Հայաստանի անասնաշենքերի մեծ մասը մութ է, խոնավ հատակներով, ցածր առաստաղներով, օդի սահմանափակ հոսքով, ինչպես նաև կովերի հարմարավետության համար պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությամբ։ Այս ամենը պայմանավորված է կենդանիների պատշաճ խնամքի վերաբերյալ գիտելիքների պակասով և անասնաշենքերի բարելավման նպատակով ներդրումների սահմանափակությամբ, ինչը բերում է ցածր կաթնատվության և կենդանուն դարձնում է խոցելի հիվանդությունների ու մակաբույծների հանդեպ: Խելացի ֆերմաներն ապահովում են կովերի հարմարավետությունը, ինչպես նաև կերակրման և գենետիկ բարելավման ճիշտ կառավարում: Վերջինս իրենից ներկայացնում է ժամանակակից կովանոց՝ ջերմատան ծածկի ներքո, որն ապահովում է կենդանիների բարձր արտադրողականություն ու կաթի որակի բարելավում:

Խելացի ֆերմաների ներքին հագեցվածությունը.

  • Ջրախմոց (անհատական կամ խմբային տաքացվող)

Ջրի առկայությունը շատ մեծ դեր ունի կաթնարտադրության գործընթացում. 1 լիտր կաթ արտադրելու համար կենդանուն անհրաժեշտ է առնվազն 3-4 լիտր ջուր: Օրվա մեջ կենդանին ամենաշատը խմում է ջուր անմիջապես կթից հետո՝ ծախսված էներգիայի վերականգնման, ինչպես նաև շոգ ժամանակ ջերմային սթրեսից դուրս գալու համար։

  • Քամհար

Քամհարի առկայությունը կարևոր է տաք եղանակային պայմաններում կովանոցում ջերմաստիճանի նվազեցման, հովացման, ինչպես նաև կենդանիներից արձակված ջերմային էներգիան դուրս մղելու և ընդհանուր օդափոխության իրականացումն արագացնելու համար: Քամհարի կիրառումը նվազեցնում է կաթի մինչև 20-30% կորստի ռիսկը, ինչը կարող է տեղի ունենալ կովանոցում 25˚ C ջերմաստիճանից բարձր ջերմության պայմաններում:

  • Լուսավորության լամպեր

Օրական 16 ժամ, նվազագույնը 180 լյուքս կայուն լուսավորությունը նպաստում է կաթնատվության բարձրացմանը: Եթե լուսավորությունը կայուն է, կենդանին սկսում է ավելի շատ կեր ընդունել, ինչը բերում է ավելի բարձր կաթնարտադրության:

  • Կթի սարք

Կթի սարքով կթի իրականացման կարևորությունն այն է, որ մեքենայացված կիթը իրականացվում է միաձև, միշտ նույն տակտով՝ վակուումի և մերսման ճիշտ հարաբերակցությամբ, այնպես, ինչպես հորթն է կաթ ուտում մոր կրծքից։ Այսպիսով՝ կովերն ապահովում են հնարավոր կաթնատվության առավելագույն քանակ: Կթի սարքով կթի իրականացման արդյունքում կաթնատվությունը կարող է բարձրանալ մինչև 20%։

  • Կովերի հանգստի տեղերում նախատեսված ռեզինե մատրասներ

Ապահովում է փափուկ մակերես կովերի հանգստի համար։ Այն նվազեցնում է պառկելուց և կանգնելուց առաջացող ցավը, դեպի կուրծք վարակի ներթափանցման հավանականությունը, ինչպես նաև կենդանիների խորը ցամքարի համար կիրառվող խոտի ծախսը։

  • Արևային ջրատաքացուցիչ կթի հարթակի համար

Վերջինս ապահովում է տաք ջրի կայուն առկայություն՝ կթի սարքի տարաների լվացման գործընթացների իրականացման և կթի սենյակում ընդհանուր հիգիենան ապահովելու համար:

  • Կովերի քորիչ

Կովը, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, ևս բացառություն չի կազմում՝ ունենալով իրեն քորելու, մերսման կարիք: Այս սարքն ապահովում է այդ ամենը. այն կենդանուն հաճելի է, ինչը նվազեցնում է կովերի սթրեսն ու ավելացնում արտադրողականությունը, նաև մինչև 30%-ով կրճատում է մաստիտի առկայությունը:

  • Պաղեցման տարողություն

Խոշոր կովանոցի դեպքում օրական կաթնարտադրությունը բավականին բարձր է, ուստի հարկավոր է տեղում ապահովել կաթի սառեցման սառնարանի առկայություն:

 

Խելացի ֆերմաներն ապահովում են կովերի հարմարավետությունը, ինչպես նաև կերակրման և գենետիկ բարելավման ճիշտ կառավարում: Վերջինս իրենից ներկայացնում է ժամանակակից կովանոց՝ ջերմատան ծածկի ներքո, ինչն ապահովում է կենդանիների բարձր արտադրողականություն ու կաթի որակի բարելավում:

2019 թ. հունիսի 14-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բացվեց նորարարական առաջին «խելացի անասնաշենք» («խելացի ֆերմա») փորձացուցադրական անասնաֆերման։ Հանդիպմանը ներկա էին պաշտոնատար անձինք ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, ՀՀ Ագրարային համալսարանից, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆերմերներ տարբեր մարզերից:

«Խելացի ֆերմա»-ի գաղափարն ի կատար է ածվել ՔԱՐԴ հիմնադրամի կողմից իրականացվող «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում. փուլ 2-րդ» ծրագրի շրջանակներում՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)-ի օժանդակությամբ։ Նախագիծն իրականացրել է Թ.Ա.Հ.Գ. ԳՐԻԳ կազմակերպությունը՝ շվեդական Դե-Լավալ ընկերություն հետ համատեղ ջանքերով: Ֆերմաները ստացել են ԽԵԼԱՑԻ անվանումը, քանզի վերջիններիս ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային չափանիշների պահանջներին: Ֆերմայի նախագծման ընթացքում հաշվի են առնվել բոլոր նրբությունները կենդանիները շուրջ տարին ֆերմայում պահելու նպատակով: Հաշվի են առնվել նաև կովերի հարմարավետությունը երաշխավորող բոլոր պայմանները (մաքուր օդ, ջուր, լուսավորություն, առաստաղի բարձրություն), որոնք իրենց հերթին կնպաստեն կաթնատվության բարձրացմանը:

Այն կառուցված է ջերմոցային կառույցների հիմքի վրա, ինչը նորարարական մեթոդ է Հայաստանում: Նորարարություն է նաև այստեղ ներդրված հովացման, օդափոխության, լուսավորության և կենդանիների տեսահսկման հեռակառավարման համակարգը, ինչը թույլ է տալիս ապահովել կառույցի վերահսկում մեծ հեռավորության վրա: Վերոնշյալ նորարությունների շնորհիվ ֆերմաների կառուցման ընթացքում տնտեսվում է ժամանակ և ֆինանսական միջոցներ, իսկ առաստաղի ճիշտ ընտրված բարձրությունը ապահովում է մաքուր օդ և պատշաճ օդափոխություն: Ծածկի թափանցելիության շնորհիվ ներսում ապահովվում է համաչափ լուսավորություն և ստվերների բացակայություն՝ կանխելով սթրեսի առկայությունը կենդանիների տեղաշարժման ժամանակ: Կիթն իրականացվում է ֆերմային կից կթի հարթակում մեքենայացված եղանակով:

Նախագիծը մշակված է կենդանիների ազատ պահվածքի համար: Ներկա պահին այստեղ կան արհեստական սերմնավորմամբ տեղական ցեղատեսակներից ստացված 12 գլուխ խառնացեղ էգ մատղաշներ: Թեև հստակ հաշվարկներ դեռևս չեն իրականացվել, թե որքանով արդյունավետ կլինի այս նորարարական անասնաշենքի գործարկումը, սեփականատեր Արմեն Ջաղինյանը վստահ է, որ այն կգործի առավել արդյունավետ, քան ավանդական անասնաշենքերը:

Խելացի անասնաշենքի առավելությունն այն է, որ անասնագոմն այլևս կարիք չկա մաքրելու. գոմաղբը խառնվում է հարդի հետ և դառնում տաք հատակ։ Անասնաշենքի համար կապիտալ ծախսեր պետք չեն. շենքը կառուցվում է երկու պատի և պոլիէթիլենային ծածկի միջոցով։ Հովացման և լուսավորման համակարգերը հեռակառավարվում են հեռախոսային հավելվածով:

Անասնաշենքի բուն նպատակը կաթնատվության և մթերատվության բարձրացումն է։ Ամռանը, երբ դրսի ջերմաստիճանը բարձրանում է, բարձրանում է նաև անասնագոմի ներսի ջերմաստիճանը կենդանիներից արձակվող ջերմային էներգիայի շնորհիվ։ Խելացի անասնագոմերում տեղադրված քամհարներն ապահովում են ջերմաստիճանի կարգավորումը անասնագոմի ներսում։ Հայտնի է, որ 24 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում 30%-ով ընկնում է կենդանիների կաթնատվությունը և մթերատվությունը։

Նախատեսված են կառուցել անասնաֆերմաներ 12, 27 և 42 գլուխ անասունների համար։ Խելացի անասնաշենքերի պետական աջակցության ծրագիրը 100-ից ավելի դիմում է ստացել։ Պլանավորված է 30 հայտի բավարարում։

Երկրորդ «Խելացի անասնաշենք»-ը հիմնադրվել է 2019թ. նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում: «Խելացի ֆերման» նախատեսված է 12 գլուխ կովի ազատ պահվածքի համար: Ֆերմային կից կառուցված է կթի սրահ՝ ստացիոնար մեքենայական կթի համակարգով, որը հնարավորություն է տալիս միաժամանակ կթել 4 կով՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ կթի գործընթացի համար. կրճատվում է կթի համար պահանջվող աշխատուժն ու ծախսվող ժամանակահատվածը, ապահովում է կթի հիգիենան և կենդանիների առողջությունը: Ֆերմայի և կթի սրահի ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային չափանիշների պահանջներին: Կթի սրահի առկայությունը և սարքավորումները հնարավորություն են տալիս պահպանել ու ապահովել կթի բոլոր պահանջները:

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի կարծիքով երկրում արտադրվող կաթի 90 և ավել տոկոսը արտադրվում է հակասանիտարական վիճակում՝ մութ, փնթի, ձեռքով կթելու պայմաններում, ինչի հետևանքով ընկնում է կովերի կաթնատվությունը ու արտադրվող կաթի որակը։ Տնտեսվարողները դժվար են գնում նոր տիպի ֆերմաների կառուցմանը, քանի որ դրա համար չկան տնտեսական խթանիչներ և չեն տարվում լայնածավալ բացատրական, ուսուցողական, ցուցադրական աշխատանքներ։ Գ. Սարդարյանի առաջարկով` պետք է փոխել կաթի գնագոյացման մեխանիզմը երկրում՝ այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված մեխանիզմներին. այն է` կաթի համար վճարել՝ ելնելով աղտոտվածության մակարդակից: Նրա կարծիքով` սա լրջագույն փոփոխություն է, ու եթե Հայաստանն ուզում է դառնալ բարձրորակ պանիրներ արտադրող ու արտահանող երկիր, պետք է գնա այս բարեփոխմանը։ «Խելացի ֆերմա»-ները անասնաբուծության ոլորտում այլ բարեփոխումների հետ միասին պետք է դառնան մեծ ու համապարփակ ծրագրի առանձին բաղադրիչներ: Այս բոլոր բարեփոխումները փոխկապակցված են և միայն համալիր ներդրման դեպքում կարող են ամբողջական զարգացում ու առաջընթաց ապահովել: