2014 թվականի հոկտեմբերի 10-30-ը Հայաստանում անցկացվեց գյուղատնտեսական համատարած հաշվառում (ԳՀՀ): Վիճակագիր-հաշվարարները տուն առ տուն հանդիպեցին գյուղատնտեսությամբ զբաղվողներին եւ հարցումներ անցկացրին հողերի, անասնագլխաքանակի, գյուղտեխնիկայի եւ շինությունների, առկա ներուժի եւ դրանց օգտագործման վերաբերյալ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) այժմ մշակում է հավաքագրված տվյալները, որոնք կհրապարակվեն ավելի ուշ: Վերջին անգամ Հայաստանում նման միջոցառում անցկացվել է 1920 թվականին, որի արդյունքները, թերևս, չհաջողվեց  գտնել: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես է այն իրականացվել հայ ժողովրդի համար այդ ծանր ժամանակահատվածում՝ բնաջնջումից մազապուրծ եղած բազմահազար գաղթականների առկայության, սովի, հիվանդությունների և պատերազմի պայմաններում: Տվյալների սակավությունը ևս մեկ պատճառ է էլ ավելի կարեւորելու 2014 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառումը՝ որպես երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ գործառույթ:

Ի՞նչ է գյուղատնտեսության հաշվառումը, ինչո՞վ է այն կարեւոր գյուղի համար, ինչպիսի՞ ընթացք ունի Հայաստանում. այս եւ այլ հարցերը պարզաբանելու նպատակով հանդիպեցինք Հայաստանում հաշվառման ծրագրի մասնակից մասնագետներին.

Գյուղատնտեսական համակարգի նոր դարաշրջան

Ինչո՞վ է կարեւոր այս միջոցառումը, որը, ի դեպ, բավականին լուրջ բեռ է թե՛ Հայաստանի պետբյուջեի, թե՛ միջազգային կառույցների համար, ի՞նչ է այն մեզ տալիս: Այն հավաստի տվյալներ է տրամադրում բոլոր հետքրքրված մարդկանց, արտադրողներին, առևտրային կազմակերպություններին, կառավարությանը, ինչը նպաստում է գյուղատնտեսության սեկտորի ավելի լավ կազմակերպմանը: Ճշգրիտ տվյալները ճիշտ որոշումներ կայացնելու գրավականն են, իսկ առանց համատարած հաշվառման ճշգրտության մասին խոսք լինել չի կարող: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ առաջին հաշվառման վիճակագրական արդյունքները կարող են 30%-ով տարբերվել մինչև այդ եղած տվյալներից:

Հաշվառման տվյալները կարեւոր են ոչ միայն հայաստանյան գործարարների եւ կառավարության, այլեւ արտասահմանյան դոնորների համար: Օրինակ, Եվրոպական Միությունը մոտ 25 միլիոն եվրո է ներդնում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար՝ ավելին, քան ԱՄՆ-ը, եւ նրանց պարզապես օդի պես անհրաժեշտ են ճշգրիտ տվյալները աջակցության ճիշտ քաղաքականություն մշակելու համար:

Գիտական հիմնարկներն ու բուհերը նույնպես այս նախաձեռնության շահագրգիռ կողմերից են: Հետազոտությունը անիմաստ է, եթե հիմվում է սխալ տվյալների վրա: Հաշվառման ընթացքում չօգտագործվող հողերի քանակի, հողի վարձակալության ծավալների եւ շատ այլ հարցերի մասին հավաքագրվող տեղեկությունը ռեալ հիմք կարող է հանդիսանալ կրթական ու գիտահետազոտական աշխատանքների համար:

 

Հաշվառումը նոր, հուսալի տեղեկատվական համակարգի միայն սկիզբն է

Այս ամենը ճիշտ է նաեւ ԱՄՆ-ի համար, որտեղ հաշվառումն անցկացվում է 5 տարին մեկ անգամ: Հայաստանում, ինչպես գրեթե ողջ աշխարհում, այն կանցկացվի 10 տարին մեկ անգամ: Թվում է՝ ճիշտ տվյալներ ունենալու համար թե՛ 5, թե՛ 10 տարին մեծ ժամանակահատված է, քանի որ տարեցտարի, ամսեամիս փոփոխվում են անասնագլխաքանակը, հողերի սեփականության կառուցվածքը, մշակաբույսերի բաշխումը եւ այլ ցուցանիշներ: Համատարած հաշվառումը սահմանում է բազային, ուղեցուցային ցուցանիշներ, իսկ հաշվառումների միջեւ ընկած ժամանակահատվածում կատարվում են տարբեր ոլորտների ընտրանքային հետազոտություններ, որոնց միջոցով իրականացվում են ընթացիկ ճշգրտումները: Հայաստանն այս գործընթացը նոր է սկսել, հաշվառումը միայն սկիզբն է նոր, ճշգրիտ, հուսալի տեղեկատվական համակարգի: Հաշվառումով սկսվում է գյուղատնտեսական համակարգի նոր դարաշրջան: Բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով եւ հիմա զգում են դրա առավելությունը: Հայաստանը նույնպես միանում է աշխարհին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նախատեսում է շարունակել գյուղատնտեսական վիճակագրության բարելավումը: Պարբերաբար իրականացվող համատարած հաշվառման համակարգը հիմնելուց հետո կբարելավվի նաեւ ընտրանքային հետազոտությունների ոլորտը, որտեղ նույնպես շատ անելիքներ կան:Վերջին 20 տարիների ընթացքում գրեթե բոլոր արեւելաեվրոպական ու նախկին խորհրդային երկրները համատարած հաշվառում են անցկացրել (օրինակ, Վրաստանը՝ 2004 եւ 2014 թվականներին, Ռուսաստանը՝ 2006 թվականին, Մոլդովան՝ 2012 թվականին): Նրանցից շատերն արդեն զբաղված են երկրորդ կամ երրորդ հաշվառման նախապատրաստական աշխատանքներով: Աշխարհը հասկացել է ճշգրիտ տվյալի  նշանակությունը, հասկացել է, որ այս միջոցառումը, որքան էլ աշխատատար ու ծավալուն է, ոչ թե ծախս է, այլ ներդրում: Այդ է պատճառը, որ ԱՄՆ-ն այն անցկացնում է ամեն 5 տարին մեկ անգամ: Այսպիսով, վերադառնալով վերոնշյալ հարցին՝ հարկ է նշել, որ թերևս դժվար է խոսել գյուղացու համար հաշվառման անմիջական օգուտի մասին: Այս տեսանկյունից այն գուցե առանձնակի կարեւորություն չի էլ ներկայացնում նրա համար, ասել է թե՝ գյուղացու բերքը դրանից չի աճում, կամ ծախսերն այս պահին չեն նվազում: Սակայն, որպես արդյունք, գյուղատնտեսության տարբեր բնագավառների մասին ստացված ճշգրիտ տվյալները հիմք են հանդիսանում կառավարության, դոնորների եւ հետազոտողների կողմից նպատակաուղղված և արդյունավետ աջակցության համար, ինչը եւ նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, օժանդակում գյուղի աշխատավորին: Ճշգրիտ տեղեկատվությունը ուժ է:       

Ամփոփ

Վիճակագրական նպատակով գյուղատնտեսական համատարած հաշվառումը գյուղմթերք արտադրող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համապետական համալիր միջոցառում է:

Այն ամբողջական տեղեկատվության աղբյուր է գյուղատնտեսության կառուցվածքի՝ գյուղատնտեսության նշանակության հողերի, ցանքատարածքների եւ այգիների, հողերի ոռոգման աղբյուրների եւ մեթոդների, բույսերի պաշտպանության մեթոդների եւ պարարտանյութերի, անասնագլխաքանակի, տեխնիկայի եւ շինությունների, առկա մարդկային եւ նյութական ներուժի վերաբերյալ:

Ներառվում է միայն գյուղատնտեսության արտադրական ներուժը:

Թողարկված գյուղատնտեսական արտադրանքը չի հաշվառվում:

Իրականացվում է զուտ վիճակագրական նպատակով 10 տարին մեկ անգամ: Տվյալները հավաքագրվում են մթերք արտադրողների անմիջական հարցմամբ՝ հարցաթերթիկների լրացման միջոցով:

Հարցմանը մասնակցելը պարտադիր է բոլոր մ­թերք արտադրողների համար: Պատասխանելով հարցերին՝ արտադրողներն օգնում են իրենք իրենց, իրենց համայնքներին եւ երկրի ողջ գյուղատնտեսությանը:

Համաձայն օրենքի՝ անհատական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է: Հավաքագրված տվյալներն անվանազերծվում են ու հրապարակվում միայն ամփոփ տեսքով:

Սա առաջին գյուղատնտեսական համատարած հաշվառումն է

ԱգրոՄշակույթ – Երկար սպասված գյուղատնտեսական համատարած հաշվառումը (ԳՀՀ) մեկնարկեց: Մենք գիտենք, որ վերջերս իրականացվեց տվյալների հավաքագրման կարևոր փուլը: Ընտանիք առ ընտանիք հարցազրույց վարելը հեշտ չէ: Ինչպիսի՞ն էր գյուղացիների պատրաստակամությունը հարցերին պատասխանելիս:

Վարդան Գեւորգյան – Առաջին երկու-երեք օրերին հարկադրված էինք որոշակի դժվարություններ հաղթահարել, մասնավորապես՝ քաղաքաjին բնակավայրերում: Սակայն հետագայում աշխատանքները հունի մեջ ընկան եւ էական դժվարություններ չունեցանք: Ի վերջո սա առաջին գյուղատնտեսական համատարած հաշվառումն էր:

ԱՄ.–Այսպիսի միջոցառումներին նախորդում է քարոզարշավ, երբ հանրությանը ներկայացվում է նպատակը, մարդկանց տրվում է հարցերի ու մտահոգությունների պատասխան, օրինակ՝ անհատական տվյալների գաղտնիության, հաշվառման անհրաժեշտության եւ այլնի մասին: Ինչպե՞ս էր կազմակերպվել քարոզարշավը, եւ արդյոք ԳՀՀ-ի ժամանակ դրա արդյունքներն արդեն շոշափելի՞ էին:

ՎԳ.–Նախքան տվյալների հավաքման դաշտային աշխատանքների սկսելը՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ղեկավարները՝ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամներ Գագիկ Անանյանը, Գագիկ Գևորգյանը, ՀՀ ԱՎԾ գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության և աշխատակազմի աշխատակիցների հետ այցելել են երկրի բոլոր մարզեր, հանդիպել մարզպետներին և համայնքների ղեկավարներին, որոնց ներկայացվել է ԳՀՀ նպատակները, դրա իրականացման անհրաժեշտությունը և այլն:

Համեմատաբար կարճ ժամանակահատվածում իրականացրինք բավականին հաջողված քարոզարշավ՝ շեշտադրելով նաեւ Ձեր նշած անհատական տվյալների գաղտնիությունն ու բացատրելով ԳՀՀ-ի անհրաժեշտությունը: Մենք կիրառեցինք քարոզարշավի տարբեր միջոցներ՝ թողարկվեցին ԳՀՀ տարբերանշանով գլխարկներ, բաժակներ, տեղեկատվություն պարունակող էջանիշեր, բուկլետներ, պաստառներ, գովազդային մագնիսներ, հեռարձակվեց հեռուստագովազդ 10 հեռուստաընկերությունների միջոցով, ռադիոգովազդ, գովազդային հաղորդում, գլխավոր մայրուղիներում տեղադրվեցին ցուցանակներ: Օգտագործեցինք նաև ԳՀՀ ֆեյսբուքյան էջի հնարավորությունը: Քարոզարշավի ամբողջ ընթացքում իրենց դերը խաղացին նաև հաղորդագրությունները թերթերում, ԳՀՀ վարչությունում սահմանված հերթապահությունը և գործող թեժ գիծը: Հաշվառման ժամանակ գոհունակությամբ արձանագրեցինք, որ մարդիկ հիմնականում տեղյակ էին ԳՀՀ-ի մասին: Սա այս ամբողջ նախապատրաստական լարված աշխատանքի արդյունքն էր: Որոշ մարդիկ նույնիսկ իրենց տուն §ուշ¦ այցելելուց վիրավորվում էին:

Մարդահամարն  ու գյուղհաշվառումը երկվորյակներ են՝ արտաքինից նման, էությամբ խիստ տարբեր

ԱՄ. – ԳՀՀ-ից ուղիղ մեկ տարի առաջ անցկացվեց փորձնական հաշվառում, որի միտումն է նախoրոք հայտնաբերել եւ շտկել թերությունները: Սա շատ կարեւոր միջոցառում է. Ռուսաստանն այն նույնիսկ երկու անգամ անցկացրեց նախքան հիմնական հաշվառումը: Ի՞նչ խնդիրներ բացահայտվեցին, եւ արդյոք հաջողվե՞ց դրանք շրջանցել ԳՀՀ-ի ժամանակ:

ՎԳ. – Միանգամայն ճիշտ դիտարկում է: Փորձնական ԳՀՀ-ի ժամանակ հիմնականում փորձարկել ենք հաշվառման մեթոդաբանական ցուցումները և հարցաթերթիկի կենսունակությունը իրական պայմաններում: Ի հայտ եկած որոշ հարցեր լրամշակվել են նախքան հիմնական հաշվառումը, այնպես որ վերջինի ժամանակ օգտագործել ենք բարելավված տարբերակը: Այսպես, հիմնական ԳՀՀ-ի ժամանակ ավելի քիչ թվով հարցեր են ներառվել հարցաթերթում, որովհետև փորձնականը ցույց տվեց, որ որոշ հարցեր երկրորդական են եւ չեն համապատասխանում ԳՀՀ-ի իրական նպատակներին: Փորձնականի ժամանակ նաև խնամքով քրոնոմետրաժ անցկացրինք. փորձարկեցինք հարցազրույցների միջին տևողությունը և այլն:

ԱՄ. – Գիտենք, որ համայնքներում տվյալ­ներ հավաքվեցին բոլոր գյուղա­ցիական տնտեսություններից: Քաղաքաբնակները նույնպես զբաղվում են գյուղատնտեսությամբ, օրինակ, ունեն քաղաքամերձ հողամասեր կամ այգիներ անիջապես քաղաքում, կամ էլ կենդանիներ են պահում: Նրանք ե՞ւս ներգրավվեցին հաշվառման մեջ:

ՎԳ.–Գյուղատնտեսական համատարած հաշվառումն ընդգրկեց գյուղական համայնքների տնտեսությունները և գյուղատնտեսությամբ զբաղվող իրավաբանական անձանց, իսկ քաղաքային համայնքների և այգեգործական ընկերակցությունների անդամ տնային տնտեսությունների դեպքում կիրառեցինք ընտրանքային սկզբունքը: Ինչպես նշեցի մեր զրույցի սկզբում, առաջին մի քանի օրերին մեզ վիճակվեց որոշ դժվարություններ հաղթահարել: Դրանք հիմնականում վերաբերում էին քաղաքային համայնքներում ընդգրկված տնային տնտեսություններին: Մարդիկ մի պահ դժվարանում էին հասկանալ, թե, որպես քաղաքաբնակ, ինչ կապ ունեն գյուղհաշվառման հետ, սակայն լրացուցիչ բացատրական աշխատանքների շնորհիվ խնդիրը հարթվեց:

ԱՄ.–Դուք ունեք նաեւ Հայաստանում մարդահամարի անցկացման հարուստ փորձ: Ինչո՞վ է տարբերվում ԳՀՀ-ն մարդահամարից:

ՎԳ.–Լավ հարց է: Խաղաղ պայմաններում իրականացվող գյուղատնտեսական համատարած հաշվառումը համազգային ամենամեծ միջոցառումն է մարդահամարից հետո: Մարդահամարը հիմնականում հիմնվում է մարդկային ներուժի հաշվառման վրա, այն բնակչության սոցիալ-ժողովրդագրական տվյալների զուտ վիճակագրական հավաքագրումն է: Մինչդեռ գյուղատնտեսական համատարած հաշվառումը գյուղատնտեսության ամբողջ կառուցվածքի զուտ վիճակագրական տվյալների համընդգրկուն հավաքումն է: Գոյություն ունի նաև շահերի տարբերություն: Ես մարդահամարն ու գյուղատնտեսական համատարած հաշվառումը սիրում եմ համեմատել այն երկվորյակ եղբայրների հետ, որոնք արտաքինից շատ նման են, սակայն ներքին էությամբ` խիստ տարբեր:

ԱՄ. – Ե՞րբ կհրապարակվեն արդյունքները:

ՎԳ.–Տվյալների մշակման փուլից հետո, որը բավականին ժամանակատար և աշխատատար գործընթաց է, գյուղատնտեսական համատարած հաշվառման նախնական արդյունքները կհրապարակվեն 2015թվականի վերջին, իսկ վերջնական արդյունքները` 2016-ի չորրորդ եռամսյակում:

Հարցազրույցները վարեցին՝

Սոս Ավետիսյան՝ ԱՀԿՄԿ հանրային կապերի մասնագետ,

Լևոն Գյուլխասյան՝ Գյուղատնտեսության զարգացման մասնագետ