Արձագանք՝ Վիկտորյա Այվազյանի, Մորտեն Կվիստգաարդի «Ընտանեկան ֆերմերային տնտեսությունների կարևորությունն ու դրանց խնդիրները Հայաստանում» հոդվածին

Հոդվածի և նախորդող խմբագրականի բարձրացված հարցերը, կարելի է ասել, մեր գյուղատնտեսության լինել – չլինելու, մոտակա ապագայի խնդիրներն են. առանց բավարար արդյունավետության, շահույթի ոլորտը չի կարող գոյատևել, մինչդեռ այն մեզ ամեն օր սնունդ մատակարարողն է, հետևաբար, չի կարող չլինել: Հասկանալի է, որ այս երկընտրանքի    պատասխանը պետք է տրվի` առկա խնդիրները վեր հանելով, վերլուծելով և լուծման կոնկրետ պատասխանները գտնելով: Չանդրադառնալով մանրամասներին` նշեմ, որ, իմ կարծիքով, հոդվածի վերնագրում նշված հարցերին տրվել են իրատեսական բնորոշումներ, որոնք կարող են ոլորտի զարգացման հայեցակարգի, ռազմավարության հիմք հանդիսանալ: Ցավալի է իհարկե, որ առայսօր` անկախացումից 30 տարի անց, մենք չունենք այդ հայեցակարգը և քայլում ենք առաջ խարխափելով, երբեմն թույլ տալով նաև աններելի սխալներ:

Իսկ այժմ ըստ էության. և այն պետք է սկսեմ ոչ թե հոդվածից, այլ նրան նախորդող խմբագրականից` Հնդկաստանի և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտների համեմատական գնահատականը ցույց է տալիս, որ մեր երկրում էլ կարելի է ունենալ արդյունավետ, շահութաբեր գյուղացիական փոքր տնտեսություններ: Ու որպես հիմնարար մոտեցում խմբագրականն առաջ է քաշում գյուղացիական տնտեսության չափի, մեծության խնդիրը` իրավացիորեն նշելով «Ավելի մեծ չի նշանակում ավելի լավ ու ավելի արդյունավետ» ու որոշակիացնում է հարցադրումը` «Որ՞ն է, օրինակ, ֆերմայի առավել նպատակահարմար չափսը»: Կարող է տարօրինակ թվալ, բայց այս հարցադրման պատասխանը, իմ կարծիքով, պետք է անմիջականորեն շաղկապված լինի Երկրի ներքին և արտաքին անվտանգության խնդիրների հետ. տնտեսության ճիշտ հաշվարկված չափը պետք է ապահովի բարեկեցիկ ապրելու որոշակի շահույթ, նպաստի շահույթի այդ չափով սեփականատերերի միջին խավ ստեղծելուն, ինչը կկանխի արտագաղթը և գտնվելով մեծահարուստների և ընչազուրկների միջև` ներքին լարվածության թուլացման զսպանակի դեր կարող է կատարել: Սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության առումով միջինից ավել շահույթ ունեցող, սահմանամերձ շրջանների սեփականատերերի միջին խավը ավելի մոտիվացված կպաշտպանի իր սեփական հողատարածքը, տարիների քրտինքով ստեղծված տնտեսությունը: Մեր դիտարկումով, հարկային և այլ օրենքներով կարելի է ձևավորել կաթնապրանքային ֆերմաների խոշորացման այն չափը, որը թույլ կտա գյուղատնտեսության ոլորտում շահութաբերության բավարար չափաբաժնով միջին խավը հասցնել 70 – 80 տոկոսի, հարուստներինը և աղքատներինը` 20 – 30 տոկոսի: Այս հարաբերակցությունը համահունչ է մարդկանց «բան» ստեղծելու ունակություններին և, հետևաբար, կարող է ներքին լարվածությունից զերծ, անցնցում հասարակություն ստեղծելու իրատեսական նախադրյալ լինել: Հասկանալի է, որ հասարակությունը դինամիկ կառույց է և պետք է թույլատրի խավերի շարժը աղքատությունից միջին խավ, ապա` հարուստ, և հակառակը:

Իսկ այժմ փորձեմ այս դրույթների կիրառմամբ ներկայացնել գյուղատնտեսության` արդյունավետության, շահութաբերության առումով առավել վատ վիճակում գտնվող ճյուղերից մեկի` տավարաբուծության զարգացման մեր տեսլականը: Ոլորտում կաթի ու մսի արտադրությամբ զբաղվում են 200.000 գյուղացիական տնտեսություններ, որոնցից 170.000-ը` ամբողջի 85 տոկոսը, վիճակագրության համաձայն` ունի միջին հաշվով 3 գլուխ տավար: Այս տնտեսությունները իրենց գործունեությունից շահույթ չեն ստանում, և ինչպես մեր վարչապետն է նշում « գյուղացին չարչարվում է, բայց արդյունք չունի»: Հասկանալի է` երբ չկա շահույթ, և աշխատանքն էլ գոյատևելու տառապանք է, ոլորտը չի կարող զարգանալ: Եվ իրոք, ԱՎԾ – 2018 վիճակագրական տեղեկագրի համաձայն` հաշվետու 5 տարում տավարաբուծությամբ զբաղվողները պակասել են` 5, տավարի գլխաքանակը` 12.8, այդ թվում, կովերինը` 13.2 տոկոսով: Համայնավարական տարիների / 1981թ./ հետ համեմատած` 2018 թ.–ին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 23 տոկոսով: Վիճակագրությունը փաստում է նաև, որ կոոպերատիվներով անասնագլխաքանակը կենտրոնացնելու գաղափարը չի ընկալվում, ավելին, չնայած կառավարության ֆինանսական աջակցությանը` շարունակվում է փոքրաչափ տնտեսությունների քանակական աճը, ինչը նշանակում է, որ ավելանում են շահույթ չունեցող տնտեսությունները: Ի՞նչ անել` պատասխանը միակն է` բարձրացնել այդ տնտեսությունների (որոնք միավորում են միջին հաշվով 850.000 մարդ, մեր ազգաբնակչության մոտավորապես մեկ երրորդը, և որոնք շահույթի, ապրուստի միջոցների բացակայության պատճառով ավելի հակված են արտագաղթի) արդյունավետության, շահութաբերության մակարդակը: Նշեմ նաև, որ քիչ թե շատ ծանոթ լինելով իրավիճակին` կարող եմ հաստատել. առկա են մեր գիտնականների կողմից ստեղծված բազմաթիվ այլ տեխնոլոգիաներ, տեխնիկական միջոցներ, որոնց ներդրումով զգալիորեն կարելի է ավելացնել գյուղացու շահույթը: Բայց դա չի արվում… Եվ սա առանձին հարց է, որը խորը վերլուծության կարիք ունի, ինչին խիստ ցանկալի կլիներ, որ անդրադառնային հոդվածի հեղինակները:

Կարծեք թե անհեթեթ իրավիճակ է. առկա են տավարաբուծությամբ զբաղվողների շահույթի կայացման, ավելացման տեխնոլոգիական, տեխնիկական միջոցները. սակայն ոլորտը առաջ չի շարժվում, դոփում է տեղում, իսկ ԱՎԾ վերջին տեղեկագրի համաձայն` արդեն նահանջում է: Խնդիրն այն է, որ առկա տեխնոլոգիաները , տեխնիկական միջոցները կարող են շահույթ բերել գյուղացուն, երբ նրանք ծանրաբեռնված են աշխատանքով գոնե իրենց արտադրողականության 70 – 80 տոկոսի չափով: Մինչդեռ 3 գլուխ տավարը հազիվ կարողանա ապահովել արտադրողականության իրացման 5 – 10 տոկոսը: Իսկ դա նշանակում է կաթի ու մսի ինքնարժեքի բարձրացում, շահույթի ավելացման փոխարեն` անկում, գյուղացու տնտեսական վիճակի վատթարացում: Խնդրի լուծումը ունի երկու տարբերակ` ա/ «… ստեղծել բավական էժան, յուրաքանչյուր ֆերմերին հասանելի, փոքրածավալ կիրառման սարքավորումներ…», ինչն առաջարկում է խմբագրականը, և բ/ անասնագլխաքանակը կենտրոնացնելով, տնտեսությունները խոշորացնելով` օգտագործել առկա տեխնիկական միջոցները: Երկու առաջարկություններն էլ, տրամաբանական լինելով հանդերձ, վիճարկելի են: Առաջին դեպքում  փոքրաչափ սարքավորումները արտադրողականության միավորին վերագրվող կապիտալ ներդրումների հաշվով, օբյեկտիվ պատճառներով /մեքենայի արտադրողականությունը, շարժիչի հզորությունը, գինը գործառական կապի մեջ չեն/ և, հետևաբար, շահութաբերության, արդյունավետության առումով զիջելու են համեմատաբար մեծերին, ինչն արդեն խնդիր է: Երկրորդ դեպքում խնդիր է տնտեսությունների խոշորացումը. ինչպե՞ս համոզել գյուղացուն, որ իր տավարը միավորի հարևանների ունեցածի հետ, միավորի նաև իր հողակտորները, գյուղտեխնիկան, ինչը, տնտեսագիտության օրենքների համաձայն, թույլ կտա ստեղծել շահութաբեր տնտեսություն, ապրել բարեկեցիկ, չլքել երկիրը:

Մեր կարծիքով, խնդրի լուծման իրատեսական տարբերակը հետևյալն է. համայնքում, կայացած որևէ ֆերմերի մեծ մասնաբաժնով մասնակցությամբ պետության աջակցությամբ ստեղծվում է վերը նշված տեխնոլոգիաները կիրառող, կայուն միջին շահույթ ապահովող կաթնապրանքային, ուսուցողական ֆերմա, որտեղ ուսանելով` 3 գլուխ տավար ունեցող գյուղացին կհամոզվի, որ եթե ինքը, սեփականության իրավունքը պահպանելով, միավորի իր անասնագլխաքանակը, հողակտորները, գյուղտեխնիկան, ապա ավելի քիչ չարչարվելով` կավելացնի իր շահույթը: Նա այդ շահույթը կունենա նաև` իր 3 գլուխ տավարի գոմաղբը վերը նշված տնտեսությունում մշակման ուղարկելով: Եվ , անշուշտ, շահույթը ավելին կլինի, եթե արոտի մշակման բազմաֆունկցիոնալ մեքենայի կիրառմամբ ինքը համայնքից գնի 2 – 3 անգամ էժան խոտ, ինչն ապացուցել ենք մեր արտադրական փորձերով: Գյուղացին, բացի գոմաղբից, մշակման կուղարկի նաև այրվող աղբը, ետբերքահավաքի օրգանական թափուկները` ստանալով համարժեք գրանուլացված վառելանյութ, ավտոմատ ռեժիմով ջեռուցելով իր բնակարանը:

Կառավարությունը անցյալում, նաև ներկայում` կամավորության սկզբունքով, կոոպերատիվներ ստեղծելով` փորձում է լուծել անասնագլխաքանակի կենտրոնացման խնդիրը` գյուղացուն տրամադրելով բազմաբնույթ աջակցության, այդ թվում, ֆինանսական, արտոնություններ: Ինչպես արդեն ասվեց, կոոպերատիվի գաղափարը գյուղացին չի ընկալում. նա դրանում տեսնում է կառավարության խորամանկ քայլը` իրեն հարկային դաշտ տանելու` սեփականության իրավունքով իրեն պատկանող անասուններից սպասվելիք օգուտը այլոց իրավասությանը հանձնելով: Այս առումով հիշեմ մի դրվագ. Ազգային ժողովի կողմից կոոպերացիայի մասին օրենքն ընդունելու նախօրեին «Շանթ» հեռուստաընկերությունը ուղիղ եթերով գյուղում կազմակերպում է խնդրի քննարկումը. ու չնայած նրան, որ մասնակից 25–ից ավելի   գյուղացիներից ոչ մեկը հավանություն չտվեց այդ գաղափարին, հաջորդ օրը գրեթե միաձայն այդ օրենքն ընդունվեց: Այսինքն` գյուղացին համաձայն չէ, բայց Ազգային ժողովը պարտադրում է: Ինչու՞…: Հասկանալի է, որ պարտադրանքով գյուղացու վզին փաթաթված օրենքը չի աշխատելու, և չաշխատեց:

Անասնագլխաքանակը կենտրոնացնելու մի նոր փորձ է կառավարության 2019 թ.-ի ապրիլի 4 -ի «Փոքր և միջին խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության¦ ծրագիրը, որով խնդրի լուծումը առավելապես հասցեագրվում է անհատին: Այս ծրագրի ամենամեծ բացը արվելիք ծախսերը, իսկ դրանք փոքր գումարներ չեն` 20 մլն.-ից մինչև 65 մլն դրամ, փակելն ու շահույթ ունենալով բարեկեցիկ ապրելու հեռանկարի անորոշությունն է. ծրագրում տառ անգամ չկա սպասվելիք շահույթի մասին: Ու դա պատահական չէ. ոլորտի զարգացման հիմնաքարը կայուն կերային բազան է, որը ըստ ԱՎԾ 2018թ.-ի վիճակագրության տեղեկագրի` վերջին 5 տարում էական անկում է գրանցել: Տնտեսությունների խոշորացման նախագծեր են քննարկվում նաև Ազգային ժողովում, ու որքան ես եմ հասկանում, հիմքում ունենալով պարտադրանքը` սեփականատիրոջ հողը վարձավճարով այլոց օգտագործմանը հանձնելու մասին: Հազիվ թե այս քայլը արդյունավետ լինի, որովհետև ցանկացած վարձակալ հողը ոչ թե «կարգի» կբերի , այլ առավելացույնը քամելով` նրանից կհրաժարվի` ավելացնելով անապատացման ենթակա , չօգտագործվող հողատարածքները:

Փորձեմ ամփոփել. փոքրաքանակ տավարաբուծությունը մեր երկրում կլինի շահութաբեր, կպահպանվի դրանով զբաղվող մոտավորապես 850.000 մարդկանց բնականոն կյանքը, եթե մենք, առկա գիտատեխնիկական ներուժը, տեխնոլոգիաներն ու մեքենասարքավորումները համայնքի խոշորացված գոնե մի տնտեսությունում ներդնելով, շահույթը ստանալով, 3 գլուխ տավար ունեցողին ցույց տանք առաջընթացի ուղին, օգնենք նրան` համագործակցելու այդ տնտեսության հետ, որպեսզի իր ռեսուրսները շահութաբեր ապրանքի վերածի: Տնտեսության խոշորացման /անասնագլխաքանակի կենտրոնացմամբ/ չափը, որը պետք է ապահովի միջին խավի ձևավորումը` բավարար շահույթ ստեղծելով, որոշվում է համայնքի բնարտադրական, շուկայական առանձնահատկությունների վերլուծության հիման վրա:

Հարգելի ընթերցող, ես փորձեցի իմ հնարավորություննների սահմաններում ներկայացնել իրավիճակը և առաջարկել լուծում, որն իրատեսական ենք համարում: Եվ եթե խմբագրությունը ինչ-որ չափով համամիտ է, պատրաստ եմ ներկայացնելու առաջարկվող լուծումների մանրամասները տեխնոլոգիայի, տեխնիկական միջոցների գծապատկերներով, լուսանկարներով, տեխնիկատնտեսական ցուցանիշների մանրամասներով: Շնորհակալ կլինեմ, եթե խմբագրությունը կազմակերպի խնդրի քննարկման կլոր սեղան:

Հարգանքով`

Ստյոպա Խոյեցյան, «Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ» նախկին տնօրեն,

տեխն. գիտ. թեկնածու

Հեռ. 091314943

  1. 08. 2019.