-Պարո՛ն Թովմասյան, ներկայում որքանո՞վ է արդիական արոտների պահպանության հիմնահարցը։
– Արոտների պահպանությունն իսկապես մերօրյա կարևորագույն խնդիրներից է թե՛ գյուղատնտեսական, թե՛բնապահպանական տեսանկյունից: Որպես բնական ռեսուրս` արոտները տնտեսական առանձնահատուկ նշանակություն և կարևորություն ունեն անասնապահության ոլորտի համար արոտային ժամանակահատվածում կերապահովման խնդրի լուծման առումով։ Էկոլոգիական համակարգերի տեսանկյունից արոտներն առավել կարևորվում են որպես բնական միջավայր, որտեղ օրինաչափ զարգացում է ապրում ընդհանուր կենսաբազմազանությունը, այդ թվում նաև մշակաբույսերի վայրի ցեղակիցները՝ հանդիսանալով հարուստ գենետիկ ռեսուրս: Որպես ասիմիլացնող տարածքներ` արոտային համակեցություններն էկոլոգիական չափազանց մեծ դերակատարում ունեն նաև ածխածնային կլանումների ապահովման առումով, ինչը համերկրային խնդիր է դարձել` կլիմայի փոփոխության ներկա զարգացումներով պայմանավորված: Արոտների պահպանության խնդիրը բոլոր ժամանակներում էլ արդիական է եղել, և առավելապես պայմանավորված է ճիշտ և արդյունավետ կառավարումով: Անխնա և ոչ ճիշտ օգտագործումը, ինչը, որպես կանոն, արտահայտվում է անկանոն և անժամկետ գերարածեցումների տեսքով, կազմալուծում և դեգրադացնում է արոտային տարածքները՝ վտանգելով կենսաբազմազանության օրինաչափ զարգացումը, առաջ բերելով լանդշաֆտային հողերի էռոզացման գործընթացներ, նպաստելով անապատացման երևույթների զարգացմանը: Թերի օգտագործումը կամ ընդհանրապես չօգտագործումը տնտեսական առումով ժամանակի ընթացքում նույնպես բացասաբար են անդրադառնում արոտային համակեցությունների որակական կազմի և արտադրողականության վրա: Բացի այն, որ չօգտագործվող տարածքներում ամեն տարի հարյուրավոր տոննա բուսական սպիտակուց մնում է ձյան տակ և մսի, կաթի չի վերածվում, միևնույն ժամանակ բնապահպանական տեսակետից սա ևս լուրջ խնդիր է: Այս գործընթացն առաջ է բերում արոտային տարածքների բնական ընթացքով դեգրադացիայի, ինչն առավելապես պայմանավորված է հողի մակերեսին մնացորդային` չօգտագործված բուսազանգվածի գերկուտակումներով։ Ներկայում ՀՀ-ի բարձրադիր լանդշաֆտային գոտիներում բավականին շատ են չօգտագործվող արոտային տարածքները, որտեղ զգալի քանակությամբ արոտակեր ամեն տարի պարզապես մնում է ձյան տակ: Տարիների ընթացքում հողի մակերեսին կուտակվող այդ կիսաքայքայված օրգանական զանգվածի շերտը կրճատում է հողի մեջ օդաթափանցելիությունը, խախտում է աերացիան՝ նպաստելով կերային հանդակների ծերացման և այլասերման։ Բնության մեջ դա անխուսափելի երևույթ է։ Այս երևույթով պայմանավորված` բնական կերային հանդակները էվոլյուցիոն գործընթացում զարգացման պարտադիր երեք շրջան են անցնում՝ երիտասարդական, հասունացման և ծերացման։ Զարգացման այս շրջանների բնականոն ընթացքի դեպքում արդեն ժամանակն է ցույց տալիս, թե էվոլյուցիայի ընթացքում որքան տեսակներ կվերանան կամ տեսակներից ինչ ենթատեսակներ կձևավորեն։ Բնականաբար, այս երևույթը մեզանում՝ կոնկրետ ՀՀ-ում, այժմ լուրջ խնդիր է դարձել։ Ինչու՞, քանի որ Հայաստանի արոտների զգալի հատվածները հեռագնա են, և այսօր շատ դեպքերում շարքային ֆերմերը որքան էլ ցանկանա օգտագործել այդ տարածքները, տեխնիկատնտեսական տեսակետից դա ոչ նպատակարմար է և քիչ հասանելի՝ պայմանավորված նաև հեռագնա արոտօգտագործում կազմակերպելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների քայքայված վիճակով կամ բացակայությամբ։ Նախկինում՝ Խորհրդային միության ժամանակահատվածում, այդ խնդիրը հիմնականում լուծված էր, որովհետև Հայաստանում և ընդհանրապես Կովկասի տարածաշրջանում գործում էր արոտների կառավարման երկզոնային համակարգ, որի դեպքում ամառային ժամանակահատվածում հեռագնա արոտները, որ յայլա տեղեր կամ սարատեղեր էին կոչվում, ուր ձևավորված էին նաև հեռագնա արոտօգտագործում իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, պարտադիր օգտագործվում էին հիմնականում պետական տնտեսությունների անասնագլխի սեզոնային կերապահովումը կազմակերպելու համար: Իսկ համայնքամերձ հատվածի արոտները թողնում էին համայնքի, այսինքն՝մասնավոր հատվածի անասունների արոտային կերապահովումը կազմակերպելու համար:Արոտային շրջանն ու արոտների բեռնավորման նորմը կարգավորում էին այս ձևով։ Իր թերություններով հանդերձ այն կայացած մոդել էր։ Մեզանում հիմա երկուսն էլ կիրառելի են, սակայն երկուսի դեպքում էլ կան բազմաթիվ թերություններ։ Համայնքամերձ հատվածի արոտները հիմնականում անասնագլխով գերբեռնված են, այսինքն` գերօգտագործվում են, իսկ հեռագնա արոտները թերի են օգտագործվում կամ ընդհանրապես չեն օգտագործվում։ Այսինքն` առաջանում է երկու խնդիր: Մի դեպքում ցանկացած բնական գոտու գյուղամերձ հատվածների մոտակա արոտներում իրականացվող գերարածեցման հետևանքով բուսածածկի կրճատման արդյունքում ամառվա երկրորդ կեսից ակնհայտ է կենդանիների թերսնումը, ինչի հետևանքով նկատվում է մթերատվության կտրուկ անկում, մասնավորապես՝ կաթնատվության հետ կապված խնդիրներ։ Մյուս դեպքում զգալի քանակությամբ կերային պաշարներ հեռագնա արոտներում չեն օգտագործվում՝ հասանելիության խնդիրներով պայմանավորված։ Երկու դեպքում էլ արոտներում դեգրադացման գործընթացներն անխուսափելի են: Ներկայում հեռագնա արոտները օգտագործվում են լավագույն դեպքում 25-35%-ով, հիմնականում միջին և խոշոր ֆերմերային տնտեսությունների կողմից: Եթե համայնքում բտման կենդանիներ կան, տնային տնտեսությունները նախիրներ են կազմում, հիմնականում ցլիկներից և երինջներից, և ամառային ժամանակահատվածում ուղարկում են նաև հեռագնա արոտներ, սակայն շատ սահմանափակ քանակով։ Վերջին տարիներին իմ ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ կան հեռագնա արոտներ, որտեղ շուրջ 20-25 տարի ընտանի կենդանիների մուտք ընդհանրապես չի եղել։ Երբ քայլում ես այդ տարածքներում, թվում է, թե սպունգի վրա ես։ Այսինքն` հողի մակերեսին զգալի է կիսաքայքայված օրգանական զանգվածի գերկուտակումը: Ամեն տարի այս տարածքներում ձևավորվում է բավականին փարթամ բուսածածկ, աշնանը՝չօգտագործված այս վերգետնյա վեգետատիվ զանգվածը մահանում և մնում է հողի վրա, և մինչև գարուն`հաջորդ վեգետացիայի սկիզբը, չի կարող քայքայվել (մենք`մասնագետներս, մնացորդային այդ զանգվածը հնուկ ենք անվանում)։ Բնականաբար, այդ կիսաքայքայված օրգանական զանգվածը, տարիներ շարունակ կուտակվելով հողի մակերեսին, առաջացնում է մի շերտ, որը խոնավություն է կուտակում իր մեջ և դառնում է հողի մեջ օդաթափանցելիության նվազման պատճառ։ Իսկ նվազ օդաթափանցելիության պայմաններում հիմնականում վտանգվում են լավորակ կերաբույսերի տեսակները՝ կոճղարմատավոր կամ ցանցառաթփային բույսերը։ Այս երևույթի տևականությունը ժամանակի ընթացքում նպաստում է լավորակ այդ տեսակների՝բուսածածկից դուրս մղվելուն, դրանց փոխարինում են այդ պայմաններին հարմարվող ուրիշ տեսակներ՝ խտաթփայիններ, որոնք կերային առումով համարվում են վատորակ և քիչ ուտելի բույսեր: Նման բույսերի ի հայտ գալով արոտային համակեցությունն անցնում է զարգացման խտաթփային` ծերացման շրջան և դեգրադացվում է։ Բացասական այս երևույթը բնական եղանակով ինքնակարգավորվում է նվազագույնը 50 տարում, երբ նոսրացող բուսածածկով լանդշաֆտում ակտիվանում են հետադարձ միկրոկենսաբանական, անաերոբ և աերոբ քայքայման գործընթացները։ Կիսաքայքայված կուտակված օրգանական զանգվածն աստիճանաբար քայքայվում և ներծծվում է հողի մեջ՝ հարստացնելով հումուսային շերտը: Երբ աերացիան սկսում է բարելավվել, այս վատորակ խտաթփային տեսակները, հետզարգացում ապրելով, դուրս են մղվում՝աստիճանաբար փոխարինվելով լավորակ տեսակներով։ Բնական այս գործընթացն ապահովում է էվոլյուցիոն-կենսաբանական մեկ ցիկլ, որը տևում է 50-100 տարի։ Այդ ժամանակահատվածում, էվոլյուցիոն գործնթացներով պայմանավորված,հնարավոր է, որ շատ տեսակներ վերանան և որպես գենետիկ ռեսուրս` այլևս գոյություն չունենան։ Սա բնական ընթացքով բավականին բացասական գործընթաց է, քանի որ հատկապես մեր ժամանակներում, կապված կլիմայի փոփոխության և համերկրային գերտաքացումների հետ, մարդածին և բնական այս երևույթները շրջակա միջավայրում ձևավորում են խիստ բացասական հետևանքներ, որոնք հանգեցնում են էկոլոգիական խնդիրների, մասնավորապես կենսաբազմազանության վտանգման, կրճատման, աստիճանական բուսազրկումով տարածքների լերկացման՝ձևավորելով նախադրյալներ անապատացման երևույթների զարգացման համար։
Խորհրդային միության ժամանակաշրջանում, մնացորդային հնուկի կուտակումով դեգրադացված կերային հանդակներում աերացիան կարգավորելու համար կատարում էին տարածքի փոցխումներ, իսկ առավել ռելիեֆային և քարքարոտ արոտները հրդեհում էին: Որպես տեխնոլոգիա` հրդեհումն ընդունված էր աշխարհի շատ երկրներում: Ներկայում, կենսաբազմազանության պահպանմամբ պայմանավորված, բնական կերային հանդակների հրդեհումն օրենքով սահմանված կարգով արգելված է նաև ՀՀ-ում: Մեր իրականության մեջ այդ սովորույթը որոշ տարածաշրջաններում դեռևս պահպանվում է, հատկապես հյուսիս-արևելյան գոտում և Սյունիքի մարզի տարածաշրջաններում: Պետք է իմանալ, որ բնական կերային հանդակի աշնանային հրդեհումն իր հետ մեծ ռիսկեր է բերում. նախևառաջ վտանգվում է ընդհանուր կենսաբազմազանությունը, որովհետև վեգետացիայի ավարտին սերմերով բազմացող յուրաքանչյուր տեսակ գոյության շարունակականությունն ապահովելու համար միջավայրում թողնում է սերմ, իսկ հրդեհումով այն վերացվում է։ Սրան գումարվում է նաև կենդանական աշխարհը՝ սկսած միկրոօրգանիզմներից, միջատներից մինչև մկնանման կրծողները, որոնք թեպետ շատ դեպքերում իրենց բացասական գործունեությանը, այնուամենայնիվ շղթայի բաղկացուցիչ մաս են կազմում։ Աշնանը հրդեհված թեք լանջերում մնացորդային խոզանի և հնուկի բացակայությունն ազդում է ձմեռային ժամանակահատվածում կայուն ձնաշերտի ձևավորման վրա, քանի որ քամին քշում-տանում է ձյան շերտը։ Դրան գումարած` վաղ գարնանը, երբ ձնհալը սկսվում է, խոզանի և հնուկի բացակայությունը ռելիեֆային լանդշաֆտներում նպաստում է մակերևութային հոսքերի արագընթաց դառնալուն և սելավների ձևավորմանը, ինչի արդյունքում զարգանում է հողատարումը` ջրային էրոզիան։ Բնական ընթացքով մեկ սանտիմետր հողաշերտ առաջանում է 100 տարվա ընթացքում, ինչը ոչ ճիշտ կառավարման արդյունքում կարելի է մեկ վեգետացիայի ընթացքում կամ մեկ սեզոնում ուղղակի վերացնել։ Բնականաբար, նկատի ունենալով առկա և հնարավոր բնապահպանական խնդիրներն ու մարտահրավերները, որ ձևավորվում են արոտների տարերային, անկանոն և ոչ ճիշտ կառավարման արդյունքում՝ գտնում եմ, որ արոտների պահպանության հիմնահարցը ներկայում առավել արդիական է դարձել, ուստի արոտների կառավարման և պահպանության քաղաքականությանը վերաբերող հարցերում մեր երկրում նույնպես պետք է կշռադատված և հեռանկարային որոշումներ կայացվեն:
– Արդյո՞ք արոտների օգտագործման օպտիմալ կառավարման մեխանիզմներն օրենքով են սահմանվում Հայաստանում:Ի՞նչ հիմունքներով է դա կատարվում։
-2010 և 2011 թթ.-ին ՀՀ կառավարության կողմից որոշումներ ընդունվեցին ՀՀ-ում արոտների և խոտհարքերի օգտագործման կարգ սահմանելու վերաբերյալ։ Մշակվեցին չափորոշիչներ, ըստ որոնց սահմանվեցին արոտներում անասնագլխի թույլատրելի բեռնավորման նորմերն ըստ լանդշաֆտային գոտիների՝ սկսած կիսաանապատայինից մինչև բարձր լեռնային գոտիները, ինչպես նաև բուսածածկի բարձրության թույլատրելի օգտագործման շեմերը, օգտագործման հստակ ժամկետներն ու կարգը: Այնուամենայնիվ, ընդունված այդ որոշումների հիմքում ընկած էր ոչ թե փաստացի մոնիտորինգի արդյունքում ձևավորված իրատեսական տեղեկատվություն, այլ բազմամյա միջին տվյալների համադրման արդյունքում ուղղակիորեն մշակված նորմեր և կարգ: Այդ որոշումներով սահմանված ընթացակարգերը դեռևս լայնածավալ կիրառություն չեն ստացել։ Նախ, պատշաճ մակարդակով ծանուցված չեն տեղական ինքնակառավարման մարմինները, և այդ կարգով սահմանված գործառույթները դեռևս մասամբ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում։
Արոտների կառավարման ոլորտում արոտավայրերի էկոլոգիական վիճակի վերաբերյալ առաջնային, հիմնավոր տեղեկատվություն ստանալու և այդ տեղեկատվության հիման վրա արոտներում անասնագլխով թույլատրելի բեռնավորման իրատեսական նորմեր սահմանելու նպատակով 2014թ․-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կենսաբազմազանության կայուն կառավարում. Հարավային Կովկաս» ծրագրի շրջանակներում մշակվեց Հայաստանի արոտներում մշտադիտարկումներ իրականացնելու նոր ընթացակարգ, որի ստեղծման հիմնական նպատակն էր օժանդակել ՀՀ կառավարությանը արոտների կառավարման վերաբերյալ ընդունված որոշումներում:
Տարածաշրջանային նշանակության այս ծրագրի շրջանակներում ընդգրկվելով որպես փորձագետ՝ ես մշակեցի Հայաստանի արոտավայրերում մոնիտորինիգի իրականացման նոր մեթոդաբանություն՝«Արոտավայրերի մշտադիտարկման ձեռնարկ. Հայաստան»` հիմնված նաև նորագույն տեխնոլոգիաների վրա։ Մշտադիտարկման մշակված նոր մոդելը 2014-2015 թվականների ընթացքում GIZ-ի և SDA-ի (Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ) համատեղ ծրագրով փորձարկվեց Սիսիանի տարածաշրջանի 24 գյուղական համայնքների արոտների առաջնային գնահատման աշխատանքներում: Շատ լավ և իրատեսական արդյունքներ ունեցանք, այնքան լավ, որ մոդելը առաջարկվեց նաև հարևան Վրաստանի հանրապետությունում արոտների մշտադիտարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ 2015թ․-ին արոտների մշտադիտարկման նոր մեթոդը ներկայացվեց ոլորտը կանոնակարգող պետական գերատեսչություններին` նախարարություններին, և ընդունվեց որպես մոդել արոտավայրերում գնահատումներ և մշտադիտարկում իրականացնելու համար։
Արոտի կառավարում ասելով` պետք չէ հասկանալ միայն օգտագործում։ Ցանկացած եղանակով արոտօգտագործումը նաև պետք է ենթադրի արոտային ռեսուրսի պահպանություն։ Քանի որ խոսքը վերաբերում է բնական ռեսուրսին, ուստի վերջինս պետք է այնպես օգտագործել, որ ունենա վերականգնվելու հնարավորություն և անսպառ մնա։ Եթե տեղական ինքնակառավարման մարմինը չտիրապետի արոտների արտադրողականության ցուցանիշներին ու առկա անասնագլխի արոտային ժամանակահատվածի կերի պահանջին, չի կարող հասկանալ` արդյոք առկա արոտներն իրականում բավարարում են համայնքի անասնագլխի արոտակերի պահանջը, թե ոչ։ Եթե համայնքը բավարար քանակությամբ արոտներ չունի, պետք է վարձակալությամբ այլ համայնքից օգտագործի տարածքներ։ Մշակվել և ներկայացված են նաև վարձակալական պայմանագրերի օրինակելի ձևեր, որոնց գործածությամբ պետք է առաջնորդվի համայնքը կամ շարքային արոտ օգտագործողը, քանզի առանց պայմանագրային պարտավորությունների նորմավորված կառավարում գրեթե հնարավոր չէ։ Ներկայում այդ գործընթացները Հանրապետությունում բավականին լավ ընթացքի մեջ են, կիրառման հետ կապված ունենք լուրջ փորձ։ Քիչ թե շատ մշակույթ արդեն ձևավորվել է այս ոլորտում, և կարևորն այն է, որ արոտներում մշտադիտարկում անցկացնելու կարգի և կառավարման արդյունավետ ընթացակարգերով արոտօգտագործման պլանի մշակման գործառույթներն ուսուցանվեն տեղական ինքնակառավարման մարմիններին և արոտ օգտագործողներին, որպեսզի վերջիններս տիրապետեն և հասկանան այս գործառույթների էությունն ու նշանակությունը, իսկ կիրառության ընթացքում գիտակցեն արդյունավետ և կայուն արոտօգտագործման օգտավետությունը։ Մենք փորձեր արեցինք Սյունիքի մարզում՝ Սիսիանի տարածաշրջանի մի շարք համայնքներում՝ դիտարկելով կաթնատվության ցուցանիշների փոփոխման հնարավորությունները: Արդյունքում մեկ արոտային ժամանակահատվածում 15-17 տոկոս աճ գրանցվեց: Նույն համայնքի պայմաններում փորձ էինք արել երկու նախիրների հետ՝ ավանդական պահվածքով և կայուն արոտօգտագործման կարգ կիրառելով։ Ավանդական` ազատ պահվածքով նախրի դեպքում, հունիսի վերջից սկսած, կենդանիների թերսնումն ակնհայտ էր։ Մեր մշակած մոդելով արոտօգտագործման դեպքում կենդանին քաղցի նշաններ գրեթե ցույց չէր տալիս։ Բացի այդ, մենք այս գործընթացում երկու կարևորագույն խնդիր ենք դիտարկում․նախ կայուն արոտօգտագործմամբ անասնագլխի կերապահովման խնդիրն ենք լուծում՝ ապահովելով նաև մթերատու ցուցանիշների ավելացում, երկրորդ, կրճատվում են տարերային անասնապահության վարումով ձևավորվող բնապահպանական ռիսկերն ու խնդիրները արոտային տարածքներում:
Ներկայում, ՀՀ-ում արոտների կառավարման ոլորտը կանոնակարգվում է ՀՀ կառավարության կողմից 2011թ․-ին ընդունված թիվ 1477 որոշումով /ՀՀ-ում արոտների և խոտհարքերի օգտագործման կարգը/ սահմանված ընթացակարգով, որի գործարկման հիմնական նպատակը արդյունավետ և հիմնավորված կառավարման գործառույթների իրականացումով բնական կերային հանդակների պահպանության ապահովումն է:
–Հոլանդացի մասնագետները մեր գրասենյակում մի օր նշեցին, որ կաթնատվության մեջ կերարտադրությունը 50% է կազմում։ Գենետիկան կազմում է 20%, 10%-ըկազմում է անասնաբուժությունը, 10%-ը՝ տարածքի կազմակերպումը։ Այսինքն` 50%-ը հենց կերարտադրության հետ է կապված։ -Միանշանակ ընդունում եմ այդ դիտարկումը։ Գիտականորեն հիմնավորված և ապացուցված է, որ անասնաբուծության ոլորտում ձևավորվող արտադրանքի` մասնավորապես կաթի քանակական և որակական ցուցանիշները հիմնականում պայմանավորված են որակյալ կերի բազայով և կերակրման անհրաժեշտ նորմաների ապահովմամբ: Աշխարհում ընդունված կարգ է, որ տավարաբուծության ոլորտում կաթնատվության բարձր ցուցանիշներ ապահովելու գործում առաջնահերթ նշանակություն պետք է տալ պահանջվող չափաբաժիններով և որակյալ կերերով կերապահովման խնդիրների լուծմանը: Զարգացած շատ երկրներում, որտեղ տնտեսության մեջ անասնաբուծական ոլորտը կարևոր դերակատարություն և նշանակություն ունի, կերարտադրության և կերապահովման խնդիրները վաղուց լուծված են՝ անկախ տվյալ երկրի բնակլիմայական պայմաններից և հողային ռեսուրսներից: Օրինակ, Իսրայելում կաթնային տավարաբուծության ոլորտում 1 գլուխ կովի միջին կաթնատվության ցուցանիշը տարեկան կտրվածքով կազմում է 10000-12000լ, այն դեպքում, որ այդ երկրում բնական կերային ռեսուրսներ գրեթե չկան, և կերերի ապահովումն ու արտադրությունը հիմնականում հիմնված են հարևան երկրներից կերերի ներկրման և մասամբ սեփական դաշտավարական ոլորտից ձևավորվող արտադրանքի վրա: Եվրոպական շատ երկրներում կաթնային տավարաբուծության ոլորտում մեծ նշանակություն են տալիս դաշտավարական կերարտադրության կազմակերպմանը, որտեղ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովում են տարբեր տիպի բարձրորակ կերերի արտադրության կազմակերպումը և կերապահովման գործում առաջնահերթ նշանակությունը տալիս են կերի էներգետիկ արժեքին և մարսելիության ցուցանիշներին: Նույնիսկ արոտային ժամանակահատվածի կերապահովումն այդ երկրներում առավելապես կազմակերպվում է բարձր արդյունավետությամբ արհեստական ցանովի մարգագետիններում: ՀՀ-ում կաթնային տավարաբուծության ոլորտում ձևավորվող միջին ցուցանիշները դեռևս շատ հեռու են զարգացած երկրների նույնատիպ ցուցանիշներից։ Խնդիրը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնց մեջ էական դերակատարություն ունի կերարտադրության ոլորտը: Նորանկախ պետականության այս ժամանակահատվածում Հայաստանում դաշտավարական ոլորտը` մասնավորապես դաշտային կերարտադրությունը, էականորեն հետզարգացում ապրեց: Պայմանավորված առկա սոցիալ-տնտեսական խնդիրներով` հանրապետության գրեթե բոլոր մարզերում վարելահողերի գերակշիռ մասը չի մշակվում: Մշակվող ցանքատարածքներից դուրս են մնացել միամյա և բազմամյա շատ կերաբույսեր, որոնցից ստացվող արտադրանքի վրա հիմնված էր մսուրային ժամանակահատվածի որակյալ կերերով կերապահովումը: Սրա արդյունքում հանրապետությունում անասնապահության ոլորտին անհրաժեշտ որակյալ կերերի ստացումը լուրջ խնդիր է դարձել: Այժմ մսուրային և արոտային ժամանակահատվածների կերապահովումը հիմնականում պայմանավորված է բնական կերային հանդակների օգտագործումով: Գյուղական համայնքներում տարվա կտրվածքով անհրաժեշտ կերերի հիմնական մասը` մոտ 75-80 տոկոսը (խոտը և արոտականաչը միասին հաշված), ներկայում ստացվում է բնական կերային հանդակներից: Մսուրային ժամանակահատվածի կերի բազան հիմնականում բաղկացած է կոպիտ ծավալային կերերից, մասնավորապես օգտագործվում է մարգագետնային խոտն ու հացազգիների ծղոտը, մասամբ նաև ցանովի բազմամյա խոտաբույսերի խոտը: Հյութալի, համակցված, խտացված և պահածոյացված կերեր հիմնականում չեն օգտագործվում: Նմանատիպ կերեր օգտագործվում են միայն խոշոր ֆերմերային տնտեսություններում, որտեղ կերարտադրության ոլորտը որոշակի զարգացում է գրանցել: Բնականաբար, գյուղական համայնքներում նման աղքատ կերերով կերակրման արդյունքում նույնիսկ գենետիկ բարձր հատկանիշներով օժտված տոհմային կենդանին հազիվ կենսապահ էներգիա կարող է ստանալ, և բնականաբար մթերատու(մասնավորապես կաթնատու) ցուցանիշները ստացվում են ցածր: Գյուղական համայնքներում կաթնատվության ցուցանիշներն անհամեմատ բարձր են ստացվում արոտային ժամանակահատվածում, հատկապես վաղ ամառային ժամանակահատվածում, երբ թարմ արոտականաչի բավարար քանակության պարագայում կենդանին ստանում է պահանջվող սննդատարրերն ու կերային միավորը: Այդ ժամանակահատվածում կաթնատվության ցուցանիշներն էականորեն բարձրանում են: Խնդիրը հիմնականում պայմանավորված է թարմ արոտականաչի որակական ցուցանիշներով և մարսելիությամբ, ինչպես նաև միջավայրի բնական պայմաններով: Որպես կանոն արոտային պահվածքով կենդանիներն արոտականաչի միջոցով ստանում են տարեկան կտրվածքով անհրաժեշտ կերային միավորների պահանջի ավելի քան 60 տոկոսն ու մարսելի սպիտակուցի մինչև 70 տոկոսը: Այս հանգամանքով է պայմանավորված տավարի կաթնատվության ցուցանիշների էական բարձրացումն արոտային ժամանակահատվածում: Ներկայում,արոտային ժամանակահատվածի ոչ կանոնավոր կազմակերպմամբ և վարմամբ պայմանավորված, ամռան երկրորդ կեսից սկսած` կաթնատվության ցուցանիշները կտրուկ նվազում են, այսինքն՝արոտից դուրս եկող տավարի մոտ գրանցվում է թերսնում, ինչի պարագայում հիմնականում բավարարվում է կենդանու կենսապահ էներգիան միայն:
-Մարզային մակարդակով կա՞ն մասնագետներ, ովքեր կարող են մասնագիտական խորհրդատվություն տրամադրել գյուղացիներին կամ խոշոր ֆերմերներին: Մյուս կողմից, մարզային մակարդակով կա՞ն արդյոք տեսչական մարմիններ, որոնք արոտները սխալ օգտագործող ֆերմերներին պատասխանատվության կենթարկեն:
-Որպես կանոն, մարզերում կան նման օղակներ, այլ հարց է, թե որքանով են այդ մարմիններն ուշադրություն հատկացնում այս ոլորտին: Բոլոր մարզերում և մարզային կառույցներում կան բնապահպանության և գյուղատնտեսության բաժիններ, որոնք ի պաշտոնե և ելնելով իրենց գործառույթներից՝ պարտադիր կարգով պետք է ուշադրություն դարձնեն նաև արոտների կառավարման ոլորտին: Դրանից բացի, կան և գործում են գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնները` ԳԱՄԿ-ները և Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակում ձևավորված Մարզային աջակցության թիմերը` ՄԱԹ-եր: ՄԱԹ-երն առավելապես իրականացնում են մարզի մակարդակով շահառու համայնքներում ծրագրի բաղադրիչներով իրականացվող գործառույթների իրականացման վերահսկողությունն ու կանոնակարգումը: ԳԱՄԿ–ների հիմնական գործառույթը գյուղական համայնքներում խորհրդատվության իրականացնումն է ֆերմերների շրջանում գյուղատնտեսության վարման վերաբերյալ, ինչը ներկայում առավելապես ուղղված է դաշտավարության, պտղաբուծության և այգեգործության ոլորտներին: Մեր դիտարկումներով, որպես կանոն, արոտների և խոտհարքերի կառավարման վերաբերյալ գրեթե ոչ մի խորհրդատվական կամ ուսուցողական գործառույթ չի իրականացվում այս մարմինների կողմից: Մասնագիտացված այս մարմինները, նաև որպես ոլորտի պատասխանատուներ, մարզի և համայնքների մակարդակով ժամանակ առ ժամանակ պետք է վերլուծություններ իրականացնեն գյուղատնտեսության ոլորտում, գնահատեն վիճակը և խորհրդատվություն ներկայացնեն ՏԻՄ-երին և ֆերմերներին նաև բնական կերային հանդակների արդյունավետ օգտագործման և կառավարման վերաբերյալ: Կառավարության` 2010-2011 թթ.-ի համապատասխան որոշումներով սահմանված ընթացակարգերն արոտների և խոտհարքերի կառավարման ոլորտում համայնքներում իրականացնելու գործում մեծ անելիքներ ունեն նաև այս մարմինները: Վերջիններս այս գործառույթը ներկայում գրեթե չեն իրականացնում: Եթե անասնապահության և արոտների կառավարման բաղադրիչի շրջանակներում տարբեր ծրագրերով մարզային մակարդակով ուսուցումներ են կազմակերպվում, մենք ներգրավում ենք ոչ միայն համայնքների ղեկավարներին ու արոտ օգտագործող ֆերմերներին, այլ նաև մարզային աջակցման թիմերի ներկայացուցիչներին, նույնիսկ մարզպետարանների և ԳԱՄԿ-ների մասնագետներին: Մասնագիտական ուսուցումների ընթացքում ներկայացնում ենք խնդիրները, դրանց պարզաբանման և լուծման եղանակները, անգամ բարձրաձայնում ենք կառավարության համապատասխան որոշումով ամրագրված ընթացակարգի պահանջը և այդ որոշման կատարման օղակներն ու հնարավորությունները: Արոտներում մշտադիտարկում և գնահատումներ իրականացնելու կարգի, ինչպես նաև կառավարման արդյունավետ գործառույթների վերաբերյալ ԳԱՄԿ-ների մասնագիտական կազմը վերապատրաստման մեծ կարիք ունի, ինչի լրացումով կձևավորվեն մասնագիտական կարողություններ ՏԻ մարմիններին և ֆերմերային տնտեսություններին պատշաճ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու և խորհրդատվություն տրամադրելու գործում: Կարծում եմ, որ ոլորտը կանոնակարգող պետական գերատեսչություններն այս խնդրի լուծման վերաբերյալ պետք է գործուն միջամտություն ցուցաբերեն և որոշումներ կայացնեն: Անկեղծ ասած` ոլորտի հետ կապված մենք լուրջ բացթողումներ և թերացումներ ունենք: Ոլորտում առկա մի շարք խնդիրներ ժամանակի ընթացքում գնալով խորանում են և լուծումներ ստանում միայն լոկալ մակարդակներում։
Համայնքի մակարդակով արոտների կառավարման գործում որպես վերահսկող մարմին օրենքով սահմանված կարգով պարտավորություններ կրողը գյուղապետարանն է, քանի, որ համայնքային և պետական սեփականությամբ արոտային տարածքների տնօրինումը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է գյուղապետարանը: Իսկ մարզի շրջանակներում որպես տեսչական մարմին հանդես է գալիս մարզային գյուղատնտեսության և բնապահպանության բաժինը, որի գործառույթներում ներառված են նաև շրջակա միջավայրի պահպանության կանոնակարգումը` օրենքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև արոտների կառավարման կազմակերպումը` կառավարության որոշումով հաստատած կարգին համապատասխան:
-Շվեյցարիայում մեր գործընկերները մեզ պատմեցին, որ այն ֆերմերային տնտեսությունները, որոնք իրենց կենդանիներին տանում են հեռագնա արոտներ, մեկ գլխի հաշվով որոշակի չափով սուբսիդիա են ստանում: Սա, իհարկե, կապված է լրացուցիչ ծախսերի և ռիսկերի հետ, սակայն նաև լուծում է հեռագնա արոտների չօգտագործման հարցը: Մեխանիզմն աշխատեցնելու համար մի կողմից անհրաժեշտ է շահագրգիռ կողմը, մյուս կողմից էլ՝ խիստ վերահսկողություն: Համաձայ՞ն եք:
-Միանշանակ: Իմ կարծիքով, առաջին հերթին պետք է լինի շահագրգռվածություն: Սա, նախևառաջ, կապահովի հեռագնա արոտների օգտագործում, ինչի դեպքում անհրաժեշտ է ապահովել և՛ պատասխանատվություն, և՛ վերահսկողություն: Մեր դեպքում հեռագնա արոտների օգտագործումը շահագրգռելու համար ֆերմերային տնտեսություններին օժանդակելու լավագույն տարբերակը հեռագնա արոտներում սեզոնային արոտօգտագործում կազմակերպելուն անհրաժեշտ ճամբարային ենթակառուցվածքների` ծածկով և բաց մակաղատեղերի, ջրելատեղերի, կացարանների և կիթի կազմակերպման հնարավորությունների ստեղծումն է, ինչպես նաև արոտ տանող ճանապարհների բարեկարգումը, ինչով ապահովվելու է արոտների հասանելիությունը: Եթե հեռագնա արոտները չօգտագործեն, վերահսկողությունը դառնում է աննպատակ: Բազմիցս եղել են դեպքեր, երբ բնական ռեսուրսների կառավարման մասնագիտացումով միջազգային փորձագետներն այցելել են Հայաստան և ամբողջ երկրով մեկ շրջելով` ապշել են մեր բնությամբ: Իրականում, ապրելով այստեղ, մենք չենք գնահատում մեր ունեցած եզակի հարստությունը: Իհարկե, մեր բնությունը Ալպերի նման փարթամ չէ, սակայն մենք տեսակների հետ կապված բավականին լուրջ ռեսուրս ունենք: Ողջ Կովկասի ֆլորայի մոտ 55%-ը Հայաստանի նման փոքր երկրում կա, գոյություն ունի: Մեզ մոտ ուղղաձիգ գոտիականությունն առաջացնում է բնական տարբեր գոտիներ, այսինքն՝ բնությունն ինքը ձևավորել է տեսակների բազմազանության խնդիրը: Մնում է միայն պահպանել սա, սակայն մեզանում հակառակ գործընթացն է տեղի ունենում: Մենք չենք պահպանում և կործանում ենք մեր ունեցած հարստությունը, դրան էլ գումարվում են բնական գործընթացները:
-Արոտը շուկայի հետ կապվող շղթայի մի մաս է կազմում: Ձեր նշած արոտներից այլ երկրներում ստանում են ամենաբարձրարժեք սննդամթերք, օրինակ՝ շվեյցարական կամ հոլանդական պանիրը, որոնք մյուս տեսակներից մի քանի անգամ ավելի թանկ են շուկայում, նաև օրգանական սերտիֆիկացված են, ինչպես նաև ոչխարի և տավարի էկոլոգիապես մաքուր, բարձրորակ միսը, որն արաբական կամ եվրոպական երկրներում, ռուսական շուկայում մեծ պահանջարկ ունի և բավականին թանկ արժե: Բարձրորակ արտադրանք տալու համար այդ արոտներում կա մաքուր ջուր և ինտենսիվ արև: Չե՞ք կարծում, որ երբ ստեղծվեն այնպիսի արտադրություններ, որոնք ուղղված լինեն նմանատիպ բարձրորակ սննդամթերքի արտադրությանն ու վաճառքին, ապա այդ արոտ օգտագործողների արտադրած կաթի արժեքն ավելի թանկ կլինի:
-Ձեր ասածը շարունակելով՝ նշեմ, որ Խորհրդային Միության ժամանակահատվածում նման մոտեցում գործում էր կաթնամթերքի և մսեղիքի արտադրության ու սպառման ոլորտներում: Մասնավորապես Տաշիրի տարածաշրջանում (այն անվանում էին փոքր Շվեյցարիա, քանի որ ունի բավականին հետաքրքիր բուսածածկ, լանդշաֆտ և կենսակլիմայական պայմաններ, տավարաբուծության զարգացման համար տիպիկ տարածաշրջան է) այն ժամանակ գործող Լոռվա տոհմային տնտեսության կաթի վերամշակման գործարանի արտադրած կարագը և պանիրը հիմնականում ուղարկվում էր միութենական ֆոնդ, քանի որ գնահատվում էր բարձր որակական ցուցանիշներով: Այսօր էլ Հայաստանում այդ փորձը գոյություն ունի: Սպիտակի և Տաշիրի տարածաշրջաններում գործում են տնտեսություններ, որոնցում էկոլոգիապես մաքուր և անարատ անասնաբուծական արտադրանքի արտադրությունը բավականին լուրջ հիմքերի վրա է դրված, և ձևավորվող արտադրանքի մի զգալի հատված արտահանվում է: Շարքային արոտ օգտագործողը լավ գիտի, որ արոտային շրջանը անասնապահության համար ամենաերևելի ժամանակահատվածն է, քանի որ ծախսատարությունը խիստ կրճատվում է, և ավելանում է եկամտաբերությունը: Արոտի ճիշտ օգտագործման և խոշոր եղջերավորների ճիշտ պահվածքի դեպքում ամբողջ տարվա կտրվածքով ձևավորվող կաթի մինչև 70%-ը ապահովում է միայն արոտային ժամանակահատվածը ոչ միայն քանակական, այլ նաև որակական ցուցանիշներով: Արոտային շրջանում կաթնատվության ցուցանիշների կամ կաթի որակի բարձրացումը պայմանավորված չէ միայն արոտականաչի որակով, այլ նաև բաց պահվածքով, թթվածնով հարուստ միջավայրով, արևի ճառագայթման ֆոնով, մաքուր ջրով, ազոտի բացակայությամբ: Այս գործոններով պայմանավորված` օրգան համակարգերի մոտ ապահովվում է բնականոն գործընթաց, կայունանում է նյութափոխանակությունը, ինչի արդյունքում կենդանու մթերատվությունն ինքնըստինքյան բարձրանում է, ձևավորվող մթերքի որակական ցուցանիշներն էականորեն բարելավվում են: Ինչ վերաբերում է էկոլոգիապես մաքուր արտադրանքի իրացման գների անհամեմատ բարձր լինելուն` միանշանակ համակարծիք եմ: Ի տարբերություն եվրոպական շուկայի՝ մեզ մոտ նման տարբերակում դեռևս չի գործում, նշանակություն չի տրվում ձևավորվող կաթի արտադրության պայմաններին և սեզոնայնությանը, դեռ ավելին, արոտային ժամանակահատվածում կաթ մթերող կազմակերպությունների կողմից, որպես կանոն, վերանայվում են մթերման գները՝ հիմնականում նվազեցնելով դրանք: Միանշանակ համոզված եմ, որ առաջիկայում մեզ մոտ նույնպես որակով պայմանավորված տարբերակում կգործի անասնաբուծական մթերքների արտադրության և սպառման շուկաներում, ինչը խթան կհանդիսանա բարձր լեռնային լանդշաֆտների հեռագնա արոտների օգտագործման ավելացման ու էկոլոգիապես մաքուր, որակական բարձր ցուցանիշներով օժտված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:
-Կադրերի պատրաստման հարցում կա՞ շահագրգռվածություն, որ բարձրորակ կադրեր մտնեն շուկա, աշխատանք գտնեն:
-Այսօր մեծ բաց ունենք այդ հարցում: Դարձյալ բերեմ Խորհրդային Միության օրինակը: Այն ժամանակ գյուղական համայնքներում գործում էին տնտեսվարման կոլխոզ և սովխոզ եղանակները: Տնտեսություններում կարևորության առումով առաջին մասնագիտական ոլորտը ագրոնոմիան և անասնաբուծությունն էին: Դա նշանակում էր, որ եթե կար տնտեսություն, ապա պարտադիր էր նման մասնագետների առկայությունը: Արոտների մասով տարեկան կտրվածքով անպայման կատարվում էր գույքագրում և գնահատում: Ելնելով վիճակից՝ հաջորդ տարվա արոտի օգտագործման և կառավարման պլանը մշակելիս սահմանվում էին արոտօգտագործման նորմեր: Ամեն տարի մասնագետները գնահատում էին արոտները, ի հայտ բերում խնդիրները՝ առաջարկելով բարելավման տարբեր միջոցառումներ, ինչպիսին են օրգանական կամ հանքային պարարտացումը, ենթացանքով խոտացանությունը, որոշ ժամանակ չօգտագործելը և այլն: Երբ հաջորդ մասնագետն էր գալիս, առաջին հերթին նայում էր նախկինում կազմած գույքաթերթը` որպես առաջնային տեղեկատվություն: Որոշ համայնքներում այդ գույքաթերթերը մինչև հիմա էլ պահպանված են: Գյուղական համայնքներում գործում էր հանդապահի ծառայությունը (որոշ տարածաշրջաններում օտարալեզու անվանում ուներ՝ղուռուխչի), ով հսկում էր ինչպես բնական կերային հանդակների կառավարումը, այնպես էլ մշակովի ցանքատարածքների պահպանումը, հետևում էր նախիրների և հոտերի արածեցման կազմակերպմանը՝ մասնագետների հրահանգի և արոտօգտագործման սխեմաների համաձայն: Դա էր կառավարումը: Այսօր ՏԻՄ-երում մասնագետներ չկան և ագրոնոմիայի և անասնաբուծության դաշտը բաց է: Իրականացվող ծրագրերի շրջանակներում մենք խնդիր ենք դրել համայնքներում վերականգնել հանդապահի ծառայությունը: Դրա հետ մեկտեղ ՏԻՄ-երի մասնագիտական հաստիքացուցակում անհրաժեշտ պայման է ագրոնոմի հաստիքի ներառումը: Գյուղական համայնքը չի կարելի պատկերացնել առանց ագրոնոմի կամ անասնաբույժի: Եթե մի վայրում կա դաշտավարություն, պտղաբուծություն կամ անասնապահություն, և չկա մասնագետ, նշանակում է՝ ոչինչ գոյություն չունի: Դա ընդամենը տարերայնություն է: Մենք բազմիցս այս հարցը բարձրացրել ենք պետական գերատեսչությունների հետ քննարկումների ժամանակ, սակայն ռեսուրսների բացակայությամբ պայմանավորված` այս խնդիրը դեռևս լուծում չի ստացել: Ներկայում, հատկապես խոշորացված համայնքների պարագայում, կարծում եմ, որ համայնքի մակարդակով գյուղատնտեսության մասնագետների ներառումը պարտադիր պայման պետք է դիտարկվի: Այս ոլորտի հիմնական մասնագետներ պատրաստողն այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, և պատահական չէ, որ այդ մասնագիտությունները թողարկող ֆակուլտետներում այսօր խնդիրներ կան: Սա, իհարկե, բնական է, քանի որ չկա կայուն շուկա, չկա պահանջարկ և պետական հովանավորչություն, ուստի ոլորտի հետ կապված շահագրգռվածությունը հետ է զարգացել: Իսկ ժամանակին այդ ոլորտները սպասարկողները տնտեսության մեջ թիվ մեկ կարևորություն ունեցող մասնագետներն էին: Ի վերջո, պետք է գիտակցենք, որ ագրարային ոլորտներում անհրաժեշտ է վարել ճիշտ ագրարային քաղաքականություն, որի սպասավորները պետք է մասնագետներ լինեն, հակառակ դեպքում ունենք ռեսուրս, որին այսօր տեր չենք կանգնում, իսկ բնությունը նման բաներ չի հանդուրժում: Եթե այն ինչ-որ բան տալիս է, ապա պետք է խոհեմ օգտագործել՝ ստեղծելով ինքնավերականգնվելու հնարավորություններ և պայմաններ: Նույն խնդիրն ունենք ջրային և անտառային ռեսուրսների, ինչպես նաև բնական լանդշաֆտների հետ կապված: Հայկական բնաշխարհում ձևավորված ջրերը հոսում են մեր 4 հարևանների տարածքները, սակայն հարևան երկրներից ոչ մի կաթիլ ջուր մեր հանրապետություն չի հոսում: Մենք այստեղ բավականին մեծ քանակությամբ ռեսուրս ենք ձևավորում, սակայն օգտագործում ենք մեր մակերևութային հոսքերի ընդամենը 28-33%-ը, այն դեպքում, երբ ամբողջ նախալեռնային գոտին հիմնված է անջրդի հողագործության վրա: Հետագայում մենք կարող ենք խնդիրներ ունենալ նաև Արաքս և Ախուրյան գետերի հետ կապված: Վերջին 3 տարիներին Թուրքիան բավականին լայնածավալ շինարարություն է սկսել Շիրակի մարզին հարակից իր տարածքի բարձրադիր հատվածներում. ձևավորվում են ջրահավաք ավազաններ՝ ձևավորվող մակերևութային հոսքերն ամբարելու և կառավարելու նպատակով, դրա համար էլ մի քանի տարի անց մենք խնդիրներ կունենանք նաև Ախուրյան գետի հետ: Վերջին տարիներին Ախուրյանի ջրամբարը ջրով լցվում է 50-55%-ով: Սևանը` որպես ռեսուրս, անընդհատ գերօգտագործել չի կարելի: Այս ֆոնի վրա ահագնացող վտանգ է դառնում նաև Հայաստանի բնական լանդշաֆտների թեք, արևահայաց լանջերի հնարավոր աստիճանական բուսազրկումը, ինչին իր նպաստն են բերում նաև կլիմայի փոփոխություններն ու համերկրային գերտաքացումը: Այս ամենը փոխկապակցված են և պահանջ ունեն առավել խոհեմ ու կշռադատված վարվեցողության՝ շրջակա միջավայրի և նրա համակարգային բաղկացուցիչների կառավարումը ճիշտ կազմակերպելու նպատակով: