Գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումը ծածկած գրունտի պայմաններում ունի բավականին հին պատմություն և կիրառվել է հնագույն ժամանակներում: Համաձայն պատմաբանների հիշատակումների՝ ծածկի տակ գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման առաջին փորձերն արվել են հին Հռոմում դեռևս առաջին և երկրորդ դարերում: Ավելի ուշ՝ 13-րդ դարում, Եվրոպայում ջերմատներն օգտագործվում էին արևելյան երկրներից ներկրվող էկզոտիկ բույսեր, բանջարեղեն և հատապտուղ աճեցնելու համար: Սրանք կոչվում էին §բուսաբանական այգիներ¦: Շուտով այս ջերմատները մեծ ճանաչում ստացան Նիդերլանդներում և Անգլիայում: Կարդալ ավելին

Իսրայելում հավի միսը և ձուն, ինչպես նաև հացը և կաթը ռազմավարական մթերք են հանդիսանում. ինքներս ենք մեզ ապահովում: Ավելին, եթե մի օր Հայրենիքն ասի §Պե՛տք է¦, մենք առանց վարանելու 5-6 անգամ կավելացնենք արտադրությունը:

Սակայն ի՞նչ գնով

Պարզվում է` աշխարհում հնդկահավի մսի ամենաակտիվ սպառողներն իսրայելցիներն են.  երկրի յուրաքանչյուր բնակչին տարեկան բաժին է ընկնում 14 կիլոգրամ հնդկահավի միս: Իսկ հավի մսի առումով Իսրայելին գերազանցում է միայն Ամերիկան: Մենք տարեկան ուտում ենք 29 կիլոգրամ թռչնի միս, եփում կամ պատահմամբ ջարդում ենք 293 հավկիթ: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ջանք է պետք գործադրել նման ախորժակ ունեցող երկրի պահանջները բավարարելու համար: Կարդալ ավելին

Հին աշխարհի համեմունքները

Միսսուրի նահանգի Կոնկորդիա քաղաքում տեղակայված §Հին աշխարհի համեմունքներ¦ (§Old World Spices and Seasonings¦) ընկերությանը պատկանող անհամար սափորների շարքերով կանաչ, սև ու սպիտակ փոշեհատիկներով լի կարմրավուն համեմունքների մի ամբողջ աշխարհ է անցնում: Նախքան շշալցվելը՝ յուրաքանչյուր համեմունք երկար ճանապարհ է անցնում: Սա աշխարհի բոլոր անկյուններից եկող համեմունքների խառնարան է: Սև պղպեղը գալիս է  Հնդկաստանից, չիլի պղպեղի փոշին՝ Մեքսիկայից, չամանը՝ Թուրքիայից, և էլի շատ այլ թանկարժեք համեմունքներ, որոնք մինչև օրս անցնում են ավելի քան 2000 տարի առաջ մշակված ուղով: Կարդալ ավելին

նա երբեք չի խոսում §սեփական հաջողության¦ մասին, այլ խոսում է §բոլորիս նվաճումների մասին¦

սոնենտոր թեյերի արտադրությունը սկիզբ է առել 1988 թվականին:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ավստրիացի մի ֆերմեր՝ Յոհաննես Գուտման անունով, որոշեց համագործակցել իր համայնքի ֆերմերների հետ և արտադրել բարձրորակ օրգանական ապրանք՝ ժպտացող արևի տարբերանշանով:

Գուտմանը մեծացել է ավստրիական Վալդիվերտել համայնքում՝ ֆերմերի ընտանիքում:

  • Ես որոշել էի այլ ճանապարհ ընտրել և չզբաղվել գյուղատնտեսությամբ¦, – հիշում է հաջողակ գործարարը:

Սակայն ավարտական քննությունները հանձնելուց հետո Գուտմանը հասկացավ, որ մեծ քաղաքները չեն հրապուրում իրեն: Նա որոշեց մնալ իր հայրենի համայնքում և ինչ-որ նոր և կարևոր գործ ձեռնարկել: Սկզբում ընտանիքի և համայնքի անդամները ընդհանրապես իրատեսական չհամարեցին համանման տարբերանշանով օրգանական ապրանքների արտադրության գաղափարը: Սակայն Գուտմանը հավատարիմ մնաց իր որոշմանը: Նա ստեղծեց Սոնենտոր տարբերանշանը համապատասխան փաթեթավորմամբ և մեկնարկեց իր աշխատանքը օրգանական բույսերի շուկայում:

Հաջողության գաղտնիքը

  • Ես հավատում էի իմ գաղափարին, և շուտով տարածաշրջանում բոլորը սկսեցին ճանաչել ինձ՝ կաշվե տաբատով տղային¦,-ասում է Գուտմանը, ով ավելի քան 25 տարի միևնույն տաբատն է կրում:

Այդ տաբատը նույնպես պատմություն ունի: Գուտմանը, որոշել էր տարբերվող հագուստներ գնել իր համար: Մի օր տան մառանում պատահաբար գտնում է իր հոր՝ 1950-ականներից մնացած կաշվե տաբատը: Այդ օրվանից նա կրում է այն, որը նաև դառնում է Գուտմանի տարբերանշանը:

Որոշ ժամանակ անց մեծ թվով ֆերմերներ սկսեցին հետաքրքրվել Սոնենտորի հետ հնարավոր համագործակցության հեռանկարով:

Այսօր կազմակերպության տարածքում ամենուր հնարավոր է տեսնել այն ֆերմերների անուններն ու նկարները, ովքեր ի սկզբանե հավատացել և աջակցել են Սոնենտորին կայացման գործում:

Գուտմանը երբեք չի խոսում §իր հաջողության¦ մասին, այլ խոսում է §մեր նվաճումների մասին¦:

Սոնենտորն իր գործունեության առաջին իսկ տարում՝ 1988 թվականին, սկսեց համագործակցել հումք մատակարարող 3 ֆերմերի հետ:

Այսօր կազմակերպությունը համագործակցում է ավելի քան 150 ֆերմերի հետ և ունի 200-ից ավելի աշխատակից ինչպես Ավստրիայում, այնպես էլ այլ երկրներում գործող մասնաճյուղերում:

Սոնենտորի ապրանքատեսակները վաճառվում են ավելի քան 45 երկրում: Արտադրանքի ավելի քան 80 տոկոսը արտահանվում է:  Սոնենտորի տեսականին բազմազան է: Այն ունի թեյեր, համեմունքներ, մեղր, սուրճ և այլն: Տարեկան շրջանառությունը գերազանցում է 50 մլն Եվրոն:

Յոհաննես Գուտմանը հավատացած է, որ իրենք օգտագործում են իրենց հնարավորությունների միայն 20 տոկոսը: Ու թեև դեռ շատ աճելու տեղ ունեն, այնուամենայնիվ նա մշտապես հավատարիմ է §Որակ և միայն հետո՝ քանակ¦ սկզբունքին:

Թիմային ոգին և կազմակերպության փիլիսոփայությունը

Սոնենտորը այսօր կարևոր գործատու է իր տարածաշրջանում: Աշխատակազմը կազմակերպության ամենաարժեքավոր ձեռքբերումն է: Կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների հմտությունների զարգացմանը:

Բացառիկ աշխատանքային պայմանները, անկախությունը, ազատությունն ու ժպիտը, ինչպես նաև հաճախորդների աննախադեպ սպասարկումը Սոնենտորի աշխատանքի անքակտելի մասն են կազմում:

Թիմի յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է կրում կազմակերպության հաջողության համար:

Սեր, հոգատարություն և բնություն

Սոնենտորի առանցքային գաղափարը գյուղացիական փոքր տնտեսություններին ցուցաբերվող աջակցությունն է: Այդ տնտեսությունները ավստրիական Վալդվիերտել համայնքի երկարամյա ավանդույթների կրողն են: Սա է այն բիզնես մոդելը, որը համարվում է Սոնենտոր բրենդի հաջողության գրավականը:

Սոնենտորի շնորհիվ այդ տարածաշրջանի ավելի քան 6-7 համայնքներ ապահովված են աշխատատեղերով և բարգավաճում են:

Սոնենտորը բնության պահպանության գաղափարին մշտատենչ նվիրման համար արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Այն արտադրում է միայն օրգանական բուսական թեյեր: Թիմի յուրաքանչյուր անդամ խորապես համոզված է, որ պատասխանատու է բնության պահպանման համար:

Որակի խստապահանջ կառավարման համակարգը կատարյալ արդյունք ստանալու գրավականն է:  Ընդունելի է միայն լավագույն, ամենամաքուր և անբասիր որակը: Սոնենտորը զերծ է գունանյութերից, արհեստական հավելումներից և թունաքիմիկատներից: Նման նվիրման և համոզմունքների արդյունքում են ծնվում Սոնենտորի մաքուր, բնական համերով անկրկնելի թեյերն ու համեմունքները:

Սոնենտորի նշանաբանը՝ §Այսօր արևը կծագի քե՛զ համար¦ արտացոլում է այն մոտեցումը, որ կյանքը պետք է վայելել ժպիտով և միշտ ազնվորեն համագործակցել գործընկերների, աշխատակազմի և սպառողների հետ:

Սոնենտոր կազմակերպության անդամները, ովքեր այն սիրով անվանում են ընտանիք, հավատացած են, որ երջանիկ կյանքի լավագույն բաղադրատոմսի կրողը միայն բնությունն է:

 

Հեղինակ՝ Նաիրա Մկրտչյան

Ագրոբիզնեսի և մարքեթինգի բաժնի ղեկավար

Չնայած որ հորթերի աճեցումը հանդիսանում է ամենակարևոր և ամենաեկամտաբեր ներդրումը ֆերմայում, այն շատ հաճախ բավարար ուշադրության չի արժանանում: Հիմնականում ֆերմերներն ընկալում են հորթերին որպես ավելորդ ծախս և գլխացավանք` հավատացած լինելով, որ դրանք պետք է գոյատևեն մինչև երինջ դառնալը, և միայն դրանից հետո է արդարացվում նրանց վրա միջոցների և ժամանակի ներդրումը:

Հորթերի աճեցման նպատակը հնարավորինս քիչ գումար ծախսելը չէ, այլ արագ և առավելագույնս առողջ կտրիչի և կաթ արտադրող հյուսվածքների ձևավորումը:

Հորթի կյանքի առաջին 2 ամիսների ընթացքում նրան կարելի է այնպես ծրագրավորել, որ ապագայում այն դառնա բարձր մթերատու կենդանի: Սակայն սա հնարավոր է իրագործել միայն կյանքի առաջին 2 ամիսներին: Այս ժամանակահատվածը բաց թողնելու դեպքում` տվյալ հորթի ամբողջ կյանքի ընթացքում նման հանարավորություն այլևս չի ընձեռվի:

Իրականում, ծնից հետո առաջին 2 ամիսները հանդիսանում են կովի ամբողջ կյանքի ընթացքում ներդրում կատարելու ամենաեկամտաբեր շրջանը: Սկզբում սա կարող է շատ ակնառու չլինել, քանի որ ներդրումների և դրանց դիմաց ստացված եկամուտի կապը սկսում է ի հայտ գալ նվազագույնը 2 տարի անց՝ կաթնատվության զարգացմանը զուգահեռ: Մի խումբ գիտնականների՝ Շամայի (2005), Ֆաբերի (2005), Մոալեմի (2006), Ռաթ-Նայթի (2009), Դռակլիի (2007a,b), Թեռռի (2009) կատարած փորձերի արդյունքում պարզվել է, որ առաջին 2 ամիսների ընթացքում օրական 1գր հավելյալ միջին քաշաճը հանգեցնում է միջինում 4լ հավելյալ կաթնատվության առաջին լակտացիայի ընթացքում:

Այսպիսով, հորթերը ֆերմայի ապագան են, և նրանցով է պայմավորված ֆերմայի հետագա արտադրողականությունն ու եկամտաբերությունը: Բարձր մթերատվության ձգտող ֆերմերը պետք է հասկանա, որ եթե իր հորթերի պահվածքը շարունակի իրականցնել ինչպես նախկինում, դժվար թե նրանք ավելի շատ կաթ տան, քան այն կովերը, որոնք արդեն կան ֆերմայում։

