Շիրակի  մարզի Հայկավան գյուղում  երեք եղբայրների թիմային և քրտնաջան աշխատանքի շնորհիվ գործում է անասնապահական և կաթնարտ ադրականմթերատվական տնտեսություն։ Տարիների ընթացքում եղբայրները հասել են շոշափելի արդյունքների՝ ավելացնելով կենդանիների գլխաքանակը և մթերատվությունը, և բարելավել են կաթի որակը նորագույն մեթոդներով։

«Մեր հաջողության գրավականը նվիրված ու համախմբված աշխատանքն է։ Ոչինչ հեշտ չի տրվում, սակայն համոզված եմ, որ աշխատասեր և համագործակցող մարդը միշտ էլ կկարողանա իր տեղը գտնել այս կյանքում»,­ նշում է եղբայրներից ավագը։ 

Սամվել, Գագիկ և Արմեն Ոսկանյանները սկսել են անասնապահությամբ զբաղվել 15­20 տարի առաջ։ «Դեռևս մանկուց պապիս ու հայրիկիս հետ  զբաղվել ենք այդ գործով»,­ նշում է Սամվելը։ Ըստ նրա՝ տարիներ առաջ նրանք ունեցել են ընդամենը չորսից վեց կթու կով։ Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո եղբայրների համար անասնապահությունը դարձել է ապրուստի հիմնական միջոցը, և 1993­-94 թվականներից հետո նվիրվել են այդ գործին՝ տարիների ընթացքում ավելացնելով անասնագլխաքանակը։ Այժմ եղբայրների տնտեսությունն ունի 50 նորածին և կաթից կտրված հորթ, 90 գլուխ կթու կով և երինջներ։ Եղբայրների hաջողության գրավականը քրտնաջան աշխատանքն ու  նվիրվածությունն է։ Շեշտելով մշտապես կրթվելու և վարպետանալու կարևորությունը՝ միաժամանակ ափսոսանքով են նշում իրենց տնտեսության ուշացած մասնակցությունը տարբեր ուսումնական ու զարգացման ծրագրերին, ինչի շնորհիվ կարողացել են հասնել էական արդյունքների։ Տնտեսությունն անցյալում մեկ գլխից ունեցել է միջինը 1000-­1200լ տարեկան կաթնատվություն։ Կենդանիները պահվել են ավանդական եղանակներով։ Մինչդեռ ներկայում ճիշտ կառավարման, արհեստական սերմնավորման, ինչպես նաև սեմինար­դասընթացներին մասնակցության շնորհիվ կաթնատվությունը մի գլխից ավելացել է՝ հասնելով 2000­-2300լ։ «Առանձին կովերի մոտ կաթնատվությունը կարող է հասնել և գերազանցել 2500լ»,­ խանդավառությամբ նշում է Սամվելը։ «Մենք գիտակցում ենք, որ մեր հաջողությունների հիմքում ընկած են ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները, որոնք նպաստել են գործի ճիշտ կազմակերպմանը, արդի գործելակերպերի ու մոտեցումների կիրառմանը»։ «Սկսել ենք սերմնավորումից և մատղաշ հորթի ճիշտ  կերակրումից։ Պետք է լավ հորթ ունենաս, որ լավ կով ստանաս»,­ ասում է Սամվելը։

Եղբայրները  նորագույն տեխնոլոգիաներ կիրառելու շնորհիվ սկսել են բարձրարժեք կերեր արտադրել, մասնավորապես, սիլոս։ Ստացել են 40­-45 տոննա սիլոս, որով կենդանիներին կերակրելուց հետո ակնհայտ է եղել կաթի որակի բարելավումը։ Սերմնավորումը ևս դրական մեծ ազդեցություն է ունեցել տնտեսության զարգացման գործընթացում։ Սերմնավորման արդյունքում եղբայրները ստացել են Հոլշտեյն և Շվից տեսակի կովեր։ Նրանք մեծ ոգևորությամբ են նշում այդ ցեղատեսակների շնորհիվ ստացած կաթնատվության աճը և օգուտը։ Եղբայրները ստացել են օրական 20լ կաթ և ակնկալում են  նոր ստացված խառնածիններից ստանալ 2000լ կաթ 100 օրում։

Ապագա պլանների մասին խոսելիս Սամվելը նշում է, որ ոչինչ պատահական չի լինում։ Մի շարք առաջատար ամերիկյան ու եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու հանդիպումը սկիզբ է դրել զարգացմանը, ինչը ներառել է կերարտադրության, կերակրման, կթի և պահվածքի բարելավման հետ կապված մի շարք ծրագրեր։ Եղբայրները, սիլոսի արտադրությունից բացի, արտադրում են նաև նորագույն կերային խառնուրդներ, որոնք բալանսավորված կերաբաժին են ապահովում կենդանիների համար։Նման կերային մշակաբույսերի խառնուրդներն իրենց մեջ ներառում են շյուղախոտ, մարգագետնային սիզախոտ, արոտային ռայգրաս, հավաքված ոզնախոտ, սպիտակ և վարդագույն երեքնուկ։ Նրանք ստացել են 7­8 տոննա մշակաբույս մի հեկտարից, ինչը և բարձր կաթնատվության գրավականներից մեկն է հանդիսանում։

2015 թվականին ՄԱԿ­ը հայտարարել է կաթի վերամշակման դրամաշնորհների մրցույթ: Եղբայրները մասնակցել են մրցույթին և շահել, ինչի շնորհիվ պետք է կառուցեն նոր արտադրամաս իրենց տնտեսության համար։

Վերջինս կարևոր դեր կունենա  տնտեսության հետագա զարգացման և կաթի բարելավման գործում։ Ավելին, այն խթան կհանդիսանա դրանց հետագա զարգացման և բարելավման գործում։ Արտադրամասը նոր հնարավորություններ կստեղծի, մասնավորապես, կկրճատի հեռավորությունը գոմի և արտադրամասի միջև, ինչպես նաև կնվազեցնի որակով կաթ ստանալու հետ կապված ռիսկերը։ Առաջին արտադրանքն ակնկալում են ստանալ սույն թվականի հուլիսի 15­ին՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և ապահովելով նոր արտադրամասի գործունեությունը։ «Ապագայում ընդարձակվելու մտադրություն ունենք. գործը նախաձեռնել ենք և պետք է շարունակենք»,խոսում է Սամվելն ապագա պլանների մասին։ Նրանք ցանկանում են  մեկ կովի կաթնատվությունը հասցնել 3500լ և գերազանցել այդ ցուցանիշը: Այս պահին եղբայրների համար կարևորը սանիտարապես մաքուր գործընթացի կազմակերպումն է՝ անարատ կաթ ստանալու նպատակով, ինչն ընդարձակվելու և զարգանալու խթան կհանդիսանա։ Ըստ  եղբայրների՝ բարձրորակ կաթ ստանալու նախապայմանը մաքուր հումքն ու  կովերի յուրահատուկ խնամքն է։ Հողի մշակման ընթացքում  չեն օգտագործվում  քիմիական պարարտանյութեր. հողը պարարտացվում է միայն գոմաղբով։

«Մտադրվել ենք 2025 թվականին ունենալ բավականին լուրջ բիզնես, մոտավորապես 6, 7, մինչև 10 տոննա օրական  արտադրությամբ»,­ ասում է Սամվելը։ Ոսկանյան եղբայրներն իրենց օրինակով մեկ անգամ ևս ապացուցում են, որ քրտնաջան աշխատանքն ու համերաշխությունը  կարող են լուրջ հաջողությունների հիմք հանդիսանալ։

 

Հեղինակ՝ Սերյոժա Սարգսյան