտագործման հստակ ժամկետներն ու կարգը: Այնուամենայնիվ,  ընդունված այդ որոշումների հիմքում ընկած էր ոչ թե փաստացի մոնիտորինգի արդյունքում ձևավորված իրատեսական տեղեկատվություն, այլ բազմամյա միջին տվյալների համադրման արդյունքում ուղղակիորեն մշակված նորմեր և կարգ: Այդ որոշումներով սահմանված ընթացակարգերը դեռևս լայնածավալ կիրառություն չեն ստացել։ Նախ, պատշաճ մակարդակով ծանուցված չեն տեղական ինքնակառավարման մարմինները, և այդ կարգով սահմանված գործառույթները դեռևս մասամբ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում։

Արոտների կառավարման ոլորտում արոտավայրերի էկոլոգիական վիճակի վերաբերյալ առաջնային, հիմնավոր տեղեկատվություն ստանալու և այդ տեղեկատվության հիման վրա  արոտներում անասնագլխով թույլատրելի բեռնավորման իրատեսական նորմեր սահմանելու նպատակով 2014թ․-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարում. Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակներում մշակվեց Հայաստանի արոտներում մշտադիտարկումներ իրականացնելու նոր ընթացակարգ, որի ստեղծման հիմնական նպատակն էր օժանդակել ՀՀ կառավարությանը արոտների կառավարման վերաբերյալ ընդունված որոշումներում:

Տարածաշրջանային նշանակության այս ծրագրի շրջանակներում ընդգրկվելով որպես փորձագետ՝ ես մշակեցի Հայաստանի արոտավայրերում մոնիտորինիգի իրականացման նոր մեթոդաբանություն՝«Արոտավայրերի մշտադիտարկման  ձեռնարկ. Հայաստան»` հիմնված նաև նորագույն տեխնոլոգիաների վրա։ Մշտադիտարկման մշակված նոր մոդելը 2014-2015 թվականների ընթացքում GIZ-ի և SDA-ի (Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ) համատեղ ծրագրով փորձարկվեց Սիսիանի տարածաշրջանի 24 գյուղական համայնքների արոտների առաջնային գնահատման աշխատանքներում: Շատ լավ և իրատեսական արդյունքներ ունեցանք, այնքան լավ, որ մոդելը առաջարկվեց նաև հարևան Վրաստանի հանրապետությունում արոտների մշտադիտարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ 2015թ․-ին արոտների մշտադիտարկման նոր մեթոդը ներկայացվեց ոլորտը կանոնակարգող պետական գերատեսչություններին` նախարարություններին, և ընդունվեց որպես մոդել արոտավայրերում գնահատումներ և մշտադիտարկում իրականացնելու համար։

Արոտի կառավարում ասելով` պետք չէ հասկանալ միայն օգտագործում։ Ցանկացած եղանակով արոտօգտագործումը նաև պետք է ենթադրի արոտային ռեսուրսի պահպանություն։ Քանի որ խոսքը վերաբերում է բնական ռեսուրսին, ուստի վերջինս պետք է այնպես օգտագործել, որ ունենա վերականգնվելու հնարավորություն և անսպառ մնա։ Եթե տեղական ինքնակառավարման մարմինը չտիրապետի արոտների արտադրողականության ցուցանիշներին ու առկա անասնագլխի արոտային ժամանակահատվածի կերի պահանջին, չի կարող հասկանալ` արդյոք առկա արոտներն իրականում բավարարում են համայնքի անասնագլխի արոտակերի պահանջը, թե ոչ։ Եթե համայնքը բավարար քանակությամբ արոտներ չունի, պետք է վարձակալությամբ այլ համայնքից օգտագործի տարածքներ։ Մշակվել և ներկայացված են նաև վարձակալական պայմանագրերի օրինակելի ձևեր, որոնց գործածությամբ պետք է առաջնորդվի համայնքը կամ շարքային արոտ օգտագործողը, քանզի առանց պայմանագրային պարտավորությունների նորմավորված կառավարում գրեթե հնարավոր չէ։ Ներկայում այդ գործընթացները Հանրապետությունում բավականին լավ ընթացքի մեջ են, կիրառման հետ կապված ունենք լուրջ փորձ։ Քիչ թե շատ մշակույթ արդեն ձևավորվել է այս ոլորտում, և կարևորն այն է, որ արոտներում մշտադիտարկում անցկացնելու կարգի և կառավարման արդյունավետ ընթացակարգերով արոտօգտագործման պլանի մշակման գործառույթներն ուսուցանվեն տեղական ինքնակառավարման մարմիններին և արոտ օգտագործողներին, որպեսզի վերջիններս տիրապետեն և հասկանան այս գործառույթների էությունն ու նշանակությունը, իսկ կիրառության ընթացքում գիտակցեն արդյունավետ և կայուն արոտօգտագործման օգտավետությունը։ Մենք փորձեր արեցինք Սյունիքի մարզում՝ Սիսիանի տարածաշրջանի մի շարք համայնքներում՝ դիտարկելով կաթնատվության ցուցանիշների փոփոխման հնարավորությունները: Արդյունքում մեկ արոտային ժամանակահատվածում 15-17 տոկոս աճ գրանցվեց: Նույն համայնքի պայմաններում փորձ էինք արել երկու նախիրների հետ՝ ավանդական պահվածքով և կայուն արոտօգտագործման կարգ կիրառելով։ Ավանդական` ազատ պահվածքով նախրի դեպքում, հունիսի վերջից սկսած, կենդանիների թերսնումն ակնհայտ էր։ Մեր մշակած մոդելով արոտօգտագործման դեպքում կենդանին քաղցի նշաններ գրեթե ցույց չէր տալիս։ Բացի այդ, մենք այս գործընթացում երկու կարևորագույն խնդիր ենք դիտարկում․նախ կայուն արոտօգտագործմամբ անասնագլխի կերապահովման խնդիրն ենք լուծում՝ ապահովելով նաև մթերատու ցուցանիշների ավելացում, երկրորդ, կրճատվում են տարերային անասնապահության վարումով ձևավորվող բնապահպանական ռիսկերն ու խնդիրները արոտային տարածքներում:

Ներկայում, ՀՀ-ում արոտների կառավարման ոլորտը կանոնակարգվում է ՀՀ կառավարության կողմից 2011թ․-ին ընդունված թիվ 1477 որոշումով /ՀՀ-ում արոտների և խոտհարքերի օգտագործման կարգը/ սահմանված ընթացակարգով, որի գործարկման հիմնական նպատակը արդյունավետ և հիմնավորված կառավարման գործառույթների իրականացումով բնական կերային հանդակների պահպանության ապահովումն է:

Հոլանդացի մասնագետները մեր գրասենյակում մի օր նշեցին, որ կաթնատվության մեջ կերարտադրությունը 50% է կազմում։ Գենետիկան կազմում է 20%, 10%-ըկազմում է անասնաբուժությունը, 10%-ը՝ տարածքի կազմակերպումը։ Այսինքն` 50%-ը հենց  կերարտադրության հետ է կապված։            -Միանշանակ ընդունում եմ այդ դիտարկումը։ Գիտականորեն հիմնավորված և ապացուցված է, որ անասնաբուծության ոլորտում ձևավորվող արտադրանքի` մասնավորապես կաթի քանակական և որակական ցուցանիշները հիմնականում պայմանավորված են որակյալ կերի բազայով և կերակրման անհրաժեշտ նորմաների ապահովմամբ: Աշխարհում ընդունված կարգ է, որ տավարաբուծության ոլորտում կաթնատվության բարձր ցուցանիշներ ապահովելու գործում առաջնահերթ նշանակություն պետք է տալ պահանջվող չափաբաժիններով և որակյալ կերերով կերապահովման խնդիրների լուծմանը: Զարգացած շատ երկրներում, որտեղ տնտեսության մեջ անասնաբուծական ոլորտը կարևոր դերակատարություն և նշանակություն ունի, կերարտադրության և կերապահովման խնդիրները վաղուց լուծված են՝ անկախ տվյալ երկրի բնակլիմայական պայմաններից և հողային ռեսուրսներից: Օրինակ, Իսրայելում կաթնային տավարաբուծության ոլորտում 1 գլուխ կովի միջին կաթնատվության ցուցանիշը տարեկան կտրվածքով կազմում է 10000-12000լ, այն դեպքում, որ այդ երկրում բնական կերային ռեսուրսներ գրեթե չկան, և կերերի ապահովումն ու արտադրությունը հիմնականում հիմնված են հարևան երկրներից կերերի ներկրման և մասամբ սեփական դաշտավարական ոլորտից ձևավորվող արտադրանքի վրա: Եվրոպական շատ երկրներում կաթնային տավարաբուծության ոլորտում մեծ նշանակություն են տալիս դաշտավարական կերարտադրության կազմակերպմանը, որտեղ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովում են տարբեր տիպի բարձրորակ կերերի արտադրության կազմակերպումը և կերապահովման գործում առաջնահերթ նշանակությունը տալիս են կերի էներգետիկ արժեքին և մարսելիության ցուցանիշներին: Նույնիսկ արոտային ժամանակահատվածի կերապահովումն այդ երկրներում առավելապես կազմակերպվում է բարձր արդյունավետությամբ արհեստական ցանովի մարգագետիններում: ՀՀ-ում կաթնային տավարաբուծության ոլորտում ձևավորվող միջին ցուցանիշները դեռևս շատ հեռու են զարգացած երկրների նույնատիպ ցուցանիշներից։ Խնդիրը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնց մեջ էական դերակատարություն ունի կերարտադրության ոլորտը: Նորանկախ պետականության այս ժամանակահատվածում Հայաստանում դաշտավարական ոլորտը` մասնավորապես դաշտային կերարտադրությունը, էականորեն հետզարգացում ապրեց: Պայմանավորված առկա սոցիալ-տնտեսական խնդիրներով` հանրապետության գրեթե բոլոր մարզերում վարելահողերի գերակշիռ մասը չի մշակվում: Մշակվող ցանքատարածքներից դուրս են մնացել միամյա և բազմամյա շատ կերաբույսեր, որոնցից ստացվող արտադրանքի վրա հիմնված էր մսուրային ժամանակահատվածի որակյալ կերերով կերապահովումը: Սրա արդյունքում հանրապետությունում անասնապահության ոլորտին անհրաժեշտ որակյալ կերերի ստացումը լուրջ խնդիր է դարձել: Այժմ մսուրային և արոտային ժամանակահատվածների կերապահովումը հիմնականում պայմանավորված է բնական կերային հանդակների օգտագործումով: Գյուղական համայնքներում տարվա կտրվածքով անհրաժեշտ կերերի հիմնական մասը` մոտ 75-80 տոկոսը (խոտը և արոտականաչը միասին հաշված), ներկայում ստացվում է բնական կերային հանդակներից: Մսուրային ժամանակահատվածի կերի բազան հիմնականում բաղկացած է կոպիտ ծավալային կերերից, մասնավորապես օգտագործվում է մարգագետնային խոտն ու հացազգիների ծղոտը, մասամբ նաև ցանովի բազմամյա խոտաբույսերի խոտը: Հյութալի, համակցված, խտացված և պահածոյացված կերեր հիմնականում չեն օգտագործվում: Նմանատիպ կերեր օգտագործվում են միայն խոշոր ֆերմերային տնտեսություններում, որտեղ կերարտադրության ոլորտը որոշակի զարգացում է գրանցել: Բնականաբար, գյուղական համայնքներում նման աղքատ կերերով կերակրման արդյունքում նույնիսկ գենետիկ բարձր հատկանիշներով օժտված տոհմային կենդանին հազիվ կենսապահ էներգիա կարող է ստանալ, և բնականաբար մթերատու(մասնավորապես կաթնատու) ցուցանիշները ստացվում են ցածր: Գյուղական համայնքներում  կաթնատվության ցուցանիշներն անհամեմատ բարձր են ստացվում արոտային ժամանակահատվածում, հատկապես վաղ ամառային ժամանակահատվածում, երբ թարմ արոտականաչի բավարար քանակության պարագայում կենդանին ստանում է պահանջվող սննդատարրերն ու կերային միավորը: Այդ ժամանակահատվածում կաթնատվության ցուցանիշներն էականորեն բարձրանում են: Խնդիրը հիմնականում պայմանավորված է թարմ արոտականաչի որակական ցուցանիշներով և մարսելիությամբ, ինչպես նաև միջավայրի բնական պայմաններով: Որպես կանոն արոտային պահվածքով կենդանիներն արոտականաչի միջոցով ստանում են տարեկան կտրվածքով անհրաժեշտ կերային միավորների պահանջի ավելի քան 60 տոկոսն ու մարսելի սպիտակուցի մինչև 70 տոկոսը: Այս հանգամանքով է պայմանավորված տավարի կաթնատվության ցուցանիշների էական բարձրացումն արոտային ժամանակահատվածում: Ներկայում,արոտային ժամանակահատվածի ոչ կանոնավոր կազմակերպմամբ և վարմամբ պայմանավորված, ամռան երկրորդ կեսից սկսած` կաթնատվության ցուցանիշները կտրուկ նվազում են, այսինքն՝արոտից դուրս եկող տավարի մոտ գրանցվում է թերսնում, ինչի պարագայում հիմնականում բավարարվում է կենդանու կենսապահ էներգիան միայն:

-Մարզային մակարդակով կա՞ն մասնագետներ, ովքեր կարող են մասնագիտական խորհրդատվություն տրամադրել գյուղացիներին կամ խոշոր ֆերմերներին: Մյուս կողմից, մարզային մակարդակով կա՞ն արդյոք տեսչական մարմիններ, որոնք արոտները սխալ օգտագործող ֆերմերներին պատասխանատվության կենթարկեն:

-Որպես կանոն, մարզերում կան նման օղակներ, այլ հարց է, թե որքանով են այդ մարմիններն ուշադրություն հատկացնում այս ոլորտին: Բոլոր մարզերում և մարզային կառույցներում կան բնապահպանության և գյուղատնտեսության բաժիններ, որոնք ի պաշտոնե և ելնելով իրենց գործառույթներից՝ պարտադիր կարգով պետք է ուշադրություն դարձնեն նաև արոտների կառավարման ոլորտին: Դրանից բացի, կան և գործում են գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնները` ԳԱՄԿ-ները և Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակում ձևավորված Մարզային աջակցության թիմերը` ՄԱԹ-եր: ՄԱԹ-երն առավելապես իրականացնում են մարզի մակարդակով շահառու համայնքներում ծրագրի բաղադրիչներով իրականացվող գործառույթների իրականացման վերահսկողությունն ու կանոնակարգումը: ԳԱՄԿ–ների հիմնական գործառույթը գյուղական համայնքներում խորհրդատվության իրականացնումն է ֆերմերների շրջանում գյուղատնտեսության վարման վերաբերյալ, ինչը ներկայում առավելապես ուղղված է դաշտավարության, պտղաբուծության և այգեգործության  ոլորտներին: Մեր դիտարկումներով, որպես կանոն, արոտների և խոտհարքերի կառավարման վերաբերյալ գրեթե ոչ մի խորհրդատվական կամ ուսուցողական գործառույթ չի իրականացվում այս մարմինների կողմից: Մասնագիտացված այս մարմինները, նաև որպես ոլորտի պատասխանատուներ, մարզի և համայնքների մակարդակով ժամանակ առ ժամանակ պետք է վերլուծություններ իրականացնեն գյուղատնտեսության ոլորտում, գնահատեն վիճակը և խորհրդատվություն ներկայացնեն ՏԻՄ-երին և ֆերմերներին նաև բնական կերային հանդակների արդյունավետ օգտագործման և կառավարման վերաբերյալ: Կառավարության` 2010-2011 թթ.-ի համապատասխան որոշումներով սահմանված ընթացակարգերն արոտների և խոտհարքերի կառավարման ոլորտում համայնքներում իրականացնելու գործում մեծ անելիքներ ունեն նաև այս մարմինները: Վերջիններս  այս գործառույթը ներկայում գրեթե չեն իրականացնում: Եթե անասնապահության և արոտների կառավարման բաղադրիչի շրջանակներում տարբեր ծրագրերով մարզային մակարդակով ուսուցումներ են կազմակերպվում, մենք ներգրավում ենք ոչ միայն համայնքների ղեկավարներին ու արոտ օգտագործող ֆերմերներին, այլ նաև մարզային աջակցման թիմերի ներկայացուցիչներին, նույնիսկ մարզպետարանների և ԳԱՄԿ-ների մասնագետներին: Մասնագիտական ուսուցումների ընթացքում ներկայացնում ենք խնդիրները, դրանց պարզաբանման և լուծման եղանակները, անգամ բարձրաձայնում ենք կառավարության համապատասխան որոշումով ամրագրված ընթացակարգի պահանջը և այդ որոշման կատարման օղակներն ու հնարավորությունները: Արոտներում մշտադիտարկում և գնահատումներ իրականացնելու կարգի, ինչպես նաև կառավարման արդյունավետ գործառույթների վերաբերյալ ԳԱՄԿ-ների մասնագիտական կազմը վերապատրաստման մեծ կարիք ունի, ինչի լրացումով կձևավորվեն մասնագիտական կարողություններ ՏԻ մարմիններին և ֆերմերային տնտեսություններին պատշաճ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու և խորհրդատվություն տրամադրելու գործում: Կարծում եմ, որ ոլորտը կանոնակարգող պետական գերատեսչություններն այս խնդրի լուծման վերաբերյալ պետք է գործուն միջամտություն ցուցաբերեն և որոշումներ կայացնեն: Անկեղծ ասած` ոլորտի հետ կապված մենք լուրջ բացթողումներ և թերացումներ ունենք: Ոլորտում առկա մի շարք խնդիրներ ժամանակի ընթացքում գնալով խորանում են և լուծումներ ստանում միայն լոկալ  մակարդակներում։

Համայնքի մակարդակով արոտների կառավարման գործում որպես վերահսկող մարմին օրենքով սահմանված կարգով պարտավորություններ կրողը գյուղապետարանն է, քանի, որ համայնքային և պետական սեփականությամբ արոտային տարածքների տնօրինումը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է գյուղապետարանը: Իսկ մարզի շրջանակներում որպես տեսչական մարմին հանդես է գալիս մարզային գյուղատնտեսության և բնապահպանության բաժինը, որի գործառույթներում ներառված են նաև շրջակա միջավայրի պահպանության կանոնակարգումը` օրենքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև արոտների կառավարման կազմակերպումը` կառավարության որոշումով հաստատած կարգին համապատասխան:

-Շվեյցարիայում մեր գործընկերները մեզ պատմեցին, որ այն ֆերմերային տնտեսությունները, որոնք իրենց կենդանիներին տանում են հեռագնա արոտներ, մեկ գլխի հաշվով որոշակի չափով սուբսիդիա են ստանում: Սա, իհարկե, կապված է լրացուցիչ ծախսերի և ռիսկերի հետ, սակայն նաև լուծում է հեռագնա արոտների չօգտագործման հարցը: Մեխանիզմն աշխատեցնելու համար մի կողմից անհրաժեշտ է շահագրգիռ կողմը, մյուս կողմից էլ՝ խիստ վերահսկողություն: Համաձայ՞ն եք:

-Միանշանակ: Իմ կարծիքով, առաջին հերթին պետք է լինի շահագրգռվածություն: Սա, նախևառաջ, կապահովի հեռագնա արոտների օգտագործում, ինչի դեպքում անհրաժեշտ է ապահովել և՛ պատասխանատվություն, և՛ վերահսկողություն: Մեր դեպքում հեռագնա արոտների օգտագործումը շահագրգռելու համար ֆերմերային տնտեսություններին օժանդակելու լավագույն տարբերակը հեռագնա արոտներում սեզոնային արոտօգտագործում կազմակերպելուն անհրաժեշտ ճամբարային ենթակառուցվածքների` ծածկով և բաց մակաղատեղերի, ջրելատեղերի, կացարանների և կիթի կազմակերպման հնարավորությունների ստեղծումն է, ինչպես նաև արոտ տանող ճանապարհների բարեկարգումը, ինչով ապահովվելու է արոտների հասանելիությունը: Եթե հեռագնա արոտները չօգտագործեն, վերահսկողությունը դառնում է աննպատակ: Բազմիցս եղել են դեպքեր, երբ բնական ռեսուրսների կառավարման մասնագիտացումով միջազգային փորձագետներն այցելել են Հայաստան և ամբողջ երկրով մեկ շրջելով` ապշել են մեր բնությամբ: Իրականում, ապրելով այստեղ, մենք չենք գնահատում մեր ունեցած եզակի հարստությունը: Իհարկե, մեր բնությունը Ալպերի նման փարթամ չէ, սակայն մենք տեսակների հետ կապված բավականին լուրջ ռեսուրս ունենք: Ողջ Կովկասի ֆլորայի մոտ 55%-ը Հայաստանի նման փոքր երկրում կա, գոյություն ունի: Մեզ մոտ ուղղաձիգ գոտիականությունն առաջացնում է բնական տարբեր գոտիներ, այսինքն՝ բնությունն ինքը ձևավորել է տեսակների բազմազանության խնդիրը: Մնում է միայն պահպանել սա, սակայն մեզանում հակառակ գործընթացն է տեղի ունենում: Մենք չենք պահպանում և կործանում ենք մեր ունեցած հարստությունը, դրան էլ գումարվում են բնական գործընթացները:

-Արոտը շուկայի հետ կապվող շղթայի մի մաս է կազմում: Ձեր նշած արոտներից այլ երկրներում ստանում են ամենաբարձրարժեք սննդամթերք, օրինակ՝ շվեյցարական կամ հոլանդական պանիրը, որոնք մյուս տեսակներից մի քանի անգամ ավելի թանկ են շուկայում, նաև օրգանական սերտիֆիկացված են, ինչպես նաև ոչխարի և տավարի էկոլոգիապես մաքուր, բարձրորակ միսը, որն արաբական կամ եվրոպական երկրներում, ռուսական շուկայում  մեծ պահանջարկ ունի և բավականին թանկ արժե: Բարձրորակ արտադրանք տալու համար այդ արոտներում կա մաքուր ջուր և ինտենսիվ արև: Չե՞ք կարծում, որ երբ ստեղծվեն այնպիսի արտադրություններ, որոնք ուղղված լինեն նմանատիպ բարձրորակ սննդամթերքի արտադրությանն ու վաճառքին, ապա այդ արոտ օգտագործողների արտադրած կաթի արժեքն ավելի թանկ կլինի:

-Ձեր ասածը շարունակելով՝ նշեմ, որ Խորհրդային Միության ժամանակահատվածում նման մոտեցում գործում էր կաթնամթերքի և մսեղիքի արտադրության ու սպառման ոլորտներում: Մասնավորապես Տաշիրի տարածաշրջանում (այն անվանում էին փոքր Շվեյցարիա, քանի որ ունի բավականին հետաքրքիր բուսածածկ, լանդշաֆտ և կենսակլիմայական պայմաններ, տավարաբուծության զարգացման համար տիպիկ տարածաշրջան է) այն ժամանակ գործող Լոռվա տոհմային տնտեսության կաթի վերամշակման գործարանի արտադրած կարագը և պանիրը հիմնականում ուղարկվում էր միութենական ֆոնդ, քանի որ գնահատվում էր բարձր որակական ցուցանիշներով: Այսօր էլ Հայաստանում այդ փորձը գոյություն ունի: Սպիտակի և Տաշիրի տարածաշրջաններում գործում են տնտեսություններ, որոնցում էկոլոգիապես մաքուր և անարատ անասնաբուծական արտադրանքի արտադրությունը բավականին լուրջ հիմքերի վրա է դրված, և ձևավորվող արտադրանքի մի զգալի հատված արտահանվում է: Շարքային արոտ օգտագործողը լավ գիտի, որ արոտային շրջանը անասնապահության համար ամենաերևելի ժամանակահատվածն է, քանի որ ծախսատարությունը խիստ կրճատվում է, և ավելանում է եկամտաբերությունը: Արոտի ճիշտ օգտագործման և խոշոր եղջերավորների ճիշտ պահվածքի դեպքում ամբողջ տարվա կտրվածքով ձևավորվող կաթի մինչև 70%-ը ապահովում է միայն արոտային ժամանակահատվածը ոչ միայն քանակական, այլ նաև որակական ցուցանիշներով: Արոտային շրջանում կաթնատվության ցուցանիշների կամ կաթի որակի բարձրացումը պայմանավորված չէ միայն արոտականաչի որակով, այլ նաև բաց պահվածքով, թթվածնով հարուստ միջավայրով, արևի ճառագայթման ֆոնով, մաքուր ջրով, ազոտի բացակայությամբ: Այս գործոններով պայմանավորված` օրգան համակարգերի մոտ ապահովվում է բնականոն գործընթաց, կայունանում է նյութափոխանակությունը, ինչի արդյունքում կենդանու մթերատվությունն ինքնըստինքյան բարձրանում է, ձևավորվող մթերքի որակական ցուցանիշներն էականորեն բարելավվում են: Ինչ վերաբերում է էկոլոգիապես մաքուր արտադրանքի իրացման գների անհամեմատ բարձր լինելուն` միանշանակ համակարծիք եմ: Ի տարբերություն եվրոպական շուկայի՝ մեզ մոտ նման տարբերակում դեռևս չի գործում, նշանակություն չի տրվում ձևավորվող կաթի արտադրության պայմաններին և սեզոնայնությանը, դեռ ավելին, արոտային ժամանակահատվածում կաթ մթերող կազմակերպությունների կողմից, որպես կանոն, վերանայվում են մթերման գները՝ հիմնականում նվազեցնելով դրանք: Միանշանակ համոզված եմ, որ առաջիկայում մեզ մոտ նույնպես որակով պայմանավորված տարբերակում կգործի անասնաբուծական մթերքների արտադրության և սպառման շուկաներում, ինչը խթան կհանդիսանա բարձր լեռնային լանդշաֆտների հեռագնա արոտների օգտագործման ավելացման ու էկոլոգիապես մաքուր, որակական բարձր ցուցանիշներով օժտված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:

-Կադրերի պատրաստման հարցում կա՞ շահագրգռվածություն, որ բարձրորակ կադրեր մտնեն շուկա, աշխատանք գտնեն:

-Այսօր մեծ բաց ունենք այդ հարցում: Դարձյալ բերեմ Խորհրդային Միության օրինակը: Այն ժամանակ գյուղական համայնքներում գործում էին տնտեսվարման կոլխոզ և սովխոզ եղանակները: Տնտեսություններում կարևորության առումով առաջին մասնագիտական ոլորտը ագրոնոմիան և անասնաբուծությունն էին: Դա նշանակում էր, որ եթե կար տնտեսություն, ապա պարտադիր էր նման  մասնագետների առկայությունը: Արոտների մասով տարեկան կտրվածքով անպայման կատարվում էր գույքագրում և գնահատում: Ելնելով վիճակից՝ հաջորդ տարվա արոտի օգտագործման և կառավարման պլանը մշակելիս սահմանվում էին արոտօգտագործման նորմեր: Ամեն տարի մասնագետները գնահատում էին արոտները, ի հայտ բերում խնդիրները՝ առաջարկելով բարելավման տարբեր միջոցառումներ, ինչպիսին են օրգանական կամ հանքային պարարտացումը, ենթացանքով խոտացանությունը, որոշ ժամանակ չօգտագործելը և այլն: Երբ հաջորդ մասնագետն էր գալիս, առաջին հերթին նայում էր նախկինում կազմած գույքաթերթը` որպես առաջնային տեղեկատվություն: Որոշ համայնքներում այդ գույքաթերթերը մինչև հիմա էլ պահպանված են: Գյուղական համայնքներում գործում էր հանդապահի ծառայությունը (որոշ տարածաշրջաններում օտարալեզու անվանում ուներ՝ղուռուխչի), ով հսկում էր ինչպես բնական կերային հանդակների կառավարումը, այնպես էլ մշակովի ցանքատարածքների պահպանումը, հետևում էր նախիրների և հոտերի արածեցման կազմակերպմանը՝  մասնագետների հրահանգի և արոտօգտագործման սխեմաների համաձայն: Դա էր կառավարումը: Այսօր ՏԻՄ-երում մասնագետներ չկան և ագրոնոմիայի և անասնաբուծության դաշտը բաց է: Իրականացվող ծրագրերի շրջանակներում մենք խնդիր ենք դրել համայնքներում վերականգնել հանդապահի ծառայությունը: Դրա հետ մեկտեղ ՏԻՄ-երի մասնագիտական հաստիքացուցակում անհրաժեշտ պայման է ագրոնոմի հաստիքի ներառումը: Գյուղական համայնքը չի կարելի պատկերացնել առանց ագրոնոմի կամ անասնաբույժի: Եթե մի վայրում կա դաշտավարություն, պտղաբուծություն կամ անասնապահություն, և չկա մասնագետ, նշանակում է՝ ոչինչ գոյություն չունի: Դա ընդամենը տարերայնություն է: Մենք բազմիցս այս հարցը բարձրացրել ենք պետական գերատեսչությունների հետ քննարկումների ժամանակ, սակայն ռեսուրսների բացակայությամբ պայմանավորված` այս խնդիրը դեռևս լուծում չի ստացել: Ներկայում, հատկապես խոշորացված համայնքների պարագայում, կարծում եմ, որ համայնքի մակարդակով գյուղատնտեսության մասնագետների ներառումը պարտադիր պայման պետք է դիտարկվի:  Այս ոլորտի հիմնական մասնագետներ պատրաստողն այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, և պատահական չէ, որ այդ մասնագիտությունները թողարկող ֆակուլտետներում այսօր խնդիրներ կան: Սա, իհարկե, բնական է, քանի որ չկա կայուն շուկա, չկա պահանջարկ և պետական հովանավորչություն, ուստի ոլորտի հետ կապված շահագրգռվածությունը հետ է զարգացել: Իսկ ժամանակին այդ ոլորտները սպասարկողները տնտեսության մեջ թիվ մեկ կարևորություն ունեցող մասնագետներն էին: Ի վերջո, պետք է գիտակցենք, որ ագրարային ոլորտներում անհրաժեշտ է վարել ճիշտ ագրարային քաղաքականություն, որի սպասավորները պետք է մասնագետներ լինեն, հակառակ դեպքում ունենք ռեսուրս, որին այսօր տեր չենք կանգնում, իսկ բնությունը նման բաներ չի հանդուրժում: Եթե այն ինչ-որ բան տալիս է, ապա պետք է խոհեմ օգտագործել՝ ստեղծելով ինքնավերականգնվելու հնարավորություններ և պայմաններ: Նույն խնդիրն ունենք ջրային և անտառային ռեսուրսների, ինչպես նաև բնական լանդշաֆտների հետ կապված: Հայկական բնաշխարհում ձևավորված ջրերը հոսում են մեր 4 հարևանների տարածքները, սակայն հարևան երկրներից ոչ մի կաթիլ ջուր մեր հանրապետություն չի հոսում: Մենք այստեղ բավականին մեծ քանակությամբ ռեսուրս ենք ձևավորում, սակայն օգտագործում ենք մեր մակերևութային հոսքերի ընդամենը 28-33%-ը, այն դեպքում, երբ ամբողջ նախալեռնային գոտին հիմնված է անջրդի հողագործության վրա: Հետագայում մենք կարող ենք խնդիրներ ունենալ նաև Արաքս և Ախուրյան գետերի հետ կապված: Վերջին 3 տարիներին Թուրքիան բավականին լայնածավալ շինարարություն է սկսել Շիրակի մարզին հարակից իր տարածքի բարձրադիր հատվածներում. ձևավորվում են ջրահավաք ավազաններ՝ ձևավորվող մակերևութային հոսքերն ամբարելու և կառավարելու նպատակով, դրա համար էլ մի քանի տարի անց մենք խնդիրներ կունենանք նաև Ախուրյան գետի հետ: Վերջին տարիներին Ախուրյանի ջրամբարը ջրով լցվում է 50-55%-ով: Սևանը` որպես ռեսուրս, անընդհատ գերօգտագործել չի կարելի: Այս ֆոնի վրա ահագնացող վտանգ է դառնում նաև Հայաստանի բնական լանդշաֆտների թեք, արևահայաց լանջերի հնարավոր աստիճանական բուսազրկումը, ինչին իր նպաստն են բերում նաև կլիմայի փոփոխություններն ու համերկրային գերտաքացումը: Այս ամենը փոխկապակցված են և պահանջ ունեն առավել խոհեմ ու կշռադատված վարվեցողության՝ շրջակա միջավայրի և նրա համակարգային բաղկացուցիչների կառավարումը ճիշտ կազմակերպելու նպատակով:

Երիտասարդ տնտեսվարող Էդգարը, ով ապրում է Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղում, բուծում է հարյուր գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ամռանը նա իր կենդանիներին պահում է սարում, ստացած կաթը մշակում է, պանիր ստանում: Էդգարն ասում է, որ նախկինում իրենց տնտեսության համար անհրաժեշտ բոլոր պարագաները գնում  էին քաղաքից, ինչը և՛ ժամանակ, և՛ գումար էր խլում. «Հիմա ավելի հեշտացել է գյուղացու գործը, հատկապես մերը: Քաղաք գնալու փոխարեն Ճամբարակ ենք գնում ու Անասնաբուժական սպասարկման կենտրոնից մեզ անհրաժեշտ դեղը, պանրի պարկը, գույները, պեպսինն ու մնացած նյութերը գնում ենք քաղաքի գներով: Եթե չենք կարողանում գործերը թողնել գնալ, Ազատին ենք խնդրում. նա իր մեքենայով մեզ է հասցնում»: Էդգարը նաև զբաղվում է խոզաբուծությամբ՝ բուծելով հիսուն գլուխ խոզ: Այդ հարցում նրան օգնում է կինը՝ Աննան: «Որ ինքը սարում էր, ես էի գիշերը ժամերով հսկում մարի խոզին, որ ապահով ծնի,- ժպիտով պատմում է Աննան»: Էդգարը ցանկանում է խոզերի ցեղը բարելավել, քանի որ ներազգակցական զուգավորման պատճառով խոճկորները թերաճ են, չափսերով փոքր ու թվով քիչ են ծնվում: «Լսել եմ, որ խոզերի արհեստական սերմնավորում կա. կուզեի, որ մեզ մոտ էլ լիներ, ցեղը լավացնեինք»,-ասում է նա: Ճամբարակից 10 կմ հեռավորությամբ գտնվող Աղբերք համայնքում նույնպես անասնապահությունը գյուղացու հիմնական զբաղմունքն է: Համայնքի բնակիչ Վարուժան Զախարյանը անում է հնարավորը` իր տնտեսությունը զարգացնելու համար: Պարբերաբար այցելում է իրենց գյուղին ամենամոտ  Անասնաբուժական սպասարկման կենտրոն, այնտեղից գնում և՛ դեղորայք, և՛ ստանում անհրաժեշտ խորհրդատվություն: «Այստեղից առևտուր անելը ավելի ձեռնտու է, քան Երևան հասնելը, իսկ Ճամբարակում գործող մյուս դեղատների համեմատ այստեղ դեղորայքն ավելի էժան է,-ասում է Վարուժանը և ավելացնում, – բացի դեղ վաճառելուց, Ազատը նաև բացատրում է, ներկայացնում՝ ինչպես պետք է օգտագործենք, ինչ պայմաններում խնամենք կենդանուն, որ շուտ առողջանա: Երբեմն էլ մենք ժամանակ չենք ունենում, որ մնանք, լսենք. մեզ տեղեկատվական գրքույկներ է տալիս, որ կարդանք»: Ֆերմերը ցանկանում է փոխել իր կովերի ցեղը, որպեսզի դրանք ավելի խոշոր ու կաթնատու դառնան: «Եթե կաթի գները ցածր են, աշխատանքիդ արդյունքը չի երևում: Մի ժամանակ պանիր էլ էի արտադրում, բայց շուկա չկար. դադարեցրի: Հիմա միայն կաթն եմ հանձնում: Մինչև վերջերս 100 դրամով էին տանում կաթը, հիմա նոր 130 դրամ է դարձել: Մեր գործը սպասարկման կենտրոնի շնորհիվ բավականին  հեշտացել է, եթե կաթի գինն էլ նորմալ լինի, մեր աշխատածի արդյունքը կունենանք»,-ասում է Վարուժանը:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Անասնաբուժական սպասարկման կենտրոնը, որի մասին նշում են ֆերմերները, սպասարկում է 16 համայնք և 725 շահառու: Կենտրոնը համագործակցում է Աղբերք, Դրախտիկ, Մարտունի, Գետիկ, Շորժա, Վահան, Թթուջուր, Այգուտ համայնքների և Ճամբարակ քաղաքի ֆերմերների հետ: Կենտրոնի գործունեությունը մեկնարկել է 2015թ. նոյեմբերի 28-ից՝ ամսական միջինում ունենալով  500 հաճախորդ: Այն Գեղարքունիքում գործող երրորդ նմանատիպ կենտրոնն է, որն իրականացնում է գյուղատնտեսական տեխնիկայի, սարքերի, գործիքների և նյութերի վաճառք, մատուցում է անասնաբուժական և անասունների արհեստական սերմնավորման ծառայություններ, գյուղացիական տնտեսություններին տրամադրում անվճար խորհրդատվություն և այլն:

Կենտրոնի տնօրեն Ազատ Խաչատրյանը, ով մասնագիտությամբ անասնաբույժ է և գյուղատնտեսական ոլորտում երկար տարիների փորձ ունի, կարևորում է այն հանգամանքը,
որ կենտրոնների շնորհիվ ներսից են ուսումնասիրվում և գնահատվում ոլորտի կարիքները, մշակվում լուծման ուղիները:

«Տակառի անցքերը ներսից են երևում,-ասում է կենտրոնի տնօրենն ու հավելում,- այն, ինչ այսօր խորհուրդ եմ տալիս գյուղացուն, սեփական փորձից ելնելով եմ ասում՝ ի հավելումն  իմ ունեցած մասնագիտական տեղեկությունների»: Իր աշխատանքի ընթացքում Ա. Խաչատրյանն արդեն նկատել է դեղորայքի չգիտակցված օգտագործման դեպքեր, որոնք կարող են մարդու առողջության վրա ազդել. «Այս ընթացքում կենտրոն հաճախող ֆերմերների մոտ նկատել եմ մեծ չափաքանակով հակաբիոտիկների անտեղի օգտագործում, որը մթերքի միջոցով կարող է անցնել մարդու օրգանիզմ և հետագայում հակաբիոտիկներով բուժման ժամանակ խնդիր առաջացնել: Նման դեպքերում խորհուրդ եմ տվել կենդանու առողջական վիճակը վերականգնել միայն կերակրման և խնամքի բարելավմամբ՝ խուսափելով նման դեղորայքի օգտագործումից»: Նա հավելում է նաև, որ կան սեզոնային պրոֆիլակտիկ միջոցառումներ` կենդանիների դեհելմինտացիա (ճիճվաթափություն), ինչից ևս շատ ֆերմերներ տեղյակ չեն. «Սրա պատճառով նվազում է կենդանիների մթերատվությունը, և ֆերմերները մեծ վնասներ են կրում: Ինձ համար կարևոր է կենդանիների առողջության պահպանման նպատակով անասնատերերին օժանդակելը՝ տրամադրելով խորհրդատվություն առաջավոր մեթոդների կիրառման առումով։ Սա ավելի շահութաբեր է, քան արդեն  հիվանդացած կենդանիների  բուժումը»։

Անասնապահության եկամտաբերության վերաբերյալ գյուղացու մտագոհությունների և գյուղատնտեսության զարգացման խնդիրների մասին Ազատ Խաչատրյանը նշեց. «Գրեթե ոչ մի դասընթաց գյուղացուն չի հետաքրքրի, հատկապես մթերատվության մասին, քանի դեռ նա այսօր արտադրանքի իրացման խնդիր ունի: Անցյալ տարի կաթի գինը 150 դրամ էր, ֆերմերները շահագրգիռ էին կովի կաթնատվությունը բարձացնելու նպատակով արհեստական սերմնավորում կատարելու: Այս տարի 100 դրամ կաթի գնի պայմաններում սերմնավորման պահանջարկը կիսով չափ նվազել է: Սա տանում է այն միտման, որ մարդիկ մտածում են գլխաքանակը կրճատելու մասին: Որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, մեզ անհրաժեշտ է նորմալ շուկա, որտեղ ձեռնտու կլինի արտահանումը, հատկապես, որ նման պահանջարկ առկա է հարևան երկրներում»:

Երբ ֆերմերները խոսում են կճղակների հետ կապված խնդիրների մասին, սովորաբար նկատի ունեն կաթնատու կովերին: Այնուամենայնիվ, վարակներից շատերը գալիս են մատղաշից: Գիտե՞ք արդյոք երինջների մոտ առկա Մորտելլարոյի հիվանդության մասին: Ի՞նչ կարող են անել ֆերմերները կճղակների առողջությունը բարելավելու համար: Անասնաբույժ Յան Լևարտը պարզաբանում է Մորտելլարոյի հիվանդության վտանգները մատղաշների մոտ:

Վերջապես կովերի համար կառուցել եք նոր, լուսավոր ու ընդարձակ անասնաշենք՝ հատուկ նախատեսված ներքնակներով և գոմաղբը մաքրող թիակներով: Կարելի է ակնկալել, որ նման անասնաշենքում որոշ ժամանակ անց կճղակների առողջությունը նկատելիորեն կբարելավվի: «Այնուամենայնիվ, միշտ չէ, որ այդպես է»,- ասում է անասնաբույժ Յան Լևարտը, ով աշխատում է Նիդերլանդներում՝ կճղակների առողջության կենտրոնում: -Եթե մատղաշների մոտ չվերացնեք կճղակների հետ կապված խնդիրները, երինջները և երկու տարեկան հորթերը այս խնդիրները կփոխանցեն կաթնատու կովերին, և այդ դեպքում դուք իսկապես մեծ վտանգի առջև կկանգնեք»:

Հիվանդությունը մատղաշին է փոխանցվում գոմաղբի միջոցով

Ֆերմայում Մորտելլարո հիվանդության ամենաշատ կրողները մատղաշներն են: Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, այն ֆերմաներում, որտեղ առկա է Մորտելլարո, երինջների մեկ երրորդն արդեն վարակված է լինում:

Ըստ Յան Լևարտի` կոշիկների վրայի գոմաղբով կարելի է կովերից հիվանդությունը փոխանցել երինջներին: Սակայն նույնիսկ ցամաք կովերի հետ միասին պահվող երկու տարեկան երինջների մոտ  հիվանդությունը կարող է նահանջել նախքան ծնելը:

Լևարտը Մորտելլարոյի հիվանդությունը համեմատում է S. Aureus /Ստաֆիլոկոկուս Աուրեուս/ վարակի հետ, ինչի հետևանքով կարող է առաջանալ բջիջների բարձր քանակություն և կլինիկական մաստիտ: «Իրականում, այլևս հնարավոր չէ ձերբազատվել դրանից: Լավագույնը, ինչ կարող եք անել, հիվանդությունը հնարավորին չափ հսկողության տակ պահելն է,- նկատում է նա: -Ինչպես S. aureus-ի դեպքում,  Մորտելլարոյին նույնպես անհրաժեշտ է շատ արագ արձագանքել, եթե ցանկանում եք վերահսկել այն»:

Երկարատև վարակված կովերը, որոնց մոտ վարակն այնքան խորն է մաշկի տակ, որ հիվանդությունը բուժելն արդեն գրեթե անհնար է, ֆերմայում վարակի տարածման մեծ աղբյուր են հանդիսանում:

«Դրանք անընդհատ տարածում են հիվանդությունը նաև երինջների և էգ հորթերի շրջանում,- բացատրում է Լևարտը: -Իրականում, արդեն բավականին ուշացել եք, եթե տեսնում եք, որ կովերի մոտ առկա է Մորտելլարոյի փոքր, բայց ակտիվ նշան»:

Հոլանդիայում արված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործնականում ֆերմերները նկատում են իրենց երինջների կաղությունը միայն այն  ժամանակ, երբ դրանք 15 ամսական են, և դրանց պետք է սերմնավորել»:

10% կճղակների խնդիրներ

«Ընդհանրապես,  երինջների 10%-ն ունենում է կճղակների հետ կապված խնդիրներ, որոնցից 40%-ը՝ Մորտելլարո,- նշում է Լևարտը: – Մորտելլարոյի դեպքում նկատելի է, որ երինջները քայլում են ոտնաթաթերի վրա, քանի որ դրանց կճղակները շատ զգայուն են»:

Ուսումնասիրության մեջ նշվում է նաև, որ ըստ ֆերմերների՝ մինչև 15 ամսական էգ հորթերը երբեք չեն անցնում կճղակների լվացման համակարգով, իսկ ֆերմերների 60%-ը չեն հեռացնում գոմաղբը: Հավելումն, երինջացուները նախքան ծնելը հաճախ պահվում են ցամաք կամ կաթնատու կովերի հետ: Այս բոլորը Մորտելլարոյի համար ռիսկային գործոններ են համարվում:

Գոմաղբ և ամոնիակ

Մորտելլարոն կարող է հանդիպել մասնավորապես եղջերակոշիկների հետևի մասում (հազվադեպ դեպքերում)՝ երկու կճղակների միջև եղած կլոր հատվածում: Թե ինչու հատկապես այդ հատվածում, ըստ Լևարտի, պարզ չէ: «Այնուամենայնիվ, սա այն կետն է, որի վրա հաճախ է գոմաղբ հավաքվում, կամ էլ կճղակը ենթարկվում է ամոնիակի հետ շփման: «Ամոնիակը բարակեցնում է մաշկը, ինչն էլ պատճառ է դառնում Մորտելլարոյի բռնկման»:

Երինջների շրջանում  Մորտելլարոյի վարակվածությունն  ակնհայտ է դառնում ծնելուց հետո: «Դրանց դիմադրողականությունն ընկնում է, և դրանք առավել զգայուն են դառնում: Հենց այս դեպքում էլ Մորտելլարոն առաջ է բերում կճղակների խնդիրներ: Այդ ժամանակ երինջները փաստորեն ի վիճակի չեն լինում պայքարելու հիվանդության դեմ: Դրանք ծնում են, կաթ են տալիս, միանում են կաթնատու կովերին և ստանում են այլ կերաբաժին,- մեջբերում է Լևարտը: -Սթրեսի քանակությունը մեծանում է, դրանք ժամանակ չեն ունենում պառկելու և հանգստանալու համար, մյուս կողմից էլ տառապում են Մորտելլարոյով»:

Սրանք նաև խնդիրներ են, որոնք առաջին լակտացիայի ժամանակ առաջ են բերում ցածր արտադրողականություն: Հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջին լակտացիայի ընթացքում երինջները 199-335 կգ-ով ավելի քիչ կաթ են տալիս: Դրանք առավել քիչ են գալիս սեռացանկության, ինչի հետևանքով միջծնային դադարը ավելի մեծ է լինում:

Բուժումը մաքուր օդն է

Իհարկե, հարց է առաջանում, թե որն է Մորտելլարոն բուժելու լավագույն եղանակը: Մորտելլարոն շատ ընկալունակ է թթվածնի հանդեպ: Ուստի, կճղակները բուժելու լավագույն միջոցը վարակված հատվածների օդափոխումն է: Մինչդեռ, կան նաև ֆերմերներ, ովքեր հիվանդության դեմ պայքարում են` կճղակները փաթաթելով: Սակայն այս դեպքում, փաստորեն, կանխում ենք վարակված հատվածների շփումն օդի հետ: «Արդյոք պետք է կապել կճղակները, թե ոչ` քննարկման մշտական թեմա է,- նշում է Լևարտը: -Երբ որևէ դեղորայք եք դնում վարակված հատվածի վրա, այն կարող է շատ լավ կլանվել, երբ կճղակը կապված է: Սակայն վիրակապի տակ Մորտելլարոն կարող է շարունակել զարգանալ: Ես կարծում եմ, որ կճղակները բաց թողնելով` դուք կիսով չափ եք դրական արդյունքի հասնում»: Բացի կաթնատու նախրում բուժում իրականացնելուց, այս հիվանդությունը պետք է բուժել նաև մատղաշների շրջանում: Լևարտը մի քանի օրինակ է բերում. «Երբ նախրում իրականացնում եք կճղակների մշակում, ընդգրկեք նաև ծնելու պատրաստ կենդանիներին: Այս կերպ դուք կարող եք ի հայտ բերել Մորտելլարոյի հնարավոր վարակը: Այդ գործը միշտ վստահեք պրոֆեսիոնալ մշակողների,- նշում է անասնաբույժը: -Նա այդ գործում մեծ փորձ ունի և կարող է արագ աշխատել»:

Երիտասարդ երինջների համար մեծապես խորհուրդ է տրվում նաև կճղակների լվացումը: Այն կանխում է հիվանդությունների տարածումը, ինչպես նաև նպաստում է բուժման գործընթացին: Խորհուրդ է տրվում անասնաշենքում լվացման համար նախատեսված համակարգ տեղադրել  մեկից երկու օրով՝ չորս շաբաթը մեկ: Ամռանը կարելի է նվազեցնել հաճախականությունը, ձմռանը՝ շատացնել: Կճղակներ մշակողը կարող է խորհուրդ տալ  լավագույն դեղամիջոցը՝ լվացման համակարգում կիրառելու համար:

Եռանկյունի

Եթե նախրում կան խնդիրներ, անհրաժեշտ է հրավիրել կճղակներ մշակող մասնագետի, անասնաբույժի և կերակրման մասնագետի՝ համատեղ խորհրդատվություն իրականացնելու համար: Նրանցից յուրաքանչյուրը կարող է առաջարկել տարբեր լուծումներ: «Այս կերպ դուք խնդիրը կիսում եք տարբեր մասնագետների միջև և միասնաբար աշխատում եք լուծումներ գտնելու շուրջ: Այս դեպքում հաջողությունն ապահովված է,- նշում է Լևարտը:

Նախրի բուժու՞մ, թե՞ ռազմավարական նպատակով կճղակների մշակում

Կճղակների մշակումն օգնում է հնարավորինս կանխելու կճղակների խնդիրները: Սա նշանակում է կճղակների պարբերաբար մշակում՝ ամեն անգամ ամբողջական նախիրը բուժելով կամ ռազմավարական նպատակով կճղակները մշակելով:

Ամբողջական նախրում տարին երկու-երեք անգամ կճղակների մշակումը  բավականին աշխատատար է, սակայն մեկ անգամ անելուց հետո որոշ ժամանակ ստիպված չեք լինի անհանգստանալ:

Այնուամենայնիվ, ամբողջական նախրում կճղակների մշակումը  ոչ միայն մեծ աշխատանք է պահանջում, այլև սթրեսային է կովերի համար: Մեկ այլ տարբերակ է ռազմավարական նպատակով կճղակների պարբերական մշակումը չորսից վեց շաբաթը մեկ հաճախականությամբ: Կովերի համար կճղակների մշակման լավագույն ժամանակը անմիջապես ցամաքելուց առաջ է, երբ կովերը գտնվում են լակտացիայի 100-120 օրվա մեջ, եթե կովը կաղ է, ինչպես նաև որպես կովերի բուժմանը հաջորդող խնամքի մի մաս։

Կճղակների մշակում 5 քայլով

  1. Ներքին կճղակը կտրեք 7.5 սմ երկարությամբ: Ոնտաթաթի հաստությունը պետք է լինի 0.5 սմ: Անհրաժեշտ է ազատ պահել կլոր հատվածը:
  2. Արտաքին կճղակը կտրեք նույն երկարությամբ, ինչ ներքին կճղակը /ճանկը/:
  3. Կճղակներին ճիշտ ձև տվեք:
  4. Երբ արտաքին կճղակում խնդիր եք նկատում, ցածրացրեք ցավոտ (արտաքին) կճղակի դիրքը: Եթե բարձրությունը բավարար չէ, տեղադրեք փոքր պատնեշ։ Հեռացրեք եղջյուրի ավելորդ հատվածները և կոշտ ծայրերը:

 Որքան շատ է սպիտակ գիծը, այնքան ներբանը  քիչ կարնահոսի

Նիդերլանդներում մի շարք կճղակ մշակողներ գրանցում են կճղակների խանգարումների բոլոր դեպքերը: Այս տեղեկությունը շատ կարևոր է ֆերմերների համար, ովքեր կարող են համապատասխանաբար փոխել իրենց կառավարման ձևը: Այս տեղեկությունն արժեքավոր է նաև կճղակների առողջության ցուցանիշը՝ այսպես կոչված “DigiKlauw” արձանագրությունը, հաշվարկելու համար:

Մեկ այլ փաստ, որ ի հայտ է գալիս այս տեղեկության արդյունքում, այն է, որ սպիտակ գծով հիվանդություններ ունեցող Հոլշտեյն կովերի թիվը գնալով աճում է` 2007 թվականին բուժված 14% կովերից 2013 թվականին հասնելով 20%-ի։ Այսինքն` գրանցվել է 1-ը 5-ի նկատմամբ աճ։ Մյուս կողմից, նվազել է ոտնատակի արյունահոսության դեպքերի թիվը՝ 2007թ.-ի 34%-ից 2013թ.-ին հասնելով 27%-ի։

Կղճակի ներբանի արյունահոսությունը, փտախտը, սպիտակ գծի հիվանդությունն ու Մորտելլարոն Հոլշտեյն կովերի շրջանում կճղակների առավել հանդիպող  ախտահարումներն են:

Անցնելով  լաբիրինթոսի նման ոլորապտույտ ճանապարհով`մոտենում էի հայրական Խաչիկ գյուղիս։ Մանկությանս առաջին հինգ տարիներն անցկացնելով այդ գյուղում`ստեղծվել էր հուզական կապ իմ և  գյուղի միջև։ Մշտադալար Արենի գյուղը հետևում թողնելով՝ առաջին իսկ սառը քամու խշշոցից զգացի Խաչիկի շունչը և ուրախությունից ուշադրությունս կենտրոնացրի գյխապտույտ ճանապարհների վրա։

Հասա գյուղ, որտեղ չէի եղել արդեն երկար ժամանակ։ Գյուղացիների ուշադիր հայացքը միանգամից սևեռվեց մեր մեքենայի վրա. կարծես  ցանկանում էին ստուգել, թե ով է համեցել իրենց գյուղ։ Խաչիկում են ապրում պապս և տատս , իրենց ձեռքերով կառուցած  տանը։ Նրանք իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են այդ գյուղում՝ ստեղծելով և արարելով այնտեղ, դարձնելով այն իրենց անբաժան մասնիկը։

Խաչիկը սահմանամերձ գյուղ է Վայոց ձորի մարզում՝ երեք կողմից շրջապատված Նախիջևանով։ Այն ծովի մակարդակից բարձր է 1800 մետրով, ինչն էլ խթանում է գյուղում ընկույզի, խաղողի, խնձորի, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի բարենպաստ և յուրովի առատությունը, համն ու հոտը։ Գյուղը`որպես համայնք,  հիմնադրվել է 1800 թվականներին, երբ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի մի մասն էր կազմում։ Տարիներ շարունակ երկու երկրամասեր՝ Նախիջևանը և Վայոց ձորն իրար կապող գյուղ հանդիսանալով՝ այն զարգացում է ապրել։ Մասնավորապես Խորհրդային Միության ժամանակ գյուղն առևտրի հսկա օղակ է եղել։

Պապս՝ Սերյոժա Սարգսյանը, գյուղի հայտնի մարդկանցից է։ Լինելով հյուսն, այսինքն` տիրապետելով Խորհրդային ժամանակներից պատվաբեր համարվող այդ արհեստին` պապս է կառուցել գյուղի պատուհաններն ու դռները։ Սերյոժա պապս արդեն ծեր է, սպիտակ մազերով և մի քիչ նիհարած արտաքինով, սակայն նրա ժրաջանությունը և աշխատանքի նկատմամբ մոլուցքը չի մարել։ Դեռևս մանուկ հասակից նա ինձ դաստիարակել է իր ասացվածքով. «Ուտելն ու աշխատելը ընկեր են»։ Սա է իմ, նրա և յուրաքանչյուր խաչիկցու աշխատանքի աղբյուրը, որին և նրանք հետևում են` դեռ լույսը չբացված։ Պետք է աշխատել և վայելել աշխատանքի պտուղները` այդ երկուսը դարձնելով գաղափարական զուգահեռ ընկերներ։ Պապս տնային կենդանիներ՝ կով, հավ, ճագար պահելուց զատ,  ունի բազմաթիվ այգիներ և դաշտեր, որտեղ խնամում է իր ձեռքով ստեղծած ծառերն ու ցորենի և գարու դաշտերը։

Գյուղն ունի մի շարք յուրահատկություններ, որոնք  և նպաստում են նրա զարգացմանը, նաև ամուր պատնեշ հանդիսանում երկրի ապահովության գործում։ Բլուրների գլխին ծվարած գյուղից ոչ այնքան հեռու է գտնվում «Դույզ» կոչվող հարթավայրային տարածքը։ Այն մեծ նշանակություն ունի գյուղացիների համար, քանի որ Խաչիկի պտուղ-բանջարեղենի, խաղողի և հացահատիկային մշակաբույսերի մեծ մասը գտնվում է այնտեղ։ «Դույզ» անունը երևի առաջացել է իր հարթ հողային մակերեսից: Խաչիկի աշխարհագրական դիրքը բարձրժայռային է, ինչը չես կարող ասել «Դույզ»-ի մասին։ Ինչևէ, ձմեռվա ավարտից հետո գյուղում աշխատելու ընդունակ ողջ հատվածն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է այդ տարածքում՝ խնամելով այգիները։ Մինչդեռ, այն ծայրը ծայրին սահմանի բերանին է գտնվում։ Նույնիսկ ես եմ ականատես եղել ադրբեջանցի զինվորականին` զենքը ձեռքին, երբ պապիս հետ գնացել էի մեր բաժին խոտը բերելու։ Այսպես են արարում Խաչիկում՝ անվախ կանգնելով թշնամու դիմաց և վերցնելով իրենց բաժին հասած բնության բարիքները։

Խաչիկի  մեկ այլ  առանձնահատկություն  է տարածքային մեծությունը։ Մասնավորապես, գյուղում թե՛ արոտի,  թե՛ յուրաքանչյուր մշակաբույսի աճեցման համար նախատեսված տարածքներն ահռելի են։ Դա նպաստում է կենդանիների դյուրին բազմացմանը՝ գյուղում հաստատվելու և զարգանալու նախադրյալներ ստեղծելով։ Բացի այդ, գյուղացին կարող է նաև խնամել իրեն բաժին հասած խաղողի այգիները և ապահովել իր ապրուստը։ Օրինակ՝ Սերյոժա պապս ունի մի շարք այգիներ, հացահատիկային մշակաբույսերի համար նպաստավոր տարածքներ։ Մինչև գյուղ մտնելը՝ «Առնետ» կոչվող սարի լանջին, պապս տնկել է ավելի քան 450 ընկույզի ծառ։ Հիմա պապս այն չի խնամում այնպես, ինչպես դա կաներ «Սովետի օրոք», սակայն տարին մի քանի անգամ խնամելով այն՝ լցնում է մեր՝ ընկույզի համար նախատեսված պահեստները։

Հարկ եմ համարում նշել նաև, որ Խաչիկը գյուղատնտեսության զարգացման մեծ շերտ ունենալուց զատ, ունի նաև աննկարագրելի մշակութային պատմություն։ Գյուղում է գտնվում «Քարկոփ» նշանավոր վանքը։ Հստակ ժամանակագրություն չկա վանքի ստեղծման մասին. միայն գյուղացիների խոսքով` այն մի քանի անգամ ավերվել է և վերաշինվել։ Վերջին անգամ վերաշինվել է 900-ական թվականներին՝ Սյունյաց Շուշանիկ թագուհու կողմից։ Այն հազվագյուտ կառույց է` իր հնությամբ և մշակութային ժառանգությամբ։ Վանքում կան հատուկ կառուցված թունելներ, որոնք  պատերազմի ժամանակ ծառայել են որպես փախուստի միջոց։ Ներկայում «Քարկոփը» դարձել է գյուղի սրբավայրերից մեկը։ Յուրաքանչյուր խաչիկցի ժամանակ առ ժամանակ այցելում և իր հավատքի ներդրումն է անում այնտեղ։

Խաչիկն ունի  էկոլոգիապես մաքուր, օրգանական սննդամթերք արտադրող համայնք դառնալու և ագրոտուրիզմի սիրահարներին ներգրավելու բոլոր նախադրյալները։ Իսկ դրա համար անհրաժեշտ են համապատասխան ուսուցողական ու զարգացման ծրագրեր։ Սակայն դրանց փոխարեն գյուղացիներին առաջարկվում են շատ բարձր տոկոսադրույքերով վարկեր, որոնք հարստացնում են վարկատուներին ու սնանկացնում գյուղացիներին։ Ըստ գյուղապետ Վարդան Ներսիսյանի` Խաչիկում առկա են լուծում պահանջող մի շարք հիմնախնդիրներ: Պարոն Ներսիսյանը նշում է, որ գյուղում ջրամբարի կառուցումը կնպաստի ավելի քան 100 հա նոր տնկարկների ստեղծմանը՝ ապահովելով 60ց/հա բերքատվություն: Ըստ գյուղապետի` ավելի քան 800 000 խմ ջրի կորուստ է լինում գարնան ձնհալի ժամանակ: Ավելին, գյուղապետն ավելացնում է, որ Խաչիկում ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները Շամպայնի գործարան հիմնադրելու համար: Միայն «Դույզ» հարթավայրից հնարավոր է 200 տոննա խաղող արտադրել: Ներսիսյանի խոսքերով, գյուղում լաբորատոր զննություն է կատարվել, և եկել են այն հանգուցալուծման, որ Խաչիկի պայմանները նպատակահարմար են գործարանը կառուցելու համար՝ դրանով իսկ նպաստելով  աշխատատեղերի ստեղծմանը և նոր թափ հաղորդելով խաղողագործության զարգացմանը:

Ավարտվեց իմ հերթական ճանապարհորդությունը Խաչիկում, սակայն  նույն ճանապարհով հետ դառնալով` ես վերհիշում էի, որ խաչիկցու` սահմանին հիմնած պատնեշ-գյուղը մեր երկրի հիմնասյուներից մեկն է կազմում։ Մխրճված լինելով Նախիջևանի մեջ`գյուղը շարունակում է համառորեն կանգուն մնալ՝ արհամարհելով թշնամու վտանգը և մշակելով բնության բարիքները ադրբեջանցի զինվորականի աչքի առաջ։ Պապս հաճախ էր շեշտում, որ իրենք մինչև սահմանի բերան հող են մշակում, իսկ թշնամին դրան զուգահեռ իր պաշտպանությունն է ուժեղացնում՝ վախը սրտում։

Թոմաս Ջեֆերսոնն իրեն առաջին հերթին համարում էր «հողի մարդ»: Նրա կարծիքով, հողի աշխատավորները  Աստծո ընտրյալներն են: Իր ժամանակի համար Ջեֆերսոնը եզակի էր, քանի որ խորությամբ գիտակցում էր մարդկության և շրջակա միջավայրի կապը և դրանց փոխազդեցությունը: Այս իմաստությունը և հետագայում նրա կիրառած նորարարությունները, ինչպիսիք են՝ ցանքաշրջանառությունը, պարարտանյութերի օգտագործումը և եզրային վարը, Ջեֆերսոնին բնորոշում են իբրև Ամերիկայի  պիոներ գյուղատնտեսներից մեկը:

Ջեֆերսոնն առաջին ամերիկացիներից էր, ով գիտակցում էր, որ իր մայրցամաքի հարստությունները սահմանափակ են:  Նա հավատացած էր, որ եթե պետությունն ու քաղաքացիները ցանկանում են  շարունակել վայելել Նոր աշխարհի բարիքները, ապա դրա ռեսուրսները պետք է խնայողաբար օգտագործվեն:

Ջեֆերսոնի ժամանակաշրջանում համեմատաբար քիչ ֆերմերներ էին մտահոգված  կենսական տարրերը հողին վերադարձնելու հարցով այնպիսի մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք են բերքահավաքը, ցանքաշրջանառությունը և պարարտանյութերը: Իրականում, այդ ժամանակ Վիրջինիա նահանգի Պիեմոնտ տարածաշրջանն արդեն հայտնի էր անբարենպաստ գյուղատնտեսական պրակտիկայով, քանզի շատ կարճ ժամանակահատվածում այն  բացվել էր Եվրոպայի համար, և  ծխախոտը դարձել էր տարածաշրջանի գլխավոր մշակաբույսը: Առօրյա կիրառություն ունեցող եգիպտացորենի հետ մեկտեղ այն քայքայել էր արգասաբեր հողը: Սողանքային հողերը մաքրվել էին բնական բուսականությունից, իսկ միևնույն մշակաբույսերի շարունակական  տնկումը բերել էր հողի էրոզիայի։

Ծխախոտի և եգիպտացորենի անվերջ հաջորդականությունը հանգեցրել էր  կուսական հողի մեծ մասի ոչնչացմանը մինչջեֆերսոնյան ժամանակները: «Ես բնակվում եմ մի բարձրավանդակում, որը հողի մշակման մոտ վաթսուն տարվա պատմություն ունի։ Այդ ընթացքում հիմնականում մշակվել է ծխախոտ ու հնդկական եգիպտացորեն, քանի որ դրանք բավարար էին աշխատողներին վճարելու համար»:

Ջեֆերսոնին մտահոգում էր ոչ միայն հողից ստացվող բերքը, այլ նաև այն, թե ինչ հետևանքներ կունենար հողի շահագործումը հետագա սերունդների համար: Հակառակ իր ժամանակակիցների` նա գիտակցում էր, որ Միացյալ Նահանգների արգասաբեր հողն անսահման չէ: 1793թ. Ջորջ Վաշինգտոնին ուղղված իր նամակում նա արտահայտում է իր վերաբերմունքը. «Մեզ համար մեկ ակր նոր հողի ձեռք բերումը կարող է ավելի մատչելի լինել, քան հին հողակտորի պարարտացումը»: Այսպիսով, նա մշտապես փորձարկումների կենտրոնում էր՝ պարարտանյութերի օգնությամբ փորձելով հողին վերադարձնել  նախկին արտադրողականությունը:

Քաջ գիտակցելով, որ կենդանական գոմաղբն ի զորու է վերականգնելու  հողը՝ նա փորձեր արեց` որոշելու համար, թե կոնկրետ հողատարածքի համար ինչ քանակությամբ կենդանիներ են անհրաժեշտ: Այնուհետև նա չափեց դրա արդյունավետությունը՝ համեմատելով գոմաղբով պարարտացված հողի բերքը միևնույն մակերեսով, սակայն չպարարտացված հողակտորից ստացված բերքի հետ:

Ջեֆերսոնն առաջին ամերիկացիներից էր, ով առաջ քաշեց ցանքաշրջանառությունը որպես հողի նորացման միջոց: Նա իր հողակտորի համար մշակեց յոթամյա մի ծավալուն ծրագիր, որը բաղկացած էր հետևյալ կետերից.

  1. Ցորեն, որին պետք է հաջորդեր շաղգամը, ինչն էլ կեր պետք է հանդիսանար ոչխարների համար
  2. Եգիպտացորենը և կարտոֆիլը կարող էին ցանվել միաժամանակ, իսկ աշնանը խոլորձը կարող էր որպես անասնակեր պահվել գարնան համար, կամ էլ կիրառվեր որպես սոուս
  3. Պետք էր ցանել սիսեռ կամ կարտոֆիլ, կամ էլ երկուսը միաժամանակ՝ կախված հողի որակից
  4. Տարեկան, որի վրա գարնանը պետք է երեքնուկ ցանվեր: Տարեկանը կարելի էր փոխարինել ցորենով
  5. Երեքնուկ
  6. Աշնանը երեքնուկին փոխարինում էր խոլորձը
  7. Գարնանը խոլորձի փոխարեն ցանվում էր հնդկացորեն

Ջեֆերսոնը ցանքաշրջանառության այս համակարգը կիրառում էր հատիկաընդեղենների ու խոտերի համար՝ այսպիսով փորձելով կանխել հողերի սողանքը, բարելավել ինտենսիվ օգտագործված իր  հողատարածքը, ինչպես նաև լավագույնս ապահովել շրջակա միջավայրի և բույսերի միջև համապատասխանությունը:

Նորաստեղծ Միացյալ Նահանգներում Ջեֆերսոնը գիտական վարի առաջին մշակողներից էր: Նրա ժամանակի գութանները փայտից պատրաստված կոպիտ գործիքներ էին, որոնք հազիվ էին փորում հողը: Մակերեսային այս վարը պարզապես փխրեցնում էր հողի վերին հատվածը, ինչն առաջին իսկ հորդառատ անձրևի դեպքում հողը ենթարկում էր սողանքի: Այս խնդրին լուծում տալու նպատակով նա ստեղծեց ցածր դիմադրություն ապահովող իրանային գութանը, որը հարթ մակերեսի և հատուկ անկյան շնորհիվ թույլ էր տալիս փորել և շրջել ճիմահողը: Այս գործիքի օգնությամբ նա հողը փորում էր 15.24 սմ խորությամբ: Սա ֆերմերներին թույլ էր տալիս եզրային ակոսներ անել էրոզիայի ենթակա դաշտերում, փխրեցնել ծանծաղ փոսերը և ակոսել հարթ հողերը, որոնցում ջրահեռացումը վատ էր կատարվում:

Ջեֆերսոնն առաջիններից էր, ով գութանն օգտագործում էր հորիզոնական և եզրային վար անելիս և այս մեթոդը քարոզում էր ֆերմերներին. «Մեր երկիրը լեռնոտ է, և մենք մշտապես հողը վարել ենք ուղիղ շարքերով թե՛ դեպի վեր, թե՛ դեպի ներքև՝ թեք գծերով կամ ինչպես որ պատահի, ինչի արդյունքում մեր հողերը արագ թափվում էին գետերը: Այժմ մենք հորիզոնական վար ենք անում՝ հետևելով  բլուրների և հովիտների կորությանը: Հարթ մակերևույթի վրա, այնուամենայնիվ, կարող են առաջանալ կոր գծեր: Այսպիսով, յուրաքանչյուր ակոս հանդես է գալիս որպես պահեստ, որտեղ պահպանվում է ջուրը, որն ամբողջությամբ ծառայում է աճող բույսի շահերին, այլ ոչ թե հոսում է դեպի առվակները:  Հորիզոնական և խորը վարած ֆերմաներում հողի ոչ մի թիզ չի կորչում»:

Ջեֆերսոնը մշտապես փնտրում էր նոր մշակաբույսեր, որոնք կարող էին հարմարեցվել ԱՄՆ-ի կլիմայական և լանդշաֆտային պայմաններին։ Ֆրանսիայում որպես դեսպանորդ հանդես գալու ընթացքում նա նորաստեղծ ԱՄՆ-ի գյուղատնտեսական միություններին, ֆերմերներին և բուսաբաններին ուղարկում էր խցանակաղնու պտուղներ, զեյթունի տնկիներ, տարբեր խոտերի, մրգերի և բանջարեղենի բազմատեսակ  սերմեր։ Հայտնի է, որ Ջեֆերսոնը Իտալիայից անօրինական ճանապարհով  դուրս էր բերել իտալական բրնձի սերմեր և նվիրաբերել Հարավային Կարոլինայի գյուղատնտեսներին՝ սկիզբ դնելով աշխարհում լավագույն բրնձի արտադրությանը։ Նրա շնորհիվ ԱՄՆ-ի արևելյան նահանգներ ներմուծվեց Պեկան տեսակի ընկուզենին, որն աճեցվում էր Իլինոյսում, Վաբաշում, Օհայոյում և Միսիսիպիում, և այնուհետև բաշխվում Վիրջինիայի ողջ տարածքով։ Ջեֆերսոնին են վերագրում բանջարեղենի՝ ներկայում լայն տարածում ստացած այնպիսի տեսակների ներմուծումը ԱՄՆ, ինչպիսիք են  բրյուսելյան կաղամբը, սմբուկը, ծաղկակաղամբն ու բրոկոլին։

Ակնհայտ է, որ Ջեֆերսոնը խիստ կարևորում էր այդ գործունեությունը՝ նշելով, որ «Լավագույն ծառայությունը, որ կարող է մատուցվել երկրին, վերջինիս մշակույթին պիտանի մշակաբույսի ավելացումն է։ Ազգը շատ ավելի բարձր է գնահատում նման ծառայությունը, քան պատմության էջերից հայտնի նշանավոր հաղթանակները։ Պատկերացրեք, թե ինչ հուզմունք են ապրում այն անձինք, ովքեր իրենց լուման կարող են ունենալ այդ ազգանվեր գործում»։

Ջեֆերսոնը խրախուսում էր գյուղատնտեսական միությունների  ստեղծումը՝ որպես հողերի արդյունավետ  կառավարման միջոց։ Նա խիստ կարևորում էր  ամերիկյան համալսարաններում գյուղատնտեսական բարձրորակ կրթությունն ու հետազոտական աշխատանքների իրականացումը

«Սա կարևոր գիտություն է, որն առանձնակի ուշադրության է արժանի։  Երբեք չի կարելի անտեսել վերջինիս  նշանակությունն  առավել արժևորված այնպիսի գիտությունների շարքում, ինչպիսիք են քիմիան, բնագիտությունը, բուսաբանությունը։ Քոլեջ լինի, թե համալսարան, յուրաքանչյուրը պետք է խստորեն արժևորի գյուղատնտեսության ոլորտի դասախոսական կազմի և ուսանողների կարևորությունը»։

Ջեֆերսոնի սեփական այգիները ծառայում էին որպես լաբորատորիա, որտեղ վերջինս բույսերի բազում տարատեսակների  փորձարկումներ էր իրականացնում ։ Նա տնկել է մրգերի 170 և բանջարեղենի 330 տեսակ` ներառյալ լոբու 40, մառոլի 17, ինչպես նաև անգլիական ոլոռի 20-ից ավել տարատեսակ։ Մանրամասն գրանցումներ է կատարել գյուղատնտեսական մատյաններում 1767-ից 1824 թվականների ընթացքում` նշելով բույսերի տնկման, բողբոջելու և բերքահավաքի ամսաթվերը։ Արձանագրություններից մեկում նա նույնիսկ հաշվարկել էր և պարզել, որ մեկ պինտա ստանալու համար հարկավոր է 2500 ոլոռի հատիկ։ Այս բարդ հաշվարկների արդյունքում նա կարողացել էր որոշել, թե մեկ  պինտա սերմից քանի շարք կարելի է տնկել։

Ագրոնոմիան Ջեֆերսոնի կյանքի ուրախությունն էր հանդիսանում, և վերջինս վեր էր դասում գյուղատնտեսական գործունեությունն աշխարհիկ գործընթացներից։ «Չկա առավել հաճելի զբաղմունք, քան ծանոթացումը երկրի մշակույթին, և չկա մշակույթ, որը հնարավոր լինի համեմատել այգու մշակույթի հետ»։

Ջեֆերսոնը փորձարկումներ էր կատարում նաև խաղողագործության և գարեջրագործության ոլորտում։ Գինին նրա ամենասիրած ըմպելիքն էր, իսկ գարեջուրն ու էյլը՝ ամենասիրած ճաշատեսակը։ Բնականաբար, այս ոլորտի նկատմամբ ևս նա ցուցաբերում էր գիտական մոտեցում։

«Ես հիացմունք էի ապրում յուրաքանչյուր անգամ, երբ նկատում էի գիտության առկայությունը մեր ամենօրյա կյանքում։  Առ այսօր քչերն են ուշադրություն դարձրել կենցաղում քիմիայի նշանակության վրա։ Իրականում, մենք առօրյա մի շարք հարմարավետությունների համար հենց քիմիային ենք պարտական, այլապես ինչպե՞ս կպատրաստեինք  հաց, կարագ, պանիր, օճառ, գարեջուր, սիդր, գինի, քացախ և այլ մթերքներ։ Թորման արվեստը, օրինակ, կենցաղում կիրառվելուց զատ, արժեքավոր է գյուղատնտեսների համար, քանզի վերջինիս շնորհիվ նրանք կարողանում են հացահատիկների ավելցուկը վերածել այնպիսի զանգվածի, որն, ի տարբերություն հումքի, բավականին կայուն է երկարատև փոխադրման նկատմամբ։

Կառավարության վերաբերյալ Ջեֆերսոնի գաղափարներից շատերը հիմնվում են հողի և մարդկանց միջև փոխհարաբերության վրա։ Նա զգում էր, որ որքան մոտ էին մարդիկ հողին, նրանք այնքան ավելի հակված էին  «բնական» կյանք վարելուն և ավելի լավ էին գիտակցում իրենց բնական ու անկապտելի իրավունքները։ Եվ, ի վերջո, նրանք իրենց մոտ էին զգում այդ իրավունքների աղբյուրին՝ Աստծուն։

ԱՄՆ-ի տեսլականը, ըստ Ջեֆերսոնի, կենտրոնանում է կրթված, մանր ագարակատիրոջ վրա։

Գտնվելով Հայաստանի ամենահարավային կետում՝ Մեղրին մշտապես հայտնի է եղել անուշահամ մրգերի համար բարենպաստ կլիմայական պայմաններով։ Քաղաքը շրջապատող սարերը ողջ օրը տաքացնում են տարածքը և ջերմությունը պահպանում գիշերվա ընթացքում՝ ստեղծելով եզակի մերձարևադարձային կլիմա: Սա թույլ է տալիս աճեցնել նուռ, թուզ, արքայանարինջ, նույնիսկ կիվի, էլ չենք խոսում վաղահաս բալի ու ծիրանի մասին: Չնայած արտադրության մեծ ներուժին (բարենպաստ կլիմայական պայմաններ, բերրի հող, աշխատասեր ժողովուրդ)` Մեղրին ունի արտադրության և շուկայահանման մի շարք խնդիրներ, որոնք էական պատնեշներ են  ստեղծում տարածաշրջանի  գյուղատնտեսության զարգացման և ագարակատերերի եկամտի աճի համար։

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը շվեյցարական HELVETAS կազմակերպության հետ համատեղ 2013թ.-ից մեկնարկեց «Շուկաներ Մեղրիի համար (M4M)» ծրագիրը, որի նպատակն էր աջակցել Մեղրիի տարածաշրջանի փոքրածավալ պտղաբույծների, վերամշակողների և առևտրային կազմակերպությունների արտադրողականության և եկամտաբերության բարձրացմանը: Քառամյա ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման կազմակերպության (SDC) կոմից: Ծրագրի շրջանակում գրանցած հիմնական հաջողություններից է Իշխան և Լիլիթ Ասլանյանների ընտանեկան բիզնեսի պատմությունը:

 

Չրի լայնածավալ արտադրություն Մեղրի համայնքում

Մեղրիի տարածաշրջանում զգալի հաջողության հասած ֆերմերներից իր ջանասիրությամբ և նպատակա-սլացությամբ աչքի է ընկնում Իշխան Ասլանյանը։ Դեռևս օտարության մեջ անցկացրած տարիներին Իշխանը նպատակ էր դրել վերադառնալ և հիմնվել հայրենիքում. «Առանց հայրենի սարերի ես ոչինչ եմ այս աշխարհում,- հպարտ ասում է Իշխանը՝ հիանալով դեպի կապույտ երկինք ձգվող բարձր լեռներով: -Լեռներն ինձ ուժ են տալիս,- շարունակում է նա¦:

Ինժեներ-տնտեսագետի մասնագիտությամբ Իշխանը ծնվել է գյուղատնտեսների ու գինի արտադրողների ընտանիքում: Նրա խոսքով` գյուղատնտեսության հանդեպ հակումն արդեն իր գենի մեջ է:

Այսօր Իշխանն ունի հսկայական պտղատու այգի, որը մոտ վեց տարի առաջ չոր ու ամայի տարածք էր հիշեցնում: Ամեն ինչ սկսվեց М4М ծրագրի հետ համագործակցությունից: Հատկանշական է, որ համագործակցության արդյունքում նա հնարավորություն ստացավ մասնակցելու գյուղատնտեսության ոլորտին առնչվող բազում դասընթացների, ինչպես նաև այլ տարածաշրջանների արտադրողների հետ փորձի փոխանակման այցերի։ «Ստացածս գիտելիքները ոգեշնչեցին ու վստահություն ներշնչեցին ինձ, և ես հիմնեցի իմ սեփական այգին»,- նշում է Իշխանը: Այս գիտելիքների ու հմտությունների շնորհիվ նա կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում դառնալ ոլորտի առաջատարներից մեկը։

Գիտակցելով թարմ պտուղների իրացման հետ կապված հավանական խնդիրները՝ Իշխանը որոշում է զբաղվել չրարտադրությամբ։ 2013 թվականին նա ստանում է առաջին էլեկտրական չորանոցը՝ М4М ծրագրի շրջանակներում, և արտադրում 500 կգ արքայանարնջի չիր։ Իսկ այսօր թեժ սեզոնի ընթացքում արտադրամասն աշխատում  է առավելագույն ծանրաբեռնվածությամբ՝ ապահովելով մինչև 10 աշխատատեղ։ Ծավալների ավելացումն ու պահանջարկի մեծացումը ստիպում են նրան ձեռք բերել ևս երկու  չորացման  սարքեր  և ընդլայնել արտադրական տարածքը: Արտադրամասի հիմնման, արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման և սանիտարահիգիենիկ պայմաններին հետևելու շնորհիվ Մեղրիի տարածաշրջանի` հրաշալի համային հատկանիշներով չրերը սկսում են իրացվել ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկաներում։ Այսօր Իշխանը այն եզակի արտահանողներից է, ովքեր  կարողանում են բարձրորակ չիր արտահանել Շվեյցարիա, Ավստրիա, Անգլիա, Չեխիա և Ռուսաստան։

Իշխանը մեծ սիրով է մրգեր չորացնում եվրոպական երկրներ արտահանելու համար: «Եվրոպական շուկան բավականին խիստ ստանդարտներ ունի, ինչը մի կողմից մեծ մարտահրավեր է ինձ համար, մյուս կողմից՝ աճելու համար խթան»,- հպարտ նշում է Իշխանը՝ ցուցադրելով սառը սենյակը, որտեղ սպիտակ պարկերի մեջ խնամքով պահվում են թզի չրերը: «Բիզնեսում ես միշտ ընտրում եմ առավել դժվար ուղին, քանի որ այնտեղ  մրցակցությունը մեծ չէ, նաև` այն ավելի  հետաքրքիր է դարձնում  իմ կյանքը»: Երբեմն երիտասարդ գործարարը ստիպված է եղել մերժել Եվրոպայից եկող խոշոր պատվերները: Նա նախընտրում է կենտրոնանալ արտադրանքի որակի վրա: «Մենք Թուրքիայի և Պարսկաստանի արտադրողների հետ կարող ենք մրցել միայն օրգանական մրգերով»: