Բացահայտ ճշմարտություն է, որ հեղափոխության նկատմամբ պետության տարած ցանկացած հաղթանակի հիմքում ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր ուժը պետք լինի։ Ոգով ուժեղ պետությունն ինքն է պարտավոր անցկացնել բարեփոխումներ։
Պ.Ա. Ստոլիպին
Հիմնական պատճառներից մեկը, որ ստիպեց Ռուսական կայսրությանը կատարել զանգվածային փոփոխություններ պետական կառուցվածքում, մեծ թվով սովորական մարդկանց դժգոհությունն էր իշխանություններից։ Եթե նախկինում այն վերաճում էր մեկանգամյա խաղաղ ցույցերի, ապա արդեն 1906 թ. նախաշեմին դրանք սկսեցին կրել շատ ավելի զանգվածային, հաճախ՝ արյունալի բնույթ։ Արդյունքում պարզ դարձավ, որ Ռուսաստանը պայքարում է ոչ միայն բացահայտ տնտեսական խնդիրների, այլև բացահայտ հեղափոխական վերելքի դեմ։
Ստոլիպինը հստակ գիտակցում էր, որ միայն ագրարային բարեփոխումներ իրականացնելով` հնարավոր չի լինի հանդարտեցնել մարդկանց։Կառավարության նախագահը գտնում էր, որ գյուղատնտեսության ոլորտում փոփոխություններ կատարելու հետ մեկտեղ հարկավոր է օրենքներ ընդունել դավանանքի և քաղաքացիների միջև հավասարության մասին, վերափոխել տեղական ինքնակառավարման համակարգը, խոսում էր բանվորների իրավունքների և կենցաղավարության, պարտադիր տարրական կրթության անհրաժեշտության, եկամտահարկի սահմանման, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման և կարևորագույն այլ հարցերի մասին։ Մի խոսքով, այն ամենը, ինչը հետագայում մասնակիորեն դարձավ 1917 թ. Հոկտեմբերի կարգախոս, ստոլիպինյան ռեֆորմի փուլերից մեկն էր։
Ստոլիպինյան ագրարային ռեֆորմը խթանում էր առաջավոր ֆերմերային տնտեսությունների ստեղծումը։ Երկրում պետք է ձևավորվեր մանր և միջին հողատերերի ազդեցիկ խավ, որն ուղղակիորեն կապված չլիներ պետության հետ, այլ ձգտեր ինքնուրույն զարգացնելու սեփական արտադրությունը։ Նա հաճախ էր կրկնում, որ երկրի զարգացումը պետք է հիմնված լինի նաև «ամուր» և «ուժեղ» ֆերմերների վրա։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մինչհեղափոխական Ռուսաստանում ձևավորված ագրարային տնտեսությունների միայն 10%-ը կարող էր կոչվել հաջողակ ֆերմերային տնտեսություն։ Միայն այդ 10%-ն էր օգտագործում ժամանակակից տեխնիկա, պարարտանյութեր, հողի մշակման առաջավոր եղանակներ և այլն։ Այսինքն՝ միայն այդ տնտեսություններն էին եկամտաբեր։ Ստոլիպինյան ռեֆորմի ընթացքում ձևավորված մնացած բոլոր տնտեսություններն աշխատում էին վնասով։ Պատճառն այն էր, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը աղքատ էր և շահագրգռված չէր զարգացնել ագրարային համալիրը։
Թե քանի տնտեսվարող կա Հայաստանում, որ օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ գյուղատնտեսության մեջ, այսօրվա վիճակագրությունը չի տալիս։
Եթե վերցնենք հիմնական մի քանի ոլորտներ, ակնհայտ է դառնում, որ, օրինակ, արտադրվող կաթի գերակշռող մասը կթվում է կովերից, որոնք պահվում են հին, մութ, հակասանիտարական գոմերում, առանց մեքենայական սարքերի, ինչպես Ցարական Ռուսաստանի տարիներին էր։ Հացահատիկի արտադրության տեխնոլոգիաները այնքան հին են, որքան թրթուրավոր ԴՏ-75 տրակտորը։ Ու այսպես` ագրարային սեկտորի յուրաքանչյուր ոլորտ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ու անկախացումից 30 տարի անց գյուղական համայնքներում գյուղատնտեսության վարման մշակույթը շատ չի տարբերվում 1940-1960թ.թ. տնտեսվարման մեթոդներից։ Հայաստանում 1991-1993թ.թ. իրականացված հողի ու այլ միջոցների սեփականաշնորհումը ոչ միայն չպահպանեց ագրարային ոլորտի խորհրդային տարիների վերջին նվաճումները, այլև հետ գցեց արտադրողականության մակարդակը Ռուսական կայսրության մինչստոլիպինյան գյուղատնտեսության մակարդակին ու ապրելակերպին։
Ստոլիպինյան ռեֆորմի հիմքում երեք հիմնարար գաղափար էր դրված՝ ա) քայքայել գյուղական համայնքը և արմատավորել մասնավոր սեփականությունը, բ) խթանել կոոպերատիվ շարժումը, գ) ուսուցանելու արդյունքում ձևավորել գյուղատնտեսության վարման բարձր մշակույթ։
Այսպիսով, Ստոլիպինի ագրարային ռեֆորմի հիմնական նպատակներն են՝
Նպատակ 1. Համայնքի քայքայումը և մասնավոր սեփականության արմատավորումը
Նոր ագրարային օրենքներ ընդունելու հետ մեկտեղ ռուսական կառավարությունը քայլեր էր ձեռնարկում համայնքը բռնի ուժով քայքայելու համար՝ միայն տնտեսական գործոնների վրա հույս չդնելով։ 1906 թ. նոյեմբերի 9-ից անմիջապես հետո ամբողջ պետական ապարատը գործի դրվեց ծայրաստիճան արմատական շրջաբերականների և հրամանների միջոցով։ Ընդ որում, ճնշամիջոցներ էին կիրառվում բոլոր նրանց դեմ, ովքեր դանդաղկոտություն էին դրսևորում դրանց իրագործման հարցում։
Հայաստանում առանց տնտեսագիտական հաշվարկների և հիմնավորումների սկսվեց հողի զանգվածային ու, որոշ դեպքերում, հարկադրական սեփականաշնորհումը։ Նպատակ էր դրվել քայքայել խորհրդային կարգերը գյուղում և հողն ու կենդանիները տալ գյուղացուն՝ հաշվի չառնելով` արդյոք այդ նոր տնտեսավարողները կարող են կով պահել, հող մշակել, կեր արտադրել, տեխնոլոգիաներ կիրառել և այլն։
Ի տարբերություն Ստոլիպինի՝ հայ «ռեֆորմատորները» չունեին նոր պայմաններում ագրարային արտադրության կազմակերպմանը վերաբերող օրենքներ և մշակված հետևողական քաղաքականություն։ Բոլոր խնդիրների շուրջ ծագած հարցադրումներին տրվում էր մեկ պատասխան. «Հիմա մեզ մոտ շուկայական տնտեսություն է, և շուկան ամեն ինչ կկարգավորի»։ Իմ ղեկավարը՝ անասնաբուծության դոկտոր-պրոֆեսոր Վաղինակ Բոգդանի Ոսկանյանը, այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ ասաց. «Ես այս մարդկանց անվանում եմ մարտնչող դիլետանտներ (խոսքն այդ տարիների կառավարության անդամների մասին էր)։ Որ դիլետանտ են, դա ներելի է, բայց որ նաև մարտնչող են ու չեն ուզում լսել, վտանգավոր է»։
Այս տարիներին աճ չի գրանցվել թե´ աշխատանքի արտադրողականության, թե´ արտադրանքի որակի, արտահանման ծավալների կամ սպասարկման նոր համակարգերի ստեղծման և կառավարման առումով: Ինչպես վերջին 50 տարում ստանում էինք 2 տոննա ցորեն` մեկ հեկտարից կամ 2000 լիտր կաթ` մեկ կովից, այնպես էլ շարունակում ենք: Երկրագործության կամ անասնապահության վարման մշակույթը շատ չի տարբերվում հետամնաց երկրների մակարդակից։
Մինչդեռ Ստոլիպինի ագրարային ռեֆորմի նպատակը միայն գյուղացիներին ազատագրելը կամ համայնքները քանդելը չէր։ Նա ուներ հստակ ծրագիր ու հեռահար նպատակներ, որոնցից պակաս կարևոր չէր վերաբնակեցման քաղաքականությունը։
Նպատակ 2. Վերաբնակեցման քաղաքականությունը որպես ռեֆորմի կարևոր փուլ
Ռուսական կայսրության այն ժամանակվա կարևորագույն խնդիրներից էր, այսպես կոչված, հողային սովը։ Այդ հասկացության իմաստն այն էր, որ Ռուսաստանի արևելյան հատվածը սակավ բնակեցված էր, ինչի արդյունքում հողերի գերակշռող մասը յուրացված չէր։ Ստոլիպինի ագրարային ռեֆորմի խնդիրներից մեկը արևելյան տարածքները բնակեցնելն էր արևմտյան նահանգների գյուղացիներով։ Մասնավորապես ասվում էր, որ մարդիկ պետք է տեղափոխվեն Ուրալից այն կողմ։ Ընդ որում՝ առաջին հերթին պետք է վերաբնակեցնեին հողազուրկ գյուղացիներին կամ նրանց, ում սեփական հողային տարածությունը սահմանափակ էր։
Ինչ ունենք Հայաստանում. խիտ բնակեցված Արարատյան հարթավայր և չյուրացված հողատարածքներ` նախալեռնային գոտում, սահմանամերձ շրջաններում և Արցախում: Ի տարբերություն Ստոլիպինի՝ մեր ղեկավարների մտքով չի անցնել մշակել սակավ բնակեցված տարածքների վերաբնակեցման, լեռնային գյուղատնտեսության զարգացման ու հողերի յուրացման ծրագիր, որի համաձայն՝մարդիկ խիտ բնակեցված քաղաքներից կտեղափոխվեն հեռավոր սահմանամերձ գոտիներ, ազատագրված տարածքներ։ Հայաստանի ոչ մի կառավարություն չի ունեցել հստակ ծրագիր, թե ինչպես պետք է վարվել վերաբնակեցման հետ: Մեզ մոտ տեղի ունեցավ հակառակ գործընթացը. սկսվեց զանգվածային հոսք դեպի քաղաքներ ու մայրաքաղաք։ Նախկինում կոլխոզ-սովխոզները, բացի արտադրություն կազմակերպելուց, իրենց վրա էին վերցրել այդ գյուղերի ու գյուղացիների մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը։ Այդ տնտեսությունների լուծարումից հետո այս հարցերը մնացին օդում կախված, որը նույնպես նպաստեց գյուղաբնակների արտահոսքին։
Նպատակ 3. Կոոպերատիվ շարժում
Ստոլիպինի շնորհիվ լայն տարածում ստացավ վարկային կոոպերացիան՝ արևմտյան երկրների օրինակով, որը զարգացավ երկու փուլով: Առաջին փուլում գերակշռում էր փոքրածավալ վարկավորման վարչական կարգավորումը: Երկրորդ փուլում գյուղական վարկային ընկերությունները, սեփական կապիտալ կուտակելով, զարգանում էին ինքնուրույն:
Վարկային հարաբերությունները էապես խթանեցին արտադրական, սպառողական և իրացման կոոպերատիվների զարգացմանը: Գյուղացիները կոոպերատիվ հիմունքներով կազմակերպում էին կաթի և յուղի համքարություններ, գյուղատնտեսական ընկերություններ, սպառողական վաճառակետեր և նույնիսկ համքարային կաթի գործարաններ:
Հայաստանում կոոպերատիվ հարաբերությունների հաստատման իրական (ոչ թղթի վրա), պետական քաղաքականություն երբեք չի եղել, և այդ գաղափարը տարիների ընթացքում ամբողջապես արժեզրկվել է: Դրան նպաստեցին նաև բազմաթիվ դոնոր կազմակերպությունների` «վերևից» իջեցրած ու ուղղորդված կոոպերատիվների ստեղծման ու զարգացման բազմաթիվ ծրագրերը։ Դոնորները մի նպատակ էին հետապնդում` արագ գրանցել կոոպերատիվներ <<ինչքան շատ, այնքան լավ իրենց ծրագրի համար>> սկզբունքով։ Գյուղացիներին գայթակղելու համար դոնորների ծրագրերը ուղղորդվում էին տարբեր տեսակի դրամաշնորհներով։ Երբեք «ներքևների» կարծիքն ու իրական կարիքներն ու պահանջները չեն ուսումնասիրվել ու հաշվի չեն առնվել:
Երկար տարիների քննարկումից հետո Հայաստանի Հանրապետության խորհրդարանն ընդունեց օրենք կոոպերացիայի մասին, որը նույնպես չխթանեց գյուղական համայնքներում կոոպերացիայի զարգացմանը։
Նպատակ 4. Ագրոմշակութային միջոցառումներ
Ստոլիպինի ռեֆորմի տարիներին գյուղացիներին ցուցաբերվում էր ագրոմշակույթի, գիտական հիմունքների մեծածավալ օգնություն՝ հաղթահարելու գյուղում տնտեսական առաջընթացի ճանապարհին գլխավոր խոչընդոտներից երկրագործության վարման ցածր մակարդակը և արտադրողների գերակշռող մասի` հին ձևերով աշխատելու արատավոր սովորույթը: Ստեղծվում էին ագրոարդյունաբերական ծառայություններ, որոնք կազմակերպում էին անասնաբուծությանը, կաթի արտադրությանը, գյուղատնտեսական արտադրության առաջավոր ձևերի ներդրմանը վերաբերող դասընթացներ: Մեծ ուշադրություն էր դարձվում նաև արտադպրոցական գյուղատնտեսական կրթության համակարգի զարգացմանը: Եթե 1905 թ. գյուղատնտեսական դասընթացներին հաճախում էր ընդամենը 2000 մարդ, ապա 1912 թ.՝ 58.000, իսկ գյուղատնտեսական ընթերցումների մասնակիցների թիվը համապատասխանաբար 31,6 և 1.046 հազար էր:
Հայաստանում գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություն հիմնադրելու նպատակով 90-ականների սկզբին հրավիրվեցին ԱՄՆ-ի Գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) մասնագետներ: Նրանք օգնեցին հայ գործընկերներին ստեղծելու նմանատիպ խորհրդատվական ծառայություն Հայաստանի գյուղնախարարության կառուցվածքում և մինչև 2000 թ. ամբողջությամբ ֆինանսավորեցին բոլոր աշխատանքները՝ ներառյալ մասնագետների վերապատրաստումները Հայաստանում ու ԱՄՆ-ում։
2000 թ. դարձյալ ամերիկյան կողմի աջակցությամբ ևս մի կառույց ձևավորվեց Ագրարային համալսարանի կառուցվածքում՝ նպատակ ունենալով այդ խորհրդատվական ծառայության միջոցով ագրարային գիտությունն ու կրթությունը կապել գյուղատնտեսական արտադրության և գյուղի հետ, ու հակառակը: Ավելին՝ USDA-ի աջակցությամբ ստեղծվեց տարածաշրջանում իր բնույթով եզակի «Փոքր գյուղացիական տնտեսություններում ոռոգման ջրի օգտագործման և կառավարման հետազոտական կենտրոն», որի աշխատանքներում ներգրավված էր 2000-2005 թթ. ընթացքում ԱՄՆ-ի լավագույն գյուղատնտեսական համալսարաններում վերապատրաստված երիտասարդ գիտնականների գիտագործնական ներուժը: Այդ տարիներին Յուտայի համալսարանի շատ մասնագետներ ամիսներ շարունակ ուսումնական ծրագրեր էին իրականացնում ու պրակտիկ լուծումներ առաջարկում Հայաստանի Ագրարային համալսարանի իրենց գործընկերներին՝ իրենց փորձն ու գիտելիքները հաղորդելով հայ ֆերմերներին:
