Կենդանիների մթերատվության հիմքը մատղաշի ճիշտ աճեցումն է: Հորթին կերակրման և պահվածքի անհրաժեշտ պայմաններով ապահովելու դեպքում կարող ենք հասնել գենետիկական ներուժի առավել ամբողջական իրացման։
Վերջին հաշվով՝ ի՞նչ է անհրաժեշտ հորթին: Այս հարցն ունի բավական պարզունակ պատասխան, եթե հետևենք հասարակ և համապարփակ կանոնի. ձգտել հնարավորինս մոտ լինել բնությանը՝ ինչ-որ ձևով ընդօրինակելով դրան, իսկ որոշ դեպքերում՝ դրան օժանդակել նոր, արդյունավետ միջոցների և տեխնոլոգիաների օգնությամբ:
Նորածին հորթերն անպաշտպան են հատկապես կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում։ Հիվանդություններից զերծ պահող միակ արգելքը պասիվ իմունիտետն է, որը ձեռք է բերվում մայրական կաթի միջոցով ստացվող իմունագլոբուլինների շնորհիվ։ Ծնվելուց բառացիորեն մի քանի ժամ անց հորթի աղիքային ուղու իմունագլոբուլիններ ադսորբելու ունակությունը կտրուկ նվազում է։ Ահա թե ինչու շատ կարևոր է կենդանուն հնարավորինս արագ ապահովել մեծ քանակությամբ իմունագլոբուլիններով։
Շատ հաճախ կովերի մաստիտը, կրծից բազմաբնույթ արտադրությունները, հետծննդաբերական թերանդամալուծությունը, ծնի ընթացքում ի հայտ եկած տարբեր խնդիրներն ազդում են մայրական կաթի քանակության և որակի վրա, ինչի արդյունքում նորածին մատղաշի առաջին կերակրումը լինում է թերի: Խիժի որակի վրա բացասաբար են ազդում նախրում մատղաշ կամ նոր կենդանիների հայտնվելու արդյունքում ծագած սթրեսը, լակտացիայի ժամկետը, չհաշվեկշռված կերակրումը, բարձր կաթնատվությունը, կենդանիներին տեղից տեղ փոխադրելը և բազմաթիվ այլ գործոններ։
Բնական իմունագլոբուլինների պակասը կարելի է լրացնել օրգանական սելեն, Enterococcus faecium պրոբիոտիկ և վիտամինային կոմպլեքս պարունակող կերային հավելումների օգնությամբ։ Կերային հավելումները խթանում են իմունային համակարգը և պահպանում նորածին հորթի առողջությունը։ Այդ դեպքում կենդանին ստանում է լրացուցիչ էներգիա, կարգավորվում է աղիների միկրոֆլորան, որպես արդյունք, նվազում է վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը։
Ո՞ր դեպքերում է հարկավոր հորթին տալ կերային հավելում։ Տնտեսության մասնագետները կարող են ճիշտ որոշում կայացնել անալիզի արդյունքում մայրական կաթի մեջ իմունագլոբուլինների քանակությունը ստուգելուց հետո: Խիժի որակը շատ արագ և ճշգրիտ կարելի է ստուգել կոլոստրոմետրի օգնությամբ, որն անհրաժեշտ է բոլոր այն տնտեսությունների համար, որտեղ սառեցնում են բնական խիժը: Պահպանման ընթացքում այն կորցնում է օգտակար հատկությունների որոշակի մասը։ Հորթին կերակրելուց առաջ խիժն անհրաժեշտ է հալեցնել և ևս մեկ անգամ ստուգել իմունագլոբուլինների քանակությունը։ Եթե կոլոստրոմետրը ցույց է տալիս, որ այն բավարար չէ, անհրաժեշտ է հորթին տալ կերային հավելումներ։
Անասնապահների աշխատանքը էապես հեշտացնում և կենդանիների աճեցման հետ կապված ծախսերը նվազեցնում են հորթերին հեղուկ կեր և խտանյութեր մատակարարող կայանքները: Ի՞նչ առավելություններ ունի ավտոմատ կայանքը։ Նախ և առաջ այն կարող է ապահովել ամբողջ կաթնային շրջանում առանձին վերցրած յուրաքանչյուր հորթի պահանջին համապատասխան անհատական կերակրում՝ անկախ այն բանից՝ կենդանին զարգացման առումով գերազանցում է իր հասակակիցներին, թե հետ է մնում։ Ինչպես ստնտու կովի միջոցով կերակրման պայմաններում, այս դեպքում նույնպես հորթերը կարող են մշտապես ստանալ սահմանված ջերմաստիճանի և անհրաժեշտ չափաբաժիններով կաթ կամ անարատ կաթի թարմ փոխարինիչ։ Կերակրման ընթացքում կենդանիների բնական դիրքը թույլ է տալիս, որ կաթը, շրջանցելով դեռևս չզարգացած կտրիչը, մուտք գործի անմիջապես շրդանի մեջ, ինչը դրական է ազդում մատղաշի առողջության վրա։ Եթե կայանքը ներբեռնված է հատուկ ծրագրով, կերաբաժինը կարող է կարգավորվել ավտոմատ եղանակով: Սարքի էկրանին արտապատկերվում է յուրաքանչյուր կենդանուն վերաբերող օպերատիվ տեղեկատվությունը։ Հորթի հիվանդանալու դեպքում հեղուկ և փոշենման դեղերը դոզաչափի օգնությամբ նույնպես կարող են ավտոմատ/ինքնաշխատ եղանակով ավելացվել կերին։ Տրվելիք կաթի չափաբաժինը աստիճանաբար նվազեցնելու դեպքում կարելի է բարձրացնել խտացրած կերատեսակների բաժնեմասը, ինչն անհրաժեշտ է կտրիչում պտկիկների վաղ զարգացման համար: Դրա շնորհիվ նաև բարելավվում է սննդանյութերի յուրացումը։ Միևնույն ժամանկ կարելի է տնտեսել մինչև 20 կգ կաթի թանկարժեք փոխարինիչ, իսկ ընդհանուր աշխատանքային ծախսերը նվազեցնել ավելի քան երեք անգամ։
Համակցված կայանքներում կարելի է զուգակցել հորթերի ցերեկային կերաբաժնի մաս կազմող կաթնամթերքի տարբեր տեսակները, ինչպես նաև փոխել դրանց խտությունը։ Եթե անհրաժեշտ է լինում հորթերին տալ միայն չոր կեր, կարելի է օգտագործել խտանյութեր պատրաստելու համար նախատեսված ավելի պարզ կառուցվածքով կայանքներ։
Կերային կայանքներ կիրառելու դեպքում ամբողջությամբ վերահսկվում են մատղաշի աճը և զարգացումը, լավ հիմք է դրվում մթերատվության գենետիկական ներուժի հետագա իրացման համար։
Հավանաբար մեզանից յուրաքանչյուրը կարող է նշել գոնե մեկ տնտեսություն, որտեղ աշխատում են հին մեթոդներով՝ գործնականում չօգտագործելով նորագույն գիտելիքներ և տեխնոլոգիական հնարքներ։ Գործի նկատմամբ նման մոտեցման արդյունքում առաջանում են բազմաթիվ խնդիրներ։ Օրինակ՝ երկարաձգվում է հորթերին հեղուկ կեր տալու ժամանակահատվածը, կաթնային շրջանը (այդ ընթացքում կենդանին չի ստանում խտանյութեր, ինչը դանդաղեցնում է կտրիչի զարգացումը)։ Մատղաշի սխալ կերակրումը և ութ ամսականից բարձր տարիքի երինջների կենդանի զանգվածից չափից ավելի աճը հանգեցնում է կենդանիների ճարպակալման, նվազեցնում է բեղմնավորվելու ունակությունը։
Նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ունի շատ մեծ առավելություններ։ Այսպես, բարձրորակ պրեստարտերային և ստարտերային խտացված կերատեսակների օգտագործումը բարձրացնում է աճի տեմպերը և բարելավում երինջների ֆիզիոլոգիական զարգացումը, ինչը դրականորեն է ազդում տնտեսական արդյունքի վրա։
Ժամանակին Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի Կ․Ա․ Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ պրոֆեսոր Վ․Ի․ Էդելշտեյնը հաճախ կրկնում էր․ «Տեխնոլոգիան առանց կենսաբանության կույր է, առանց մեքենայացման՝ մեռած, սակայն ամեն ինչ որոշում է անողոք էկոնոմիկան»։
Այսպիսով անհրաժեշտ է խելամտորեն հաշվեկշռել արտադրական տեխնոլոգիաները և էկոնոմիկան, որպեսզի դրանց փոխազդեցությունից ստացվող սիներգիկ էֆեկտն ապահովի անասնապահական ձեռնարկությունների կայուն զարգացում։