Շատ երկրներում, ի տարբերություն Հայաստանի, մասնավոր անասնաբուժություն իրականացնում են անասնաբուժական ասոցիացիաների կողմից արտոնագրված անասնաբույժ-մասնագետները, ովքեր իրենց մասնավոր կլինիկաներում սպասարկում են ֆերմերային տնտեսություններին: Մասնագիտացված ասոցիացիաներն ապահովում են շարունակական ուսուցում, ինչպես նաև համակարգում աշխատանքները պետական և այլ օղակների հետ։

Զարգացած երկրներում մասնավոր անասնաբուժությամբ զբաղվող մասնագետները ստանում են շարունակական կրթություն, ինչը բարձրացնում է վերջիններիս մասնագիտական կարողությունները, և իրենք էլ իրենց հերթին կրթում են ֆերմերներին: Այսօր այդ շարունակական կրթության բացակայությունը բերում է գիտելիքի փոխանցման շղթայի խաթարման, ինչը հանգեցնում է ֆերմերների եկամուտների նվազմանը:

Կաթնարտադրական տնտեսություններում կան հիվանդություններ կամ երևույթներ, որոնք վտանգ չեն ներկայացնում ազգաբնակչության համար, սակայն վնաս են հասցնում կենդանու առողջությանը և ուղղակիորեն ազդում մթերատվության և ֆերմերի եկամուտների վրա:

Ստորև կանդրադառնանք մի քանի նման երևույթների և հիվանդությունների.

  1. Վերարտադրության հետ կապված հիվանդություններ
  2. Եղջերահատում և վերջինիս արդյունավետությունը
  3. Կճղակների հետ կապված հիվանդություններ
  4. Գաղտնի կամ սուբկլինիկական մաստիտ

Կանգ առնենք վերարտադրողական հիվանդությունների ու եղջերահատման կարևորության վրա։

Վերարտադրության հետ կապված հիվանդություններ

Հղիությունը կաթնային անասնաբուծության շարժիչ ուժն է. չկան հղի կովեր, չկան նորածին կովեր, իսկ առանց նորածին կովերի չենք կարող ակնկալել բարձր կաթնատվություն, իսկ վերարտադրության համար՝ մատղաշ: Անասնաբուծական տնտեսություններում հետազոտություն անցկացնելիս պարզվել է, որ անասնագլխաքանակի միջինում մոտավորապես 10-20%-ը չի բեղմնավորվում և մնում է ստերջ։

Ֆերմերների մեծ մասը դրան ուշադրություն չի դարձնում, քանի որ ժամանակին չի կարողանում հայտնաբերել հիվանդությունը: Հիվանդ տեսք չունենալով՝ կենդանին սովորականի պես ուտում է և  չի տարբերվում նախրի մնացած կենդանիներից։

Տնտեսական վնասը

Կաթնային տավարաբուծությունում լակտացիայի §ամենաեկամտաբեր¦ հատվածը առաջին 100 օրն է, և կովը որքան հաճախ հայտնվի այդ առաջին 100 օրում, այնքան վերջինս իր արտադրողական կյանքի ընթացքում ավելի շատ կաթ կարտադրի:

Ստերջության հետ կապված տնտեսական վնասների վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ հաշվարկներ:

Օրինակ, նախրի յուրաքանչյուր տոկոս անպտղություն բերում է նախրի՝ համախառն կաթնարտադրության ծավալով 0.5% կորստի: Համապատասխանաբար, 5000 լիտր կաթնատվության դեպքում, երբ ստերջությունը կազմում է 10%,  տնտեսության վնասը 1 տարում կաթնատվության մասով կազմում է  500 կգ կամ 60.000 դրամ՝ յուրաքանչյուր կենդանու հաշվով:

Վնասի չափը կախված է ոչ միայն արտադրողականությունից, այլ նաև ստերջության տևողությունից: Վերարտադրողական օրգանների հիվանդությունների պատճառով երկարում է կենդանիների սերվիս շրջանը և միջծնային ժամանակահատվածը:

Նախրում 2500 լ կաթնատվության  դեպքում, երբ միջծնային ժամանակահատվածը 306 օրից անցնում է և հասնում, օրինակ, 453 օրի, մեկ օրվա հաշվարկով կաթնատվությունը պակասում է 2.65 կգ-ով,  ամեն օրվա համար, իսկ նորածին հորթի արժեքը կազմում է 40-60 հազար դրամ։

Տնտեսական վնասը ոչ միայն առաջանում է չստացված հորթերից և կաթնատվությունից, այլ նաև այդ ժամանակահատվածում չարդարացված կերի, պահվածքի և խնամքի ծախսերից:

Այդ չարիքը վերացնելը կամ գոնե նվազագույնի հասցնելը պահանջում է անասնաբուժական մասնագիտական հմտություններ, ինչը  մտնում է անասնաբույժի ուղղակի պարտականությունների մեջ: Անասնաբույժը ֆերմերին պետք է  տեղեկացնի, հաշվի, բացատրի տնտեսական վնասները, որոնք հասցվում են  ստերջության հետևանքով: Բացի այդ, անասնաբույժը ֆերմերին պետք է վստահեցնի, որ իր կատարած բուժումները կամ պրոֆիլակտիկ հետազոտությունների արժեքը մի քանի անգամ պակաս են այն վնասներից, որոնք արդեն իսկ հարուցվել են կամ պետք է հարուցվեն:

Օրինակ, ռեկտալ հետազոտությունով կենդանու մոտ հղիության կամ  վերարտադրողական օրգանների հիվանդության առկայությունը (որի պատճառով կենդանին ցանկության չի գալիս կամ չի հղիանում) պարզելու արժեքը միջինում տատանվում է 2000-5000 ՀՀ դրամի սահմաններում: Ախտորոշումից հետո հորմոններով մշակման դեպքում դեղորայքի արժեքը կկազմի 2500-3000 ՀՀ դրամ: Այսպիսով, մեկ կենդանու ստերջացման վերացումը գումարային հաշվով կկազմի 4500-ից 8000 ՀՀ դրամ, ինչը մոտավորապես 10 անգամ պակաս է հասցված վնասից:

Վերարտադրությունը կարգավորելու և կառավարելու համար անհրաժեշտ է, որ ֆերմերը և անասնաբույժը համագործակցեն միմյանց հետ, յուրաքանչյուր տնտեսության համար կազմեն կառավարման և պրոֆիլակտիկ միջոցառումների պլան: Ընդհանուր առմամբ, վերարտադրությունը կառավարելու համար անհրաժեշտ է.

  • հնարավորինս շուտ ստուգել կենդանու հղիությունը ծածկվելուց հետո
  • սերվիս շրջանի 60 օրից հետո, երբ կենդանին չի ցուցաբերում ցանկության նշաններ, անմիջապես ախտորոշել պատճառը և ձեռնարկել միջոցառումներ՝ կենդանուն ցանկության բերելու և սերմնավորելու նպատակով

Եղջերատում

Եղջերատումը որպես ավանդույթ Հայաստանում ներդրվեց 2005 թվ.-ից, երբ Լատվիայից ժամանած անասնաբույժ-փորձագետ Անդրիս Զալիտիսը ուսուցանեց եղջերատման նոր մեթոդներ, որոնք հնարավորություն էին տալիս կարճ ժամանակամիջոցում եղջերատել մեծ թվով կենդանիներ՝ ծախսելով քիչ ֆինանսական միջոցներ և ստանալ առավելագույն օգուտ: Այսօր այդ մեթոդները տարածվել են հանրապետության շատ անասնապահական տնտեսություններում:

Ինչու՞ է շահեկան պահել եղջերատված կենդանի

  1. Եղջերատված կենդանիները դառնում են առավել հանգիստ – Ինչպես հայտնի է, խոշոր եղջերավոր կենդանիներն ապրում են աստիճանակարգմամբ, և նախրում դասակարգվում են առաջնորդներ, թիկնապահներ և շարքայիններ, իսկ երբ կենդանին եղջյուրով է, ապա զինված է և վտանգ ու վախ է առաջացնում իրեն ստորադասվող կենդանիների համար: Դրա պատճառով  շրջապատող կենդանիները ենթարկվում են մշտական սթրեսի, վախենում են լիարժեք կեր ուտել, լիարժեք հանգստանալ, ինչի արդյունքում չեն ապահովում լիարժեք մթերատվություն:
  2. Տրավմատիզմ – Անասնապահությամբ զբաղվող շատ ֆերմերներ կարող են վկայել, թե եղջյուրներից ինչքան վնասներ են հասցվել կենդանիներին, քանի բարձրարժեք կենդանիներ են հարկադիր սպանդի ենթարկվել եղջյուրի հասցրած վնասվածքներից: Բացառված չէ նաև սպասարկող անձնակազմի հաշմանդամ լինելու վտանգը։
  3. Եղջյուրի աճի վրա ծախսվում են մեծ քանակի միկրո, մակրո տարրեր և վիտամիններ, որոնք կարող էին վերածվել կաթի և մսի:

Եղջերատման արժեքը կազմում է 2000-4500 ՀՀ դրամ՝ կախված կենդանու տարիքից, և եթե եղջերատման արժեքը համադրենք ստացված օգուտների հետ, ապա վստահորեն կարող ենք ասել, որ եղջերատումը ֆերմերի համար տնտեսապես շահավետ է:

Անասնաբուժական մասնավոր միջոցառումները անասնաբույժի կողմից պետք է դիտարկել որպես ծառայություն, որը պետք է ներկայացվի ֆերմերին՝ տնտեսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մեր օրերում լավ անասնաբույժը ոչ թե պետք է բուժի հիվանդ կենդանուն, այլ կանխարգելի հիվանդությունները ու դրանց հետ կապված վնասները, ինչի  համար ֆերմերը վարձահատույց կլինի։

Շարունակելի…….

Հեղինակ՝ Տիգրան Գաբրիելյան