Չնայած որ հորթերի աճեցումը հանդիսանում է ամենակարևոր և ամենաեկամտաբեր ներդրումը ֆերմայում, այն շատ հաճախ բավարար ուշադրության չի արժանանում: Հիմնականում ֆերմերներն ընկալում են հորթերին որպես ավելորդ ծախս և գլխացավանք` հավատացած լինելով, որ դրանք պետք է գոյատևեն մինչև երինջ դառնալը, և միայն դրանից հետո է արդարացվում նրանց վրա միջոցների և ժամանակի ներդրումը:

Հորթերի աճեցման նպատակը հնարավորինս քիչ գումար ծախսելը չէ, այլ արագ և առավելագույնս առողջ կտրիչի և կաթ արտադրող հյուսվածքների ձևավորումը:

Հորթի կյանքի առաջին 2 ամիսների ընթացքում նրան կարելի է այնպես ծրագրավորել, որ ապագայում այն դառնա բարձր մթերատու կենդանի: Սակայն սա հնարավոր է իրագործել միայն կյանքի առաջին 2 ամիսներին: Այս ժամանակահատվածը բաց թողնելու դեպքում` տվյալ հորթի ամբողջ կյանքի ընթացքում նման հանարավորություն այլևս չի ընձեռվի:

Իրականում, ծնից հետո առաջին 2 ամիսները հանդիսանում են կովի ամբողջ կյանքի ընթացքում ներդրում կատարելու ամենաեկամտաբեր շրջանը: Սկզբում սա կարող է շատ ակնառու չլինել, քանի որ ներդրումների և դրանց դիմաց ստացված եկամուտի կապը սկսում է ի հայտ գալ նվազագույնը 2 տարի անց՝ կաթնատվության զարգացմանը զուգահեռ: Մի խումբ գիտնականների՝ Շամայի (2005), Ֆաբերի (2005), Մոալեմի (2006), Ռաթ-Նայթի (2009), Դռակլիի (2007a,b), Թեռռի (2009) կատարած փորձերի արդյունքում պարզվել է, որ առաջին 2 ամիսների ընթացքում օրական 1գր հավելյալ միջին քաշաճը հանգեցնում է միջինում 4լ հավելյալ կաթնատվության առաջին լակտացիայի ընթացքում:

Այսպիսով, հորթերը ֆերմայի ապագան են, և նրանցով է պայմավորված ֆերմայի հետագա արտադրողականությունն ու եկամտաբերությունը: Բարձր մթերատվության ձգտող ֆերմերը պետք է հասկանա, որ եթե իր հորթերի պահվածքը շարունակի իրականցնել ինչպես նախկինում, դժվար թե նրանք ավելի շատ կաթ տան, քան այն կովերը, որոնք արդեն կան ֆերմայում։

Հորթերի նպատակային աճեցումը կազմակերպելու 3 կարևոր հանգամանք

Խիժով կերակրումը

Նորածին հորթերը ծնվում են բացառապես առանց դիմադրողականության (իմունիտետի): Կյանքի առաջին շաբաթների ընթացքում նրանց կենսունակությունը ամբողջովին կախված է խիժի միջոցով ստացած հակամարմիններից: Այս պատճառով խիժով կերակրումը պատշաճ իրականացնելը համարվում է առողջ հորթեր ունենալու կարևոր նախապայմանը: Խիժով կերակրումը լավագույնս իրականցնելու համար պետք է հետևել 3 կանոնի՝ հորթերին կերակրել հնարավորինս շուտ, շատ և որակյալ խիժով: Առաջին կերակրումը պետք է կատարել ծնից հետո  30 րոպեի ընթացքում: Նորածին հորթի աղիքային պատերի ծակոտկենությունը բավականին մեծ է, որը նպաստում է խիժի մեջ պարունակվող հակամարմինների  դյուրին ներթափանցմանը արյունատար համակարգ՝ ապահովելով հորթի դիմադրողականությունը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Սակայն ծակոտկենությունը պահպանվում է ծնին հաջորդող 8 ժամվա ընթացքում, որից հետո ծակոտիները փոքրանում են, և հակամարմինները չեն կարողանում նույն հեշտությամբ ներթափանցել հորթի արյունատար համակարգ: Այս հանգամանքից պետք է օգտվել և հորթերին իրենց կյանքի առաջին ժամերին կերակրել լավորակ խիժով:

Առաջին 3 օրերի ընթացքում նորածին հորթին 15 – 18լ խիժ է հարկավոր, որից հետո կարելի է անցնել կաթով կամ կաթի փոխարինիչով կերակրման: Առաջին օրը ցանկալի է կերակրել 3-4 անգամ 1-1,5 լ խիժ ամեն կերակրման ընթացքում, երկրորդ և երրորդ օրը՝ 3-ական անգամ՝ 1,5 լ:

Կտրիչի ձևավորումը, ընտելացումը կոշտ և հատիկային կերերին

Հորթերի նպատակային աճեցումը մոնոգաստրիկից (միաստամոքս) որոճացող կենդանի աճեցնելն է: Այս ընթացքում հարկավոր է հետապնդել 2 թիրախ՝ ձևավորել կտրիչը և անցնել համեմատաբար մատչելի կերառացիոնի՝ կոշտ և հատիկային կերերի: Այս թիրախներին հասնելու համար հորթերին հարկավոր է 4 տեսակ սնունդ․

  • կաթ, որը ծառայում է որպես սննդի հիմնական աղբյուր, մինչև կտրիչը սկսի լիարժեք գործել,
  • ջուր՝ ամենաթերագնահատված սնունդը, որը, սակայն, շատ կարևոր դեր է խաղում կտրիչի ձևավորման գործում,
  • կոշտ կեր՝մանրացված (3–5 սմ) չոր խոտ կամ ծղոտ, որը ապահովում է կտրիչի ծավալային ձևավորումը,
  • հատիկային կերեր կամ հորթերի կտրիչի ձևավորման խթանիչներ (ստարտեր) որոնք ապահովում են կտրիչի թերթիկների և պատերի արյունատար համակարգի ձևավորումը:

Կերաբաժնի մեջ ջուրն անհրաժեշտ է դանդաղ ներմուծել: Առաջին 3 օրերի ընթացքում ջուր պետք չէ տալ, 3-7-րդ օրերին՝ սահմանափակ քանակությամբ, կաթով կերակրելուց առնվազն 2 ժամ հետո: Այն անհրաժեշտ է հեռացնել` նախքան կաթ տալը: Յոթերորդ օրվանից սկսած՝ ջուրը պետք է միշտ լինի գոմում անսահմանափակ քանակությամբ:

Կոշտ և հատիկային կերերով կերակրումը նույնպես անհրաժեշտ է սկսել աստիճանաբար: Կյանքի 4-րդ  օրվանից սկսած՝ հորթերին կարելի է ծանոթացնել այս տեսակի կերերին՝ սկսելով փոքր քանակությունից:  Նման  կերով սնուցումը ևս պետք է իրականացնել ըստ պահանջի՝ հետզհետե ավելացնելով կերի քանակը: Այս հանգամանքով են պայմանավորված կտրիչի լավ ձևավորումը և կաթից կտրելու ժամկետները: Հորթերին կաթից կտրելու համար լավագույն է համարվում այն ժամանակը, երբ նրանք սկսում են ուտել օրական առնվազն 1,5կգ ստարտեր կամ խտանյութ: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ հորթերի կտրիչը պատրաստ է մարսելու աճի համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը, և հորթը այլևս կախման մեջ չէ կաթից ստացված սննդանյութերից:

Պահվածքը

Ցանկալի է, որ նորածին հորթերը կյանքի առաջին 2 շաբաթվա ընթացքում պահվեն իրարից առանձին, քանի որ նրանք կարող են հիվանդություններ փոխանցել միմյանց: Անհատական պահվածքի համար կարելի է օգտագործել հորթերի անհատական վանդակներ կամ շարժական հորթանոցներ: Երրորդ շաբաթից սկսած և մինչև 3 ամսական՝ նրանց կարելի է պահել 10–15 հորթերից բաղկացած խմբերում:

Հորթերին հարկավոր է պահել չոր և մաքուր ցամքարի վրա, ապահովել թարմ օդով, ջրով և անընդմեջ լույսով: Սրանք շատ կարևոր են հորթի լավ զգացողության, սթրեսներից խուսափելու, ինչպես նաև վիտամիններ և հանքանյութեր ապահովելու համար: Հորթերի աճեցումը արդյունավետ կազմակերպելիս շատ կարևոր է սթրեսային իրավիճակները կանխարգելելը: Սթրեսի ենթարկված կենդանին ախորժակի անկում է ունենում, որը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում նրա աճի վրա: Նույնիսկ լավագույն պահվածքի դեպքում հորթերը ենթարկվում են որոշակի սթրեսի. գրեթե ցանկացած նոր երևույթ հորթի համար սթրես է: Այս առումռով շատ կարևոր է, որ հորթի կյանքում երկու փոփոխություն միաժամանակ տեղի չունենա: Օրինակ, եթե ցանկանում եք փոխել հորթի պահվածքը անհատականից խմբայինի և միաժամանակ սկսել կոշտ և հատիկային կերով կերակրումը, շատ կարեւոր է, որ այս փոփոխությունները կատարվեն առնվազն 4-5 օր տարբերությամբ:

Բուժկանխարգելիչ միջոցառումներ աղեստամոքսային համակարգի խանգարումների դեպքում

Հորթերի աճեցման գործում փորլուծությունը հանդիսանում է ամենահաճախ հանդիպող խնդիրը: Ըստ §Կենդանիների առողջության վերահսկման ազգային համակարգ»-ի ուսումնասիրությունների՝ կաթնային շրջանում հորթերի մահացության 56%-ը պայմանավորված է աղեստամոքսային խնդիրներով: Փորլուծությունը կարող է նաև հորթի կենսաբանական աճի դադարեցման պատճառ հանդիսանալ և զգալիորեն թուլացնել նրա դիմադրողականությունը:

Այս պատճառով փորլուծության կանխարգելման ծրագիր և բուժման արդյունավետ միջոցներ ունենալը ֆերմայի ղեկավարման կարևոր դրույթներից մեկն է: Աղեստամոքսային խանգարումների պատճառները բաժանվում են 2 հիմնական խմբի՝ վարակիչ և ոչ վարակիչ: Վարակի պատճառները հիմնականում պայմանավորված են հիգիենայի խախտման, վատորակ կերի կամ հակաբիոտիկ պարունակող մայրական կաթով կերակրմամբ: Իսկ ոչ վարակիչ լուծի հիմնական պատճառներն են վատորակ կաթի փոխարինիչով կերակրումը, մեծ քանակությամբ կամ սխալ ջերմաստիճանի կաթով, կաթի փոխարինիչով կերակրումը, սխալ խտություն ունեցող կաթի փոխարինիչով  և անկայուն գրաֆիկով սնումը:

Հորթերի աղեստամոքսային խնդիրների բուժմանը հարկավոր է ձեռնամուխ լինել առաջին իսկ նշանների ի հայտ գալուն պես: Բուժումը մի քանի նպատակ ունի՝

  • իրականացնել կենդանու ջրային բալանսի վերականգնում (ռեհիդրացիա),
  • նորմավորել աղեստամոքսային համակարգի թթվային միջավայրը (ազատվել ացիդոզից),
  • դադարեցնել փորլուծությունը,
  • վերականգնել նորմալ մարսողությունը,
  • կենդանուն ապահովել էներգիայով:

Հայաստանի Հանրապետությունում ֆերմերների և անասնաբույժների մեծամասնությունը հորթի մարսողական համակարգի խանգարումը կարգավորելու համար օգտագործում է անտիբիոտիկներ: Սակայն այս փորձը չեք հանդիպի զարգացած անասնապահություն ունեցող որևէ երկրում, քանի որ այն ոչ միայն անարդյունավետ է, այլև կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել, քան փորլուծությունը: Հակաբիոտիկի օգտագործումը ծայրահեղ լուծում է, որը օգտագործում են միայն սուր աղեստամոքսային վարակների դեպքում: Հակաբիոտիկները սպանում են աղեստամոքսային միկրոֆլորան,  այդ թվում՝ մարսողության համար անհրաժեշտ միկրոօրգանիզմները, վերացնում են վնասակար  մանրէները, բայց դրանց կողմից արտադրված տոքսինների դեմ չեն գործում, վնասում են աղիքային պատերը՝ խոչընդոտելով սննդարար նյութերի ներթափանցումը արյունատար համակարգ: Այս ամենով հանդերձ, հակաբիոտիկները չեն նպաստում ռեհիդրացիային, մարսողության և էներգիայի վերականգնմանը: Մասնագետները պնդում են, որ անհրաժեշտ է զերծ մնալ ամեն անպատեհ առիթի դեպքում հակաբիոտիկների  գործածումից՝ հաշվի առնելով դրանց կողմնակի վնասները:

Հորթերի աղեստամոքսային համակարգի խանգարումների դեմ լավագույն միջոցը լավորակ էլեկտրոլիտային լուծույթներն են: Այս լուծույթները պայքարում են փորլուծության վնասակար ազդեցության դեմ: Դրանք զերծ են վնասակար ազդեցությունից  և կարող են նաև գործածվել որպես պրոֆիլակտիկ միջոց: Օրինակ, եթե միևնույն տեղում պահվող հորթերի մի մասի մոտ կան փորլուծության նշաններ, կարելի է առողջ հորթերին տալ ցածր խտությամբ էլեկտրոլիտային լուծույթ: Բացի աղեստամոքսային համակարգի խանգարումների կանխարգելումից կամ կարգավորումից լավորակ էլեկտրոլիտային լուծույթները նաև հագեցած են գլյուկոզայով, որը նպաստում է հորթերի էներգիայի վերականգնմանը:

 

Հեղինակ՝ Մուշեղ Մարգարյան՝

Գյուղի զարգացման ծրագրի օգնական