«Նա երբեք չի խոսում «սեփական հաջողության» մասին, այլ խոսում է «բոլորիս նվաճումների մասին»:

Սոնենտոր թեյերի արտադրությունը սկիզբ է առել 1988 թվականին:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ավստրիացի մի ֆերմեր՝ Յոհաննես Գուտման անունով, որոշեց համագործակցել իր համայնքի ֆերմերների հետ և արտադրել բարձրորակ օրգանական ապրանք՝ ժպտացող արևի տարբերանշանով:

Գուտմանը մեծացել է ավստրիական Վալդիվերտել համայնքում՝ ֆերմերի ընտանիքում:

  • Ես որոշել էի այլ ճանապարհ ընտրել և չզբաղվել գյուղատնտեսությամբ¦, – հիշում է հաջողակ գործարարը:

Սակայն ավարտական քննությունները հանձնելուց հետո Գուտմանը հասկացավ, որ մեծ քաղաքները չեն հրապուրում իրեն: Նա որոշեց մնալ իր հայրենի համայնքում և ինչ-որ նոր և կարևոր գործ ձեռնարկել: Սկզբում ընտանիքի և համայնքի անդամները ընդհանրապես իրատեսական չհամարեցին համանման տարբերանշանով օրգանական ապրանքների արտադրության գաղափարը: Սակայն Գուտմանը հավատարիմ մնաց իր որոշմանը: Նա ստեղծեց Սոնենտոր տարբերանշանը համապատասխան փաթեթավորմամբ և մեկնարկեց իր աշխատանքը օրգանական բույսերի շուկայում:

Հաջողության գաղտնիքը

  • Ես հավատում էի իմ գաղափարին, և շուտով տարածաշրջանում բոլորը սկսեցին ճանաչել ինձ՝ կաշվե տաբատով տղային,-ասում է Գուտմանը, ով ավելի քան 25 տարի միևնույն տաբատն է կրում:

Այդ տաբատը նույնպես պատմություն ունի: Գուտմանը, որոշել էր տարբերվող հագուստներ գնել իր համար: Մի օր տան մառանում պատահաբար գտնում է իր հոր՝ 1950-ականներից մնացած կաշվե տաբատը: Այդ օրվանից նա կրում է այն, որը նաև դառնում է Գուտմանի տարբերանշանը:

Որոշ ժամանակ անց մեծ թվով ֆերմերներ սկսեցին հետաքրքրվել Սոնենտորի հետ հնարավոր համագործակցության հեռանկարով:

Այսօր կազմակերպության տարածքում ամենուր հնարավոր է տեսնել այն ֆերմերների անուններն ու նկարները, ովքեր ի սկզբանե հավատացել և աջակցել են Սոնենտորին կայացման գործում:

Գուտմանը երբեք չի խոսում «իր հաջողության» մասին, այլ խոսում է «մեր նվաճումների» մասին:

Սոնենտորն իր գործունեության առաջին իսկ տարում՝ 1988 թվականին, սկսեց համագործակցել հումք մատակարարող 3 ֆերմերի հետ:

Այսօր կազմակերպությունը համագործակցում է ավելի քան 150 ֆերմերի հետ և ունի 200-ից ավելի աշխատակից ինչպես Ավստրիայում, այնպես էլ այլ երկրներում գործող մասնաճյուղերում:

Սոնենտորի ապրանքատեսակները վաճառվում են ավելի քան 45 երկրում: Արտադրանքի ավելի քան 80 տոկոսը արտահանվում է:  Սոնենտորի տեսականին բազմազան է: Այն ունի թեյեր, համեմունքներ, մեղր, սուրճ և այլն: Տարեկան շրջանառությունը գերազանցում է 50 մլն Եվրոն:

Յոհաննես Գուտմանը հավատացած է, որ իրենք օգտագործում են իրենց հնարավորությունների միայն 20 տոկոսը: Ու թեև դեռ շատ աճելու տեղ ունեն, այնուամենայնիվ նա մշտապես հավատարիմ է «Որակ և միայն հետո՝ քանակ» սկզբունքին:

Թիմային ոգին և կազմակերպության փիլիսոփայությունը

Սոնենտորը այսօր կարևոր գործատու է իր տարածաշրջանում: Աշխատակազմը կազմակերպության ամենաարժեքավոր ձեռքբերումն է: Կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների հմտությունների զարգացմանը:

Բացառիկ աշխատանքային պայմանները, անկախությունը, ազատությունն ու ժպիտը, ինչպես նաև հաճախորդների աննախադեպ սպասարկումը Սոնենտորի աշխատանքի անքակտելի մասն են կազմում:

Թիմի յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է կրում կազմակերպության հաջողության համար:

Սեր, հոգատարություն և բնություն

Սոնենտորի առանցքային գաղափարը գյուղացիական փոքր տնտեսություններին ցուցաբերվող աջակցությունն է: Այդ տնտեսությունները ավստրիական Վալդվիերտել համայնքի երկարամյա ավանդույթների կրողն են: Սա է այն բիզնես մոդելը, որը համարվում է Սոնենտոր բրենդի հաջողության գրավականը:

Սոնենտորի շնորհիվ այդ տարածաշրջանի ավելի քան 6-7 համայնքներ ապահովված են աշխատատեղերով և բարգավաճում են:

Սոնենտորը բնության պահպանության գաղափարին մշտատենչ նվիրման համար արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Այն արտադրում է միայն օրգանական բուսական թեյեր: Թիմի յուրաքանչյուր անդամ խորապես համոզված է, որ պատասխանատու է բնության պահպանման համար:

Որակի խստապահանջ կառավարման համակարգը կատարյալ արդյունք ստանալու գրավականն է:  Ընդունելի է միայն լավագույն, ամենամաքուր և անբասիր որակը: Սոնենտորը զերծ է գունանյութերից, արհեստական հավելումներից և թունաքիմիկատներից: Նման նվիրման և համոզմունքների արդյունքում են ծնվում Սոնենտորի մաքուր, բնական համերով անկրկնելի թեյերն ու համեմունքները:

Սոնենտորի նշանաբանը՝ «Այսօր արևը կծագի քե՛զ համար» արտացոլում է այն մոտեցումը, որ կյանքը պետք է վայելել ժպիտով և միշտ ազնվորեն համագործակցել գործընկերների, աշխատակազմի և սպառողների հետ:

Սոնենտոր կազմակերպության անդամները, ովքեր այն սիրով անվանում են ընտանիք, հավատացած են, որ երջանիկ կյանքի լավագույն բաղադրատոմսի կրողը միայն բնությունն է:

 

Հեղինակ՝ Նաիրա Մկրտչյան

Ագրոբիզնեսի և մարքեթինգի բաժնի ղեկավար