Զ․ Դիլանյանի և Ռ․ Դավիդովի հրապարակումները Ավետիս Քալանթարի մասին
Ավետիս Քալանթարի գիտական և մանկավարժական գործունեությունը լայնորեն հայտնի է ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև արտասահմանյան շատ երկրներում: Նրա անվան հետ են կապված Հայաստանում և Ռուսաստանում կաթնային գործի ոլորտում գիտական հետազոտությունների իրականացումը և հետագա զարգացումը: Դեռևս տակավին երիտասարդ Քալանթարն իրեն բնորոշ խորաթափանցությամբ հասկացել էր, որ հայրենական կաթնային գործը չի կարող զարգանալ առանց տեսական հետազոտությունների և գիտական հենքի ստեղծման: Բարձր կրթվածությունը, լայն մտահորիզոնը, տասը լեզուներին տիրապետելը, գյուղատնտեսական արտադրության առանձնահատկությունների իմացությունը Ավ. Քալանթարին թույլ տվեցին կաթնային տնտեսության զարգացման հարցերը սերտորեն միահյուսել գյուղատնտեսության այլ ոլորտների հետ:
Ավետիս Հայրապետի Քալանթարը ծնվել է 1859 թ. սեպտեմբերի 1-ին Էրիվանի նահանգի Նախիջևանի գավառի Վերին Ագուլիս գյուղում` ուսուցչի ընտանիքում: Բարձրագույն կրթությունը ստացել է Պետրովսկո-Ռազումովսկայա և Անտառային ակադեմիայում (ներկայիս Կ.Ա. Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարան): Արդեն ուսանողական տարիներին նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերում կաթնային գործի ուսումնասիրման նկատմամբ և հետագայում իր գործունեության 55 տարին նվիրում է այդ ոլորտին:
Ռուսաստանում բուծվող կովերի կաթի բաղադրության ուսումնասիրումը թույլ է տալիս Ավ. Քալանթարին 1889 թ. ուշագրավ զեկույց կարդալ «Կաթի բաղադրությունը որպես տավարի կաթնատու ցեղերի բարելավման սկզբունք» թեմայով: Նրա ներկայացրած դրույթները մեծ հետաքրքրություն առաջացրեցին, քանի որ աշխարհում դրանք երբևիցե չէին կիրառվել:
1890 թ. Ավ. Քալանթարը նշանակվում է Ռուսաստանի երկրագործության և գյուղական արդյունաբերության դեպարտամենտին կից կաթնային տնտեսության և անասնաբուծության գծով ավագ մասնագետ: Այդ պաշտոնում աշխատելու ընթացքում նա հիմնում է կաթնային տնտեսության մի քանի տասնյակ դպրոց: Ավելի քան 20 տարի նա պայքարում էր, որպեսզի հիմնադրվի կաթնային տնտեսության ինստիտուտ, որի շրջանավարտները կդառնան այդ ոլորտի բարձրակարգ մասնագետներ: Եվ միայն 1911 թ. նրան հաջողվում է իրականացնել իր երազանքը. Վոլոգդայի մերձակայքում սկսվում է կաթնային տնտեսության ինստիտուտի շինարարությունը:
Նորաստեղծ ինստիտուտում Քալանթարը նշանակվում է կաթնային գործի կազմակերպման ամբիոնի վարիչ: 1903-1911 թթ. նա մասնակցում է կաթնային գործին նվիրված բոլոր միջազգային կոնֆերանսներին: 1920 թ. վաստակաշատ գիտնականին շնորհվում է պրոֆեսորի կոչում: 1921-1929 թթ. Ավ. Քալանթարը գլխավորում է Կ.Ա. Տիմիրյազևի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայի կաթնային տնտեսության ամբիոնը: 1923 թ. նա ՌԽՖՍՀ երկրագործության ժողկոմատում աշխատել է որպես անասնաբուծության վարչության պետ:
Ավ. Քալանթարը առանձնակի նշանակություն էր տալիս առաջավոր տնտեսությունների նվաճումների ցուցադրմանը և փորձի փոխանակմանը: Այդ նպատակով նա այցելություններ էր կազմակերպում ինչպես երկրի ներսում, այնպես էլ զարգացած անասնաբուծություն ունեցող արտասահմանյան երկրներ (այն ժամանակ` Դանիա, Շվեդիա, Հոլանդիա). մասնագետների պատվիրակությունները ղեկավարում էր անձամբ: Նա կատարել է նման 15 այցելություն 300-ից ավելի մասնակիցներով, ընդ որում` 1909 թ. դրանց թվում են եղել 14 գուբերնիաների գյուղացիներ: Վերջին երկու այցելությունները կազմակերպվել են արդեն խորհրդային իշխանության տարիներին` 1926 և 1927 թթ.:
19-րդ դարի վերջին կաթի արդյունաբերությունում գրանցվում են նշանակալի հաջողություններ, և, բնականաբար, խնդիր է առաջանում մի կողմից` համաշխարհային շուկայում կաթնային արտադրանքի իրացման, մյուս կողմից` նորաստեղծ գործարանները ժամանակակից սարքավորումներով ապահովելու առումով: Այդ նպատակով 1899 թ. Ավ. Քալանթարը կազմակերպում է կաթնային տնտեսությանը նվիրված միջազգային ցուցահանդես, որից հետո Ռուսաստանից կարագի արտահանումն ավելանում է, և երկիրը որոշակի դիրք է գրավում միջազգային շուկայում: 1902 թ. Ավ. Քալանթարի առաջարկությամբ և անմիջական մասնակցությամբ Եվրոպայից ներկրվում է 270 սառնարաննային վագոն, որոնցով Սիբիրում արտադրված կարագը տեղափոխվում է Պետերբուրգի և Ռիգայի նավահանգիստներ:
Սիբիրում լայն թափ է ստանում կոլեկտիվ սկզբունքով կազմակերպված կարագի արտադրությունը: Դրանում մեծ էր Ավ. Քալանթարի վաստակը, ով ոչ միայն քարոզում էր կոլեկտիվ ձեռնարկությունների կազմակերպման անհրաժեշտության մասին, այլև ամեն կերպ աջակցում արտադրողներին:
Մեծ էր Ավ. Քալանթարի վաստակը նաև ռուսաստանյան կարագի վարկանիշը պահպանելու հարցում: 1901 թ. Լոնդոնի մաքսատան քիմիկոսները ստացված 50 հազար փութ կարագը որակում են մարգարինով կեղծված: Այդ կեղծիքի հետ կապված գործի հետաքննման ու պաշտպանության համար անգլիական դատարան է գործուղվում Ավ. Քալանթարը: Անգլիացի քիմիկոսները մեղադրանքը հիմնավորում էին կարագի հաստատուններով, որոնք Եվրոպայում ընդունված ստանդարտներից ավելի ցածր էին: Հակափաստարկներ գտնելը բարդ էր, քանի որ Ռուսաստանում արտադրվող կարագի համար նման չափորոշիչներ սահմանված չէին: Ավ. Քալանթարի ջանքերի շնորհիվ վերջնական դատավճիռը մեկ տարով հետաձգվում է անհրաժեշտ տվյալներ հավաքելու նպատակով: Անգլիայից վերադառնալուց հետո Քալանթարը քիմիական անալիզի ենթարկելու համար կազմակերպում է Ռուսաստանի տարբեր շրջաններում արտադրվող կարագի նմուշառում: ՈՒսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ կարագի հաստատունները փոխվում են կերի, տարվա եղանակների և այլ գործոնների ազդեցությունից: Թվում էր, թե բերված փաստերը պետք է որ բավարարեին դատարանին: Սակայն մաքսային մասնագետներն առաջադրում են նոր մեղադրանք. մանրադիտակով զննման արդյունքում կարագի մեջ նկատվել են բաց գույնի կետեր, որոնք, իբր, փաստում են ճարպի առկայությունը: Ավ. Քալանթարը ստիպված կրկին մեկնում է Անգլիա: Դատավորների ներկայությամբ նա կարագ է պատրաստում բնական սերուցքից և ի ցույց դնում նման բաց գույնի կետերի առկայությունը: Համառ պայքարի արդյունքում նա շահում է դատական գործը և ապացուցում ռուսական կարագի բարձր որակը:
Անգնահատելի է Ավետիս Քալանթարի լուսավորչական գործունեությունը: Երկար տարիներ նա գլխավորել է «Земледелец», «Сельхозобразование», «Библиотека земледельц», «Молочное дело» և այլ ամսագրերի հրատարակումը: 1905 թ. լույս է տեսնում նրա «Կաթնային տնտեսության հանրամատչելի ուղեցույց» ուսումնական ձեռնարկը, որը վերահրատարակվում է ինն անգամ և դառնում կաթնային գործի բոլոր մասնագետների սեղանի գիրքը: Նրա հեղինակությամբ հրատարակվում են «Կաթնատու տավարի կերակրումը» (1900 թ.), «Կարագի պատրաստման կարևորագույն կանոնները» (1905 թ.), «Պարզագույն պանիրների պատրաստման եղանակները» (1907 թ.) և այլ աշխատություններ:
Լինելով պանրագործության ոլորտի խոշորագույն մասնագետ`Քալանթարն առանձնապես մեծ նշանակություն էր տալիս ոչխարի պանրի արտադրությանը: 1901 թ. նա գրում է. «Կովկասում ոչխարի պանրի արտադրությունը մեծ ապագա ունի: Արտադրության եղանակների բարելավման դեպքում ոչխարի պանիրը հնարավոր կլինի իրացնել արտասահմանյան շուկայում, քանի որ դրա յուրահատուկ համը դուր է գալիս գուրմաններին»:
1923 թ. Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի հրավերով Ավ. Քալանթարն երկրի անասնաբուծության և կաթնային գործի վիճակն ուսումնասիրելու նպատակով գալիս է Երևան: Ժողկոմխորհի նախագահին ուղղված զեկուցագրում նա հարց է բարձրացնում ոչխարի պանրի և ռոկֆորի արտադրությունը կազմակերպելու, ինչպես նաև էմենտալ պանրի հասունացման և պահպանման նպատակով կենտրոնացված պահեստարաններ կառուցելու վերաբերյալ:
1930 թ. ՀԽՍՀ Ժողկոմխորհն Ավ. Քալանթարին մշտական աշխատանքի է հրավիրում որպես Հողժողկոմի խորհրդատու և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի պրոֆեսոր: Այդ իրադարձությունը մեծ նշանակություն է ունենում կաթնային գործի ոլորտում գիտական կադրերի պատրաստման և գիտահետազոտական աշխատանքների զարգացման համար: Քալանթարին հաջողվում է իր շուրջը համախմբել Վոլոգդայի կաթնային տնտեսության ինստիտուտն ավարտած երիտասարդ մասնագետներին: Նշանակվելով ԵրԱԱԻ-ում ամբիոնի և անասնաբուծության փորձակայանում կաթնային գործի բաժնի վարիչ` նա իրեն բնորոշ ջերմեռանդությամբ կարճ ժամանակում կահավորում է ամբիոնը և ձեռնամուխ լինում գիտահետազոտական աշխատանքների կատարմանը: 1932 թ. նրա նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ Երևանում բացվում է կաթնարդյունաբերության Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական բաժանմունքը: Բուհի ամբիոնը և ինստիտուտի մասնաճյուղը դառնում են գիտական հետազոտությունների յուրատեսակ դարբնոց:
Իր մերձավոր գործընկերոջը` Ն.Վ. Վերեշչագինին նվիրված հայտնի հոդվածն Ավետիս Քալանթարն ավարտել է հետևյալ բառերով. «Ռուսաստանի գյուղատնտեսության պատմության մեջ Վերեշչագինի անունը գրվել է ոսկե տառերավ, և մոտ ապագայում գործիչները, թերևս, նրան ավելի բարձր դասեն, քան մենք` նրա ժամանակակիցները: Մարդկության հարգանքին և երախտագիտությանն են արժանի նրանք, ովքեր ժողովրդի մեջ սերմանում են նոր, լավագույն գաղափարներ: Սակայն էլ ավելի մեծ հարգանքի և խոնարհման են արժանի այն բացառիկ գործիչները, ովքեր կյանքի են կոչում նոր գաղափարներ և գործով ապացուցում դրանց կենսունակությունն ու օգտակարությունը: Նրանք ոչ թե խոսքի, այլ գործի մարդիկ են, նոր կյանքի արարիչներ»: Այս բնորոշումն անվերապահորեն կարելի է հասցեագրել նաև դրա հեղինակին…
Հոդվածի մշակումը՝ Անդրեյ Արաքսյանցի
Զ. Դիլանյանի և Ռ. Դավիդովի հրապարակումները Ավետիս Քալանթարի մասին