Իսրայելում հավի միսը և ձուն, ինչպես նաև հացը և կաթը ռազմավարական մթերք են հանդիսանում. ինքներս ենք մեզ ապահովում: Ավելին, եթե մի օր Հայրենիքն ասի «Պե՛տք է», մենք առանց վարանելու 5-6 անգամ կավելացնենք արտադրությունը:

Սակայն ի՞նչ գնով

Պարզվում է` աշխարհում հնդկահավի մսի ամենաակտիվ սպառողներն իսրայելցիներն են.  երկրի յուրաքանչյուր բնակչին տարեկան բաժին է ընկնում 14 կիլոգրամ հնդկահավի միս: Իսկ հավի մսի առումով Իսրայելին գերազանցում է միայն Ամերիկան: Մենք տարեկան ուտում ենք 29 կիլոգրամ թռչնի միս, եփում կամ պատահմամբ ջարդում ենք 293 հավկիթ: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ջանք է պետք գործադրել նման ախորժակ ունեցող երկրի պահանջները բավարարելու համար:

Մի շարք կիբուցներում կառուցված թռչնանոցներն ամենալավ պաշտպանվող վայրերից են Իսրայելում: Այստեղ արգելվում է նույնիսկ գյուղատնտեսության նախարարության տեսուչների մուտքը: Կերով բեռնված մեքենաները կանգնում են թռչնանոցների բարձր պատից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Կերը լցվում է ձագարների մեջ և երկար խողովակներով մատակարարվում թռչուններին: 30 հազար հավ և աքլոր ունեցող յուրաքանչյուր թռչնանոցում աշխատում է ընդամենը մեկ մարդ: Պատից այն կողմ նա կարող է մուտք գործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` այն էլ մի քանի անգամ ախտահանման ենթարկվելուց հետո: Այդ էլիտար թռչնանոցներում բուծվում է, այսպես կոչված, մայրական հոտը` ցեղական հավերը: Դրանք դուրս են գալիս արտասահմանից բավականին թանկ գնված ձվերից, որոնցից յուրաքանչյուրն արժե մի քանի դոլար:

Նման խիստ վերահսկման նպատակն է թույլ չտալ, որ նույնիսկ չնչին թվացող վարակը այս արժեքավոր թռչունների անկման պատճառը դառնա և այնուհետև դրանց ձվերի միջոցով տարածվի ամբողջ երկրով մեկ: Տնտեսությունում ոչ միայն հոգում են էլիտար հավերի և աքլորների մասին, փայփայում նրանց, այլ նաև կարգուկանոն են սովորեցնում: Օրինակ, նրանք չեն կարող ամբողջ օրը կուտ ուտել, ինչպես հասարակ «մահկանացու» հավերը. նրանց սնունդը խիստ չափավորված է, հակառակ դեպքում մի գեղեցիկ օր նրբագեղ հնդկահավը կվերածվի բտված թևավոր խոզուկի: Այս թռչունն ունի և աճի, և գիրանալու հսկայական ներուժ, ուստի թռչնանոցում աշխատող կոնվեյերը, որը երկար խողովակների միջոցով կերը լցնում է կլոր կուտամանների մեջ, միացվում է օրվա ընթացքում միայն մի քանի անգամ: Մնացած դեպքերում հավերին և աքլորներին տրվում է լիակատար ազատություն (ի դեպ, մեկ փետրավոր պատանուն  բաժին է ընկնում 5-7 փետրավոր օրիորդ):

Երկու խոսք հավի խելքի մասին

Հավերը չափազանց խելացի թռչուններ են, իսկ հնդկահավերի և ջայլամների համեմատ` իսկական թևավոր էյնշտեյններ: Բացի այդ, տոհմային թռչնանոցների հավերը շատ կազմակերպված են և քաղաքավարի: Օրինակ` նրանք ձու են ածում կողային պատերի երկայնքով տեղադրված հատուկ խորշերում, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 3-5 հավի համար: Բավական է մեկ անգամ ածան հավին ցույց տալ իր երթուղին, նա հիշում է այն իր ողջ կյանքի ընթացքում և 25 ժամը մեկ գնում է այնտեղ: Եթե խորշն արդեն զբաղված է, նա ինքնուրույն բարձրանում է երկրորդ հարկ (խորշերը երկհարկանի են): Երբ ազատ տեղ չի լինում, նա հանգիստ, առանց հրմշտելու հերթ է կանգնում: Այնուհետև «ոսկե» ձվերը կոնվեյերով դուրս են բերվում թռչնանոցից և տեղափոխվում ինկուբատոր: Թռչնանոցը պետք է կատարյալ մաքուր լինի, որպեսզի ձվերը չաղտոտվեն: Լվացած ձվերը ինկուբացման համար պիտանի չեն, քանի որ դրանց ծակոտիները խցանվում են, իսկ ճուտիկը լույս աշխարհ պետք է գա միայն մաքուր ձվից:

Հնդկահավերի պարագայում պատկերն այլ է: Սրանց մարմնի և ուղեղի քաշի հարաբերակցությունը բնավ երկրորդի օգտին  չէ, այդ պատճառով էլ հնդկահավերն աչքի են ընկնում իրենց բթամտությամբ: Օրինակ, նրանք կարող են սառչել` գտնվելով տաքացուցիչից մեկ մետր հեռավորության վրա: Հնդկահավերը հաճախ սեփական կյանքով են վճարում իրենց բթամտության համար: Ի տարբերություն հավերի` այս թռչունների խորշերն այլ կերպ են դասավորված: Երբ այս դմբոն մտնում է խորշ, դուռն անմիջապես փակվում է, և այն կարող է բացել միայն թռչնանոցի աշխատողը, այն ժամանակ, երբ հնդկահավն արդեն ավարտել է իր առաքելությունը: Սրա նպատակն այն է, որ խորշում միաժամանակ հայտնված 4-5 հնդկահավերը իրար հրմշտելուց հետո թանկարժեք ձվերը չջարդեն: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանել, որ թռչունների շրջանում նրանք ամենաբթամիտը չեն. 150 կիլոգրամ կշռող ջայլամների ուղեղի քաշն ընդամենը 9 գրամ է: Ջայլամների երեսուն տոկոսը դառնում է սեփական անխելքության զոհ մեխ կամ ապակու կտոր կուլ տալու պատճառով:

Ի՞նչ հավ ընտրել

Իսրայելի առաջատար թռչնաբույծներից մեկի` պրոֆեսոր Իսահակ Պլավնիկի հետ զրույցում նա ասաց. «Տարբեր կերերի շնորհիվ թռչնամսին կարելի է տարատեսակ համեր փոխանցել: Օրինակ, երբ ես Թայլանդում բադ և հավ էի բուծում, պատվիրատուները պահանջում էին, որ մսից անպայման ձկան հոտ գա: Ստիպված հավերին և բադերին տալիս էի մեծ քանակությամբ ձկան յուղ: Իսրայելցիները սիրում են, երբ հավից հավի հոտ է գալիս, ուստի մենք ոչ մի տեսակի համային հավելանյութ չենք խառնում կերին» – պատասխանեց պրոֆեսոր Պլավնիկը:

Ցանկանալով բավարարել հետաքրքրասիրությունս (քանի որ հավի մսի ակտիվ սպառողներից եմ)՝ ես չէի կարող չհարցնել հարգարժան պրոֆեսորին, թե որ միսն է ավելի համեղ` հավի՞նը, թե՞ աքլորինը, և ընդհանրապես ինչպես տարբերել խանութում վաճառվող միսը: Պրոֆեսորն ասաց, որ Իսրայելի սուպերմարկետներում հավի և աքլորի մսի հարաբերակցությունը գրեթե հավասար է` 50:50: Կարծիք կա, որ հավի միսն ավելի նուրբ է, և ցանկության դեպքում դրանք կարելի է տարբերել արտաքնապես. աքլորներն ավելի խոշոր են, և դրանց կրծքավանդակն ավելի լայն է: Աքլորի միսը նախընտրելի է, երբ ցանկանում եք այն տապակել կամ ամբողջությամբ խորովել. տևական մշակման արդյունքում խոշոր թռչնի միսը չի կոշտանում: Իսկ արագ պատրաստման համար գնեք հավ. նուրբ միսը շատ ժամանակ չի պահանջում: Հավ ընտրելիս հիշե՛ք խոլեստերինի մասին, քանի որ խոշոր թռչնի ճարպն ավելի շատ է:

Ի դեպ, հավի դիետիկ մասը կրծքամիսն է, քանի որ դրանում ճարպի պարունակությունը քիչ է: Սա­կայն իսրայելցիները հավի կրծքամիս շատ քիչ են օգտագործում. այն հիմնականում արտահանում են ԱՄՆ:

Հնդկահավի միսը մինչև օրս ըստ արժանվույն չի գնահատվել: Պատճառն այն է, որ շատ-շատերը չգիտեն դրա պատրաստման ճիշտ ձևը: Հնդկահավի միսը չի կարելի խաշել. այդպես համեղ չէ: Անհրաժեշտ է այն տապակել կամ խորովել, կարելի է նաև շոգեխաշել տարբեր սոուսներում: Առավել գերադասելի է տամարինդով (կանաչ արմավով) պատրաստված սոուսը, որը, ի դեպ, իր թթվությամբ երեք անգամ գերազանցում է կիտրոնը: Հնդկահավը կարելի է համեմել սխտորով, լցոնել մակարոնի և խնձորի, խնձորի և բրնձի, կտրատած լյարդի, սրտի խառնուրդով…

Հավը ռազմավարական մթերք է Իսրայելում

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու Իսրայելում չկա ներկրված հավի միս` ո՛չ «Բուշի բդիկներ», ո՛չ «Պուտինի վզիկներ», ո՛չ «Լուկաշենկոյի սրունքներ»: Այսինքն` ընդհանրապես ՉԿԱ: Կարող եք համոզված լինել, որ եթե ինչ-որ մեկը ցանկանա հավի միս ներկրել Իսրայել, պարզապես թույլ չեն տա, որ այն մուտք գործի երկիր: Բանից պարզվում է` հավի միսը և ձուն, ինչպես նաև հացը և կաթը ռազմավարական մթերք են հանդիսանում. ինքներս ենք մեզ ապահովում: Ավելին` եթե մի օր Հայրենիքն ասի «Պե՛տք է», մենք առանց վարանելու 5-6 անգամ կավելացնենք դրանց արտադրությունը: Սակայն ի՞նչ գնով…

Այսօր մեր երկրում արտադրված հավի միսը և ձուն եվրոպականից թանկ են 3-4 անգամ: Նախ` կերը (հատիկը) մենք գնում ենք կանխիկ դրամով համաշխարհային բորսաներից, որտեղ գնորդների հանդեպ ամենևին էլ բարեխիղճ չեն: Երկրորդ պատճառը մսի և ձվի կոշերային լինելն է, ասել է թե՝ մսի կոմբինատում յուրաքանչյուր հավին մորթում է մսագործը՝ շոյխետը: Բանվորը նրան է մոտեցնում հավը, շոյխետը  բռնում է թռչնի թևերից, ինչպես ջութակը, և դանակի նրբագեղ շարժումով, ասես աղեղով, կտրում հավի քներակը: Սակայն հավի սիրտը շարունակում է բաբախել` մարմնից դուրս մղելով ամբողջ արյունը: Ապացուցված է, որ կոշերային մսի պիտանիության ժամկետն ավելի երկար է, քան սովորական մսինը:

Շոյխետին մատակարարվող հնդկահավերը կոնվեյերի վրա կախում են գլխիվայր. ութժամյա աշխատանքային օրվա ընթացքում 19 կիլոգրամանոց թռչուն բարձրացնելը կատակ բան չէ: Շոյխետների աշխատանքը բարձրացնում է հավի մսի գինը: Հնդկահավի միսը պատում են խոշոր աղի շերտով, թողնում 24 ժամ, այնուհետև լվանում 4˚C ջրով, չորացնում հատուկ խցերում և փաթեթավորում: Արդյունքում ապրանքի գինը թանկանում է։

Որպես ռազմավարական մթերք` հավն ու ձուն պահում են հսկա սառնարաններում։ Ռազմավարական մթերքն անընդհատ թարմացվում է: Ցանկացած պահի սառնարանների դռները կարելի է փակել՝ ներսում պահելով սննդամթերքի անձեռնմխելի պաշարներ, որոնցով, անհրաժեշտության դեպքում, կարելի է կերակրել ողջ երկիրը 6-8 ամիսների ընթացքում:

Կերի խնդիրն Իսրայելում

Համաշխարհային չորս ընկերությունների գենետիկները մշտապես ջանում են բարելավել թռչունների ցեղատեսակները և հասնում են իրենց նպատակին:

Մեր գիտնականների ձեռքբերումներից է ճտերի ճարպակալման խնդրի լուծումը: Բրոյլերը չպետք է լինի ճարպոտ. ճարպը խոտան է, որի պատճառով բարձրանում է մսի գինը, քանի որ գիրուկ հավը շատ է ուտում, իսկ ճարպը, միևնույն է, հարկ է լինում դեն նետել: Ի՞նչ է պետք անել, որպեսզի ամբողջ կերը կուտակվի ոչ թե ճարպային, այլ մկանային հյուսվածքում: Բանից պարզվում է՝ այդ հարցում մենք և հավերը շատ նման ենք. եթե երեխան մինչև հինգ տարեկանը գերսնման չենթարկվի, հավանականությունը, որ մեծ տարիքում նա կլինի բարեկազմ, շատ մեծ է:

Պլավնիկը փնտրեց և գտավ երեխայի 5 տարվան համարժեք ժամկետը հավերի համար. այն հավասար է 5 օրվան: Մաթեմատիկական հաշվարկները ցույց տվեցին, որ  մի քանի օրական ճտերի կերաբաժինը սահմանափակելու դեպքում նրանց մոտ կձևավորվեն քիչ քանակությամբ ճարպային բջիջներ, և մնացած կյանքի ընթացքում հավերը կկարողանան սնվել ըստ պահանջի, քանի որ ամբողջ կերը կկուտակվի մկաններում: Նման ճտերի կրծքամիսը 2%-ով ավելի շատ է կշռում` գերազանցելով  գիտնականների սպասելիքները:

Բարեկազմ ճուտիկների աճեցման այս եղանակը սկսեցին կիրառել աշխարհի շատ երկրներում: Միայն ԱՄՆ-ում այն թույլ տվեց տնտեսել տարեկան 1,5 միլիարդ դոլար:

Անհոգ և ուրախ հավեր

Իսրայելում գտնվող §Վուլկանիի¦ անվան ինստիտուտի լաբորատորիաներում կան կլիմայական խցեր, որոնք թույլ են տալիս մոդելավորել ցանկացած եղանակ: Կուզես, կհայտնվես Սահարայում, կուզես` Հյուսիսային բևեռում… Սակայն ինստիտուտի աշխատակիցները մտադիր չեն առանձին սենյակում Բահամյան կղզիների եղանակային պայմաններ ստեղծել: Նրանց ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է պետք անել, որ հավերն ապրեն ուրախ և անհոգ կյանքով: Պարզվում է` հավերի վրա ամենից շատ ազդում են թռչնանոցի օդային հոսանքները: Իսրայելում թռչնանոցները կառուցում են հետևյալ կերպ` պատերից մեկի վրա տեղադրվում են ներծծող պատուհաններ, որոնք փակվում են սպիտակ մանրաթելերով լցված թաց ներքնակներով, իսկ դիմացի պատի վրա ամրացվում են հզոր հովհարներ: Մեր գիտնականները հաշվարկել են, որ թռչնանոցի ջերմաստիճանը 32°C-ից բարձր չպետք է լինի: Նման պայմաններում առաջանում է օդի հոսանք, որը հովացնում է հավի` շոգից ցցված փետուրները և պաշտպանում նրան ջերմային հարվածից ու հետագա անկումից: Սակայն կարող է առաջանալ մեկ այլ խնդիր. քամին չպետք է ուժեղ փչի, հակառակ դեպքում հավը կմրսի և կսկսի ավելի շատ ուտել, իսկ դա ամենևին ձեռնտու չէ: Ուստի թռչնանոցում օդի հոսանքի ճշգրիտ արագության հստակ հաշվարկ է կատարվում: Արտաքին բարձր ջերմաստիճանի դեպքում այն պետք է կազմի 2մ/վրկ:

Այդուհանդերձ խնդիրը միայն քամին չէ: Հավի համար պակաս կարևոր չէ լույսը: Օրինակ` բրոյլերներին աճեցնում են շուրջօրյա լուսավորության պայմաններում: Դա արվում է հատուկ նպատակով, որպեսզի հավերը չքնեն, շատ ուտեն և արագ աճեն: Ածան հավերի դեպքում ավելի բարդ է. մատղաշ հավերը լույսը տեսնում են օրական 8 ժամ, հասուն հավերը` 16 ժամ: Այս ամենի նպատակը ֆոլիկուլների ճիշտ ձևավորումն է, քանի որ չափից շատ լույսի դեպքում կարող է զարգանալ դրանց այնքան մեծ քանակություն, որ ոչ մի բջիջ չի հասցնի հասունանալ:

Իսրայելում հավերը 500 օր շարունակ ձու են ածում, հետո հանգստանում են, ամբողջովին փոխում փետուրները, կենսացիկլը ու նորից սկսում ձու ածել: Հավի կյանքի ընթացքում նման փոփոխություններ տեղի են ունենում 2-3 անգամ, հետո հավերը դառնում են երշիկ կամ նրբերշիկ: Այդ 500 օրվա ընթացքում թռչունն ածում է 335 ձու: Համեմատության համար նշենք, որ Եգիպտոսում այդ նույն ցեղատեսակի արդյունավետությունն ընդամենը 260 ձու է:

Ո՞ր հավկիթն է համեղ

Թռչնաբույծների պնդմամբ` լորի ձվի չափազանց օգտակար լինելն առասպել է: Իրականում բոլոր ձվերը թե´ կազմությամբ, թե´ համով իրարից բացարձակապես չեն տարբերվում՝ լինեն հավի, հնդկահավի, կրիայի, կոկորդիլոսի կամ ջայլամի: Դրանք տարբերվում են միայն չափերով և պատրաստման եղանակով: Օրինակ` լորի գեղեցիկ բծավոր ձվերով կարելի է զարդարել տարբեր նրբընտիր ճաշատեսակներ: Դրանք կարելի է խաշել, հեռացնել կեղևը, մարինացնել և այդ վիճակում պահել մի քանի տարի` անհրաժեշտության դեպքում ավելացնելով աղցանների մեջ:

Իսկ Թաիլանդում հավի ձվերը պահում են կովի գոմաղբի մեջ: Նման բարձր ջերմաստիճանային պայմաններում ձուն եփվում է շուրջ կես տարի. սպի­տակուցը դառնում է սև, իսկ դեղնուցը` մուգ դարչնագույն: Թաիլանդցիներին այն հիացմունք է պատճառում, սակայն, ըստ իս, դա սովորական ձու է, որը գրեթե չի տարբերվում խաշածից: Թաիլանդցիների համար նրբահամ կերակուր է կոկորդիլոսի ձուն, որը եփվում է այն պահին, երբ փոքրիկ կոկորդիլոսը արդեն  պատրաստվում է դուրս գալ: Նրանք հաճույքով ուտում են և՛ փոքրիկ կոկորդիլոսը, և՛ այն, ինչ մնացել է ձվից:

Ջայլամի ձվից կարելի է ձվածեղ պատրաստել երեսուն մարդու համար. դրա քաշը 1800 գրամ է` հավի 60 ձվին համազոր: Այդ ձուն չի կարելի խաշել, այն երբեք չի եփվի: Պատճառը շատ հաստ կեղևն է (դրա հաստությունը 3 մմ է): Ջայլամի ձվի կեղևը կարելի է կոտրել միայն մուրճով:

Բնականաբար, ջայլամի և կոկորդիլոսի ձվերը հրեաների համար չեն, հատկապես` ավանդապաշտ հրեաների: Մեր թռչնաբույծները հազիվ են գլուխ հանում կոշերային մսից: Բոլորը հիշում են, թե ինչպես կենդանիների իրավունքների տեղացի պաշտպանները հիմնահատակ ոչնչացրին Իսրայելում սագի և բադի լյարդի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները: Իսկ այդ ոլորտում Իսրայելը ռեկորդային ցուցանիշներ գրանցեց ոչ թե կերակրման դաժան մեթոդներով, այլ սագերի և բադերի եզակի ցեղա­տեսակների ստեղծման շնորհիվ: Օրինակ` այդ սագերի լյարդը կշռում էր մոտ 1200 գրամ: Բացի այդ, պեկինյան և մուսկուսային բադերի  տրամախաչման արդյունքում ստացվել էին մուլարդներ, որոնց լյարդն` ի տարբերություն սագերի, ավելի էժան էր և ոչ պակաս որակյալ, իսկ ամենաարժեքավորը մարմարե, ճարպային բծավորումներով միսն էր: Սակայն Իսրայելում մուլարդների բուծումը նույնպես արգելվեց:

Լուծելով սագերի և դրանց լյարդի հարցը` իրավապաշտպանները սկսեցին պայքարել հավերի հոգատար պահպանման համար, ինչը նույնպես հանգեցրեց մսի թանկացման:

Ինչ արած, Չալ հավիկի, հնարամիտ թռչնաբույծների, պահանջկոտ սպառողի և կենդանիների մոլի պաշտպանների մասին իսրայելական իմ այս հեքիաթը այնքան էլ կարճ չստացվեց…:

 

 

Թարգմանիչ՝ Ցողիկ Պողոսյան

Հեղինակ՝ Յան Սմիլյանսկի

Աղբյուր՝ ԻՍՐԱԳԵՈ «Իսրայելի աշխարհագրական հանրությու» իսրայելական ամսագիր