Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում կլիմայի փոփոխության, երաշտի, հողերի դեգրադացիայի, հողատարման և հողերի անխնա օգտագործման հետևանքով առաջացել է հողային միկրոֆլորայի, լանդշաֆտի, կլիմայի և ջրի որակի պաշտպանության խնդիր: Այս առումով արդի երկրագործության վարման առաջնային նպատակներից է վարելահողերի բերրիության պահպանումը և հետագա բարելավումը, ինչն իր հերթին առաջ է բերում երկրագործության նոր՝ ռեսուրսախնայողական համակարգերի, հողի նվազագույն և զրոյական մշակությունների տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը:
2015 թվականի սեպտեմբերի 10-ին Տաշիրում կայացավ աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում ռեսուրսախնայողական գյուղատնտեսության և անվար երկրագործության կիրառման հեռանկարներին, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի մշակման առաջավոր փորձին: Աշխատաժողովը կազմակերպվել էր CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Կայուն գյուղատնտեսության արժեշղթայի զարգացում» ծրագրերի շրջանակներում՝ համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման» (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագրի, ինչպես նաև ամերիկյան «Ջոն Դիր» ընկերության հետ։
Միջոցառումն իրականացվում էր Տաշիրի տարածաշրջանում՝ հացահատիկի արտադրությամբ զբաղվող «Բոզոյան ՍՊԸ» կազմակերպության կողմից մշակվող հացահատիկի դաշտերում։ «Բոզոյան ՍՊԸ»-ն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2011 թվականից։ Այսօր ընկերությունն ունի 1700 հա ցորենի ցանքեր։
Աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան ՊԳԿ ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանը, ՊԳԿ գյուղատնտեսության գծով փորձագետ Արմեն Զաքարյանը և «Ջոն Դիր» ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչ Վահան Ղազարյանը։ «Ըստ կանխատեսումների՝ սպասվում է, որ աշխարհի բնակչության թիվն աճելով 2050 թվականին կհասնի 9 միլիարդի (ներկայում այն 6 մլրդ է): Բնականաբար, առաջանում է մարդկանց կերակրելու խնդիր, որի լուծման նպատակով շատ երկրներ հողի մշակության ավանդական եղանակից անցնում են ռեսուրսախնայողականին՝ կիրառելով անվար տեխնոլոգիան»,- նշեց Վահան Ամիրխանյանը:
Արմեն Զաքարյանը, իր զեկույցում անդրադառնալով ռեսուրսախնա գյուղատնտեսության սկզբունքներին, նշեց. «Ռեսուրսախնա գյուղատնտեսության 3 հիմնական սկզբունքներն են հողի զրոյական կամ նվազագույն մշակումը, ամբողջ վեգետացիայի ընթացքում բուսածածկի ապահովումը (հողի նվազագույնը 30%-ը պետք է ծածկված լինի մշակվող մշակաբույսերով կամ դրանց մնացորդներով․ խոսքը վերաբերում է մուլչի կիրառմանը), ինչպես նաև ցանքաշրջանառության իրականացումը՝ նվազագույնը 3 տարբեր մշակաբույսերի կիրառմամբ: Ցանկալի է կիրառել 1 թիթեռնածաղկավոր մշակաբույս»:
CARD հիմնադրամի և «Բոզոյան ՍՊԸ»-ի համատեղ իրականացրած փորձարկումների արդյունքում պարզվել է, որ Ավստրիայից ներկրված հացահատիկի նոր տեսակները (Tacitus, Angelus, Amikus, Fidelius) առավել արդյունավետ են ցանքի անվար տեխնոլոգիա կիրառելու դեպքում, ինչի շնորհիվ ստացվել է միջինից բարձր բերքատվություն։ 2015 թվականին նշված տեսակներից մեկ հեկտարի հաշվով միջին բերքատվությունը կազմել է 5700 կգ՝ Tacitus, 5900 կգ՝ Angelus, 5000 կգ՝ Amikus և 4800 կգ՝ Fidelius։
Աշխատաժողովի վերջում, «Ջոն Դիր» ընկերության՝ CARD հիմնադրամի կողմից հրավիրված ռուսաստանյան ներկայացուցիչ Վահան Ղազարյանը և ամերիկյան ներկայացուցիչ Իսսա Էլկասը ներկայացրին ռեսուրսախնայողական գյուղատնտեսության կիրառման միջազգային փորձը, ինչպես նաև անվար երկրագործության ժամանակ կիրառվող ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան Վահան Ղազարյանի ուղեկցությամբ և ներկայացմամբ տեսնելու և ծանոթանալու «Ջոն Դիր» սարքավորումների աշխատանքային և տեխնիկական առանձնահատկություններին՝ այցելելով «Բոզոյան» ՍՊԸ-ին պատկանող մեքենասարքավորումների հենակայան։
Նշենք, որ ԱՄՆ-ում անվար եղանակով մշակվում է 35 մլն. 613 000 հա, Արգենտինայում՝ 29 մլն. 181 000 հա, Բրազիլիայում՝ 31 մլն 811 000 հա, Կանադայում՝18 մլն. 313 000 հա,6 Ռուսաստանում՝ 4 մլն. 500 000 հա հողատարածք: Աշխարհում այդ եղանակով ցանվում է ավելի քան 156 մլն. 991 000 հա հողատարածք: Հայաստանում անվար մշակության ցանքատարածքները կազմում են 1700 հա: Ներկայացված տվյալները վկայում են այն մասին, որ ռեսուրսախնա գյուղատնտեսության հիմքում ընկած է պարենային անվտանգության ապահովումը: