Հաճախ խնդիրը ոչ թե չափերի, այլ մտքի փոքրությունից է բխում
Գագիկ Գաբրիելյան,Սոնա Թելունց,Սուսաննա Խաչատրյան,Գագիկ Սարդարյան
Փոքրություն և այլ զսպող սահմանափակումներ
Հայաստանում զբաղվածների մոտ 35%-ն ընդգրկված է գյուղատնտեսական արտադրության ոլորտում և ապահովում է համախառն ներքին արդյունքի 20%-ը (2014 թ.): |
Գաղտնիք չէ, որ Հայաստանի գյուղատնտեսության հիմնական դիմագծերից մեկն ագարակների փոքրությունն ու կտրտվածությունն է: Փոքր ագարակատերերի մեծ բանակին է պատկանում վարելահողերի ավելի քան 72%-ը, բազմամյա տնկարկների (ներառյալ պտղատու այգիներ և խաղողի այգիներ) 93.6%-ը և արոտավայրերի 7.2%-ը:
Ընդունված է այդ փոքրության հետ կապել գյուղատնտեսությունում, ինչպես նաև սննդի արդյունաբերությունում առկա շատ խնդիրներ, որոնք լուրջ ազդեցություն ունեն հայաստանյան ընդհանուր տնտեսական և ընկերային (սոցիալական) կյանքի վրա:1991թ. «Գյուղացիական ու գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքն ընդունելուց ու հապճեպ սեփականաշնորհում իրականացնելուց հետո թվում էր, որ նոր բարեփոխումների շղթա կսկսվի ագրարային ոլորտի կարգավորման համար։ Սակայն քաղաքականություն մշակողները կամ չգիտեին ինչ պետք է անել, կամ միամտաբար կարծում էին, որ շուկան կկարգավորի ամեն ինչ։ Այդ խնդիրների հասցեագրումը Հայաստանի կառավարության, ինչպես նաև մասնավոր տնտեսվարողների և հանրային կազմակերպությունների առջև ծառացած առաջնահերթ մարտահրավերներից է: Մասնավորապես, ընդունված է, որ.
- Փոքրությունը խոչընդոտում է տնտեսապես արդյունավետ ծավալների, կայուն որակի և ստանդարտ արտադրանքի ապահովմանը և վերահսկողության կազմակերպմանը, ինչպես նաև դժվարացնում է բերքահավաքի, պահեստավորման և փոխադրման արդյունավետ կազմակերպումը (լոգիստիկ դժվարություններ):
- Փոքր ագարակատերերը հաճախ կրում են վնասներ, որոնք առաջանում են բերքահավաքի թեժ ժամանակ պահեստավորման և/կամ վերամշակման կարողությունների բացակայության և սեզոնից դուրս շահավետ գնով վաճառելու հնարավորություն չունենալու հետևանքով: Արդյունքում, մեծանում է նրանց կախվածությունը մի քանի խոշոր վերամշակողներից, թուլանում է բանակցային դիրքը ներքին և արտաքին շուկաներում, և արտադրանքը վաճառվում է ոչ շահավետ գներով:
- Այդ խոչընդոտները սահմանափակում են շուկայական ենթակառուցվածքներում և առաջավոր տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու հնարավորություններն ու շարժառիթները:
- Մեծաթիվ փոքր ու անջատ տնտեսությունների գերակայությունը լրջորեն դժվարացնում է նաև գիտելիքի և հմտությունների կուտակման ու տարածման գործը:
- Առաջավոր տեխնոլոգիաների և արտադրության միջոցների ու գործելակերպերի ոչ լայն կիրառությունը հանգեցնում է ցածր արտադրողականության, որակի և, հետևաբար, գյուղարտադրանքի ցածր մրցունակության:
Գյուղատնտեսության զարգացումը զսպող սահմանափակում է համարվում ոչ թե տնտեսությունների փոքրությունը, այլ դրանց միջև համագործակցության թուլությունը կամ բացակայությունը: |
Գյուղատնտեսական մթերքների արտադրության ու շուկայահանման խնդիրների հատկորոշման համար շատ կարևոր է կենտրոնանալ, այսպես կոչված, զարգացումը զսպող սահմանափակումների վրա: Որևէ համակարգում կամ գործընթացում զսպող սահմանափակում է այն սահմանափակումը, առանց որի փոփոխության հնարավոր չէ բարելավել համակարգը կամ գործընթացը: Տնտեսության որևէ ճյուղի անցումը զարգացման հերթական փուլ հնարավոր չէ առանց զսպող սահմանափակումների փոփոխության (վերացման կամ նվազեցման):
Վերևում նշված խնդիրները, իհարկե, կապ ունեն փոքրության հետ: Սակայն միջազգային փորձին և հայաստանյան գյուղարտադրության և գյուղատնտեսական շուկայի աշխատանքին ավելի մոտ հայացք գցելով` կարելի է տեսնել, որ այդ խնդիրների մեծ մասի պատճառը ոչ թե տնտեսությունների փոքրությունն է, այլ դրանց միջև համագործակցության թուլությունը կամ բացակայությունը: Իրականում, փոքրության և թույլ համագործակցության (փոխօգնության) համակցությունն է, որ դառնում է վերոնշյալ խնդիրների պատճառ և գյուղատնտեսության զարգացումը զսպող սահմանափակում:
Ընդ որում՝ միջազգային փորձը ցույց է տվել, որ գյուղատնտեսությունում փոքրության հետ կապվող խնդիրների մեծ մասը սովորաբար կարելի է լուծել գյուղարտադրողների միջև արդյունավետ համագործակցության կամ, ինչպես ընդունված է ասել, կոոպերացիայի միջոցով:
Սալիկ 1. Ընտանեկան ագարակների դերն աշխարհում
Համաձայն ՄԱԿ-ի վերջերս հրապարակված մի զեկույցի` ներկայում աշխարհում կա 570 միլիոն գյուղատնտեսական մթերքներ արտադրող փոքր ագարակ: Ընդ որում,յուրաքանչյուր տասը ագարակից ինը ընտանեկան է, ինչն ընտանեկան ագարակը դարձնում է գյուղատնտեսության վարման գերիշխող ձև: Հետևաբար, ընտանեկան ագարակը դառնում է վճռորոշ գործակալ կայուն պարենային ապահովությանն ու սովի վերացմանն ուղղված բարեփոխումներում: Ընտանեկան ագարակներում է արտադրվում աշխարհի պարենի 80 տոկոսը: Դրանց գերիշխանությունն ու արտադրանքը նշանակում են, որ դրանք «կենսական դերակատարում ունեն սովի խնդրի լուծման գործում», որից տառապում է 800 միլիոն մարդ, ինչպես նշել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Խոսե ԳրացիանոդաՍիլվան ՊԳԿ-ի 2014 թ. «Պարենի և գյուղատնտեսության վիճակը» զեկույցում: Ընտանեկան ագարակները նաև պահապաններն են աշխարհի գյուղատնտեսական ռեսուրսների 75 տոկոսիև, հետևաբար, կարևոր են բնապահպանության և ռեսուրսների կայունության ապահովման համար: Դրանք նաև ամենախոցելիներից են կլիմայի փոփոխության և ռեսուրսների սպառման ազդեցությունների նկատմամբ: http://www.fao.org/news/story/en/item/260535/icode/ |
Հայաստանյան իրողություններին համապատասխան լուծումներ գտնելու և իրականացնելու համար կարևոր է հաշվի առնել գյուղարտադրանքի մատակարարման շղթաների ու շուկաների և դրանց աշխատանքի էական առանձնահատկությունները: Համագործակցությունը կամ փոխօգնությունը ինքնանպատակ չէ: Այն պետք է բխի կարիքից և ուղղված լինի որոշակի խնդիրների լուծմանը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ առողջ համագործակցությունը պահանջում է նաև ինքնուրույն և անկախ մտածելակերպ ու գործելակերպ, ինչպես նաև հույսը սեփական ուժերի վրա դնելու մոտեցում ու վարքագիծ:
Օրինակ, հոլանդացի կամ շվեդ ֆերմերը որևէ խնդրի հանդիպելիս անմիջապես չի վազում գյուղապետարան կամ մարզային կենտրոն, ծանոթ մեջ գցում, որ իր խնդրի համար լուծում գտնի։ Առաջին հերթին նա տեղեկանում է, թե արդյոք իրենց համայնքի կամ հարակից համայնքների ֆերմերներն ունեն նմանատիպ խնդիրներ, ու նրանք փորձում են համատեղ ուժերով լուծել այդ խնդիրը։
Մեզանում առկա որոշ կարծրատիպեր, որոնք մեծապես ձևավորվել են խիստ կենտրոնացված իշխանությամբ, անազատ մտածողությամբ և նահապետական (պատրիարքային) գործելակերպով կայսրությունների կազմում ապրելուց, հաճախ խանգարում են մեզ խնդիրները լուծել համախմբման, փոխօգնության ճանապարհով։ Յուրաքանչյուրը փորձում է ինքնուրույն և յուրովի լուծել իր խնդիրը՝ փնտրելով հովանավոր «վերևներում»՝ ընդուպ մինչև իշխանության գագաթին, մինչև Մոսկվա՝ «տեսնես Մոսկվան ի՞նչ կասի կամ ի՞նչ կանի» մտայնությամբ։
Այս առումով կարևոր քայլ էր վերջերս (2015 թվականի ավարտին) Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենքի ընդունումը, որը նպատակ ունի գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման համար կայուն իրավական հիմքեր ապահովելու:
Ընդ որում, եթե օրենքն ընդունելուց հետո էլ կոոպերատիվները շարունակվելու են ստեղծվել միմիայն «վերևի» հրահանգով կամ դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ապա այդպիսի արհեստածին կառուցները երկար կյանք չեն ունենա ու չեն կարող ծառայել այն նպատակներին, որոնց համար ստեղծվել են։ Օրենքը պետք է աշխատի այնպես, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կամ փակ բաժնետիրական ընկերությունների նման կոպերատիվներն էլ, անկախ դոնորներից, ամեն տարի ինքնուրույն ստեղծվեն, զարգանան, լուծարվեն ու էլի ստեղծվեն։
Առանց զսպող սահմանափակումները հասցեագրելու հնարավոր չէ ապահովել առաջընթաց դեպի զարգացման հաջորդ մակարդակ:
|
Օրինակ, հնարավոր չէ առաջատար ակնաբուժության կենտրոն հիմնել որևէ երկրում, եթե չկան այդտեղ բավարար թվով բարձրակարգ ակնաբույժներ: Տվյալ դեպքում ակնաբույժների պակասը կամ բացակայությունը զսպող սահմանափակում է: Ինչպիսի հիվանդանոցներէլ կառուցենք և սարքեր տեղադրենք այդ շենքերում, ակնաբուժությունը չի կարող զարգանալ: Այդպիսի կենտրոն հիմնելու և այն աշխատեցնելու համար նախ հարկավոր է ապահովել բարձրակարգ ակնաբույժների առկայություն, այսինքն՝ լրացնել նրանց պակասը: Այդ պակասը կարելի է լրացնել կամ սեփական կրթական ծրագիր ունենալու, կամ այլ երկրների համալսարաններում սեփական բժիշկներին կրթելու և երկիր հետ բերելու, կամ էլ օտարերկրյա բժիշկներ հրավիրելու միջոցով:
Նմանապես, ջերմոցային գյուղարտադրությունը, անասնաբուծությունը և այլնը չեն կարող ընդլայնվել և հասնել միջազգային բարձր մրցունակության, եթե չկան բավարար թվով բարձրակարգ գյուղատնտեսներ, անասնաբույժներ, բույսերի պաշտպանության մասնագետներ և գյուղոլորտի կառավարիչներ, ովքեր կապահովեն մշակության բարձրակարգ տեխնոլոգիաներ և գործելակերպեր:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Հայաստանի տնտեսական աճին ուղղված քաղաքականություն» ծրագրի շրջանակում կատարված մի քանի գյուղատնտեսական արտադրանքների, մասնավորապես, խաղողի, կաթի, ցորենի և ծիրանի մատակարարման շղթաների և շուկաների ուսումնասիրության հիման վրա հատկորոշվել են Հայաստանի գյուղատնտեսական զարգացումը զսպող մի շարք սահմանափակումներ, ներառյալ՝
- փոքր տնտեսությունների գերակշռություն՝ համակցված թույլ համագործակցության հետ,
- շուկայական ենթակառուցվածքի և շուկայի աշխատանքի անկատարություններ,
- մատակարարման շղթայի մասնակիցների գիտելիքների և հմտությունների պակաս,
- ներդրումների ցածր մակարդակ գյուղատնտեսության ոլորտում (ներառյալ՝ տեխնոլոգիաներում, ագարակներում, ծառայություններում, մեքենաների և սարքավորումների մեջ),
- կառավարության վարած քաղաքականության, կանոնակարգման և աջակցության մեխանիզմների ոչ բավարար արդյունավետություն:
Փոխօգնություն և զսպող սահմանափակումների լուծումներ[1]
Փոխօգնություն կամ համագործակցություն
Համագործակցությունը կամ փոխօգնությունը ինքնանպատակ չէ: Այն պետք է բխի կարիքից և ուղղված լինի կոնկրետ խնդիրների լուծմանը:
|
Գյուղատնտեսական համագործակցության (կոոպերացիայի) խթանումը կարող է օգնել սովորաբար փոքրության հետ կապվող խնդիրների, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացումը զսպող սահմանափակումների լուծմանը:
Արդյունավետ լինելու համար կարևոր է, որ այդ համագործակցությունը, այսինքն՝ կոոպերատիվների ստեղծումն ու զարգացումը, և այդ խնդիրների լուծումը փոխկապակցված լինեն:: 2-րդ պատկերում հակիրճ ներկայացված են կոոպերացիայի հնարավոր ազդեցություններն առանձին սահմանափակումների վրա, որոնք ավելի մանրամասն քննարկվում են ստորև:
Անհրաժեշտ է պետական աջակցությունն ուղղել այն ագարակատերերին և կոոպերատիվներին, ովքեր պատրաստ են արդյունավետ կերպով նպաստելու զսպող սահմանափակումների և այլ խնդիրների լուծմանը, օրինակ՝ ստեղծելու և օգտագործելու համապատասխան ենթակառուցվածքներ (պահեստավորման և վերամշակման հարմարություններ), կիրառելու արտադրության բարձր չափորոշիչներ, բերքահավաքի ու բերքահավաքից հետո արտադրանքի մշակման առաջավոր գործելակերպեր։
Պատկեր 1.Գյուղատնտեսական կոոպերացիայի կապը զսպող սահմանափակումների լուծման հետ
|
Շուկայական ենթակառուցվածք և շուկայի աշխատանք
Անկատարություններ կամ խնդիրներ
Հայաստանում շուկայի մի շարք կարևոր անկատարություններ զգալիորեն զսպում են գյուղատնտեսության զարգացումը` սահմանափակելով գյուղատնտեսական մթերքներ արտադրողների բանակցային հնարավորությունները, աղճատելով գնագոյացման գործընթացն՝ ի վնաս տասնյակ հազարավոր արտադրողների, և, ի վերջո, նվազեցնելով տնտեսվարողների` ներդրումներ կատարելու ձգտումը: Մասնավորապես .
- Գյուղական համայնքներում չկան պահեստավորման և նախնական վերամշակման բավարար կարողություններ, ինչը թույլ կտար կանխելու վնասները՝արտադրանքը պահեստավորելով բերքահավաքի թեժ ժամանակ (սեզոնին) և վաճառելով բերքի սեզոնից դուրս: Փոքր արտադրողները, չունենալով բերքը (խաղող, կաթ, ցորեն և այլն) հավաքելու և պահեստավորելու հնարավորություններ, հաճախ ստիպված են արտադրանքը վաճառել բերքահավաքի թեժ ժամանակ և, հետևաբար, ցածր գնով: Դա զգալիորեն կրճատում է արտադրողների եկամուտը:
- Շուկայի աշխատանքի վրա նկատելիորեն ազդում է սննդամթերքի անվտանգության և որակի ստանդարտների անարդյունավետությունը կամ բացակայությունը և /կամ առկա ստանդարտների թերի ներդրումը, որի արդյունքում գնագոյացման ժամանակ քիչ ուշադրություն է դարձվում արտադրանքի անվտանգությանը և որակի կարևոր ցուցանիշներին: Օրինակ՝ խաղողի շուկայում գլխավորապես հաշվի է առնվում խաղողի բերքատվությունն ու քաղցրությունը: Սորտերի ընտրությունը, ողկույզների քանակը մեկ վազի վրա, ինչպես նաև բարձրորակ գինի ստանալու համար մնացած չափորոշիչները հաշվի չեն առնվել երկար տարիներ, քանի որ արտադրանքն ավանդաբար նախատեսված է եղել սպիրտի թորման և տարողունակ խորհրդային շուկային ցածրորակ գինիների մատակարարման համար։
- Նմանապես, կաթի շուկան գլխավորապես հիմնվում է կաթի յուղայնության վրա՝ անտեսելով գնագոյացման այնպիսի կարևոր ցուցանիշներ, ինչպիսին են սոմատիկ բջիջների պարունակությունն ու հակաբիոտիկների առկայությունը: Այդ պարագայում կաթ արտադրողը շահագրգռված չէ որակյալ արտադրանք տալու և ավելի բարձր գին ստանալու արտադրված որակյալ կաթի դիմաց, քանի որ վերամշակողը որակի համար լրացուցիչ գին չի վճարում: Արդյունքում, վերամշակողը չի կարող բարձրորակ արտադրանք տալ՝ ապահովելով առավելագույն շահույթ մեկ լիտր կաթի հաշվով, ուստի տուժում են բոլորը՝ կաթ արտադրողը, վերամշակողը և, իհարկե, սպառողը: Մեր կարծիքով, այս ոլորտում անհնար է հետագա որակական զարգացում ապահովելը՝ առանց գնագոյացման նոր համակարգի ներդրման։
- Անկատարություններ կան կարևոր ներդրանքների ներկրման գործընթացում (ցորենի սերմ, պարարտանյութեր և այլն): Օրինակ՝ պետության անմիջական ներգրավվածությունը ցորենի սերմերի ներկրման և ագարակատերերին շուկայականից էժան գնով դրանց բաշխման գործընթացի մեջ շուկայի աղճատման պատճառ է, ինչը վնաս է հասցնում սերմերի տեղական արտադրողներին: Տեղական սերմ արտադրողը պետք է շոշափելի պետական օժանդակություն ստանա, և ստիպված չլինեն անհավասար մրցակցության մեջ մտնել պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերի հետ։ Ընդ որում, պետությունը հաճախ հայտնվում է ցածրորակ սերմեր ներկրելու համար պատասխանողի դերում՝ փոխանակ ապահովելու արդյունավետ վերահսկողություն սերմերի որակի համար:
Շուկայի աշխատանքը տուժում է փոքր թվով խոշոր վերամշակող գործարանների`դիրքի չարաշահման պատճառով (հատկապես՝ ցորենի և խաղողի մթերման և վերամշակման ոլորտներում), որոնք գներ են թելադրում և կիրառում են մթերման կամ գնումների անարդյունավետ, ինչպես նաև գյուղարտադրողների համար դժվար ընթացակարգեր:
Պատկեր 2. Բադեն շրջան, Գերմանիա
Աղբյուր՝http://www.winesandvines.com; http://www.zoomvino.com/wineries/germany/baden
|
Սալիկ 2. Խաղողագործների համագործակցությունը Գերմանիայի Բադենում
Պատկեր 3. Հայաստան.խաղողագործություն
|
Բադենը հայտնի է իր կարմիր և սպիտակ գինիների պինո սորտով: Բադենում գինիների 80%-ն արտադրվում է մոտ 80 կոոպերատիվների, իսկ մնացած 120-ը՝ անկախ գինեգործարանների կողմից: Հիսուն տարի առաջ Բադենի խաղողագործները բախվում էին այնպիսի խնդիրների, ինչպիսիք այսօր առկա են Հայաստանում: Փոքր խաղողագործները չէին կարողանում ապահովել տնտեսապես շահավետ ծավալներ, բանակցել գործարքի շահավետ պայմանների շուրջ, շահութաբեր գնով վաճառել իրենց արտադրանքը և արդյունավետ կերպով հավաքել իրենց խաղողի դիմաց վճարները հատկապես բերքահավաքի թեժ ժամանակ: Այդ խնդիրները հաղթահարվեցին փոքր արտադրողների միջև համագործակցության (կոոպերացիայի) անհրաժեշտությունը գիտակցելուց և ընդունելուց հետո:
Համագործակցության վճռորոշ բաղադրիչը շուկայում առկա խնդիրների հաղթահարման համար խաղողի ճմլման և չանչազատման, թանձրուկի ու հյութի արտադրության և պահեստավորման կարողությունների ստեղծումն էր կոոպերատիվների կողմից: Կոոպերատիվներից շատերը հիմնեցին նաև իրենց սեփական շշալցման արտադրամասերը և կարողանում էին շուկայում վաճառել իրենց սեփական արտադրանքը (տե՛ս 1-ին աղյուսակը) և ծառայել նաև մոտակա գյուղերի խաղող արտադրողներին։ Իրենց արտադրած խաղողի վերամշակումը խաղողագործներին օգնեց լուծելու խոշոր գինեգործարաններին խաղողը ցածր գնով ստիպված վաճառելու խնդիրը: Ի տարբերություն թարմ խաղողի` գինեհումքը կարող է պահեստավորվել և պահպանվել շատ ավելի երկար ժամանակ և վաճառվել բերքահավաքի սեզոնից դուրս։ Այդպիսով, կոոպերատիվների անդամները կարող էին արդեն իրենց պահել վերամշակման շնորհիվ ստեղծվող հավելյալ արժեքն ու օգուտը: Խաղողագործական տնտեսությունների զարգացումը բերեց նաև դրանց չափերի մեծացմանը: 2000-2014 թթ. խաղողագործական տնտեսությունների ընդհանուր թիվը 25478-ից հասավ 15200-ի, իսկ 5 հա-ից մեծ տնտեսությունների թիվն աճեց 571-ից մինչև 799:
Աղյուսակ 1. Գերմանիայի Բադեն շրջանի կոոպերատիվները, 2010-2014թթ․ | |||||
Կոոպերատիվներ | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 |
Կոոպերատիվների միություն | 1 | 1 | 1 | 1 | 1 |
Սեփական գինու արտադրամասով և վաճառքով | 42 | 39 | 38 | 37 | 36 |
Առանց սեփական գինու արտադրամասի, սակայն վաճառքով | 10 | 10 | 9 | 8 | 8 |
Առանց սեփական գինու արտադրամասի և վաճառքի | 36 | 36 | 34 | 33 | 32 |
Ընդամենը` կոոպերատիվներ | 89 | 86 | 82 | 79 | 77 |
Աղբյուր: © Baden-Württembergischer Genossenschaftsverband e. V, and Materials, and materials of stakeholder workshop organized by CARD in December, 2015 |
Պատկեր 4՝.……………
Աղբյուր՝http://www.winesandvines.com; http://www.zoomvino.com/wineries/germany/baden
|
Սալիկ 3. Սան Բազիլ դելա Սիլվի կոոպերատիվը Ֆրանսիայում
Կոոպերատիվը հիմնվել է 1907 թվականին: Այժմ այն ունի 140 անդամ:
Կոոպերատիվի անդամները հանդիպում են ամիսը մեկ անգամ: Կոոպերատիվը գինի է պատրաստում իր անդամների արտադրած խաղողից և վաճառում այն: Վաճառքը կատարվում է հիմնականում մեծածախ (որպես լցնովի): Կատարվում է նաև փոքր ծավալով շշալցում: Կոոպերատիվն արտադրանքը վաճառում է երեք հիմնական սպառողների: Որոշ անդամներ իրենց գինին պահում են սեփական սպառման համար:
Համատեղ աշխատելու շնորհիվ կոոպերատիվի անդամները կարողացել են ձեռք բերել կատարելագործված տեխնոլոգիաներ, սարքավորումներ և արտադրական գործելակերպեր, ինչի շնորհիվ նրանք կարողանում են իրենց արտադրած խաղողից կորզել առավելագույնն ու լավագույնը:
Նրանց ունեցած ավանդական գիտելիքը՝ համակցված արդի տեխնոլոգիաների և գործելակերպերի հետ, թույլ է տալիս նրանց արտադրելու յուրօրինակ և առանձնահատուկ բարձրորակ գինիներ: Առանց այդ կոոպերացիայի շրջանի խաղողի այգիների մեծ մասը վաղուց վերացած կլիներ:
Կոոպերատիվի գոյության սկզբնական շրջանում դրան անդամակցում էին միայն փոքր ագարակատերեր, սակայն հետագայում կոոպերատիվին միացան նաև համեմատաբար խոշոր ագարակատերեր:
Կոոպերատիվի անդամների բաժինը և ձայնը կոոպերատիվում կախված է նրանց խաղողի այգիների չափերից՝
փոքր այգու տերերի համար՝ մեկ անձ, մեկ ձայն,
միջին չափի այգու տերերի համար՝ մեկ անձ, չորս ձայն,
մեծ չափի այգու տերերի համար՝ մեկ անձ, յոթ ձայն:
Կոոպերատիվի անդամների այգիների չափերը տատանվում են 0.3-ից մինչև 5 հա:
Կոոպերատիվի անդամները կնքում են անդամակցության պայմանագիր՝ առնվազն հինգ տարի ժամկետով: Եթե որևէ մեկը ցանկանում է ավելի վաղ դուրս գալ կոոպերատիվից, ապա դա կարող է անել դատարանի միջոցով:
Կոոպերատիվն իր առօրյա աշխատանքները կազմակերպելու համար պահում է հինգ աշխատակից, իսկ բերքահավաքի կամ այլ թեժ ժամանակներում վարձում ևս քսան աշխատակից: Կոոպերատիվն է որոշում բերքահավաքի օրը, և կոոպերատիվի անդամները չեն կարող փոխել այն կամ այլ օր ընտրել իրենց համար: Կոոպերատիվի գինեգործ-մասնագետը բերքահավաքից առաջ ստուգում է բոլոր այգիները: Նա նաև խորհրդատվություն է տրամադրում կոոպերատիվի անդամներին:
Կոոպերատիվը վաճառված ապրանքի դիմաց իր անդամների վճարումները կատարում է աստիճանաբար՝ տասներկու ամսվա ընթացքում, ընդ որում՝ վերջին վճարումը կատարվում է հաջորդ բերքահավաքից մեկ ամիս առաջ: Սան Բազիլ դելա Սիլվի կոոպերատիվը, Լանգըդոկ տարածաշրջանում գործող հինգ այլ կոոպերատիվների հետ համագործակցելով, (Եվրամիության ու կառավարության աջակցությամբ) հիմնել է շշալցման արտադրամաս, որի միջոցով շշալցվում և վաճառվում է այդ կոոպերատիվների արտադրած գինու մոտ քսան տոկոսը: Գինեհումքի մնացած ութսուն տոկոսը վաճառվում է խոշոր գինի արտադրող և շշալցնող միավորներին։
Հետաքրքիր է իմանալ, որ տասը տարի առաջ կոոպերատիվը ճգնաժամային տարի է ունեցել, երբ չի կարողացել վաճառել իր արտադրած գինին: Խնդիրը լուծել են գինի թորելու և սպիրտ ստանալու միջոցով:
Պատկեր 6. Լանգըդոկ-Ռուսիլիոն շրջան, Ֆրանսիա
|
Սալիկ 4. Անցում բարձրորակ արտադրության Ֆրանսիայի Լանգըդոկ շրջանում[2]
Ֆրանսիայում գինին իր ծավալով արտահանման երկրորդ ամենախոշոր ճյուղն է, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ապահովում է ավելի քան 558,000 աշխատատեղ: Զուտ արտահանմամբ (արտահանման արժեքից հանած ներմուծման արժեք) այն երկրորդն է ավիատիեզերական արդյունաբերությունից հետո և առաջ է քիմիական նյութերի (օծանելիքի) ոլորտից: Ֆրանսիայում արտադրվող գինու մոտ 30% -ն արտահանվում է։
Իրենց որակով հայտնի ֆրանսիական գինիները գրավչության յուրահատուկ աղբյուր են, ինչն արտացոլված է գինու զբոսաշրջության ոլորտի հաջողություններում: Գինիները տարեկան 10 միլիոնից ավելի մարդու են գրավում դեպի իրենց շրջաններ, որոնցից 39%-ը՝ օտարերկրացիների:
Լանգըդոկ-Ռուսիլիոնը Ֆրանսիայում գինու արտադրության ծավալով ամենամեծ շրջանն է, որտեղ գտնվում է գինու խաղողի բոլոր այգիների մոտ մեկ քառորդը: 1970-ականներին այդ երկրամասը տառապում էր էժանագին, կուժով մատուցվող (այսինքն՝ լցնովի) գինիների գերարտադրությամբ: 1970-ականների ավարտին կառավարությունը նախաձեռնեց Vin du pays ծրագիրը, որը խրախուսում էր որակի մասին մտածող խաղողագործների` խաղողի բերքատվությունը նվազեցնելը: Ծրագրի շնորհիվ որակի մասին մտածող գինեգործները ձևավորեցին բարձրակարգ (էլիտար) գինեգործների նոր սերունդ, ովքեր համակցում էին արդի տեխնոլոգիաները լավագույն ավանդական գործընթացների հետ` ներառյալ նոր կաղնեփայտի կիրառումը հնացման համար, և 1980-ականների սկզբին նոր հիանալի գինիներ ստեղծեցին։
Գրենաշ սորտով խաղողի հին այգիները արմատախիլ արվեցին և փոխարինվեցին բարձրորակ խաղողի սորտերով, ինչպես օրինակ՝Կարինյանը: Տեսնելով, որ իրենց առաջատար հարևանները կարողանում են իրենց գինին բարձր գնով վաճառել, մյուս խաղողագործները նույնպես նախընտրեցին մեծածախ վաճառքի փոխարեն տեղում շշալցում կատարելը և ապա` վաճառելը: Ստեղծվեցին կոոպերատիվներ, որոնք հիմնեցին խաղողի ճմլման, հյութի պահեստավորման սեփական կարողություններ և փոքր գինեգործարաններ (200 կոոպերատիվ, 300 գինու արտադրամաս): Այդ պահից ի վեր Լանգըդոկ-Ռուսիլիոնն աստիճանաբար ձևավորեց որակյալ արտադրողի համբավ: Նվազեցվեց խաղողի բերքատվությունը. 20-25 տարվա ընթացքում որակի վրա շեշտադրումը բերեց գինու արտադրության ծավալի մոտ 45%-ով նվազեցման՝ 29 միլիոնից մինչ 16 միլիոն հեկտոլիտր (կամ 3.9 միլիարդից 2.1 միլիարդ շիշ գինի): Սակայն քանակի կրճատումը փոխհատուցվեց բարձր որակի դիմաց ստացվող բարձր գնով։
Փոքր գինեգործարանները վերածվել են զբոսաշրջիկների համար գրավիչ վայրերի և Լանգըդոկի համար լրացուցիչ եկամտի աղբյուրի: Դրանք գրավիչ կերպով զուգակցվում են տեղական կերակրատեսակներ առաջարկող ռեստորանների, գեղեցիկ բնապատկերների, ինչպես նաև տեղական ավանդույթների և մշակույթի հետ:
Լանգըդոկի շրջանում առկա են յոթ վերահսկվող աշխարհագրական տեղանուններ (ֆրանսերենով՝ Appellations controlées), որոնցից առավել հայտնին Կողբիեղն (Corbières) է, իսկ որակի առումով միջին լավագույն որակն ապահովում է Ֆիտուն (Fitou): Ռուսիլիոնի գինիներց հայտնի է մասնավորապես թնդեցված Բանյուլսը (Banyuls): Վերահսկվող կամ պաշտպանված աշխարհագրական տեղանուններով գինիները (AOC գինիներ – appellation d’origine contrôlée) կազմում են արտադրության մոտ 10%-ը, և դրանց բաժինը ավելացման միտում ունի, քանզի արտադրության շեշտը որակն է, ոչ թե քանակը: Արտադրողները ձգտում են գինիները դիրքավորել շուկայի բարձրակարգ և բարձրարժեք հատվածում:
[1]Պարզ է, որ հողերի կտրտվածության, ոռոգման և այլ ենթակառուցվածքային խնդիրները Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող առանցքային խնդիրներից են: Սակայն սույն աշխատությունում շեշտը դրվում է այլ խնդիրների վրա, որոնք ազդում են շուկայի և մատակարարման շղթայի աշխատանքի վրա:
[2]Աղբյուրներ՝
- http://www.diplomatie.gouv.fr/en/french-foreign-policy/economic-diplomacy-foreign-trade/facts-about-france/one-figure-one-fact/article/france-the-world-s-leading-wine
- http://about-france.com/wines.htm#Languedoc
- http://winefolly.com/review/languedoc-roussillon-wine-region/
- The Sotheby’s wine encyclopedia, Tom Stevenson, 5th edition, page 286