Երկրագործության մեջ տասնամյակներ ու դարեր ի վեր, ինչպես աշխարհի շատ երկրներում, Արցախում ևս կիրառվում է հողի մշակության ավանդական եղանակը՝ առի շրջմամբ մշակությունը: Սակայն ժամանակակից ագրոգիտության զարգացմամբ և շուկայական տնտեսության մարտահրավերներով թելադրված՝ հողի մշակությունն այսօր նոր ու արդյունավետ մոտեցումներ է ենթադրում:
Վաղուց արդեն ակնհայտ է, որ ավանդական (առի շրջմամբ) երկրագործության ինտենսիվացումը պահանջում է բարձր արտադրողականությամբ հզոր գյուղատնտեսական տեխնիկա, էներգետիկ ու աշխատանքային հսկայական միջոցներ: Այն ուղեկցվում է հողի մշակման խորության ավելացմամբ, վարելաշերտի ինտենսիվ փխրեցմամբ, մշակման գործողությունների թվի ավելացմամբ:
Արդյունքում, բաց են թողնվում տարածաշրջանի համար նախատեսված միջոցառումները իրականացնելու օպտիմալ ժամկետները: Առի շրջմամբ հողի մշակման ավանդական տեխնոլոգիան առաջ է բերում այնպիսի բացասական երևույթներ, ինչպիսին են հողային ագրեգատների քայքայումը, օրգանական նյութերի տարրալուծման տեմպերի արագացումը, մշակվող շերտի փոշիացումը, խոնավության կորուստը և այլն: Դրա կիրառումը արդեն իսկ առաջին տարիներին առաջ է բերում հողի վերին շերտի պրոֆիլի կտրուկ վատթարացում, ինչպես նաև հումուսի պաշարների, ազոտի և մյուս տարրերի նվազեցում: Այս և հողի կենսաբանական բերրիության ու կառուցվածքային վիճակով պայմանավորված մի շարք այլ կարևոր գործոններից ելնելով՝ այսօր անչափ հրատապային է ոչ միայն տեսականորեն դրան ուշադրություն դարձնելը, այլ հողի մշակման անգութան կամ նվազագույն տեխնոլոգիայի ներդրման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելը: Այսօր Հայաստանում և
Արցախում եզակի ֆերմերներ են երկրագործության մեջ առաջնորդվում այս եղանակով: Սակայն, հարկ է նշել, որ նրանց փորձը տալիս է բավականին արդյունավետ ցուցանիշներ, ինչի վրա, թերևս, արժե լուրջ դիտարկումներ կատարել` այդ փորձը ագրոարդյունաբերության համակարգում էլ ավելի լայն կիրառման արժանացնելու նպատակով: Հարկ ենք համարում նշել, որ հողի մշակման անգութան կամ նվազագույն տեխնոլոգիան վաղուց արդեն լայն տարածում ունի աշխարհի այնպիսի զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Ավստրալիան, Ռուսաստանը, Ուկրաինան և այլն, որտեղ նշված տեխնոլոգիան պետական աջակցության է արժանացած:
Հողի մշակման անգութան կամ նվազագույն տեխնոլոգիան իրենից ենթադրում է հողի վրա մեխանիկական ազդեցության և մշակության խորության նվազեցման տեխնոլոգիական գործողությունների համատեղման միջոցով անցում դեպի առանց առի շրջման մշակության: Երկրագործության դինամիկ զարգացման ճանապարհը հողի նվազագույն և զրոյական մշակման` հողի նվազագույն և զրոյական մշակման բնական հողառաջացման մոդելի վրա հիմնված և աշխարհում լայն տարածում ստացած համակարգերն են, որտեղ բացակայում են վերոհիշյալ բացասական երևույթները:
Առաջարկվող նոր համակարգի հիմնական և որոշիչ օղակը հողի՝ առանց առի շրջման մշակումն է, որի հիմքում ընկած է մշակվող շերտի նվազեցման և օպերացիաների կրճատման սկզբունքը: Ինչպես վկայում են բազմաթիվ հետազոտողներ, հողի նվազագույն մշակման տեխնոլոգիան համեմատաբար կարճ ժամանակահատվածում վերականգնում է հողի` վարի հետևանքով կորցրած հատկությունները, բարելավում է նրա օդային ռեժիմը:
Այս տեխնոլոգիան նպաստում է աշխատանքի արտադրողականության, արտադրության արդյունավետության բարձրացմանը, աշխատանքային և նյութական ռեսուրսների խնայողությանը:
Ինչպես ցույց են տվել Ուկրաինայի հարավային հողերի ավանդական մշակման փորձնական տվյալները, յուրաքանչյուր տարի հումուսի կորուստը հողում անջրդի պայմաններում կազմել է 0.6 տ/հա, իսկ ջրովի տարածքներում` 1.8 տ/հա:
Ուշադրության են արժանի հողի մակերեսային մշակման արդյունքի վերաբերյալ հետևյալ 3 եզրակացությունները.
1. հողի նվազագույն կամ մակերեսային մշակությունը հողօգտագործողներին ազատում է գութանի օգտագործման աշխատատարության հետ կապված տեխնոլոգիական գերբեռնվածությունից և հնարավորություն է տալիս կատարելու վառելիքի, նյութերի և աշխատանքային ռեսուրսների տնտեսում: Թույլ է տալիս տրակտորները և սարքավորումները ուղղել տեխնոլոգիական բոլոր գործողությունների ժամանակին կատարմանը, երկրագործության մշակույթի բարձրացմանը:
2. Հողի նվազագույն կամ մակերեսային մշակությունը տեղումների կուտակման և պահպանման արդյունավետ ագրոմելիորատիվ միջոց է: Այն լրացուցիչ ապահովում է 30-50 մմ խոնավություն, հետևաբար երաշտի ժամանակ պաշտպանում է հողը քամու ազդեցությունից, արևահարումից, իսկ տեղումների առատության և գերխոնավության դեպքում՝ ջրային քայքայումից, աղակալումից: Հնարավորություն է ընձեռվում, նույնիսկ անբարենպաստ տարիներին, ստանալու բարձր և կայուն բերք: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Արցախի հարթավայրային գոտիներում տարեկան միջին մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 350-400 մմ:
3. Հանդես է գալիս որպես սոցիալական գործոն: Դրա կիրառմամբ բարելավվում են մեխանիզատորների աշխատանքի պայմանները. աճում են նրանց եկամուտները:
Հողի նվազագույն կամ մակերեսային մշակման հիմնական առավելություններից մեկն էլ տեխնոլոգիական արագաշարժությունն է՝ պայմանավորված հարթակտրիչների, սկավառակավոր փոցխերի և ուղղակի ցանքսի շարքացանների բարձր արտադրողականությամբ: Այդ արագաշարժությունը թույլ է տալիս տեխնոլոգիական գործընթացներ կատարել լավագույն ժամկետներում, ինչն էլ իր հերթին նպաստում է հողում խոնավության պահպանմանը և մոլախոտերի համերաշխ ծլերի ստացմանը, ինչն անչափ կարևոր է դրանց ոչնչացմանն ուղղված ագրոմիջոցառումների արդյունավետ կիրառման համար:
Նշենք նաև, որ նվազագույն տեխնոլոգիայի կիրառման մյուս կարևոր առավելությունը ժամանակ շահելն է, որը նախ և առաջ պայմանավորված է նախացանքային ժամանակահատվածի 3-5 անգամ կրճատմամբ:
Հայտնի է, որ աշնանացան հացահատիկայինների մշակության տեխնոլոգիական օղակում օպտիմալ է համարվում մինչև հոկտեմբերի 1-ը կատարած հերկը: Սակայն, ըստ վիճակագրական տվյալների, 2010թ-ին նշված ժամկետում հերկվել է տվյալ տարվա ցանքսի ընդամենը 39,9%-ը, 2011թ.-ին՝ 25,5%-ը, 2012թ.-ին՝ 21%-ը, 2013թ.-ին՝ 30%-ը, 2014թ.-ին՝ 44,5%-ը:
Այս վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մի շարք պատճառներով պայմանավորված` Արցախում հնարավոր չէ առի շրջմամբ ավանդական տեխնոլոգիայի կիրառմամբ տարածաշրջանի համար երաշխավորված ժամկետներում իրականացնել աշնանացան մշակաբույսերի մշակությունը:
2010-2014թթ. աշնանացան մշակաբույսերի բերքատվությունը 1 հեկտարից կազմել է համապատասխանաբար՝ 2010թ-ին՝ 18,9ց, 2011թ-ին՝ 16,8ց, 2012.-ին՝ 17,3ց, 2013թ-ին՝ 10,3ց, 2014թ.-ին՝ 7ց:
Կասկած չկա, որ աշնանացան մշակաբույսերի ցածր բերքատվության հիմնական պատճառը տեխնոլոգիական պրոցեսների օպտիմալ ժամկետների խախտումն է, որը մշտապես և գերակշիռ չափով տեղի է ունենում ավանդական մշակության դեպքում: Սակայն հողի նվազագույն կամ մակերեսային մշակման տեխնոլոգիայի կիրառման դեպքում հնարավորություն է ստեղծվում` բացառելու այդ խախտումները, և աշնանացան մշակաբույսերի տեխնոլոգիական բոլոր միջոցառումներն իրականացնել երաշխավորված ժամկետներում:
Հաստատված է, որ ուղղակի ցանքսի առավելությունը հողի կառուցվածքի բարելավումն է, քայքայման նվազումը, մեծ տարածությունների վրա օպտիմալ ժամկետում ցանքսի կատարման հնարավորությունը: Ուղղակի ցանքսը տեխնիկան ավելի արտադրողական օգտագործելու և դաշտային աշխատանքների ժամկետները կրճատելու հնարավորություն է տալիս: Անգութան նվազագույն մշակման մեր երկրամասի հողաբնակլիմայական պայմաններին համապատասխան փորձերը ցույց են տվել, որ այն ոչ միայն հնարավոր է, այլ նաև անհրաժեշտ է ներդնել Արցախում` գյուղատնտեսության բնագավառում կայուն տնտեսական աճ ապահովելու համար:
Եվ եթե դրան ավելացնենք նաև այն, որ նշված տեխնոլոգիայով մշակության դեպքում 1 հեկտարի հաշվով ֆինանսական ծախսերը նվազում են 20-30 հազար դրամի չափով, ապա տնտեսական խնայողությունը դառնում է ակնհայտ: Այսինքն՝ եթե Արցախում միջին հաշվով տարեկան կատարվում է 50 հազար հեկտար ցանքս, ապա տնտեսված ընդհանուր գումարը կկազմի 1-ից 1.5 միլիարդ դրամ: Այդ խնայողությունը, որպես ներդրումային միջոց, կարելի է ուղղել լրացուցիչ հողատարածքների յուրացմանն ու մշակմանը, ինչպես նաև գյուղատնտեսության այլ ճյուղերի արդյունավետ զարգացմանն ու նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրման միջոցով գյուղատնտեսության մեջ կայուն տնտեսական աճի ապահովմանը:
Ի դեպ, նշենք, որ հենց այդ տեխնոլոգիայի կիրառման պետական աջակցության շնորհիվ է Արգենտինայի և մի շարք այլ երկրների գյուղատնտեսությունը դուրս եկել ճգնաժամից և տնտեսական թռիչք ապրել:
Հեղինակ՝ Վաչե ԱԴԱՄՅԱՆ