Բրուցելոզ հիվանդությունը գոյություն է ունեցել դեռևս վաղ ժամանակներից ի վեր, սակայն որոշ երկրներում հաջողվել է վերացնել այն: Բրուցելոզի հարուցիչը Բրուցելլա (Brucella) տեսակի բակտերիան է, որով կարող են ախտահարվել թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները: Խոշոր և մանր եղջերավոր կենդանիները, ինչպես նաև մարդիկ, սովորաբար վարակվում են Բրուցելլայի տարբեր տեսակներով: Կենդանիների՝ բրուցելոզով հիվանդանալու պատճառով անասնատերերը սովորաբար մեծ ֆինանսական վնասներ են կրում: Մարդկանց համար ևս բրուցելոզ հիվանդությունը լուրջ վտանգ է ներկայացնում։

Ինչպե՞ս է բրուցելոզն արտահայտվում կենդանիների շրջանում

Բրուցելոզը առանձնահատուկ նշաններով չի դրսևորվում, այսինքն` այլ հիվանդության հարուցիչներ ևս կարող են նույնատիպ նշաններ առաջացնել: Այդ է պատճառը, որ բրուցելոզի ախտորոշման հարցում խիստ կարևոր է անասնաբույժների կողմից կատարվող հետազոտությունը: Էգ կենդանու վիժումը կամ պտղի մահացությունը վկայում է բրուցելոզի հավանական առկայության մասին: Խոշոր եղջերավոր կենդանիները առավել հաճախ վիժում են հղիության 5­7­րդ ամիսներին, իսկ մանր եղջերավորները՝ հղիության 4­րդ ամսվա ընթացքում: Հիվանդության մեկ այլ նշան է ողջ, սակայն թույլ ծնված կենդանին: Հաճախ չափահաս էգ կենդանիները բրուցելոզի պատճառով տեղի ունեցած առաջին վիժումից հետո ուենում են նորմալ հղիություն, սակայն մարդկանց և մյուս կենդանիների համար շարունակում են մնալ վարակիչ (հարուցիչ արտազատող): Նկատվող մյուս ախտանիշներից են կաթնատվության նվազումը և անպտղությունը: Հաշվարկները ցույց են տվել, որ բրուցելոզի հետևանքով կենդանու կաթնատվությունը 20%­ով նվազում է: Արու կենդանիները բրուցելոզի պատճառով կարող են ձեռք բերել ամորձիների աբսես և ամլություն:

Թե՛ էգ, թե՛ արու կենդանիները երկարատև վարակի դեպքում կարող են ունենալ հոդաբորբ (արտրիտ): Բրուցելոզը հազվադեպ է մահացության պատճառ դառնում. բացառություն են պտղի և նորածինների դեպքերը: Արտաքին կլինիկական նշանների բացակայության պատճառով հաճախ հնարավոր է, որ ոչ հղի կենդանիների մոտ բրուցելոզ չախտորոշվի: Բրուցելոզը սովորաբար շատ արագ տարածվում է չպատվաստված նախիրներում, որոնցում վարակի հետ շփումը նոր է տեղի ունեցել`հանդիսանալով մեծաքանակ վիժումների պատճառ: Իսկ այն նախիրներում, որոնցում հիվանդությունն արդեն առկա է, կարող են հատուկենտ վիժումներ տեղի ունենալ:

Կենդանու՝բրուցելոզով վարակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ առողջ կենդանին մեկ այլ՝ հիվանդ կենդանու ծնի ընթացքում  հոտոտում կամ լիզում է դրա վիժած պտուղը կամ ընկերքը, կամ երբ առողջ կենդանին արածում է վարակված արոտավայրերում: Ծնի կամ վիժման ժամանակ երինջների սեռական ուղիներից արտազատվում են վարակիչ հեղուկներ, որոնցով էլ կարող են վարակվել նրանց հետ շփում ունեցող մյուս կենդանիները: Վիժած պտղի հյուսվածքներում մեծ քանակությամբ բակտերիաներ են կուտակվում։ Կենդանիները սովորաբար վարակվում են նաև վիժած պտղի հյուսվածքների միջոցով։ Վարակված կենդանիների օրգանիզմից երկար ժամանակ (երբեմն նույնիսկ նրանց կյանքի ողջ ընթացքում) այդ բակտերիաները կարող են պարբերաբար արտազատվել կաթի միջոցով: Վարակը կարող է նաև պտղին փոխանցվել վարակված մորից:

Բրուցելոզի հարուցիչ մանրէները սովորաբար շատ արագ ոչնչանում են արևի ուղիղ ճառագայթներից, սակայն սառը և խոնավ միջավայրում (օրինակ՝ խոնավ, թաց անասնաշենքում) դրանք կարող են երկար ժամանակ  գոյատևել գոմաղբի մեջ, վիժած պտղի կամ ծնի ժամանակ արտազատված հյուսվածքներում, ծղոտի կամ որպես ցամքար օգտագործվող այլ նյութերի մեջ: Մանրէներն ավելի երկար են ապրում ցածր ջերմաստիճանի պայմաններում, հատկապես, երբ ջերմաստիճանը զրոյից ցածր է, և օրգանիզմը պաշտպանված է արևի ուղիղ ճառագայթներից:

Ինչպե՞ս է բրուցելոզն արտահայտվում մարդկանց մոտ

Մարդիկ բրուցելոզով կարող են վարակվել երկու հիմնական եղանակով՝ վարակված կենդանիների՝ մասնավորապես պտղի և նորածին կենդանիների, ինչպես նաև դրանց ծնի ժամանակ արտազատված նյութերի հետ շփվելիս, կամ չպաստերիզացված կաթնամթերք, օրինակ՝ կաթ կամ պանիր օգտագործելով: Վարակը հազվադեպ է փոխանցվում վարակված կենդանու միսը ուտելու միջոցով, քանի որ մարնէները այդ հյուսվածքներում չեն կուտակվում, և եփման պայմաններում հյուսվածքներում առկա հավանական միկրոօրգանիզմները ոչնչանում են: Այնուամենայնիվ, վարակակիր կենդանիների սպանդի ընթացքում անհրաժեշտ է զգուշություն դրսևորել՝ մարդկանց շփումը տավարի վարակիչ հյուսվածքների հետ կանխելու համար: Խորհուրդ է տրվում վարակի հավանականություն ունեցող կենդանիների սպանդի ժամանակ գործածել ձեռնոց և աչքերի պաշտպանիչ միջոցներ:

Մարդկանց մոտ բրուցելոզը հաճախ խիստ առանձնահատուկ նշաններով չի դրսևորվում, և այն երբեմն կարելի է շփոթել այլ հիվանդությունների հետ: Բրուցելոզի ամենից արտահայտված նշանը, թերևս, տենդն է: Այլ ախտանիշներից են ցավերը (այդ թվում՝ գլխացավը և մեջքի ցավը), քրտնարտադրությունը (առատ քրտնարտադրություն կարող է լինել հատկապես գիշերը), հոդաբորբը և գերհոգնածությունը:

Մարդկանց բրուցելոզը կարելի է բուժել հակաբիոտիկների երկարաժամկետ  օգտագործման միջոցով, սակայն հիվանդությունը կարող է կրկնվել ամիսներ անց, նույնիսկ երբ բուժումը հաջող է ընթացել: Հակաբիոտիկներով բուժումը կարող է առավել արդյունավետ լինել, եթե այն կիրառվել է հիվանդության վաղ շրջանում: Բրուցելոզով վարակման դեպքերը հազվադեպ են մահվան ելք ունենում, սակայն բացառություններ լինում են:

Ինչպե՞ս են կենդանիները վարակվում բրուցելոզով

Բրուցելոզը հիմնականում փոխանցվում է մի կենդանուց մյուսին: Վարակի հարուցիչը նոր համայնք կարող է ներթափանցել տարբեր եղանակներով, օրինակ՝ երբ համայնք է մուտք գործում վարակված կամ չստուգված կենդանի, հիվանդ և առողջ կենդանիները չեն առանձնացնվում, կամ երբ հիվանդ կենդանիներից ծնված երինջները հետագայում պահվում են վարակազերծ նախրում։ Այս երինջները  նախրում վարակի նախնական հայտնաբերումից երկուսից երեք տարի անց էլ՝ ծնի կամ վիժման ժամանակ, երբեմն կարող են վարակը կրկին տարածել: Երինջներն իրենցից լուրջ խնդիր են ներկայացնում, քանի որ նախքան ծինը կամ վիժումը վարակի ստուգման արդյունքը հաճախ բացասական է լինում, սակայն հենց այս երինջներն են, որ վարակի տեսանկյունից համարվում են նախրի ամենաընկալունակ կենդանիները: Եթե նախրում առկա են երինջներ, ապա նախնական վարակի վերացումից երկու­երեք տարի անց դրական արդյունքով կենդանիների առկայությունը համայնքում սովորական երևույթ է։

Ինչո՞ւ եմ ես բրուցելոզը համարում կարևոր

Ինչպես արդեն նշվել է, բրուցելոզը մարդկանց շրջանում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Դրա բացասական հետևանքները՝ անպտղությունը, վիժումը, կաթնատվության նվազումը, լուրջ տնտեսական ազդեցություն ունեն ֆերմերների վրա: Վարակված կենդանու մսի և կաթի դիմաց ֆերմերներին հաճախ ցածր գին են վճարում:

Բրուցելոզի վարակից խուսափելու համար ծննդօգնություն ցույց տալիս ֆերմերներին խորհուրդ է տրվում կրել երկարաթև հագուստ, աչքերի պաշտպանիչ միջոց, հեշտ լվացվող և ախտահանվող արտահագուստ և մեկանգամյա օգտագործման ձեռնոց: Անհրաժեշտ է ծնի ժամանակ արտազատված հյուսվածքները պատշաճ կերպով հեռացնել, իսկ ծնի տարածքը ախտահանել: Ձեռնոցը հանելուց և ախտահանելուց հետո անհրաժեշտ է ձեռքերը լավ լվանալ: Եթե ձեռքի տակ չկան մեկանգամյա գործածության ձեռնոցներ, ապա բազմակի օգտագործման համար նախատեսված Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել աղտոտված հագուստի կամ սարքավորումների միջոցով ֆերմայից ֆերմա բրուցելոզի տարածումը կանխելու համար: Դրան կնպաստի կենդանիների հետ աշխատելիս կրած հագուստը, ինչպես նաև գործածած սարքավորումները պարբերաբար լվանալը և ախտահանելը: Բրուցելլա բակտերիան հեշտությամբ ոչնչանում է լայն կիրառում ունեցող ախտահանիչ նյութերի միջոցով: Հագուստը, սարքավորումները և անասնաշենքերը հեշտությամբ կարելի է ախտահանել եռման ջրով կամ սպիտակեցնող­ախտահանիչ նյութով: Օրգանական մնացորդների առկայության պարագայում կամ ցածր ջերմաստիճանի պայմաններում ախտահանիչ միջոցների օգտագործումն այնքան էլ արդյունավետ չէ, ուստի անհրաժեշտ է նախքան ախտահանումը մաքրել և հեռացնել գոմաղբը, հին ծղոտի մնացորդը և այլ նյութեր:

Ինչպե՞ս վերահսկել բրուցելոզը

Նախրում կամ համայնքի մյուս կենդանիների շրջանում բրուցելոզի կասկած ունենալու դեպքում ֆերմերները պետք է անմիջապես դիմեն իրենց անասնաբույժին՝ տեղեկացնելով  այդ մասին: Որքան արագ բացահայտվի բրուցելոզը, այնքան ավելի հեշտ կլինի այն վերացնելը: Անասնաբույժներն ախտորոշիչ հետազոտությունների, ինչպես նաև կենդանիների տեղաշարժն ու նրանց միջև շփումներն ուսումնասիրելու միջոցով կարող են օգնել բրուցելոզի բացահայտման հարցում: Նրանք կարող են նաև մեխանիզմներ առաջարկել, թե ինչպես կարելի է նվազագույնի հասցնել հիվանդության տարածումը: Կենդանիների բրուցելոզը կանխելու համար գոյություն ունեն պատվաստանյութեր՝ նախատեսված RB51­ը՝ խոշոր և Rev1­ը` մանր եղջերավոր կենդանիների համար: Կարևոր է նշել, որ պատվաստանյութը չի բուժում բրուցելոզի հետ նախկինում շփում ունեցած կենդանիներին և չի կանխում բոլոր պատվաստված կենդանիների՝ վարակի տարածելը: Քանի որ պատվաստումները հիվանդության բուժման միջոց չեն, ապա պետք չէ դրանք կիրառել որպես բրուցելոզի վերահսկման միակ մեթոդ: Պատվաստումը բրուցելոզի վերահսկման լավ միջոց է, սակայն այն լավագույնս գործում է այն դեպքում, երբ կիրառվում է որպես հիվանդության փոխանցումը կանխելու և ընկալունակ կենդանիներին պաշտպանելու համար մշակված վերահսկման համակողմանի ծրագրի մի բաղադրիչ: Պատվաստումները պետք է իրականացվեն միայն հատուկ վերապատրաստում անցած անասնաբույժների կողմից, քանի որ կա պատվաստանյութի միջոցով վարակը մարդկանց փոխանցելու հավանականություն։ Պատվաստանյութն արդյունավետ է միայն այն պարագայում, երբ այն ճիշտ է պահպանվում և օգտագործվում:

 

Հեղինակ՝ Վալերի Ռագան