Երիտասարդ տնտեսվարող Էդգարը, ով ապրում է Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղում, բուծում է հարյուր գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ամռանը նա իր կենդանիներին պահում է սարում, ստացած կաթը մշակում է, պանիր ստանում: Էդգարն ասում է, որ նախկինում իրենց տնտեսության համար անհրաժեշտ բոլոր պարագաները գնում էին քաղաքից, ինչը և՛ ժամանակ, և՛ գումար էր խլում. «Հիմա ավելի հեշտացել է գյուղացու գործը, հատկապես մերը: Քաղաք գնալու փոխարեն Ճամբարակ ենք գնում ու Անասնաբուժական սպասարկման կենտրոնից մեզ անհրաժեշտ դեղը, պանրի պարկը, գույները, պեպսինն ու մնացած նյութերը գնում ենք քաղաքի գներով: Եթե չենք կարողանում գործերը թողնել գնալ, Ազատին ենք խնդրում. նա իր մեքենայով մեզ է հասցնում»: Էդգարը նաև զբաղվում է խոզաբուծությամբ՝ բուծելով հիսուն գլուխ խոզ: Այդ հարցում նրան օգնում է կինը՝ Աննան: «Որ ինքը սարում էր, ես էի գիշերը ժամերով հսկում մարի խոզին, որ ապահով ծնի,- ժպիտով պատմում է Աննան»: Էդգարը ցանկանում է խոզերի ցեղը բարելավել, քանի որ ներազգակցական զուգավորման պատճառով խոճկորները թերաճ են, չափսերով փոքր ու թվով քիչ են ծնվում: «Լսել եմ, որ խոզերի արհեստական սերմնավորում կա. կուզեի, որ մեզ մոտ էլ լիներ, ցեղը լավացնեինք»,-ասում է նա: Ճամբարակից 10 կմ հեռավորությամբ գտնվող Աղբերք համայնքում նույնպես անասնապահությունը գյուղացու հիմնական զբաղմունքն է: Համայնքի բնակիչ Վարուժան Զախարյանը անում է հնարավորը` իր տնտեսությունը զարգացնելու համար: Պարբերաբար այցելում է իրենց գյուղին ամենամոտ Անասնաբուժական սպասարկման կենտրոն, այնտեղից գնում և՛ դեղորայք, և՛ ստանում անհրաժեշտ խորհրդատվություն: «Այստեղից առևտուր անելը ավելի ձեռնտու է, քան Երևան հասնելը, իսկ Ճամբարակում գործող մյուս դեղատների համեմատ այստեղ դեղորայքն ավելի էժան է,-ասում է Վարուժանը և ավելացնում, – բացի դեղ վաճառելուց, Ազատը նաև բացատրում է, ներկայացնում՝ ինչպես պետք է օգտագործենք, ինչ պայմաններում խնամենք կենդանուն, որ շուտ առողջանա: Երբեմն էլ մենք ժամանակ չենք ունենում, որ մնանք, լսենք. մեզ տեղեկատվական գրքույկներ է տալիս, որ կարդանք»: Ֆերմերը ցանկանում է փոխել իր կովերի ցեղը, որպեսզի դրանք ավելի խոշոր ու կաթնատու դառնան: «Եթե կաթի գները ցածր են, աշխատանքիդ արդյունքը չի երևում: Մի ժամանակ պանիր էլ էի արտադրում, բայց շուկա չկար. դադարեցրի: Հիմա միայն կաթն եմ հանձնում: Մինչև վերջերս 100 դրամով էին տանում կաթը, հիմա նոր 130 դրամ է դարձել: Մեր գործը սպասարկման կենտրոնի շնորհիվ բավականին հեշտացել է, եթե կաթի գինն էլ նորմալ լինի, մեր աշխատածի արդյունքը կունենանք»,-ասում է Վարուժանը:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Անասնաբուժական սպասարկման կենտրոնը, որի մասին նշում են ֆերմերները, սպասարկում է 16 համայնք և 725 շահառու: Կենտրոնը համագործակցում է Աղբերք, Դրախտիկ, Մարտունի, Գետիկ, Շորժա, Վահան, Թթուջուր, Այգուտ համայնքների և Ճամբարակ քաղաքի ֆերմերների հետ: Կենտրոնի գործունեությունը մեկնարկել է 2015թ. նոյեմբերի 28-ից՝ ամսական միջինում ունենալով 500 հաճախորդ: Այն Գեղարքունիքում գործող երրորդ նմանատիպ կենտրոնն է, որն իրականացնում է գյուղատնտեսական տեխնիկայի, սարքերի, գործիքների և նյութերի վաճառք, մատուցում է անասնաբուժական և անասունների արհեստական սերմնավորման ծառայություններ, գյուղացիական տնտեսություններին տրամադրում անվճար խորհրդատվություն և այլն:
Կենտրոնի տնօրեն Ազատ Խաչատրյանը, ով մասնագիտությամբ անասնաբույժ է և գյուղատնտեսական ոլորտում երկար տարիների փորձ ունի, կարևորում է այն հանգամանքը,
որ կենտրոնների շնորհիվ ներսից են ուսումնասիրվում և գնահատվում ոլորտի կարիքները, մշակվում լուծման ուղիները:
«Տակառի անցքերը ներսից են երևում,-ասում է կենտրոնի տնօրենն ու հավելում,- այն, ինչ այսօր խորհուրդ եմ տալիս գյուղացուն, սեփական փորձից ելնելով եմ ասում՝ ի հավելումն իմ ունեցած մասնագիտական տեղեկությունների»: Իր աշխատանքի ընթացքում Ա. Խաչատրյանն արդեն նկատել է դեղորայքի չգիտակցված օգտագործման դեպքեր, որոնք կարող են մարդու առողջության վրա ազդել. «Այս ընթացքում կենտրոն հաճախող ֆերմերների մոտ նկատել եմ մեծ չափաքանակով հակաբիոտիկների անտեղի օգտագործում, որը մթերքի միջոցով կարող է անցնել մարդու օրգանիզմ և հետագայում հակաբիոտիկներով բուժման ժամանակ խնդիր առաջացնել: Նման դեպքերում խորհուրդ եմ տվել կենդանու առողջական վիճակը վերականգնել միայն կերակրման և խնամքի բարելավմամբ՝ խուսափելով նման դեղորայքի օգտագործումից»: Նա հավելում է նաև, որ կան սեզոնային պրոֆիլակտիկ միջոցառումներ` կենդանիների դեհելմինտացիա (ճիճվաթափություն), ինչից ևս շատ ֆերմերներ տեղյակ չեն. «Սրա պատճառով նվազում է կենդանիների մթերատվությունը, և ֆերմերները մեծ վնասներ են կրում: Ինձ համար կարևոր է կենդանիների առողջության պահպանման նպատակով անասնատերերին օժանդակելը՝ տրամադրելով խորհրդատվություն առաջավոր մեթոդների կիրառման առումով։ Սա ավելի շահութաբեր է, քան արդեն հիվանդացած կենդանիների բուժումը»։
Անասնապահության եկամտաբերության վերաբերյալ գյուղացու մտագոհությունների և գյուղատնտեսության զարգացման խնդիրների մասին Ազատ Խաչատրյանը նշեց. «Գրեթե ոչ մի դասընթաց գյուղացուն չի հետաքրքրի, հատկապես մթերատվության մասին, քանի դեռ նա այսօր արտադրանքի իրացման խնդիր ունի: Անցյալ տարի կաթի գինը 150 դրամ էր, ֆերմերները շահագրգիռ էին կովի կաթնատվությունը բարձացնելու նպատակով արհեստական սերմնավորում կատարելու: Այս տարի 100 դրամ կաթի գնի պայմաններում սերմնավորման պահանջարկը կիսով չափ նվազել է: Սա տանում է այն միտման, որ մարդիկ մտածում են գլխաքանակը կրճատելու մասին: Որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, մեզ անհրաժեշտ է նորմալ շուկա, որտեղ ձեռնտու կլինի արտահանումը, հատկապես, որ նման պահանջարկ առկա է հարևան երկրներում»: