Խոշոր եղջերավոր կենդանիների բուծմամբ զբաղվողների՝ ֆերմերներ, գյուղացիներ, շրջանակում լայն կիրառում են ստացել «անեղջյուր», «անկոտոշ», «եղջերատված» կենդանի և այլ տերմիններ։
Եղջերատման տեխնոլոգիան Հայաստանի Հանրապետությունում սկսել են կիրառել 2004 թվականից։ Այն լայնամածավալ գործածում ստացավ ՔԱՐԴ Ագրոսերվիսի մասնագիտական խմբի ուսուցողական և հետևողական ծրագրի իրականացումից հետո, որը մեկնարկվել է 2006 թվականին։
Այսօր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների եղջերատման տեխնոլոգիաի տիրապետմամբ իրենց մասնագիտական ծառայությունն են մատուցում 50-ից ավելի անասնաբույժներ, ֆերմերներ, իսկ եղջերատված խոշոր եղջերավորների գլխաքանակը գերազանցում է 7000-ը՝ տարեցտարի ավելացման միտումով։
Որտեղի՞ց է ծագել եղջերատման գաղափարը, ո՞րն է եղել նպատակը, ինչպիսի անասնաբուժական-անասնաբուծական հնարքներ են կիրառվում եղջերատման ժամանակ, կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը առհասարակ…
Տավարաբուծության ոլորտում գիտական, տնտեսական տեսանկյունից գերհզոր երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք Եվրոպական երկրներ, կենդանիների եղջերատումը արդյունաբերական շահավետության տեսակետից արդարացված է ապացույցներով և տնտեսական հաշվարկներով և կիառվում է ավելի քան 35-40 տարի։
Ինչո՞ւ է խոշոր եղջերավոր կենդանիների եղջերատման կարևոր:
Եղջերավոր կենդանիների մոտ առկա է ագրեսիա, որը արտացոլվում է եղջերահարմամբ և տրավմատիզմի առաջացմամբ։
Բազմաթիվ երկրներում եղջերահարման հետևանքով մարդկային մահացության դեպքեր են արձանագրվել, հատկապես սպասարկող անձնակազմի և ֆերմերների շարքերում։
Եղջերահարումից վնասվում է կենդանիների մաշկը, կուրծը, աչքերը, եղջյուրները. դրանք պատճառ են դառնում հղի կենդանիների վիժման և այլնի, ինչը մեծ վնաս է տնտեսության համար։
Եղջյուրավոր կենդանիների նախիրների մեջ առավել ցայտուն է կենդանիների հիերարխիկ բնազդը, այսինքն՝ ավելի մեծ, հզոր եղջրավոր կենդանին, ֆիզիկական ճնշումից բացի, սթրեսի մեջ է պահում նախրում գտնվող մյուս կենդանիներին, որն էլ անմիջականորեն անդրադառնում է կենդանու մթերատվության նվազման վրա։
Եղջերավոր կենդանիների տեղափոխումը տրանսպորտով դառնում է ռիսկային, իսկ վնասվածքներից խուսափելը՝ գրեթե անհնարին։
ժամանակակից տեխնոլոգիաներով կահավորված անասնաշենքերում եղջերավոր կենդանին մեծ խնդիր է ֆերմայի կառավարման հարցում։ Պահանջվում է ավելի շատ տարածք կապովի պահվածք իրականացնելու համար: Եղջյուրները խոչընդոտ են հանդիսանում նաև հատակային՝ անկապ բոքսային պահվածքով կերակրման տեխնոլոգիայի համար։
Ինչո՞ւ են ֆերմերները խուսափում եղջերատել իրենց կենդանիներին.
Ըստ ավանդական մտածելակերպի՝ կովը պետք է ունենա եղջյուր։
Անեղջյուր կենդանու մոտ դժվար է որոշել տարիքը, որը իրականացվում է ըստ եղջյուրի վրա առաջացած կալցիումային օղակների։
Հեռագնա արոտներում եղջուրները հնարավորություն են տալիս կովերին պաշտպանվել գայլերից և այլն։
Իհարկե, վերը նշված բոլոր պատճառաբանություններն ունեն իրենց արդարացված հանգամանքները, սակայն պետք է հասկանալ, որ ամբողջ աշխարհում առկա են այս քննարկումները։ Այնուամենայնիվ, եղջերատումը ընդունված կարգ է անասնաբուծության և ֆերմաների կառավարման գործընթացում։
Ավելին.
Եղջերատված նախիրներում կամ ֆերմաներում զգալիորեն նվազեցված է աշխատողներին, ձիերին, շներին և այլ կենդանիներին սպառնացող վտանգը ակնկալվող վնասվածքներից։
Կենդանու տարիքը կարելի է որոշել ոչ միայն եղջյուրներով, այլև ատամնաշարով։
Վերջին տարիներին լայն կիրառում է ստացել էլեկտրական հովիվների օգտագործումը, որը հնարավորություն է տալիս ռացիոնալ կառավարել արոտները, ինչպես նաև հեռագնա արոտներում ապահովվում է կենդանիների անվտանգությունը գիշատիչներից։
Համաշխարհային շուկայում տոհմային կենդանիների վաճառքը և տեղափոխությունը իրականացվում է միմիայն եղջերատված կենդանիներով, բացառությամբ որոշ մսատու ցեղատեսակների և էկզոտիկ նշանակության կենդանիների։
Աճուրդներում եղջերատված կենդանիները վաճառվում են ավելի բարձր գնով։
Մասնագիտական հոդվածները, եղած գրականությունը, ինչպես նաև տարիների սեփական փորձը վկայում են, որ խոշոր եղջերավոր կենդանիների եղջերատումը պետք է իրականացնել առավել վաղ տարիքում՝ 1-3 ամսական հասակում տարվա ոչ խոնավ, ցուրտ եղանակային պայմաններում, որը կնպաստի վիրահատական վերքերի արագ ապաքինմանը, կնվազեցնի հետվիրահատական բարդությունները։
Ինչպես է իրականացվում եղջերատումը.
Եղջերատումը միջին տևողության անասնաբուժական վիրահատական միջամտություն է, որը իրականացվում է՝
ա) քիմիական
բ) մեխանիկական կամ բուն վիրահատական եղանակով։
Ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, այնպես էլ եղջերատումը ընթանում է ցավոտ, և մասնագետների խնդիրն է այն իրականացնել կենդանուն հնարավորինս լավ անզգայացնելուց հետո՝ վերջինիս ցավ և սթրես չպատճառելու համար։ Եղջերատման տեխնոլոգիան տարեցտարի բարելավվում է՝ իր մեջ ներգրավելով անասնաբուժական լավորակ և անվտանգ ցավազրկող դեղորայք։
Եղջերատման վիրահատական գործընթացի վերջնական արդյունքում կենդանին ցավազրկման միջոցով ազատվում է նոր գոյացող կամ արդեն բավականին զարգացած և ամուր եղջուրներից։ Լիատարիք կենդանիների եղջերատումը առավել երկարատև գործընթաց է, պահանջում է հմտություն, ավելի շատ գործիքներ, աշխատատար է և ծախսատար։ Ավելի նպատակահարմար է եղջերատումը իրագործել փոքր հասակում․ սա ավելի նախընտրելի է թե՛ տնտեսական և թե՛ ցավազրկման առումով։
Պատշաճ իրականացված եղջերատման արդյունքում կենդանու եղջյուրներն ամբողջ կյանքի ընթացքում իսպառ վերանում են։
Այսօր միջազգային մի շարք կենդանապաշտպան /ՄՀԲ, WWF, Կանաչների միջազգային միություն և այլն/ կառույցներում հետզհետե ավելի հաճախ է բարձրացվում կենդանիների բարեկեցության հարցը։ Այս ենթատեքստում կենդանիների եղջերատման գործընթացը դիտարկվում է որպես մարդու կողմից էթիկայի նորմերի «խախտում»՝ կենդանիներին ցավ պատճառելու և, ի վերջո, բնության կողմից կենդանուն բնական պաշտպանական միջոցից /եղջյուրից/ զրկելու պատճառով։
Այս ամենին համընթաց՝ անասնաբուծության և սելեկցիայի ոլորտի գիտնականների կողմից իրականացվում են բազմակողմանի սելեկցիոն աշխատանքներ, ինչի արդյունքում ստանում են կենդանիների անեղջյուր սերունդ։ Գենետիկական փոխանցունակության այս հատկանիշը հետզհետե սկսում է գերիշխել բուծարանային ցեղերի նախիրներում՝ մասնավորապես մսային ուղղվածությամբ, օրինակ՝ Անգուս ցեղում։
2014 թվականին Գերմանիայի Դաշնության Հաննովեր քաղաքում կազմակերպված ագրարային ցուցահանդեսում աշխարհահռչակ «Վորլդ Վայդ Սայըրս» կազմակերպությունը /WWS ԱՄՆ. զբաղվում է տոհմային աշխատանքներով և սերմնահեղուկի վաճառքով/ հայտարարեց, որ սելեկցիոն աշխատանքների արդյունքում գրանցել են Կարմիր հոլշտեյն կաթնային բուծարանային ցեղի ցլեր, որոնք ապահովում են միայն անեղջյուր սերունդ։
Ի վերջո, անեղջյուր ցեղերի սելեկցիոն աշխատանքների կողմ է կաթ և միս արտադրող ֆերմերների գերակշռող մեծամասնությունը. նրանք կողմնակից են բիզնես մտածելակերպին և մրցունակ ֆերմայի կառավարման գաղափարին։
Հեղինակ՝ Արման Օհանյան
ՔԱՐԴ ԱգրոՍերվիսի կենդանիների
անասնաբուժության և անասնաբուծության
բաժնի ղեկավար