Միայն ինձ ճանաչողները կարող են ասել, թե ինչ կարգի եմ սիրում իմ անասուններին և թե ինչքան կապված եմ նրանց հետ¦,- պատմում է Խնձորեսկի միակ կին ֆերմեր Վարսենիկ Հայրյանը, ով ամեն անգամ իր ֆերմայի անասունների մասին խոսելիս համակվում է նախանձելի ոգևորությամբ ու անսահման սիրով:

Նրա սերը անասնապահության ու կենդանիների հանդեպ գալիս է մանկուց: Պատմում է, որ հայրը անասնապահությամբ զբաղվել է 17 տարեկանից: Խորհրդային Միության տարիներին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է ստացել անասնապահության ոլորտում: §Փոքր տարիքից ես հորս հետ եմ եղել, տեսել ու սիրել եմ կենդանիներին¦, – նշում է Վարսենիկը: Երկու տարի առաջ հայրը մահացավ, և այսօր մոտ 40 կենդանի ունեցող ֆերմայի ողջ պատասխանատվությունն ընկած է երիտասարդ կնոջ ուսերին: §Բոլոր 40 կովերին գիտեմ,  անուն առ անուն: Փոքրերին դեռ անուններ չեմ տվել: Սպասում եմ` մի քիչ մեծանան, կազմավորվեն՝ գույնով, պոզերով, նոր ընտրում եմ համապատասխան անունը: Այս սովորությունը հորիցս եմ ժառանգել: Գիտեմ նաև յուրաքանչյուր կովի բնավորությունը: Զարմանում եմ, երբ տեսնում եմ, որ մարդիկ երբեմն դաժան են վարվում կենդանիների հետ: Ասում են՝ եթե կովին հարվածես, կաթը ներս կքաշվի, ու այդ պահին կաթ չի տա¦: Վարսենիկը սիրում է իր կովերին, նրանք էլ առատորեն վարձահատույց են լինում: Կարդալ ավելին