Մեխանիկական մշակումը հանդիսանում է մարդու կողմից հողի վրա ազդեցության կարևոր գործոններից մեկը՝ նրա գյուղատնտեսական յուրացման գործընթացում: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է Կ. Պ. Գորաենինը (1970), ագրոտեխնիկական միջոցառումները, ներառյալ նաև մեխանիկական մշակումը, յուրացվել են փորձով, իսկ հետագայում առաջացած տեսությունը հիմնականում օգտագործվել է դրանք հիմնավորելու համար:
Մեխանիկական մշակումը խոպան հողերի յուրացման գործընթացի ամենակարևոր ու անբաժան բաղադրիչն է, որը նպաստում է հողի վերին շերտի քայքայմանը և բնական բուսականության ոչնչացմանը: Խոպանի յուրացման սկզբնական փուլում, ինչպես նշում է Վ.Ա. Կովդան (1973), մեխանիկական մշակումը ունեցել է բացառապես մելորատիվ դերակատարություն: Հետագայում մեխանիկական մշակման առավել արդյունավետ հնարքների փնտրտուքը գլխավորապես որոշվել է մի կողմից` դրա խորությամբ և պարբերականությամբ, մյուս կողմից` խորը հերկով և մակերեսային մշակմամբ:
Չենք կարող չնշել, որ Դ. Ս. Մենդելեևը (1956), ինչպես նաև Պ.Ա. Կոստըչևը (1984,1986), հողի բերրիությունը չեն կապել նրա մշակման ժամանակ հողի հիմնաշրջման հնարքի հետ:
Նվազագույն մշակության ուշադրության արժանի առաջին հիմնավորումը պատկանում է Ա. Ե. Օվսինսկուն (1899), ով մշակել է հողի մակերեսային մշակման և ժապավենային ցանքսի համակարգ և այն անվանել ,Հողագործության նոր համակարգե: Ա. Ե. Օվսինսկին մասնավորապես գտնում էր, որ վարով խախտվում են հաղորդակացության ուղիները, որոնք ստեղծվել են մահացած արմատներով ու անձրևաորդերի միջոցով, որոնցով հողի մեջ թափանցում են օդը և խոնավությունը:
Մակերեսային մշակմամբ հողի վերին, օրգանական նյութերով հարուստ շերտը չի առաջացնում պինդ կեղև և պաշտպանում է ներքևի շերտը չորացումից: Երկար տարիների փորձի հիման վրա նա եկել է այն եզրակացության, որ, ի տարբերություն մակերեսային մշակման, գութանով հողի հերկումը և նրա վերին շերտի շրջումը առի հատակը բույսերի սնման համար զգալի չափով անբարենպաստ պայմաններ է ստեղծում՝ համեմատած մակերեսային մշակման հետ:
Հետագայում մակերեսային մշակման մի շարք հաջող փորձեր են իրականացվել Ֆրանսիայում (Ալֆրեդ դե Պոնսեն, 1922) Գերմանիայում (Ախենբախ, 1921), Անգլիայում (Ռասել և Քին, 1938), Ամերիկայում (Փիլեյ Ռասել, 1942):
Իսկ ահա 20-րդ դարի 40-ական թվականներին Էդ. Ֆոլկների կողմից իրականացրած դաշտային փորձերը հողի խորը մշակման քննադատական մոտեցումների սկիզբ հանդիսացան նախ՝ ԱՄՆ-ում, այնուհետև՝ աշխարհի մյուս երկրներում:
Գյուղատնտեսությանը հզոր հողավերամշակման տեխնիկայով տարեցտարի հագեցնելը հնարավորություն տվեց Տ. Ս. Մալցևին (1956) ստեղծելու հողի մշակման համակարգ՝ հիմնված խորը, առանց առի շրջման և մակերեսային մշակման հերթափոխի վրա:
Հողմային քայքայումից հողը պաշտպանելու նպատակով չորային շրջաններում Բարաևի կողմից (1976) մշակվեց հողապաշտպան և խոնավապահպան մշակման համակարգ, որը հիմնված է հարթակտրիչների օգտագործման վրա՝ գործնականում բացառելով գութանների միջոցով հողի հիմնաշրջումը:
20-րդ դարի երկրորդ կեսից համաշխարհային հողագործության մեջ նկատվում է կտրուկ շրջադարձ՝ հողի բազմաթիվ և հիմնարար մշակությունից դեպի մշակման գործողությունների հնարավոր կրճատում: Տարածվեցին, այսպես կոչված, «նվազագույն» և «զրոյական» մշակումների գաղափարները, որոնց նպատակը առաջին հերթին ուղղված է հողի վրա վնասակար, արտաքին միջամտության հնարավոր նվազեցմանը և անարտադրողական նյութական ծախսերի կրճատմանը:
Առի շրջմամբ խորը վարի սկզբունքը ագրոնոմիական հողագիտության տեսանկյունից իր օգտին ինչ-որ չափի ծանրակշիռ հիմնավորում չունի և չի կարող հանդիսանալ ինտենսիվ հողագործության բաղադրիչ: Վերջին տասնամյակների հողագործության փորձը ևս շատ ուժեղ ցնցեց նախկինում անսասան համարվող այդ սկզբունքի հիմքերը: Հողի նվազագույն մշակությունը, շնորհիվ բուսական մնացորդների և օրգանական պարարտանյութերի միջոցով վերին շերտի առավելագույն հարստացման հնարավորության, ավելի լայն տարածում է ստանում բոլոր երկրներում և տարբեր աշխարհամասերում: Մակերեսային բուսամնացորդային ծածկույթով մշակությունը գործնականում շատ դրական է եղել աշխարհի բոլոր թեքություններ ունեցող տարածքներում, որոնց տեսակարար կշիռը շատ մեծ է համաշխարհային գյուղատնտեսության արտադրության հաշվեկշռում:
Հողի մշակման համակարգում առաջնային խնդիր է համարվում գործողությունների կրճատման ուղիների որոնումը՝ առանց մշակաբույսերի բերքատվության նվազեցման:
Հողի մակերեսային մշակության տեխնոլոգիան ավելի քան 100 տարվա պատմություն ունի: «Հողագործության նոր համակարգը» Արցախում ներդրվելու համար մասնագիտական, տեխնիկական տեխնոլոգիական և ֆինանսական աջակցության կարիք ունի:
Արցախի հովտային շրջաններում տեղակայված հողերը լրիվությամբ համապատասխանում են նվազագույն մշակության պահանջներին: Ինչպես ցույց են տվել իմ բազմաթիվ տարիների կուտակած փորձը և ստացած արդյունքները, այդ տարածքներում առկա բնակլիմայական պայմաններն ու ռելիեֆային առանձնահատկությունները հնարավորություն են տալիս ինտենսիվ հողագործության պայմաններում անցնելու մակերեսային անընդհատ մշակության տարբերակին` ամբողջովին բացառելով առի շրջմամբ խորը հերկը, որը հանդիսանում է ամենածանր ու ամենաանարտադրողական աշխատանքը գյուղատնտեսական բոլոր աշխատանքներում:
Հեղինակ՝ Վաչե ԱԴԱՄՅԱՆ