Իր կյանքի վերջին 30 տարին Անտուան Անդրեմոնը նվիրել է մարդկանց և կենդանիների օրգանիզմում հակամանրէային պատրաստուկների դեմ կայունության ուսումնասիրմանը: 1996 թվից նա Փարիզի Դիդրոյի անվան բժշկական համալսարանում մանրէաբանության գծով պրոֆեսոր է և ղեկավարում է համալսարանական Բիշ–Կլոդ–Բեռնարի հիվանդանոցի բակտերիոլոգիական լաբորատորիան (հիվանդանոցը վարակիչ հիվանդությունների բուժման ուղղությամբ մասնագիտացված կենտրոն է): Նա ընդգրկված է հակամանրէներային պատրաստուկների կայունության նկատմամբ համակարգված համաճարակային հսկողություն իրականացնող Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհրդատվական խմբում, որը կազմում է մարդու առողջության համար կարևոր նշանակություն ունեցող հակաբիոտիկների ցանկը: 1979-1996 թթ. Անդրեմոնը Գյուստավ Ռուսիի ինստիտուտում (Ֆրանսիայում քաղցկեղի ուսումնասիրման և բուժման կենտրոն) աշխատել է որպես կլինիկական մանրէաբան, 1988-1996 թթ. Փարիզ–հարավ համալսարանի դեղագործական ֆակուլտետում` մանրէաբանության պրոֆեսոր (այս բուհում 1986թ. նա ստացել է մանրէաբանության պրոֆեսորի գիտական կոչում): 1976թ. ավարտել է Տուրայի համալսարանին կից բժշկական ինստիտուտը: Հեղինակ է 200-ից ավելի գիտական աշխատությունների, այդ թվում` «Հակաբիոտիկներ. կործանում» գրքի, որը լույս է տեսել 2014 թ.:
Հարցազրույց Անտուան Անդրեմոնի հետ
Անասնաբուծությունում հակաբիոտիկների զանգվածային օգտագործումն առաջացնում է սննդամթերքի` ռեզիստենտ բակտերիաներով աղտոտում: Արդյունքում զարգանում են բարդ վարակներ և նվազում է հակաբիոտիկների ազդեցությունը մարդկանց վարակիչ հիվանդությունները բուժելիս:
Հարց – Աշխարհում օգտագործվող հակաբիոտիկների 50%-ից ավելին տալիս են կենդանիներին` վարակի բուժման կամ կանխարգելման և կենդանիների աճը խթանելու նպատակով: Ինչպե՞ս է այն անդրադառնում մարդու առողջության վրա:
Պատասխան – Կենդանի օրգանիզմներում կան մեծ թվով բակտերիաների գաղութներ, որոնցից սիմբիոնտ կոչվող բակտերիաներն օգտակար են առողջության համար: Մարդկանց և կենդանիների օրգանիզմում հակաբիոտիկների մեծ մասն անցնում է արյան մեջ, դրանց որոշ քանակությունը հայտնվում է անմիջականորեն մարսողական ուղում և ոչնչացնում մեծ թվով սիմբիոնտ բակտերիաներ: Կան բակտերիաներ, որոնք դրսևորում են ռեզիստենտություն (կայունություն) և բազմանում են: Արյան մեջ ներթափանցած որոշ հակաբիոտիկներ լեղու հետ միասին անցնում են աղիքային բաժին: Այսպիսով, մարդու կամ կենդանիների աղիքներում ավելի շատ քանակությամբ ռեզիստենտ բակտերիաներ կուտակվում են, քան ոչնչանում հակաբիոտիկների ազդեցությունից: Մարդու առողջության համար այս երևույթն ունի շատ վատ հետևանքներ. ռեզիստենտ բակտերիաները կարող են առաջացնել շատ ավելի դժվար բուժվող, օրինակ` միզուղիների վարակներ, քան ոչ ռեզիստենտ բակտերիաների առաջացրած վարակները: Քիմիաթերապիայից, ինտենսիվ թերապիայից կամ բարդ վիրահատությունից հետո թուլացած իմունիտետով անձի աղիքներում կուտակված ռեզիստենտ բակտերիաները կարող են հարուցել դժվար բուժվող ծանր աղիքային վարակում: Մյուս կողմից, մեծ թվով ռեզիստենտ բակտերիաներ, դուրս մղվելով մարդու և կենդանիների օրգանիզմից կղկղանքի միջոցով, աղտոտելով շրջակա միջավայրն ու վարակելով այլ մարդկանց և կենդանիների, կարող են հայտնվել սննդային շղթայում:
Հարց – Ի՞նչ հետևանք այն կարող է ունենալ սննդային շղթայի և մեր կողմից օգտագործվող սննդամթերքի անվտանգության համար:
Պատասխան – Հակաբիոտիկներ ստացած կենդանիներին մորթելու ժամանակ անհնար է կան-խել դրանց աղիքային հատվածից բոլոր ընկալունակ և ռեզիստենտ բակտերիաների տարածումը: Արդյունքում կարող է տեղի ունենալ սննդային շղթա կազմող մսի և այլ մթերքների աղտոտում: Թեպետ իրավիճակը պայմանավորված է այն երկրով, որից, օրինակ, գնվել են հավերը: Սուպերմարկետում կամ մսավաճառից գնված հավերը հաճախ վարակված են E. coli բակտերիաներով, որոնք շատ կայուն են հակաբիոտիկների նկատմամբ: Եթե հավերն աղտոտված են ռեզիստենտ բակտերիաներով, վերջիններս մարդու ձեռքերի միջոցով կարող են հայտնվել խոհանոցային պարագաների մակերևույթների վրա: Հավի մսի մեջ կուտակված ռեզիստենտ բակտերիաները ոչնչանում են պատրաստման ընթացքում, սակայն դրանք կենսունակ են, երբ փոխանցվում են հում վիճակում օգտագործվող սննդամթերքին: Եթե ընտանիքի անդամներից մեկը վարակվի E. coli ռեզիստենտ բակտերիաներով, ապա ֆիզիկական շփման արդյունքում դրանք հեշտությամբ կփոխանցվեն մյուսներին: Այսպիսով, հետևանքները շատ լուրջ են մարդու առողջության համար:
Անասնապահության ոլորտում հակաբիոտիկների կիրառումը պայմանավորված է շահույթով, այլ ոչ առողջական նկատառումներով:
Հարց – Կա՞ն այլ օրինակներ:
Պատասխան – Դրանք բազմաթիվ են: Հետազոտություններից մեկի («Վարակիչ հիվանդությունների առաջացման ամսագիր» 2013 թ. օգոստոս) համաձայն` Եվրամիությունում գրանցված տարեկան մահացություններից 1500-ից ավելին անմիջական կապ ունի ընտանի թռչուններին հակաբիոտիկների օգնությամբ աճեցնելու հետ: Մեկ այլ օրինակ է կենդանիներից` ֆերմերներին, անասնաբույժներին և այլ անձանց մետիցիլինռեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկի (Staphylococcus aureus) փոխանցման լավ փաստաթղթավորված ռիսկը, ինչը կարող է առաջացնել ծանր վարակներ:
Հարց – Ե՞րբ են մարդիկ առաջին անգամ գիտակցել սննդային շղթայում հակաբիոտիկների և դրանց նկատմամբ կայուն բակտերիաների հիմնախնդիրը:
Պատասխան – 1960-ականների վերջին Միացյալ Թագավորությունում ներկայացված Սվոնի զեկույցում հաստատվել էր, որ հակաբիոտիկներ ընդունած կենդանիների արտաթորանքի միջոցով շրջակա միջավայրում տարածվում են մեծ քանակությամբ ռեզիստենտ բակտերիաներ: Այն ժամանակ այդ փաստն առանձնապես չանհանգստացրեց մարդկանց մի պարզ պատճառով. հիվանդների բուժման համար մշտապես ստեղծվում էին նոր հակաբիոտիկներ: Թեև դրանց նկատմամբ կայունությունն աճում էր, այնուամենայնիվ այն չէր դիտվում որպես մարդու առողջությանը սպառնացող վտանգ: 1980-ականների վերջից իրավիճակը փոխվեց, քանի որ անցած 30 տարիների ընթացքում ստեղծված նոր տեսակի հակաբիոտիկների քանակությունը սահմանափակ էր: Այսօր հակաբիոտիկների պատմության մեջ շրջադարձային պահ է, երբ դրանք այլևս արդյունավետ չեն անընդհատ ավելացող հիվանդներիվարակիչ հիվանդությունները բուժելու ընթացքում: Անվանի մանրէաբանների, օրինակ` ԱՄՆ-ից Սթարտ Լևիի նախազգուշացումները նույնպես մեծ հաշվով արհամարհվեցին, քանի որ նրա «Հակաբիոտիկների պարադոքսը» գրքի լույս ընծայման պահին (1992թ.) նույնիսկ ամենակայուն բակտերիաները որոշ հակաբիոտիկների օգնությամբ դեռևս բուժվում էին:
Հարց – Ե՞րբ և որտե՞ղ Դուք սկսեցիք հետազոտություններն այդ ոլորտում:
Պատասխան – Այդ խնդիրն ինձ հետաքրքրեց, երբ ես` տակավին երիտասարդ բժիշկս, Գյուստավ Ռուսիի ինստիտուտում 1980-ականների կեսից սկսեցի ուսումնասիրել աղիքային ռեզիստենտ բակտերիաները: Իմ ղեկավար Կիրիլ Տանկրեդի հետ միասին մենք բացահայտեցինք, որ քիմիաթերապիա ընդունած և ծայրաստիճան թուլացած իմունիտետով հիվանդների մոտ չափազանց մեծ է սեփական աղիքային բակտերիաներով վարակվելու հավանականությունը, և որքան շատ հակաբիոտիկներ են նրանք ընդունել, այնքան դրանց նկատմամբ կայուն են դարձել նրանց աղիքային բակտերիաները: Մենք փորձեցինք հասկանալ` ինչպես է տեղի ունենում, և հնարավոր է արդյոք կասեցնել այդ պրոցեսը: Կատարեցինք մի շարք փորձարարական և կլինիկական հետազոտություններ, որոնք շարունակվում են մինչև այժմ իմ ամենօրյա աշխատանքի շրջանակներում: Իմ լաբորատորիան մասնագիտանում է աղիքային բաժնի հակաբիոտիկների նկատմամբ կայունության շարժի վրա հակաբիոտիկների ազդեցության ուսումնասիրման հարցում:
Հարց – Եվ ի՞նչ պարզեցիք:
Պատասխան – Բանն այն է, որ մարդկանց և կենդանիների աղիքային բաժինների բակտերիաները, եթե ոչ նույնական, ապա շատ նման են և կարող են փոխանցել իրենց գեներում հակաբիոտիկների նկատմամբ կայունության մասին կուտակված տեղեկությունը: Ուստի կենդանիների մոտ ռեզիստենտության առաջանալը կարող է անդրադառնալ մարդու աղիքային բաժնի բակտերիաների վրա: Ահա ինչու է շատ կարևոր մարդկանց մոտ ռեզիստենտությունը նվազեցնելու նպատակով կենդանիներին հակաբիոտիկներ ներարկելու սահմանափակումը: Սակայն չի նշանակում, որ անհրաժեշտ է բացառել մարդկանց կողմից հակաբիոտիկների օգտագործումը, եթե ցանկանում ենք վերահսկել ռեզիստենտությունը: Պահանջվում են լրացուցիչ ջանքեր կենդանիների մոտ ռեզիստենտության զարգացումը դանդաղեցնելու համար, քանի որ մարդկանց համեմատությամբ կենդանիներն ավելի շատ հակաբիոտիկներ են ստանում, կենդանիների գլխաքանակը ֆերմաներում գերազանցում է մարդկանց թիվը. նաև պետք է հաշվի առնել, որ հակաբիոտիկների կիրառումն անասնաբուծությունում թելադրվում է շահով, այլ ոչ առողջության մասին հոգածությամբ:
