«Իմանալով կաթնատու տավարի կճղակների հիվանդությունների առաջացման պատճառները և դրանց կանխարգելման ձևերը` անասնատերը կարող է կազմակերպել կճղակների ճիշտ խնամք, ինչը զգալիորեն կնվազեցնի տնտեսական վնասները»

Տիգրան Գաբրիելյան

 

Կճղակների ճիշտ խնամքը ձեր կովի առողջության գրավականն է

Կաթնատու կովն առավելագույն մթերատվություն է ապահովում այն պարագայում, երբ առողջ է և իրեն հարմարավետ է զգում: Միայն առողջ կովն է ի վիճակի բավականաչափ ուտել, մեծ քանակությամբ կաթ արտադրել և բարձր վերատրադություն ապահովել: Կովերի խնամքի բաղկացուցիչ մաս է կազմում կճղակների խնամքը: Կաթնատու կովը պետք է կարողանա քայլել, նստել, հագստանալ առանց խնդիրների, առանց կաղալու: Կովի կաղությունը հետևանք է կճղակի եղջրային մասի գերաճի և տարատեսակ վարակների: Վերջույթների պատշաճ խնամք ապահովելու դեպքում ֆերմերը կարող է մեծ խնայողություններ անել՝ նվազեցնելով անասնաբուժական ծախսերը և խոտանվող կենդանիների թիվը, և արդյունքում բարձրացնել կենդանիների մթերատվությունը:

Ըստ անատոմիական կառուցվածքի՝ կճղակը համապատասխանում է մարդու եղունգներին և, ինչպես եղունգը, այն կարող է աճել: Այժմ պատկերացնենք, թե մենք չունենք հնարավորություն կտրելու մեր եղունգները հինգ ամիս շարունակ. արդյոք հնարավո՞ր է դրան երկար ժամանակ դիմանալ: Մարդն անշուշտ կշտապեր կտրել եղունգները, սակայն կովերին բնությունը նման հնարավորությամբ չի օժտել: Բացի այդ նրանց անհրաժեշտ է կթել ամեն օր և օգնել տարին մեկ անգամ հորթ ունենալ: Չպետք է մոռանալ նաև, որ մեծաթիվ տնտեսություններում կովերը  զրկված են ակտիվ մացիոնից՝շարժվելու հնարավորությունից: Կենդանու վերջույթները դիմանում են նրա հսկայական կենդանի զանգվածին, որը կշռում է 450-ից 700կգ: Այս պարագայում կճղակները քայլքի ժամանակ մեղմիչի դեր են կատարում:

 

Կճղակների հետ կապված հիվանդություններից առաջացած վնասը

  • Կենդանի զանգվածի թերզարգացում
  • Կաթնատվության նվազում
  • Քաշաճի անկում
  • Վերարտադրության ֆունկցիոնալ խանգարումներ
  • Սերմնավորման ծախսերի ավելացում
  • Կաթում սոմատիկ բջիջների ավելացում
  • Բարձր մթերատու կենդանիների խոտանում
  • Առողջ կենդանիների վարակվելու մեծ հավանականություն
  • Հիվանդ կենդանիների բուժման ծախսեր:

Կովի կաթնատվությունը նվազում է, երբ նա հիվանդ է, չի հանգստանում և քիչ է ուտում: Երբ կովը խնդիրներ ունի կճղակների հետ, նա դժվարությամբ է ոտքի կանգնում՝ կերակրվելու կամ ջրվելու գնալու համար, կանգնած ժամանակ չի ուզում նստել, հանգստանալ, քանի որ հետո կանգնելու համար նորից լրացուցիչ ջանք պետք է թափի: Խոնավ հատակին և տաք անասնաշենքում, որտեղ միկրոբների զարգացման ամենանպաստավոր պայմաններն են ստեղծված, երկար նստելու հետևանքով կովերի մոտ մեծանում է նաև մաստիտով վարակվելու հավանականությունը:

Եթե կենդանու մոտ նվազում է կաթնատվությունը և կաթի մեջ ավելանում է սոմատիկ` մարմնական, բջիջների քանակը, սակայն արտաքինից կենդանին ունի առողջ տեսք, ապա խնդիրը պետք է փնտրել կճղակների մեջ:

Կճղակների հիվանդությունները բավականին մեծ տնտեսական վնասների են հանգեցնում՝ գրավելով 3-րդ տեղը՝ մաստիտների և վերարտադրողական հիվանդություններից հետո: Նաև, կճղակների հիվանդությունների բուժումը ամենածախսատարն է կաթնային անասնապահության մեջ:

Կճղակների հիվանդությունները և կենդանիների կաղությունը  բազմապատճառային են՝ սանիտարական վատ պայմանների պատճառով առաջացող տարատեսակ վարակներ, կովերի սխալ հաշվարկված կերաբաժիններ և այլն: Կաղ կովերը  երկար ժամանակ պառկում են,  ընդունում են քիչ քանակի կեր և ջուր, որն իր ազդեցությունն է թողնում կաթնատվության վրա: Նրանք պահանջում են երկարատև խնամք և բուժում: Նույնիսկ եթե շատ օպերատիվ կազմակերպվի կենդանու բուժումը, միևնույն է, լիակատար ապաքինման համար երկար ժամանակ է պահանջվում:

եթե կովն առողջ տեսք ունի, սակայն նվազել է կաթնատվությունը և կաթի մեջ ավելացել է սոմատիկ բջիջների քանակը, ապա խնդիրը կճղակների մեջ է

