Ստորեւ բերված հատվածները Միքայել ՆալբանդյանիԵրկրագործությունը որպես ուղիղ ճանապարհգրքից են: Այստեղ դժվար է առանձնացնել բուն գյուղատնտեսությանը, քանի որ, մեծ հաշվով, աշխատանքն իրենից ներկայացնում է մտորումներ ժողովրդի բարեկեցության մասին, որի անքակտելի մասն է հանդիսանում երկրագործությունը: Հարուստ պետություն, թե՞ հարուստ ազգ, հողի սեփականություն, ազատություն թվացյալ, թե՞ իրական, բռնապետության տեսակները, հողագործի այլընտրանքը, միջազգային եւ ազգային առեւտուր՝ սրանք են թեմաների ոչ լրիվ ցանկը, որ կազմում են գրքի բովանդակությունը: Նալբանդյանի հանճարը ընթերցողին ուղղորդում է քաղաքական, սոցիալական եւ տնտեսագիտական ոլորտները եւ ստիպում է մի պահ կանգնել հասկանալու համար, թե ուր է քշում մեզ իրադարձությունների տարափը այն վարարած գետի հունով, որ կյանք է կոչվում:

Անկախ մտածող, Նալբանդյանը չի կաղապարված եւ ոչ միիզմ”-երով, քննադատական աչքով նայելով թե´ ֆրանսիական հեղափոխության ծնունդ լիբերալիզմին, թե´ հողի սեփականության, թվում է, թե պարզից պարզ հարցերին: Ներքին անկախությունն էր, որ վտանգավոր էր դարձնում նրան իշխանությունների համար: §Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ¦ գիրքը լույս տեսավ Փարիզում 1862 թվականինցարական կառավարությունը անմիջապես  բռնագրավեց Ռուսաստան ուղարկված օրինակները։ Խստագույն հետապնդումները անհնար դարձրեցին այդ աշխատության տարածումը, բայց առաջավոր երիտասարդությունը սկսեց արտագրել ու ձեռքիցձեռք փոխանել գիրքը: Լույս ընծայումից անմիջապես հետո հեղինակը ձերբակալվեց եւ համարվեց քաղաքական հանցագործ, իսկ դրան հետեւող կես դարվա ընդացքում նրա անունը հիշատակելն արգելված էր:

 

Ազգ ասելով պիտի իմանալ հասարակ ժողովուրդը և ո՛չ նորա միջից, նորա քրտինքով և նորա արյունով հառաջացած մի քանի մեծատունք:

Եթե ասենք, թե Անգլիան հարուստ է, և Անգլիա ասելով հասկնանք կառավարությունը և ազնվականությունը, այդ մի այլ խնդիր է և այն ժամանակ վերադրյալ հարստությունը չէ վերաբերվում անգլիական ազգին, այլ կառավարության և ազնվականության, որ Անգլիա չեն, որովհետև մինը անգլիական կառավարություն է, իսկ մյուսը անգլիական ազնվականություն: Այն ժամանակ, միայն, ստուգապես, կարող ենք ասել, թե Անգլիան հարուստ է, երբ այն միլիոններ բաղկացնող անհատների մոտ տեսնենք որևիցե նյութական կարողության նշմարանք: Ի՛նչ աղբյուրներից կարող է հանել հասարակ ժողովուրդը յուր, չասենք հարստությունը, այլ ապրուստը, և ապրուստ հավաստի, մշտնջենական և ոչ առօրյա: Հասարակ ժողովրդի համար, ուղղակի, և մնացած մասին համար անուղղակի, բայց և այնպես անհրաժեշտ, ինչպես ջուրը ձուկի համար, միակ աղբյուր ապրուստի և հարստության է երկրագործությունը: Երբ որ մի ազգ կազմող անհատների մեծագույն մասը պարապի երկրագործությամբ և առհասարակ գյուղական տնտեսությամբ, այն ժամանակ, այդ ազգի ընդհանրությունը հարուստ է և ապահովյալ, որովհետև նորա հիմքը դրված է բնականապես և բնության վերա: Եվ այս պատճառով, փոքրագույն մասը, որ չէ պարապում երկրագործությամբ, կարող է հավաստի լինել, որ հազիվ պիտի կարողանա մշակել, շինել, գործել և վաճառել այն, ինչ-որ դուրս է բերում գետնից նորա մեծագույն մասը։ Փոքրագույն մասը, որ բաղկանում է վաճառականներից, չէ կարող անգործ մնալ, քանի որ մեծագույն մասի արդյունքը սպասում է նորա կամ մշակության, կամ վաճառականության. և որևիցե մի դժբախտ դիպվածում այդ փոքրագույն մասից ամենափոքրագույն մի մասը միայն կարող է ենթարկվիլ առօրյա և անցողական նեղության, քանզի ազգի հիմքը դրված է երկրի մակերևույթի վերա և կախված չէ օդի մեջ: Չկա մարդ, որ չխոստովանի այս ճշմարտությունը և նույնիսկ Անգլիո մեջ. բայց այստեղ է խնդիրը, երկրագործի համար երկիր է հարկավոր գործելու, որ Անգլիո մեջ չունի հասարակ ժողովուրդը:

Ազատությունը ըստ ինքյան լոկ խոսք է և իրողապես չէ կարող մարմնանալ, առանց տնտեսական խնդրի լուծվելուն: Ոչ մի ազատ կառավարություն, ոչ մի ազատ օրենսդրություն չէ կարող փրկել մարդը ստրկութենից, մինչև որ այդ մարդը հողի վերա իրավունք ունեցող չխոստովանի: Եվ մինչև այս, ընդհանրական աղքատությունը երթալով պիտի զորանա և հասնի հսկայական աստիճանների:

Թողունք պղինձը, այսչափ ոսկու և արծաթի հանք, որ ամենայն տարի անդադար ոսկի և արծաթ են թափում զանազան տերությանց գանձարանների մեջ, գրեթե ազդեցություն չունին դրամական խնդրի վերա: Եվ հասարակ ժողովուրդը այնչափ ավելի կարոտում է դրամի, այնչափ սաստկանում է դրամի պակասությունը, որչափ որ ամեն կողմից ոսկի և արծաթ է դուրս բերվում երկրագունդից: Անտարակույս է, որ մետալյա դրամը ամենայն տարի շատանում է, ի՛նչ է ուրեմն պատճառը, որ ժողովուրդը չէ տեսնում նորա երեսը, և ու՞ր են այն ոսկիքը: Մի՞թե տերությանց մոտ: Մեր առջև դրված է բոլոր տերությանց եկամուտի և ծախքի ցուցակները: Ահավասիկ ամենահարուստ համարված Անգլիո 1860 թվականի եկամուտի և ծախքի ցուցակը:

Եկամուտ …………………….. 70, 283,674

Ծախք…………………………. 72, 842, 059      լիբրե ստերլինգ:

Պակասորդ…………………… 2,540,385

 

Ո՞րտեղ ուրեմն հարկավոր է որոնել ոսկին և արծաթը: Նախ, մի քանի երևելի մոնոպոլիստ սեղանավորների մոտ, որ աշխարհը խեղդում են պարտքի մեջ, և երկրորդ, հողատերերի մոտ: Ոսկին և արծաթը չէ մնում տերությանց և հասարակության մոտ և չէ կարող մնալ, քանի որ տերությանց ծախքերը, օրըստօրե բարձրանալով, լեռնանում են, և քանի որ ժողովուրդը հող չունի և ուր որ ունի, չկամի գործել: Նա թողնում է դաշտը և գնում է քաղաք կամ մայրաքաղաք, նշանակում է, թե օրըստօրե պակասում է երկրագործների թիվը, հետևաբար ընկնում է զուգակշիռը: Դիցուք հազար հոգի շինական երկիր էին գործում, որոնք երկրագործութենից հառաջացած արդյունքը վաճառելով, անշուշտ, պիտի ներս բերեին դուրսից յուրյանց մեջ որևիցե քանակություն ոսկու և արծաթի: Այժմ, այդ հազար հոգին, թողնելով երկրագործությունը, թե կամա և թե պակաս, և երթալով և բնակվելով քաղաքի մեջ, ոչ միայն փոքրացնում է երկրագործների թիվը, այսինքն, դուրսից, հասարակ ժողովուրդի մեջ ոսկին և արծաթ բերողի թիվը, այլև շատցնում է երկրագործության արդյունքի կարոտողների թիվը: Եվ փոխանակ որ ինքը պիտի դրամ ստանար դուրսից, այժմ ինքը պիտի տա: Այո՛, այն մարդը, որ թողեց երկրագործությունը և գնաց քաղաք, վաստակ է առնում դարձյալ, բայց երկրագործության և այն վաստակի մեջ կա մեծ տարբերություն: Երկրագործը ունի հիմք, նա ունի հող, նորա ձեռքում կա նյութ, որ ասել է ուժ և կարողություն դրամի համազոր, բայց երբ նա թողեց երկիրը և գնաց քաղաք, այնտեղ, ոչ հողը կա և ոչ նյութը. նա տարավ յուր հետ միմիայն աշխատությունը, այսինքն, յուր երկու ձեռքը: Աշխատությունը առանց նյութի և առանց հիմքի, հասարակաց վերաբերությամբ, չունի՛ այն ուժը և զորությունը, ինչ որ ունի աշխատությունը, երբ նորա հետ զուգընթաց է նյութը, երբ այդ բոլորը հաստատած է հիմքի վերա: Հավելացու՛ր սորա վերա և քաղաքային ծախքը, որ ուտում է և մաշում է բոլոր, ինչ որ մարդը յուր աշխատությամբ վաստակել էր: Նա հազիվ հազ ծայրը ծայրին հասուցանում յուր եկամուտը և ծախքը. նա վարձկան է, իսկ վարձկանի աշխատությունը յուր համար չէ, վարձկանի հառաջ բերած արդյունքը վայելում է նորա տերը: Ո՞վ է նորա տերը: Վաճառականը կամ գործարանատիրոջ մո՞տ է: Վաճառականների մի մասը, ուղղակի, վարձկան է գործարանատերերին, իսկ մյուս մասը, գործարանատերերի հետ միասին, վարձկան այն վերասած մոնոպոլիստների, որոնց մոտ կենտրոնացած է դրամական ուժը: Ուր որ է դրական զորությունը, այնտեղ է և դրական շահը: Մյուս բոլորը, որ ինքյանք զորություն չունենալով պիտի ուրիշ զորությամբ շարժին, վարձկան են այդ զորության: Նոցա շահը այն է, որ հազիվ հազ ապրում են, բայց նոցա կյանքը զոհված է զորության շահին:

Այն աշխարհներում, ուր հասարակ ժողովուրդը հող չունի, ուր չէ կարող երկրագործությամբ ապրիլ, նա կենտրոնանում է քաղաքներում և մայրաքաղաքներում, և այս կենտրոնացության չափով սաստկանում է և թանկությունը, ուրեմն և աղքատությունը:

Բայց մինչև այստեղ մեք մեր առջև դրած բուն խնդրին չդպանք. մեր խնդիրը է մեր. խե՜ղճ ազգի թշվառությունը:

Ազգը օրըսօրե թողնում է յուր երկիրները և կենտրոնանում է քաղաքներում: Աղքատությունը ստիպում է նորան թողուլ յուր տունը, յուր ընտանիքը, յուր ամուսինը, յուր զավակները և գնալ Պոլիս կամ այլ քաղաք, աղքատութենից ազատվելու համար: Բայց այդ տեղերում ևս նորան հանդեպ է դուրս գալիս էապես նույն աղքատությունը, գուցե մի փոքր քաղաքային ամոք կերպարանքով: Դիցուք, գեղում ստանում էր նա, օրական հինգ ղուրուշ, իսկ քաղաքում ստանում է ութն կամ տասն, բայց ինչ օգուտ այն երեք կամ հինգ ղուրուշ հավելվածից, մինչ չէ մնում նորա ձեռքում: Քաղաքի մեջ, համեմատությամբ շինական կյանքին եթե ոչ ավելի, գեթ հարյուրին քառասուն առավել է և ծախքը: Եթե մարդը հինգ ստանալով աղքատ էր գեղում, աղքատ կլինի Պոլսի մեջ կամ այլ քաղաքներում, ութն կամ տասն ստանալով:

Բայց սորանից, ընտանեկան կյանքից զրկվիլը, դժոխային աշխատությունը, որով պիտի շահի նա այն մի քանի հավելյալ ղուրուշները, անտուն, վարատական և անմաքուր կյանքը, որ պիտի անցուցանե նա զանազան իջևաններում: Երեկոյան պիտի գա վաստակյալ, ուժաթափ, շատ անգամ և վնասված անդամներով, իսկ լուսաբացին, նույն եգիպտական ծառայությունը, որ սպասում է նորան: Չկա այն ընտանեկան մխիթարությունը, ամուսնու և զավակների մտերմական, գողտրիկ և անմեղ հայացքը, որ առանց ձայնի, առանց խոսելու, կարող են ամոքել ճակատագրի դառնությունը, և այս բոլորը անխորհուրդ, առանց հիմնական հաշվի և չկամելուց, արմատական կերպով դարման տանել յուր աղքատության: Եվ այսպես, իբրև դրաստ, իբրև մեքենա ծառայելով արտասվելի օտարության մեջ տասն-քսան տարի, կամ մեռանում է այնտեղ, թողնելով յուր ընտանիքը ծայրացյալ թշվառության մեջ, կամ վերադառնում է դեպի յուր երկիրը: Վերադառնու՜մ է… բայց ոչ այնպես առույգ և զվարթ, ինչպես դուրս էր եկել այնտեղից, այլ հասակն առած, ուժաթափ և թոշնած: Վերադառնու՜մ է  յուր տունը… բայց ի՞նչ եղավ արդյոք այն լքյալ տունի և ընտանիքի վիճակը նորա բացակայության ժամանակ: Վերադառնում է յուր տունը, երբ կորուսել էր աշխատելու ընդունակությունը և հարմարությունը: Ուրեմն, վերադառնում է նա միմիայն յուր ներկայությամբ, յուր աղքատ և կարոտ ընտանյաց թիվը հավելցնելու համար:

Սոցա վիճակից ավելի քաղցր չէ այն մանր վաճառականների վիճակը, որ նույնպես, լքանելով յուրյանց երկիրը, ձեռք են զարկում վաճառականության, պանդխտանալով օտար աշպարհում: Նոցա կյանքի շավիղի վերա ևս չկան ծաղիկներ և վարդեր, ամենայն քայլափոխ փու՜շ և տատա՜սկ: Եվ այնտեղ, ուր մարդը պատերազմ ունի չքավորության հետ, որ չգիտե թե վաղը ինչո՜վ պիտի կերակրվի, կամ, ի՞նչպես պիտի դարմանե յուր ընտանիքը, ու՞ր կմնա վերհամբարձ հասկացողությանց և բարոյական կատարելությանց հասնելու ձգտողությունքը:

Նա բոլորովին մեքենայացած, մանում է յուր կյանքի թելը, նորան չէ գգվում մի հրապուրիչ հույս, նա չէ տեսնում յուր ապագայի հորիզոնի վերա մի երջանկության աստղ, նորա ներկան և ապագան խավար է: Նա տանում է յուր կյանքի ծանր խաչը, մինչև որ մի նյութեղեն խաչ տնկվի նորա գերեզմանի վերա:

-Իսկ նորա ընտանի՞քը:

Նորա ընտանիքին սպասում է նույն թշվառությունը, ինչ որ վերևում ասացինք: Նորա պատանի կամ մանուկ որդին, շատ անգամ տասներկու տասնևհինգ տարեկան, հարկադրվում է թողուլ դպրոցը և գնալ ծառայության, որ մի քանի ժամանակից հետո օգնություն կարողանա հասուցանել յուր մորը կամ յուր քույրերին:

Հիմնական և խելացի հնարը փրկության, ուրիշ բան չէ կարող լինել, եթե ոչ դառնալ յուր նախկին կացությունը: Հողը և երկրագործությունը կարող է նորան փրկել:

-Ուրեմն բոլոր ազգը երթա երկրագո՞րծ դառնա, այդ անհնարին մի բան է և չկատարվելու ցանկություն:

Չենք ասում բոլորը, բայց պիտի որ ազգի մեծագույն մասը երկրագործ լինի, իսկ փոքրագույնը՝ երկրագործի դուրս բերած արդյունքը մշակող և վաճառող, որ զուգակշիռը պահվի և աղքատությունը տարագիր գնա:

-Բայց, դուք մոռանում եք, որ Թյուրքիան Եվրոպա չէ: Նա չունի ոչինչ ճանապարհ, ոչինչ հաղորդակցությունք, որ անհրաժեշտ են թե երկրագործին յուր բերքը տանելու մի տեղ, և թե վաճառականին յուր վաճառքը դուրս արձակելու համար:

-Այո՛, ընդունում ենք այդ, բայց դարձյալ կարելի է գործ կատարել: Մի՛թե սակա՞վ տեղեր կան մեծ և փոքր Հայաստանի մեջ, որ մոտ են Սև ծովին և Միջերկրականին երկու, երեք, չորս կամ հինգ օրվա ճանապարհով:

-Հերիք է, որ մի երկու գլխավոր և հարմարավոր տեղերում սկսանի երկրագործությունը. մյուս մասերում, որ թերևս հեռի են ծովից, նույնպես կզարթի:

Վաճառականությունը կլրացնե պակասը:

Մի քանի տարի կա, որ լսում ենք հանապազ մեր վաճառականներից մի կարծիք, թե հարկավոր է աշխատել վաճառականության վերա, որպեսզի ազգը հարստանա:

Երանի՜ թե, ասում ենք մենք. քանզի այն տեսակ վաճառականության մեջ չենք տեսնում, ազգային հարստության սերմը: Եվ մի՞թե կարծում են մեր պատվելի վաճառականք, թե Մենչեստրի, Մարսեյլի կամ այլ եվրոպական քաղաքների հետ առուտուր ունենալը կարելի է անվանել ազգային վաճառականություն, միմիայն այն պատճառով, որ ինքյանք հայ էին: Նոցա վաճառականությունը ազգային չէ՛, և ազգի ընդհանուրի շահի հետ չունի որևիցե վերաբերություն: Այն ժամանակ միայն կարող է երևել ազգային վաճառականությունը, երբ նա, գլխավորապես, հայի առաջ բերած նյութը և արդյունքը վաճառե, այն ժամանակ միայն ազգը օգուտ կքաղե մեր վաճառականների գործառնութենից, երբ սոքա միջնորդ լինին հայոց ընդհանրության և Եվրոպիո մեջ, այն ժամանակ ազգային է վաճառականությունը, երբ նորա խարիսխը դրված է ազգի հիմքի վերա:

Եվ մինչև այս թող հայ վաճառականը հազար տարի ապրանք բերե Եվրոպայից ու վաճառե, կամ որ նույն է, օտարի ապրանքը ուղարկե Եվրոպա, ազգին ո՛չ շահ կա և ո՛չ վնաս, որպես նաև, ո՛չ ազգային վաճառականություն. վաճառականը թերևս ինքը շահվի, դարձյալ ազգին բան չկա: Ի՞նչ կօգնե սորա անհատական հարստությունը միլիոնավոր աղքատների ընդհանուր կարոտության:

Կանգնեցուր, եթե կամիս, նոր սյուներ, բայց եթե հիմքը ուժ չունի, շինվածքը ի՞նչպես կարող է կանգուն մնա:

Հարկավոր է հիմքը նորոգել, կենդանություն տալ նորան, ուժ և զորություն դնել նորա մեջ, որպեսզի կարողանա հաստատ պահել յուր վերա լինելոց շինությունը:

Ինչո՞վ պիտի նորոգենք այս հիմքը. լուսավորությու՞ն տարածելով: Ու՞ր են մեր հնարքը, որ կարողանայինք գործ դնել այս խորհրդով:

Հինգ, տասն հոգի ազգասեր, թերևս կարողության տեր մարդիկ, դնենք թե կամենային զոհել յուրյանց ստացվածքը ազգի օգտին, բայց հինգ, տասն ուժը ի՞նչ կարող է օգնել, ի՞նչպես կարող է դեմ դնել միլիոնավոր ժողովրդի կարոտության: Եվ մի՞թե կարող է արտաքին հոգաբարձությունը լուսավորել և կրթել մի ահագին բազմություն, եթե այդ բազմությունը ինքը չէր դիմում դեպի լուսավորության արևը: Եվ այդ ահագին բազմությունը, որ առավոտը զարթելով պիտի մտածե, թե ի՞նչպես սնանի կամ ի՞նչպես սնուցանե յուր ընտանիքը, որպես թե կարող էր մտածել լուսի կամ խավարի վերա:

Մենք չենք հավատում: Ստրկության մեջ, աղքատության մեջ չկա և չէ կարող լինել լուսավորություն:

Տնտեսական խնդիրը մահու և կյանքի խնդիր է, կրկնում ենք դարձյալ: Եվ անկարելի է հայոց ազգի հիմքը նորոգել, ուժ և զորություն դնել նորա մեջ, քանի որ ազգը, հասարակ ժողովուրդը, կարոտ է օրական հացի, քանի որ նորա տնտեսական խնդիրը կարգի չէ դրվում:

Հայոց հասարակ ժողովուրդը աղքատ է և չունենալով ոչինչ կարողություն հազիվ հազ սերմանում է և հնձում է այնքան, որքան նորա տարեկան ապրուստը, զիարդ և իցե, պիտի կարողանար ապահովել: Նա չէ կարող ավելի ցանել, որովհետև ուժ չունի, և եթե ունենար ևս, դարձյալ ընդունյան, քանզի բնակակից լինելով մի կաթվածահար ժողովրդի, որպիսի է թյուրքը, որի մեջ չկա և հավիտյան չպիտի լինի ոչինչ գործունեություն, երկրագործի ապրանքը կարող էր մնալ նորա ձեռքում, որովհետև չկա այդ ապրանքի վաճառականությունը, չկա մինը, որ ապրանք խնդրե նորանից, ապրանք ապսպարե նորան և եղածը առնու արծաթ վճարելով փոխարեն: Ապա եթե հայ շինականի ձեռքը մի փոքր  դրամ անցանե, եթե նա հույս ունենա, որ յուր աշխատությունը պիտի գնահատվի, եթե նա տեսնե յուր մշակության պտուղը, ո՞չ ապաքեն կրկնապատիկ կսկսե ցանել, կրկնապատիկ հնձել: Ո՞չ ապաքեն դաշտերը կմշակվին և ժողովուրդը մի փոքր ազատ շունչ կառնու:

Բայց խնդիրը այստեղ է, թե ո՞վ տա երկրագործին այն դրամը, որ հարկավոր է նորա լքյալ բազուկները զորացնելու համար:

Վաճառականը, կամ, փոքրիշատե կարողություն տեր մարդը, պատասխանում ենք մեք: Վաճառականը ո՞չ ապաքեն դրամ է տալիս յուր վաճառելի ապրանքը ձեռք բերելու համար: Ո՞չ ապաքեն ունի միքանի փարա, որի շրջանառությամբ ապրում է նա և նորա ընտանիքը: Կարողության տեր մարդը, ո՞չ ապաքեն յուր արծաթը դնում է սեղանավորի մոտ, կամ տալիս է մասնավոր մարդերի տոկոս ստանալու ակնկալությամբ: Վաճառականը, փոխանակ Եվրոպայի ձեռագործքը գնելու և փոխանակ պատահարների ձեռքում խաղալիք դառնալու, կարող է ամենայն վստահությամբ, հում նյութեր առնուլ հայ երկրագործից, ապրանք ապսպարել նորան, մանր մունր գումարներ տալ հառաջուց այս և այն շինականին և հունձից հետո, ապրանք ստանալ փոխարեն: Կարողության տեր մարդը նույն այս ճանապարհով կարող է աճեցնել յուր գումարը: Եվ եթե չկամի նա ապրանքը պահել յուր ձեռքում, մի րոպեի մեջ կամեցավ և ահա պատրաստ են վաճառականք գնել նորա ապրանքը:

Այս ճանապարհով միայն, դրամի շրջանառությունը կմտնե ազգի մեջ, այս ճանապարհով միայն, այզգը կարող է բարվոքել յուր տնտեսական վիճակը, այս ճանապարհով նյութական ուժը կանցանե ազգի ձեռքը. ազգը կզորանա, և երկրագո՛րծը և վաճառականը և կարողության տեր մա՛րդը օրըսօրե կհարստանան: Զուգահեռաբար սորա հետ կլայնանա և նոցա գործունեության ասպարեզը: Եվ որքան ասպարեզը լայնանա, այնքան շանը և հարստությունը կլայնանա, և որքան շահը և գործունեությունը աճի, այնքան և ասպարեզը կտարածվի:

Ի՞նչ է մնում մեզ:

Քարոզել տնտեսական խնդիրը, քարոզել մարդը, քարոզել ազգությունը, միստիկներին գայթակղություն և բռնակալներին սահմանադրություն, իսկ հասարակ ժողովրդին փրկություն:

Միքայել Նալբանդյան

Հայ գրող, բանաստեղծ և հեղափոխական