Կովերի արդյունավետ երկարակեցություն¦ գաղափարը ենթադրում է կովերի երկարատև, հարմարավետ և բարեկեցիկ կյանքը նախրում։ Որպեսզի կովերի կյանքի տևողությունը երկարի, իսկ որակը բարելավվի, անհրաժեշտ է կենդանիների համար անասնաշենքում ստեղծել հարմարավետ պայմաններ, զերծ պահել նրանց անհարկի սթրեսից, ապահովել շուրջօրյա կերով, ինչպես նաև վերացնել հիվանդությունները, ինչպիսիք են կենդանիների կաղությունը, վերարտադրողական խնդիրները, կճղակների հիվանդությունները և այլն։ Կովերին ապահովելով երջանիկ և հարմարավետ կյանքով՝ հնարավոր է բարձրացնել կաթնատվության մակարդակը և մեծացնել կյանքի ընթացքում առավելագույն կաթ ստանալու հնարավորությունը՝ նաև ի հաշիվ լակտացիաների թվի աճի։ Ֆերմերների համար այս առավելություններն ակնհայտ են, սակայն երբեմն նրանք բախվում են այս ամենը գործնականում կիրառելու խնդիրներին։ Հաշվի առնելով միջազգային փորձը, ինչպես նաև ֆերմերներին գործնական գիտելիքներ փոխանցելու անհրաժեշտությունը՝ §Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն¦ (CARD) հիմնադրամը §ԴեԼավալ¦ DeLaval շվեդական ընկերության հետ համատեղ 2015 թվականի հոկտեմբերի 21-22-ը Ծաղկաձորում կազմակերպեց §Կովերի արդյունավետ երկարակեցություն» խորագրով միջազգային համաժողով, որին ներկա էին 90-ից ավելի մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ՈՒկրաինայից, Ղազախստանից, ԼՂՀ-ից, Իսրայելից և Շվեդիայից։ Համաժողովը նվիրված էր կաթնատու նախրի արդյունավետ երկարակեցության և դրա ապահովման գործնական խնդիրներին։
Համաժողովը բացեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Թաթուլ Ստեփանյանը, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Կենտրոնական Ասիա և Անդրկովկասի երկրներում §ԴեԼավալ¦ ընկերության նախագահ Նիկոլայ Տիմոշենկոն, ինչպես նաև CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը։ Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան ոլորտում հայտնի միջազգային փորձագետներ՝ հրավիրված Շվեդիայից, Իսրայելից, Ռուսաստանից և Ուկրաինայից, ինչպես նաև տեղի հայ մասնագետներ։
Համաժողովի ընթացքում քննարկվեցին կովերի արդյունավետ երկարակեցության ապահովման հարցերը Հայաստանի բնակլիմայական յուրահատկությունների համատեքստում։ Քննարկվող հարցերից էին կովերի հարմարավետության բարձրացումը, ջերմային սթրեսի կառավարման անհրաժեշտությունը, կենդանիների արդյունավետ կառավարման խնդիրները արտադրական շղթայի տարբեր փուլերում, վերարտադրության գործնական խնդիրները և կաթնատու նախրի կճղակների առողջությունը։
Խոսնակներից Լիոր Յարոնը Իսրայելից, ով հեղինակել է կաթի արտադրության, անասնապահական համալիրի նախագծման և կերակրման կառավարման մասին մի շարք հրապարակումներ և գրքեր, անդրադառնալով Հայաստանում կենդանիների պահվածքի հետ կապված խնդիրներին, նշեց. §Հիմնական խնդիրները, որոնց բախվում են ամբողջ աշխարհում, հանդիպում են նաև Հայաստանում։ Իրականում, անհրաժեշտ է նախևառաջ հստակեցնել հետևյալ հիմնական քայլերը՝ կենդանիների կերակրումը, կիթը և կովերի հարմարավետությունը։ Նմանատիպ պարզ միջոցներ ձեռնարկելով՝ կարող ենք մեծապես բարելավել յուրաքանչյուր ֆերմայում իրականացվող աշխատանքները հատկապես այն շրջաններում, որտեղ այդ աշխատանքները մեծ արագությամբ են զարգանում։ Ես Հայաստանում բավականաչափ ներուժ եմ տեսնում։ Այստեղ բնակլիմայական պայմանները բավականին բարենպաստ են, ուստի եթե ի սկզբանե հստակ սահմանեք կերակրման ժամը, սիլոսի քանակը, կովերին կառավարելու տեխնիկան, ինչպես նաև կարողանաք հասկանալ կովերի ազդանշանները և, որ ամենակարևորն է, այս ամենը ճիշտ կիրառեք, ապա մեծ արդյունքների կհասնեք¦։
ԴեԼավալ¦ ընկերության կաթի արտադրության բաժնի հետազոտությունների գծով տնօրեն Շառլոտա Սանդգրենը, խոսելով համաժողովի մասին, նշեց. §Համաժողովում ինձ ամենից շատ դուր եկավ այն, որ մեծ ուշադրություն էր դարձվում նախրի ամենից խոցելի խմբերի՝ հորթերի և անցումային շրջանի կովերի խնդիրներին։ Ես դա անչափ կարևորում եմ, քանի որ այս փուլում գտնվող կովերն ու հորթերն են ապահովում նախրի շահույթը և կայունությունը¦։ Շառլոտա Սանդգրենն անդրադարձավ նաև Հայաստանում կաթնատվության բարձրացման խնդրին. §Առատ կաթ ստանալու առաջին նախապայմանը բարձր արտադրողականություն ունեցող և դիմացկուն կովերի ձեռքբերումն է, որից հետո անհրաժեշտ է բարելավել սիլոսի քանակը և մշտապես ուշադրության կենտրոնում պահել հորթերին և անցումային շրջանի կովերին¦։