ԱՄ – Պարոն Եղիազարյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ուրախ ենք, որ այսօր մեր հյուրն եք։ Թեման, որի շուրջ կցանկանայի զրուցել, վերաբերում է կլիմայի գլոբալ տաքացմանը և նրա ազդեցությանը գյուղատնտեսության վրա: Կցանկանայի լսել ձեր դիտարկումների, ուսումնասիրությունների մասին։ Ինչպես նաև անդրադառնանք Հայաստանում ոռոգման համակարգի խնդիրների լուծման ուղիներին։ Դուք մասնակցում եք ԱՄՆ Գյուղդեպարտամենտի մի ծրագրի, որը 2000-2008 թվականներին աջակցել է փոքր ֆերմերային տնտեսությունների ոռոգման խնդիրների հետազոտության և լուծման հարցերին։ Եվ շատ հաջող կենտրոն հիմնվեց Ագրարային համալսարանում։ Այդ կենտրոնը շատ արդյունավետ էր աշխատում, և օգտակար փորձ ձեռք բերվեց ԱՄՆ-ի Յուտա համալսարանի հետ համագործակցության արդյունքում։ Իմ դիտարկումը հետևյալն է. փոքր տնտեսություններում ոռոգման ջրի կառավարման ու հետազոտությունների՝ բավական մեծ ներուժ ունեցող այդ կենտրոնը հիմնելուց հետո վերջինս անգործության մատնվեց, մի կողմից՝ համալսարանի ղեկավարության անուշադրության ու անտարբերության պատճառով, մյուս կողմից՝ Հայաստան եկավ ֆինանսավորող հերթական նոր` Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը, որը փոխանակ այդ կենտրոնին պատվերներ տար, կարողությունները ավելացներ, այդ կենտրոնի աշխատակիցներին տարավ ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի, ներգրավեց իր ծրագրում և կարծես թե դրանով պարալիզացրեց այդ կենտրոնի աշխատանքները։ Ես, որպես կողքից դիտող, կարող եմ այս եզրակացությանը հանգել, բայց հետաքրքիր է ձեր կարծիքը և դիտարկումը, որովհետև որոշ դոնոր կառույցներ իրենց զարգացման ծրագրերով նորը կառուցելու փոխարեն եղածն են քանդում։
Գ․Ե. – Այս հարցը, մասնագիտական տեսանկյունից, կարծում եմ` ամենացավոտն է վերջին 10 տարիներին, և իմ հոգու խորքում խոր վերքի նման մնացած հարց է, որը համապատասխան աջակցության դեպքում առողջացման մեծ ներուժ ունի: Ես ցավով եմ փաստում, որ տարբեր դոնոր կազմակերպությունների կողմից համատեղ հիմնադրված Ագրարային համալսարանի ,Փոքր գյուղացիական տնտեսություններում ջրի օգտագործման կառավարման հետազոտական կենտրոնը իր գործունեության 10 տարիների ընթացքում ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում միջազգային չափանիշներով ձեռք բերած մասնագիտական փորձը չկարողացավ ծառայեցնել հիմնական նպատակին, այն է` ոռոգման բնագավառում հասնել ջրօգտագործման արդյունավետ կառավարման իրական արդյունքների: Այո, հետազոտական կենտրոնի գործունեությունը ամբողջապես վտանգվեց, երբ , հազարամյակի մարտահրավերներե ծրագրի, ջրից դեպի շուկա բաղադրիչը իր գործունեությամբ մի կողմից` ունենալով ֆինանսական մեծ հնարավորություններ, իսկ մյուս կողմից` մասնագիտական կարողությունների բացակայություն, սկսեց մեր մասնագետներին հրավիրել բարձր աշխատավարձով աշխատանքի, այդ թվում, նաև ինձ, ինչը հանգեցրեց կենտրոնի աշխատանքային գործունեության կանգառի: Չնայած այս հանգամանքներին` ես` որպես մասնագետ, միշտ էլ պատրաստ եմ եղել աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման տարբեր ծրագրերին և այն իրականացրել եմ մեծ պատասխանատվությամբ և սիրով, սակայն խորը ափսոսանք եմ ապրում նրա համար, որ այդքան տարիների ջանքն ու եռանդը ջուրը լցվեց անտարբերության և անուշադրության պատճառով: Այնպես որ, կարծում եմ` այն քաղաքականությունը, որ տարվեց այն ժամանակ հենց կենտրոնի ապագայի նկատմամբ, ճիշտ չէր:
Ջրի կենտրոնը այսօր կարծես թե քնած վիճակում է։ Առիթի կամ հնարավորության դեպքում կենտրոնի առկա ռեսուրսները կարելի է կրկին անգամ վերակենդանացնել և անմիջապես ներդնել ոռոգման ծրագրերի արդյունավետության բարձրացման հիմքում:
ԱՄ – Ուզում եք ասել, որ որևէ պահի, եթե լինեն այդ կենտրոնին ,փոքր տնտեսություններում ոռոգման ջրի օգտագործման հետազոտական կենտրոնին, պետական կամ այլ կազմակերպությունների պատվերներ, կենտրոնի դռները կարելի է բացել, ներգրավել մասնագետների ու նույն տեմպով սկսել աշխատել։
Գ.Ե. – Անկասկած կենտրոնը պատրաստ է նոր շունչ հաղորդել ջրի արդյունավետ օգտագործման ծրագրերի իրականացմանը: Անցած տարիներին մեր մասնագետները ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ և մասնագիտական կարողություններ և պատրաստ են դրանք ներդնել ֆերմերային տնտեսություններում: Հատկապես այսօր շատ է խոսվում Հայաստանում կաթիլային ոռոգման ներդրման անհրաժեշտության և հրատապության մասին: Տարբեր ամբիոններից լսում ենք, թե Հայաստանի ամբողջ տարածքում պետք է անցնել կաթիլային ոռոգման: Ցավոք, մասնագիտական գիտելիքների պակասը կարող է պատճառ հանդիսանալ ֆինանսական միջոցների կորստի: Ցանկանում եմ նշել, որ այս հարցի լուծումը պահանջում է խորը մասնագիտական համակողմանի հիմնավորում՝ հաշվի առնելով Հայաստանի տարածքի գոտիականությունը: Պետք չէ ամբողջ Հայաստանը դնել կաթիլային համակարգի տակ։ Անհրաժեշտ է նախագծել և իրականացնել միայն այն գոտիներում, որտեղ այդ համակարգը կարող է ապահովել տնտեսական իրական շահույթ: Հակառակ դեպքում, նույն ֆերմերները և ջրօգտագործողները կարող են հիասթափվել այս լավագույն տեխնոլոգիայից: Հատկապես կարևոր է նախագծել և իրականացնել ինքնահոս ճնշումային կաթիլային ոռոգման համակարգեր: Այսպիսի տարածքներ կարելի է բացահայտել հանրապետության մայր և միջտնտեսային ջրանցքների սպասարկաման գոտիներում: Երբ խոսքը գնում է կենտրոնի մասնագիտական ներուժի վերագործարկման մասին, ասեմ, որ այն ոչ միայն հնարավոր է, այլ նաև` պրոֆեսիոնալ առումով խիստ անհրաժեշտ: Ասածս կարող եմ հիմնավորել մի պարզ օրինակով: Ներկայում ոռոգման ջրի օգտագագործման ոլորտում քչերն են պատկերացնում, որ Հայաստանի ոռոգման համակարգերը նախագծվել են երկու կարևոր սկզբունքով։ Խորհրդային տարիներին, խոշոր տնտեսությունների պայմաններում, ոռոգման համակարգը բաժանվել է երկու ցանցերի՝ միջտնտեսային և ներտնտեսային ցանցեր: Միջտնտեսային ցանցը սպասարկվում է անընդհատ գործող ջրանցքներով, իսկ ներտնտեսային ցանցը կոչվել է պարբերաբար: Այս երկու ցանցերի աշխատանքը եղել է խիստ համաձայնեցված. պլանավորված իրականացվել է ջրաշրջանառություն, և որպես դրա հետևանք թե՛ գյուղատնտեսական նշանակության խոշոր հողահանդակները և թե՛ բնակավայրի տակ ոռոգելի հողերը ապահովված են եղել բավարար քանակի ոռոգման ջրով: Հողային նոր հարաբերությունների պայմաններում հողօգտագործման և ջրօգտագործման համակարգերի միջև առաջացել է հսկայական խզում: Ավելի պարբերաբար գործող ջրանցքների մի մասը դարձել են անընդհատ գործող ջրանցքներ: Արդյունքում, ներտնտեսային ցանցում ստեղծվում է այնպիսի քաոս, որի լուծումը պոպուլիստական հայտարարություններով անհնարին է իրականացնել: Հիմա ինչ ուզում ես արա, ոռոգման ներտնտեսային ցանցը` որպես մեծ համակարգի մի բաղադրիչ, ուղղակի չի աշխատում։ Ակնհայտ է, որ ոռոգման ներտնտեսային կառավարում, որպես այդպիսին, գոյություն չունի Հայաստա¬նում։ Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, այն չի կարգավորվում մի պարզ պատճառով, որովհետև համակարգում ներգրավված չեն խորը գիտելիքներ և ներուժ ունեցող մասնագետներ, որոնք պատասխանատվություն պետք է կրեն այս ոլորտի իրական արդյունավետության բարձրացման համար: Հակառակ դեպքում, գյուղական հասարակության մեջ կունենանք պետությունից, պետականությունից և այլ կարևոր արժեքներից հիասթափվելու բազմաշերտ տրամադրություններ:
ԱՄ -Այդ ՋՈ-երում ցուցիչներ կան, որ որոշում են դաշտում խոնավության մակարդակը և տվյալներ են հաղորդում դաշտում ոռոգման համակարգերի համար օպտիմալ ջրամատակարարման, խոնավության ապահովման ռեժիմի մասին: Կա՞ն այդպիսի համակարգեր ՋՈ-երում դրված, գործու՞մ են։
Գ.Ե. – Ցավոք, չկան։ Այս ուղղությամբ ջրի կենտրոնը USDA-ի ծրագրերով հանրապետության 10 մարզերում իրականացրել է փորձացուցադրական հետազոտական ծրագրեր, նախատեսվում էր հավաքագրված տեղեկությունը և գիտելիքները փոխանցել ՋՕԸ-ին, սակայն այստեղ ևս գործառույթներն իրենց նպատակին չհասան, քանի որ նախատեսվում էր այս ծրագրերի ավարտին բոլոր ՋՕԸ-ին տրամադրել և փոխանցել հողի խոնավության, ջրաչափության, մշակաբույսերի ջրասպառման ոլորտում անհրաժեշտ չափիչ սարքավորումներ, ինչը, ցավոք, տեղի չունեցավ: Հատկապես կարևոր եմ համարում ՋՕԸ-ի կարիքների բացահայտման ծրագրի իրականացումը, որը նպատակամղված էր այս կառույցների կարողությունների զարգացմանը և հզորացմանը, ինչը կրկին չունեցավ շարունակություն: Իրականացված բոլոր ծրագրերը փոքրածավալ ֆինանսավորմամբ մեծ արձագանք գտան ֆերմերային տնտեսություններում, ոռոգման գործընթացը աստիճանաբար կանոնակարգվում էր, ֆերմերը գտավ իրեն հուզող երկու կարևոր հարցերի պատասխանը, այն է՝ երբ ջրել մշակաբույսը և որքան ջրել: Այս հարցի լուծումը բերեց գյուղացիական տնտեսություններում աշխատանքների պլանավորման, ոռոգման ծախսերի կրճատման, վերականգնվեց գիշերային ջրումների կազմակերպման մշակույթը, որն իրականում համարվում է թաքնված կորուստ այս ոլորտում: Եթե ոռոգման գործառույթներում չներդնենք նորագույն տեխնոլոգիաներով ջրի մատակարարման, հողի խոնավության և մշակաբույսերի ջրի պահանջի չափիչ սարքավորումները, միևնույն է, քանի նոր ջրամբար էլ կառուցենք, վիճակը չի կարող շտկվել: Միայն այս պարագայում կարելի ասել, որ ներտնտեսային համակարգում անցում ենք կատարում ոռոգման արդյունավետ կառավարման:
ԱՄ – Այժմ կառավարությունը նոր ծրագիր է սկսում՝ կաթիլային ոռոգման մասին են խոսում։ Եվրամիությունն է ուզում Արարատյան դաշտում նմանատիպ ծրագիր իրականացնել։ Նրանք էլ, կարծես, հետաքրքրված չեն, թե Ագրարային համալսարանում ինչ կառույցներ կան, որոնք են զբաղվում ոռոգման ջրի կառավարման, կաթիլային համակարգերի հարցերով, որոնց հետ իրենք կարող են համագործակցել, ներգրավել նաև այլ հայկական կառույցների։ Կա՞ն այդպիսի շփումներ, հանդիպումներ եղե՞լ են ձեզ հետ։
Գ.Ե. – Կարծում եմ, որ առկա մասնագիտական կարողությունների ոչ նպատակային օգտագործումը լուրջ վտանգ է ներկայացնում մեր ամբողջ մասնագիտական ներուժի զարգացման համար: Ինչ խոսք, մենք հանգիստ նստած չենք և փորձում ենք ամեն առիթով մեր աջակցությունը բերել Հայաստանում իրականացվող ջրային ոլորտի տարբեր ծրագրերին: Սակայն, ընդհանուր առմամբ, այստեղ կրկին մեր մասնագիտական ներուժը գրեթե անտեսված է: Տարբեր առիթներով դիմել ենք նախկին նախարարներին, ներկայացրել ենք կառավարություն մի քանի ծրագրեր, սակայն, ցավոք, ոչ մի արձագանք չենք ստանում: Երբ գյուղական համայնքներում ,դանակը ոսկորինե է հասնում, այստեղ հիշում են, որ Ագրարային համալսարում կան մասնագետներ, որոնց կարելի է անմիջապես ուղարկել սեմինար անցկացնելու կամ դատական քաշքշուկներում հանդես գալու որպես փորձագետ, սակայն այդպիսի մասնակցությունները միայն ունենում են ձևական բնույթ, որը գործնականում ոչ մի հարց չի լուծում: Անհրաժեշտ է ի սկզբանե ոռոգման աշխատանքների կազմակերպումը իրականացնել բարձր մասնագիտական պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից: Պետք է մի պարզ բան հասկանալ, որ ոռոգումը գյուղատնտեսության կենսաապահովման ամենառիսկային գործոնն է, եթե այստեղ ձախողվում ենք, ապա ամեն ինչ ենք կորցնում:
ԱՄ – Ես գիտեք ինչու եմ այս հարցերը սրում, որովհետև շատ եմ լսում, որ` այ, Ագրարային համալսարանը էստեղ է թերացել, էնտեղ է թերացել, կարողություններ չունի, բայց կառավարությունը կամ այն կառույցները, որոնք ֆինանսավորում են գյուղատնտեսության այս կամ այն ոլորտը, արդյո¬¬՞ք ընդգրկում են Ագրարային համալսարանն իրենց այդ աշխատանքներում, պատվերներ տալիս, զարգացնում կարողությունները։
Գ.Ե. – Ցավոք, չկա այդ մոտեցումը։ Մի բան արդեն արվածին չեն ավելացնում ու հետո, երբ արդեն գնում են, տեղը ոչինչ չի մնում։ Լրիվ ճիշտ եք:
ԱՄ – Պարոն Եղիազարյան, ուզում եմ անդրադառնալ գլոբալ տաքացման հիմնահարցերին։ Հայաստանի նման փոքր երկիրը ինչպե՞ս պետք է արձագանքի կլիմայի դինամիկային: Գյուղատնտեսությունն ինչպիսի՞ ռիսկային խնդիրների առաջ է կանգնում։
Գ.Ե. – Կլիմայի ազդեցությունը առաջնահերթ երևում է բույսի ջրասպառման վրա: Ջրի կենտրոնը մշակաբույսերի ջրասպառման հաշվարկները կատարել է FAO-ի մեթոդով: Այս նպատակով հանրապետության տարբեր մարզերում տեղադրված եղանակի տեսության ավտոմատ ագրոկլիմայական կայանների միջոցով ցույց է տրվել, որ մինչև 21-րդ դարի վերջում հանրապետության մակերեսային հոսքը նվազելու է 10-12 %-ով, գոլորշիացումը ավելանալու է 10 %-ով: Արդյունքում, հանրապետության լրացուցիչ ջրապահանջը արդյունավետ ջրօգտագործման պայմաններում ավելանալու է 350-450 մլն մ3-ով: Այստեղ էլ այլ խնդիր կա։ Ներկայում ՀՀ-ում ոռոգելի հողերի տարածքը կազմում է ընդամենը 130 հազ․ հա՝ նախկին 275000 հա հողերի փոխարեն: Սա շատ անհասկանալի թիվ է: Եթե այս ամենին գումարենք կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները, հասկանալի է, որ ոռոգման տեսանկյունից մեր վիճակը շատ անմխիթար է: Մեր գյուղացիական տնտեսությունները մեկ կգ խաղող ստանալու համար ծախսում են 650-1500 լ ոռոգման ջուր: Սակայն հարց է առաջանում. իսկ ո՞րն է օպտիմալ ջրասպառումը: Հարց, որի պատասխանն ուղղակի չկա, քանի որ այդ հարցի պատասխանը կարող է տրվել միայն մասնագիտական համակողմանի ուսումնասիրությունների արդյունքում: Մեր դիտարկմամբ ՋՕԸ-ի գործառույթներն արմատապես հստակեցման կարիք ունեն, դրանք պետք է ապահովեն արդյունավետ ջրօգտագործումը ոռոգման համակարգում, այլ ոչ թե միայն զբաղվեն փողերի գանձումով և ջրի ֆիզիկական բաշխման խնդիրներով: Պետք է լավ հասկանանք` ինչ է կորուստը, որտեղ է այն թաքնված, ինչպես կարելի է այն վերացնել: Սա մենք պետք է իմանանք՝ գիտականորեն հիմնավորված։ Ջրաչափությունը, ջրի հաշվառումը կատարվում է մոտավոր մեթոդներով: Ներտնտեսային կառավարման շղթայի մեջ գյուղացին որպես օղակ ընդհանրապես մեկուսացված է։ Ուղիղ իմաստով գյուղացիական տնտեսությունը ջրաապահովվածության տեսանկյունից խիստ խոցելի է և անպաշտպան: Արարատյան դաշտի հողերը հայտնվել են անապատացման եզրին: Տարբեր գնահատականներով ստորերկրյա ջրային ավազան վերականգնող կամ դի¬նա¬միկ պաշարները կազմում են 34,7 մ3/վրկ կամ 1.1 մլրդ մ 3/տարի: Սակայն վերջին տասնամյակի ռեժիմային դիտարկումները ցույց են տալիս, որ այն վեգետացիայի ընթացքում գերազանցում է սահմանված շեմը՝ 1,5 անգամ գերազանցելով 51,7 մ3/վրկ-ը: Տարվա կտրվածքով այն կազմում է 1630,4 մլն.մ3: Այսպիսի ջրառը հանգեցրել է գրունտային ջրերի մակարդակի նվազեցմանը 3-8 մ սահմաններում: Գրունտային ջրերի մակարդակի կտրուկ իջեցումները հանգեցրել են հողի խոնավության կապիլյար կայմայի խզմանը, ինչի հետևանքով հողի վերին շերտերը, աստիճանաբար ջրազրկվելով, ստեղծում են խիստ վտանգավոր պայմաններ հատկապես մակերեսային ոռոգման կազմակերպման համար: Վերջին 7-8 տարիներին ձկնաբուծական տնտեսու¬թյուն¬ների բուռն զարգացման արդյունքում ստորերկրյա ջրավազանից ջրառը ձկնաբուծական նպատակով կազմել է 35,5 մ3/վրկ կամ 1119,5 մլն.մ3/տարի: Ստացվում է ձկնաբուծությունը ի սկզբանե շահագործում է այն թույլատրելի պաշարը, որը պետք է հիմնականում օգտագործվի Արարատյան դաշտի ոռոգման հիմնախնդիրները լուծելու համար: Ներկայում Հայաստանում առկա են ավելի քան 250 ձկնաբուծարաններ, որոնց մեծամասնությունը (76%) գտնվում է Արմավիրի և Արարատի մարզերում, իսկ մնացած մասը (24%)՝ Հայաստանի Հանրապետության մնացած 8 մարզերում, հիմնականում՝ Գեղարքունիքում, Լոռիում և Շիրակում: Արարատյան դաշտում գործող ձկանաբուծական տնտեսությունների շահագործման համար օգտագործվող օրինական հորերից տարեկան դուրս է մղվել մոտ 809 մլն մ3 քաղցրահամ ջուր, ինչն էլ, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է ունեցել ստորերկրյա ջրային ավազանի և՛ մակարդակի, և՛ ճնշման վրա: Արհեստական չորացման են ենթարկվել վերին հողաշերտերը, նկատելի են դարձել բնական էկոհամակարգերի փոփոխության միտումները, անապատացման երևութների զարգացումը: Մյուս կողմից` ձկնաբուծարանների հարակից տարածքներն ինտենսիվորեն ենթարկվում են ճահճացման և աղակալման: Աէրոտիեզերական նկարների վերծանման միջոցով Արմավիրի մարզի 10 գյուղական համայնքների հողերի աղակալման մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ վերջին 30 տարիների ընթացքում այս համայնքներում աղակալումը զարգանում է տարածական սցենարով, այն է՝ ավելանում է ոչ միայն աղակալած հողերի մակերեսը, այլ աղակալման հողի շերտն է ավելանում՝ անցնելով 1 մ շերտը: Հարկ է նշել, որ այս երևույթների իրական ծավալները կարիք ունեն էական ճշգրտումների և ուսումնասիրությունների: Տեղեկատվության պակասը, հիմնավոր մոնիտորինգային ուսումնասիրությունների բացակայությունը մեզ բոլորիս տանում են փակուղի: Պատկան գերատեսչությունների ոչ հիմնավոր, բավականին հնացած, կցկտուր տեղեկատվության վրա կատարված որոշումները կամ միջոցառումներն ոլորտը էլ ավելի են գլորում անդունդ: Մեր կարծիքով այսպիսի վիճակը, որի մեջ, մեր կամքից անկախ, հայտնվել է ոռոգելի երկրագործությունը, պայմանավորված է մի շարք պատճառներով:
ԱՄ – Պարզ է, կիրառական արդյունքների ապահովումը կապված է որոշակի դժվարությունների հետ, իսկ որո՞նք են լուծման ուղիները.
Գ.Ե. -Նախ անհրաժեշտ է փաստել, որ ոռոգման գործառույթների հիմքում ընկած են շատ միջինացված ցուցանիշներ, որոնք թույլ չեն տալիս փորձ անել՝ լավարկելու վերջնական արդյունքները: Այս խնդիրը լուծելու համար նախ անհրաժեշտ է բացահայտել` տնտեսությունները ոռոգման համար իրականում որքան ջրի կարիք ունեն, այն ինչ տարբերակով է հնարավոր նվազագույն կորուստներով հասցնել տնտեսություններին, և ինչպիսի տեխնոլոգիաներով կազմակերպենք ոռոգման աշխատանքները: Ելակետային տվյալներն անհրաժեշտ է հստակեցնել, ճշգրտել, հակառակ դեպքում, այս երեք օղակներում առկա խնդիրները կմնան անլուծելի: Ինչ վերաբերում է միջտնտեսային ցանցին, այստեղ խնդիրներն ավելի քիչ են, քանի որ այս ջրանցքները հիմնականում բետոնապատված են և աշխաում են անընդհատ ռեժիմով: Խնդիրները ծագում են երրորդ կարգի ջրանցքներից հետո, որտեղ մենք՝ մասնագետներս, շատ լուրջ անելիքներ ունենք։ Մենք գյուղացուն թողել ենք լրիվ կամայական վիճակում, իսկ կամայականության հետևանքով հաշված օրերի ընթացքում գյուղացու ամբողջ տանջանքը ,ջուրըե կարող է լցվել և զրոյացվել: Առաջին կարևոր պատճառներից է հանդիսանում ոռոգելի հողերի սեփականաշնորհումը, որի արդյունքում Հանրապետությունում գյուղացիական տնտեսության միջին չափը հավասար է 1.37 հա: Արարատյան հարթավայրում այն կազմում է նախալեռնային ու լեռնային շրջաններում 0.61 հա-ից 3.0 հա: Միջին հաշվով մեկ առանձին սեփականատերը ստացավ 3 հողակտոր: Գտնվելով տարբեր հողօգտագործման պայմաններում՝ տնտեսությունների 88%-ը ավելի փոքր է, քան 2 hա-ն, և զբաղեցնում է վարելահողերի 77%-ը: 12%-ը ավելի մեծ է, քան 2 hա-ն, և զբաղեցնում է վարելահողերի 23%-ը: Տնտեսությունների մոտ 15%-ում վարձակալած հողեր են մշակվում, իսկ 30%-ը գրեթե չի մշակվում: Ստացվում է, որ հողերի սեփականաշնորհումը հանգեցրել է հողօգտագործման բոլորովին նոր համակարգի, իսկ ոռոգման համակարգը մնացել է նույնը: Խոշոր տնտեսությունների պայմաններում ոռոգման համակարգը բաղկացած է եղել երկու խումբ ջրանցքներից: Առաջինը հանդիսանում է միջտնտեսային ոռոգման ցանցը, որտեղ ջրանցքների համակարգը հիմնականում անընդհատ գործող է եղել: Երկրոդ խումբ ջրանցքները մտնում են ոռոգման ներտնտեսային ցանցի մեջ, որոնք պարբերաբար գործող ջրանցքներ են: Այս ջրանցքների աշխատանքի սկզբունքը խստորեն համաձայնեցված է եղել նախկինում գործող խոշոր տնտեսությունների հողօգտագործման համակարգին: Սակայն սեփականաշնորհումից հետո այս համաձայնեցումը հիմնականում խարխլվել է: Ստացվել է այնպես, որ ներտնտեսային ցանցի ջրանցքները գրեթե ամբողջությամբ աշխատում են որպես անընդհատ գործող ջրանցքներ, որի հետևանքով գյուղական համայնքին ջուր մատակարարող ներտնտեսային ջրանցքների աշխատանքը սկզբունքորեն խախտվում է, բուն ջրի օգտագործման, բաշխման, հաշվառման խնդիրների լուծումը դառնում է անկառավարելի, և առաջանում է «քաոս»: Ոռոգման քաոսին բնորոշ են անորոշությունը, խառնաշփոթը, հիասթափությունը, զայրույթը, դժգոհությունը, անաշխատունակությունը: Երևույթներ, որոնք հանդիսանում են հողի մշակության, ոռոգման կազմակերպման «թշնամիները»: Այս ամենի խորացմանն և զարգացմանը նպաստում են հողամասերի մասնատվածությունը, հողի մշակության խայտաբղետ համակարգը, ջրման տեխնիկայի բացակայությունը, ջրման տեխնիկայի պարամետրերի կամայական սահմանումները, ոռոգման ռեժիմների խախտումները, ջրաշրջանառության բացակայությունը, ոռոգման նորագույն տեխնոլոգիաների բացակայությունը, ՋՕԸ-ի սահմանափակ, ոչ բովանդակային, անկարող, միակողմանի գործունեությունը: Ոռոգման ոլորտում առաջացած քաոսի բաղկացուցիչ մաս է կոլեկտորադրենաժային համակարգը, որն ունի 1057.2 կմ ընդհանուր երկարաձգվածություն։
ԱՄ – Եթե 10 օր ճիշտ չի կառավարվում ոռոգման համակարգը, ապա խնդիրներ են առաջանում․ գյուղացու ամբողջ տարվա արդյունքը դառնում է զրո։
Գ.Ե.- Միանգամայն ճիշտ եք։ Բերքի կորուստը մենք ունենում ենք հենց վեգետացիայի սկզբում, մասնավորապես պտղատուների, խաղողի այգիների գարնանային ջրումների ուշացումները կտրուկ ազդեցություն են ունենում բերքի քանակի և որակի վրա: Ոռոգման բնագավառում կորուստների առաջացման պատճառները թաքնված են գործող ՋՕԸ-ի անարդյունավետ և թերի գործառույթների իրականացման մեջ: Վերը նշված խնդիրների լուծման ճանապարհին ՋՕԸ-ները ներկայում հանդիպում են բազմաթիվ դժվարությունների, հիմնականում այդ լուծումները ունենում են չհիմնավորված, հաճախ ժամանակի մեջ ուշացած բնույթ, բացակայում է օպերատիվությունը ոռոգման ջրի բաշխման, հաշվառման, գնահատման գործընթացներում, ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման հարցերի պատասխանները գրեթե անտեսված են համպատասխան տեղեկատվական, կրթական և տեխնոլոգիական լուծումների բացակայության պատճառով: Կիրառվող ավանդական միջոցառումները և գործառույթները չեն համապատասխանում փաստացի ջրօգտագործման արդյունավետ կառավարման ժամանակակից պահանջներին: Հանրապետությունում ոռոգման բնագավառում առկա գիտակրթական մասնագիտական արհեստավարժ մասնագետների կարողություն¬ները թույլ են տալիս ոռոգման բնագավառում առաջացած քաոսը վերացնել և այն դնել կառավարելի և կարգավորվող լծակների վրա:
Գ.Ս. – Երկրներ կան, որ ձեր ասած խնդիրներին շատ ճիշտ լուծումներ են տվել ու շատ ճիշտ կառավարում են։ Եվ իրենք արդեն մտածում են գլոբալ խնդիրների մասին. թե կլիմայի գլոբալ տաքացման և տեղումների նվազեցման պայմաններում իրենք ինչպես են լուծելու իրենց գյուղատնտեսության ոռոգման հարցը։ Մենք այսօր այդ խնդիրները չենք լուծել ու ձեր ասած գլոբալ խնդիրներին, որոնց բախվելու ենք 20 տարի հետո, ոչ մի ուշադրություն չենք դարձնում, որովհետև ի վիճակի չենք։ Եթե այսօրվա Ձեր նշած 3 կարևոր խնդիրներին մենք կարևորություն չենք տալիս, ապա ինչպես մտածենք ապագայի մասին 30 տարվա կտրվածքով։
Գ.Ե. – Ամեն դեպքում ոռոգման կառավարման ոլորտում, քանի դեռ ուշ չէ, պետք է Ագրարային համալսարանի ներուժը օգտագործել։ Այսօր մենք գնում ենք այն ուղղությամբ, որ ագրոնոմը, բույսերի պաշտպանը, ոռոգման մասնագետը և ուսանողները ֆերմերի կողքին պետք է լինեն, աշխատեն իրական դաշտում:
ԱՄ – Երբ հիշատակեցիք, թե ագրոնոմը պետք է ոռոգման մասնագետի կողքին լինի, ես մի դեպք հիշեցի Իսրայելից։ Հերթական այցելության ժամանակ ոռոգման մասնագետը մեզ դաշտ տարավ՝ ցույց տալու իրենց համակարգերը։ Ասում էր` գյուղմթերքի մարքեթինգը, արտահանումը սկսվում է այստեղ՝ դաշտից. ինչպես են մշակում, ոռոգման ինչ համակարգ ունեն, որ ճիշտ ձևավորված պտուղ ու բանջարեղեն ունենան արտահա¬նելու համար։
Գ.Ե. – Ագրարային համալսարանի մասնագետների դասանցկացման պրոցեսը հետևյալն է՝ կիսամյակի ընթացքում դասապրոցեսը 90-95% անցկացվում է սենյակային պայմաններում, այն դեպքում, երբ դասապրոցեսը պետք է մեծամասամբ անցկացվեր արտադրական պայմաններում: Պարզ է, որ պրակտիկաներն ունեն կարևոր նշանակություն, սակայն գյուղատնտեսական կրթական մեթոդներն արմատապես փոփոխման կարիք ունեն։ Դաշտ դուրս գալով` ագրարային կրթությունը դառնում է գրեթե անխոցելի և արդյունավետ:
ԱՄ – Պարոն Եղիազարյան, դուք ասում եք այն, ինչ որ արևմտյան կրթական համակարգի պարագայում է, որտեղ դասախոսն իր աշխատանքի 50%-ը նվիրում է գիտահետազոտական աշխատանքին՝ դաշտում և այլն, 35-40%-ը արդեն կրթական մասն է կազմում, և 10-15%-ը խորհրդատվությանն է տրամադրում։ Այսինքն` այն կառույցը, որ ԱՄՆ Գյուղդեպարտամենտը ստեղծել էր, մի կողմից հետազոտական օջախ էր, մյուս կողմից՝ խորհրդատվության կառույց։ Դասախոսները պետք է ընդգրկվեին գիտահետազոտական աշխատանքներում, լինեին դաշտերում, իրենց հետազոտական աշխատանքները կատարեին, մշակումներ անեին, այնուհետև ագրոգիտասփյուռի միջոցով դրանք տարածեին համայնքներին։ Կարծում եմ, որ կառավարությունը և նախարարությունը փնտրտուքի մեջ են արդեն 30 տարի, թե ինչպիսին պետք է լինի խորհրդատվական համակարգը Հայաստանում։ Հնարավո՞ր բան է։ Կայուն լուծում չկա։ Դուք ի՞նչ եք կարծում, Ագրարային համալսարանը որպես առանձին կառույց պե՞տք է ունենա իր խորհրդատվական բլոկը, թե ոչ։
Գ.Ե. – Ես այն կարծիքին եմ, որ իհարկե, անպայման պետք է ունենա: Հայաստանում խորհրդատվական համակարգը պետք է գործի Ագրարային համալսարանում, քանի որ գործող տարբեր համակարգերի գործունեության վերլուծությունը ապացուցում է, որ խորհրդատվական համալսարանական մոդելն ունի մի շարք առավելություններ: Կառավարության պատվերով համալսարանի կողմից մշակվել և ներկայացվել է ագրարային խորհրդատվական մոդելի բովանդակությունը: Այս մոդելի կարևոր առանձնահատկությունը ֆերմերի հետ հետադարձ կապի ամրապնդումն է, ինչը, մեր կարծիքով, հնարավոր է իրականացնել՝ բարձրացնելով խորհրդատվության պատասխանատվությունը շահառուների նկատմամբ: Առաջարկվում է գյուղական համայնքներում ստեղծել խորհրդատուի անկյուն, խորհրդատվության մատուցման համար ստեղծել անվճար և վճարովի նյութերի բազա, ստեղծել համացանցային հարթակ, այդ հարթակից օգտվելու համար սահմանել պայմանական չնչին գումար, որը կնպաստի կառույցի ֆունկցիալ գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ամեն ինչ պետք է անել, որ գյուղացիական տնտեսությունները լինեն տեղեկացված, խորհրդատվությունը պետք է լինի հասանելի, ժամանակին և, իհարկե, որոշակի ծավալների դեպքում այն կարող է լինել վճարովի: Այսօր հասունացել է այս խնդիրը. մարդիկ խորհրդատվության կարիք ունեն։ Թեկուզ երբ գյուղացին իմանում է, որ այս տարի լավ խնձորի բերք ունի, այդ տեղեկատվությունը շատ կարևոր է նրա համար. կարող կազմել իր բիզնես պլանը։ Անհրաժեշտ է կազմակերպել այսպիսի խորհրդատվական խմբերի պարբերական այցեր գյուղեր, որոնց մեջ պետք է ընդգրկվեն ապագա մասագետ ուսանողները, դասախոսները: Այս պարագայում խորհրդատվության տրամադրումը նոր շունչ ու իմաստ կստանա։
ԱՄ – Պարոն Եղիազարյան, այդքան գումարներ են փոշիացվում սուբսիդավորման վրա։ Ականատես ենք եղել վառելիքի, ցորենի տասնամյակներ ձգվող սուբսիդիաներին, որոնց արդյունքում գրեթե բան չի փոխվել երկրագործության ոլորտում։ Իսկ խորհրդատվության, գիտության, կրթության վրա մենք գումար չենք ծախսում: Մենք չենք պատկերացնում, որ, ասենք, դրսից բերված կովը 9000լ կաթ չի տա, եթե այստեղ համապատասխան կառավարում, մասնագիտական ներուժ չլինի։ Մեծ փողեր են ծախսում, այդ կովերը բերում` առանց իմանալու` այդ կովերը ունե՞ն կերային բազա, շենքային պայմաններ կամ կան մասնագետներ՝ գործը կազմակերպելու համար։ Ցավալին այն է, որ ամեն ինչի մեջ մենք պատրաստ ենք փող դնել` բացի մարդուն կրթելու, գիտելիքներ փոխանցելու մեջ, այդտեղ խնայում ենք։ Գյուղատնտեսության այսօրվա պատասխանատուներից մեկը մի առիթով մեզ ասաց, թե հանելու է անասնաբույժների վերապատրաստման ֆինանսավորումը, որ նախատեսված է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Հարցրեցի`ինչու, ասաց, բա որ ուսուցանեք, ու թողնեն գնան Ռուսաստան։ Պատասխանեցի՝ ,ավելի վտանգավոր է, որ չուսուցանենք, ու իրենք մնան Հայաստանումե։ Այսպես է մոտեցումը ամենուրեք` թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցներում։
,Փոքր գյուղացիական տնտեսություններում ջրի օգտագործման կառավարման հետազոտական կենտրոնիե աշխատանքը դուք ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպես կարելի է վերականգնել այն։ Գիտե՞ք` ինչու․ սա դպրոց է։ Եթե ձեզ նման մի երկու մասնագետ դուրս գան Ագրարային համալսարանից կամ լքեն երկիրը, մենք այդ ամբողջ համակարգը, որ տարիների քրտնաջան աշխատանքն է, նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ներդրած միլիոնավոր դոլարների գումարը անհետ կորցնելու ենք։ Եվ զրոյից այդպիսի մի դպրոց, համակարգ ստեղծելը շատ դժվար աշխատանք է լինելու։
Գ.Ե. – Շատ զգացված եմ, որ այս խնդիրներով մտահոգ եք և կարծես իմ մտածմունքները արտահայտում եք ձեր խոսքում։ Ինչ վերաբերում է կենտրոնին, ես համոզված եմ, որ տարբեր կառույցների հետ համագործակցելու պարագայում կարող ենք արագ վերականգնել կորցրածը և դրանից հետո գնալ առաջ: Այն, ինչ որ մենք ունենք՝ մասնագետներ, տեխնիկական միջոցներ, սկզբնական առումով բավարար են սայլը տեղից շարժելու համար, որից հետո ճշգրտելով և հստակեցնելով կենտրոնի հեռանկարային գործունեության հիմնական ուղղությունները և ֆինանսների հայթայթման աղբյուրները` կարող ենք լավ արդյունքների հասնել: Համալսարանը պատրաստ է համագործակցու¬թյան։
ԱՄ- Շնորհակալություն Ձեր ժամանակի ու հետաքրքիր զրույցի համար։