Տարեցտարի ավելանում է կենդանի ծնված հորթերի թիվը։ Այս փաստը պայմանավորված է ոչ միայն կովերի բուծման եղանակներով, այլև այն հանգամանքով, որ զգալիորեն բարելավվել են կովերի ծնի պայմանները՝ ապահովելով ավելորդ սթրեսից զերծ միջավայր: Արտադրող ցլի ճիշտ ընտրությունը, ծնին մոտ ժամանակահատվածում պատշաճ կերակրումն ու լավագույն խնամքը երաշխավորում են կովի և հորթի համատեղ կյանքի սահուն սկիզբը։

Ծնի շրջանին մոտ կաթնատու կովերը շատ խոցելի են դառնում։Երբ ծինը դյուրին է անցնում, կովը սկսում է արագ կաթ արտադրել, և լակտացիայի հետ խնդիրներ չեն առաջանում։ Ծնի շրջանի բարդությունները հիմնականում հանգեցնում են հետագա այլ խնդիրների։ Օրինակ, դանդաղ ծնի դեպքում կենդանու արգանդը երկար ժամանակ շփման մեջ է գտնվում արտաքին միջավայրի հետ։ Դա կարող է հանգեցնել վտանգավոր մանրէների ներթափանցմանը կենդանու օրգանիզմ՝ մեծացնելով ընկերքի պահման, որովայնի սպիտակ գծի ախտահարման և արգանդի բորբոքման ռիսկը։ Սա էլ իր հերթին հանգեցնում է սակավ կաթնարտադրության, նյութափոխանակության և պտղաբերության հետ կապված խնդիրների։ Այսպիսով կենդանի, առավել ևս առողջ ծնված հորթը հարթ սկզբի նախապայմանն է հանդիսանում: 

Ըստ Կենդանիների գնահատման գործակալության տվյալների` վերջին տարիներին իրավիճակը բավականին բարելավվել է։ Դանիացի ֆերմերների կառավարման համակարգերի պատկերը ցույց է տալիս, որ ծնի հետ կապված խնդիրները նվազել են։ Երինջների դժվար ծնի տոկոսային հարաբերությունը կազմում է մոտ 7%, տարիքով ավելի մեծ կովերինը՝ 4%: Այս առաջընթացը հիմնականում պայմանավորված է ճիշտ ցլի ընտրությամբ։ Վերջին 10-15 տարիների ընթացքում ֆերմերները սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել Ծնի դյուրինության գործակցի վրա:  Ֆերմաները մեծացել են, և գնալով ավելի դժվար է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր ծնի նկատմամբ: Կիրառելով Ծնի դյուրինության գործակիցը արտադրող ցլի ընտրության ընթացքում՝ ֆերմերները դյուրացնում են նաև իրենց հետագա աշխատանքը։

Սթրեսի կանխարգելում

Խնդիրներից զերծ ծին երաշխավորելու նպատակով հարկավոր է խիստ ուշադրություն դարձնել սթրեսի առկայությանը: Սթրեսի ենթարկված կովերի և երինջների մոտ ծնի պրոցեսն ավելի դանդաղ է անցնում։ Արյունը չի հասնում կովի արգանդ, այլ հասնում է մարմնի այլ մասեր, որոնք անհրաժեշտ են պայքարելու և փախչելու համար։

Խաղաղ և համբերատար աշխատանքը կարևոր նախապայմաններ են հանդիսանում: Արգանդի բացվելու պրոցեսը տևում է այնքան, որքան կենդանուն անհրաժեշտ է։ Հարկավոր է համբերատար լինել ծնի ամբողջ գործընթացում։ Եթե կովին օգնություն ցուցաբերվի, երբ դեռ ամբողջական լայնացում չկա, ապա հնարավոր է ծնի գործընթացի բարդացում և փոքր վերքերի առաջացում ծննդաբերական խողովակի ներպատման հատվածում՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով մանրէների ներթափանցման համար: Բացի խաղաղ և հանգիստ վիճակից, շատ կարևոր է խիստ ուշադրությունը կովի նկատմամբ: Երբ կովը սկսում է ճիգեր գործադրել, նա պետք է որևէ շարժում կատարի, հակառակ դեպքում զննելու և, հավանաբար,  գործելու կարիք է առաջանում։

Ծնի կազմակերպումը ևս շատ կարևոր է ընթացքը հեշտ անցկացնելու համար։ 3 շաբաթ նախքան ծինը և մինչև 3 շաբաթ ծնից հետո կովերը պետք է կարողանան պառկել և ուտել առանց սահմանափակումների` հնարավորինս զերծ մնալով ցանկացած տիպի սթրեսից: Ըստ հետազոտությունների, պառկելը շատ կարևոր է։ Մեռելածին հորթերի տոկոսն ավելի մեծ է այն ֆերմաներում, որտեղ կովերը պառկում են օրական միջինում 8 ժամ նախընտրելի 14 ժամի փոխարեն։ Ծղոտե հարմարանքներով անասնանոցը ծնող կովի համար ավելորդ շքեղություն չէ։ Յուրաքանչյուր կենդանու համար պետք է նախատեսվի մոտ 10մ2 տարածք՝ ծածկված ծղոտի հաստ շերտով։ Գերբնակեցումը սկզբունքորեն սխալ է կովերի համար, առավել ևս երբ խոսքը ծնող կովերի մասին է։ Նպատակահարար է, որ կովը չմեկուսացվի նախրի այլ կենդանիներից ցամաքի շրջանում, ինչպես նաև ծննդաբերության ընթացքում:

Երբ հորթը ծնվում է, ցանկալի է, որ կովը կարողանա լիզել նրան և մաքրել, քանի որ դրանով խթանվում է շնչառությունն ու արյան հոսքը։ Այնուհետև խորհուրդ է տրվում հորթին անմիջապես հեռու տանել կովից՝ որոշ հիվանդությունների փոխանցումը կանխելու նպատակով (օրինակ Johne-ի հիվանդությունը)։ Շատ կարևոր է նաև կովի կերակրումը։Նրա ստամոքսը հնարավորինս  շուտ պետք է լցվի կաթնատու կովերի համար ցանկալի կերով։ Գոլ ջրով դույլերը կարող են խթանել սննդի կլանումը, և նոր ծնած կովերը հաճույքով կըմպեն այն։ Եվ այս ամենից հետո կրկին կգործարկվի փոքր §շարժիչը¦՝ խթանելով արդյունավետ լակտացիան:

ԲՈՒԾՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԿԵՏՈԶԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Բարձր կաթնարտադրության ընթացքում որպես տհաճ անակնկալ արձանագրվում է կետոզը։ Միջինում, կովերի 11%-ի մոտ գրանցվում է կետոզ, իսկ ավելի տարիքով  կովերի  շրջանում այդ ցուցանիշը հավասար է 24-ի։ Շեշտը դնելով բուծմամբ պայմանավորված կետոզի արժեքի վրա` հնարավոր է զգալիորեն նվազեցնել հիվանդության ռիսկը։

Ծնին հաջորդող 60 օրերի ընթացքում կետոզը կաթնատու կովերի մոտ հանդիպող ամենատարածված նյութափոխանակության խանգարումներից է։ Այս ժամանակաշրջանում կաթնատվությունն ավելանում է, սակայն կովը դեռևս բավականաչափ սնունդ չի ստանում նման արտադրողականությունը բավարարելու նպատակով։ Այս դեպքում ձևավորվում է էներգիայի  բալանս և կովը ստիպված է օգտագործել մարմնի խնայած ռեսուրսները։

Սա նորմալ երևույթ է նոր ծնած կովերի շրջանում, սակայն բացասական էներգիայի բալանսը չպետք է գերազանցի սահմանները։ Այս դեպքում հարկավոր է մոբիլիզացնել մարմնի ճարպի չափազանց մեծ քանակը, իսկ այդ ընթացքում արտադրվում են կետոնային մարմինները ացետոնի և բետա-հիդրոքսբուտիրաթթուների տեսքով՝ բացասաբար ազդելով կովի ախորժակի վրա։

Կետոզը հիմնականում հանդիպում է տարիքով ավելի մեծ կովերի մոտ և հանգեցնում է կաթնատվության անկման և կաթի մեջ սպիտակուցների քանակի նվազման։ Մարմնի ճարպի տարրալուծման պատճառով կաթի մեջ պարունակվող ճարպի քանակությունն ավելանում է։ Զգալիորեն աճում է այլ հիվանդությունների` մաստիտի, շրդանի ոլորման, հղիության գործակցի անկման առաջացման հավանականությունը։ Այսինքն, որպես այդպիսին, կետոզը կարող է զգալի վնաս հասցնել նաև ֆինանսական առումով։

20% ժԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր ֆերմայում հանդիպում են կետոզով տառապող կովեր։ Կովն արտադրում է ավելի քիչ կաթ, նորմալ չի սնվում և քնկոտ տեսք ունի։ Անգամ  միանգամայն նորմալ կերաբաժնի դեպքում, որը նույնն է բոլոր կովերի մոտ, հնարավոր է, որ մի կովի մոտ հիվանդությունը զարգանա, իսկ մյուսի մոտ՝ ոչ։  Միգուցե անգամ կան ֆերմերներ, ովքեր կետոզն ընդունում են որպես ընտանեկան գիծ։ Կետոզի ժառանգականությունը կազմում է 20%, և հիվանդության դեմ հնարավոր է պայքարել հաշվենկատ բուծման մեթոդով։

2014թ․-ի դեկտեմբերի տվյալներով` Կենդանիների գնահատման գործակալության բոլոր ցլեր ի համար հաշվարկված է կետոզի արժեք՝ բուծմամբ պայմանավորված։

100-ից բարձր ցուցանիշը նշանակում է, որ ցլի ժառանգների մոտ ավելի ցածր է կետոզի զարգացման հավանականությունը։

Բարձր արժեք ունեցող ցլերի օգտագործման դեպքում զգալիորեն նվազում է կետոզի ցուցանիշը։