Եվրամիությունը  լրջորեն մտահոգված է այն վերահաս բնապահպանական աղետով, որը սպառնում է շրջակա միջավայրին պոլիէթիլենային փաթեթների զանգվածային օգտագործման արդյունքում: Նյութը, որից պատրաստվում են այդ փաթեթները, ամբողջությամբ չի քայքայվում անգամ տասնամյակների ընթացքում եւ չափազանց վնասաբեր է բնության համար: Եվրամիության անդամ երկրներում կանաչների կուսակցությունները և բնապահպանական կազմակերպությունները, որոնց Եվրախորհրդարանը վերջերս օրենսդրական աջակցություն ցուցաբերեց, պայքար են ծավալում պոլիէթիլենի դեմ` կոչ անելով կտրուկ նվազեցնել դրա օգտագործումը:

Պոլիէթիլենը չի քայքայվում, այրման ընթացքում առաջանում է ածխաթթու գազ, ինչը հանդիսանում է միլիոնավոր թռչունների և ծովային կաթնասունների մահվան պատճառ

Պատմում է Լիտվայում §Ազատություն¦ ռադիոկայանի թղթակից Իրինա Պետերսը.

  • Ամենօրյա օգտագործման այս պարզունակ իրը` պոլիէթիլենային փաթեթը, դարձել է բոլորիս համար սովորական առարկա: Սակայն պարզվում է, որ կենցաղային թափոնների 10 տոկոսը և Խաղաղ օվկիանոսում կուտակված աղբի 90 տոկոսը կազմում են հենց պոլիէթիլենային փաթեթները: Վերջինս ամեն տարի դառնում է միլիոնավոր թռչունների և հարյուր հազարավոր ծովային կաթնասունների մահվան պատճառ, որոնք շնչահեղձ են լինում` կուլ տալով դրանք, կամ մահանում դրանցից զատվող թունավոր նյութերի ազդեցությունից: Պոլիէթիլենը չի քայքայվում, իսկ այրման ընթացքում առաջանում է ածխաթթու գազ: Համեմատության համար նշենք, որ թղթե փաթեթները քայքայվում են մի քանի ամսվա ընթացքում:

Այդուհանդերձ, կենցաղում մենք շատ ենք օգտագործում պոլիէթիլեն. այդ գույնզգույն թեթև փաթեթներն էժան են և տարողունակ, սակայն զանգվածային օգտագործման արդյունքում դառնում են բնապահպանական աղետի պատճառ: Պոլիէթիլենը ոչ միայն աղտոտում է շրջակա միջավայրը, այլև պատրաստվում է չվերականգնվող բնական նյութերից` գազից, ածխից և նավթից¦:

Եվրահանձնաժողովն ընդդեմ պոլիէթիլենի

Այս կապակցությամբ Եվրահանձնաժողովը որոշեց գործնական քայլեր ձեռնարկել: Եթե նախկինում ԵՏՀ-ում պոլիէթիլենի օգտագործումը սահմանափակող միջոցները հանձնարարական բնույթ էին կրում, հիմա արդեն Բրյուսելը կոշտ որոշում է ընդունել 4 տարի հետո դրա սպառումը կրճատել 50, իսկ 10 տարի անց` 80 տոկոսով: Ֆրանսիան մտադիր է երկու տարուց արգելել առևտրի ոլորտում պոլիէթիլենային փաթեթների զանգվածային օգտագործումը: Որպես այլընտրանք` Եվրահանձնաժողովն առաջարկում է գործածել միայն էկոլոգիապես մաքուր նյու­թեր, որոնք բնական պայմաններում ամբողջովին քայքայվում են:

Պատմում է Լիտվայի Սեյմի անդամ՝ կանաչների կուսակցության նախագահ Լինաս Բալսիսը.

  • Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել նախաձեռնությանը, որն առաջարկում է շեշտակիորեն կրճատել պլաստիկ, հատկապես բարակ փաթեթների կիրառումը: Վերջինն ամենից շատն է աղտոտում շրջակա միջավայրը: Պլաստիկ փաթեթների օգտագործման ծավալները զգալիորեն աճել են: Դրա վառ ապացույցն են ծովերում և օվկիանոսներում կուտակվող պլաստիկ փաթեթների կույտերը: Այդ երևույթը ստացել է §պլաստիկ ապուր¦ անվանումը: Ծովերում վնասաբեր թափոնների կուտակումների գերակշիռ մասը կազմում են պոլիէթիլենային փաթեթները. արդյունքում, գոյանում են յուրատեսակ պոլիէթիլենե կղզիներ, որոնք բացասաբար են ազդում շրջակա միջավայրի, բուսական և կենդանական աշխարհի վրա: Մարդկության համար սա շատ լուրջ խնդիր է, և դա է պատճառը, որ Եվրոպական հանձնաժողովը հավանություն տվեց Եվրախորհրդարանի §կանաչ ֆրակցիայի¦ անդամ Մարգրետա Ալկենի առաջարկին. մինչև 2019թ. 50, իսկ մինչև 2025 թվականը 80 տոկոսով կրճատել բարակ պոլիէթիլենային փաթեթների կիրառումը¦:

Պոլիէթիլենի սկիզբը

Սովորական պոլիէթիլենային փաթեթն առաջին անգամ արտադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1957 թվականին հացի, սենդվիչների և բանջարեղենի փաթեթավորման համար: 70-ականներին այդ փաթեթների քանակը հասավ 12 միլիոնի: Արևմուտքում դրանք առավել մեծ տարածում ստացան 80-ականներին, իսկ 1990 թվականին այն արդեն բնապահպանական լուրջ խնդիր էր: Այժմ շատ երկրներ ընդունում են, որ ապրանքի փաթեթավորման համար օգտագործվող պոլիէթիլենը աստիճանաբար պետք է փոխարինվի շրջակա միջավայրի համար անվտանգ այլ նյութերով: Պլաստիկ փաթեթները շատ հազվադեպ են վերամշակվում և սովորաբար դառնում են ընդհանուր աղբի մաս: Շատ երկրներում դրանք կարող են անգամ կոյուղու խցանման պատճառ դառնալ: Օրինակ` Բանգլադեշում պոլիէթիլենային փաթեթների պատճառով տեղի էին ունենում հեղեղումներ, քանի որ դրանք բառացիորեն խցանում էին դրենաժային համակարգը: Այսօր այդ երկրում դրանց զանգվածային օգտագործումը պարզապես արգելված է:

Եվրոպան պայքարում է

Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի իր միջոցները: Օրինակ, Անգլիայում խանութները փաթեթների վաճառքից գոյացած գումարը ներդնում են քաղաքային այգիների և պուրակների հիմնադրման մեջ: Բացի այդ, գնորդների համար կազմակերպում են տեղեկատվական միջոցառումներ` կոչ անելով օգտագործել էկոլոգիապես անվտանգ պայուսակներ: Դանիայում պլաստիկ փաթեթների համար սահմանում են բարձր հարկեր, ուստի յուրաքանչյուր բնակիչ ամբողջ տարվա ընթացքում ձեռք է բերում ընդամենը չորս մեկանգամյա օգտագործման փաթեթ: Եվրոպական Միությունում դա ամենացածր ցուցանիշն է: Իռլանդիայում  ևս պլաստիկ փաթեթների համար սահմանել են չափազանց բարձր հարկ, ինչը հանգեցրել է գնի էական աճի: Արդյունքում պոլիէթիլենային փաթեթի սպառումը նվազել է 94%-ով: Բնակչությունը հիմնականում օգտագործում է կտորե պայուսակներ: Ըստ եվրահանձնաժողովի` Եվրոպական Միության մեկ բնակչին տարեկան բաժին է ընկնում 190 պոլիէթիլենային փաթեթ, Լիտվայում` 290: Այդ առումով ռեկորդակիր են Լեհաստանը, Սլովակիան և Պորտուգալիան, որտեղ մեկ բնակիչը տարեկան օգտագործում է 400-ից ավելի պոլիէթիլենային փաթեթ:

Պոլիէթիլենային փաթեթները վերամշակման ենթակա չեն .

  • Լիտվան դասվում է այն երկրների շարքին, որտեղ պոլիէթիլենային փաթեթների օգտագործման քանակը գերազանցում է Եվրամիության միջին ցուցանիշը, – պատմում է Լինաս Բալսիլսը: – Այդ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար կան բոլոր հիմքերը, և մենք փորձում ենք կյանքի կոչել դրանք: Օրինակ, վարունգը կամ պղպեղը կարելի է տեղավորել բազմակի օգտագործման փաթեթի մեջ. միևնույն է, ուտելուց առաջ դրանք պետք է լվանալ: Իսկ ի՞նչ են անում մեր առևտրային կենտրոններում: Դրամարկղի մոտ կանգնած աշխատողը անվարան տեղավորում է բանջարեղենը պոլիէթիլենային փաթեթի մեջ, որը հաճախորդը տուն գնալուն պես նետում է աղբարկղը: Իսկ այն փաթեթները, որոնց մեջ դրվում են միսը կամ ձուկը, նույնիսկ վերամշակել չի կարելի. դրանք դառնում են թափոն և տեղափոխվում ընդհանուր աղբավայր: Նման դեպքերում պետք է օգտագործել թղթե փաթեթներ: Արդեն գոյություն ունեն տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հնարավոր է ստանալ կենսաբանորեն դեգրադացվող արտադրանք` փաթեթներ, բաժակներ, ափսեներ: Որպես հումք՝ օգտագործում են յուրատեսակ օսլայական զանգված, որը հետագայում հնարավոր է կոմպոստավորել: Այն ամբողջությամբ քայքայվում է` փոխակերպվելով պարարտանյութի:

Որոշ առևտրային կենտրոններում կարելի է տեսնել հետևյալ գովազդը՝ §Գնեք մեր՝ էկոլոգիապես անվտանգ, արագ քայքայվող փաթեթները¦: Դա բացարձակ խաբեություն է: Այդ փաթեթները փշրվում կամ կոտրվում են, սակայն նույն պլաստիկն են, որը վերամշակման ենթակա չէ: Այդ նյութը քայքայվում է հարյուրամյակների ընթացքում: Անհրաժեշտ է օգտագործել իրոք էկոլոգիապես մաքուր նյութից պատրաստված փաթեթներ¦:

Եվրամիության անդամ շատ երկրներում (հատկապես Ֆրանսիայում և Բելգիայում) չես գտնի այնպիսի պլաստիկ փաթեթներ, ինչպիսիք կարելի է ձեռք բերել Լիտվայի առևտրային կենտրոններում: Սկզբնական շրջանում այդ փաթեթները հնարավոր էր գնել, սակայն հետագայում դրանք իսպառ վերացան: Այժմ Բրյուսելում մարդիկ գնում են առևտրային կենտրոն` իրենց մոտ ունենալով բազմակի օգտագործման կտորե պայուսակ: Ոչ ոք չի դժգոհում նման փաստից:

Պլաստիկ փաթեթների վտանգը

Լիտվայում է գործում ամբողջ Եվրոպայի համար պլաստիկ փաթեթներ արտադրող խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Այստեղ են արտադրվում նաև առավել վտանգավոր` պոլիէթիլենային ամենաբարակ փաթեթները: Այդ գործարանը վստահաբար կարող է թողարկել կենսադեգրադացվող արտադրանք. պարզապես անհրաժեշտ է նորագույն տեխնոլոգիաներ կիրառել: Հարկավոր է կտրուկ նվազեցնել պլաստիկ փաթեթների գործածումը: Դա ուտոպիա չէ. այս նախաձեռնությունն իրապես կարելի է կյանքի կոչել: Պարզապես մենք` գնորդներս, պետք է կամ չօգտագործենք այդ փաթեթները, կամ օգտագործենք սահմանափակ քանակությամբ, ինչպես արվում է ամբողջ Եվրոպայում:

Գիտակցելով վտանգը, որը պոլիէթիլենը ներկայացնում է բնության համար, պլաստիկ փաթեթների եվրոպական արտադրողների ֆինանսական խմբի ներկայացուցիչներն այնուամենայնիվ հանդես եկան հայտարարությամբ: Մասնավորապես` §Պլաստիկս Յուրոփ¦ ընկերության գործադիր տնօրեն Կառլ Ֆերստերը հայտարարեց, թե §Պլաստիկ փաթեթների օգտագործման վրա արգելք դնելը բնապահպանական խնդրի լուծում չէ: Անհրաժեշտ է դրանք օգտագործել պատասխանատվությամբ: Եվրահանձնաժողովի նախաձեռնության արդյունքում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ որոշ երկրներ կարգելեն պոլիէթիլենի օգտագործումը, իսկ մյուսները` ոչ: Նման խառնաշփոթը կվնասի Եվրոպայում ապրանքների ազատ տեղաշարժին¦:

Եվրախորհրդարանի անդամ, Լիտվայում շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Վալենտինաս Մազուրոնիսը կարծում է, որ սա գլոբալ հիմնախնդիր է: Անհրաժեշտ է մշակել այլընտրանքային տարբերակներ, այլապես կվերածնվի խորհրդային ավանդույթը, երբ խանութում ծովատառեխը փաթաթում էին լրագրով: Կարելի է հարկել պոլիէթիլենային փաթեթների օգտագործումը, ինչը կտրուկ կնվազեցնի դրանց թիվը: Բոլոր նախաձեռնությունները պետք է մտնեն Խորհրդարան, և առևտրի ոլորտում աշխատողներից բացի, օրենքների մշակմանը պետք է մասնակցի ամբողջ հանրությունը:

Լուծում եվրոպական ձևով

  • Մաքսիմա ԼՏ¦ առևտրային ցանցի ներկայացուցիչ Ռենատա Սաուլինեն վստահ է, որ պետք է սահմանափակել պոլիէթիլենային փաթեթների օգտագործումը: Ըստ տվյալների` տարբերությունն արդեն զգալի է: Մարդիկ ավելի հոգատար են դարձել շրջակա միջավայրի նկատմամբ, նրանց անհանգստացնում են բնապահպանական խնդիրները: «Պոլիէթիլենի վաճառքի ցուցանիշները նվազում են, սակայն՝ սպասվածից ավելի դանդաղ: Երկու տարի առաջ մենք մի նախաձեռնություն իրականացրինք: Խանութների որոշ բաժիններում փակցրինք ցուցանակներ, որոնց վրա գրված էր. §Ձեզ իսկապե՞ս անհրաժեշտ է ևս մեկ փաթեթ¦: Արդյունքում դրանց սպառումը կրճատվեց 30 տոկոսով: Այս միջոցը շատ արդյունավետ է: Սակայն, եթե մեծ փաթեթները կարելի է փոխարինել այլ տարբերակով, ապա փոքրերը դեռևս այլընտրանք չունեն:

Վաճառողներն արդեն փոխում են իրենց համար սովորական դարձած սպասարկման ոճը և, օրինակ, մեկ կիտրոնը չեն տեղավորում փաթեթի մեջ: Շուրջ երեք հազար գանձապահ զգուշացվել են, որ միմյանցից առանձին անհրաժեշտ է փաթեթավորել միայն հեղուկ ապրանքները: Նրանք չպետք է տուրք տան հաճախորդի քմահաճույքին և չպետք է յուրաքանչյուր ապրանքատեսակ փաթեթավորեն առանձին տոպրակում:

Եվս մեկ չափազանց կարևոր դիտարկում: Շատերը, և դա հատկապես վերաբերում է երիտասարդներին, օգտագործում են սահմանափակ քանակությամբ պոլիէթիլենային փաթեթներ: Նույնիսկ միտում է նկատվում խանութ մտնել սեփական, ոչ պոլիէթիլենային փաթեթով: Այդ գունագեղ պայուսակները կրում են հիմնականում երիտասարդներն ու դեռահասները: Անչափ գովելի է, որ նոր սերունդը հոգ է տանում բնության մասին¦:

 

Թարգմանիչ՝ Ցողիկ Պողոսյան

Աղբյուր՝ §Ազատություն¦ ռադիոկայան