Թամազ Խաչատուրովը զբաղվում է խորհրդատվական աշխատանքով, ուղղորդելով անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև խոշոր թռչնաբուծական և խոզաբուծական ընկերություւներին կենդանիների պատշաճ սնուցման և վերջիններիս համար կերաբաժնի մշակման հարցում։
Երկար տարիներ աշխատել է գյուղատնտեսական կենդանիների կերեր և կերային հավելումներ արտադրող վրացական Նուտրիմաքս ընկերությունում որպես գյուղատնտեսական կենդանիների սնուցման հարցերով խորհրդատու, արտադրության ղեկավար։ Անմիջական մասնակցություն է ունեցել ներկայում շուկայում մեծ համբավունեցող պրեմիքսների և կերերի արտադրության և շուկայահանման գործում։
Հարցազրույց Թամազ Խաչատուրովի հետ
Ագրոմշակույթ-Դուք կենդանիների, հատկապես խոզերի կերակրման գործում մեծ փորձ ունեք Վրաստանում։ Իսկ ինչպիսի՞ն է, ըստ ձեզ, պատկերը Հայաստանում, որո՞նք են գլխավոր խնդիրները։
Թամազ Խաչատուրով- Հիմնախնդիրներից մեկն այն է, որ մեր ֆերմերներն աշխատում և ապրում են հին ավանդույթներով, այնպես, ինչպես իրենց հայրերը, պապերը։ Հիմա շատ գենետիկներ աշխատում են ցեղատեսակները գենետիկորեն կատարելագործելու հնարավորության վրա: Այս տեղեկատվությունը մեր ֆերմերների համար հասանելի չէ։ Մեծամասնությունը տեղեկացված չէ այն նորամուծությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում կերակրման բնագավառում՝ որոշ հավելանյութերի օգտագործման հետ կապված։ Կարևոր է նաև այն փաստը, որ ֆերմերները չեն հաշվարկում իրենց ծախսերն ու եկամուտները, չունեն գրանցամատյաններ նշված տեղեկատվությունը գրանցելու համար, իսկ այն, ինչ բառացի է ասվում, թյուր տեղեկատվություն է։ Այսինքն մեր ֆերմերներն ինֆորմացիա չունեն, ապրում և աշխատում են հին ձևերով, դժվարությամբ են ընդունում ներկայիս նորամուծությունները։
ԱՄ- Չեն կարողանում հաշվարկել, չեն ցանկանում երբեմն կարդալ։
Թամազ Խաչատուրով- Այո, կան նաև այնպիսիք, ովքեր անգամ կարդալ չգիտեն, սա արդեն մեծ խնդիր է։ Բայցևայնպես, մարդկանց հետ աշխատելիս կարևոր է նրանց ցույց տալ ամենը պրակտիկայում, կիրառման մեջ։ Երբ սեփական աչքով են տեսնում, համոզվում, արդեն համեմատում են, տեսնում, թե ինչով կերակրելիս ինչ արդյունքի են հասնում, արդեն սկսում են ընդունել նորամուծություններն ու ցանկություն հայտնում դրանք կիրառելու։ Սա է հիմնական սկզբունքը։
ԱՄ- Իսկ ինչպե՞ս է մսի որակը պայմանավորվում կերակրմամբ, որպեսզի հետագայում միսը ոչ միայն արդյունավետ արտադրվի, այլև թանկ վաճառվի։
ԹԽ- Շատ մեծ նշանակություն ունի, շատ։ Կերակրման մեջ կտրուկ աճը կենդանիների, օրինակ խոզերի շրջանում, ծնված օրվանից մինչև 6-րդ ամսվա ընթացքում է։ Շատ կարևոր է կերակրել այնպիսի մթերքներով, որոնք մսի վրա լավ կանդրադառնան։ Օրինակ, եթե կերակրում են արևածաղկի քուսպտով, եգիպտացորենով, ոսկրափոշով, ձկալյուրով, դա բացասաբար է անդրադառնում մսի որակի վրա։ Խոզերին կերակրելիս պետք է անպայման օգտագործել շատ ցորեն և գարի։ Վերջիններս լավ են անդրադառնում մսի որակի վրա, դարձնելով այն ամուր, հյութալի, բարելավվում է նաև ճարպի որակը, կազմությունն է ամրանում։
ԱՄ- Մեր շուկայում դեղամիջոցների, հակաբիոտիկների օգտագործման ի՞նչ խնդիրներ կան, ինչպե՞ս է սովորաբար այս ամենը կանոնակարգվում, ի՞նչ խնդիրներ կան ամենուրեք։
ԹԽ- Ես, օրինակ, տեսնում եմ, որ Հայաստանում ոչինչ չի կանոնակարգվում, ֆերմերները դեղերը տալիս են ինքնուրույն, անասնաբույժների խորհրդով։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, մեզ մոտ Վրաստանում ևս սկսել են այդ մասին մտահոգվել, քանի որ սա լուրջ խնդիր է հանդիսանում։ Հակաբիոտիկները մսի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ և դրա դեմ ինչ-որ ձևով պայքարել է պետք։ Պետք է անցնել այլ մեթոդների, որոնք կփոխարինեն այդ հակաբիոտիկներին։ Ներկայում բազմաթիվ հաստատություններ, գիտնականներ աշխատում են այս ուղղությամբ՝ հակաբիոտիկներից աստիճանաբար հրաժարվելու նպատակով։
ԱՄ- Վրաստանում ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։
ԹԽ- Հիմա Վրաստանում կենդանին սպանդի համար ընդունելի է համարվում միայն այն դեպքում, երբ սպանդին նախորդող առնվազն երկու շաբաթվանից մեկ ամսվա ընթացքում ոչ մի դեղ կամ հակաբիոտիկ չի կիրառվել կենդանու նկատմամբ։ Սա խստորեն հսկվում է։ Երկրորդ քայլը, որ ձեռնարկվեց մեզ մոտ՝ Վրաստանում այն է, որ շատ խանութներում, ռեստորաններում, սպանդանոցներում խոզի կամ կովի մսեղիք չի ընդունվում, եթե բացակայում են կենդանու մասին համապատասխան տվյալները՝ պատմությունը, ինչպես է մեծացել, ինչով է կերակրվել, ինչ դեղեր է ընդունել։ Նման գործընթաց մեզ մոտ արդեն սկսվել է։
ԱՄ- Միայն անձնագրի, պատվաստումների, պատճեների առկայության դեպքո՞ւմ ռեստորանը, խանութն իրավունք ունի ընդունել այդ միսը:
ԹԽ- Անպայման, անգամ կերերի վերաբերյալ տեղեկություններ են պահանջում, հարցնում են, ինչով են կերակրել, ինչպես է մեծացել։ Մենք այս ամենն ունենք, այստեղ դա չկա։
ԱՄ- Սկզբում նշեցիք, որ ֆերմերները չգիտեն հաշվել, չունեն գիտելիքներ, հմտություններ, իսկ ի՞նչ կասեք կենդանիների պահվածքի մասին, պահման պայմանների մասին, ի՞նչ է այստեղ կատարվում։
ԹԽ- Այստեղ ևս պետք է փոփոխություններ կատարել։ Օրինակ, եթե խոսում ենք խոզերի մասին, ապա հարկավոր է փոփոխություններ կատարել խոզերի պահման պայմաններում, և դա վերաբերվում է նույնիսկ ոչ այդքան խոշոր տնտեսություններին։ Այստեղ գտնում են, որ եթե խոզ են, ուրեմն կարող են կեղտի մեջ ապրել, կարելի է չկերակրել, ազատ բաց թողնել։ Այս ամենը սխալ է։ Կենդանիներին պետք է մաքուր պայմաններում պահել՝ ապահովելով օդափոխություն, համապատասխան լուսավորություն, խոնավություն, համապատասխան ջերմաստիճան։ Այս ամենին պետք է հետևել՝ հաջող բիզնես զարգացնելու համար։ Ինչպես մարդիկ են իրենց լավ զգում հարմարավետության մեջ, այդպես էլ կենդանիները պետք է իրենց լավ զգան և զերծ լինեն սթրեսից։ Իսկ այստեղ սովորական հաց են տալիս, պահում են օդափոխությունից զերծ կառույցում, շատ կենդանիներ հենց գետնին են ապրում, կերակրատաշտերը կեղտոտ են։ Այս ամենը պետք է արմատապես փոխել։ Գիտակցում եմ, որ բարդ է, բայց քայլ առ քայլ պետք է ֆերմերներին հասցնել այս ամենին։
ԱՄ- Իսկ ի՞նչ կասեք մայր խոզի հետ գոճիների պահման գործընթացի կազմակերպման մասին
ԹԽ- Այս գործընթացի մասին շատերի հետ եմ զրուցել։ Կա վայր, որտեղ խոզը ծնում է։ Հաճախ շատ ֆերմերներ գոճիներին պահում են խոզամոր հետ, ինչից հետո խոզամայրը դառնում է ոչ պիտանի։ Նրան պետք է կարգի բերել, լուծել նաև համապատասխան կերերով կերարկման հարցը։ Ես բացատրել եմ ֆերմերնեին այս ամենը, նշել եմ կրծքով կերակրման շրջանի կարևորությունը, խոզամայրի կերակրումը։ Գոճիներին ոչ մի դեպքում չի կարելի տեղափոխել այն վայրից, որտեղ խոզամայրը նրանց ծնել է և նրանք մեծացել են։ Երբ գոճիների առանձնացվում են խոզամորից, նրանք արդեն իսկ սթրես են ապրում, ինչին գումարվում է փափուկ կերերից չոր կերերի անցման սթրեսը։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս խոզամորը տեղափոխել 28, մաքսիմում 30 օրից։ Մեկ ամիս պետք է խոզամոր հետ պահվեն գոճիները, բայց անպայման պետք է սկսել ստարտերային կերերից, որպեսզի կամաց կամաց կաթից անցնեն ավելի պինդ կերերի։
ԱՄ- Փաստորեն կերակրումը, այնուհետև քաշի ավելացումն ու եկամուտի ստացումը պայմանավորված են հարմարավետությամբ։
ԹԽ- Իհարկե, կարևոր է, թե ինչպես են խոզամորը պահել, որքան կեր են տվել։ Ես կազմել եմ կերակրման գրաֆիկներ՝ ինչ հաճախականությամբ և որքան է հարկավոր կերակրել խոզամորը՝ հաշվի առնելով լակտացիան, միսը և այլն։ Մենք ունեն նման ինֆորմացիա, քանզի ամեն ինչ կախված է գենետիկայից, տեսակից, նաև այն փաստից, թե քանի գոճի է ունեցել խոզամայրը։ Օրինակ, այդ ամսվա ընթացքում նա ուտում է մոտավորապես 125-150 կգ կեր, սակայն դա լավ է անդրադառնում գոճիների հետագա զարգացման վրա։ Կենդանիներին պետք է վերաբերվել փոքր երեխաների պես։ Կրծքի երեխային հո միանգամից խորովածով չե՞ս մեծացնի, սկզբից կաթ, հետո շիլա, հետո ապուրներ, այսպես՝ քայլ առ քայլ։
Հարցազրույցը վարեց՝ Գագիկ Սարդարյանը