Հարց – Սննդամթերքի ո՞ր տեսակներն են աղտոտում ռեզիստենտ բակտերիաները:
Պատասխան – Արդյունաբերական ծավալով բուծվող կենդանիների շատ տեսակներ ստանում են այս կամ այն չափով հակաբիոտիկներ, թեև տեսակների և բուծման մեթոդների միջև տարբերությունն էական է: Հավերը, խոզերը, ճագարներն ու արհեստական պայմաններում բուծվող ձկները ստանում են մեծ քանակությամբ հակաբիոտիկներ: 2014 թվականին սպառողների «Ի՞նչ ընտրել» ֆրանսիական ասոցիացիան բացահայտեց, որ Ֆրանսիայում բուծվող հավերի և հնդկահավերի զգալի մասն աղտոտված է երրորդ սերնդի ցեֆալոսպորինի նկատմամբ կայուն բակտերիաներով: Դա այն հակաբիոտիկներից է, որոնք ծառայում են որպես, այսպես կոչված, պաշտպանության վերջնագիծ, երբ մյուսներն արդեն չեն ազդում մարդկանց օրգանիզմի վրա: Կաթի հետ կապված իրավիճակն ավելի ուշագրավ է: Կաթնային արդյունաբերությունը չափազանց խիստ վերահսկողություն է սահմանել կաթի նկատմամբ` մնացորդային հակաբիոտիկների կուտակումը բացառելու նպատակով, քանի որ դրանք ընդունակ են ոչնչացնելու պանրի և յոգուրտի ֆերմենտացման համար անհրաժեշտ բակտերիաները: Հակաբիոտիկներ պարունակող կաթն անհնար է վաճառել, ուստի ֆերմերներն այն կենդանիների համար օգտագործում են որպես կեր, ինչն առաջացնում է նոր խնդիր. կենդանիների բակտերիաները ձեռք են բերում կայունություն, արտաթորանքի միջոցով տարածվում են շրջակա միջավայրում և կենդանիների սպանդից հետո հայտնվում սննդային շղթայում:
Հարց – Գյուղատնտեսական սեկտորն ի՞նչ է ձեռնարկում սննդային շղթայում ռեզիստենտ բակտերիաների հետ կապված խնդիրը լուծելու համար: Որքանո՞վ է արդյունավետ կարգավորումը:
Պատասխան – Կարգավորմանը վերաբերող գործողությունների մակարդակը Եվրոպայում բավական բարձր է: Օրինակ` վերջին 15 տարում Եվրոպայում արգելված է հակաբիոտիկներն օգտագործել որպես աճի խթանիչներ: Սակայն իրավիճակն այլ է մյուս աշխարհամասերում: Ավստրալիան արգելել է անասնաբուծությունում ֆտորխինոլների օգտագործումը, որոնք շատ կարևոր հակամիկրոբային պատրաստուկներ են բժշկության մեջ: Արդյունքում, Ավստրալիայում ֆտորխինոլների նկատմամբ շատ ցածր կայունություն են դրսևորում սննդամթերքի միջոցով փոխանցվող ախտածինները և զարմանալիորեն ցածր կայունություն` մարդու բակտերիաները:
Հարց – Ֆրանսիայի կառավարությունը 2012 թ. հանդես եկավ «ԷկոՀակաբիո» նախաձեռնությամբ, որի համաձայն` 2012-2017 թթ. ընթացքում մեկ քառորդով կրճատվելու է անասնաբուծությունում հակաբիոտիկների օգտագործումը: Ի՞նչ ընթացք ունի այդ որոշումը: Ձեր «Հակաբիոտիկներ. կործանում» գրքում Դուք փաստում եք, որ դա բավարար չէ: Ինչու՞:
Պատասխան – Այդ պլանն իրականացվում է մեկ տարվա ընթացքում: Մենք դեռևս արդյունքներ չենք գրանցել, սակայն, ըստ ամենայնի, հակաբիոտիկների կիրառումն անասնաբուծությունում սահմանափակվում է, և մենք լավատեսորեն ենք տրամադրված այն առումով, որ կունենանք բավական դրական ցուցանիշներ: Այնուամենայնիվ, կարելի էր ավելի մեծ նպատակ դնել: Նիդեռլանդներում, որտեղ հակաբիոտիկների օգտագործումը նույնչափ տարածված էր, ինչպես և Ֆրանսիայում, 2008-2012 թթ. ընթացքում ծավալները կրճատվել են 60%-ով:
Հարց -Անասնաբուծությունում հակաբիոտիկների օգտագործման կտրուկ սահմանափակման արդյունքում որքանո՞վ է հնարավոր դանդաղեցնել դրանց նկատմամբ կայունության զարգացումը:
Պատասխան – Այն չափով, որքանով մենք կրճատում ենք հակաբիոտիկների կիրառումը, վնասը էկոհամակարգերի համար կլինի դարձունակ: Դա հաստատում է Հյուսիսային Եվրոպայի երկրների փորձը, որտեղ անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը սահմանափակելուց հետո կենդանիների մոտ տեղի է ունեցել ռեզիստենտ բակտերիաների մակարդակի կտրուկ և սրընթաց նվազում:
Հարց – Ի՞նչ պետք է անեն սպառողները և հասարակական սննդի ձեռնարկություններն այդ խնդիրները լուծելու համար:
Պատասխան – Սպառողներն ու հասարակական սննդի ձեռնարկությունները, ընդհանուր հիգիենայի կանոնները պահպանելուց բացի, ոչ մի որոշակի միջոց չպետք է կիրառեն: Գոյություն ունեն միջազգային ստանդարտներ, որոնցով իրականացվում է մշտադիտարկում սննդամթերքի մեջ ախտածինների առկայության և իրացման համար արտադրանքի ընդունելի լինելու առումով: Հարց է ծագում. արդյո՞ք անհրաժեշտ է սննդամթերքում բացահայտել ռեզիստենտ բակտերիաների առկայությունը, ինչպես դա արվում է ախտածին բակտերիաների, օրինակ` սալմոնելլայի կամ լիստերիայի դեպքում: Այսօրվա դրությամբ գոյություն չունեն նորմատիվային դրույթներ` նման ձևով ռեզիստենտ բակտերիաների խնդիրը լուծելու համար: Այդ հարցը կառավարությունները պետք է լուծեն` համագործակցելով Միացյալ ազգերի կազմակերպության այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:
Մենք պետք է վերստին կարևորենք հակաբիոտիկների կիրառման հիմնական նպատակը,այն է՝ պահպանել մարդկանց առողջությունը և փրկել նրանց կյանքերը:
Հարց – Ինչպե՞ս պետք է առաջ գնալ:
Պատասխան – Մարդկանց նշանակվող հակաբիոտիկների միայն կեսն է ընդունվում այն անձանց կողմից, ովքեր իրոք տառապում են բակտերիալ վարակով: Դրանք հաճախ օգտագործում են այն մարդիկ, ովքեր հիվանդ են վիրուսային կամ մակաբուծային վարակներով, իսկ դրանց բուժման համար հակաբիոտիկներն անարդյունավետ են: Կենդանիների աճը խթանելու և վարակները կանխելու նպատակով գյուղատնտեսության մեջ օգտագործվում են մեծ քանակությամբ հակաբիոտիկներ, իսկ այդ գործոնների հանրագումարային հետևանքները շրջակա միջավայրի և մեր առողջության համար անչափ մեծ են: Մենք պետք է վերագնահատենք այլ նպատակների համար հակաբիոտիկների օգտագործման արդարացվածությունը, որպեսզի պահպանենք դրանց հրաշագործ ազդեցությունն ապագա սերունդների համար:
Թարգմանիչ՝ Ցողիկ Պողոսյան
Աղբյուր՝ ԱՀԿ–ի տեղեկագիր 2015;93:217–218
http://dx.doi.org/10.2471/BLT.15.030415