Կաթնատու տավարի նախրում առողջ վերջույթներով կովեր ունենալը ֆերմայի կայուն կառավարման նախապայմաններից է: Դրա շնորհիվ ավելանում է ֆերմերի եկամուտը: Առողջ վերջույթները դրականորեն են անդրադառնում նաև կովի բարեկեցության վրա:
Կաթնային տավարաբուծությամբ զբաղվող հոլանդացի ֆերմերները վստահ են, որ վերջույթների առողջությունը նույնքան կարևոր է, որքան կուրծի առողջությունը: Անցկացված հարցումների ժամանակ մասնակիցների 41%-ը նշել է, որ վերջույթների առողջությունն ամենակարևոր խնդիրն է, որի վրա ֆերմայում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Դրա մասին նշվել է նույնքան անգամ, որքան նշվել է կուրծի առողջության մասին: Ֆերմերները կարծում են, որ դա ավելի մեծ խնդիր է, քան կենդանու ստերջ լինելը, կենդանու ընդհանուր առողջությունը կամ հետծնին առնչվող խնդիրները: Հատկանշական է, որ այդ նույն հարցումների արդյունքում պարզվել է, որ ֆերմերները կարծում են, թե այլ ֆերմաների համեմատ իրենց ֆերմայում կովերի վերջույթների հետ կապված խնդիրներն այնքան էլ շատ չեն: Սակայն իրականությունն այլ է: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ֆերմերների կեսից ավելին գրանցումներ չի կատարում իր տնտեսությունում առկա վերջույթների խնդիրների վերաբերյալ, ինչը նշանակում է, որ նրանք բավարար պատկերացում չունեն խնդրի ծավալների մասին:
Վերջույթների առողջությունը խիստ կարևոր է կաթնային անասնապահությամբ զբաղվող տնտեսության համար: Նիդերլանդների կառավարությունը, §Grip op Klauwen¦ (թարգմանաբար՝ §Առանձնահատուկ ուշադրություն կճղակներին¦ խմբ.) ծրագրի շրջանակներում, միտված է բարելավել կովերի կճղակների և ոտքերի առողջությունը: Եթե կովն առողջ է, ապա դրանից շահում է ֆերմերը: Կաթնային անասնապահությամբ զբաղվող ֆերմայում հնարավոր է բարելավել կովերի վերջույթների վիճակը, եթե ֆերմերը, անասնաբույժը, կճղակների ֆունկցիոնալ մշակում իրականացնող մասնագետը և կերակրման մասնագետը սերտորեն համագործակցեն միմյանց հետ: §Grip op Klauwen¦ ծրագիրը Խոշոր եղջերավոր կենդանիների կճղակների մշակման ասոցիացիայի» և §Ֆերմաների աջակցության ծառայությունների¦ համատեղ նախաձեռնությունն է: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող այնպիսի կազմակերություններ, ինչպիսիք են ZITO-ն, LTO-ն և NOORD LLTB-ն նույնպես մասնակցում են այս նախաձեռնությանը: Գործընկերները, միավորելով իրենց ուժերը KNMcD անասնաբուժական կազմակերպության հետ, փորձում են բարելավել կենդանիների վերջույթների առողջությունը: Ըստ §Grip op Klauwen¦ ծրագրի՝ նոր գիտելիքները, գործիքները և փորձը անհրաժեշտ է գործնականում կիրառել ֆերմաներում: Ծրագրին ֆինանսապես աջակցում են Կաթնային անասնաբուծության խորհուրդը և Էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագրի կառավարումն իրականացվում է ZLTO-ի կողմից:
Կճղակների տարատեսակ ֆունկցիոնալ խանգարումներ
Կարելի է տարբերակել կճղակների մի քանի ֆունկցիոնալ խանգարումներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բնորոշ ախտանիշները: Ստորև ներկայացված է դրանց ընդհանուր նկարագիրը: Խիստ կարևոր է ժամանակին ստուգումներ իրականացնել և գրանցումներ կատարել:
Կարևոր է, որ կճղակների խնդիրները հայտնաբերվեն վաղ շրջանում: Կճղակների առողջական վիճակը ստուգելու լավագույն ժամանակը կճղակների ընդհանուր ֆունկցիոնալ մշակման շրջանն է, սակայն ստուգումներ կարելի է իրականացնել նաև մշակումների միջև ընկած ժամանակահատվածում: Որքան վաղ հայտնաբերվի վարակը, այնքան բուժումն ավելի արդյունավետ կլինի: Հետևաբար անհրաժեշտ է պարբերաբար ստուգումներ իրականացնել՝ բարձրացնելով կենդանու ոտքերը և համապատասխան գրանցումներ կատարելով:
ԱՆՎԱՆՈՒՄԸ | Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՆԿԱՏԵԼ | ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ |
Ներբանի արյունազեղում | Թեթևակի կաղություն | Արյունազեղում ներբանի հատվածում |
Միջկճղակային դերմատիտ | Կանգնելիս կովը ոտքերն իրարից հեռու է դնում | Թաց էկզեմա, խորդուբորդկտրվածքներ կրնկային հատվածում |
Մորտելարոյի հիվանդություն մոշանման դերմատիտ/ (կճղակային դերմատիտ) | Թույլից մինչև խիստ կաղություն, կովը կանգնում է կճղակի ծայրի վրա | Մոշանման գոյացություն հիմնականում հետին վերջույթների ստորին հատվածի մաշկի վրա |
Սպիտակ գծի հիվանդություն | Թույլից մինչև խիստ կաղություն | Արյունազեղումներ սպիտակ գծի վրա |
Կոշտուկ | Միջկճղակային հատվածում առաջանում է կոշտուկ | Կոշտուկի առաջացում |
Քրոնիկ կաղություն (լամինիտ) | Տեղաշարժվելիս ցավում է, կճղակի վրա խորդուբորդ եղջրային գոյացություններ կան | Եղջյուրի գերաճ |
Միջկճղակային վարակ | Սուր արտահայտված կաղություն | Այտուց պսակի վերևի հատվածում |
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԳՈՐԾՈՆՆԵՐԻՆ
Կճղակների խնդիրները կանխելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեք գործոնի՝ կճղակի որակը, կճղակների ծանրաբեռնվածությունը և շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունների հնարավոր նվազեցումը:
- Կճղակի որակը
Կճղակի որակի վրա մեծ ազդեցություն ունի կերակրումը և կենդանու կողմից ընդունվող կերի քանակը: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կճղակներին ծնից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում (անցումային ժամանակահատված), քանի որ այդ ժամանակ կովերի մոտ հաճախ են առաջանում կճղակների հետ կապված խնդիրներ:
- Կճղակների ծանրաբեռնվածությունը
Եթե կովերն ապահովված լինեն պառկելու համար նախատեսված փափուկ, հարմարավետ տարածքով, ապա նրանք կարող են պառկել օրական 12-15 ժամ: Անդադար 1 ժամ կանգնած մնալը (կամ օրական 2¼ ժամ) չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում կճղակի վրա:
- Շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունների նվազեցումը
Առողջ վերջույթներ ունենալու համար կարևոր նախապայման է չոր և մաքուր միջավայրը: Ջուրը և կեղտոտ միջավայրը՝ օրինակ ամոնիակի և ջրածնի սուլֆատի առկայությունը, կարող են կճղակների վարակների պատճառ դառնալ:
Ժառանգականությունը
Բուծման աշխատանքների շնորհիվ հնարավոր է բարելավել ինչպես վերջույթների, այնպես էլ կճղակների առողջությունը: Արտադրող ցլի ընտրություն կատարելիս բուծում իրականացնող բազմաթիվ մասնագետներ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում «ոտքեր և կճղակներ» կառուցվածքային առանձնահատկության ցուցիչին: Կան նաև ցլեր, որոնք սերմնավորման ժամանակ, գենետիկորեն ազդելով, կարող են զգալիորեն բարելավել կովերի վերջույթների վիճակը:
Կճղակների յուրաքանչյուր հիվանդություն տարբեր կերպ է զարգանում: Ներբանի խոցի դեպքում այն զարգանում է չափազանց արագ, իսկ սպիտակ գծի ժամանակ՝ ավելի դանդաղ: Ժառանգականության գործոնը ցույց է տալիս, թե կճղակների խանգարումներից որոնք է հնարավոր առավելագույնս շտկել բուծման միջոցով: Ամփոփելով կարելի է ասել, որ ներբանի խոցի պարագայում ժառանգականությունը 0.15% է, հետևաբար բուծման շնորհիվ հնարավոր է զգալիորեն բարելավել վիճակը:
Կճղակների խանգարումներ
Կճղակների խանգարումներ | Ժառանգականություն |
Ներբանի արյունազեղում | 0.09% |
Մորտելարո (կճղակային դերմատիտ) | 0.12% |
Միջկճղակային դերմատիտ | 0.14% |
Ներբանի խոց | 0.15% |
Կոշտուկ | 0.14% |
Սպիտակ գիծ | 0.04% |
Կերակրում
Կենդանու կերակրումը մեծ ազդեցություն ունի եղջյուրի որակի վրա: Նյութափոխանակության խանգարումների պատճառով կարող է առաջանալ ներբանի արյունազեղում և լամինիտ: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել հետևյալի վրա.
– խուսափել ացիդոզից (նյութափոխանակության խանգարում)
-խուսափել կերաբաժնի մեջ սպիտակուցների չափից շատ քանակության առկայությունից (միզանյութը 20-25)
– ապահովել համապատասխան քանակությամբ թաղանթանյութ
– ապահովել համապատասխան հանքանյութեր (Zn, Mn, Cu)
Արածեցումը
Արածեցումը նպաստում է կաթնատու կովերի կճղակների առողջությանը: Կճղակների վարակիչ բնույթի խանգարումները, ինչպիսիք են խոցը և մորտելարոն (Mortellaro), ավելի հաճախ հանդիպում են անասնաշենքում, որտեղ վարակի տարածման համար պայմաններն ավելի բարենպաստ են: Ժամանակակից ազատ պահվածքի անասնաշենքերում հատակի մակերեսը սովորաբար համեմատաբար կոշտ է, ինչը կարող է հանգեցնել ծնկների և ցատկիչ հոդերի վրա վնասվածքների և վերքերի առաջացմանը: Կճղակների ֆունկցիոնալ խանգարումները և ոտքերի վնասվածքները, որոնք առաջացել են ժամանակի ընթացքում և ավելի բարդացել՝ մսուրային պահվածքի շրջանում, կարող են վերականգնվել, եթե կենդանիներն ունենան նորմալ արածելու հնարավորություն:
Անասնաշենքային պայմանները
Վերջույթների վրա ազդում են անասնաշենքի հետ կապված հետևյալ գործոնները.
– Հատակը պետք է լինի հարթ և ոչ սայթաքուն: Պառկելու համար կովերը պետք է ունենան մաքուր լայնարձակ տարածք: Փոքր կացոցներում (առանց կապ բոքսային պահվածքի դեպքում) շատ դժվար է նստած վիճակից վեր կենալը, ինչը նպաստում է ծնկային հոդերի այտուցի առաջացմանը:
-Անհրաժեշտ է խուսափել անասնաշենքը գերբնակեցնելուց (գերբնակեցնել նշանակում է անասնաշենքում ունենալ ավելի շատ կովեր, քան կացոցների թիվն է)
– Անասնաշենքը պետք է մշտապես լավ օդափոխվի: Կովերն ավելի ակտիվ են դառնում, երբ օդը թարմ է, իսկ տարածքը՝ չոր: Կացոցներն անհրաժեշտ է մաքրել օրական երկու անգամ: Մաքուր և չոր կացոցներում մանրէներն ավելի քիչ են ազդում կճղակների վրա: Այն անասնաշենքերում, որտեղ գոմաղբը մաքրվում է գոմաղբաքերիչով (սկրեպեր), և որոնք ունեն օդափոխության լավ համակարգ, կովերի վերջույթները մնում են չոր, կարծրանում են և ավելի քիչ են ընկալունակ լինում վարակների նկատմամբ:
– Եթե կացոցներում ամեն օր փռվի չոր և մաքուր ցամքար, ապա կովերն իրենց ավելի հարմարավետ կզգան, և կնվազի նրանց սայթաքելու հավանականությունը: