Վահան Զանոյեանը տնտեսական զարգացման փորձագետ և գլոբալ էներգիայի հարցերով արդեն թոշակի անցած խորհրդատու է: Նա ունի ավելի քան երեսունհինգ տարվա փորձ, որի ընթացքում եղել է խորհրդատու տարբեր կառավարություններում՝ տնտեսական զարգացման քաղաքականության և էներգետիկայի ոլորտներում։ Ծառայել է որպես խորհրդատու բազմաթիվ միջազգային և ազգային նավթային կազմակեպություններում, բանկերում և տարբեր հասարակական և մասնավոր կազմա կերպություններում։ Ծառայել է որպես գլխավոր գործադիր տնօրեն PFC Էներջիում (1995-­2005 թվա կաններին), միջազգային PFC էներջի  կազմակերպության նախագահ (2005-­2009 թվականներին) և գլխավոր գործադիր տնօրեն Ֆրսթ էներջի (First Energy Bank) բանկում (2009­-2010 թվականներին)։ Զանոյեանը հասցրել է նաև հրատարակել երկու հատոր գիրք «Վերադարձ», (2010թ.) և «Եզրէն դուրս» (2011թ.),ինչպես նաև երկու վեպ անգլերենով՝ «Հեռավոր մի տեղ» (“A place Far Away”) (2013թ.) և «Օհանավանքի աղավնիները» (“The Doves  of Ohanavank”) (2014թ.)։ Երկու վեպերն էլ թարգմանվել են հայերեն: Նա ներկայում բաշխում է իր ժամանակը՝ գտնվելով Հայաստանում, Հարավային Կալիֆորնիայում և Միջին Արևելքում:

Հարցազրույց գյուղական համայնքների միացման և մեծացման ծրագրի մասին

ԱգրոմշակույթԻնչպես գիտեք՝ Հայաստանի կառավարությունը ծրագրում է հանրապետության գյուղական համայնքները վերակազմակերպել՝ զանազան գյուղեր միացնելով մեկ վարչական տնօրինության ներքո։ Ձեր կարծիքով որո՞նք են այս ծրագիրն արդարացնող պատճառները։

Վահան Զանոյան Ծրագիրը արդարացնող տրամաբանական պատճառներ չկան։ Մի քանի հայտարարություն կա, մի քանի համայնքներում ռեֆերենդումի ձևով քվեարկություն է արվել, սակայն կառավարությունը կարծես արդեն որոշել է, որ պետք է դիմի այս քայլին։ Նույնիսկ մի տեղ տեսա (լուրերով), որ անգամ եթե մի քանի համայնքներ դեմ քվեարկեն, կառավարությունը, միևնույն է, պետք է իրագործի ծրագիրը։ Մակերեսային պատճառաբանությունն այն է, որ երբ համայնքերը միացնեն և մեծացնեն, կստեղծվի ավելի արդյունվետ շուկա, ավելի մեծ պահանջարկ կլինի մեկ համայնքում և ավելի դյուրին կերպով կիրականացվեն արտաքին ներդրումները։ Մակերեսային պատճառը, որն ավելի շատ պատրվակի է նման, քան իրապես մտածված պատճառի,  այն է, որ համայնքները մեծացնելով՝ խուսափում ենք կրկնություններից. կլինի մեկ գյուղապետ, մեկ վարչական մարմին մի քանիսի փոխարեն, ուստի ավելի հեշտ կլինի։ Նմանատիպ պատճառաբանությունը թղթի վրա կարող է համոզիչ թվալ, հատկապես օտարերկրացի բյուրոկրատների համար, բայց, հաշվի առնելով մեր գյուղերի իրականությունը, ըստ իս, անհիմն է։ Այնպես որ, հայտարարված դրական արդյունքը ամենայն հավանականությամբ չի ստացվի, և նույնիսկ հակառակ արդյունքը կունենանք։

ԱՄՈւրեմն, ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ այս ծրագիրը։

ՎԶԸստ իս, եթե այս ծրագիրն իրականանա, հավանականությունը, որ Հայաստանի գյուղերն ու գյուղական կյանքը մահացու հարվածի տակ կընկնեն, բավականին մեծ է։ Թերևս այս ռազմավարությունը երկրի գյուղերը կործանելու ամենաարագ եղանակն է։ Այստեղ պետք է նկատի առնել, որ այսօր շատ գյուղերում էական ենթակառույցի ծայրահեղ պակասից գյուղացիներն արդեն հուսալքված են, և երբ գյուղապետարանն էլ հանկարծ իրենց գյուղից դուրս գա և տեղափոխվի 15-30 կմ այս կամ այն կողմ, այդ գյուղացին իրեն էլ ավելի լքված կզգա, ու նրա հաջորդ հավանական քայլը կլինի լքել գյուղը։ Ես շատ եմ շրջել Վայոց ձոր մարզի գյուղերում, զրուցել եմ գյուղացիների հետ և անձնապես եմ տեղյակ այս ամենին։ Այստեղ կարևոր է շեշտել, որ գյուղերի տկարացումը և կործանումը մահացու վտանգ է հանդիսանում նաև ամբողջ երկրի տնտեսական զարգացման և անվտանգության համար։

այս ծրագիրը, եթե իրականանա, ամենայն հավանականությամբ մահացու հարված կհասցնի Հայաստանի գյուղերին և գյուղական կյանքին։

ԱՄԻնչպե՞ս կսահմանեք  կապը գյուղական կյանքի և ամբողջ երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության միջև։

ՎԶՆախ կցանկանայի հասկանանք, թե ինչ դեր է խաղում գյուղատնտեսությունը տարբեր երկրների տնտեսական զարգացման գործընթացում։ Փոքր միավորումների և ընտանեկան ագարակների կարևորությունը Եվրոպայում և Ասիայում անհամեմատելիի է։ Հարկ է, որ այն մարդիկ, ովքեր քարոզում են, թե այս համայնքները պետք է միացվեն, տեսնեն, թե ինչ քաղաքականություն է վարվում Եվրոպայի երկրներում, որպեսզի պաշտպանեն իրենց փոքր գյուղական ապրելակերպը, միավորումները և ընտանեկան փոքր ագարակները։ Գյուղատնտեսությունը տարբեր դերեր է խաղում երկրների զարգացման և անվտանգության հարցում, սակայն ես ցանկանում եմ անդրադառնալ գործոններից միայն չորսին։

Ընտանեկան փոքր ագարակները նախ կարևորվում են որպես գործող տնտեսական միավորներ։ Այդ տնտեսական միավորումի մեջ է, որ գյուղացին սովորում է ռիսկի դիմել որպես գործարար, սովորում է, թե ինչպես պետք է ներդրում անի, ինչ տեսակի տեխնոլոգիա պետք է օգտագործի, ինչպես իր արտադրությունը շուկա հասցնի։ Շատ կարևոր է հասկանալ, որ այս փորձը, ռիսկի դիմելու և ռիսկը կառավարելու այս մշակույթը և մտածելակերպը գյուղացուն այլ կերպ չի հասնում։ Եթե գյուղացին երկրագործությամբ չզբաղվի, պետք է կա՛մ օրական աշխատավարձով մի տեղ բանվոր աշխատի, կա՛մ հեռանա երկրից։ Այնպես որ, փոքր միավորումների գոյության արդյունքում է, որ գյուղացին անձնական նախաձեռնություն է դրսևորում, և Եվրոպայում կամ Ասիայում չկա մի երկիր, որ ցանկանա կործանել դրանք։

Երկրորդ, փոքր ընտանեկան ագարակների և գյուղերի առկայությունը կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկրի անվտանգության համար։ Մենք հաճախ գյուղատնտեսությանը նայում ենք հետևյալ տեսանկյունից՝ որքան լոլիկ աճեց, որքան վարունգ, քանի կով ու այծ և այլն, բայց միայն դա չէ։ Եթե այսօր նայենք Գերմանիայի, Շվեյցարիայի կամ Ֆրանսիայի վարած քաղաքականությանը, կտեսնենք, որ իրենց անվտանգության քաղաքականությունը առնչվում է գյուղատնտեսությանը։ Հատկապես սահմանամերձ գյուղերը, առավել ևս Հայաստանի պարագայում, պետք է զարգանան և տնտեսապես հզորանան։ Անվտանգության տեսանկյունից՝ դրանց տնտեսապես ուժեղ լինելն ավելի կարևոր է, քան Երևանի ուժեղ լինելը։ Ոչ ոք Հայաստանի վրա հարձակվելիս Երևանից չի սկսի։
Անվտանգության առաջին գոտին սկսվում է գյուղերից

Եվրոպայում մասնակցել եմ արտաքին առևտրի հետ կապված բանակցությունների, որտեղ տարակարծությունները հիմնականում երկրագործական արտադրությունների հետ են կապված։ Ամենաբուռն կերպով պաշտպանված ազգային մշակույթը տակավին կենտրոնանում է գյուղատնտեսության վրա։ Գյուղերը և գյուղացիները պաշտպանվում են կառավարության կողմից։ Սա չափազանց կարևոր երևույթ է։

Երրորդ գործոնը, որն ինձ համար շատ կարևոր է, գյուղական կյանքի՝ ազգային, ընտանեկան, բարոյական արժեքների պահպանման ենթահող է հանդիսանալն է: Հնարավոր չէ գյուղական ընտանիքն ու ընտանեկան լայն կառույցները պահել և հզորացնել, եթե տնտեսական ենթահողը քայքայվի։ Կարծում եմ՝ այսօր Հայաստանում ընտանեկան խնդիրների մեծ մասը ծագում են գյուղական կյանքի քայքայումից։ Այսինքն՝ այս ամենը մեզ կարող են սոցիալ-տնտեսական ամենածայրահեղ արդյունքների հասցնել։ Եթե գերմանացին, շվեյցարացին և ֆրանսիացին այդքան տագնապով փորձում են պաշտպանել ընտանեկան ագարակները, չեմ կարողանում ընկալել, թե ինչու է Հայաստանում այս հարցն այդքան լքված ու անտեսված։ Ուստի, ես այս ծրագրի ներքին դրդապատճառներն այլ կերպ եմ ընկալում։

Չորրորդ գործոնը զբոսաշրջությունն է։ Ես յոթ տարի ապրել եմ Շվեյցարիայում։ Շվեյցարիա եկող զբոսաշրջիկների մեծ մասը, ինչպես նաև  այնտեղի բնակիչները, հանգստյան օրերին երեխաների հետ միասին գնում են գյուղեր՝ տեսնելու գյուղական կյանքը։ Նույնիսկ ամենափոքր գյուղերում ճանապարհները մաքուր են, պարտադիր կան փոստատներ, որոնց միջոցով գյուղացիները ոչ միայն նամակ են ուղարկում, այլև գումար են ստանում կամ ուղարկում, մուծումներ են կատարում։ Կառավարությունը հոգացել է, որ գյուղացիները ստիպված չլինեն անհրաժեշտության դեպքում մյուս գյուղ հասնել։ Եվ զգում ես, թե այնտեղի ժողովուրդն ինչքան հպարտ է իր գյուղով, իր արտադրությամբ. նրանք ունեն իրենց տեղական խաղողն ու գինին, իրենց սեփական ագարակի կաթն ու պանիրը։ Այսպիսի հոգեբանությունն է պահում այս երկիրը։ Երկիրը չի մասնատվում, չի խարխլվում, հատկապես՝ սահմանամերձ գոտիները։ Եվրոպական գյուղերը նաև դարձել են զբոսաշրջության կենտրոն։ Շվեյցարիայում շատ հպարտ են իրենց գյուղական կյանքով, քանի որ այսքան տարիներ այդ ապրելակերպն է, որ իրենց պահպանել է իբրև ազգ։ Այստեղ կուզենայի հիշել ավելի քան հարյուր տարի առաջ գրված մի շատ կարևոր գիրք՝ Ավետիս Ահարոնյանի §Շվէյցարիական Գիւղը¦ նամականին։ 1904-1905 տարիների ընթացքում գրված և 1913 թվականին մեկ հատորով հրատարակված գիրքը ամենայն մանրամասնությամբ նկարագրում է Շվեյցարիայի գյուղական կյանքը և համեմատում այն ժամանակ տիրող Հայաստանի գյուղերի իրավիճակի հետ։ Ըստ իս՝ Ահարոնյանի §Շվէյցարիական Գիւղը¦ նամականին պարտադիր ընթերցանություն պետք է դառնա Հայաստանի տարածքային ղեկավարության բոլոր անդամների, գյուղտնտեսության նախարարության, ինչպես նաև բոլոր մարզպետների և գյուղապետերի համար։
Հայաստանը Հյուսիսային պողոտան չէ, Հայաստանը մեր գյուղերն են, մեր ավաններն են։

Գյուղական կյանքը նաև հայ ժողովրդի նկարագրի մի մասն է։ Եթե նայենք մեր ժողովրդի շատ սիրված բանաստեղծների՝ Թումանյանի, Շիրազի, Վարուժանի, Չարենցի, Սևակի, Իսահակյանի գործերը, կտեսնենք, որ գյուղական կյանքի պաշտամունքը մեր արյան մեջ է։ Իսկ հիմա ինչո՞ւ ենք մեր գյուղերն այդպես կործանում։ Հայաստանը Հյուսիսային պողոտան չէ, Հայաստանը մեր գյուղերն են, մեր ավաններն են։

չորս կարևոր դեր

Գյուղական կյանքի կարևոր չորս դերերը երկրի զարգացման և անվտանգության ապահովման հարցում՝
1)
տնտեական միավորում, այսինքն՝ փոքր ագարակները, որոնք անցնում են սերնդեսերունդ , և որտեղ մարդիկ ամեն ինչ սովորում են,

2) ազգային անվտանգության ռազմավարություն,

3) մշակութային, ազգային և բարոյական արժեքների պահպանում,

 4) զբոսաշրջության զարգացում։

ԱՄԱսացիք, որ, ըստ Ձեզ, այս ծրագրի ներքին դրդապատճառներն այլ են։ Ի՞նչ նկատի ունեք։

ՎԶ Արդար լինելու համար նշեմ, որ չեմ խոսել իշխանական որևէ անձի հետ և իրենց պատճառաբանությունները հենց իրենցից չէ, որ լսել եմ։ Լուրերով ասում են, թե որքան մեծ լինեն համայնքները, այնքան ավելի արդյունավետ կլինի դրանց կառավարումը։ Սակայն, ինչպես արդեն ասել եմ, ես նրանց պատճառաբանություններին չեմ հավատում։  Ըստ իս՝ առավել հավանական դրդապատճառը կարող է լինել այն, որ ցանկանում են վերահսկողության տակ պահել գյուղերի վարչական տնօրինությունը։ Յոթ գյուղապետին հսկելն ավելի դժվար է, քան մեկին։ Իսկ հսկողություն հաստատելու դրդապատճառը քաղաքական կառավարման ամրապնդումն է։ Օրինակ՝ կա օտարերկրացիներին հող վաճառելու հարց։ Վայոց ձորի մարզում օտարերկրացիներ էին եկել և հող պետք է գնեին՝ 7000-8000 հա։ Այս հողերի մեջ կան գետեր, աղբյուրներ, ամենասիրուն բնությունը, բացի դրանից, կա նաև հայոց պատմություն և պատմական այլազան վայրեր։ Այս ամենը պիտի վաճառեն։ Իշխանությունները տեսան, որ փոքր գյուղերի գյուղապետերի դեպքում հեշտ չէ հսկողություն իրականացնելը, ստիպված պետք է շրջեն գյուղից գյուղ և ամեն մեկի հետ առանձին գործ ունենան։ Դրա փոխարեն կլինի մեկ գյուղապետ, ում հետ վերահսկողությունն ավելի հեշտ կլինի։ Կարծում եմ՝ պատճառը նմանատիպ մի բան է, այլ ոչ թե արդյունավետության բարձրացումը։ Շեշտեմ նաև՝ իրոք ցավալի է, որ Հայաստանի պետական համակարգում նման կերպ մտածողներ կան և ուժ ունեն իրենց կործանիչ մտքերը ռազմավարության վերածելու։ Պետության գերագույն նպատակը մեր գյուղերի կապակցությամբ ո՛չ օտարերկրացիներին մեծ տարածքներ վաճառելը պետք է լինի, ո՛չ էլ գյուղերին և գյուղապետերին վերահսկելը։ Ընդհակառակը, նպատակը պետք է լինի գյուղերի համայնքները լիազորել և նրանց հնարավորություններ ընձեռել, որպեսզի դրանք զարգանան, աճեն և հզորանան։

ԱՄԻնչու՞ են միջազգային կառույցները` Շվեյցարիայի զարգացման գործակալությունը, Ամերիկայի զարգացման գործակալությունը, Գերմանիայի զարգացման գործակալությունը, հովանավորում և ֆինանսավորում այս գործընթացը։  Ինչպե՞ս բացատրել նրանց հետաքրքրվածությունը և նման շահագրգռվածությունը այս ամենում։Ինչո՞ւ են իրենք այստեղ աջակցում համայնքների խոշորացմանը, երբ իրենց երկրներում հսկայական գումարներ են ծախսում, որպեսզի պահպանեն հեռավոր, ընտանեկան ագարակները։

ՎԶՕտար երկրների գործոնն ամենից խաբուսիկն է. կառավարությունը նշում է, որ միջազգային կառույցերը ամեն կերպ նեցուկ են այս ծրագրին։ Սակայն միջազգային կառույցներին  ամենևին չի հետաքրքրում՝ կմիանան արդյոք Հայաստանի գյուղերը, թե ոչ։ Սա տեղական ապուր է՝ եփված, համեմված, այլ ոչ թե օտար։ Նրանք սրանում ոչ մի շահախնդրություն չունեն։ Սակայն, եթե ինչ-որ մեկը գա, արագ բացատրություններ տա օտար կազմակերպությունների բյուրոկրատներին, կասեն՝ ինչու՞ չէ, կարելի է միացնել։  Ես առիթ եմ ունեցել մի շարք երկրների դիվանագետների հետ խոսելու։ Իրենք շատ զարմացան, երբ լսեցին իմ բացատրությունը։ Գաղափար չունեն այն մասին, որ կան նման հետին հարցեր։ Երբ նրանց հարցնում եմ, թե ինչ ենք շահում գյուղերը միացնելով, չեն կարողանում պատասխանել։ Նշեմ, որ Շվեյցարիայում նույնպես պատահել է, որ փոքրիկ մի գյուղ, որն ունի մոտ հինգ տնտեսություն, փորձել է կողքի համայնքին միանալ, սակայն թողել են, որ գյուղացիները որոշեն։ Եղել է, որ համաձայնել են, եղել է՝ ոչ։ Բայց սրանք միայն ծայրահեղ պարագայում, այն դեպքում, երբ գյուղն ունի հինգ ընտանիք։ Սա բոլորովին տարբեր քաղաքականություն է։

Գյուղական կյանքը նաև հայ ժողովրդի նկարագրի և  բարոյական կերպարի մի մասն է

ԱՄ Որո՞նք են լուծումները։

ՎԶ  Այդ հարցին պատասխանելը պահանջում է մանրամասն և լավ մտածված երկարատև ծրագիր։ Սակայն թույլ տվեք կենտրոնանալ միայն մի քանի կարևոր կետերի վրա։

Նախևառաջ, ըստ իս, ինչպես բժշկության մեջ, այնպես էլ այստեղ, առաջին օրենքն է՝ §do no harm¦՝ վնաս մի՛ հասցրու։ Կենտրոնական իշխանությունը կարող է շատ մեծ վնաս հասցնել՝ իր դերից դուրս գալով։ Նրա դերն է անհրաժեշտ ենթակառույցներև սոցիալական ծառայություններ տրամադրել գյուղերին և հետո հանգիստ թողնել գյուղերն ու  գյուղացիներին։

Անհրաժեշտ ենթակառույցը և սոցիալական ծառայությունները հիմնականում ներառում են ճանապարհների նորոգում, ջրամատակարարում, հոսանքի և գազի մատակարարում, ինչպես նաև դպրոցների և առողջապահական ծառայությունների հայթայթում։ Այս ամենակենսական անհրաժեշտություններն ունենալուց հետո է, որ անհատ գյուղացին իր ձեռներեցությամբ պիտի որոշի գյուղի ապագան և հարևան գյուղի հետ միանալու կամ չմիանալու օգուտները։ Գյուղերի միջև կարող են տնտեսական համագործակցություններ ստեղծվել, համատեղ գործարքներ կնքվել։ Այս ամենը կհանգեցնի գյուղում բնական տնտեսական շարժին և գյուղի արդյունավետ շենացմանը: Իսկ եթե գյուղերի վարչական միացումը պարտադրվի միայն կառավարության որոշումով, արդյունքը կործանարար կլինի։

Պետության գերագույն նպատակը մեր գյուղերի կապակցությամբ ո՛չ օտարերկրացիներին մեծ տարածքներ վաճառելը պետք է լինի, ո՛չ էլ գյուղերին և գյուղապետերին վերահսկելը։ Ընդհակառակը, նպատակը պետք է լինի գյուղերի համայնքները լիազորել և նրանց հնարավորություններ ընձեռել, որպեսզի դրանք աճեն,զարգանան և հզորանան։

Երրորդ, մեր գյուղերին անհրաժեշտ է թե՛ տեխնիկական, թե՛ կազմակերպչական օգնություն։ Ներկայիս Հայաստանը քսանչորս տարվա պատմություն ունի։ Եթե անկախության առաջին օրերին, արդեն խորհրդային տարիների ստեղծածին հավելելով, մենք գյուղերին տայինք օժանդակություն, զարգացնեինք, խրախուսեինք ներդրումները, թերևս այսօր առաջին սերունդը, որ իր հորից կամ պապից պետք է ժառանգեր այդ ավանդույթը, ի հայտ պետք է գար։ Սակայն այսօր այդ սերունդը կա՛մ Ռուսաստանում է, կա՛մ Աստված գիտի, թե որտեղ։ Այդ սերունդը նաև ոչ մի հետաքրքրություն չունի։ Մենք այսօր պետք է ունենայինք այդ ավանդույթները ժառանգող առաջին սերունդը, սակայն փոխարենը չունենք ընտանեկան ագարակ ընդհանրապես։

Գյուղացիներին նաև հույս է պետք ապագայի հանդեպ, նրանք պետք է վստահ լինեն, որ եթե այսօր ցանեն, վաղը կհնձեն։ Եթե գալիք տարվա վրա հույս, հավատ չունենան, այսօր ցանող չի լինի։ Գյուղատնտեսական կյանքը հուսալքության գագաթնակետին է։ Դրա համար էլ ասում եմ, որ գյուղերը միացնելը վերջին մահացու հարվածը կլինի։ Փոխանակ այդ հուսալքությունը փարատելու՝ մենք հուսալքված գյուղացուն ավելի ենք հուսալքում։

Հինգերորդ, պետք է քաջալերվի օրգանական մթերքի արտադրությունը։ Հայաստանը հսկայածավալ տարածքներ չունի, որ պարարտանյութերի, թունաքիմիկատների ու GMO (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) սերմերի ինտենսիվ օգտագործմամբ կարողանա հասնել բարձր բերքատվության ու մեծ քանակների և դա միջազգային շուկա արտահանի։ Հայաստանը աշխարհին պետք է ներկայանա որպես շատ բարձրորակ, օրգանական ու յուրահատուկ սննդամթերք արտադրող երկիր։ Այսօր Եվրոպայի մեծագույն երկրներում GMO-ն արգելված է։

Կարևոր է, որ գյուղացին հպարտանա իր գյուղով։ Ամեն գյուղ ունի իր ներքին մշակույթը, կարգն ու սարքը, պատմությունը, յուրահատուկ ավանդույթները։ Եվ հաճախ գյուղից գյուղ այդ մշակութը տարբերվում է։

Ներկայում Հայաստանում գոյություն չունի §Գյուղի կայուն զարգացում¦ (Sustainable Rural Development) հասկացությունը։ Այս գաղափարը իրագործելի է փոքր ագարակների դեպքում։ Մտածենք երկու տարբերակ՝ հարյուր փոքր ընտանեկան ագարակներ որոշակի չափով արտադրություն են տալիս, թեկուզ մի քիչ թանկ։ Դրան զուգահեռ կա մի ընկերության պատկանող հսկա ագարակ, որը տալիս է նույն արտադրությունը։ Ազգային տնտեսության զարգացման համար ո՞րն է ավելի լավ։ Առաջինի դեպքում հարյուր ընտանիք աշխատանք ունի, հողի վրա պատմություն է կերտում։ Այս փոքր ագարակներն են պահպանում մշակութային արժեքները։ Երկրորդի դեպքում միայն մեքենայացված արտադրություն ունենք։ Սա ոչ մի կապ չունի ազգային տնտեսության զարգացման, անվտանգության, մշակութային արժեքների պահպանման հետ։ Հայաստանին սա չէ, որ պետք է։ Բոլոր երկրները հասկացել են սա։ Ամենից շատ հասկացել են եվրոպացիները։ Ճապոնացիները նույնպես հասկացել են և պահպանել փոքր՝ 3-4 հա հողակտորների վրա հիմնված ագարակային տնտեսությունների զարգացումը։ Ճապոնիան այսօր արտերկրից բրինձ չի ներկրում։ Եղել են դեպքեր, որ ներկրվել է ավելի էժան բրինձ, սակայն ճապոնացիները չեն գնել այն, ասել են՝ համեղ չէ։ Նրանց մոտ ազգային գիտակցությունը հասել է այս աստիճանի։

Երբ նրանց (օտար երկրների դիվանագետներին) հարցնում եմ, թե ինչ ենք շահում գյուղերը միացնելով, չեն կարողանում պատասխանել։

ԱՄՀաճախ ասում են, թե հիմա երկիրը վատ վիճակում է, հարկավոր է տնտեսել։ Ուստի ավելի լավ է կենտրոնացնենք մի տեղում, թեկուզ այս փուլում։ Հետո, եթե լավ լինենք, հետ կվերադառնանք ու կվերականգնենքգյուղերը։  60-ական թվականներին լեռնային գյուղերը          իջեցրին հարթավայրեր։ Օրինակ վերցնենք Վայոց ձորի Խաչիկ և Գնիշիկ լեռնային սահմանամերձ գյուղերը։ Պատճառաբանելով, որ Գնիշիկ գյուղի հողերը սահում են՝ մի  մասը տեղափոխվեց Արարատյան դաշտ, իսկ Խաչիկ գյուղում ճանապարհ կառուցեցինԽորհրդային  տարիներին հասկացան, որ սխալ էր Գնիշիկը հարթավայր իջեցնելու միտքը։ Հսկայական գումարներ ներդրվեցին, ճանապարհ կառուցվեց, որ գյուղը հետ բերեն։ Վերաբնակեցումից անցել է  50 տարի, և այնտեղ ապրում է չորս ընտանիք, այն էլ՝  հիմանականում ամռանը։

ՎԶ§Հիմա քանդենք¦ հետո կվերականգնենք» մտածելակերպը սխալ է։ Մենք այսօր, գյուղերը միացնելով, արդեն իսկ քանդում ենք։ Գյուղացիներին շատ քիչ բան է պետք հասկանալու համար, որ իրենք էլ որոշ կարևորություն ունեն։ Նրանք ունեն ուշադրության, հոգածության կարիք։ Երբ որևէ մեկի մտքով անցնում է վերանորոգել իրենց գյուղի ճանապարհը, իրենք էլ զգում են, որ լքված չեն, պատճառ են գտնում մնալու, սակայն այսօր չունեն այդ պատճառը։ Մեկ այլ խնդիր է նաև գյուղական մշակույթների տարբերությունը։ Կարևոր է, որ գյուղացին հպարտանա իր գյուղով։ Ամեն գյուղ ունի իր ներքին մշակույթը, կարգն ու սարքը, պատմությունը, յուրահատուկ ավանդույթները։ Եվ հաճախ գյուղից գյուղ այդ մշակույթը տարբերվում է։ Օրինակ՝ Վայոց ձորում ես հսկայական տարբերություն եմ տեսել Արենի և Շատին գյուղերի միջև, թեև իրարից հազիվ 20-30 րոպե հեռավորություն ունեն։ Երբ կառավարությունը որոշում է կայացնում գյուղերը միացնելու՝ առանց այս նրբությունները հաշվի առնելու, գյուղական մշակույթը մի տեսակ անարգվում է։  Մի ուրիշ նրբություն էլ կա, որ դարձյալ կարևոր է՝ մրցակցությունն է։ Յուրաքանչյուր գյուղ ունի իր բյուջեն, որով հոգում են գյուղի ծախսերը։ Եթե միավորվեն,  և լինի մեկ գյուղապետարան՝ յոթ-ութ գյուղ սպասարկելու համար, ո՞ր գյուղի դպրոցը պետք է առաջնահերթություն ունենա, ո՞ր գյուղը պետք է դպրոց չունենա։ Գյուղացիները, ովքեր հիմա համեմատաբար համերաշխ են ապրում, քանի որ ունեն առանձին բյուջե, կունենան մեկ բյուջե և այդ բյուջեի համար կռիվ կսկսվի։ Ես արդեն նման մի քանի բան նկատել եմ։ Այս քաղաքականության առավելությունները նախ չափազանց մակերեսային են և հիմք չունեն, թերությունները շատ ավելի լուրջ են և մահացու․ դրանք առաջնորդում են գյուղերի կործանումը։

ԱՄԵթե ընդունենք, որ պետական մարմիններն այս կերպ են մտածում, ապա կան մասնավոր ներդրողներ, ովքեր ֆինանսավորում են տարբեր միջոցառումներ, եկեղեցիներ են կառուցում, ինչո՞ւ չեն եկեղեցի կառուցելու փոխարեն գյուղը շենացնում։ Ի վերջո,սա ավելի աստվածահաճո գործ է՝ շենացնել սահմանամերձ գյուղերը՝ բերդեր ունենալու համար։ Այսօր ո՞վ է հիշում,թե Անի քաղաքի որ եկեղեցին ով է կառուցել։ Ֆրանսիայով կամ Շվեյցարիայով անցնելիս ավելի շատ բերդերի ենք հանդիպում, քան եկեղեցիների, ու դրա համար էլ այդ երկրները կարողացել են դիմակայել թշնամիներին։

ՎԶԿարծես թե Հայաստանի օլիգարխ դասակարգին թվում է, որ եթե եկեղեցի չկառուցի, արժանի չի լինի իր կարգավիճակին։ Եթե անգամ ուխտ են արել, փոխանակ նորը սարքելու՝ ճիշտ կլինի հին վանքերը նորոգել։ Հայաստանի ամենամեծ վտանգն այսօր նույնիսկ Ադրբեջանը չեմ համարում, թեև շատ վտանգավոր է այն, ինչ կատարվում է վերջերս։ Սակայն, եթե նույնիսկ հաղթահարենք այս խնդիրը և դիմակայենք դրան, մենք ներսից արդեն կործանում ենք Հայաստանը՝ գյուղական կյանքը քանդելով։ Չկա մի երկիր, որը կարողանա դիմանալ, երբ այս աստիճան քայքայվում է այն ամենն, ինչ մայրաքաղաքից դուրս է գտնվում։ Սրանք մանր-մունր բաներ չեն։ Այստեղ հարցը գյուղատնտեսությունը չէ միայն, այլ շատ ավելի խորն է։ Սա կապված է ազգային արժեքների, ռազմավարության, անվտանգության հետ։ Արևմտյան բոլոր զարգացած երկրները զարգացած են ոչ միայն իրենց ճարտարագիտությամբ, այլև երկրագործությամբ։ Իր կաթ ու պանրով է հպարտանում Շվեյցարիան, ոչ թե միայն ժամացույցով։

Հարցազրույցը վարեցին՝ Գագիկ Սարդարյանը,

Եվա Շահվերդյանը