Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ձգտում է ապահովել իր բնակչության բարեկեցությունը, սննդամթերքի արտադրությունը դարձնել տնտեսության կենսունակ և բարգավաճ հատված, հասկանալով այն պարզ ճշմարտությունը, որ սննդամթերքը հանդիսանում է մարդու առաջին անհրաժեշտ պահանջմունքը: Ազգի առողջությունը և նրա մտավոր ուժը կախված է նաև նրա կողմից սպառվող սննդամթերքի քանակից և որակից:
Առողջ ազգ ունենալու կարևոր նախապայմաններից մեկը բարձրորակ սնունդն է, որը սոցիալական բազում խնդիրներ ունեցող մեր հասարակության համար հաճախ հետին պլան է մղվում: Շատերի համար առաջնային է սննդի ոչ թե անվտանգ, այլ էժան լինելը: Սակայն եթե հասարակությունը միշտ չէ, որ մտահոգ է սեփական առողջությամբ և սննդի անվտանգության խնդիրներով, ապա պետությունը պարտավոր է մտածել այդ մասին` հսկողություն սահմանելով երկրում արտադրվող, վաճառվող, ինչպես նաև ներմուծվող ու արտահանվող սննդամթերքի նկատմամբ: Բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը համարվում է մեր երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այս մոտեցումն է ամրագրված «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Ներքին սպառման համար անվտանգ և ապահով սննդամթերքի արտադրությունը կամ արտահանումը հիմնված է սննդամթերքի վերաբերյալ միանման քաղաքականության և ընթացակարգերի վրա, որոնց ներդրումը պետք է գտնվի պետական մարմինների հետևողական հսկողության տակ և հավասարապես տարածվի բոլորի վրա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը դեռևս լիարժեք չի երաշխավորում բնակչության առողջության համար սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը, և այդ առումով առկա են մի շարք լուծում պահանջող հիմնահարցեր՝ արդիական է դառնում երկրում միջազգային չափանիշներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի ներդրման պահանջը:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման համար կարևոր նախապայմանը սպառողների առողջության համար սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանության նպատակով սննդի շղթան` արտադրությունից մինչև սպառում, որպես մեկ միասնական ամբողջություն դիտարկելն է («ֆերմայից մինչև պատառաքաղ» կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքի կիրառումն է): Այս նախապայմանի ապահովման համար մի շարք երկրներ արտադրությունից մինչև վերջնական սպառումը սննդի շղթայի բոլոր փուլերում բուսական և կենդանական ծագման սննդամթերքի անվտանգությանն առնչվող գործառույթները կենտրոնացրել են մեկ կառույցում, ինչը բացառել է այդ գործառույթների կրկնորդումը այլ կառույցների կողմից, ինչպես նաև նպաստել է դրանց առավել արդյունավետ իրականացմանը:
Ի պատասխան նշված պահանջի, 2010 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում կառավարությանն առընթեր կառույցի հիմնադրման վերաբերյալ, որը կզբաղվի սննդի անվտանգության խնդիրներով: Նշանակվեց մեկ պետական մարմին, որը պատասխանատու է լինելու սննդի անվտանգության բոլոր փուլերի համար:
Ապրանքների կամ սննդամթերքի վաճառքի համար անհրաժեշտ է դրանց համապատասխանությունը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Codex Alimentariusի և այլ ընդունված ստանդարտներին: Codex Alimentariusը սննդային միջազգային կանոնների ժողովածու է, որն ընդունված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և ՄԱԿի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից (FAO): Այն ընդգրկում է բոլոր տեսակի սննդամթերքները՝ ինչպես մշակված, այնպես էլ կիսաֆաբրիկատ: Ավելի քան 180 երկրների ներկայացուցիչներ, ներգրավվելով տարբեր կոմիտեներում, մշակում են ստանդարտներ սննդամթերքների այս կամ այն ոլորտի համար: Այսինքն, Codex Alimentariusը միջազգային երկխոսության գործիք է, որի հիմնական նպատակը անվտանգ սննդի ապահովումն է:
Միջազգային պահանջներին համապատասխանելու մարտահրավերներին արձագանքելու և սննդի անվտանգության ոլորտում վերջին զարգացումների հետ համընթաց քայլելու համար, 2011 թվականին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց սննդի անվտանգության ընդհանուր քաղաքականության մշակում և իրականացում: Սննդի անվտանգության ապահովումը բարեփոխումների և զարգացման շրջանակներում գերակա բաղադրիչներից մեկն է հանդիսանում, որն ապահովելու է Հայաստանի սննդի շղթայի անվտանգությունը՝ միաժամանակ դռներ բացելով դեպի միջազգային շուկաներ: Այլապես մեր շարունակական կախվածությունը ռուսական շուկայից ու ռուսական «Ռուսսելխոզնադզորի» ժամանակավոր սահմանափակումներից չի խթանի ոլորտի զարգացմանը։
Սննդի անվտանգության համակարգերի մեջ կատարվող նեդրումներն ավելացնում են սննդամթերքների արժեքը, պաշտպանում են սպառողներին, ավելացնում են վստահությունը պետական կանոնակարգող գործակալությունների նկատմամբ՝ հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանային և միջազգային մակարդակով առևտրի համար: Երկրում սննդի անվտանգության արդյունավետ համակարգի հիմնադրումը պահանջում է մի շարք հիմնարար բաղադրիչներ: Վերջիններս ներառում են ֆունկցիոնալ և արդյունավետ սննդի անվտանգության քաղաքականություն, կանոնակարգեր, արդյունավետ ներդրման սխեմա և տեխնիկական կարողություններ սննդի սեկտորում, ներառյալ կանոնակարգող մարմիններն ու սննդի վերամշակման և շուկայահանման սեկտորները: Սննդի անվտանգության համակարգերի ներդրման տեխնիկական կարողություններն, ինչպես նաև ընդունելի և գիտության վրա հիմնված կանոնակարգող դաշտի առկայությունը նպաստում են ամբողջական կարողություններով համալրված ներմուծման/արտահանման արդյունաբերության զարգացմանը, որը պաշտպանում է սպառողներին և շարունակում է մնալ ֆինանսապես կենսունակ:
Նման միջազգայնորեն ճանաչված սննդի անվտանգության համակարգերից մեկը Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգն է (ՎՎՀԿԿ կամ HACCP), որը ներմուծվում է որպես սննդի հետ կապված վտանգների վերահսկման միջոց: Վերջինիս մեծ կարևորություն է տրվում ազգային և միջազգային մակարդակներում: Հայաստանի սննդի անվտանգության ոլորտի իրավական դաշտի ներդաշնակեցումը ԵՄ կանոնակարգերի հետ հանդիսանում է երկրում ՎՎՀԿԿ ներդրման հիմնական շարժիչ ուժը: 2006թ. հունվարի 1ից ի վեր No 852/2004 ԵՄ Կանոնակարգով պահանջվում է ՎՎՀԿԿ վրա հիմնված սննդի անվտանգության կառավարման համակարգերի պարտադիր ներդրումը ԵՄի շրջանակներում գործող, ինչպես նաև ԵՄ արտահանող բոլոր սննդամթերքների և կերերի օպերատորների կողմից: Նշված պահանջին համապատասխանելու և, առավել ևս, երկրում առկա հանրային առողջապահական խնդիրները վերահսկելու նպատակով ՀՀ կառավարությունը 2006թ. նոյեմբերի 27ին ընդունեց Սննդի անվտանգության մասին օրենքը (վերանայվել է 2012թ. փետրվարի 7ին), իսկ 2007թ. մայիսի 3ին՝ No 531N որոշումը, որը պահանջում է ՎՎՀԿԿ պարտադիր ներդրումը սննդամթերքի ոլորտի օպերատորների կողմից՝ տրամադրելով որոշակի ժամանակ 2010 թվականից 2015 թվականների ընթացքում կոնկրետ սննդատեսակների համար (ձուկ, կաթնամթերք, թռչնամիս, պահածոյացված մթերքներ, մանկական կերեր, սննդի սպասարկում և այլն): Սննդի սպասարկման ոլորտի բոլոր հաստատությունների համար, օրինակ, ՎՎՀԿԿ համակարգի հաստատումն ու ներդրումը պարտադիր էր մինչ 2015 թվականը: Այնուամենայնիվ, սննդի անվտանգության մի շարք խնդիրներով պայմանավորված, սննդի սպասարկման ոլորտի հաստատություններից ընդամենը մի քանիսին է հաջողվել բարեհաջող կերպով իրականացնել այդ նախաձեռնությունը:
Որո՞նք են այդ խնդիրները
Հիմնական համալիր խնդիրներից մեկը համարվում է կապի բացակայությունը կառավարության, ԲՈՒՀերի, սննդի ոլորտում ներգրավված մասնավոր ձեռնարկությունների և սպառողների միջև: Բնականաբար, միասնական, համապարփակ քաղաքականության մշակումը կլինի առաջին քայլը սննդամթերքի արդյունավետ հսկողության համա կարգի ստեղծման գործում:
Ինչպես սննդամթերք արտադրողների, այնպես էլ սպառողների կողմից առկա է իրազեկվածության պակաս՝ կապված միջազգային չափանիշների և մոտեցումների հետ: Հայաստանում սպառողներն իրազեկված են սննդամթերքի անվտանգության միայն մի քանի գաղափարների կամ կանոնների շուրջ: Սպառողներից շատերը ծանոթ են միայն այնպիսի գաղափարի հետ, ինչպիսին է սննդամթերքի անվտանգությունը կամ սննդամթերքի որակը, սակայն քչերն են ունակ նկարագրելու այդ երկու գաղափարների տարբերությունը:
Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ չկա սպառողի կողմից ավելի անվտանգ սննդամթերքի օգտագործման պահանջ, չկան բավարար ֆինանսական միջոցներ ՎՎՀԿԿ համակարգի ներդրման համար, խնդիրներ են առաջանում հումքի ձեռքբերման հարցում, և, ընդհանրապես, բավական դժվար է փոփոխել արտադրական կուլտուրան:
Առկա են բացեր Հայաստանում գործող օրենսդրական դաշտում՝ համապատասխան միջազգայնորեն գործող չափանիշների և կանոնների հետ ներդաշնակեցման գործընթացի առնչությամբ:
Ապրանքների համապատասխանելիության և հսկողության ապահովման համար կիրառվող ջանքերը կրում են անհետևողական և քաոսային բնույթ: Շատ անգամ տեղական արտադրողները կամ արտասահմանից ներկրողները հանդիպում են այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են սննդամթերքի անվտանգությանը վերաբերող օրենքների, կանոնների և քաղաքականության սխալ մեկնաբանումը և կիրառումը: Պետական գերատեսչությունների աշխատողները, որոնք իրականացնում են հսկողություն սննդամթերքի նկատմամբ, շատ հաճախ ունեն միայն սննդամթերքի անվտանգության մշտադիտարկման և հսկողության վերաբերյալ տեսական գիտելիքներ և ունակություն:
Մի կողմից, տարեկան ստուգումների արդյունքում տույժեր ու տուգանքներ են կիրառվում փոքրաթիվ մանր ու միջին վերամշակողների վրա, որոնք գրանցված ու լիցենզավորված գործունեություն են վարում։ Մյուս կողմից, հազարավոր գյուղացիական տնտեսություններ կաթ են վերամշակում գոմային պայմաններում ու արտադրված պանիրը վաճառում փողոցներում ու չվերահսկվող տարածքներում՝ ստեղծելով վարակի տարածման վտանգ և անհավասար մրցակցային պայմաններ։ Այս պայմաններում ներդրումներ անելը վերամշակման տեխնոլոգիաների արդիականացման ու սննդամթերքի որակի բարձրացման վրա դառնում է անիմաստ։
Ի՞նչ իմաստ ունի ներդրում անել սպանդանոցի մեջ, կամ պանրի, չրի արտադրամասի ստեղծման մեջ, եթե կենդանիների բակային մորթը կամ գոմային պայմաններում պանրի պատրաստումը դարձել է սովորական երևույթ։
Ֆինանսավորման պակասը (կառավարության և արդյունաբերական վերամշակող գործարանների մակարդակում) կարևոր սահմանափակող գործոններից մեկն է հանդիսանում: Ծրագրերը պետք է կենտրոնանան տնտեսապես ձեռնտու ռազմավարությունների վրա: Առկա ֆինանսները և ռեսուրսները պետք է ուղղված լինեն անմիջապես սննդամթերքի անվտանգությանը վերաբերող խնդիրների լուծմանը տեղական շուկայում և բավարարեն արտահանվող ապրանքների հանդեպ ներկայացվող պահանջները՝ միջազգային նորմերի համաձայն:
Անվտանգ սննդամթերքի վերաբերյալ քաղաքականության բացակայությունից զատ, ագրոբիզնեսը հանդիպում է այնպիսի տեխնիկական խնդիրների, ինչպիսիք են շենքերի և սարքավորումների մաշվածությունը, լաբորատոր հնարավորությունների սահմանափակումները, արտադրությունում պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը, ինչպես նաև խափանվող ջրամատակարարումը:
Արդի խնդիրներից են համարվում սնուցման հարցերը: Համաձայն վերջին հետազոտություններից մեկի, որն իրականացվել է Lancet Global Health ամսագրի միջոցով, հրապարակվել է 19902010 թվականների ընթացքում ամբողջ աշխարհում առողջ սննդակարգ օգտագործող երկրների ցանկը, և Հայաստանը գբաղեցրել է վերջին տեղը:
Վերջապես, անհրաժեշտություն կա մշակելու համակարգ, որի միջոցով հնարավորություն կընձեռնվի փոխանցել գիտականորեն հիմնավորված տեղեկատվությունը արդյունաբերական վերամշակող գործարաններին և ոլորտը կարգավորող ու հսկող մարմիններին, որպեսզի նրանք կարողանան օգտագործել այդ տեղեկատվությունն անվտանգ սնունդ արտադրելու նպատակով:
Ի՞նչ կտա մեզ ՎՎՀԿԿ համակարգի ներդրումը
ՎՎՀԿԿ համակարգի ներդրումը մեր հանրապետությունում հույժ կարևոր է դառնում նամանավանդ այն պարագայում, երբ հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում տարբեր վարակիչ հիվանդությունների բռնկումներ, որտեղ սննդի դերը վարակի փոխանցման գործում բավականին մեծ է:
ՎՎՀԿԿ հիմքում ընկած են համակարգային մոտեցումներ, որոնք ենթադրում են §ներթափանցող» հսկողություն արտադրանքի թողարկման նկատմամբ: Այսինքն պարտադիր կերպով հսկվում է ոչ միայն պատրաստի արտադրանքը, որը մատակարարվում է սպառողին, այլ նաև հումքը և տեխնոլոգիական գործընթացի բոլոր փուլերը: Այսպիսի մոտեցման պարագայում հնարավորություն է ընձեռվում վաղաժամ հայտնաբերել և չեզոքացնել յուրաքանչյուր վտանգավոր գործոն, որը կարող է բացասաբար անդրադառնալ սպառողի առողջության վրա: Հատկանշական է, որ այս դեպքում անհրաժեշտություն չի առաջանում կանգնեցնելու կամ վերափոխելու արտադրական գործընթացը, և հնարավորություն է առաջանում բավականին արագ և արդյունավետ արձագանքել բոլոր տեսակի շեղումներին, որոնք կարող են առաջանալ տեխնոլոգիական գործընթացի ժամանակ: Այստեղ կարևորվում է նաև այն փաստը, որ հայաստանյան պայմաններում կբարձրանան նաև արտադրողի կողմից ներկայացվող պահանջները հումք մատակարարողի նկատմամբ: Պետք է նշել, որ նման պայմաններում արտադրողի կողմից կնվազեն ծախսերը՝ շնորհիվ խոտանված ապրանքի պակասեցման, ինչպես նաև կնվազի սպառողների կողմից բողոքների, պահանջների և հայցերի քանակը, ինչն իր հերթին կբարձրացնի արտադրողի հեղինակությունը շուկայում և սպառողների շրջանում:
Գործող ՎՎՀԿԿ համակարգի ներքո հնարավորություն է ընձեռվում ապահովել յուրաքանչյուր ապրանքատեսակի հետկանչը շուկայից որևէ վտանգավոր գործոնի հայտնաբերման պարագայում: Նման գործընթացի կազմակերպումը նույնպես խնդրահարույց է մեր հանրապետությունում:
Վերջապես, քանի որ ՎՎՀԿԿ շատ փուլեր գիտականորեն հիմնավորված են, և հսկման ամբողջ գործընթացի հիմքում ընկած է գիտական առաջընթացը, ապա լինի դա գործարանի անձնակազմը, թե սպառողների լայն զանգվածը, այն նպաստում է իրազեկվածության բարձրացմանը նրանց շրջանում և նորագույն գիտատեխնիկական առաջընթացների լուսաբանմանը:
Բնականաբար, ՎՎՀԿԿ ներդրման արդյունավետ կիրառման պարագայում մեր երկրում շատ արտադրողներ և վերամշակողներ պետք է վերանայեն իրենց գործունեությունը՝ կապված միջազգային չափանիշներին անհամապատասխանության հետ և լրացուցիչ ներդրումներ անեն: Սակայն պետք է գիտակցել, որ որակյալ ու անվտանգ սնունդ ունենալու պարագայում, հնարավոր է նման իրավիճակների ստեղծումը:
Հայաստանում շատ սննդամթերք արտադրողներ և վերամշակողներ պլանավորում են արտահանել իրենց արտադրանքը միջազգային շուկա: Բնականաբար, այստեղ կարևորվում է միջազգային կանոնների կիրառումը, ինչը կնպաստի ավելի անվտանգ սննդամթերքի մատակարարմանը թե՛ միջազգային, թե՛ տեղական շուկա: Նման գործընթացը կբարձրացնի ագրոբիզնեսում սնունդ արտադրող գործարանների մրցունակությունը, նման պայմաններում հնարավորություն կընձեռնվի պահպանել սպառողների իրավունքները և կառաջանա վստահություն սննդամթերքի անփոփոխ որակի նկատմամբ:
Ի՞նչ ենք առաջարկում՝
Ամրապնդել կանոնակարգող մարմինների դերը սննդարդյունաբերության ոլորտում, ինչն անհրաժեշտ է անվտանգ սննդամթերքի արտադրման կանոնները յուրացնելու, գիտակցելու և իրականացնելու, սանիտարական կանոնների պահպանման, ինչպես նաև հսկողական միջոցառումների իրականացման համար:
Շարունակել օրենսդրական դաշտի համապատասխանեցումը միջազգային նորմերին և կանոններին: Անհրաժեշտ է մշակել առանձին կանոններ և չափանիշներ արդյունաբերական համապատասխան հատվածների համար, ինչպես նաև հրավիրել միջազգային կամ տեղական փորձագետների՝ նշված գործընթացը կազմակերպելու համար:
Մշակել արդյունավետ մեխանիզմներ սննդամթերքի անվտանգության քաղաքականության իրականացման համար՝ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և սնունդ արտադրողների կողմից սպառողամետ քաղաքականություն իրականացնելու միջոցով:
Բարձրացնել սպառողների կողմից պատասխանատվության գիտակցումը՝ սննդի անվտանգության և առողջության վրա վերջինիս ազդեցության տեսանկյունից:
Պետք է շարունակել կարգավորող և վերահսկող մարմինների շարունակական կրթությունը, ինչն անհրաժեշտ է անվտանգ սննդամթերքի կանոնների պահպանման և մշտադիտարկման համար:
Ստեղծել տվյալների միասնական բազա, ինչը կնպաստի տեղեկատվության փոխանակմանը բոլոր շահառուների միջև:
Իրականացնել բարեփոխումներ կրթական համակարգում և ապահովել ԲՈՒՀերի կողմից բարձրորակ և վերապատրաստված կադրերի թողարկումը արդյունաբերական տարբեր ոլորտների համար:
Ուսուցման համակարգը և սպառողների սննդամթերքի անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը պետք է իրականացնել համատեղ՝ ներգրավելով բոլոր պետական կառույցները, ԲՈՒՀերը, մասնավոր հատվածը, զանգվածային լրատվության միջոցները, որոնք շահագրգռված են անվտանգ սննդամթերքի ապահովման մեջ:
Անհրաժեշտ են միջոցառումներ, որոնք միտված կլինեն արտադրական տարածքներում սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը, տեխնիկական անվտանգության ապահովմանն ու արտահանման չափանիշներին համապատասխանեցմանը:
Շարունակել պարբերական վերահսկողական միջոցառումների իրականացումը վերահսկող մարմինների կողմից՝ փորձելով կիրառել սննդարդյունաբերությանը սատարող և աջակցող մոտեցում, որն իր մեջ ներառում է շեղումների հայտնաբերումը, ուղղիչ գործողությունների առաջարկումը և վերջիններիս իրականացման վերահսկումն ու անհրաժեշտության դեպքում աջակցությունը և պատժամիջոցների կիրառումը որպես առավել ծայրահեղ միջոց:
Այս սցենարի զարգացումը կնպաստի տեղական արտադրանքի հեղինակության բարձրացմանը միջազգային շուկայում, ինչն իր հերթին կխթանի տնտեսության և գյուղատնտեսության կայունությունն ու զարգացումը՝ բերելով կյանքի որակի և ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:
Հեղինակ՝ Արման Բադալյան,
Մարդկանց առողջության և սննդի անվտանգության ոլորտի փորձագետ,
Քնարիկ Սերոբյան,
Սննդի անվտանգության հարցերով իրազեկման մասնագետ, CARD հիմնադրամ