- Թուրքիան աշխարհի 7-րդ գյուղատնտեսական արտադրողն է: Պնդուկի, շագանակի, ծիրանի, թզի, ձիթապտղի, թեյի, կեռասի, ծխախոտի ամենամեծ արտադրողներից և արտահանողներից մեկն է աշխարհում:
- Ինքնաբավ է իր գյուղատնտեսական արտադրանքով, նաև համարվում է աշխարհի 10 գլխավոր սննդամթերք արտահանողներից մեկը:
- Արտադրում է 130 տարբեր գյուղատնտեսական սարքեր, որոնք արտահանվում են ավելի քան 120 երկիր տարեկան $734.15 միլիոն շրջանառությամբ:
- Համաշխարհային բանկի խմբի ամենամեծ միջին եկամտի վերին սահման ունեցող գործընկերներից է և համարվում է աշխարհի 17-րդ ամենախոշոր տնտեսությունը:
Պատմականորեն Թուրքիայի գյուղատնտեսությունը փակ և մեծապես պաշտպանված համակարգ է եղել, և տարիներ շարունակ գնային պրոտեկցիոնիզմը գյուղատնտեսության քաղաքականության կարևոր մաս է կազմել:
Պետական ձեռնարկությունները և կոոպերատիվները պարտավորված էին արտադրողներից գնել գյուղատնտեսական ապրանքներ՝ պետության կողմից սահմանված գներով: Շուկաները նույնպես պաշտպանված էին ներկրման սակագներով: Գյուղատնտեսական քաղաքականությունը չարաշահվում էր քաղաքական գործիչների կողմից, ովքեր ավելի հետաքրքրված էին ձայների հավաքագրմամբ, քան որևէ հաստատուն համակարգի ստեղծմամբ: Գործող համակարգը, որը կոչված էր զարգացնելու ոլորտը, խոչընդոտում էր զարգացումը:
Գյուղատնտեսության սխալ կառավարումը խաթարում էր այն գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, որոնք մրցակցային առավելություն էին ներկայացնում Թուրքիայի համար: Սուբսիդավորվում էին ոչ արդյունավետ տեխնոլոգիաները:
Նախորդող գյուղատնտեսական քաղաքականության ակնհայտ ձախողումները, ինչպես նաև միջազգային պարտավորեցումները սկիզբ դրեցին բարեփոխումների ձևավորմանը և իրականացմանը, որոնք կյանքի կոչվեցին 1980-ական թվականներին:
Տուրքերը նվազեցին, գները ազատականացվեցին, և ֆինանսական բոլոր շուկաները մատչելի դարձան: Արդյունքում, առևտուրը զարգացավ, և ներկրումն աճեց: 1980-1990 թթ. ժամանակահատվածում ներկրումն աճեց 6-ից 30, իսկ արտահանումը՝ 6-ից 17 տոկոսով:
2001-2008 թթ. Գյուղատնտեսական բարեփոխման ծրագրի հիմնական նպատակը շուկայամետ գյուղատնտեսության զարգացումն էր: Աջակցությունը սկսեց տրամադրվել անմիջապես ֆերմերներին և արտադրողներին: Մասնավորեցման լայնածավալ ծրագիրը նվազեցրեց պետության ներգրավումը գյուղատնտեսության բնագավառում: Միջին ձեռներեցների առաջմղումը նոր խթան հանդիսացավ Թուրքիայի տնտեսության համար:
2002-2012 թթ. ծայրահեղ աղքատությունը նվազեց 13-ից մինչև 4.5, իսկ աղքատությունը` 44-ից 21 տոկոս: Զգալիորեն բարելավվեց նաև առողջապահության, կրթության և հանրային ծառայությունների հասանելիությունը բնակչության նվազ ապահով խավերին: Թուրքիայում ստեղծվեց 6.3 միլիոն աշխատատեղ, և դա նաև կանանց մասնակցության շնորհիվ:
Այսօր ԵՄ-ն Թուրքիայի ամենախոշոր տնտեսական գործընկերն է, որի հետ առևտուրը կազմում է երկրի արտաքին առևտրի ծավալի շուրջ 40 տոկոսը: Թուրքիան մեծ օգուտ է քաղել ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացից՝ ինչպես ներմուծման և արտահանման ծավալների աճի, այնպես էլ ֆինանսավորման հասանելիության առումով: Ամեն տարի կառավարությունը ծախսում է 2 միլիարդ ԱՄՆ դոլար գյուղատնտեսության խթանման նպատակով:
Թուրքիայի կառավարությունը թիրախ է սահմանել մինչև 2023 թվականը դառնալ աշխարհի 5 առաջատար գյուղատնտեսական արտադրողներից մեկը:
Հայաստան Թուրքիա համեմատական
Աղբյուր՝ CIA Factbook
Հայաստան | Թուրքիա | |
Բնակչություն | 3 056 382 | 70 414 269 |
Տարածք | 29 743 ք.կմ | 783 562 ք.կմ |
Աշխատուժ | գյուղատնտեսություն` 39%
արդյունաբերություն` 17% ծառայություններ` 44% |
գյուղատնտեսություն` 25.5%
արդյունաբերություն՝ 26.2% ծառայություններ՝ 48.4% |
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ըստ սեկտորի | գյուղատնտեսություն՝ 23.3%
արդյունաբերություն՝ 30.1% ծառայություններ՝ 46.7% |
գյուղատնտեսություն՝ 8.1%
արդյունաբերություն՝ 27.7% ծառայություններ՝ 64.2% |
ՀՆԱ | $10.529 միլիարդ | $751 միլիարդ |
ՀՆԱ մեկ շնչի հաշվով | $8 500 | $20 400 |
ՀՆԱ | $25.32 միլիարդ | $1.589 տրիլիոն |
Ներկրում | Ռուսաստանից՝ 29.1%, Չինաստանից՝ 9.7%, Գերմանիայից՝ 6.2%, Իրանից՝ 6.1%, Իտալիայից՝ 4.6%, Թուրքիայից՝ 4.2% | Չինաստանից՝ 12%,
Գերմանիայից՝ 10.3%, Ռուսաստանից 9.9%, ԱՄՆ-ից՝ 5.4%, Իտալիայից՝ 5.1% |
Արտահանում | $1.626 միլիարդ | $152 միլիարդ |
Արտահանում ըստ երկրների
|
Ռուսաստան՝ 15.2%, Չինաստան՝ 11.1%, Գերմանիա՝ 9.8%, Իրաք՝ 8.8%, Վրաստան՝ 7.8%, Կանադա՝ 7.6%, Բուլղարիա՝ 5.3%, Իրան՝ 5.3% | Գերմանիա՝ 9.3%, Միացյալ Թագավորություն՝ 7.3%, Իրաք՝ 5.9%, Իտալիա՝ 4.8%, ԱՄՆ՝ 4.5%, Ֆրանսիա՝ 4.1% |
Նպատակն է մինչև 2023 թվականը ունենալ հետևյալ արդյունքները
- 150 միլիարդ դոլար արժողությամբ համախառն գյուղատնտեսական արտադրանք
- 40 միլիարդ դոլար արժողությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտահանում
- 5 միլիոն /այժմ 5.4 միլիոն/ հեկտար ոռոգելի հողատարածք
- դառնալ առաջինը ձկնաբուծության ոլորտում
Խթանման պետական ծրագրեր
- Սարքավորումների ներկրման դեպքում մաքսատուրքերից ազատում
- Սարքերի և տեխնոլոգիաների (ներքին արտադրության և ներկրվող) ձեռքբերման
դեպքում ավելացված արժեքի հարկից ազատում
- Էներգիայի գների նվազեցում
- Սոցիալական ապահովության վճարների նվազեցում
- Ցածր տոկոսադրույքով կամ առանց տոկոսի երկարատև վարկերի տրամադրում
- Շուկայահանման աջակցություն
Կաթի արժեշղթան
Թուրքիայում կաթի արտադրությունը երկակի կառուցվածք ունի:
Առկա են մեծ ֆերմաներ, որոնք ունեն 100 կով և ավելին, և կան բազմաթիվ փոքր ֆերմաներ, որոնք հիմնականում գոյատևման կարիքներն են հոգում: Մեծ ֆերմաները գտնվում են Թուրքիայի արևմտյան, փոքրերը՝ արևելյան և հյուսիսային հատվածներում:
Այն ֆերմաները, որոնք գտնվում են վերամշակման գործարանների տարածքում, շատ արագ զարգացում են ապրել: Եվ դրանք կաթի որակական հատկանիշներով մոտ են եվրոպական չափորոշիչներին:
Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է անմիջապես ֆերմերային տնտեսություններին: Գործում են երկարատև և ցածր տոկոսադրույքով վարկեր, և ներդրումները կարող են սուբսիդավորվել մինչև 50 տոկոս: Կաթ արտադրող ֆերմերներն օգտվում են սուբսիդավորման մի շարք ծրագրերից:
Ֆերմերին տրամադրվում է կերի գնի 25-30 տոկոսը: Երինջների ձեռքբերման և աճեցման համար ֆերմերին տրվում է կենդանու արժեքի 30 տոկոսը: Նաև հավելավճար է տրվում, եթե կաթը հանձնվում է գրանցված վերամշակման արտադրամասերին:
2006 թվականից ի վեր 50 տոկոս դրամաշնորհ է տրամադրվում ֆերմերներին՝ կենդանիների ապահովագրության նպատակով:
Վարկային համակարգը նույնպես բազմաթիվ արտոնություններ է տրամադրում գյուղատնտեսական գործունեության ծավալման համար: Մեծածավալ ներդրումային ծրագրերի դեպքում տրամադրվում են մինչև զրո տոկոսադրույքով վարկեր:
Այնուհանդերձ, Թուրքիայում կաթի որակի խնդիրը դեռևս լուծված չէ:
Ոչ ֆորմալ ճանապարհով մեծ քանակությամբ կաթ է վաճառվում, որն անվանում են “փողոցի կաթ”։ Այն չի համապատասխանում սանիտարական նորմերին և կարող է ցածրորակ լինել :
Սակայն կառավարությունը քայլ առ քայլ լուծում է տալիս խնդրին և չի արգելում վաճառքը, քանի որ այն եկամտի աղբյուր է բազմահազար մարդկանց համար:
Չրագործություն
Թուրքիան ծիրանաչրի, չամիչի և թզի չրի ամենախոշոր արտադրողն ու արտահանողն է աշխարհում:
Չորամրգի արտահանման ծավալները գերազանցում են 1 միլիոն տոննան, որի շրջանառությունը կազմում է մոտ 1.5 միլիարդ դոլար:
Թիրախ է սահմանվել մինչև 2023 թվականը արտահանման ծավալները հասցնել 5 միլիարդ դոլարի:
Լայնածավալ պետական աջակցություն է տրամադրվում այգիների հիմնման և չրագործական տեխնոլոգաների ներդրման, ինչպես նաև չորամրգի շուկայահանման ուղղությամբ:
Թուրքիայում չորամրգի արտադրությունը երկու փուլ է անցնում: Մրգերը սկզբնական ջրազրկման են ենթարկվում արևի տակ, որից հետո հանձնվում են վերամշակողներին, և իրականացվում է երկրորդ՝ լվացման փուլը, այնուհետև տեսակավորման, չափավորման և փաթեթավորման գործընթացը: Մրգի կորիզից մինչև ամենափոքր և անհրապույր չիրը վերամշակման տարբեր գործընթացներով է անցնում: Արտադրական ամբողջ շղթան համապատասխանում է սննդի անվտանգության միջազգային չափորոշիչներին:
Շուկաներ ներթափանցելու նպատակով չորամիրգ արտահանողներին աջակցություն է տրամադրվել ՎՎՀԿԿ (HACCP) ISO չափորոշիչների միջազգային հավաստագրերի ձեռքբերման հարցում:
Թուրքական չիրն արտահանվում է ավելի քան 100 երկիր: Արտահանման մոտ 60 տոկոսն ողղված է Եվրոպական Միություն:
Արտահանման ծավալների կայուն քանակն ու որակը պահպանելու նպատակով չրարտադրողներն ամեն տարի պահեստավորում են լրացուցիչ քանակություն, որի համար առկա են պահեստավորման միջազգային չափորոշիչներին համապատասխանող պայմաններ:
Առատ բերքի տարիներին չորացվում է մեծ քանակությամբ միրգ: Միջին չափի չրարտադրողը մոտ 50 տոննա չիր է պահեստավորում, որպեսզի անկախ եղանակային անբարենպաստ պայմաններից կարողանա պահպանել իր շուկաները:
Թուրքիայում աճում է ավելի քան 1200 տեսակի տեղական խաղող: Խաղողի տարեկան միջին արտադրությունը կազմում է 2.5 միլիոն տոննա: Գերակշռողը Սուլթանա տեսակն է, որն արտադրվում է չամիչի համար: Արտադրության 60 տոկոսն անկորիզ խաղողն է:
Թզի չրի արտադրությունը կազմում է 45-60 հազար տոննա: Թուրքիան համարվում է թարմ և չորացված թզի չրի ամենամեծ արտադրողն աշխարհում:
Ծիրանի և ծիրանաչրի արտադրության բնագավառում Թուրքիան նույնպես առաջատարն է: Տարեկան արտադրվում է 650.000 տոննա ծիրան և ավելի քան 84.500 տոննա չիր: Աշխարհում սպառվող ծիրանի 20 տոկոսը և ծիրանաչրի 80 տոկոսը թուրքական է:
1985 թվականից ի վեր մեծ աճ է արձանագրվել օրգանական չորամրգի արտադրության բնագավառում:
Թուրքիայի օրգանական սեկտորի մոտ 45 տոկոս մասնաբաժինը չորամրգի արտադրությանն է:
Ծիրանաչրի 15 տոկոսը, թզի չրի 20 տոկոսը և չամիչի 5 տոկոսը օրգանական հավաստագրված է:
Վերջին զարգացումները
Ըստ գնահատականների` 2015 թականին աճի տեմպն ավելացել է 4.2 տոկոսով, որը կանխատեսվածից բարձր էր։ Չնայած սպառողների վստահության աստիճանի նվազմանը և ընտրություններով պայմանավորված քաղաքական անորոշությանը` մասնավոր սպառումը դարձավ աճի գլխավոր շարժիչ ուժը:
Արտահանման ծավալները կտրուկ նվազեցին ԵՄ երկրների պահանջարկի կրճատման, Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի և Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով: Սակայն փոխարժեքի իրական արժենվազումը խթանեց անցումը ներմուծված ապրանքներից դեպի տեղական արտադրանքը, ինչը 2015 թվականին հանգեցրեց ներմուծման ծավալների նվազմանը և աճի ցուցանիշում զուտ արտահանման ծավալների դրական ազդեցությանը:
Համաշխարհային բանկի խումբը շարունակում է աջակցել Թուրքիայի կառավարությանը` իր զարգացման նպատակներին հասնելու գործում դեպի արդյունքները կողմնորոշված ծրագրի իրականացման, վարկավորման և տեխնիկական-խորհրդատվական ծառայությունների տրամադրման միջոցով:
Այսօր Թուրքիան դիրքավորվել է որպես տիպիկ միջին եկամուտ ունեցող երկիր` համաշխարհային մրցունակության վարկանիշներով: Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսով այն գրավում է 45-րդ տեղը (2014-2015թթ.):
Աշխատանքային շուկաներ
Երկրի միջնաժամկետ մարտահրավերներից մեկն աշխատուժի ընդհանուր կառուցվածքում երիտասարդների և կանանց մասնակցության խրախուսումն է: Չնայած աշխատատեղերի ստեղծման ոլորտում վերջին տարիներին արձանագրված նկատելի հաջողությանը` Թուրքիայի աշխատանքային տարիքի բնակչության կեսը չի մտնում աշխատանքային շուկա, ինչը հիմնականում բացատրվում է կանանց աշխատուժի մասնակցության ցածր տոկոսով` շուրջ 30%, որը ՏՀԶԿ անդամ երկրների միջին 65% ցուցանիշի կեսից պակաս է: Երիտասարդ աշխատուժի 35 տոկոսը` հիմնականում կանայք, չի աշխատում և դպրոց չի հաճախում։ Աշխատաշուկայի ոչ ճկուն լինելը և աշխատուժի բարձր արժեքն այն գլխավոր խոչընդոտներն են, որոնք խանգարում են երկրում աշխատատեղերի ստեղծմանը:
Հեղինակ՝ Նաիրա Մկրտչյան