Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ձգտում է ապահովել իր բնակչության բարեկեցությունը, սննդամթերքի արտադրությունը դարձնել տնտեսության կենսունակ և բարգավաճ հատված, հասկանալով այն պարզ ճշմարտությունը, որ սննդամթերքը հանդիսանում է մարդու առաջին անհրաժեշտ պահանջմունքը: Ազգի առողջությունը և նրա մտավոր ուժը կախված է նաև նրա կողմից սպառվող սննդամթերքի քանակից և որակից:
Առողջ ազգ ունենալու կարևոր նախապայմաններից մեկը բարձրորակ սնունդն է, որը սոցիալական բազում խնդիրներ ունեցող մեր հասարակության համար հաճախ հետին պլան է մղվում: Շատերի համար առաջնային է սննդի ոչ թե անվտանգ, այլ էժան լինելը: Սակայն եթե հասարակությունը միշտ չէ, որ մտահոգ է սեփական առողջությամբ և սննդի անվտանգության խնդիրներով, ապա պետությունը պարտավոր է մտածել այդ մասին` հսկողություն սահմանելով երկրում արտադրվող, վաճառվող, ինչպես նաև ներմուծվող ու արտահանվող սննդամթերքի նկատմամբ: Բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը համարվում է մեր երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այս մոտեցումն է ամրագրված «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Կարդալ ավելին