Հորթերի նպատակային աճեցումը կազմակերպելու 3 կարևոր հանգամանք

Խիժով կերակրումը

Նորածին հորթերը ծնվում են բացառապես առանց դիմադրողականության (իմունիտետի): Կյանքի առաջին շաբաթների ընթացքում նրանց կենսունակությունը ամբողջովին կախված է խիժի միջոցով ստացած հակամարմիններից: Այս պատճառով խիժով կերակրումը պատշաճ իրականացնելը համարվում է առողջ հորթեր ունենալու կարևոր նախապայմանը: Խիժով կերակրումը լավագույնս իրականցնելու համար պետք է հետևել 3 կանոնի՝ հորթերին կերակրել հնարավորինս շուտ, շատ և որակյալ խիժով: Առաջին կերակրումը պետք է կատարել ծնից հետո  30 րոպեի ընթացքում: Նորածին հորթի աղիքային պատերի ծակոտկենությունը բավականին մեծ է, որը նպաստում է խիժի մեջ պարունակվող հակամարմինների  դյուրին ներթափանցմանը արյունատար համակարգ՝ ապահովելով հորթի դիմադրողականությունը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Սակայն ծակոտկենությունը պահպանվում է ծնին հաջորդող 8 ժամվա ընթացքում, որից հետո ծակոտիները փոքրանում են, և հակամարմինները չեն կարողանում նույն հեշտությամբ ներթափանցել հորթի արյունատար համակարգ: Այս հանգամանքից պետք է օգտվել և հորթերին իրենց կյանքի առաջին ժամերին կերակրել լավորակ խիժով:

Առաջին 3 օրերի ընթացքում նորածին հորթին 15 – 18լ խիժ է հարկավոր, որից հետո կարելի է անցնել կաթով կամ կաթի փոխարինիչով կերակրման: Առաջին օրը ցանկալի է կերակրել 3-4 անգամ 1-1,5 լ խիժ ամեն կերակրման ընթացքում, երկրորդ և երրորդ օրը՝ 3-ական անգամ՝ 1,5 լ:

Կտրիչի ձևավորումը, ընտելացումը կոշտ և հատիկային կերերին

Հորթերի նպատակային աճեցումը մոնոգաստրիկից (միաստամոքս) որոճացող կենդանի աճեցնելն է: Այս ընթացքում հարկավոր է հետապնդել 2 թիրախ՝ ձևավորել կտրիչը և անցնել համեմատաբար մատչելի կերառացիոնի՝ կոշտ և հատիկային կերերի: Այս թիրախներին հասնելու համար հորթերին հարկավոր է 4 տեսակ սնունդ․

  • կաթ, որը ծառայում է որպես սննդի հիմնական աղբյուր, մինչև կտրիչը սկսի լիարժեք գործել,
  • ջուր՝ ամենաթերագնահատված սնունդը, որը, սակայն, շատ կարևոր դեր է խաղում կտրիչի ձևավորման գործում,
  • կոշտ կեր՝մանրացված (3–5 սմ) չոր խոտ կամ ծղոտ, որը ապահովում է կտրիչի ծավալային ձևավորումը,
  • հատիկային կերեր կամ հորթերի կտրիչի ձևավորման խթանիչներ (ստարտեր) որոնք ապահովում են կտրիչի թերթիկների և պատերի արյունատար համակարգի ձևավորումը:

Կերաբաժնի մեջ ջուրն անհրաժեշտ է դանդաղ ներմուծել: Առաջին 3 օրերի ընթացքում ջուր պետք չէ տալ, 3-7-րդ օրերին՝ սահմանափակ քանակությամբ, կաթով կերակրելուց առնվազն 2 ժամ հետո: Այն անհրաժեշտ է հեռացնել` նախքան կաթ տալը: Յոթերորդ օրվանից սկսած՝ ջուրը պետք է միշտ լինի գոմում անսահմանափակ քանակությամբ:

Կոշտ և հատիկային կերերով կերակրումը նույնպես անհրաժեշտ է սկսել աստիճանաբար: Կյանքի 4-րդ  օրվանից սկսած՝ հորթերին կարելի է ծանոթացնել այս տեսակի կերերին՝ սկսելով փոքր քանակությունից:  Նման  կերով սնուցումը ևս պետք է իրականացնել ըստ պահանջի՝ հետզհետե ավելացնելով կերի քանակը: Այս հանգամանքով են պայմանավորված կտրիչի լավ ձևավորումը և կաթից կտրելու ժամկետները: Հորթերին կաթից կտրելու համար լավագույն է համարվում այն ժամանակը, երբ նրանք սկսում են ուտել օրական առնվազն 1,5կգ ստարտեր կամ խտանյութ: Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ հորթերի կտրիչը պատրաստ է մարսելու աճի համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը, և հորթը այլևս կախման մեջ չէ կաթից ստացված սննդանյութերից:

Պահվածքը

Ցանկալի է, որ նորածին հորթերը կյանքի առաջին 2 շաբաթվա ընթացքում պահվեն իրարից առանձին, քանի որ նրանք կարող են հիվանդություններ փոխանցել միմյանց: Անհատական պահվածքի համար կարելի է օգտագործել հորթերի անհատական վանդակներ կամ շարժական հորթանոցներ: Երրորդ շաբաթից սկսած և մինչև 3 ամսական՝ նրանց կարելի է պահել 10–15 հորթերից բաղկացած խմբերում:

Հորթերին հարկավոր է պահել չոր և մաքուր ցամքարի վրա, ապահովել թարմ օդով, ջրով և անընդմեջ լույսով: Սրանք շատ կարևոր են հորթի լավ զգացողության, սթրեսներից խուսափելու, ինչպես նաև վիտամիններ և հանքանյութեր ապահովելու համար: Հորթերի աճեցումը արդյունավետ կազմակերպելիս շատ կարևոր է սթրեսային իրավիճակները կանխարգելելը: Սթրեսի ենթարկված կենդանին ախորժակի անկում է ունենում, որը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում նրա աճի վրա: Նույնիսկ լավագույն պահվածքի դեպքում հորթերը ենթարկվում են որոշակի սթրեսի. գրեթե ցանկացած նոր երևույթ հորթի համար սթրես է: Այս առումռով շատ կարևոր է, որ հորթի կյանքում երկու փոփոխություն միաժամանակ տեղի չունենա: Օրինակ, եթե ցանկանում եք փոխել հորթի պահվածքը անհատականից խմբայինի և միաժամանակ սկսել կոշտ և հատիկային կերով կերակրումը, շատ կարեւոր է, որ այս փոփոխությունները կատարվեն առնվազն 4-5 օր տարբերությամբ:

Բուժկանխարգելիչ միջոցառումներ աղեստամոքսային համակարգի խանգարումների դեպքում

Հորթերի աճեցման գործում փորլուծությունը հանդիսանում է ամենահաճախ հանդիպող խնդիրը: Ըստ §Կենդանիների առողջության վերահսկման ազգային համակարգ»-ի ուսումնասիրությունների՝ կաթնային շրջանում հորթերի մահացության 56%-ը պայմանավորված է աղեստամոքսային խնդիրներով: Փորլուծությունը կարող է նաև հորթի կենսաբանական աճի դադարեցման պատճառ հանդիսանալ և զգալիորեն թուլացնել նրա դիմադրողականությունը:

Այս պատճառով փորլուծության կանխարգելման ծրագիր և բուժման արդյունավետ միջոցներ ունենալը ֆերմայի ղեկավարման կարևոր դրույթներից մեկն է: Աղեստամոքսային խանգարումների պատճառները բաժանվում են 2 հիմնական խմբի՝ վարակիչ և ոչ վարակիչ: Վարակի պատճառները հիմնականում պայմանավորված են հիգիենայի խախտման, վատորակ կերի կամ հակաբիոտիկ պարունակող մայրական կաթով կերակրմամբ: Իսկ ոչ վարակիչ լուծի հիմնական պատճառներն են վատորակ կաթի փոխարինիչով կերակրումը, մեծ քանակությամբ կամ սխալ ջերմաստիճանի կաթով, կաթի փոխարինիչով կերակրումը, սխալ խտություն ունեցող կաթի փոխարինիչով  և անկայուն գրաֆիկով սնումը:

Հորթերի աղեստամոքսային խնդիրների բուժմանը հարկավոր է ձեռնամուխ լինել առաջին իսկ նշանների ի հայտ գալուն պես: Բուժումը մի քանի նպատակ ունի՝

  • իրականացնել կենդանու ջրային բալանսի վերականգնում (ռեհիդրացիա),
  • նորմավորել աղեստամոքսային համակարգի թթվային միջավայրը (ազատվել ացիդոզից),
  • դադարեցնել փորլուծությունը,
  • վերականգնել նորմալ մարսողությունը,
  • կենդանուն ապահովել էներգիայով:

Հայաստանի Հանրապետությունում ֆերմերների և անասնաբույժների մեծամասնությունը հորթի մարսողական համակարգի խանգարումը կարգավորելու համար օգտագործում է անտիբիոտիկներ: Սակայն այս փորձը չեք հանդիպի զարգացած անասնապահություն ունեցող որևէ երկրում, քանի որ այն ոչ միայն անարդյունավետ է, այլև կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել, քան փորլուծությունը: Հակաբիոտիկի օգտագործումը ծայրահեղ լուծում է, որը օգտագործում են միայն սուր աղեստամոքսային վարակների դեպքում: Հակաբիոտիկները սպանում են աղեստամոքսային միկրոֆլորան,  այդ թվում՝ մարսողության համար անհրաժեշտ միկրոօրգանիզմները, վերացնում են վնասակար  մանրէները, բայց դրանց կողմից արտադրված տոքսինների դեմ չեն գործում, վնասում են աղիքային պատերը՝ խոչընդոտելով սննդարար նյութերի ներթափանցումը արյունատար համակարգ: Այս ամենով հանդերձ, հակաբիոտիկները չեն նպաստում ռեհիդրացիային, մարսողության և էներգիայի վերականգնմանը: Մասնագետները պնդում են, որ անհրաժեշտ է զերծ մնալ ամեն անպատեհ առիթի դեպքում հակաբիոտիկների  գործածումից՝ հաշվի առնելով դրանց կողմնակի վնասները:

Հորթերի աղեստամոքսային համակարգի խանգարումների դեմ լավագույն միջոցը լավորակ էլեկտրոլիտային լուծույթներն են: Այս լուծույթները պայքարում են փորլուծության վնասակար ազդեցության դեմ: Դրանք զերծ են վնասակար ազդեցությունից  և կարող են նաև գործածվել որպես պրոֆիլակտիկ միջոց: Օրինակ, եթե միևնույն տեղում պահվող հորթերի մի մասի մոտ կան փորլուծության նշաններ, կարելի է առողջ հորթերին տալ ցածր խտությամբ էլեկտրոլիտային լուծույթ: Բացի աղեստամոքսային համակարգի խանգարումների կանխարգելումից կամ կարգավորումից լավորակ էլեկտրոլիտային լուծույթները նաև հագեցած են գլյուկոզայով, որը նպաստում է հորթերի էներգիայի վերականգնմանը:

 

Հեղինակ՝ Մուշեղ Մարգարյան՝

Գյուղի զարգացման ծրագրի օգնական

Եվրամիությունը  լրջորեն մտահոգված է այն վերահաս բնապահպանական աղետով, որը սպառնում է շրջակա միջավայրին պոլիէթիլենային փաթեթների զանգվածային օգտագործման արդյունքում: Նյութը, որից պատրաստվում են այդ փաթեթները, ամբողջությամբ չի քայքայվում անգամ տասնամյակների ընթացքում եւ չափազանց վնասաբեր է բնության համար: Եվրամիության անդամ երկրներում կանաչների կուսակցությունները և բնապահպանական կազմակերպությունները, որոնց Եվրախորհրդարանը վերջերս օրենսդրական աջակցություն ցուցաբերեց, պայքար են ծավալում պոլիէթիլենի դեմ` կոչ անելով կտրուկ նվազեցնել դրա օգտագործումը:

Պոլիէթիլենը չի քայքայվում, այրման ընթացքում առաջանում է ածխաթթու գազ, ինչը հանդիսանում է միլիոնավոր թռչունների և ծովային կաթնասունների մահվան պատճառ

Պատմում է Լիտվայում §Ազատություն¦ ռադիոկայանի թղթակից Իրինա Պետերսը. Կարդալ ավելին

Թափոնների մասին ՀՀ օրենքը, որն իր մեջ ներառում է 30 ենթաօրենսդրական ակտ, կատարողական տեսանկյունից իրեն չի արդարացնում

Յուրաքանչյուր ոլորտի օրենսդրական կարգավորումը և անհրաժեշտ օրենսդրական դաշտի առկայությունը դեռ չի նշանակում, որ այդ ոլորտի խնդիրներն ամբողջովին լուծված են: Բնապահպանական խնդիրների մեջ դա ավելի զգալի և շոշափելի է:

2004 թվականից ի վեր Հայաստանում գործում է §Թափոնների մասին¦ ՀՀ օրենքը, որի կիրառման համար ընդունվել է մոտ 30 ենթաօրենսդրական ակտ: Առաջին հայացքից կարելի է հետևություն անել, որ բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ ստացել են օրենսդրական կարգավորում, սակայն իրական պատկերն այլ է: Իհարկե, ելնելով միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջներից՝ Հայաստանը պարզապես պարտավոր է կարգավորել վտանգավոր և արդյունաբերական թափոնների հետ կապված հարցերը, սակայն այս ոլորտն ունի բազմաթիվ խնդիրներ՝ կապված գործող հանքավայրերի տարածքներում հին պոչամբարների պահպանման, դրանց ընթացիկ շահագործման, վերջիններիս ազդեցության՝ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Ի դեպ, հարկ է նշել, որ հենց §Թափոնների մասին¦ ՀՀ օրենքով են նախատեսվում արտոնություններ թափոնների գործածության օբյեկտներ ստեղծելիս: Սակայն մինչև օրս որևէ կազմակերպության կողմից արտոնությունների ստացման վերաբերյալ հայտ չի ներկայացվել: Կարդալ ավելին

Եվրամիությունում կաթնամթերքի մեծածավալ սպառումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ եվրոպացիները պանիր շատ են սիրում: ԵՄ-ում պանրի արտադրության համար ծախսվում է վերամշակվող կաթի ավելի քան 60 %-ը:

Պանրի համաշխարհային շուկայում Եվրամիությունը առաջատար դիրք է զբաղեցնում: Այն գերազանցում է աշխարհի շատ երկրներին ոչ միայն արտադրության, այլև արտահանման ծավալներով: Վերջին տասնամյակում ԵՄ-ում պանրի արտադրության տեսակարար կշիռը արտադրման համաշխարհային շուկայում տատանվում է 43 – 45%-ի սահմաններում։

* Աղբյուր ՍՈՅՈՒԶՄՈԼՈԿՈ վերլուծական կենտրոն՝ ըստ FAO, USDA տվյալների

Նկ.1. Պանրի համաշխարհային արտադրությունը 2012 թ.

Նախնական տվյալների համաձայն՝ 2013 թվա­կանին ԵՄ-ում արտադրվել է ավելի քան 8,7մլն տոննա պանիր, որը կազմել է 2012 թվականի ծավալի 100,5%-ը: Կարդալ ավելին

2014 թվականի հոկտեմբերի 10-30-ը Հայաստանում անցկացվեց գյուղատնտեսական համատարած հաշվառում (ԳՀՀ): Վիճակագիր-հաշվարարները տուն առ տուն հանդիպեցին գյուղատնտեսությամբ զբաղվողներին եւ հարցումներ անցկացրին հողերի, անասնագլխաքանակի, գյուղտեխնիկայի եւ շինությունների, առկա ներուժի եւ դրանց օգտագործման վերաբերյալ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) այժմ մշակում է հավաքագրված տվյալները, որոնք կհրապարակվեն ավելի ուշ: Վերջին անգամ Հայաստանում նման միջոցառում անցկացվել է 1920 թվականին, որի արդյունքները, թերևս, չհաջողվեց  գտնել: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես է այն իրականացվել հայ ժողովրդի համար այդ ծանր ժամանակահատվածում՝ բնաջնջումից մազապուրծ եղած բազմահազար գաղթականների առկայության, սովի, հիվանդությունների և պատերազմի պայմաններում: Տվյալների սակավությունը ևս մեկ պատճառ է էլ ավելի կարեւորելու 2014 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառումը՝ որպես երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ գործառույթ:

Ի՞նչ է գյուղատնտեսության հաշվառումը, ինչո՞վ է այն կարեւոր գյուղի համար, ինչպիսի՞ ընթացք ունի Հայաստանում. այս եւ այլ հարցերը պարզաբանելու նպատակով հանդիպեցինք Հայաստանում հաշվառման ծրագրի մասնակից մասնագետներին. Կարդալ ավելին