Ներկայացնենք առավելությունները մի շարք սարքավորումների, որոնց կիրառումը կնվազեցնի ծախսերը, կբարձրացնի բերքատվությունը ու կբարելավի հողի բաղադրությունը։ Սա հողի մշակության նոր ու առաջադեմ մշակույթ է, որի կիրառումը ժամանակ, ուսուցում ու ներդրումներ է պահանջում։

Խոնավ հողերի վար
Գութանով վար 
Գութանով խորհուրդ չի տրվում աշխատել ամեն տարի։ Գութանով վարի ժամանակ առաջանում է ենթագութանային շերտ, որը բացասաբար է ազդում բույսի աճի վրա: Բացի այդ, խոնավ հողը կպչում է գութանին և դժվարացնում, ծանրաբեռնում է տրակտորի շարժիչը։
Բացի այդ, գութանով վարից հետո հողի մեծ կտորներ են մնում։ Հողաֆրեզի պարագայում աշխատանքը կարելի է կատարել նաև խոնավ հողերում։ Հողաֆրեզի մշակության դեպքում դանակների պտտման արագության փոփոխության շնորհիվ խոնավ հողը չի կպչում։
Հողաֆրեզով մշակություն
Հողաֆրեզով աշխատելիս հողը միանգամից մանրացվում է, ծակոտիներ հողում քիչ են մնում և, ի տարբերություն գութանի, այս դեպքում խոնավությունը հողի մեջ երկար ժամանակ է պահպանվում:

Խուսափում ավելորդ թունաքիմիկատներից
Գութանով վար
Գութանով վարած հողում նկատվում է մոլախոտերի ակտիվ աճ, և պահանջվում է լրացուցիչ թունաքիմիկատների օգտագործում։

Հողաֆրեզով մշակություն
Ֆրեզով մշակված հողում, ի տարբերություն գութանով վարի, մոլախոտերի ակտիվ աճ չի դիտվում։ Պատճառն այն է, որ, կարելի է ասել, ֆրեզն աղում է հողում առկա բույսերի մնացուկները, արմատները և հետևաբար հետագայում ավելորդ թունաքիմիկատների կարիք չի զգացվում:

Խուսափում ենթագութանային շերտի առաջացումից
Հողի ֆիզիկական մշակման ժամանակ հնարավորություն կա հողը հարստացնելու, պարարտացնելու սննդարար նյութերով։ Սակայն շատ դեպքերում որոշ սարքավորումներ, մասնավորապես գութանով աշխատանքը, բացասական հետևանքներ են թողնում հողի վրա։ Շատ ֆերմերներ, գյուղատնտեսներ չգիտեն, որ օրինակ, իրենց վատ ցորենի բերքի ստացման պատճառներից մեկը հենց առաջացած ենթագութանային շերտն է, այլ ոչ թե վատ պարարտանյութը, սերմացուն կամ անհաջող տարին: Այս խնդիրը Հայաստանում շատ արդիական է։
Գութանով վար
Օրինակ` ենթագութանային շերտի առաջացումը 30-40սմ խորությամբ։ Ենթագութանային շերտը թույլ չի տալիս, որ բույսերի արմատներն աճեն ավելի խորը և սննդարար նյութեր ու խոնավություն ստանան։ Այդ շերտը, կարելի է ասել, բետոնի նման պինդ է։

Հողաֆրեզով մշակություն
Հողաֆրեզի աշխատանքի շնորհիվ ենթագութանային շերտի նման շերտ չի առաջանում, քանի որ հողի վրա ճնշում չի գործադրվում:

Խոնավության պահպանումը հողում
Գութանով վար 
Գութանով վարի ժամանակ հողի բացվածքները բավականին մեծ են, ինչի պատճառով արևի ճառագայթների ազդեցության տակ հողն արագ կորցնում է առկա խոնավությունը: Հողաֆրեզով վարի պարագայում հողում ծակոտիներ շատ չեն մնում, ուստի խոնավությունն էլ իր հերթին երկար է պահպանվում հողում։

Հողաֆրեզով մշակություն
Հողաֆրեզով մշակելիս հողում հնարավոր է պահպանել մինչև 15-20% ավելի մեծ խոնավություն՝ համեմատած գութանով վարած հողի հետ։ Այն բավարար է, որ սերմը հողում գտնվելով, չսպասելով ջրի` սկսի աշխատել։ Այս պարագայում ֆերմերը շահում է ժամանակի մեջ, ու ջրի ծախսը կրճատվում է։

Ծախսերը
Ֆերմերի համար կարևոր է իմանալ հողի մշակության տնտեսումը ու որոշումներ կայացնելիս հիմք ընդունել ծախսերի հնարավոր կրճատումը:
Գութանով վար
Գութանով 1 հա հողը մշակելու համար կպահանջվի 3 ժամ և 30լ վառելիք։
Գութանի պարագայում մի քանի օրից կպահանջվի ևս մեկ գործընթաց՝ կուլտիվացիա/փխրեցում։ Հողաֆրեզով աշխատելու դեպքում 3 ժամում կմշակվի 2 հա հող, և կծախսվի 15 լ վառելիք։
Հողաֆրեզով մշակություն
Հողաֆրեզի պարագայում փխրեցման կարիք բնավ չկա։

Հողի միկրոֆլորայի անխափան աշխատանք
Հողում բազմաթիվ բակտերիաներ են ապրում։ Վերին շերտում ապրում են աէրոբ բակտերիաներ։ Դրանք վերցնում են թթվածին, սինթեզում և պարարտացնում են հողը, իսկ ստորին շերտերում ապրում են անաէրոբ բակտերիաներ։

Գութանով վար
Գութանով վարի ժամանակ հողը շրջելիս խառնվում է հողի միկրոֆլորան։ Այսինքն, եթե բույսը սկզբնական փուլում պետք է սնունդ ստանար մինչև պարարտացումը, չի ստանում։

Հողաֆրեզով մշակություն
Հողաֆրեզով հողը մշակելիս հնարավոր է խուսափել այս խնդրից, քանի որ այն գութանի նման հողը շուռ չի տալիս․ վերին շերտը մնում է վերևում, ստորինը՝ ներքևում:

Եվս մեկ կարևոր գործոն. Վերջ դնենք մեր դաշտերը այրելուն
Բույսերի մնացորդներից, արմատներից ազատվելու համար ֆերմերները հաճախ դիմում են դրանք այրելու չարաբաստիկ մեթոդին։ Այնինչ, բնավ պետք չէ ձերբազատվել այդ թանկարժեք «անպետքություններից»։ Հողն այրելն այն վատագույնն է, որ մարդը կարող է անել բնության նկատմամբ։
Հողի վերին բերրի շերտը 3 սմ է և գոյանում է 100 տարվա ընթացքում։ Ուստի պատճառված վնասը հողին անդառնալի է:
Խոտածածկի և կտրատված ճյուղերի մամլիչի օգնությամբ կարելի է դաշտային մնացորդները մանրացնել և հողի հետ խառնել։ Ստացվում է հրաշալի պարարտանյութ։ Օրինակ` ցորենի պարագայում. 4 տ հացահատիկ ենք ստացել, ապա ստացվել է մոտ 4,4 տ ծղոտ։ Այդ դեպքում ստացվում է 1 հա հաշվով 11 կգ ազոտական պարարտանյութ, ինչը մեր շուկայական գներով կկազմի 2100 դրամ։ Ֆոսֆորական պարարտանյութ 1 հա հաշվով կստացվի 12 կգ, 2700 դրամ, կալիումականը՝ մոտ 41 կգ։ Պատկերացրեք, որ մի դաշտը հնձելուց հետո, ծղոտը հողին խառնելով, այսքան պարարտանյութ կարելի է ստանալ։ Եգիպտացորենի պարագայում այս թվերը առավել հնչեղ են դառնում։ Մոտ 29 կգ 1 հա հաշվով ազոտական պարարտանյութ՝ 5700 դրամ շուկայական արժեքով, 38 կգ ֆոսֆորական պարարտանյութ՝ 9200 դրամ, 60 կգ կալիումական պարարտանյութ՝ 14300 դրամ: Մեկ տարվա ընթացքում անպետք թվացող մնացորդները մեծ հաջողությամբ կպարարտացնեն հողը։