«Նա երբեք չի խոսում «սեփական հաջողության» մասին, այլ խոսում է «բոլորիս նվաճումների մասին»:
Սոնենտոր թեյերի արտադրությունը սկիզբ է առել 1988 թվականին:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ավստրիացի մի ֆերմեր՝ Յոհաննես Գուտման անունով, որոշեց համագործակցել իր համայնքի ֆերմերների հետ և արտադրել բարձրորակ օրգանական ապրանք՝ ժպտացող արևի տարբերանշանով:
Գուտմանը մեծացել է ավստրիական Վալդիվերտել համայնքում՝ ֆերմերի ընտանիքում:
- Ես որոշել էի այլ ճանապարհ ընտրել և չզբաղվել գյուղատնտեսությամբ¦, – հիշում է հաջողակ գործարարը:
Սակայն ավարտական քննությունները հանձնելուց հետո Գուտմանը հասկացավ, որ մեծ քաղաքները չեն հրապուրում իրեն: Նա որոշեց մնալ իր հայրենի համայնքում և ինչ-որ նոր և կարևոր գործ ձեռնարկել: Սկզբում ընտանիքի և համայնքի անդամները ընդհանրապես իրատեսական չհամարեցին համանման տարբերանշանով օրգանական ապրանքների արտադրության գաղափարը: Սակայն Գուտմանը հավատարիմ մնաց իր որոշմանը: Նա ստեղծեց Սոնենտոր տարբերանշանը համապատասխան փաթեթավորմամբ և մեկնարկեց իր աշխատանքը օրգանական բույսերի շուկայում:
Հաջողության գաղտնիքը
- Ես հավատում էի իմ գաղափարին, և շուտով տարածաշրջանում բոլորը սկսեցին ճանաչել ինձ՝ կաշվե տաբատով տղային,-ասում է Գուտմանը, ով ավելի քան 25 տարի միևնույն տաբատն է կրում:
Այդ տաբատը նույնպես պատմություն ունի: Գուտմանը, որոշել էր տարբերվող հագուստներ գնել իր համար: Մի օր տան մառանում պատահաբար գտնում է իր հոր՝ 1950-ականներից մնացած կաշվե տաբատը: Այդ օրվանից նա կրում է այն, որը նաև դառնում է Գուտմանի տարբերանշանը:
Որոշ ժամանակ անց մեծ թվով ֆերմերներ սկսեցին հետաքրքրվել Սոնենտորի հետ հնարավոր համագործակցության հեռանկարով:
Այսօր կազմակերպության տարածքում ամենուր հնարավոր է տեսնել այն ֆերմերների անուններն ու նկարները, ովքեր ի սկզբանե հավատացել և աջակցել են Սոնենտորին կայացման գործում:
Գուտմանը երբեք չի խոսում «իր հաջողության» մասին, այլ խոսում է «մեր նվաճումների» մասին:
Սոնենտորն իր գործունեության առաջին իսկ տարում՝ 1988 թվականին, սկսեց համագործակցել հումք մատակարարող 3 ֆերմերի հետ:
Այսօր կազմակերպությունը համագործակցում է ավելի քան 150 ֆերմերի հետ և ունի 200-ից ավելի աշխատակից ինչպես Ավստրիայում, այնպես էլ այլ երկրներում գործող մասնաճյուղերում:
Սոնենտորի ապրանքատեսակները վաճառվում են ավելի քան 45 երկրում: Արտադրանքի ավելի քան 80 տոկոսը արտահանվում է: Սոնենտորի տեսականին բազմազան է: Այն ունի թեյեր, համեմունքներ, մեղր, սուրճ և այլն: Տարեկան շրջանառությունը գերազանցում է 50 մլն Եվրոն:
Յոհաննես Գուտմանը հավատացած է, որ իրենք օգտագործում են իրենց հնարավորությունների միայն 20 տոկոսը: Ու թեև դեռ շատ աճելու տեղ ունեն, այնուամենայնիվ նա մշտապես հավատարիմ է «Որակ և միայն հետո՝ քանակ» սկզբունքին:
Թիմային ոգին և կազմակերպության փիլիսոփայությունը
Սոնենտորը այսօր կարևոր գործատու է իր տարածաշրջանում: Աշխատակազմը կազմակերպության ամենաարժեքավոր ձեռքբերումն է: Կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների հմտությունների զարգացմանը:
Բացառիկ աշխատանքային պայմանները, անկախությունը, ազատությունն ու ժպիտը, ինչպես նաև հաճախորդների աննախադեպ սպասարկումը Սոնենտորի աշխատանքի անքակտելի մասն են կազմում:
Թիմի յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է կրում կազմակերպության հաջողության համար:
Սեր, հոգատարություն և բնություն
Սոնենտորի առանցքային գաղափարը գյուղացիական փոքր տնտեսություններին ցուցաբերվող աջակցությունն է: Այդ տնտեսությունները ավստրիական Վալդվիերտել համայնքի երկարամյա ավանդույթների կրողն են: Սա է այն բիզնես մոդելը, որը համարվում է Սոնենտոր բրենդի հաջողության գրավականը:
Սոնենտորի շնորհիվ այդ տարածաշրջանի ավելի քան 6-7 համայնքներ ապահովված են աշխատատեղերով և բարգավաճում են:
Սոնենտորը բնության պահպանության գաղափարին մշտատենչ նվիրման համար արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Այն արտադրում է միայն օրգանական բուսական թեյեր: Թիմի յուրաքանչյուր անդամ խորապես համոզված է, որ պատասխանատու է բնության պահպանման համար:
Որակի խստապահանջ կառավարման համակարգը կատարյալ արդյունք ստանալու գրավականն է: Ընդունելի է միայն լավագույն, ամենամաքուր և անբասիր որակը: Սոնենտորը զերծ է գունանյութերից, արհեստական հավելումներից և թունաքիմիկատներից: Նման նվիրման և համոզմունքների արդյունքում են ծնվում Սոնենտորի մաքուր, բնական համերով անկրկնելի թեյերն ու համեմունքները:
Սոնենտորի նշանաբանը՝ «Այսօր արևը կծագի քե՛զ համար» արտացոլում է այն մոտեցումը, որ կյանքը պետք է վայելել ժպիտով և միշտ ազնվորեն համագործակցել գործընկերների, աշխատակազմի և սպառողների հետ:
Սոնենտոր կազմակերպության անդամները, ովքեր այն սիրով անվանում են ընտանիք, հավատացած են, որ երջանիկ կյանքի լավագույն բաղադրատոմսի կրողը միայն բնությունն է:
Հեղինակ՝ Նաիրա Մկրտչյան
Ագրոբիզնեսի և մարքեթինգի բաժնի ղեկավար