Կենդանիների պահվածքը նախածնային շրջանում

Որպես կանոն, կովը պետք է հանգստանա օրական 12-14 ժամ: Եթե նստելատեղը անհարմար է և կեղտոտ, կրճատվում է հանգստի ժամի տևողությունը, մեծանում է կճղակների հիվանդությունների և կաղության առաջացման հավանականությունը:

Քանի որ կովը լակտացիայի առաջին շրջանում մեծ քանակությամբ կաթ է տալիս, ուստի նրա կաղալու հետևանքով մենք կաթի մեծ կորուստ ենք ունենում: Այդ իսկ պատճառով կճղակների ֆունկցիոնալ մշակման ճիշտ ժամանակն է ցամաքի սկիզբը, որպեսզի կովը նոր ծինը սկսի արդեն իսկ առողջ կճղակներով: Նախածնային շրջանում, հանգստի շրջանի կրճատման դեպքում կենդանու կճղակի մաշվելուն զուգընթաց նկատվում է կճղակի եղջրային գոյացության դանդաղ աճ: Երբ  կովը երկար ժամանակ չի հանգստանում և այդ ընթացքում կանգնում է մաշված կճղակի ներբանին հենված, նրա մոտ ի հայտ է գալիս կաղություն: Երկար ժամանակ կանգնելու հետևանքով մեծանում է կճղակի փափուկ հյուսվածքների վնասվելու հավանականությունը, որի հետևանքով առաջանում են արյունազեղումներ և հետագայում նաև ներբանի խոցեր:

Կերակրում

Երբ կենդանու կերաբաժնում օսլայի քանակությունը գերազանցում է թաղանթանյութի քանակը, այն ի վերջո հանգեցնում է կտրիչի ացիդոզի առաջացմանը՝ երբ արյան մեջ ավելանում է ացետոնային մարմինների քանակը: Իսկ ացիդոզը, անկասկած, կաղություն առաջացնելու նախատրամադրող գործոն է, որը կարող է ի հայտ գալ հիմնականում ծնից անմիջապես առաջ և հետո: Այլ դեպքում, կերաբաժնում սպիտակուցի մեծ քանակությունը կարող է հանգեցնել լամինիտների (կճղակի ներբանի ոչ վարակիչ բնույթի բորբոքում) առաջացման:

 

 

Պահվածքի հիգիենա

Վատ պահվածքի հետևանքով, երբ կենդանիների համար նախատեսված կանգնելատեղերում գերակշռում է խոնավությունը, կճղակներն ավելի փափուկ են  դառնում, իսկ խոնավ կճղակներն ավելի   խոցելի են վարակիչ հիվանդությունների հանդեպ:

Փորձի արդյունքում պարզվել է, որ կենդանիներին առնվազն 10 օր խոնավ պայմաններում պահելու դեպքում նրանց միջկճղակային դերմատիտով (մորտելարոյի հիվանդություն) հիվանդանալն անխուսափելի կլինի: Այս պարագայում թրիքի հեռացման ճիշտ կազմակերպումը  և հեղուկ ֆրակցիաների համար նախատեսված դրենաժների առկայությունը թույլ է տալիս կճղակները պահել ավելի չոր վիճակում: Կարևոր է նաև օդափոխության ճիշտ կազմակերպումը անասնաշենքում՝ ամոնիակը և խոնավությունը հեռացնելու համար:

Առաջնածին երինջները առավել զգայուն են կճղակների հիվանդությունների նկատմամբ: Ներբանային վնասվածքները և կաղությունը կարող են նկատվել արդեն ծնի առաջիկա շաբաթում: Ուստի առաջնածին երինջների կճղակների մշակումը պետք է սկսել նախքան ծինը կամ դրանից անմիջապես հետո: Շատ կովեր լակտացիայի սկզբում  խոտանվում են և նույնիսկ ենթարկվում են հարկադիր մորթի հենց կճղակների և ստորին վերջույթների հիվանդությունների պատճառով:

Կճղակների ֆունկցոնալ մշակումը 2 նպատակ ունի

  • Ստեղծել կճղակների ձևավորման և կովերի հեշտ տեղաշարժի համար օպտիմալ պայմաններ;
  • Բացահայտել և բուժել կճղակների խնդիրները վաղ շրջանում՝ նախքան կաղության և լուրջ խնդիրների ի հայտ գալը:

Կճղակների մշակումը պետք է իրականացնել ֆիքսատորներում: Այն նախատեսված է կովին անշարժացնելու և վերջույթները առավել հեշտ բարձրացնելու համար: Այստեղ կենդանիների առջևի և հետևի վերջույթները հեշտորեն բարձրացվում են և միաժամանակ նվազեցնում  հղի կենդանիների վիժման վտանգը: Սա պատասխանատու աշխատանք է, որ պետք է իրականացվի  փորձառու մասնագետի  կողմից: Հաճախ անասնատերերը համապատասխան մասնագետին հրավիրում են շատ ուշ, երբ կենդանու մոտ արդեն իսկ նկատվում է զգալի կաղություն: Այնինչ մինչև մշակումը և դրանից հետո՝ վերականգման ընթացքում, անասնատերը  բավականին մեծ գումար է  կորցնում կաթի նվազման պատճառով:

Այսպիսով, կաթնատու տավարաբուծության մեջ, կանխարգելելով կովերի վերջույթների, մասնավորապես, կճղակների  հիվանդությունները, կարելի է բարձրացնել կենդանիների մթերատվությունը, կաթի և մսի որակը, ապահովել տնտեսության էկոլոգիական անվտանգությունը և վերջնական արդյունքում լավացնել տնտեսական ցուցանիշները:

Հեղինակ՝ Տիգրան Գաբրիելյան