Գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումը բարձրահարկ շենքերում, այլ ոչ բաց գրունտի վրա, կօգնի կրճատել ջրի և հանածո վառելիքի oգտագործման քանակը, ազատվել հոսքաջրերից, ինչպես նաև թարմ մթերքներով ապահովել մեծաքանակ բնակչությանը:

Մեր երկրագնդի 6.8 միլիարդ բանկչությանը գյուղատնտեսական մթերքներով ապահովվող հողերի ընդհանուր մակերեսը հավասար է Հարավային Ամերիկայի տարածքին: Ըստ ժողովրդագրագետների կանխատեսումների` 2050 թվականին երկրագնդի բնակչության թիվը կհասնի մինչև 9.5 միլիարդի: Գյուղատնտեսության ներկայիս արտադրողականության պայմաններում մարդկությանն անհրաժեշտ կլինի մշակել ևս 0.85 մլրդ. hա (որը հավասար է Բրազիլիայի տարածքին): Սակայն, յուրացման համար այդ քանակությամբ նոր հողեր պարզապես գոյություն չունեն: Այս պարագայում ինչպե՞ս չհիշել մեծ գրող Մարկ Տվենի խոսքերը. §Գնե′ք հող, այն այևս չի արտադրվելու¦:

Գյուղատնտեսության ոլորտում ոռոգման կարիքների համար օգտագործվում է քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարների 70%-ը, որը թունաքիմիկատներով, պարարտանյութերով, հերբիցիդներով ու տիղմով աղտոտվելուց հետո դառնում է խմելու համար ոչ պիտանի: Զարգացման ժամանակակից միտումների պայմաններում անհնար է պահպանել խմելու ջրի մաքրությունն առանձին վերցված խիտ բնակեցված տարածաշրջաններում: Գյուղատնտեսության ոլորտում օգտագործվում է նաև վառելիքի հսկայական քանակություն, օրինակ՝ ԱՄՆ-ում սպառվող բենզինի և դիզելային վառելիքի ընդհանուր քանակության 20%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: Անկասկած, մեզ նախ և առաջ անհանգստացնում է ջերմոցային էֆեկտը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ սննդամթերքի գինը ներառում է նաև վառելիքի ծախսը: Այդ պատճառով 2005-2008թթ. սննդամթերքի գները շատ երկրներում աճեցին կրկնակի անգամ:

Որոշ գյուղատնտեսներ համոզված են, որ այդ խնդրի լուծումն արտադրության ինտենսիֆիկացումն է, որն այսօր արդեն կիրառվում է բարձր մեքենայացված գյուղատնտեսական արտադրական միավորումների կողմից: Եթե անգամ նշված առաջարկը կյանքի կոչվի, ապա լավագույն դեպքում այն կարող է տալ միայն կարճաժամկետ արդյունք, քանի որ արագ կլիմայական փոոխությունները հանգեցնում են գյուղատնտեսական նշանակության հողերի կառուցվածքի փոփոխության։

Ավելին, եթե շարունակենք մասսայական անտառահատումների հաշվին ստեղծել նոր գյուղատնտեսական նշանակության նոր հողատարածքներ, ապա գլոբալ տաքացումը կուժեղանա աղետալի արագությամբ: Իսկ դաշտերից ու անասնապահական տնտեսություններից ջրահեռացման ծավալների ավելացումը կարող է հանգեցնել §մեռյալ ջրային գոտիների¦ առաջացմանը, երբ գետաբերանների մեծ մասը, և նույնիսկ օվկիանոսի մի մասը, կարող են վերածվել անպտուղ թունավորված ջրային տարածքների (ակվատորիաների):

Նշված խնդիրներն առայժմ տագնապի տեղիք չեն տալիս, սակայն, անորակ սննդի պատճառող առաջացած հիվանդությունները ամբողջ աշխարհում մեծ թվով մարդկանց մահվան պատճառ են դարձել: Այդ հիվանդություններից են սալմոնելոզը, խոլերան, Escherichia coli հարուցիչով պայմանավորված աղիքային ինֆեկցիաները, դիզենտիրիան: Այս ցուցակը բնավ սպառիչ չէ:

Ամփոփ

  • Գյուղատնտեսությունը կործանիչ ազդեցություն է գործում շրջակա միջավայրի վրա և արդեն իսկ առկա է վարելահողերի պակաս 9.5 մլրդ. մարդու կերակրելու համար (ակնկալվում է, որ երկրագնդի բնակչության թիվը 2050թ. կկազմի 9.5 մլրդ մարդ.):
  • Ապակեպատ բարձրահարկ շենքերում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումը հնարավորություն կտա շեշտակի կրճատելու հանածո վառելիքի այրման արտանետումները և կրկին օգտագործելու քաղաքային հոսքաջրերը, որոնք այսօր աղտոտման աղբյուր են հանդիսանում:
  • Քաղաքային մեկ թաղամասի տարածքին հավասար 30-հարկանի ջերմատունը կարող է ապահովել նույնքան արտադրանք, որքան ստացվում է 970հա հողի մշակությունից, ընդ որում, առաջին դեպքում արտադրանքի հետագա փչացման ցուցանիշն ավելի ցածր կլինի:
  • Նախագծելով փորձնական ուղղահայաց ֆերմաներ` ամբողջ աշխարհում քաղաքաշինարարները հաշվի են առնում ժամանակակից այն ջերմոցների շահագործման փորձը, որտեղ հիդրոպոնիկա է կիրառվում:

Ակնհայտ է, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Մեկ ռազմավարական տեղաշարժը կարող է լուծում տալ գրեթե բոլոր թվարկած խնդիրներին․ /փակ գրունտում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցում խիստ վերահսկողության ներքո՝ ուղղահայաց կառուցված տնտեսություն/։ Ներկայումս քաղաքային ազատ տարածքներում կառուցվող բարձրահարկ շենքերում, և մասնավորապես դրանց տանիքներում տեղադրված բազմահարկ ջերմատներում, մշակվող բույսերը կարող են կլոր տարին ապահովել սննդամթերք` ծախսելով անհամեմատ քիչ քանակությամբ ջուր, նվազեցնելով թափոնների ծավալը և կրճատելով վարակիչ հիվանդությունների  ռիսկեր: Ընդ որում, այդ տնտեսություններում չի լինի հանածո վառելիքով աշխատող սարքավորումների և հեռավոր ֆերմաներից արտադրանքի տեղափոխման համար տրանսպորտային միջոցների կարիք: Ուղղահայաց տնտեսությունները կարող են հեղափոխություն կատարել մեր սննդակարգում և ծառայել ապագա աճող բնակչության կարիքներին: Տեղերում արտադրվող սննդամթերքը կարող է նույնիսկ ավելի համեղ լինել:

Աշխատանքային պլանը, որը ես մտադիր եմ ներկայացնել, առաջին հայացքից կարող է անհավանական թվալ: Սակայն, մանրազնին ուսումնասիրելով անհրաժեշտ տեխնոլոգիաները` ճարտարագետները, քաղաքաշինարարները, գյուղատնտեսները համոզված են, որ ուղղահայաց տնտեսությունները ոչ միայն հնարավոր են, այլև անհրաժեշտ:

Մի՛ վնասիր

Սննդի աճեցումն այն հողի վրա, որը երբեմնի ծածկված է եղել կուսական անտառներով ու տափաստաններով, սպանում է մեր մոլորակը, գործի դնելով մեր տեսակի անհետացման գործընթացը: Մարդիկ պարտավոր են գոնե կատարել այն նվազագույն պահանջը, որ բժիշկների լեզվով հնչում է այսպես. §մի՛ վնասիր¦: Տվյալ դեպքում խոսքը երկրագնդին վնաս չհասցնելու մասին է։

Կլիմայական փոփոխությունների դանդաղեցման ամենահեշտ և կարճ ուղին այն է, որ մշակվող հողերին հնարավորություն տրվի վերադառնալու իրենց բնական վիճակին՝ ծածկվելու խոտով կամ անտառով։ Բնական էկոհամակարգերը բնականորեն շրջակա օդից կլանում են ջերմոցային էֆեկտի առաջացման մեծ ազդեցություն ունեցող ածխաթթու գազը։ Անհրաժեշտ է հանգիստ թողնել բիոսֆերան և նրան մոլորակը բուժելու հնարավորություն տալ։

Հայացք դեպի ապագան

Մի շարք պատճառներով մոլորակի անընդհանտ աճող բնակչությունն այսօր ունի գյուղատնտեսության կազմակերպման այլընտրանքային մեթոդների կարիք: Իսկ միթե՞ քաղաքային երկնաքերերը ճիշտ ընտրություն են:

Մասամբ այո, քանի որ փակ գրունտի պայմաններում բերքի արտադրությունը հետզհետե համատարած բնույթ է կրում: Ամբողջ աշխարհում հաջողությամբ կիրառվում են երեք տեսակի ագրոմեթոդներ` կաթիլային ոռոգում, աէրոպոնիկա (օդային մշակույթ) և հիդրոպոնիկա (ջրային մշակույթ): Կաթիլային ոռոգման դեպքում բույսերը արմատակալում են թեթև, երկարատև օգտագործման համար նախատեսված իներտ նյութերից (օրինակ` վերմիկուլիտ) պատրաստված տեփուրներում, իսկ բույսից-բույս ձգվող և յուրաքանչյուր բույսի ցողունի հիմքի մոտ բերված բարակ խողովակները կաթիլ-կաթիլ մատակարում են սննուցող լուծույթը: Այդպիսով, վերանում է մեծ քանակությամբ ջրի օգտագործման անհրաժեշտությունը, որն իզուր ծախսվում է ոռոգման ավանդական ձևերի ժամանակ: Աէրոպոնիկայի մեթոդի կիրառման ժամանակ ¥մեթոդը մշակվել է 19822. Ք.Թ. Հյուբիկի կողմից, իսկ այնուհետև կատարելագործվել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) գիտնականների կողմից) բույսերը գտնվում են ջրի գոլորշիներով և սննդարար նյութերով հագեցած օդում կախված վիճակով, որի հետևանքով վերանում է հողի անհրաժեշտությունը:

Ժամանակակից հիդրոպոնիկայի ստեղծումը վերագրում են 1929թ.-ին գյուղատնտես Վիլյամ Ջերիքի (William F. Gericke) կողմից մշակված մեթոդին: Բույսերի արմատները տեղադրվում են անհող կիսախողովակներում, որոնց միջով շրջանառվում է սննդարար լուծույթը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Խաղաղ Օվկիանոսի հարավային կղզիներում հիդրոպոնիկա մեթոդի կիրառմամբ ստացվել է մոտ 4 հազ. տոննա բանջարեղենի բերք, որը մատակարարվել է դաշնակից պետությունների բանակին: Այսօր, հիդրոպոնիկա կիրառող ջերմոցների առկայությունը հաստատում է փակ գրունտում բուսաբուծության հիմնական կանոնների արդիականությունը. պետությունը ողջ տարին  ապահովված է բերքով  , աղետալի երաշտներն ու ջրհեղեղները չեն ազդում բերքի վրա,  մշակաբույսերի աճի և հասունացման համար իդեալական պայմանների շնորհիվ ապահովվում է առավելագույն բերք, մարդու պաթոգեն ազդեցությունը հասցվում է նվազագույնի:

Ամենակարևորն այն է, որ հիդրոպոնիկան հնարավորություն է տալիս ընտրել բերքի աճեցման վայրն անկախ բնակլիմայական պայմաններից (հողի կառուցվածք, տեղումներ, օդի ջերմաստիճան): Փակ տնտեսությունները կարող են տեղակայվել ամենուր, որտեղ կա ջրի և էներգիայի համապատասխան մատակարարում: Հիդրոպոնիկա մեթոդը կիրառող մեծ չափի ջերմոցները շահագործվում են Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Դանիայում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում և այլ երկրներում: Ամենավառ օրինակը Արիզոնա անապատային նահանգի §Յուրոֆրեշ Ֆարմզ» (Eurofresh Farms) տնտեսություններն են, որոնք զբաղեցնում են 128.79 հա տարածք և շուրջտարի արտադրում են մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ և բիբար:

Ջերմոցների մեծ մասը տեղադրված է գյուղական և քաղաքային հողերի սահմանագծին, որտեղ միշտ կարելի է գտնել ազատ հողատարածքներ` չափավոր գներով: Երկար տրանսպորտային փոխադրումներն ազդում են սննդամթերքի գնի վրա, պահանջում են վառելիքի ծախս, ուղեկցվում են ածխաթթու գազի արտանետումներով և զգալի վնաս են հասցնում բնությանը: Ջերմոցային տնտեսության տեղափոխումը դեպի քաղաքային բնակավայրերի ավելի բարձր շինությունները կօգնի վերացնել նշված խնդիրները: Ես պատկերացնում եմ շինություններ (հավանաբար, 30 հարկանի) որոնք զբաղեցնում են մի ամբողջ թաղամաս: Այդպիսի մաշտաբների դեպքում ուղղահայաց տնտեսությունները խոստանում են դառնալ իրապես կայուն քաղաքային կյանքի օրինակներ. կենցաղային հոսքաջրերը կփոխակերպվեն ոռոգման ջրերի, ընդ որում, պինդ թափոնները` սննդի համար ոչ պիտանի բույսերի մասերը հետ միասին կայրվեն, իսկ այրման արդյունքում ստացվող գոլորշին կպտտեցնի էլեկտրաէներգիա արտադրող արտուրբինները, իսկ ստացված էլեկտրաէներգիան կմատակարարվի ջերմոցներ: Փակ գրունտում արդի տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է մշակել սննդի համար պիտանի բույսերի լայն տեսականի: Հարևանությամբ գործող ակվակենտրոններում հնարավոր կլինի նաև բուծել ձուկ ու խեցգետին

Սկզբնական հետազոտությունների համար հատկացվող սուբսիդիաները և պետության կողմից ֆինանսավորվող գիտահետազոտական կենտրոնների ստեղծումն այն ուղիներից մեկն է, որը սկիզբ կդնի ուղղահայաց տնտեսությունների ներկայացմանը:  Համալսարանների և հայտնի ընկերությունների ( օր.՝ Cargil, Mwnsanto, Archer Daniels Midland և IBM) համատեղ աշխատանքը նույնպես կարող է հզոր խթան հանդիսանալ: Նշված մոտեցումներից ցանկացածի իրականացման համար կպահանջվի գործի դնել գյուղատնտեսական, տեխնիկական, ճարտարապետական և գիտակրթական հաստատությունների հսկայական գիտական ներուժը, ինչպես նաև հիմնել փորձնական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրը կլինին 5-հարկանի շենքի բարձրությամբ և կզբաղեցնի 0.5 հա տարածք: Այդպիսի հրապարակներում բուհերի շրջանավարտները, գիտաշխատողները և նախագծողները կկարողանան իրականացնել սկզբնական փորձարկումները` նախքան լրիվ հզորությամբ շահագործվող տնտեսությունները հանրությանը ներկայացնելը: Կարելի է նաև փորձարկումները կատարել ավելի համեստ մակերեսով տարածքում, օրինակ` բնակելի շենքերի, հիվանդանոցների և ուսումնական հաստատությունների տանիքներում: Գիտահետազոտական աշխատանքների համար արդեն իսկ ստեղծվել են համապատասխան հարմարություններ Կալիֆորնիայի Դեվիսի համալսարանում, Ռութգերսի համալսարանում, Պենսիլվանիայի նահանգային համալսարանում, Միչիգանի նահանգային համալսարանում, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի մի շարք բուհերում: Ամենահայտնի փորձարարական հրապարակներից է Արիզոնայի համալսարանին կից Ջին Ջիակոմելլիի (Gene Giacomelli) ղեկավարությամբ գործող Գյուղատնտեսական կենտրոնը։

Սննդի արտադրության ինտեգրումը քաղաքային կյանքին հսկայական քայլ է՝ ուղղված քաղաքների կայուն զարգացմաը: Կսկսեն զարգանալ արտադրության նոր ճյուղեր, ինչպես նաև կհայտնվեն քաղաքի համար միագամայն նոր մասնագիտություններ՝ ջերմատների ծառայողներ, բուսաբույծներ, բերք հավաքողներ: Եվ բնությունը կկարողանա կրկին §արթնանալ¦, իսկ սովորական ֆերմերներն ուրախ կլինեն զբաղվել ծառերի և խոտի աճեցմամբ` իրենց ներդրումը կատարելով CO2 գազի արտանետումների կրճատման գործում: Վերջում, պատկերն ամբողջականացնելու համար, հարկ է նշել, որ ընտրովի ծառահատումները կդառնան փայտավերամշակման արդյունաբերության նորմ, համենայն դեպս ԱՄՆ-ի արևելյան մասում:

Գործնական խնդիրներ

Վերջին ժամանակներս ես մարդկանց հաճախ եմ պատմում ուղղահայաց ջերմոցների մասին։ Նրանք ինձ հիմնականում տալիս են  գործնական նշանակության երկու հարց: Հոռետեսները հարցնում են նման ծրագրի իրականացման տնտեսական կողմի մասին՝ հաճախ հաշվի առնելով անշարժ գույքի բարձր գինն այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Չիկագոն, Լոնդոնը և Փարիզը: Առևտրի կենտրոնները, թերևս, չափազանց թանկ կլինեն, սակայն յուրաքանչյուր մեծ քաղաքում կան ծրագրերի կարիք ունեցող բազմաթիվ ոչ այնքան գրավիչ վայրեր, որոնք կարող են լավ եկամուտ բերել:

Պարզ թվաբանությունը, որը հաճախ օգտագործվում է որպես ուղղահայաց տնտեսությունների գաղափարի հակափաստակ, իրականում օգնում է ապացուցել դրա կենսունակությունը: Մանհեթենում տիպային թաղամասը զբաղեցնում է մոտ 2 հա տարածք: Այդ պարագայում քննադատները նշում են, որ 30–հարկանի շենքի ընդհանուր տարածքը (որը պիտանի կլինի ուղղահայաց տնտեսության համար) կկազմի 60 հա, որն ամենևին էլ մեծ չէ` սովորական խոշոր ֆերմայի տարածքի համեմատությամբ: Սակայն չմոռանանք, որ ջերմոցում բերքն ապահովվում է շուրջտարի: Սալաթում օգտագործվող բոլոր բաղադրիչներն, օրինակ, կարելի է հավաքել յուրաքանչյուր վեց շաբաթը մեկ։Նույնիսկ դանդաղ աճող այնպիսի մշակաբույսերը, ինչպիսիք են եգիպտացորենը կամ ցորենը (հասունացումը տևում է երեքից չորս ամիս` ցանքից մինչև բերքահավաքը), կարող են տարվա ընթացքում տալ երեքից-չորս անգամ բերք: Բացի այդ, հարկ է նշել, որ ՆԱՍԱ-ի համար մշակված եգիպտացորենի գաճաճ սորտը զբաղեցնում է շատ ավելի փոքր տարածք, քան սովորական սորտերը, և նրա բարձրությունը հասնում է 60- 90սմ: Ցորենի գաճաճ սորտի բարձրությունը նույնպես ցածր է, սակայն այն առանձնանում է իր սննդարար բարձր հատկություններով: Այսպիսով, բույսերը կարող են տնկվել ավելի խիտ և ապահովել կրկնակի բերքի ստացում մեկ միավոր մակերեսից: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հիդրոպոնիկ մեթոդով աճեցվող գաճաճ մշակաբույսերը տնկվում են բազմահարկ շերտերում: Հիդրոպոնիկայի մեթոդով որոշ բույսերի մշակության համար արդեն իսկ օգտագործվում են մեխանիկական տնկիչներ:

Եթե հանրագումարի բերենք վերոնշյալ բոլոր գործոնները, ապա կստանանք հետևյալ պատկերը.  ուղղահայաց ջերմոցի յուրաքանչյուր հարկում մենք կունենանք չորս սեզոնային բերք, բույսերի տնկման կրկնակի խտություն և տնկված բույսերի երկու մակարդակ: Ընդհանուր գործակիցը կկազմի 16 (4 x 2 x2): Հետևաբար, 30-հարկանի շենքը, որը զբաղեցնում է մեկ թաղամասի չափ տարածք, կարող է տարեկան մեզ տրամադրել 960 հա (30 x 2 x 16) տարածք: Նմանապես, 1 հեկտարը հիվանդանոցի կամ դպրոցի տանիքում, ընդամենը մեկ հարկի օգտագործման հաշվարկով կարող է վերածվել սննդամթերք տրամադրող 16 հեկտարի: Բնականաբար, հետագայում աճը կարող է արագացվել 24-ժամյա լուսավորության միջոցով, սակայն դեռևս մենք այս հնարավորությունը հաշվի չենք առնում:

Ամեն տարի երաշտներն ու ջրհեղեղները շատ երկրների զրկում են բերքից. դրանց հետևանքները տեսանելի են, օրինակ, ԱՄՆ-ի միջին արևմտյան շրջաններում: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավաքված բերքի 30%-ը կորչում է պահեստավորման և բեռնափոխադրման ընթացքում` փչացման և վնասատուների պատճառած վնասների հետևանքով: Քաղաքային ֆերմաներում հնարավոր կլինի խուսափել այդ կորուստների մեծ մասից, քանի որ արտադրանքը, ի հաշիվ մասսայական պահանջարկի, անմիջապես կվաճառվի տեղերում: Չպետք է մոռանալ նաև, որ այս դեպքում մենք ազատվում ենք բաց դաշտերի հետ կապված հիմնական խնդիրներից` պարարտանյութերի կորուստ  (ջրի միջոցով), այրված նյութերի արտանետումներ, բնական բուսականության ոչնչացում:

Երկրորդ հարցը, որն ինձ հաճախ տալիս են, վերաբերում է մեծ ուղղահայաց ֆերմաների էներգա- և ջրամատակարարման արդյունավետությանը: Այս առումով, ֆերմաների գտնվելու վայրը որոշիչ է (ինչպիսի˜ անակնկալ): Իսլանդիայի, Իտալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կալիֆորնիայի, ինչպես նաև Արևելյան Աֆրիկայի որոշ շրջաններում տեղակայված ուղղահայաց տնտեսությունները կունենան առավելություններ` ստանալով գեոթերմալ էներգիա: ԱՄՆ-ի հարավարևմտյան անապատների, Միջին Արևմուտքի, Կենտրոնական Ասիայի մի շարք շրջաններում կառուցման ամենաօպտիմալ եղանակը կունենա հետևյալ տեսքը. երկու կամ երեք հարկանի ջերմոցներ, ամենայն հավանականությամբ, 50-ից 100 մետր լայնությամբ և 1.5 կմ երկարությամբ, որպեսզի առավելագույնս օգտագործվի արևի լուսավորությունը բույսերի աճի և էներգիայի փոխակերպման համար: Միջին Արևմուտքի մերձափնյա շրջաններում, որտեղ անընդհատ քամիներ են փչում, կօգտագործվի քամու էներգիան: Էլեկտրաէներգիայի ստացման համար  բույսերի մնացորդները կայրվեն կամ կփոխակերպվեն կենսավառելիքի:

Հարկ է հաշվի առնել ևս մեկ արժեքավոր ռեսուրս, որը սովորաբար անտեսվում է։Մարդիկ զգալի ջանք և միջոցներ են ծախսում, որպեսզի անվնաս եղանակով ազատվեն դրանից: Ես նկատի ունեմ կենցաղային հեղուկ թափոնները: Նյու-Յորքից ստացվում է 4 մլրդ խմ3 կենցաղային ջուր (կոյուղաջրեր): Քաղաքը հսկայական միջոցներ է ծախսում դրանց առաջնային մաքրման վրա, որից հետո այդ ջրերը թափվում են Հուդզոն գետը: Սակայն վերամշակված ջրերով հնարավոր է ոռոգել ուղղահայաց ջերմոցները, իսկ վերամշակման պրոցեսում առաջացած երկրորդային պինդ նյութերը կարելի է այրել: Կալորիմետրիկ խցիկում այրելիս 250գր արտաթորանքից ստացվում է 300 կիլոկալորիա: Արտարկելով այս տվյալները Նյու-Յորքի 8 մլն բնակրության վրա, տեսականորեն, միայն կենցաղային թափոններից կարելի է տարեկան ստանալ 100 մլն կվտ/ժ էներգիա, որը կբավարարի չորս 30-հարկանի ֆերմաների կարիքները: Նման եղանակով վերամշակման արդյունքում կենսական թափոնները քաղաքային տնտեսությունների գործունեությունը կդարձնեն առավել արդյունավետ:

Սկզբնական ներդրումները բավականին մեծ կլինեն։Անհրաժեշտ կլինի փորձարարական եղանակով պարզել, թե ինչպես կարելի է ինտեգրել տարբեր համակարգերը: Այդ իսկ պատճառով, նոր տեխնոլոգիաների փորձարկման համար անհրաժեշտ կլինի կառուցել ոչ մեծ տնտեսություններ: Տեղում վերականգնվող էներգիայի արտադրությունը հազիվ թե ավելի թանկ լինի, քան օրգանական վառելիքը, որն օգտագործում են հերկող, ցանող և բերքահավաք գյուղատնտեսական մեքենաները: Ավելին, այդ մեքենաների շահագործման արդյունքում արտանետում են թափոններ և ջերմոցային գազեր: Քանի դեռ գործնականում մենք չենք շահագործում ուղղահայաց ջերմոցները, առայժմ վաղ է խոսել դրանց շահութաբերության մասին: Հաջորդ նպատակը` մթերքների գների նվազեցումը սուպերմարկետների գների համեմատ։ Տեղում աճեցված արտադրանքը այլ վայր տեղափոխման կարիք չի լինելու

Բաղձալի երազանք

Հինգ տարի է անցել այն պահից, երբ ես առաջին անգամ հրապարակեցի ուղղահայաց ֆերմաների վերաբերյալ որոշ մտքերս և նախնական գծագրերը իմ կայքում (www.verticalfarm.com): Այդ պահից ի վեր` ճարտարապետները, ճարտարագետները, նախագծողները և առաջատար կազմակերպությունները սկսեցին ավելի ու ավելի շատ ուշադրություն դարձնել տվյալ նախագծին: Այսօր, նախագծի կողմնակից են շատ ներդնողներ, քաղաքապետներ և քաղաքաշինարարներ՝ հստակ և աներկբա արտահայտելով իրենց հետաքրքրությունը բարձրահարկ ֆերմաների կառուցման գործում: Ինձ արդեն դիմել են նախագծողներ Նյու-Յորքից, Պորտլենդից, Օրեգոնից, Լոս-Անջելեսից, Լաս-Վեգասից, Սիեթլից, Սուրեյից, Բրիտանական Կոլումբիայից, Տորոնտոյից, Փարիզից, Բանգալորից, Դուբայից, Աբու-Դաբիից, Ինչխոնից, Շանհայից և Պեկինից: Իլինոիսի տեխնոլոգիական ինստիտուտը ներկայում զբաղված է Չիկագոյի համար մանրակրկիտ պլանի մշակման աշխատանքներով:

Այդ բոլոր մարդիկ գիտակցում են, որ մենք պետք է գործի անցնենք, որպեսզի գալիք սերնդին ապահովենք սննդամթերքով: Նրանք առաջադրում են դժվար հարցեր արժեքի, ներդրված կապիտալի շահութաբերության նորմայի, ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործման, ինչպես նաև ակնկալվող բերքի ծավալների վերաբերյալ: Նրանց անհանգստացնում են հետևյալ հարցերը` կառուցվածքների հենասյուների հետագա վիճակը, որոնք ժամանակի ընթացքում խոնավ օդի պայմաններում կենթարկվեն կոռոզիայի, այն հզորությունները, որոնք անհրաժեշտ կլինեն դեպի այդ շինությունների տարբեր հատվածները ջուրը և օդը մղելու համար, ինչպես նաև արտադրության ծավալների աճով պայմանավորված տնտեսումը: Այդ և այլ հարցերին մանրամասն պատասխաններ տալու համար ճարտարագետները, գյուղատնտեսները, փակ գրունտի մասնագետներըև գործարարները պետք է մեծ աշխատանք կատարեն: Առաջադեմ ինժեներները և տնտեսագետները հավանաբար կցանկանային արդեն իսկ սկսել համապատասխան հաշվարկների կատարման աշխատանքները:

Կայքի շնորհիվ, ուղղահայաց ջերմացային տնտեսության կառուցման նախաձեռնությունը հասանելի է դարձել հանրությանը: Այդ նախաձեռնության հաջողությունը կամ ձախողումը կախված է ինչպես այն անձանցից/կազմակերպություններից, որոնք կստանձնեն փորձնական ուղղահայաց տնտնեսության կառուցումը, այնպես էլ այն հանգամանքից, թե որքան ժամանակ և ջանք կպահանջվի նախաձեռնության իրականացման համար: Ասվածի հիմնավորման վառ օրինակ է տխրահռչակ §Բիոսֆերա-2¦ փակ էկոհամակարգի նախագիծը, որը մեկնարկել էր 1991թ.-ին և իրենից ներկայացնում էր Տուսոնի (Արիզոնա նախանգ) մոտ գտնվող հերմետիկ շենքերի ցանց և, որտեղ երկու տարի շարունակ ապրում էին ութ բնակիչներ:  Նախագծի հիմքում ընկած էր վիթխարի կոնսրուկցիա և այն, նախքան շահագործելը, փորձարարական եղանակով չէր հիմնավորվել: Նշված նախագծի վերանայման բոլոր իրավունքներն այսօր պատկանում են Արիզոնայի նահանգային իշխանություններին:

Ուղղահայաց տնտեսությունների կառուցման գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ նախագծողները չկրկնեն վերոնշյալ և այլ ոչ գիտական ծրագրերի սխալները: Սակայն կա մի հուսադրող փաստ․ Լոնդոնում տեղակայված միջազգային  §Արուպ¦ (Arup) ճարտարապետանախագծային ընկերության էկոլոգիական ծրագրերի առաջատար մասնագետ և գլոբալ պլանավորման բաժնի ղեկավար Փիթեր Հեդի խոսքերով` քաղաքում մեծ չափերի արդյունավետ ուղղահայաց տնտեսություն կառուցելու համար նոր տեխնոլոգիաների կիրառում չի պահանջվում: Էնտուզիաստներից շատերը կհարցնեն. §Այդ դեպքում ինչի՞ն ենք սպասում¦: Այս հարցը, ցավոք չունի միանշանակ պատասխան:

 

Ռուսերենից թարգմանեց՝ Գայանե Պետրոսյանը

  • В МИРЕ НАУКИ¦, [01] հունվարի, 2010թ.

Դիքսոն Դեպոմյե (Dickson Despommier).

 Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, միկրոկենսաբանության և առողջապահության մասնագետ,

 «Ուղղահայաց ֆերմաներ» Ծրագրի նախագահ։

Ծրագիրն իրականացնում է նախագծային

աշխատանքների տեղեկատվական կենտրոնի գործառույթները(www.verticalfarm.com)