Բացի այդ՝ ամերիկյան նախագիծը (USDA MAP) հինգ տարի շարունակ ֆինանսավորեց Ագրարային համալսարանի կառուցվածքում իր կողմից ստեղծված հատուկ հիմնադրամը, որն աջակցում էր բազմաթիվ գիտագործնական ծրագրերի: Այդ երեք ուղղությունների (տեղեկատվական ծառայություն, ոռոգման ջրի օգտագործման կառավարման հետազոտական կենտրոն և գիտագործնական ծրագրերի աջակցման հիմնադրամ) զարգացման համար ամերիկյան կողմն ավելի քան 10 միլիոն դոլար տրամադրեց 2000-2005թ.թ.` հույս ունենալով, որ Ագրարային համալսարանում այս ուղղությունների ֆինանսավորումը կլինի շարունակական ծրագրի ավարտից հետո էլ։ USDA MAP ծրագրի ավարտից հետո Ագրարային համալսարանի կազմում ստեղծված այս երեք կառույցները դադարեցին գոյություն ունենալուց։ Իր ելույթներից մեկում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ գիտակրթական կազմակերպություններում, համալսարաններում պայմաններ ստեղծելու փոխարեն, բոլոր միջոցները կենտրոնացվել են նախագծերը ներդնելու նպատակով ստեղծված տարբեր գրասենյակներում՝ այսպես կոչված ԾԻԳ-ում: Ագրարային համալսարանի օրինակը ցույց է տալիս, որ ամերիկյան կառավարության օժանդակությամբ ստեղծված, բնույթով բացառիկ գիտակրթական բազան, որը պետք է նպաստեր գիտության և խորհրդատվության զարգացմանը, ծրագրի ավարտից հետո դարձավ ոչ պիտանի ինչպես համալսարանի, այնպես էլ այս ոլորտը համակարգող իշխանական օղակների համար: Որպես արդյունք, ունենք ոչ լիարժեք գործող, թույլ նյութատեխնիկական բազայով, վերապատրաստման հնարավորություններից զրկված խորհրդատվական ծառայություն։
Պետր Ստոլիպինի ծոռը և ԱՄՆ-ի Ստոլիպինյան հուշակենտրոնի նախագահ Նիկոլայ Սլուչևսկին «Project Syndicate»-ում իր հեղինակած սյունակը նվիրել էր Ռուսաստանում գյուղատնտեսական բարեփոխում իրականացնելու անհրաժեշտությանը: Սլուչևսկին նախ թվարկել էր իր նախապապի նվաճումները` դրանցից կարևորելով այն, որ ագրարային ռեֆորմի մեկնարկից հինգ տարի անց Ռուսաստանի բնակչության թիվն ավելացել էր 18,5 միլիոնով (ավելի արագ` նախորդ տասնամյակի համեմատությամբ): Ռուսաստանը դարձել էր ցորենի խոշորագույն արտահանողը Եվրոպայում, և գրեթե երեք միլիոն ֆերմեր մաս էին կազել նոր միջին խավին:
Ստոլիպինյան ագրարային ռեֆորմի 5 տարիների ընթացքում գրանցվեցին աննախադեպ արդյունքներ.
- Ամբողջ երկրով մեկ 10 %-ով ընդլայնվեցին ցանքատարածությունները:
- Առանձին տարածաշրջաններում, որտեղ գյուղացիները զանգվածաբար դուրս էին գալիս համայնքներից, հնարավոր դարձավ մինչ 150 % ընդլայնել ցանքատարածությունները:
- Հատիկի արտահանման ծավալներն ավելացան՝ կազմելով համաշխարհային ցուցանիշի 25 %-ը: Բերքառատ տարիներին այդ ցուցանիշը բարձրանում էր 35-40 %-ով:
- Գյուղատնտեսական սարքավորումների գնումներն այդ տարիներին աճեցին 3,5 անգամ:
- 2,5 անգամ ավելացան օգտագործվող պարարտանյութերի ծավալները:
«Այս ամենը հաջողվեց Ստոլիպինին ոչ միայն խնդրի լուծման համակարգված մոտեցման շնորհիվ, այլև այն պատճառով, որ նա մեծապես գնահատում էր գյուղատնտեսությունը, իսկ այսօրվա Ռուսաստանում փոքր ֆերմերային տնտեսություն վարելը համարվում է անպատվաբեր», – ասում է բարենորոգչի ծոռը:
Իսկ Հայաստանու՞մ:
Շարունակելի
Գագիկ Սարդարյան